ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Զ․Զաքինյան
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
ՏԴ/0234/01/21 | ||
|
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. ԳրիգորՅԱՆԻ Լ. ԹադևոսյանիԱ. Պողոսյանի |
26 նոյեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Սահակ Էդուարդի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20-ի որոշման դեմ պաշտպան Ա․Ջուվանովայի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հարուցվել է թիվ 17975221 քրեական գործը։
2021 թվականի հոկտեմբերի 8-ին Սահակ Էդուարդի Աբրահամյանը ձերբակալվել է։
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ Սահակ Աբրահամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ մեղադրյալ Ս․Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ Ս․Աբրահամյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
2․ 2021 թվականի դեկտեմբերի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով Ս․Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանեցվել է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, և 325-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանեցվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասին։ Ս․Աբրահամյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, նույն օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոններով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ս․Աբրահամյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2021 թվականի հոկտեմբերի 8-ից։
3․ Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունիսի 20-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի օգոստոսի 10-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:
4․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ա․Ջուվանովան բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
Այսպես, ըստ բողոքաբերի՝ պատժի անհատականացման գործընթացում պատշաճ գնահատման չեն ենթարկվել ստորև նշված հանգամանքները, որի արդյունքում նշանակվել է անարդարացի` ակնհայտ խիստ պատիժ։
Մասնավորապես, բողոք բերած անձը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի վերլուծությամբ արձանագրել է, որ դատարանի դատավճռով պատժից ազատված անձը համարվում է դատվածություն չունեցող։ Տվյալ դեպքում, դատվածության առկայությունը որոշելիս, Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 20-ի դատավճիռը, որով Ս․Աբրահամյանը համաներման կիրառմամբ ազատվել է իր նկատմամբ նշանակված պատիժը կրելուց, ուստի պետք է արձանագրել, որ Ս․Աբրահամյանը համարվում է դատվածություն չունեցող անձ, ինչը բացառում է դատվածության հետ կապված որևէ քրեաիրավական հետևանք։
Վերոգրյալից բացի, պատժի տեսակը և այն կրելու նպատակահարմարության հարցը որոշելիս պատշաճ գնահատման չեն ենթարկվել նաև պատիժը մեղմացնող հանգամանքը և անձը բնութագրող տվյալները, մասնավորապես, խնամքի տակ երկու անձի առկայությունը, պատճառված վնասը վերականգնելը, բողոք ներկայացված չլինելը, վարույթին չխոչընդոտելը, քաղաքացիական հայցի բացակայությունը։
5․1․ Բացի այդ, բողոքի հեղինակն արձանագրել է, որ ամբաստանյալ Ս․Աբրահամյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, քանի որ մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար քրեական օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրացել է 2023 թվականի սեպտեմբերի 16-ին և այդ օրվա դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20-ի որոշումն ու քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Ս․Աբրահամյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնել, իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանքի ձևով կամ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7․ Սահակ Աբրահամյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվում է այն արարքների համար, որ նա․ «(․․․) «List.am» կայքէջում տեղադրված հայտարարության միջոցով տեղեկանալով Արտեմ Ժորայի Հակոբջանյանի կողմից «Կիա Ֆորտե» մակնիշի 35 ՏZ 209 հաշվառման համարանիշի ավտոմեքենան օրավարձով տրամադրելու մասին, խարդախությամբ` խաբեության եղանակով, վերջինիս ավտոմեքենան հափշտակելու դիտավորությամբ, 16.09.2021թ.` ժամը 21:00-ի սահմաններում, վերոնշյալ հայտարարությամբ նշված հեռախոսահամարով զանգահարել է Արտեմ Հակոբջանյանին, պայմանավորվել և նույն օրը հանդիպել Երևան քաղաքի Լվովյան 23 հասցեում, որտեղ Սահակ Աբրահամյանը` ներկայանալով Օրդի Ասլանյան կեղծ տվյալներով, Արտեմ Հակոբջանյանին է ներկայացրել նախաքննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք բերված Օրդի Ասլանյանին պատկանող իրավունք վերապահող 011224219 նույնականացման քարտը և MA 946917 վարորդական իրավունքի վկայականը` քարտի և վկայականի նկարների հատվածներն արդեն իսկ ջնջված վիճակով, որոնց օգտագործման միջոցով մոլորության մեջ գցելով Արտեմ Հակոբջանյանին` վերջինիցս վարձակալել է նրա դստեր` Ելենա Արտեմի Հակոբջանյանի անվամբ հաշվառված, սակայն Արտեմ Հակոբջանյանի կողմից փաստացի շահագործվող, խոշոր չափերի` 2.200.000 ՀՀ դրամ արժողության, <<Կիա Ֆորտե>> մակնիշի 35 ՏZ 209 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որից հետո հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, չարաշահելով իր ծանոթ Թելինա Մկրտումյանի վստահությունը` վերջինիս խեղաթյուրելով իրականում գոյություն ունեցող փաստերը` ձեռք բերված հիշյալ ավտոմեքենան նրան ներկայացնելով որպես իր անձնական ավտոմեքենա, 25.09.2021թ. Իջևան քաղաքում 2500 ԱՄՆ դոլարով, որից 700.000 դրամը նույն օրը, իսկ գումարի մնացած մասն ավտոմեքենայի անվանափոխությունը կատարելու օրը ստանալու պայմանով, վերջինիս վաճառել է փաստացի Արտեմ Հակոբջանյանին պատկանող վերոնշված ավտոմեքենան, որի արդյունքում Արտեմ Հակոբջանյանին պատճառել է խոշոր չափերի` 2.200.000 ՀՀ դրամ գումարի, իսկ Թելինա Մկրտումյանին` 700.000 ՀՀ դրամ գումարի վնաս (․․․)»1։
8․ Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «(․․․) Վերլուծելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները` [Առաջին ատյանի] դատարանը գտավ, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, և նա ենթակա է պատասխանատվության 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Պատիժ նշանակելիս [Առաջին ատյանի] դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում խնամքին 03.11.2012թ. ծնված Դավիթ Սահակի Աբրահամյանի և 24.04.2015թ. ծնված Հայկ Սահակի Աբրահամյանի առկայությունը, ինչպես նաև հաշվի է առնում այն, որ նա ընդունում է մեղքը:
[Առաջին ատյանի դ]ատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է դիտում հանցանքը կատարելու ռեցիդիվը:
(․․․) Ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է 2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, և 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է 2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասին:
Վերլուծելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները, հաշվի առնելով ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները` [Առաջին ատյանի] դատարանը գտավ, որ նրա նկատմամբ պետք է նշանակել ազատազրկման ձևով պատիժ, որը նա պետք է կրի»2։
9․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը․ «(․․․) [Ա]մբաստանյալ Սահակ Աբրահամյանի նկատմամբ պատժի տեսակը և չափը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, նրա կողմից կատարված հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում իրավացիորեն վերջինի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ, (․․․)։
(․․․)
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու, սույն գործով հնարավոր չէ հասնել [2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված] ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացվելիությանը` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը»3։
10․ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված օպերատիվ տեղեկատու քարտադարանի տեղեկատվության և դատական տեղեկատվական համակարգում արտացոլված տվյալների համաձայն՝
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 20-ի դատավճռով Ս․Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ Նույն օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ սահմանված պատժին գումարվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ԵԱՔԴ/0174/01/17 գործով 2018 թվականի օգոստոսի 02-ի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասից 6 (վեց) ամիսը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ Նույն դատավճռով, «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա, Ս․Աբրահամյանն ազատվել է պատժի4։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա․Մարգարյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
12․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կողմից բարձրացված իրավական հարցերը վերաբերում են ամբաստանյալ Ս․Աբրահամյանի նկատմամբ սահմանված քրեաիրավական ներգործության միջոցի հիմնավորվածությանը, ինչպես նաև՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Ս․Աբրահամյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացված մեղադրանքով քրեական հետապնդման դադարեցմանը։
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքաբերի կողմից բարձրացված առաջին հարցին հնարավոր է անդրադառնալ միայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը քննարկելուց հետո։ Ուստի սույն գործով նախևառաջ պետք է քննարկման առարկա դարձնել հետևյալ իրավական հարցը. արդյո՞ք Ս.Աբրահամյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացված մեղադրանքով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(...)
12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից. (...)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն5 ` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(…)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:
13․ Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։
14․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ս․Աբրահամյանին վերագրվող վերջին արարքն6 ավարտվել է 2021 թվականի սեպտեմբերի 25-ին7։ Ս.Աբրահամյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը կայացվել է 2022 թվականի օգոստոսի 10-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2023 թվականի հունիսի 20-ին8: Նշված որոշման դեմ Ս․Աբրահամյանի պաշտպանի կողմից վճռաբեկ բողոք է բերվել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ9:
15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ Ս.Աբրահամյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ, վերջինիս նկատմամբ առկա չի եղել օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, ուստի նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:
16․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ Ս․Աբրահամյանի քրեական պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքը կատարելու ռեցիդիվը։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն10՝ «1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը:
2. Դատվածությունը, սույն օրենսգրքին համապատասխան, հաշվի է առնվում հանցագործության ռեցիդիվի դեպքում և պատիժ նշանակելիս:
3. Դատվածություն չունեցող են համարվում այն անձինք, ովքեր դատարանի դատավճռով դատապարտվել են առանց պատիժ նշանակելու կամ դատարանի դատավճռով ազատվել են պատիժը կրելուց կամ պատիժը կրել են այնպիսի արարքի համար, որի հանցավորությունն ու պատժելիությունը վերացված են օրենքով: (․․․)»։
Քրեաիրավական մեջբերված նորմի առավել ընդհանրական վելուծությունը ցույց է տալիս, որ դատվածությունն անձի յուրահատուկ իրավական դրությունն է, որն առաջանում է մեղադրական դատավճռով պատժի նշանակման արդյունքում։ Այս ինստիտուտի առանձնահատկությունն այն է, որ դատվածություն ունեցող անձի համար կարող են ծագել օրենքով նախատեսված քրեաիրավական բնույթի բացասական հետևանքներ։ Դատապարտման արդյունքում առաջացած դատվածության ազդեցությունն ունի ժամկետային սահմանափակում։ Մասնավորապես՝ օրենսդրությամբ նախատեսված է դատվածության իրավական հետևանքների վերացման երկու եղանակ՝ դատվածության մարում և դատվածության հանում։ Դատվածության մարումը նշանակում է դրա իրավական հետևանքների վերացում քրեական օրենքի համապատասխան հոդվածով նշված ժամկետն անցնելուց հետո՝ առանց այդ հարցի կապակցությամբ հատուկ որոշման կայացման։ Այսինքն՝ դատվածության մարումը մեխանիկական գործընթաց է, որը հավաստելու համար հատուկ իրավական ակտ չի պահանջվում։ Ի տարբերություն դատվածության մարման՝ դատվածության հանումը մեխանիկական գործընթաց չէ։ Մասնավորապես՝ օրենսդիրը հնարավոր է համարում մինչև դատվածության մարման համար օրենքով նախատեսված ժամկետի լրանալը լուծել դատվածության հետ կապված քրեաիրավական հետևանքների վերացման հարցը՝ հատուկ որոշում կայացնելու միջոցով։
Օրենսդիրը կանոնակարգելով դատվածության առաջացման հիմքը, դրա ժամանակային տևողությունը, մարումը և հանումը, միաժամանակ սահմանել է, որ այն անձը, ով դատարանի դատավճռող ազատվել է պատիժը կրելուց, համարվում է դատվածություն չունեցող։ Քրեաիրավական այս կարգավորումից ուղղակիորեն բխում է, որ այն որպես հատուկ կարգավորում, սահմանում է դատավճռով պատժից ազատված անձի համար դատվածության հետ կապված իրավահարաբերությունների առաջացման հրամայական արգելք և այս առումով օրենսդիրը որևէ բացառություն, օրինակ, դատավճիռների համակցությամբ նշանակված պատժից ազատվելու պարագայում, չի նախատեսել։
17․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Ս․Աբրահամյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 20-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և դատավճիռների համակցությամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ու Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա նա ազատվել է պատժից,
- Առաջին ատյանի դատարանը, 2022 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով, խարդախություն կատարելու մեջ Ս․Աբրահամյանի մեղավորությունն ապացուցված է համարել։ Միաժամանակ, Ս․Աբրահամյանին մեղսագրվող հիշյալ հանցավոր արարքը համապատասխանեցվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշներին։ Պատժի անհատականացման գործընթացում Առաջին ատյանի դատարանը որպես ամբաստանյալ Ս․Աբրահամյանի քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է հաշվի առել հանցանքը կատարելու ռեցիդիվը,
- Վերաքննիչ դատարանը մերժելով պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին։
18․ Սույն որոշման 16-րդ կետում մեկնաբանված նյութական օրենքի պահանջը կիրառելով նախորդ կետում վկայակոչված փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերից հետևում է, որ հանցագործությունների ռեցիդիվը գնահատելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել նախկինում դիտավորյալ հանցանքի կատարման մեջ Ս․Աբրահամյանին մեղավոր ճանաչող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 20-ի դատավճիռը։ Մինչդեռ, հիշյալ դատավճռով, համաներման կիրառմամբ, Ս․Աբրահամյանն ազատվել է իր նկատմամբ նշանակված պատիժը կրելուց, հետևաբար, սույն քրեական գործի քննությամբ հաստատված հանցանքը կատարելու օրվա դրությամբ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ուղղակի պահանջի հիմքով, Ս․Աբրահամյանը համարվում է դատվածություն չունեցող անձ, ինչն էլ իր հերթին բացառում է դատվածության հետ կապված քրեաիրավական որևէ հետևանք, այդ թվում՝ հանցագործությունների ռեցիդիվը, ինչպես նաև Ս․Աբրահամյանի քրեական պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող՝ հանցանքը դատվածություն ունեցող անձի կողմից կատարելու (նախկին օրենսդրությամբ՝ հանցանքը կատարելու ռեցիդիվը) հանգամանքը։
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ Ս․Աբրահամյանի քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքը կատարելու ռեցիդիվը, հիմնավոր չէ։ Հետևաբար, չապացուցված ծանրացնող հանգամանքը պատժի անհատականացման գործընթացում հաշվի առնելով թույլ է տրվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում։
19․ Հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատիժ նշանակելիս և պատժի կրման հարցը լուծելիս հանցագործությունների ռեցիդիվը որպես պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի առնելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը սույն գործով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է։ Միաժամանակ, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով թույլ տրված խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելն է։
19․1․ Այսպես՝ սույն որոշման 15-րդ կետում արված եզրահանգման հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ բեկանման արդյունքում անհրաժեշտ է դադարեցնել Ս․Աբրահամյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Միևնույն ժամանակ, ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերով խոշոր չափերով խարդախության համար նախատեսված պատիժների համեմատական վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսդրությունը համարվում է պատիժը մեղմացնող, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան նախատեսում է նաև ազատազրկումից առավել մեղմ այլընտրանքային պատժատեսակներ՝ հանրային աշխատանքները և ազատության սահմանափակումը, որոնք նախատեսված չէին ՀՀ նախկին քրեական օրենսգրքով11: Հետևաբար, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնի ուժով, Ս.Աբրահամյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքը պետք է որակել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Անդրադառնալով Ս․Աբրահամյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով պատիժ նշանակելու հարցին՝ Վճռաբեկ դատարանը, պատժի նշանակման համաչափության վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումների12 լույսի ներքո ուսումնասիրության և գնահատման ենթարկելով Ս․Աբրահամյանի կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, ինչպես նաև պատժի անհատականացման գործընթացում հաշվի առնված մյուս հանգամանքները13, գտնում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով Ս․Աբրահամյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատժի անհատականացման գործընթացում սույն գործով արձանագրված՝ Ս․Աբրահամյանի քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների և նրա անձը բնութագրող տվյալների համակցությունը, չեն կարող ողջամտորեն նվազեցնել նրա անձի և կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ։
Ինչ վերաբերում է հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված լինելու մասին բողոքի հեղինակի պնդմանը՝ պետք է արձանագրել, որ տուժող Թ․Մկրտումյանին պատճառված վնասը հատուցված կամ այլ կերպ հարթած լինելու պնդումը հիմնավորող որևէ փաստական տվյալ պաշտպանության կողմը չի ներկայացրել։ Հարկ է նկատել, որ դատաքննության ընթացքում այդ առումով պաշտպանության կողմը կրկին սահմանափակվել է պատճառված վնասը հատուցված լինելու բանավոր հայտարարությամբ14, և միաժամանակ ստորադաս դատարանների դատական ակտերով այդպիսի հանգամանք արձանագրված չէ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մեղադրյալ Սահակ Էդուարդի Աբրահամյանի վերաբերյալ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 10-ի դատավճիռն ու այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել:
Սահակ Էդուարդի Աբրահամյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Սահակ Էդուարդի Աբրահամյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով:
Սահակ Էդուարդի Աբրահամյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի կրման սկիզբը հաշվել 2021 թվականի հոկտեմբերի 8-ից և 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ` փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը հաշվակցելով նշանակված պատժին, նրան անհապաղ ազատ արձակել՝ սահմանված պատիժը կրած լինելու հիմքով:
3. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 10-ի դատավճիռն ու այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20-ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
___________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 274-283:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 77-81
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 89-98։
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 62-65 և www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ, Սահակ Աբրահամյանի վերաբերյալ թիվ ԵՄԴ/0123/01/16 քրեական գործը։
5 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ ամբաստանյալ Ս.Աբրահամյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:
6 Մանրամասն տեԲս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 21-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:
9 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
10 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում ամբաստանյալ Ս.Աբրահամյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ դատվածության ինստիտուտի վերաբերելի իրավական կարգավորումը:
11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ռուզաննա Գևորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշումը։
12 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Գարսևան Ոսկանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0119/01/13, Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Մարատ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԱՐԴ/0144/01/12, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14 և Ռուզաննա Գևորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշումները։
13 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
14 Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթ 71-74։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|