ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-106-Ո-Կ-18 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱՐԵԿ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. Աթաբեկյանի | ||
մասնակցությամբ՝ անդամներ
|
Ա. Դանիելյանի Կ. Թումանյանի Ե. Թումանյանցի Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ Էդ. Հովհաննիսյանի Ք. ՄԿՈՅԱՆԻ | ||
Արդարադատության նախարարի տեղակալ |
տ. Դադունցի | ||
Արդարադատության նախարարի ներկայացուցիչ |
Մ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ | ||
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր |
Ն. ԲԱԴԱԼՅԱՆԻ | ||
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի ներկայացուցիչ |
Ա. ՍԱՐԴԱՐՅԱՆԻ | ||
քարտուղարությամբ՝ |
Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ |
2025 թվականի հունվարի 13-ին |
ք. Երևան |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի՝ «Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 104-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Նաիրի Գալստյանի կողմից 31.05.2024 թվականին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին ներկայացված հաղորդումը (այսուհետ նաև՝ Հաղորդում)՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։
Արդարադատության նախարարի 26.06.2024 թվականի թիվ 28.1.1.1/25249-2024 գրությամբ Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Նաիրի Գալստյանին հայտնվել է, որ Հաղորդմանը կից ներկայացված էլեկտրոնային կրիչում զետեղված տեղեկատվությունից պարզ չէ, թե դրանով ներկայացված քրեական գործերով Դատավորի կողմից ե՞րբ են նշանակվել դատական ակտերի հրապարակման օրեր, յուրաքանչյուր գործով դատական ակտը հրապարակված լինելու դեպքում նախատեսված ժամկետից որքա՞ն ուշացմամբ է կատարվել դրա հրապարակումը, իսկ չհրապարակված լինելու դեպքում որքա՞ն ժամանակ է անցել նշանակված հրապարակման օրվանից, որպիսի տեղեկատվության ներկայացված լինելու պարագայում հնարավոր դառնա Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումների մասով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի քննարկումը: Միաժամանակ առաջարկվել է Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումները դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու տեսանկյունից դիտարկելու նպատակով ներկայացնել նաև Դատավորի, ինչպես նաև Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մյուս դատավորների (քրեական գործեր քննող) կողմից 2023 և 2024 թվականների ընթացքում ստացված դատական գործերի քանակի, և ներկա պահի դրությամբ վերջիններիս վարույթում գտնվող դատական գործերի քանակի վերաբերյալ տեղեկատվություն՝ վարույթ հարուցող մարմնի կողմից համեմատական վերլուծություն կատարելու և կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով։
Արդարադատության նախարարին հասցեագրված 10.07.2024 թվականի թիվ ԴԴ/2682-24 գրությամբ Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները կատարող Արշակ Վարդապետյանի կողմից տրամադրվել են թվով 45 դատական գործերով իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի և 2024 թվականի առաջին կիսամյակի ծանրաբեռնվածությունը՝ ըստ դատավորների։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի 28.08.2024 թվականի թիվ 88-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից 19.09.2024 թվականին (Արդարադատության նախարարությունում ստացվել է 20.09.2024 թվականին) ներկայացվել է գրավոր բացատրություն (այսուհետ՝ Բացատրություն):
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի 28.10.2024 թվականի թիվ 104-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի 11.11.2024 թվականի որոշմամբ 26.11.2024 թվականին նշանակվել է դատական նիստ:
Խորհրդի 26.11.2024 թվականի նիստը դատական դեպարտամենտից տեղեկատվություն պահանջելու հիմքով հետաձգվել է և նշանակվել 09.12.2024 թվականին:
Խորհրդի 26.11.2024 թվականի «Ապացույց պահանջելու մասին» որոշմամբ Դատական դեպարտամենտից պահանջել է ներկայացնել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարի կողմից 31.05.2024 թվականին Արդարադատության նախարարին ուղղված հաղորդումը ներկայացնելու պահին ուշացված դատական ակտերը, ինչպես նաև առկայության դեպքում ներկայացնել նշված դատական ակտերի մասով պաշտպանական կամ մեղադրական կողմից ներկայացված դիմումները, բողոքները կամ ակտերը պահանջելու վերաբերյալ գրությունները:
Խորհրդի 09.12.2024 թվականի նիստն Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի կողմից ներկայացված միջնորդության հիմքով հետաձգվել է և նշանակվել 13.12.2024 թվականին:
Խորհրդի 13.12.2024 թվականի նիստն Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի կողմից ներկայացված միջնորդության հիմքով հետաձգվել է և նշանակվել 23.12.2024 թվականին:
23.12.2024 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է և 13.01.2025 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
2.Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ և 9-րդ հոդվածների 1-ին մասերը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ նաև՝ Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ և 6.5-րդ կետերը, Քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔԴՕ) 17-րդ հոդվածի 1-ին մասը, 375-րդ հոդվածը, Քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ 01.07.2022 թվականից ուժի մեջ մտած ՔԴՕ) 24-րդ հոդվածի 1-ին մասը, 350-րդ հոդվածի 6-րդ մասը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան)՝ (Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994), 10.11.1969 թվականի (տես՝ Stögmüller v. Austria (1602/62) գործով), 24.10.1989 թվականի (տե՛ս H. v. France (10073/82) գործով) վճիռները, Սահմանադրական դատարանի՝ 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 գործով, 08.12.2017 թվականի ՍԴՈ-1394 գործերով կայացված որոշումները, Բարձրագույն դատական խորհրդի 06.11.2023 թվականի թիվ ԲԴԽ-88-Ո-Կ-20 և 20.12.2021 թվականի թիվ ԲԴԽ-101-Ո-Կ-27 որոշումները և մի շարք այլ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները հայտնել է, որ 41 քրեական գործերով եզրափակիչ դատական ակտերի կայացումից հետո դատավարության կողմերին ուղարկվել են հրապարակման նշանակված ժամկետից 13 օրից ընդհուպ մինչև 1 տարի 1 ամիս անց:
Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ քրեադատավարական օրենսդրությամբ երաշխավորված է յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքը, որի մաս է կազմում ողջամիտ ժամկետում գործի քննության իրականացումը։ Ընդ որում, ողջամիտ ժամկետն իր մեջ ներառում է ոչ միայն գործի քննության իրականացումն առանց անհարկի ձգձգումների, այլ նաև օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ժամկետում կայացված դատական ակտերի տրամադրումը։ Մասնավորապես՝ վերոնշյալ իրավակարգավորումների համաձայն՝ դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին։ Միաժամանակ նշել է, որ օրենսդիրը, դատավճռի պատճենի հանձնման համար նախատեսելով խիստ սահմանափակ՝ 5-օրյա ժամկետ, չի ամրագրել որևէ բացառություն այն երկարաձգելու կամ ավելի ուշ ուղարկելու համար։ Նման ժամկետների սահմանումը դատարանների համար առաջացնում է ուղղակի պարտականություն՝ դատավարական գործողությունները կատարել և գործերի քննությունն իրականացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում։
Քննարկվող դեպքում, Դատարանի կողմից 17.04.2023-21.05.2024թթ. ընկած ժամանակահատվածում թվով 41 քրեական գործերով կայացվել են եզրափակիչ դատական ակտեր, որոնք կողմերին ուղարկվել են հրապարակման նշված ժամկետից 13 օրից ընդհուպ մինչև 1 տարի 1 ամիս անց, որոշ դեպքերում՝ 9 ամիս, 8 ամիս, 7 ամիս, 5 ամիս, 4 ամիս, 3 ամիս, 2 ամիս, 1 ամիս կամ մի քանի օր անց։ Ընդ որում, վարույթ հարուցած մարմինը նշել է, որ վերոնշյալ բոլոր քրեական գործերով եզրափակիչ դատական ակտերը դատական գործերի վիճակագրական քարտերում ամբողջությամբ լրացվել և դատավարության մասնակիցներին են ուղարկվել Դատական դեպարտամենտի կողմից արձանագրված խախտումները վեր հանելուց հետո՝ սույն թվականի հուլիսի 1-3 ընկած ժամանակահատվածում։ Ուստի, եզրակացրել է, որ Դատական դեպարտամենտի կողմից խախտումները չհայտնաբերելու դեպքում բացառված չէր, որ թվով 41 քրեական գործերով դատավարության մասնակիցները դեռ տևական ժամանակ չստանային կայացված եզրափակիչ դատական ակտերը։ Միաժամանակ, վարույթ հարուցած մարմինն արժանի է համարել ուշադրություն դարձնել այն հանգամանքը, որ բոլոր քննարկվող դատական գործերով դատական գործերի վիճակագրական քարտերում լրացումները կատարվել և դատավարության մասնակիցներին են ուղարկվել միևնույն ժամանակ՝ մի քանի օրվա ընթացքում։ Բացի դրանից, վարույթ հարուցած մարմնի կողմից ներկայացված միջնորդության 1.3 կետում ներկայացված աղյուսակների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատավորը 2023 և 2024 թվականներին չի եղել դատարանի ամենածանրաբեռնված դատավորը և ստացել է գրեթե մյուս դատավորներին հավասար դատական գործեր։
Վարույթ հարուցած մարմինը, վերոնշյալ իրավական վերլուծության արդյունքում եզրակացրել է, որ Դատավորի գործողություններում առկա են ՔԴՕ 17-րդ հոդվածի 1-ին մասով, ՔԴՕ 375-րդ հոդվածով, 01.07.2022 թվականից ուժի մեջ մտած ՔԴՕ 24-րդ հոդվածի 1-ին մասով և 01.07.2022 թվականից ուժի մեջ մտած ՔԴՕ 350-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված պահանջների խախտումներ, այն է՝ Դատարանի կողմից 17.04.2023-21.05.2024թթ. ընկած ժամանակահատվածում կայացված եզրափակիչ դատական ակտերի հրապարակումից հետո Դատարանը դրանք կողմերին է ուղարկել ոչ թե 5 օրում, այլ՝ 13 օրից ընդհուպ մինչև 1 տարի 1 ամիս անց՝ ինչի արդյունքում խախտել է օրենսդրի կողմից սահմանված՝ դատավճիռը դատավարության մասնակիցներին 5-օրյա ժամկետում ուղարկելու իմպերատիվ պահանջը։
Վարույթ հարուցած մարմինը հայտնել է, որ Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ իրեն վերապահված պարտականությունները արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարելու համար դատավորը պարտավոր է պատշաճ շրջահայացություն դրսևորել կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու և գործը կամ այլ հարցերն առանց անհարկի հետաձգումների և ծախսերի լուծելու հարցում։ Դատավորն իր վարույթում գտնվող գործերի քննության և լուծման ընթացքն այնպես պետք է կառավարի, որ նվազեցնի կամ բացառի ձգձգումներով պրակտիկան, անհարկի հետաձգումները և ծախսերը։ Դատավորը պետք է իրեն վերապահված հարցերի վերաբերյալ որոշում կայացնի ողջամիտ արագությամբ՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը և այլ կարևոր հանգամանքները։ Հատկապես կարևոր է, որ դատավորը հրապարակի որոշման պատճառաբանություններն ու հիմնավորումները առանց ոչ խելամիտ հետաձգումների։
Վարույթ հարուցած մարմինը նշել է նաև, որ դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ։ Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում։ Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ։ Ընդ որում, վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել հաշվի առնել, որ գործի ողջամիտ ժամկետում քննությունն իր մեջ ներառում է ոչ միայն պատշաճ և ժամանակին քննության իրականացում, այլ նաև գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտի՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետում տրամադրում։
Ըստ վարույթ հարուցած մարմնի՝ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա։
Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ, որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել՝ իրեն վերաբերող վեճի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից։
Ողջամիտ ժամկետում գործի քննության իրականացումը համարվում է ապահովված այն ժամանակ, երբ քննության արդյունքում կայացվող դատական ակտն օրենքով նախատեսված եղանակներով համապատասխան ժամկետում հասանելի է դառնում դատավարության մասնակիցներին: Դատավճիռը հրապարակվելուց հետո դրա պատճենը կողմին հանձնելու համար նախատեսված ժամկետի սահմանումը ինքնանպատակ չէ:
Միաժամանակ, վարույթ հարուցած մարմինը կարևորել է այն հանգամանքը, որ դատարանի կողմից ընդունված դատական ակտի հիմքում ընկած եզրահանգումները, մոտեցումները, ապացույցների և փաստերի գնահատումը, իրավանորմերի մեկնաբանությունը դատավարության մասնակիցներին հայտնի է դառնում միայն դատական ակտի ամբողջական տարբերակին ծանոթանալուց հետո, որի բովանդակությամբ պայմանավորված՝ վերջիններիս մոտ առաջացած անհամաձայնությունն արտահայտվում է վերադաս դատական ատյանին ուղղված բողոքում։
Վարույթ հարուցած մարմինը նշել է, որ քննարկվող դեպքում միջնորդությամբ վերը նշված դատավարական ժամկետները չպահպանելով և դատավճիռների պատճենները կողմերին 13 օրից ընդհուպ մինչև 1 տարի 1 ամիս անց ուղարկելու արդյունքում թույլ տրված խախտումները հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված (ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու) և Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված (ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու) վարքագծի կանոնների խախտման, ինչը նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության և դրա արդյունավետության նկատմամբ և այդպիսով հեղինակազրկում դատական իշխանությունը։
Վարույթ հարուցած մարմինը, անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված Բացատրությանը՝ հարկ է համարել նշել հետևյալը. «Ինչպես արդեն նշվել է սույն միջնորդության 2-րդ կետով՝ Դատավորն իր Բացատրության շրջանակներում անդրադարձել է վերագրվող խախտումների հիմքում ընկած քրեական գործերով ողջամիտ ժամկետում քննության իրականացմանը, և դատական ակտերը սահմանված ժամկետում չուղարկելու հանգամանքին։
Առաջին հերթին անդրադառնալով Դատավորին վերագրվող խախտումների հիմքում ընկած քրեական գործերով ողջամիտ ժամկետում քննության իրականացման կապակցությամբ Բացատրության 2-րդ կետով (Բացատրության 4-17 էջեր) Դատավորի ներկայացրած փաստարկներին՝ անհրաժեշտ է նշել, որ Դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու վերաբերյալ 28.08.2024 թվականի թիվ 88-Ա որոշմամբ թեև Դատավորին վերագրվել են այնպիսի նորմերի խախտումներ, որոնք իրենցում պարունակում են դատավորի կողմից ողջամիտ ժամկետում գործի քննության իրականացման պարտականություն, սակայն նշված որոշման հիմքում ընկած փաստական հիմքերի ուսումնասիրությունից հստակ երևում է, որ Դատավորին վերագրվել են համապատասխան քրեական գործերով ոչ թե ողջամիտ ժամկետում քննություն չիրականացնելու կամ գործերի քննությունը ձգձգելու խախտումներ, այլև դրանցով եզրափակիչ դատական ակտերը հրապարակվելուց հետո համապատասխան ժամկետում կայացվող դատական ակտերը չուղարկելու հետ կապված խախտումներ։ Ընդ որում ողջամիտ ժամկետում գործի քննության իրականացման անբաժանելի մաս է կազմում կայացված/կայացվող դատական ակտի մասին դատավարության կողմերին տեղեկացնելը, այն տրամադրելը, որի վերաբերյալ տարբեր դատական ատյանների դիրքորոշումն արդեն իսկ ներկայացված են սույն միջնորդությամբ։ Ուստի հաշվի առնելով վերը նշվածը՝ լիազոր մարմինն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ Բացատրության 2-րդ կետով նշված փաստարկներին, քանի որ սույն վարույթի շրջանակներում Դատավորին չեն վերագրվել համապատասխան գործերով գործի քննության իրականացման խախտումներ։
Անդրադառնալով Բացատրության 3-րդ կետով Դատավորի կողմից ներկայացված փաստարկներին՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Դատավորն ընդունել է իրեն վերագրված խախտումները, որոնք վերաբերում են համապատասխան քրեական գործերով եզրափակիչ դատական ակտերը դատավարության կողմերին ուշ ուղարկելուն և դրա կապակցությամբ նշել է, որ իր կողմից նման վարքագծի դրսևորումը դիտավորությամբ չի կատարվել և չի հետապնդել որևէ չարամիտ նպատակ, որի հաշվառմամբ էլ Դատավորին վերագրվող մեղքի ձև է ընտրվել կոպիտ անփութությունը։ Միևնույն ժամանակ Դատավորն իր կողմից թույլ տրված ուշացումների պատճառներ է առանձնացրել՝ առողջական վիճակով պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելը, տեսողական խնդիրներ ունենալը, արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները, Արդարադատության ակադեմիայում պարտադիր վերապատրաստման դասընթացներին մասնակցելը, մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված անհապաղ քննության ենթակա միջնորդությունների քննության իրականացումը, որոշակի ժամանակով Դատավորի կազմի համալրված չլինելը՝ դրանցից որոշների մասով նշելով կոնկրետ ժամանակահատվածներ։ Ներկայացված պատճառների վերաբերյալ լիազոր մարմինը գտնում է, որ դրանցից որոշները (օրինակ ժամանակավոր անաշխատունակություն) թեև ներառվել են թույլ տրված ուշացումների ժամանակահատվածում, սակայն ընդամենը որոշ գործերով թույլ տրված ուշացումների ամբողջ ժամանակահատվածում դրանք կազմել են քիչ քանակով օրեր, որպիսի հանգամանքը չի կարող դիտարկվել որպես կոնկրետ գործով թույլ տրված ուշացման համար հիմնավոր պատճառ։ Ինչ վերաբերում է արձակուրդում գտնվելուն և վերապատրաստման դասընթացներին մասնակցելուն և դրանցով պայմանավորված՝ ուշացումներ թույլ տալուն, ապա հարկ է նշել, որ արձակուրդի դեպքում Դատավորն ինքն է նախօրոք պլանավորում արձակուրդի ժամանակահատվածը և կարող է դրա իրավունքից օգտվել այնպես, որ չվնասի գործերի քննությանը և դրա հետ կապված այլ գործողություններին, իսկ վերապատրաստման դասընթացների մասնակցության ժամանակահատվածը, անհրաժեշտության դեպքում, կարող է փոխարինել այլ օրերով, չնայած որ սույն դեպքում, դրանց ժամանակահատվածը կազմել է ուշացված գործերով օրերի ժամանակահատվածի փոքր մասը։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սույն միջնորդության 1.3 կետում զետեղված՝ Դատական դեպարտամենտի կողմից տրամադրված տեղեկատվությանը, որի ուսումնասիրությունից հետևում է, որ Դատավորը դատարանի մյուս դատավորների համեմատ ստացած չի եղել հարաբերականորեն շատ քանակի գործեր, ավելին՝ չի եղել նաև ամենածանրաբեռնվածը։
Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ համապատասխան քրեական գործերով կայացված եզրափակիչ դատական ակտերի մեծ մասը չի բողոքարկվել և ընդհանուր առմամբ ներկայացված պատճառաբանությունները հաշվի առնելով անհրաժեշտ է թույլ տրված խախտումները դիտարկել որպես նվազ կարևոր՝ հարկ է նշել, որ լիազոր մարմնի գնահատմամբ այդչափ քանակի քրեական գործերով և այդչափ երկար ժամանակահատվածով (ընդհուպ մինչև 1 տարի 1 ամիս) ուշացումներն ինքնին հեղինակազրկում են դատական իշխանությունը և տպավորություն ստեղծում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները։»:
Անդրադառնալով մեղքի ձևին, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, 4-րդ և 5-րդ մասերը՝ վարույթ հարուցած մարմինը հայտնել է, որ ներկայացված իրավական վերլուծությունների շրջանակներում, արդեն իսկ հիմնավորվել է Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների խախտումներ թույլ տալու փաստը։
Ինչ վերաբերում է թվով 41 քրեական գործերով եզրափակիչ դատական ակտերը սահմանված ժամկետում չուղարկելուն, ապա վարույթ հարուցած մարմինը հայտնել է, որ Դատավորի կողմից այդ փաստարկն ըստ էության չի հերքվել, ավելին՝ վերջինս նշել է, որ այդ հանգամանքը ևս պայմանավորված է եղել որոշակի՝ արդեն վերը թվարկված օբյեկտիվ հանգամանքներով։ Այսինքն, Դատավորը պնդել է, որ իր կողմից նման վարքագծի դրսևորումը դիտավորությամբ չի կատարվել և չի հետապնդել որևէ չարամիտ նպատակ։
Միաժամանակ վարույթ հարուցած մարմինը նշված գործերի փաստերի ուսումնասիրությունից գտել է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների խախտումները կատարվել են մեղավորությամբ, որը տվյալ դեպքում դրսևորվել է կոպիտ անփութությամբ, այսինքն՝ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել։ Միևնույն ժամանակ իր իսկ բացատրությամբ, Դատավորը, անդրադառնալով մեղքի ձևերին, չի հերքել իր կողմից եզրափակիչ դատական ակտերը սահմանված ժամկետում չուղարկելու հանգամանքը՝ այնուամենայնիվ շեշտադրելով, որ դա դիտավորությամբ չի կատարվել, ավելին՝ պայմանավորված է եղել օբյեկտիվ հանգամանքներով։
Նշանակված դատական նիստում վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավորը վարույթ հարուցած մարմնին ներկայացրած բացատրությամբ անդրադարձել է վերագրվող խախտումների հիմքում ընկած դատական գործերով ողջամիտ ժամկետում քննության իրականացմանը, ինչպես նաև դատական ակտերը սահմանված ժամկետում չուղարկելու հանգամանքին։
Այսպես. գործի քննության ողջամիտ ժամկետների առերևույթ խախտման կապակցությամբ Դատավորը ներկայացրել է իր կողմից քննված թվով 45 քրեական գործերի քննության միջին և ուղենիշային ժամկետների վերաբերյալ տվյալները՝ արձանագրելով, որ իր կողմից այդ ժամկետները մեծամասամբ պահպանվել են։ Միևնույն ժամանակ Դատավորն առանձնացրել է թվով 12 քրեական գործեր (ՏԴ/0094/01/23, ՏԴ/0124/01/23, ՏԴ/0151/01/22, ՏԴ/0193/01/23, ՏԴ/0117/01/23, ՏԴ/0046/01/23, ՏԴ/0090/01/23, ՏԴ/0109/01/23, ՏԴ/0162/01/23, ՏԴ/0144/01/23, ՏԴ/0028/01/23, ՏԴ/0154/01/23), որոնց դեպքում գործերի քննության միջին և ուղենիշային ժամկետները հատվել են օբյեկտիվ տարբեր պատճառներով, բայց և այնպես Դատավորի համոզմամբ այդ հանգամանքն ինքնին չի հանգեցրել գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտման։ Դատավորն արձանագրել է, որ այդ օբյեկտիվ հանգամանքները պայմանավորված են եղել ինչպես վարույթի մասնակիցների վարքագծով, այնպես էլ իր՝ այլ դատական գործերով աշխատանքային ծանրաբեռնվածության (այդ թվում՝ առանձին սենյակում գտնվելու), ամենամյա հերթական արձակուրդում գտնվելու, առողջական վիճակով պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու, Արդարադատության ակադեմիայում պարտադիր վերապատրաստման դասընթացներին մասնակցելու հանգամանքներով, որոնք անհնարին են դարձրել դատավարական գործողությունների իրականացումը։
Անդրադառնալով թվով 45 քրեական գործերով եզրափակիչ դատական ակտերը սահմանված ժամկետում չուղարկելուն՝ Դատավորն ըստ էության այն չի հերքել, և նշել է, որ այդ հանգամանքը ևս պայմանավորված է եղել որոշակի օբյեկտիվ հանգամանքներով։ Մասնավորապես՝ 17.04.2023-01.06.2024թթ. ընկած ժամանակահատվածում Դատավորն իր կողմից նման վարքագծի դրսևորումը պատճառաբանել է ստորև ներկայացված ժամանակահատվածներում աշխատավայրից բացակայությամբ.
Դատավորի՝ իր առողջական վիճակով պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու ժամանակահատվածներն են.
• 06.07.2023-12.07.2023թթ.
• 07.08.2023-13.08.2023թթ.
• 07.06.2024-28.06.2024թթ.
Դատավորի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածներն են.
• 04.09.2023-15.09.2023թթ.
• 13.11.2023-15.11.2023թթ.
• 25.12.2023-29.12.2023թթ.
• 15.01.2024-26.01.2024թթ.
Արդարադատության ակադեմիայում պարտադիր վերապատրաստման դասընթացներին մասնակցության ժամանակահատվածներն են.
• 24.04.2023-28.04.2023թթ.
• 02.10.2023-06.10.2023թթ.
• 27.05.2024-31.05.2024թթ.
Նշվածից բացի, Դատավորի գնահատմամբ ուշացումների պատճառներ են հանդիսացել նաև մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված անհապաղ քննության ենթակա միջնորդությունների քննության իրականացումը, որոշակի ժամանակով Դատավորի կազմի համալրված չլինելը, տեսողության հետ կապված խնդիրները։
Դատավորը պնդել է, որ իր կողմից նման վարքագծի դրսևորումը դիտավորությամբ չի կատարվել և չի հետապնդել որևէ չարամիտ նպատակ։
Վերոգրյալի հետ մեկտեղ Դատավորը նշել է հետևյալը.
• 17.09.2024 թվականի դրությամբ թվով 45 քրեական գործերով կայացված եզրափակիչ դատական ակտերից թվով 37-ը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ,
• թվով 5 դատական ակտեր (թիվ ՏԴ/0039/01/23, թիվ ՏԴ/0126/01/23, թիվ ՏԴ/0066/01/24, թիվ ՏԴ/0162/01/23, թիվ ՏԴ/0002/01/24) բողոքարկվել են և 17.09.2024 թվականի դրությամբ գտնվում են Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում,
• թվով 3 դատական ակտեր դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել։
Վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Դատավորը նշել է, որ թեև արարքն առերևույթ պարունակում է կարգապահական խախտման հատկանիշներ, այնուամենայնիվ այն կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող՝ միաժամանակ շեշտադրելով, որ իր կողմից նման վարքագծի դրսևորումը դատավարության մասնակիցների համար բացասական հետևանքներ չի առաջացրել։
26.11.2024 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Դատավորի ներկայացուցիչը հայտնել է, որ Դատավորը 2023 փետրվար ամսին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելուց հետո միայն ապրիլ ամսին է կարողացել համալրել օգնականի հաստիքը, իսկ գործավարը նույն տարվա հունիս ամսին աշխատանքի անցնելուց հետո՝ նոյեմբեր ամսին ազատվել է աշխատանքից, որի արդյունքում Դատավորի կազմում առաջացել են համալրվածության հետ կապված խնդիրներ:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
4.1) Դատավորի կողմից քննվող թվով 41 դատական գործերով եզրափակիչ դատական ակտերի կայացումից հետո դրանք դատավարության կողմերին ուղարկվել են հրապարակման նշանակված ժամկետից 13 օրից մինչև 1 տարի 1 ամիս անց, որի վերաբերյալ մանրամասն տեղեկությունը ներառված է ստորև առկա աղյուսակում.
N |
Գործի համար |
Եզրափակիչ դատական ակտի կայացման ամսաթիվ |
Դատական համակարգ տեղեկատվական համակարգչային ծրագրում տեղադրելու ամսաթիվ |
Եզրափակիչ դատական ակտի ուղարկման ամսաթիվ |
Ուշացման ամիսներ/օրեր |
1 |
ՏԴ/0044/01/22 |
17.04.2023 |
02.06.2024 |
03.06.2024 |
1տ., 1 ամիս |
2 |
ՏԴ/0039/01/23 |
15.08.2023 |
03.06.2024 |
03.06.2024 |
9 ամիս |
3 |
ՏԴ/0104/01/23 |
27.09.2023 |
02.06.2024 |
03.06.2024 |
8 ամիս |
4 |
ՏԴ/0072/01/22 |
11.10.2023 |
03.06.2024 |
03.06.2024 |
7 ամիս |
5 |
ՏԴ/0094/01/23 |
12.12.2023 |
03.06.2024 |
03.06.2024 |
5 ամիս |
6 |
ՏԴ/0124/01/23 |
12.12.2023 |
03.06.2024 |
03.06.2024 |
5 ամիս |
7 |
ՏԴ/0126/01/23 |
14.12.2023 |
03.06.2024 |
03.06.2024 |
5 ամիս |
8 |
ՏԴ/0187/01/23 |
21.12.2023 |
03.06.2024 |
03.06.2024 |
5 ամիս |
9 |
ՏԴ/0193/01/23 |
09.01.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
4 ամիս |
10 |
ՏԴ/0100/01/23 |
10.01.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
4 ամիս |
11 |
ՏԴ/0263/01/23 |
29.02.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
3 ամիս |
12 |
ՏԴ/0001/01/24 |
29.02.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
3 ամիս |
13 |
ՏԴ/0081/01/24 |
25.03.2024 |
01.06.2024 |
03.06.2024 |
2 ամիս |
14 |
ՏԴ/0086/01/24 |
25.03.2024 |
01.06.2024 |
03.06.2024 |
2 ամիս |
15 |
ՏԴ/0343/01/23 |
02.04.2024 |
02.06.2024 |
03.06.2024 |
2 ամիս |
16 |
ՏԴ/0307/01/23 |
03.04.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
2 ամիս |
17 |
ՏԴ/0117/01/23 |
05.04.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
1 ամիս |
18 |
ՏԴ/0045/01/24 |
10.04.2024 |
22.07.2024 |
03.06.2024 |
3 ամիս |
19 |
ՏԴ/0237/01/23 |
11.04.2024 |
02.06.2024 |
03.06.2024 |
1 ամիս |
20 |
ՏԴ/0008/01/24 |
11.04.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
1 ամիս |
21 |
ՏԴ/0046/01/23 |
11.04.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
1 ամիս |
22 |
ՏԴ/0090/01/23 |
11.04.2024 |
02.06.2024 |
03.06.2024 |
1 ամիս |
23 |
ՏԴ/0109/01/23 |
11.04.2024 |
02.06.2024 |
03.06.2024 |
1 ամիս |
24 |
ՏԴ/0311/01/23 |
11.04.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
1 ամիս |
25 |
ՏԴ/0328/01/23 |
11.04.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
1 ամիս |
26 |
ՏԴ/0162/01/23 |
16.04.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
1 ամիս |
27 |
ՏԴ/0060/01/24 |
17.04.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
1 ամիս |
28 |
ՏԴ/0048/01/24 |
18.04.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
1 ամիս |
29 |
ՏԴ/0111/01/24 |
19.04.2024 |
01.06.2024 |
03.06.2024 |
1 ամիս |
30 |
ՏԴ/0121/01/24 |
22.04.2024 |
01.06.2024 |
03.06.2024 |
1 ամիս |
31 |
ՏԴ/0126/01/24 |
22.04.2024 |
08.08.2024 |
03.06.2024 |
1 ամիս |
32 |
ՏԴ/0145/01/24 |
30.04.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
1 ամիս |
33 |
ՏԴ/0144/01/23 |
06.05.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
28 օր |
34 |
ՏԴ/0031/01/24 |
06.05.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
28 օր |
35 |
ՏԴ/0039/01/24 |
07.05.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
27 օր |
36 |
ՏԴ/0134/01/24 |
08.05.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
26 օր |
37 |
ՏԴ/0153/01/24 |
14.05.2024 |
02.06.2024 |
03.06.2024 |
20 օր |
38 |
ՏԴ/0154/01/23 |
17.05.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
17 օր |
39 |
ՏԴ/0002/01/24 |
22.05.2024 |
03.06.2024 |
03.06.2024 |
12 օր |
40 |
ՏԴ/0160/01/24 |
20.05.2024 |
01.06.2024 |
03.06.2024 |
14 օր |
41 |
ՏԴ/0164/01/24 |
21.05.2024 |
01.06.2024 |
03.06.2024 |
13 օր |
4.2) Արդարադատության նախարարին հասցեագրված 10.07.2024 թվականի թիվ ԴԴ/2682-24 գրությամբ Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները կատարողի կողմից տրամադրվել են թվով 45 դատական գործերով իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի և 2024 թվականի առաջին կիսամյակի ծանրաբեռնվածությունը՝ ըստ դատավորների, որը ներկայացված է ստորև՝
N |
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր |
2023թ.-ից փոխանցված գործերի քանակ |
01.01.2024թ.-28.06.2024թ. ստացված գործեր |
01.01.2024թ.-28.06.2024թ. ավարտված գործեր |
28.06.2024թ. դրությամբ անավարտ գործեր |
1. |
Սամվել Մարդանյան |
67 |
66 |
82 |
51 |
2. |
Նարեկ Բադալյան |
66 |
51 |
47 |
70 |
3. |
Սերժ Ռուշանյան |
68 |
53 |
75 |
46 |
4. |
Սասուն Մխիթարյան |
57 |
62 |
72 |
47 |
N |
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր |
2022թ.-ից փոխանցված գործերի քանակ |
2023թ. ընթացքում ստացված գործեր |
2023թ. ընթացքում ավարտված գործեր |
2023թ. անավարտ գործեր |
1. |
Սամվել Մարդանյան |
58 |
103 |
94 |
67 |
2. |
Նարեկ Բադալյան |
- |
125 |
59 |
66 |
3. |
Սերժ Ռուշանյան |
- |
93 |
25 |
68 |
4. |
Սասուն Մխիթարյան |
- |
140 |
83 |
57 |
5. |
Արամ Մարտիրոսյան |
28 |
45 |
73 |
0 |
6. |
Զոյա Զաքինյան |
68 |
- |
68 |
0 |
Դատական դեպարտամենտից նույնաբովանդակ տեղեկանք է ստացվել նաև Խորհրդի 26.11.2024 թվականի «Ապացույց պահանջելու մասին» որոշման հիման վրա, մասնավորապես՝ ներկայացվել է նաև 03․01․2024 թվականից մինչև 31․05․2024 թվականը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ քրեական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածությունը, և ըստ 4 հաստիքի քանակի՝ ստացված գործերի միջինը կազմել է 50, ավարտված գործերի միջինը՝ 57, անավարտ գործերի միջինը՝ 57 դատական գործ։
4.3) Խորհրդի 26.11.2024 թվականի «Ապացույց պահանջելու մասին» որոշման հիման վրա ստացվել են նաև ՀՀ Տավուշի մարզի դատախազի և նրա տեղակալի՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և Դատավորին համապատասխանաբար 23․05․2024 թվականին և 29․01․2024 թվականին հասցեագրված գրությունները, որոնցով արձանագրվել է 1-ին փաստում զետեղված աղյուսակում առկա առնվազն 7 քրեական գործով դատավճիռներն օրենքով սահմանված ժամկետներում կողմերին տրամադրելու անհրաժեշտությունը՝ վերջիններիս տվյալ ակտերը բողոքարկելու իրավունքից չզրկելու և դրանից բխող այլ իրավական հետևանքներից խուսափելու համար։
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.
Հաշվի առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի և նրա ներկայացուցչի կողմից ներկայացված պատասխանը՝ Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1 արդյո՞ք թվով 41 քրեական գործերով Դատավորի կողմից դատական ակտերը կայացնելուց հետո 13 օրից մինչև 1 տարի 1 ամիս անց դրանք դատավարության մասնակիցներին ուղարկելով թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում,
5.2 արդյո՞ք թվով 41 քրեական գործերով կատարված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) ենթադրյալ խախտումը (խախտումները) կատարվել է (են) դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,
5.3 արդյո՞ք թվով 41 քրեական գործերով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) ենթադրյալ խախտումը (խախտումները) հանգեցրել է (են) դատավորի վարքագծի կանոնի խախտման:
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով վարույթ հարուցող մարմնի հաղորդումը, ինչպես նաև վերջինիս ներկայացուցիչների, Դատավորի և նրա ներկայացուցչի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:
Սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության` օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:
Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:
Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որպեսզի չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը, ինչպես նաև ապահովի դատավորի կողմից բացառապես իր լիազորությունների շրջանակներում գործելու օրենսդրական պահանջը՝ միաժամանակ երաշխավորելով դատավորի անձեռնմխելիությունը կարգապահական պատասխանատվությունից՝ դատարանի օրենքով վերապահված լիազորությունները բարեխղճորեն մեկնաբանելու դեպքում:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են`
1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Խորհուրդն արձանագրում է, որ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:
Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և վերջինիս մեղքը հաստատելու համար: Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:
Օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:
ՔԴՕ 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
01.07.2022 թվականից ուժի մեջ մտած ՔԴՕ 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նախաքննությունը և դատաքննությունը պետք է ավարտվեն ողջամիտ ժամկետում: Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է իր իրավասության սահմաններում դրսևորել պատշաճ ջանասիրություն վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու համար:
Դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է, այդ թվում նաև անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ: Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում: Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ:
Դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե' որպես անհատ, և թե' որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա:
Տվյալ դեպքում վարույթ հարուցած մարմինը ներկայացրած միջնորդությամբ, որպես Դատավորի կողմից թույլ տրված խախտում ներկայացրել է ՔԴՕ 17-րդ և 375-րդ, ինչպես նաև 01.07.2022 թվականից ուժի մեջ մտած ՔԴՕ 24-րդ և 350-րդ հոդվածներում ամրագրված պահանջների, ինչպես նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտումները։
ՔԴՕ 375-րդ հոդվածի համաձայն՝ դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին: Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին դատավճռի պատճենն այդ նույն ժամկետում հանձնվում է նրանց միջնորդությամբ:
01.07.2022 թվականից ուժի մեջ մտած ՔԴՕ 350-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավճիռը հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված կամ արդարացված մեղադրյալին, նրա պաշտպանին, հանրային մեղադրողին, ինչպես նաև տուժողին, գույքային պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին:
Նշված հոդվածների համակարգային վերլուծությունից բխում է, որ այն պարտավորեցնում է դատարանին որոշակի ժամկետում իրականացնել դատաքննության ավարտին կայացված դատավճռի պատճենի հանձնումը դատավարության մասնակիցներին։ Այդ նորմերից հետևում է, որ 5-օրյա ժամկետում դատավճռի պատճենի հանձնումը կամ ուղարկումը դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին պարտադիր է, ինչն ինքնին երաշխիք է, այդ թվում նաև հանրային մեղադրողի (դատախազի) բողոքարկման իրավունքի իրացման և դրանից բխող վերջինիս վերաբերելի իրավադրույթներով վերապահված գործառույթների իրականացման համար։
Խորհուրդը նախկինում կայացրած որոշումներով բազմիցս արձանագրել է, որ եթե օրենքով սահմանված են հստակ ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից և յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, քանի որ նշված ժամկետում ակնկալվող արդյունքից է կախված դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար հնարավոր իրավական հետևանքի առաջացումը, որը կարող է դրսևորվել դատական ակտի բողոքարկմամբ կամ չբողոքարկելու արդյունքում օրինական ուժի մեջ մտնելով:
Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ դատավճռի պատճենը հանձնելու կամ ուղարկելու համար որոշակի ժամկետ սահմանող դատավարական նորմը դատարանին հնարավորություն է տալիս առավել արդյունավետությամբ իրականացնել իր պարտականությունները, մասնավորապես՝ այնպիսի պատասխանատու և վճռորոշ փաստաթուղթ կայացնելիս, ինչպիսին է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատավճիռը, որն ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության հարցն է լուծում:
Խորհուրդն ինչպես նախկին գործերով, սույն գործով կրկին արձանագրում է, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ. ժամկետ նախատեսելով՝ օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ապահովել իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, ինչպես նաև կանխել և բացառել «կամայականության վտանգ»-ը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն:
Դատավարական ժամկետների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք սահմանում են հենց դատավարական գործողության իրականացման ժամանակահատվածը (պահերը): Միաժամանակ դատավարական ժամկետները նպաստում են դատական քաշքշուկի բացառմանը, դատավարական իրավահարաբերությունների կայունությանը, հստակությանն ու որոշակիությանը, որոնք վերջին հաշվով ապահովում են դատարան դիմող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու երաշխավորվածությունը, մի խոսքով՝ արդարադատության իրականացման արդյունավետությունը:
Այդուհանդերձ Խորհուրդն արձանագրում է, որ դատավարական ժամկետների խախտումները մեղքի հիմնավորման կամ դրանց հետևանքների կարևորության աստիճանը գնահատելու տեսանկյունից կարող են արդարացվել միայն բացառիկ, դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության կամ երաշխավորման անհրաժեշտությամբ, այսինքն՝ այնպիսի իրավիճակներում, երբ դատարանները կհիմնավորեն, որ դատավարական ժամկետների խախտման արդյունքում պաշտպանվել է առավել կարևոր շահ կամ պայմանավորված լինեն դատավարության մասնակիցների վարքագծով։ Հակառակ դեպքում անաչառ դիտորդի կողմից հնարավոր է ծագի ողջամիտ կասկած առ այն, որ դատարանը չի դրսևորել պատշաճ ջանասիրություն առ այն, որ կայացված դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում չի հրապարակել և չի ուղարկել դատավարության մասնակիցներին:
Սույն վարույթով Դատավորն իր կողմից կայացված դատական ակտերի հրապարակումներն ու կողմերին սահմանված ժամկետից ուշ տրամադրելը պատճառաբանել է իր ծանրաբեռնվածությամբ և առողջական վիճակով (ժամանակավոր անաշխատունակությամբ), ինչպես նաև իր կազմում աշխատողների համալրվածության հետ կապված որոշ խնդիրների առաջացմամբ։
Խորհուրդն արձանագրում է, որ յուրաքանչյուր կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի ծանրաբեռնվածության կամ այլ հանգամանքով պայմանավորված դատավարական ժամկետների խախտումները ենթակա են գնահատման տվյալ վարույթի շրջանակներում դատավորի կողմից ներկայացված բացառիկ հանգամանքների կամ հիմնավորումների սահմաններում:
Խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1133-Լ որոշմամբ և Բարձրագույն դատական խորհրդի գործունեության 2019 թվականի տարեկան հաղորդմամբ արձանագրված դատարանների գերծանրաբեռնվածության փաստի ուժով դատավարական ժամկետների խախտումներ կարող են տեղի ունենալ, մինչդեռ դրանք պետք է լինեն ողջամիտ և արդարացված այնքանով, որ չհանգեցնեն դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների և ազատությունների էական սահմանափակումների և խախտումների: Դատավարական ժամկետների պահպանման օբյեկտիվ անհնարինության պայմաններում, այդուհանդերձ, յուրաքանչյուր դեպքում դատավորները պետք է բացառեն դրանց պահպանման առումով անտարբերության, դատավարության մասնակիցներից և որևէ մեկի նկատմամբ կողմնակալության տպավորության հնարավորությունը, որը կարող է ձևավորվել անկողմնակալ դիտորդի տեսանկյունից։
Անդրադառնալով սույն վարույթի շրջանակներում Դատավորի կողմից վկայակոչված՝ դատական ակտերն օրենքով նախատեսված ժամկետից ուշ հրապարակելու և դատավարության կողմերին ուղարկելու պատճառներին, Խորհուրդն արձանագրում է, որ ըստ էության չեն ներկայացվել այնպիսի բացառիկ հանգամանքներ, հիմնավորումներ և ապացույցներ, որոնց հիմքով հնարավոր կլինի տվյալ իրավիճակում Դատավորի կողմից թվով 41 քրեական գործով կատարված խախտումները համարել արդարացված որևէ ողջամիտ պատճառաբանությամբ: Ընդ որում, նշված 41 քրեական գործից 1 դատական ակտ դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել և գործին մասնակցող անձանց ուղարկվել է 1 տարի 1 ամիս, 7 դատական ակտ՝ 5-9 ամիս, 33 դատական ակտ՝ 13 օրից մինչև 4 ամիս ուշացումով: Ավելին, ըստ 2023 թվականից մինչև 2024 թվականի առաջին կիսամյակի ծանրաբեռնվածության մասին վիճակագրական տվյալների՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործեր քննող մի շարք դատավորների վարույթներում փոխանցված, ստացված և ավարտված գործերի քանակը հավասար է կամ գերազանցել է Դատավորի վարույթ փոխանցված, ստացված և ավարտված գործերի քանակին:
Խորհուրդը կարևոր է համարում փաստել նաև, որ անկախ ծանրաբեռնվածության աստիճանից (թեև ըստ քրեական գործեր քննող դատավորների և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ նույն մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածության մասին վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատավորը միջին ծանրաբեռնվածության դատավոր է)՝ Դատավորը պարտավոր էր ապահովել իրավունքի գերակայությունը. Արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում, թույլ չտալ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի կամ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, բարձր պահել իր, դատարանի և դատական իշխանության հեղինակությունը: Ընդ որում, միջազգային իրավական փաստաթղթերում օգտագործվում է` «ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է» ("Justice delayed is justice denied") գաղափարը, որի համաձայն` դատավարության չհիմնավորված ձգձգումը կարող է հանգեցնել «արդարադատության մերժմանը»՝ դատավարության կողմերի համար։ Հետևաբար, Դատավորը պարտավոր է անհրաժեշտ ջանասիրություն դրսևորել՝ ողջամիտ ժամկետում անձանց դատաքննության իրավունքի իրացումն ապահովելու ուղղությամբ։
Խորհուրդը, անդրադառնալով Դատավորի կողմից կատարված իրավախախտումների բազմակիությանը, կարևորում է այն հանգամանքը, որ նշված ժամանակահատվածում Դատավորի կողմից ավարտված շուրջ 70 քրեական գործից 41 գործով թույլ տրված դատավարական նորմերի խախտումները վկայում են խախտման արդյունքում արդարադատության հեղինակազրկման վտանգավորության բարձր աստիճանի մասին, քանի որ 4 տասնյակից ավելի քրեական գործերով դատավարության մասնակիցները փաստացի տևական ժամանակ (որոշ գործերով նույնիսկ շուրջ 1 տարի և ավել) զրկված են եղել իրենց վերաբերյալ դատական ակտերին, դրանց բովանդակությանը ծանոթանալու և իրենց հետագա գործողություններն ու վարքագիծը դրսևորելու հնարավորությունից: Այսպիսով, Դատավորի կողմից թույլ տրված դատավարական նորմերի խախտումների արդյունքում սահմանափակվել է ողջամիտ ժամկետում դատավարության մասնակիցների գործերի քննության իրավունքը։
Նշվածի համատեքստում Խորհրդի գնահատմամբ հերքվում է Դատավորի այն փաստարկը, որ իր կողմից նման վարքագծի դրսևորումը դատավարության մասնակիցների համար բացասական հետևանքներ չի առաջացրել և այն կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող։ Ավելին, գործում առկա են ՀՀ Տավուշի մարզի դատախազի և նրա տեղակալի՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և Դատավորին հասցեագրված գրությունները, որոնցով արձանագրվել է վերը նշված 41 քրեական գործերից առնվազն 7 գործով դատավճիռներն օրենքով սահմանված ժամկետներում կողմերին տրամադրելու անհրաժեշտությունը՝ վերջիններիս տվյալ ակտերը բողոքարկելու իրավունքից չզրկելու և դրանից բխող այլ իրավական հետևանքներից խուսափելու համար։
Նման պայմաններում գնահատելով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտման ակնհայտությունը՝ Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորին մեղսագրվող դատավարական նորմի խախտումների առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով և Խորհրդի գնահատմամբ Դատավորը ոչ իրավաչափ գործողություններով մեծապես հեղինակազրկել է դատական իշխանությունը՝ էապես նվազեցնելով դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և վնասելով դատավորի բարձր պաշտոնի հանրային ընկալմանը:
Ամփոփելով վերոգրյալը՝ Խորհուրդը փաստում է, որ դատարանի հեղինակությունը բարձր պահելու պարտականությունը ժողովրդավարական հասարակությունում յուրաքանչյուր դատավորի պարտականությունն է, իսկ քննարկվող պարագայում դատավարական նորմերի պահանջների խախտումը՝ Դատարանի կողմից թվով 41 գործով եզրափակիչ դատական ակտերի կայացումից հետո դրանք կողմերին հրապարակման նշանակված ժամկետից 13 օրից մինչև 1 տարի 1 ամիս ուշացումով ուղարկելը և դատական տեղեկատվական համակարգում հրապարակելն իր հերթին հանգեցրել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու, ինչպես նաև ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնների խախտման՝ նվազեցնելով հանրության վստահությունն արդարադատության և դրա արդյունավետության նկատմամբ, այդպիսով հեղինակազրկելով դատական իշխանությունը և ակնհայտորեն վտանգելով դատարանի որպես անաչառ ինստիտուտի մասին հանրային ընկալումը:
Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Միաժամանակ քննարկելով Դատավորի մեղքի ձևը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Կարգապահական տույժ կիրառելիս Խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ (Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մաս):
Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը կարգապահական խախտում թույլ տալու պահին կարգապահական տույժ չի ունեցել:
Խորհուրդն անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված վերը նշված խախտումների հետևանքին, արձանագրում է, որ տվյալ պարագայում էականորեն վնասվել է արդարադատության շահը և հասարակության առջև հեղինակազրկվել է դատարանի բարձր դերը, իսկ դատական իշխանության հեղինակության պահպանումն ինքնին պայմանավորված է հանրային շահով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի միջնորդությունը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարել խիստ նկատողություն:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ա. Աթաբեկյան Անդամներ` Հատուկ կարծիք Հատուկ կարծիք Ա. Դանիելյան Կ. Թումանյան Ե. Թումանյանց Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Էդ. Հովհաննիսյան Ք. ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 փետրվարի 2025 թվական:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ
Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ ԵՎ Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ
«13» փետրվարի 2025թ. |
ք. Երևան |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 94-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «(…) Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը»:
Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 27.11.2020 թվականի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 96-րդ կետի համաձայն՝ «(…) Խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նա հայտարարում է խորհրդակցական սենյակում, նրա ստորագրությամբ նշում է արվում Խորհրդի որոշման մեջ, և ամբողջական որոշումը հրապարակվելուց հետո 8-օրյա ժամկետում հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ հանձնվում է Խորհրդի նախագահին՝ որոշմանը կցելու համար»:
Արժևորելով ստորև քննարկվող հարցերի շուրջ Խորհրդի անդամների (նախագահ՝ Ա. Աթաբեկյան, անդամներ՝ Ա. Դանիելյան, Մ. Համբարձումյան, Էդ. Հովհաննիսյան, Ք. Մկոյան) ներքին համոզմունքը՝ այնուամենայնիվ, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանին (այսուհետ՝ Դատարան կամ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի միջնորդությունը բավարարելու և նրան խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ Խորհրդի՝ 2025 թվականի հունվարի 13-ի որոշման եզրափակիչ մասի առնչությամբ մնում ենք հատուկ կարծիքի՝ հետևյալ փաստարկներով և հիմնավորումներով:
Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթը իրականացվում է օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա։
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն. (...)
4) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Վերոգրյալ իրավանորմերի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ պատասխանատվության միջոցները, որոնք կարող են կիրառվել սահմանվում են օրենքով և դրանց կիրառումն իրականացվում է համաչափության սկզբունքով: Այլ կերպ ասած՝ օրենսդիրը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը սահմանելով որպես իրավաբանական պատասխանատվության տեսակ, կարգապահական պատասխանատվության ենթարկելու սկզբունքների շարքում, ի թիվս այլնի, սահմանել է համաչափության սկզբունքը։ Ընդ որում, հարկ է նկատել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում համաչափության սկզբունքի բաղադրատարր հանդիսացող պատժաչափի տարբերակման սկզբունքի ապահովման տեսանկյունից, օրենսդիրը կարևոր է համարել դատավորի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելիս հաշվի առնել խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Տվյալ դեպքում, հաշվի առնելով, որ Խորհրդի որոշումներին ներկայացվող կարևորագույն պահանջներից մեկը դրանց հիմնավորվածությունն է, ինչը ենթադրում է ինչպես արարքը կարգապահական խախտում որակելու, այնպես էլ խախտման բնույթի նկարագրությանն ու ընտրված կարգապահական պատասխանատվության միջոցի համաչափությանը մանրամասն անդրադառնալու պահանջ, ուստի սույն կարծիքի շրջանակներում կարևոր ենք համարում անդրադառնալ Դատավորին պատասխանատվության ենթարկելու դեպքում վերջինիս կատարած խախտման և Խորհրդի կողմից կարգապահական տույժի ընտրության միջև համաչափության հարաբերակցության հարցին, արձանագրելով հետևյալը.
Սահմանադրության 162-րդ հոդվածը նախատեսում է՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
ՀՀ սահմանադրական դատարանն իր 2016 թվականի հուլիսի 08-ի ՍԴՈ-1291 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) Հանրային իշխանության իրականացումը, նախևառաջ, սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող՝ համաչափության ընդհանուր սկզբունքով, որը հանդիսանում է իրավական պատասխանատվության, այդ թվում՝ վարչական պատասխանատվության, հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկը»:
Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշմամբ, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է, որ իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է համաչափության սկզբունքին և, ի թիվս այլոց, վկայակոչել իր՝ 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշումը, այն է՝ «(...) համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև», ինչպես նաև 2010 թվականի նոյեմբերի 16-ի ՍԴՈ-924 որոշմամբ արտահայտած հետևյալ իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ «(...) իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է նաև, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված՝ ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից և այլ էական հանգամանքներից»:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ կարգապահական վարույթն ի թիվս այլ սկզբունքների, իրականացվում է նաև դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության սկզբունքի հիման վրա: Ընդ որում, օրենսդրորեն Խորհրդին իրավունք է վերապահվել կարգապահական խախտում թույլ տված դատավորի նկատմամբ կիրառել օրենքով սահմանված կարգապահական տույժերից որևէ մեկը՝ դրա ընտրությունը պայմանավորելով մի շարք հանգամանքներով: Այլ կերպ ասած, դատավորի նկատմամբ պատասխանատվության համապատասխան միջոցը (կարգապահական տույժի տեսակը) ընտրելիս և այն կիրառելիս պետք է պահպանվի համաչափությունը, որը կհամապատասխանի դատավորի կողմից կատարված խախտման ծանրության աստիճանին և դրա արդյունքում վրա հասնող իրավական հետևանքներին: Այսինքն՝ առավել նվազ ծանրության կարգապահական խախտման դեպքում պետք է կիրառվի առավել մեղմ կարգապահական պատասխանատվության միջոց, և հակառակը։
Այսպիսով, Սահմանադրությամբ և Օրենսգրքում «դատավորի կարգապահական պատասխանատվության» ինստիտուտը սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է ունեցել ամրագրելու դրա հիմնարար բնույթը և նշանակությունը, ընդգծելու դատավորի գործունեության և նրան պատասխանատվության ենթարկելու ինստիտուտների կարևորության աստիճանը և ունեցած դերը հանրային կյանքում։ Իզուր չէ, որ անկախությունը, անկողմնակալությունը, բարեվարքությունն ու պրոֆեսիոնալիզմը հանդիսանում են դատական համակարգի հիմնաքարային արժեքները1: Ընդ որում, անկախությունը դատավորին տրված արտոնություն կամ առավելություն չէ, ընդհակառակը, այն հիմնարար սկզբունք է, ցանկացած ժողովրդավարական պետության էական տարր, իրավունքի գերակայության նախապայման և արդար դատաքննության երաշխիք2: Այն օրենքի գերակայության վրա հիմնված երաշխիք է, որ բոլոր անձինք և իշխանության մյուս մարմինները արդար դատաքննության հնարավորություն ունենան անաչառ դատարանների առջև3: Վերոնշյալի համատեքստում դատավորի կարգապահական պատասխանատվության ինստիտուտը, նաև որպես դատական համակարգի «առողջացման» կառուցակարգ, անկախ, անաչառ և հանրության առջև հաշվետու դատական համակարգ ունենալու և դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու անհրաժեշտ գործիքներից է: Իր հերթին, դատական իշխանության հանրային դրական ընկալումները և վստահության բարձր աստիճանը ամուր և անկախ դատական համակարգ ունենալու կարևոր նախապայման են4:
Հետևաբար, արդարադատության իրականացման ամբողջականությունը ենթադրում է սպառիչ բնույթ, այսինքն՝ պետք է անդրադարձ կատարվի վերագրվող արարքի և նախատեսված տույժի տեսակի համաչափությանը։ Միայն վերոնշյալը հաշվի առնելով՝ հնարավոր կլինի ապահովել տույժ նշանակելիս արդարության սկզբունքի պահպանությունը: Տույժն արդարացի է, եթե համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև բավարար տույժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Արդարության պահանջները չպահպանելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ տույժի նշանակման: Հետևաբար, կոնկրետ կարգապահական վարույթով տույժ կիրառելիս Խորհուրդը պետք է հաշվի առնի խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Ընդ որում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես իր բազմաթիվ նախադեպային որոշումներում անդրադառնալով համաչափության սկզբունքին նշել է, որ կիրառվող միջոցների և դրանց նպատակների մեջ պետք է լինի ողջամիտ համաչափություն5:
Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ դատավորի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն ինքնանպատակ չէ, այն ուղղված է պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև արդարացի հավասարակշռություն ապահովելուն, որպիսի պայմաններում դրա կիրառումը չի կարող կրել ձևական բնույթ, ուստիև տույժ նշանակելիս պետք է իրավական գնահատման ենթարկել դատավորի կատարած խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դրա ծանրությունը, դատավորի անձը և օրենքով նախատեսված ուշադրության արժանի այլ հանգամանքներ: Ընդ որում, Խորհուրդը ևս իր նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է տույժ նշանակելիս համաչափության սկզբունքի պահպանման կարևորությանը։
Համաչափության սկզբունքի տեսանկյունից կարևորվում է նաև այն հանգամանքը, որ Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն ուշադրության արժանի այլ հանգամանքները սպառիչ չի սահմանել, այնքանով, որքանով դրանք յուրաքանչյուր դեպքում կարող են ունենալ տարբեր դրսևորումներ:
Տվյալ դեպքում, ըստ վարույթ հարուցած մարմնի, Դատարանի կողմից 17.04.2023-21.05.2024թթ. ընկած ժամանակահատվածում թվով 41 քրեական գործերով կայացվել են եզրափակիչ դատական ակտեր, որոնք կողմերին ուղարկվել են հրապարակման նշված ժամկետից 13 օրից ընդհուպ մինչև 1 տարի 1 ամիս անց, որոշ դեպքերում՝ 9 ամիս, 8 ամիս, 7 ամիս, 5 ամիս, 4 ամիս, 3 ամիս, 2 ամիս, 1 ամիս կամ մի քանի օր անց։ Ընդ որում, վարույթ հարուցած մարմինը նշել է, որ վերոնշյալ բոլոր քրեական գործերով եզրափակիչ դատական ակտերը դատական գործերի վիճակագրական քարտերում ամբողջությամբ լրացվել և դատավարության մասնակիցներին են ուղարկվել Դատական դեպարտամենտի կողմից արձանագրված խախտումները վեր հանելուց հետո՝ 2024 թվականի հունիսի 1-3 ընկած ժամանակահատվածում։ Ուստի, եզրակացրել է, որ Դատական դեպարտամենտի կողմից խախտումները չհայտնաբերելու դեպքում բացառված չէր, որ թվով 41 քրեական գործերով դատավարության մասնակիցները դեռ տևական ժամանակ չստանային կայացված եզրափակիչ դատական ակտերը։ Միաժամանակ, վարույթ հարուցած մարմինն արժանի է համարել ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ բոլոր քննարկվող դատական գործերով վիճակագրական քարտերում լրացումները կատարվել և դատավարության մասնակիցներին են ուղարկվել միևնույն ժամանակ՝ մի քանի օրվա ընթացքում։ Բացի դրանից, վարույթ հարուցած մարմնի կողմից ներկայացված միջնորդության 1.3 կետում ներկայացված աղյուսակների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատավորը 2023 և 2024 թվականներին չի եղել դատարանի ամենածանրաբեռնված դատավորը և ստացել է գրեթե մյուս դատավորներին հավասար դատական գործեր։
Վարույթ հարուցած մարմինը, վերոնշյալի արդյունքում եզրակացրել է, որ Դատավորի գործողություններում առկա են 12.01.1999թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով, 375-րդ հոդվածով, 01.07.2022 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասով և 350-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված պահանջների խախտումներ, այն է՝ Դատարանի կողմից 17.04.2023-21.05.2024թթ. ընկած ժամանակահատվածում կայացված եզրափակիչ դատական ակտերի հրապարակումից հետո Դատարանը դրանք կողմերին է ուղարկել ոչ թե 5 օրում, այլ՝ 13 օրից ընդհուպ մինչև 1 տարի 1 ամիս անց, ինչի արդյունքում խախտել է օրենսդրի կողմից սահմանված՝ դատավճիռը դատավարության մասնակիցներին 5-օրյա ժամկետում ուղարկելու իմպերատիվ պահանջը:
12.01.1999թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
12.01.1999թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի համաձայն՝ դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին: Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին դատավճռի պատճենն այդ նույն ժամկետում հանձնվում է նրանց միջնորդությամբ:
01.07.2022 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նախաքննությունը և դատաքննությունը պետք է ավարտվեն ողջամիտ ժամկետում: Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է իր իրավասության սահմաններում դրսևորել պատշաճ ջանասիրություն վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու համար:
01.07.2022 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 350-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավճիռը հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված կամ արդարացված մեղադրյալին, նրա պաշտպանին, հանրային մեղադրողին, ինչպես նաև տուժողին, գույքային պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին:
Անդրադառնալով 41 քրեական գործերի վերաբերյալ 1 դատական ակտը 1 տարի 1 ամիս, 7 դատական ակտը՝ 5-9 ամիս, 33 դատական ակտը՝ 13 օրից մինչև 4 ամիս ուշացումով դատական տեղեկատվական համակարգում հրապարակելու և գործին մասնակցող անձանց ուղարկելու արդյունքում Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտման հանգեցրած չորս տասնյակից ավելի քրեական գործերով թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտման փաստի նկատմամբ Դատավորի վերաբերմունքին՝ դրա նվազ կարևորության մասին փաստարկի համատեքստում, ինչպես նաև ուշադրության արժանի մի շարք հանգամանքների հաշվառմամբ, հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.
Տվյալ դեպքում, Դատավորը 2023 թվականի հունվար ամսին ստանձնելով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը նույն թվականի ընթացքում ստացել է թվով 125 քրեական գործ, որից ավարտել է թվով՝ 59 քրեական գործ, իսկ թվով 66 քրեական գործ փոխանցել 2024 թվական, 2024 թվականի հունիսի դրությամբ ստանալով թվով 51 քրեական գործ ավարտել է դրանցից թվով 47-ը՝ այսպիսով սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորին մեղսագրվող դատավարական իրավունքի նորմերի խախտումները ժամանակագրական և քանակային բաշխվածության տեսանկյունից գնահատելու արդյունքում պարզ է դառնում, որ 2023 թվականի ընթացքում ավարտած 59 քրեական գործերից 8-ով, իսկ 2024 թվականի հունիսի դրությամբ ավարտած 47 քրեական գործերից 33-ով Դատավորի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի կանոնի խախտման հանգեցրած քրեադատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնց հարաբերակցությունը ավարտված գործերի քանակի հետ ակնհայտորեն վկայում են Դատավորի կողմից դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելու, ինչպես նաև դատավորի՝ առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և օրենքով լուծելու օրենսդրությամբ սահմանված ուղղակի պարտականության չկատարման մասին:
Միաժամանակ, մեր գնահատմամբ, Դատավորի վարքագծում դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելու, ինչպես նաև առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու օրենքով նախատեսված պարտականության չկատարումը, որպես հետևանք, ի թիվս այլնի, հանգեցրել է նաև ՀՀ Տավուշի մարզի դատախազության կողմից Դատավորին և ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին ուղղված՝ մի շարք քրեական գործերով կողմերին բողոքարկման իրավունքից զրկելու և դրանից բխող իրավական հետևանքներից խուսափելու համար օրենքով սահմանված ժամկետում Դատավորի կողմից վերոհիշյալ ակտերը կայացնելու և կողմերին ուղարկելու վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու մասին 4 ամիս ժամանակագրային հատումով թվով 2 գրություններ՝ 29.01.2024թ. և 23.05.2024թ., հասցեագրելուն, միևնույն ժամանակ, կիրառված խափանման միջոցի պահպանման հարցը դատական ակտերի ուշացումով հրապարակման և դատավարության մասնակիցներին ուղարկելու արդյունքում, տևական ժամանակ անորոշ մնալով, ոչ իրավաչափորեն առաջացրել է անձի՝ երկիրը լքելու իրավունքի սահմանափակման իրական վտանգ:
Այսպիսով, մեր համոզմամբ, Դատավորի կողմից իր արարքի նկատմամբ վերաբերմունքն արտահայտող խոսուն հանգամանքներ են հանդիսանում ՀՀ Տավուշի մարզի դատախազության կողմից 29.01.2024 թվականին Դատավորին ուղղված գրությունից հետո՝ քրեական գործերով շուրջ 4 ամիս որևէ միջոց չձեռնարկելը՝ Դատավորի օգնական Օ. Մելքումյանի կողմից դատական ակտերը նախապատրաստած ու Դատավորին հանձնված լինելու պարագայում, դրա հետ մեկտեղ՝ օբյեկտիվորեն անհասկանալի արագությամբ՝ 13 օրից ընդհուպ մինչև 1 տարի 1 ամիս առաջ կայացված թվով 41 դատական ակտերը 3 օրվա ընթացքում՝ 01.06.2024-03.06.2024թթ. ընկած ժամանակահատվածում, դատավարության մասնակիցներին ուղարկելը և/կամ «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգում հրապարակելը: Նման իրավիճակում իր արարքի նկատմամբ Դատավորի վերաբերմունքի առումով առավել քան հատկանշական է՝ 41 դատական ակտի ուշացման արդյունքում դատավարության մասնակիցներին բողոքարկման իրավունքն իրացնելու հնարավորությունից զրկումը, կիրառված խափանման միջոցի պահպանման հետևանքով տևական ժամանակ ոչ իրավաչափորեն անձի երկիրը լքելու իրավունքի սահմանափակման իրական վտանգը և իրավական այլ հետևանքները, որպես «նվազ կարևորության» արարք որակելու մասին պնդումները:
Այս համատեքստում, առավել կարևոր է ընդգծել օրենսդրի մոտեցումը Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման հարցին: Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով օրենսդիրը հստակ ամրագրել է, որ էական կարգապահական խախտում է՝ նյութական և դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման:
Այսպիսով, օրենսդիրի նման մոտեցումն ամրագրվել է այն նպատակով, որպեսզի մի կողմից դատավորը պատասխանատվության չենթարկվի պարզապես փաստերի և ապացույցների իր գնահատման համար, մյուս կողմից՝ գնահատման ենթարկվի դատավորի վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ՝ որպես բարեվարքության կարևոր ցուցանիշ6:
Միաժամանակ կիրառված կարգապահական միջոցի ընտրության հարցի վերաբերյալ սույն կարծիքը նպատակ ունի նմանաբնույթ և բազմակի դրսևորումներ ստացած արարքների արդյունքում վրա հասնող հետևանքի առումով ձևավորել կանխատեսելի պրակտիկա:
Քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցի ընտրության հարցը՝ գտնում ենք, որ ընտրվող պատասխանատվության միջոցը պետք է համաչափ լինի խախտմանը, որպիսի պարագայում անհրաժեշտ է նաև իրավական գնահատական տալ այն հարցին, թե արդյոք Դատավորի դրսևորած վարքագիծը պարունակում է բավարար հիմքեր վերջինիս կողմից թույլ տրված կարգապահական խախտումն էական գնահատելու համար:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ էական կարգապահական խախտում է՝
1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման.
2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ.
3) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը:
Կարգապահական խախտումն էական գնահատելու համար կարևոր ենք համարում արձանագրել, որ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականություններից յուրաքանչյուրի խախտումը, կապված խախտման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով կարող է դիտվել որպես էական խախտում:
Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի խախտումը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է, եթե նշվածը հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման, ինչպես նաև դատական իշխանության հեղինակազրկմանը։ Ավելին, Դատավորի կողմից կատարված խախտումն էապես նվազեցնում է դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և վնասում է դատավորի բարձր պաշտոնի հանրային ընկալմանը: Այսինքն՝ սույն դեպքում խոսքը վերաբերում է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարքին:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Դատավորի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի կանոնների՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու և Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու պահանջների խախտում:
Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս անհրաժեշտ է հաշվի առնել խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Միաժամանակ կարևոր ենք համարում ընդգծել արդարադատությունն առանց անհարկի ձգձգումների իրականացնելու կարևորությունը, քանի որ դատավարական հստակ ժամկետների խախտումները և ողջամիտ ժամկետում գործի քննության սկզբունքի խախտումը վտանգում և խաթարում են արդարադատության արդյունավետությունը և ամբողջ դատական համակարգի վստահելիությունը: Եթե դատական ակտի հրապարակումը և ամբողջական տեքստի մշակումը տեղի են ունենում առանձին ժամանակներում, ապա վարույթն ավարտված չի կարող համարվել, քանի դեռ պատճառաբանված դատական ակտը չի հրապարակվել և շահագրգիռ կողմերը չեն ծանուցվել դրա մասին:
Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ թվով 41 քրեական գործերով կայացված դատական ակտերից 1 դատական ակտ 1 տարի 1 ամիս, 7 դատական ակտ՝ 5-9 ամիս, 33 դատական ակտ՝ 13 օրից մինչև 4 ամիս ուշացումով դատավարության մասնակիցներին հասանելի դարձնելը անխուսափելիորեն հեղինակազրկում են դատական իշխանությունը՝ հանրության աչքերում արդարադատության իրականացումը դարձնելով անկանխատեսելի և անարդյունավետ իրավունքի պաշտպանության միջոց, միաժամանակ իր օգնական Օ. Մելքումյանի կողմից դատական ակտերը նախապատրաստված ու իրեն հանձնված լինելու պարագայում ՀՀ Տավուշի մարզի դատախազության կողմից հասցեագրված գրության անտեսմամբ անհրաժեշտ գործողություններ չձեռնարկելը, 13 օրից ընդհուպ մինչև 1 տարի 1 ամիս առաջ կայացված թվով 41 դատական ակտերը դատավարության մասնակիցներին բողոքարկման իրավունքն իրացնելու հնարավորությունից տևական ժամանակով զրկելուց հետո՝ 3 օրվա ընթացքում՝ 01.06.2024-03.06.2024թթ. ընկած ժամանակահատվածում անհասկանալի արագությամբ կողմերի համար հասանելի դարձնելը, ինչպես նաև կիրառված խափանման միջոցի պահպանման հետևանքով տևական ժամանակ ոչ իրավաչափորեն անձի երկիրը լքելու իրավունքի սահմանափակման իրական վտանգն ու իրավական այլ հետևանքների առաջացումը, իսկ վերոգրյալի՝ Դատավորի կողմից «նվազ կարևորության» որակելու հանգամանքը, իրենց համակցության մեջ ստեղծում են Դատավորի արարքը, որպես էական կարգապահական խախտում գնահատելու ավելի քան բավարար հիմքեր:
Դատավորի կողմից Օրենսգրքի 142-րդ հոդվածի իմաստով «արարք» կատարելը ենթադրում է նաև դատական գործունեության ընթացքում դատավորի կողմից այնպիսի վարքագծի (ներառյալ` անգործության) դրսևորումը, որն ակնհայտորեն կարող է կասկածի տակ դնել արդարադատությունը ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված իրավական չափորոշիչներին համապատասխանելու հանգամանքը՝ խեղաթյուրելով դրա բուն էությունը։ Այսպիսով, Դատավորն իր գործողություններում զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ուստի միջնորդության քննությամբ հաստատված փաստերի հաշվառմամբ, գալիս ենք այն եզրահանգման, որ Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտումն էական կարգապահական խախտում է, որը համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ և ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով սույն կարծիքում տեղ գտած վերլուծությունները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով, գտնում ենք, որ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կիրառելի է էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում տույժի տեսակը:
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ
Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ
Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
_____________________
1 ՄԻԵԴ, Parlov-Tkalčić v. Croatia, (Application no. 24810/06), պարբերություն 86, Oleksandr Volkov v. Ukraine, (Application no. 21722/11), պարբերություն 107, Findlay v. THE United Kingdom (Application no. 22107/93), պարբերություն 73:
2 Venice Commission, CDL-AD(2014)018, Joint opinion on the draft amendments to the legal framework on the disciplinary responsibility of judges in the Kyrgyz Republic, պարբերություն 14, CCJE Opinion No. 1 (2001), պարբերություն 11, CCJE Opinion No. 1 (2014), պարբերություն 5, ՄԻԵԴ, Agrokompleks v. Ukraine (Application no. 23465/03), պարբերություն 136:
3 CCJE’s Situation report on the judiciary and judges in the Council Europe member States Updated version No. 1 (2013), պարբերություն 5, CCJE Opinion No. 18, պարբերություն 10:
4 Venice Commission, CDL-PI(2018)008, Compilation of Venice Commission opinions and reports concerning courts and judges, էջ 32:
5 ՄԻԵԴ, Guérin v. France, պարբերություն 37; Omar v. France, պարբերություն 34:
6 Տես, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունման մասին հիմնավորում, http://www.parliament.am/draft_docs7/K-428_himnavorum.pdf:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 փետրվարի 2025 թվական: