Գլխավոր տեղեկություն
Номер
N 268-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 13.03.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.03.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.03.2025
Дата вступления в силу
14.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2025 թվականի N 268-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-1008-13.02.2025-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-1008-13.02.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-1008-13.02.2025-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է հետևյալը.

Նախագծով առաջարկվում է չեղարկել ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կիրառությունը:

Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը ֆիզիկական անձանց կողմից ներկայացված եկամտային տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) չեն կարող օգտագործվել պետական իրավասու մարմինների կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում:

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ժամանակավրեպ է, դրված նպատակի տեսանկյունից՝ ոչ լիարժեք և ոչ համարժեք, իսկ քաղաքացիների համար դառնալու է նոր և ավելորդ վարչարարություն, անիմաստ պարտավորություն և տուգանքի հիմք, իսկ պետության տեսանկյունից դառնում է արդեն իսկ առկա տեղեկատվության կրկնակի կամ եռակի հավաքագրման անիմաստ և անարդյունավետ գործընթաց: Նշվում է նաև, որ առկա են ոչ պակաս կարևոր տեխնիկական ու բովանդակային չլուծված այլ խնդիրներ, որոնք փաստում են, որ հարկային մարմինները ևս պատրաստ չեն ընդունելու այդ հայտարարագրերը:

Վերոգրյալի կապակցությամբ, հայտնում ենք, որ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հիմնական նպատակներն են՝

 ստեղծել և կայացնել ֆիզիկական անձանց եկամուտների անձնավորված հաշվառման համապարփակ համակարգ, ինչը հնարավորություն կընձեռի առավել հեշտությամբ և ճշտության ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական շահառուներին՝ դրանով իսկ բարձրացնելով Կառավարության կողմից իրականացվող առողջապահական, սոցիալական, կրթական և այլ ոլորտային քաղաքականությունների հասցեականությունն ու արդյունավետությունը,

 հայտարարագիր ներկայացնելու համար ստեղծել տնտեսական շարժառիթներ, ի դեմս «սոցիալական ծախսերի» համակարգի ներդրման: Այս համակարգի կայացումը կարևոր ներդրում կլինի մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ, քանի որ համակարգն ինքնին խրախուսելու է կրթական և առողջապահական ծառայությունների ձեռքբերումը,

 փորձ կատարել անհատի, քաղաքացու հարկման համակարգից աստիճանաբար անցում կատարել ընտանիքի հարկման համակարգի,

 ամրապնդել հասարակության շրջանում հարկեր վճարելու մշակույթը,

 ձևավորել հարմարավետ հարկային միջավայր և գործիքակազմ ֆիզիկական անձանց եկամուտների և դրանց մասով վճարված հարկերի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմնի կողմից հաշվառելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից եկամտային հարկի գծով պարտավորություններն ինքնուրույնաբար կատարելու համար:

Բացի այդ, հարկ է նկատել, որ հայտարարագրման համակարգի ներդրման շրջանակում հարկային քաղաքականության փոփոխություններ չեն կատարվել՝ որևէ չհարկվող եկամուտ չի դարձել հարկվող եկամուտ, հարկվող եկամտի հարկման որևէ դրույքաչափ չի բարձրացվել: Հետևաբար, հայտարարագրման համակարգի ներդրմամբ պետական բյուջեի եկամուտների ավելացման (լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրելու կամ տուգանքներ կիրառելու) նպատակ չի դրվել:

Հատկանշական է այն, որ ֆիզիկական անձանց ստացված ոչ բոլոր եկամուտների վերաբերյալ է հարկային գործակալի կողմից հարկային մարմին անձնավորված տեղեկատվություն ներկայացվում։ Օրինակ, հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու դեպքում վերջինիս վճարված եկամուտների վերաբերյալ անձնավորված տեղեկատվություն հարկային գործակալի կողմից հարկային մարմին չի ներկայացվում։ Բացի այդ, եթե ֆիզիկական անձը եկամուտներ է ստանում այլ ֆիզիկական անձանցից կամ հարկային գործակալ չհանդիսացող կազմակերպություններից, ապա այդ եկամուտները հայտարարագրելու պարտավորությունը կրում է եկամուտ ստացող ֆիզիկական անձը։

Մյուս կողմից, հարկ է նկատել, որ ֆիզիկական անձանց ստացված եկամուտների, դրանց մասով հաշվարկված եկամտային հարկի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում առկա անձնավորված տեղեկատվությունն ինքնաշխատ եղանակով լրացվում է հայտարարագրում։ Հետևաբար, ֆիզիկական անձանց եկամուտների անձնավորված հաշվառման համապարփակ համակարգ հնարավոր կլինի ունենալ, եթե ֆիզիկական անձինք նույնպես ներկայացնեն իրենց ստացված եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն։

Այս առումով, հայտնում ենք, որ նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշված՝ կրկնակի, եռակի տեղեկատվություն հավաքագրելու հետ կապված դիտարկումը հիմնավոր չէ։

Բացի այդ, հարկ է նկատել, որ սոցիալական ծախսի գումարները վերադարձվում են եկամտային հարկի գումարներից, իսկ եկամտային հարկի գումարները ոչ բոլոր դեպքերում են հաշվարկվում և վճարվում հարկային գործակալների կողմից։ Օրինակ, այն դեպքերում, երբ ֆիզիկական անձը հարկվող եկամուտներ է ստանում այլ ֆիզիկական անձից, ապա այդ եկամուտներից եկամտային հարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը կրում է եկամուտ ստացող ֆիզիկական անձը։ Հետևաբար, «սոցիալական ծախսերի» համակարգի կիրառությունն ուղղակիորեն պետք է կապված լինի եկամուտների հայտարարագրման համակարգի հետ։ Ընդ որում, «սոցիալական ծախսերի» համակարգի կիրառությամբ աստիճանաբար մոտենում ենք զարգացած աշխարհում հաջողությամբ կիրառվող՝ ընտանիքի հարկման մոդելին (նաև այն պատճառով, որ հայտարարատու ֆիզիկական անձինք կարող են հետ ստանալ նաև իրենց ընտանիքի անդամների համար կատարած ծախսերը), որն ավելի առաջադեմ ու արդար հարկման մոդել է։

Կարևոր է նշել նաև, որ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը նպաստելու է հասարակության շրջանում հարկեր վճարելու մշակույթի զարգացմանը՝ մասնավորապես, հաշվի առնելով այն, որ հայտարարագիր ներկայացնելով ֆիզիկական անձինք տեղեկանալու են իրենց անվանական եկամուտների, դրանցից պահված հարկերի վերաբերյալ։

Նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշված՝ ստվերային (չգրանցված) եկամուտներ առկա լինելու դեպքում քաղաքացիների կողմից դրանք հայտարարագրման համակարգի ներդրումից հետո կրկին չհայտարարագրելու հետ կապված դիտարկման վերաբերյալ հայտնում ենք, որ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը նպաստելու է նաև այդ եկամուտներն աստիճանաբար հայտարարագրելուն՝ մասնավորապես, հաշվի առնելով այն, որ այդ եկամուտներից հաշվարկված հարկերը հետ ստանալու հնարավորություն է ստեղծված՝ ի դեմս «սոցիալական ծախսերի» համակարգի։

Ինչ վերաբերում է, նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշված՝ հայտարարագրի էլեկտրոնային եղանակով ներկայացումը քաղաքացիների որոշ շրջանակի (տարեցներ և այլն) համար դժվարություններ առաջացնելու, ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրեր չներկայացվելու, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հայտարարագրման համակարգի` հայտարարագրերի ընդունմանը պատրաստ չլինելու հետ կապված դիտարկումներին, ապա հայտնում ենք հետևյալը.

Եկամտային հարկի հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման ընթացակարգը հնարավորինս պարզ և դյուրին դարձնելու նպատակով աշխատանքներ են իրականացվում «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»-ը շարունակաբար պարզեցնելու ու բարելավելու ուղղությամբ։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում տեղադրված են բազմաթիվ հրապարակումներ, ուղեցույցներ այն մասին, թե ինչպես օգտվել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»-ից, ինչպես լրացնել եկամտային հարկի հաշվարկը (հայտարարագիրը), ընդ որում՝ ուղեցույց և լրացման կարգ տեղադրված է նաև համակարգում։ Համակարգում առկա է նաև առցանց օգնական (ChatBot), որի միջոցով ֆիզիկական անձը կարող է կապ հաստատել և ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները։ Այստեղ տեղադրված են նաև հաճախ տրվող հարցեր՝ իրենց պատասխաններով։

Միաժամանակ, հայտնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներդրված՝ «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»-ը բնականոն գործում է, և ֆիզիկական անձանց կողմից ներկայացվում են հայտարարագրեր։ Ընդ որում, 2025 թվականի փետրվարի 19-ի դրությամբ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) է ներկայացրել թվով 7975 ֆիզիկական անձ, իսկ 2023 թվականի հաշվետու տարվա համար՝ թվով 59120 ֆիզիկական անձ։

Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է. «(…) օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։ (…) Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենսդրական նախաձեռնության կարգով օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում։»:

Այս առումով, հայտնում ենք, որ նախագծի ընդունման հիմնավորմամբ առկա իրավիճակի խորքային վերլուծություն, խնդիրների վերհանում չի իրականացվել և ներկայացվել է ապագայում ենթադրյալ առաջացող խնդիրների վերլուծություն։ Մինչդեռ, անհրաժեշտ էր բացահայտել ոլորտի ընթացիկ իրավիճակը, խնդիրները, առաջարկվող կարգավորումների անհրաժեշտությունը, վերլուծել նախատեսվող կարգավորումների ռիսկային գործոնները։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է։

Հայտնում ենք նաև, որ նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան