ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2025 թվականի N 254-Ա
ՀՈՂԱՄԱՍԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, ինչպես նաև «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված՝ քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ․ Սևակի փողոց 1 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 0․8875 հեկտար մակերեսով հողամասից (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N09062023-01-0047) 396․61 քառ․ մետր մակերեսով հողամասը (այսուհետ՝ հողամաս)՝ համաձայն սույն որոշման հավելվածի` սահմանափակ օգտվելու իրավունքով (գույքային սերվիտուտով) 3 տարի ժամկետով տրամադրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտության զարգացման հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)՝ քաղ. Երևան, Պ․ Սևակի 1/7 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի բնակիչներին որպես մուտք դեպի բազմաբնակարան շենք և ավտոկայանատեղի հողամասով անցնելու և երթևեկելու համար։
2. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի (գույքային սերվիտուտի) պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝
ա․ պայմանագրի կնքման և պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին,
բ․ հիմնադրամը պարտավորվում է հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի (գույքային սերվիտուտի) դիմաց հիմնադրամի միջոցների հաշվին ապահովել հողամասի շահագործումը որպես ճանապարհ և այն մշտապես պահել բարեկարգ,
գ․ հողամասով անցնելը և երթևեկելը չի խոչընդոտի «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության անխափան գործունեությանը,
դ․ սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններով սահմանված պայմանների խախտման դեպքում հիմնադրամի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքը (գույքային սերվիտուտը) համարվում է դադարեցված և պայմանագիրը ենթակա է խզման.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումից 3 տարի հետո ներկայացնել առաջարկություն հողամասի հետագա տնօրինման վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 254-Ա որոշման |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
06.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|