ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2013 թվականի N 907-Ն
ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ԵՎ ՍԱՂՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՈՆՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՈՆՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1273-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 20.02.25 N 178-Ն)
Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 14-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 20.02.25 N 178-Ն)
1. Հաստատել վերարտադրողականության դոնորների և վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմերի պահպանման, տեղափոխման կարգն ու պայմանները, ինչպես նաև դոնոր ընտրվելու համար նախատեսված բժշկական զննումները և հետազոտությունները, դոնորի նկատմամբ ներկայացվող լրացուցիչ պահանջները` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 20.02.25 N 178-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 1273-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2013 թ. օգոստոսի 29 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 907-Ն որոշման |
ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ԵՎ ՍԱՂՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՈՆՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՈՆՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 20.02.25 N 178-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են վերարտադրողականության դոնորների (այսուհետ` դոնոր) և վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների (այսուհետ` քաղաքացի) կողմից սերմի (սերմնաբջիջների) կամ ձվաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմերի պահպանման, տեղափոխման, ինչպես նաև դոնոր ընտրվելու համար նախատեսված բժշկական զննումների և հետազոտությունների, դոնորի նկատմամբ ներկայացվող լրացուցիչ պահանջների հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը խմբ. 20.02.25 N 178-Ն)
2. Սեռաբջիջները (սերմնաբջիջներ և ձվաբջիջներ) ու սաղմն ստացվում և պահպանվում են օժանդակ սերմնավորման և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման նպատակով:
(2-րդ կետը փոփ., լրաց. 20.02.25 N 178-Ն)
3. Սեռաբջիջների ու սաղմի ստացման, դրանց պահպանման և տեղափոխման, օժանդակ սերմնավորման և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մասին տվյալները համարվում են բժշկական գաղտնիք և չեն կարող հրապարակվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
(3-րդ կետը լրաց. 20.02.25 N 178-Ն)
4. Սեռաբջիջների ու սաղմի ստացման և պահպանման, ինչպես նաև օժանդակ սերմնավորման և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված բժշկական ծառայությունները մատուցում են այն բժշկական կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ունեն բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակն իրականացնելու լիցենզիա:
(4-րդ կետը լրաց. 20.02.25 N 178-Ն)
5. Քաղաքացու կողմից պահպանման տրված, չիրացված կամ ժամկետանց սեռաբջիջների և սաղմի ոչնչացման (թափոնման) փաստը գրանցվում է բժշկական փաստաթղթերում, գրավոր հավաստվում քաղաքացու կամ նրա ներկայացուցչի կողմից, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ բուժանձնակազմի կողմից կազմված արձանագրությամբ:
II. ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 20.02.25 N 178-Ն)
6. Սեռաբջիջները բժշկական կազմակերպությանը տրամադրվում են՝
1) դոնորների կողմից` օժանդակ սերմնավորման կամ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ժամանակ դոնորության կազմակերպման նպատակով.
2) այն քաղաքացիների կողմից, ովքեր գտնվում են կյանքը վտանգող իրավիճակում կամ ենթարկվում են սերնդարարման ունակությունը կորցնելու ռիսկի (առողջության համար վտանգ ներկայացնող մասնագիտական գործունեություն, զինվորական պարտականությունների կատարում, ինչպես նաև այլ բժշկասոցիալական ցուցումներ)` պահպանման նպատակով:
(6-րդ կետը փոփ., լրաց. 20.02.25 N 178-Ն)
7. Դոնորն իր բեղմնունակ սերմը կամ ձվաբջիջը տրամադրելու համար կարող է ստանալ դրամական հատուցում` համապատասխան բժշկական կազմակերպության կամ սեռաբջիջն օգտագործող անձի կամ անձանց կողմից` նախապես կնքված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված պայմանագրի համաձայն:
8. Քաղաքացիների և բժշկական կազմակերպության միջև սեռաբջիջների տրամադրման ու պահպանման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրով, որով պետք է նախատեսվեն`
1) պայմանագրի կողմերը.
2) պայմանագրի կողմերի իրավունքները և պարտականությունները.
3) սեռաբջջի ու սաղմի պահպանման ժամկետը.
4) տնօրինման իրավունքը.
5) կողմերի համաձայնությամբ` այլ պայմաններ։
9. Սերմնաբջիջների (սերմի) դոնոր կարող են դառնալ 18-40 տարեկան բեղմնունակ սերմ ունեցող տղամարդիկ, ովքեր կամավորության սկզբունքով ենթարկվում են բժշկագենետիկական հետազոտման, և արդյունքում ժխտվում են դոնոր լինելու բժշկական հակացուցումները:
(9-րդ կետը փոփ. 20.02.25 N 178-Ն)
10. Սերմնաբջջի դոնորը կարող է լինել հայտնի կամ անհայտ:
11. Դոնորը, որը համաձայնում է պարբերաբար հանձնել սերմ, կոչվում է ակտիվ դոնոր: Ակտիվ դոնորությունը թույլատրվում է 3 տարվանից ոչ ավելի, իսկ սերմի հանձնումը՝ ամսական 3 անգամվանից ոչ ավելի։
12. Ձվաբջիջների դոնոր կարող են դառնալ 18-35 տարեկան, կանոնավոր դաշտանային ֆունկցիա ունեցող կանայք, ովքեր կամավորության սկզբունքով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտման, և արդյունքում ժխտվել են դոնոր լինելու բժշկական հակացուցումները: Ձվաբջջի դոնորի ձվարանների ֆոլիկուլներից ձվաբջիջների արտածծման քանակը չպետք է գերազանցի 5 անգամը (բացառությամբ նույն ընտանիքի համար անհրաժեշտության դեպքերի, սակայն ոչ ավելի, քան 7 անգամը):
(12-րդ կետը լրաց. 23.12.21 N 2120-Ն)
13. Պահպանման նպատակով սեռաբջիջներ կարող են տրամադրել այն քաղաքացիները, որոնց տարիքը մեծ է 18-ից, ունեն բեղմնունակ սեռաբջիջներ և չեն տառապում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով:
14. Դոնորները պետք է ենթարկվեն հետազոտման՝ համաձայն սույն կարգի և պայմանների 15-րդ ու 16-րդ կետերի պահանջների:
15. Սերմի դոնորների հետազոտման համար անհրաժեշտ է իրականացնել`
1) սերմի հետազոտում և բեղմնունակության (պիտանիության) գնահատում` սերմի յուրաքանչյուր հանձնման դեպքում: Սերմը համարվում է պահպանման և հետագա օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների շրջանակում օգտագործման համար պիտանի, եթե սերմի ծավալը 2,0 և ավելի միլիլիտր է, մեկ միլիլիտր սերմում առկա է առնվազն 40 մլն սերմնաբջիջ, որոնց 60 և ավելի տոկոսը կատարում են ակտիվ-համընթաց շարժումներ, և ախտաբանական ձևերը չեն գերազանցում 20 տոկոսը.
2) զննում` ուրոլոգի և թերապևտի կողմից, անհրաժեշտության դեպքում` այլ մասնագետների ներգրավմամբ` տարեկան մեկ անգամ.
3) արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշում` միանվագ.
4) հոգեթերապևտի կողմից զննում և բժշկագենետիկական խորհրդատվություն (կարիոտիպավորում՝ ըստ ցուցումների)՝ միանվագ.
5) սերմնահեղուկի մանրէադիտակային հետազոտություն և մանրէաբանական ցանքս` յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ.
6) սեռավարակների, այդ թվում՝ մարդու իմունային անբավարարության վիրուսակրության, հեպատիտ Բ-ի, Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման նպատակով հետազոտություն՝ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:
(15-րդ կետը փոփ. 20.02.25 N 178-Ն)
16. Ձվաբջջի դոնորների հետազոտման համար անհրաժեշտ է իրականացնել`
1) թերապևտիկ զննում` տարեկան մեկ անգամ.
2) գինեկոլոգի կողմից զննում, յուրաքանչյուր փորձից առաջ, անհրաժեշտության դեպքում` այլ մասնագետների ներգրավում.
3) լաբորատոր հետազոտություն` արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշում՝ միանվագ.
4) արյան ընդհանուր քննություն, կոագուլոգրամ.
5) հեշտոցի քսուքի մանրէադիտակային հետազոտություն և մանրէաբանական ցանքս՝ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ.
6) սեռավարակների, այդ թվում՝ իմունային անբավարարության վիրուսակրության, հեպատիտ Բ-ի, հեպատիտ Ց-ի և սիֆիլիսի հայտնաբերման նպատակով հետազոտություն՝ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ.
7) ձվազատման հետազոտության ապահովում՝ գերձայնային ֆոլիկուլոմետրիայի միջոցով.
8) զննում` հոգեթերապևտի կողմից, և բժշկագենետիկական խորհրդատվություն (կարիոտիպավորում՝ ըստ ցուցումների)՝ միանվագ:
(16-րդ կետը փոփ. 20.02.25 N 178-Ն)
17. Հետազոտումից ստացված դրական արդյունքների հիման վրա տղամարդը կամ կինը կարող է ընտրվել որպես դոնոր` նրա կողմից տրված գրավոր համաձայնության առկայության դեպքում:
17.1. Սեռաբջջի յուրաքանչյուր դոնորից ծնված երեխաների թիվը չպետք է գերազանցի 5 ընտանիքում ծնված 7 երեխայի քանակը:
(17.1-ին կետը լրաց. 23.12.21 N 2120-Ն)
18. Քաղաքացիների կողմից պահպանման նպատակով բժշկական կազմակերպություններին սեռաբջիջների տրամադրման դեպքում համապատասխանաբար ապահովվում է սույն կարգի ու պայմանների 15-րդ կետի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ (միանվագ) ու 16-րդ կետի 2-րդ, 3-րդ (միանվագ), 5-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված հետազոտությունների իրականացումը:
III. ՍԵՐՄԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
19. Նախքան սերմը հանձնելը` դոնորը և (կամ) քաղաքացին 3-4 օր պետք է խուսափեն սեռական հարաբերությունից և ալկոհոլի օգտագործումից, ինչպես նաև սահմանափակեն ծխելը:
20. Սերմը հավաքվում և հանձնվում է ախտազերծված սրվակի մեջ` առանձին մուտք, սանհանգույց և լվացարան ունեցող հատուկ սենյակում:
21. Սերմի ստացման վերաբերյալ գրանցումը կատարվում է հետազոտությունների և դրանց արդյունքների գրանցամատյանում, որում նշվում են սերմի հանձնման ամսաթիվը, հանձնողի ազգանունը, անունը, հայրանունը, իսկ դոնորի դեպքում՝ նաև նրա սոցիալ-կենսաբանական տվյալները:
22. Թարմ կամ կրիոկոնսերվացված սերմի ստացման, պահպանման և օգտագործման վերաբերյալ գրանցումները կատարվում են դոնորի և (կամ) քաղաքացու անհատական քարտում, որի ձևը հաստատում է առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:
IV. ՁՎԱԲՋԻՋՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
23. Ձվաբջջի ստացման նպատակով ձվարանների խթանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշման դրույթներին համապատասխան:
V. ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ԵՎ ՍԱՂՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 20.02.25 N 178-Ն)
24. Սերմը կարող է օգտագործվել թարմ վիճակում կամ կրիոկոնսերվացված:
25. Սերմի պահպանման նպատակով այն պետք է կրիոկոնսերվացվի և ծածկագրավորվի:
26. Կրիոկոնսերվացված սեռական բջիջները և սաղմերը կարող են պահպանվել անժամկետ:
27. Սեռական բջիջների և սաղմերի կրիոկոնսերվացման եղանակի ընտրությունը կատարվում է սաղմնաբանի հայեցողությամբ:
28. Սեռական բջիջների և սաղմերի պահպանման աշխատանքների ճիշտ կազմակերպման նպատակով անհրաժեշտ է կատարել կրիոկոնսերվացված սերմի ու սաղմի ծածկագրավորում և նշագրում:
29. Յուրաքանչյուր դոնոր պետք է ունենա իր ծածկագիրը` կազմված դոնորի ազգանվան առաջին և երրորդ տառերից, ծննդյան ամսաթվի, ամսվա ու ծննդյան տարեթվի վերջին երկու թվից:
30. Դոնորի և քաղաքացու անհատական քարտում պետք է նշվեն նաև ազոտ պարունակող փորձանոթի համարը՝ ըստ առկա անոթների թվի, սկավառակի համարը, սերմի ու ձվաբջջի հանձնման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը:
31. Ծածկագրով պետք է նշագրվեն այն պոլիմերային փորձանոթները, որոնք պարունակում են սառեցված սերմի ձողիկները և սաղմը:
32. Սեռական բջիջների և սաղմերի ծածկագրերը պետք է գրանցվեն նաև դոնորի (կամ) քաղաքացու անհատական քարտում, իսկ օժանդակ սերմնավորման կամ արտամարմնային բեղմնավորման դեպքում` նաև կնոջ ամբուլատոր քարտում:
(32-րդ կետը փոփ. 20.02.25 N 178-Ն)
33. Կենսանյութի կրիոկոնսերվացման ցուցումներն են՝
1) սեռական բջիջների և սաղմերի պահպանման անհրաժեշտությունը` մինչև քիմիոթերապիայի և (կամ) ճառագայթային թերապիայի անցկացումը.
2) սեռական բջիջների և սաղմերի պահպանման անհրաժեշտությունը` հետագայում անպտղության բուժման նպատակով.
3) սեռական բջիջների և սաղմերի կրիոկոնսերվացիան և կրիոպահպանումը պացիենտի ցանկությամբ:
34. Ամորձու և մակամորձու հյուսվածքների կրիոկոնսերվացիան և կրիոպահպանումը հետագա օգտագործման նպատակով օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների շրջանակներում կատարվում է միայն այն դեպքում, երբ նրանցում առկա են սերմնաբջիջներ:
35. Կենսանյութերի տեղափոխումը կատարվում է` պահպանելով 36.6-370C ջերմաստիճանը: Կենսանյութը պետք է հասցվի սաղմնաբանական լաբորատորիա` կենսանյութն ստանալուց հետո առնվազն 3 ժամվա ընթացքում:
(35-րդ կետը փոփ. 20.02.25 N 178-Ն)
36. Սեռական բջիջների և սաղմերի կրիոկոնսերվացման, կրիոպահպանման և ապասառեցման մեթոդի ընտրությունը կատարվում է անհատական մոտեցման սկզբունքով:
37. Կրիոկոնսերվացված սեռական բջիջների և սաղմերի պահպանման ժամկետը տասնյակ և ավելի տարիներ է:
38. Կրիոկոնսերվացված սեռական բջիջները և սաղմերը պահպանվում են հատուկ նշագրված պահոցներում, հեղուկ ազոտի միջավայրում:
39. Բժշկական հաստատությունը օրենքով սահմանված պատասխանատվություն է կրում սեռական բջիջների և սաղմերի կրիոպահպանման պայմանների ապահովման համար:
39.1. Սաղմերի և սեռաբջիջների տեղափոխման համար օգտագործվում են հեղուկ ազոտ պարունակող հերմետիկ կրիոանոթներ (դյուարներ) կամ «չոր» կրիոփոխադրիչներ, որոնք ապահովում են ջերմաստիճանային միջակայք -1500C մինչև -1960C մինչև 72 ժամ: Տեղափոխումն իրականացվում է տեղափոխվող բժշկական կազմակերպության աշխատակցի մասնակցությամբ:
(39.1-ին կետը լրաց. 20.02.25 N 178-Ն)
40. Բժշկական կազմակերպությունից այլ բժշկական կազմակերպություն կենսաբանական ծնողի (ծնողների) սեռաբջիջների և սաղմերի տեղափոխումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքի հիման վրա (Ձև 1)` կենսաբանական ծնողի (ծնողների) գրավոր համաձայնությամբ (Ձև 2): Սույն հավելվածի NN 1 և 2 ձևերով սահմանված փաստաթղթերը լրացվում են 2 օրինակից, որից մեկը մնում է տեղափոխող բժշկական կազմակերպությունում, մյուսը տրամադրվում է տեղափոխման ենթակա բժշկական կազմակերպությանը: Մնացած այլ դեպքերում սեռաբջիջների և սաղմերի տեղափոխման դեպքում ձևակերպվում է ուղեկցող փաստաթուղթ, որում նշվում են՝
1) կրիոկոնսերվացման ամսաթիվը և կենսանյութի տեսակը.
2) պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը (սաղմի (սաղմերի) դեպքում՝ տղամարդու և կնոջ անունը, ազգանունը, հայրանունը (անհայտ դոնորի դեպքում` անունը, ազգանունը և հայրանունը չեն նշվում).
3) սառեցված կենսանյութի որակը.
4) սառեցման և պահպանման ժամանակ օգտագործված միջավայրը.
5) կենսանյութի տեղափոխման հանձնման ամսաթիվը.
6) այն անձի ստորագրությունը և անունը, ազգանունը, հայրանունը, ով կենսանյութն ընդունել է տեղափոխման համար:
(40-րդ կետը խմբ. 20.02.25 N 178-Ն)
41. Պացիենտի գրավոր դիմումի հիման վրա կենսանյութը կարող է տրամադրվել նրան:
Ձև N 1
ՏԵՂԵԿԱՆՔ
Տրվում է_______________ քաղաքացի ______________________-ին, ծնված`_______________ | |
(քաղաքացիության երկիր) |
(անունը, ազգանունը) |
անձնագիր____________________ , տրված՝ ____ ___________ 20 թ. -ի կողմից,
հաշվառված _____________________ հասցեում առ այն, որ նա հանդիսանում է տեղափոխման
ենթակա
□ սեռաբջիջների` ձվաբջիջ, սերմնաբջիջ, սերմ (ընդգծել)
□ սաղմի
կենսաբանական ծնող
__________________ քաղաքացի __________________________-ին, ծնված`________________ | |
(քաղաքացիության երկիր) |
(անունը, ազգանունը) |
անձնագիր_____________________, տրված՝ ____ ________ 20 թ. -ի կողմից,
հաշվառված ________________ հասցեում առ այն, որ նա հանդիսանում է տեղափոխման ենթակա
□ սեռաբջիջների` ձվաբջիջ, սերմնաբջիջ, սերմ (ընդգծել)
□ սաղմի
կենսաբանական ծնող:
Լրացուցիչ տեղեկատվություն տեղափոխման ենթակա սեռաբջիջների կամ սաղմի վերաբերյալ
1. Կենսանյութի տեսակ և կրիոկոնսերվացման ամսաթիվ __________________
2. Սառեցված կենսանյութի որակ _______________________
3. Սառեցված կենսանյութի քանակ ______________________
4. Սառեցման և պահպանման ժամանակ օգտագործված միջավայր______________
5. Կենսանյութի տեղափոխման հանձնման ամսաթիվը
6. Այն անձի ստորագրությունը և անունը, ազգանունը, հայրանունը, ով կենսանյութն ընդունել է
տեղափոխման համար_____________________________________________________________
Բժշկական կազմակերպության տնօրենի |
___________________ |
_____________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Կ.Տ.
(ձևը լրաց. 20.02.25 N 178-Ն)
Ձև N 2
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂԻ (ԾՆՈՂՆԵՐԻ) ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
1. _________________ քաղաքացի_______________________ /ծնված՝ թ._____________թ., | |
(քաղաքացիության երկիր) |
(անունը, ազգանունը) |
անձնագիր_____________________________,
տրված՝ ____ ___________20 թ. -ի կողմից, հաշվառված_______________ հասցեում և
2. ___________________ քաղաքացի________________ /ծնված՝_______________թ.,
(քաղաքացիության երկիր)
_______________անձնագիր________________, տրված՝ ___ __________ 20 թ. -ի կողմից,
հաշվառված___________________ հասցեում,
3. Տալիս եմ (ենք) իմ (մեր) համաձայնությունը ______________________ բժշկական կազմակերպությունը , ի դեմս
տնօրեն ______________________, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, հետևյալի մասին.
□ Կազմակերպել իմ, որպես կենսաբանական ծնող, և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում ստացված սաղմի տեղափոխումը,
□ Կազմակերպել մեր, որպես կենսաբանական ծնողների, սեռաբջիջների միաձուլման արդյունքում ստացված սաղմի տեղափոխումը,
□ Կազմակերպել իմ, որպես կենսաբանական ծնող` սերմի, սերմնաբջջի, ձվաբջջի (ընդգծել) տեղափոխումը:
Քաղաքացի |
______________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
______________________________ (անձնագրի N) |
______________________________ (ստորագրությունը) |
Քաղաքացի |
______________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
______________________________ (անձնագրի N) |
______________________________ (ստորագրությունը) |
__________ _____________________________20 թ.
(ձևը լրաց. 20.02.25 N 178-Ն)
(հավելվածը լրաց. 23.12.21 N 2120-Ն, խմբ., փոփ., լրաց. 20.02.25 N 178-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.02.2025, N 178-Ն | 21.02.2025, N 907-Ն | |
23.12.2021, N 2120-Ն | 24.12.2021, N 907-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|