Գլխավոր տեղեկություն
Номер
N 159-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.02.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.02.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
14.02.2025
Дата вступления в силу
15.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2025 թվականի N 159-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի «Հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին» N 515-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Յուրաքանչյուր կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակում է Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) իր նախաձեռնությամբ կամ կազմակերպության բաժնետոմսերը կառավարող պետական լիազորված մարմնի կամ ոլորտը կարգավորող լիազոր մարմնի առաջարկությամբ։ Կազմակերպության բաժնետոմսերը կառավարող պետական լիազորված մարմինը կոմիտեին տրամադրում է սույն կարգի 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունը։».

3) որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

4) որոշման հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1 - 7.3-րդ ենթակետերով.

«7.1) կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման մրցույթի ձևով հանձնելու դեպքում՝ հավատարմագրային կառավարման ներկայացվող նվազագույն պահանջները՝ ներառյալ տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող նվազագույն պահանջները․

7.2) կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման մրցույթի ձևով հանձնելու դեպքում՝ նախաորակավորվող մասնակիցների նկատմամբ նվազագույն չափանիշները, որոնք վերաբերում են մասնագիտական փորձառությանը, տեխնիկական կարողություններին և փորձառությանը, ինչպես նաև ֆինանսական և տնտեսական կարողություններին, նախաորակավորման գնահատման կարգը.

7․3) կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման մրցույթի ձևով հանձնելու դեպքում՝ մրցութային հանձնաժողովի կառուցվածքը.».

5) որոշման հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման ուղղակի ձևով հանձնելու դեպքում՝ իրավաբանական անձի տվյալները՝ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը և/կամ հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անհատ ձեռնարկատիրոջ տվյալները՝ անվանումը, պետական հաշվառման համարը և/կամ հարկ վճարողի հաշվառման համարը.».

6) որոշման հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին ենթակետով.

«8.1) կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման ուղղակի ձևով հանձնելու դեպքում՝ հավատարմագրային կառավարմանը ներկայացվող բոլոր պահանջները, այդ թվում՝

ա․ կազմակերպության աշխատողների աշխատանքային և սոցիալական երաշխիքներին վերաբերող պահանջները՝ ըստ ուղղությունների և ծավալի,

բ․ կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու դիմաց պահանջվող ներդրումների չափը, թույլատրելի ձևերը, ուղղությունները և դրանց իրականացման ժամկետները,

գ․ տեխնիկական և ֆինանսական բոլոր պահանջները․».

7) որոշման հավելվածի 5-րդ կետը «հայտ» բառից հետո լրացնել «, կամ այն դեպքում, եթե հավանական հավատարմագրային կառավարիչը Հայաստանի Հանրապետության կողմից ստեղծված և 50 տոկոս և ավել պետական մասնակցությամբ ընկերություն է» բառերով, «համապատասխանող» բառից հետո լրացնել «առաջարկ և» բառերով, իսկ «մարմնի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ոլորտը կարգավորող լիազոր մարմնի» բառերով․

8) որոշման հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետը «հավատարմագրային» բառից առաջ լրացնել «առաջարկ և» բառերով.

9) որոշման հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետը «ծրագրի» բառից առաջ լրացնել «առաջարկի և» բառերով, իսկ «մարմնի» բառից հետո՝ «, ինչպես նաև ոլորտը կարգավորող լիազոր մարմնի» բառերով.

10) որոշման հավելվածի 6-րդ կետի 6-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

11) որոշման հավելվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.

«7) սույն կարգի 4-րդ կետով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման բոլոր պայմաններին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը:».

12) որոշման հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու հետ կապված գործառույթներն իրականացվում են երկփուլ մրցույթով՝ նախաորակավորման և առաջարկի փուլերի կիրառմամբ, մրցութային հանձնաժողովների միջոցով: Մրցութային հանձնաժողովների կառուցվածքը սահմանվում է կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ անհատական կազմը՝ կոմիտեի նախագահի հրամանով:».

13) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով.

«9.1. Յուրաքանչյուր մրցույթի համար մրցութային ընթացակարգը, ինչպես նաև նախաորակավորմանը և կառավարմանը ներկայացվող հնարավոր հավելյալ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված լինելու դեպքում՝ մրցութային հանձնաժողովի կողմից:».

14) որոշման հավելվածի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Նախաորակավորման փուլին մասնակցելու իրավունք ունի նախաորակավորման հայտարարությամբ սահմանված մասնակցության իրավունքին և որակավորման չափանիշներին բավարարող ցանկացած անձ։ Առաջարկի փուլին կարող են մասնակցել միայն նախաորակավորման փուլի արդյունքներով նախաորակավորված մասնակիցները։».

15) որոշման հավելվածի 11-րդ կետում «մրցութային առաջարկների» բառերը փոխարինել «նախաորակավորման և առաջարկի հայտերի» բառերով.

16) որոշման հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Նախաորակավորման հայտարարությունը նախաորակավորմանը մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետից ոչ ուշ, քան 40 օրացուցային օր առաջ պարտադիր տեղադրվում է կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում, http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ մրցութային հանձնաժողովի որոշմամբ՝ նաև օտարալեզու կայքերում:».

17) որոշման հավելվածի 13-րդ կետում «մրցույթի մասին հրապարակային ծանուցման» բառերը փոխարինել «նախաորակավորման հայտարարության» բառերով.

18) որոշման հավելվածի 13-րդ կետում՝

ա. 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հավատարմագրային կառավարմանը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ներկայացվող նվազագույն պահանջները․»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին ենթակետով.

«4.1) նախաորակավորման մասնակիցների նկատմամբ չափանիշները, որոնք վերաբերում են մասնագիտական փորձառությանը, տեխնիկական կարողություններին և փորձառությանը, ինչպես նաև ֆինանսական և տնտեսական կարողություններին, նախաորակավորման գնահատման կարգը՝ ներառյալ չափանիշների կշիռները․»,

դ. 6-րդ ենթակետում «ծրագրին ներկայացվող պահանջները» բառերը փոխարինել «ծրագրի ընդհանուր նպատակը և նկարագիրը» բառերով,

ե. 7-րդ ենթակետում «հրապարակային ծանուցմանը» բառերը փոխարինել «նախաորակավորման հայտարարությանը» բառերով,

զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին ենթակետով.

«8.1) նախաորակավորման մասնակիցների` մրցույթին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.»,

է. 9-րդ ենթակետից հանել «, մրցույթի կազմակերպման վայրը և օրը (նշելով ժամը)» բառերը,

ը. 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն նախաորակավորման հայտերը, նախաորակավորմանը մասնակցելու համար հայտերի ընդունման վայրը, ժամանակահատվածը (նշելով ժամերը՝ ըստ օրերի) և վերջնաժամկետը.»,

թ. 11-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ժ. 13-րդ ենթակետում «մրցույթին» բառը փոխարինել «նախաորակավորմանը» բառով,

ժա. 14-րդ ենթակետում «մրցույթի» բառը փոխարինել «նախաորակավորման» բառով,

ժբ. 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) նախաորակավորման մասին լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու կարգը, մասնակցության համար բաց քննարկումների վայրը, օրը և ժամը, հարցումների ներկայացման ժամկետը.».

19) որոշման հավելվածի 15-րդ կետում «մրցույթի անցկացման» բառերը փոխարինել «նախաորակավորման հայտարարության հրապարակման» բառերով.

20) որոշման հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն, թույլատրել գանձապետարանում բացել արտաբյուջետային (ավանդային) հաշիվ՝ կոմիտեի անվամբ:».

21) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16․1-ին կետով.

«16.1. Մրցույթին մասնակցության վճարը և մրցույթի նախավճարը փոխանցվում են կոմիտեի անվամբ գանձապետարանում այդ նպատակով բացված հաշվին:».

22) որոշման հավելվածի 17-րդ կետում «մրցույթի անցկացման» բառերը փոխարինել «նախաորակավորման հայտարարության հրապարակման» բառերով, իսկ «դեպքում» բառը՝ «դեպքի» բառով.

23) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին, 17.2-րդ, 17.3-րդ, 17.4-րդ, 17.5-րդ, 17.6-րդ, 17.7-րդ, 17.8-րդ, 17.9-րդ, 17.10-րդ կետերով.

«17.1. Նախաորակավորմանը մասնակցելու համար հայտատուն մրցութային հանձնաժողովին փակ ծրարով ներկայացնում է գրավոր հայտ, որը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները՝

1) եթե հայտատուն առևտրային կազմակերպություն է՝

ա. կազմակերպության պետական գրանցման համարը, տեղեկատվություն կազմակերպության մասնակիցների, փայատերերի, կազմակերպության գտնվելու և գործունեության իրականացման վայրի մասին: Եթե կազմակերպությունն օտարերկրյա առևտրային կազմակերպություն է, ապա պետք է նշվեն նաև այն պետությունը, որի օրենքների հիման վրա ստեղծվել և գործում է տվյալ կազմակերպությունը, այդ օտարերկրյա առևտրային կազմակերպության՝ օրենքին համապատասխան ստեղծման և գործունեության դադարման, վերակազմակերպման՝ ներառյալ իրավահաջորդության, իրավունակության բովանդակության, քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և քաղաքացիական պարտականություններ կրելու կարգը, կազմակերպության ներսում ծավալվող հարաբերությունների՝ ներառյալ առևտրային կազմակերպության հարաբերություններն իր մասնակիցների հետ, պատասխանատվության հարցերի մասին տեղեկությունները,

բ. մրցույթին մասնակցության վճարի և մրցույթի նախավճարի՝ կոմիտեի անվամբ գանձապետարանում այդ նպատակով բացված հաշվին կատարված վճարման անդորրագրերի պատճենները,

գ. կառավարման բնագավառում առևտրային կազմակերպության փորձի մասին վկայող փաստաթղթերը,

դ. նախաորակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը,

ե. նախաորակավորման հայտարարության մեջ նշված մյուս փաստաթղթերը.

2) եթե հայտատուն անհատ ձեռնարկատեր է՝

ա. անձնագրի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, քաղաքացիությունը և բնակության վայրը), անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,

բ. մրցույթին մասնակցության վճարի և մրցույթի նախավճարի՝ կոմիտեի անվամբ գանձապետարանում այդ նպատակով բացված հաշվին կատարված վճարման անդորրագրերի պատճենները,

գ. կառավարման բնագավառում անհատ ձեռնարկատիրոջ փորձի մասին վկայող փաստաթղթերը,

դ. նախաորակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը,

ե. նախաորակավորման հայտարարության մեջ նշված մյուս փաստաթղթերը:

17.2. Մրցութային հանձնաժողովը նախաորակավորման հայտարարությունում նշված օրը և ժամին անցկացնում է հայտերի բացման նիստ, որին կարող են մասնակցել բոլոր հայտատուները։

17.3. Մրցութային հանձնաժողովը նախաորակավորման հայտարարության մեջ նշված ժամանակահատվածում գնահատում է հայտատուների հայտերը՝ նախաորակավորման չափանիշներին հրապարակված գնահատման կարգով համապատասխանությունը և նախաորակավորման հայտարարության մեջ նշված օրը և ժամին անցկացնում է գնահատման արդյունքների ամփոփման նիստ, որին կարող են մասնակցել բոլոր հայտատուները։ Գնահատման արդյունքների ամփոփման նիստը արձանագրվում է։ Արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող հանձնաժողովի բոլոր անդամները։

17.4. Գնահատման արդյունքների ամփոփման նիստում մրցութային հանձնաժողովը՝

1) որոշում է և հաստատում նախաորակավորված մասնակիցների ցանկը.

2) սահմանում է մինչև առաջարկների փուլի նախաձեռնումը նախաորակավորված մասնակիցների հետ բաց բանակցությունների կարգը, բանակցությունների անցկացման պայմանները, վայրը, օրը և ժամը: Նախաորակավորված անձի հետ առանձին բանակցություններն արգելվում են:

17.5. Ամփոփման նիստի օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում մրցութային հանձնաժողովը բոլոր նախաորակավորված մասնակիցներին ուղարկում է ծանուցում-հրավեր բաց բանակցությունների՝ կցելով արդյունքների ամփոփման նիստի արձանագրության պատճենը։

17.6. Բաց բանակցություններում քննարկվում են մրցույթի և պայմանագրի պայմանները։ Բաց բանակցությունների յուրաքանչյուր նիստի վերաբերյալ կազմվում է գրավոր արձանագրություն, որն ստորագրում են բանակցությունների մասնակիցները։

17.7. Բաց բանակցությունների ամփոփման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն պահանջները և չափանիշները հանձնաժողովի հիմնավորված առաջարկով կարող են փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հավատարմագրային կառավարումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

17.8. Նախաորակավորման գնահատման ամփոփման նիստից հետո հանձնաժողովի որոշմամբ սահմանվում է մրցույթի առաջարկի փուլը։ Հանձնաժողովի որոշմամբ կարող են սահմանվել բանակցությունների լրացուցիչ նվազագույն պայմաններ։ Առաջարկի փուլի վերաբերյալ հանձնաժողովի որոշմամբ սահմանվում է առնվազն՝

1) կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հիմնադրի լիազորություններն իրականացնող պետական մարմնի անվանումը, պետական բաժնեմասի չափը, հավատարմագրային կառավարման հանձնվող բաժնետոմսերի թիվը, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը.

2) հավատարմագրային կառավարման ժամկետները.

3) կազմակերպության ակտիվների և պարտավորությունների մեծության մասին տեղեկատվությունը` համաձայն առաջարկի փուլի վերաբերյալ հանձնաժողովի որոշմանը նախորդող վերջին ժամանակահատվածի հաշվապահական հաշվառման հաշվետվության.

4) սեփականատիրոջ այն լիազորությունները, որոնք նախատեսվում է փոխանցել հավատարմագրային կառավարչին.

5) հավատարմագրային կառավարմանը և իրականացվող ծրագրին ներկայացվող բոլոր պահանջները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված, ինչպես նաև կազմակերպության աշխատողների աշխատանքային և սոցիալական երաշխիքներին վերաբերող պահանջները՝ ըստ ուղղությունների և ծավալի.

6) առաջարկի փուլին մասնակցելու համար ներկայացված հայտերի գնահատման չափանիշները՝ ներառյալ՝

ա. մրցույթին մասնակցելու համար ներկայացված ծրագրերի յուրաքանչյուր բաղադրիչի գնահատման սկզբունքները,

բ. տեխնիկական ու ֆինանսական ցուցանիշների գնահատման սկզբունքները և սահմանված կշռային գործակիցները.

7) այլ պայմաններ:

17.9. Մրցութային հանձնաժողովն առաջարկի փուլի վերաբերյալ հանձնաժողովի որոշման օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում բոլոր նախաորակավորված մասնակիցներին ուղարկում է առաջարկի հրավերը՝ սահմանելով հայտերի ներկայացման ժամկետ, որը չի կարող պակաս լինել 30 օրացուցային օրվանից։

17.10. Առաջարկի հրավերի մեջ նշվում են՝

1) կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հիմնադրի լիազորություններն իրականացնող պետական մարմնի անվանումը.

2) հավատարմագրային կառավարման առաջարկվող ժամկետը.

3) կազմակերպության ակտիվների և պարտավորությունների մեծության մասին տեղեկատվությունը` համաձայն առաջարկի փուլի վերաբերյալ հանձնաժողովի որոշմանը նախորդող վերջին ժամանակահատվածի հաշվապահական հաշվառման հաշվետվության.

4) սեփականատիրոջ այն լիազորությունները, որոնք նախատեսվում է փոխանցել հավատարմագրային կառավարչին.

5) հավատարմագրային կառավարմանը և իրականացվող ծրագրին ներկայացվող՝ առաջարկի փուլի վերաբերյալ հանձնաժողովի որոշման մեջ նշված բոլոր պահանջները.

6) առաջարկի փուլի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը․

7) առաջարկի փուլի վերաբերյալ հանձնաժողովի որոշման մեջ նշված այլ պայմանները․

8) կազմակերպության գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու վերաբերյալ հայցերի առկայության կամ կազմակերպության՝ սնանկության վարույթում գտնվելու մասին տեղեկատվությունը.

9) մրցութային հանձնաժողովի գործունեության վայրը.

10) առաջարկի փուլին մասնակցելու համար հայտերի ընդունման վայրը, ժամանակահատվածը (նշելով ժամերը՝ ըստ օրերի) և վերջնաժամկետը.

11) առաջարկի փուլին մասնակցելու համար ներկայացված հայտերի գնահատման չափանիշները՝ ներառյալ՝

ա. մրցույթին մասնակցելու համար ներկայացված ծրագրերի յուրաքանչյուր բաղադրիչի գնահատման սկզբունքները,

բ. տեխնիկական ու ֆինանսական ցուցանիշների գնահատման համար սահմանված կշռային գործակիցները.

12) առաջարկի փուլի հայտերը բացելու, ինչպես նաև մրցույթի հայտերն ամփոփելու նիստերի օրը և ժամը.

13) առաջարկի փուլի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու կարգը․

14) հանձնաժողովի որոշմամբ սահմանված այլ պայմաններ:».

24) որոշման հավելվածի 18-րդ կետում «Մրցույթին» բառը փոխարինել «Առաջարկի փուլին» բառերով, իսկ «հայտատուն» բառը՝ «նախաորակավորված մասնակիցը» բառերով.

25) որոշման հավելվածի 18-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետի «բ» և «դ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

բ. 1-ին և 2-րդ ենթակետերի «գ» պարբերությունները «համապատասխանող» բառից հետո լրացնել «առաջարկը և» բառերով.

գ. 1-ին և 2-րդ ենթակետերի «ե» պարբերություններում «մրցույթի մասին հրապարակային ծանուցման» բառերը փոխարինել «առաջարկի փուլի հրավերի» բառերով,

դ. 2-րդ ենթակետի «բ» և «դ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

26) որոշման հավելվածի 19-րդ կետը «պահանջվող» բառից հետո լրացնել «առաջարկը և» բառերով.

27) որոշման հավելվածի 19-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) ներդրումներ կատարելու վերաբերյալ տեղեկատվություն (այդ թվում՝ ներդրումների ուղղությունները և չափերը, ինչպես նաև ներդրումների իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքը (ներառյալ կազմակերպության սպասվելիք շահույթը` տարիների կտրվածքով), եթե ծրագրով ակնկալվում է իրականացնել համապատասխան ներդրումներ.»,

բ. 5-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «հանձնաժողովի» բառով, իսկ «պայմանների» բառից հետո լրացնել «և պահանջների» բառերով.

28) որոշման հավելվածի 20-րդ կետում «Մրցույթին» բառը փոխարինել «Առաջարկի փուլին» բառերով.

29) որոշման հավելվածի 21-րդ կետում «Մրցույթին» բառը փոխարինել «Նախաորակավորված մասնակցի կողմից առաջարկի փուլին» բառերով.

30) որոշման հավելվածի 22-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

31) որոշման հավելվածի 23-րդ կետում «Մրցույթի անցկացման» բառերը փոխարինել «Առաջարկի փուլի հրավերում նշված մրցույթի հայտերի բացման նիստի» բառերով.

32) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.1-ին կետով.

«23.1. Առաջարկի փուլի հրավերում նշված գնահատման ժամանակահատվածում մրցութային հանձնաժողովն իր կողմից սահմանված կարգի համաձայն գնահատում է ստացված հայտերը և առաջարկի փուլի հրավերում նշված օրը և ժամին հրավիրում է հայտերի գնահատման ամփոփման նիստը։ Հայտերի գնահատման ամփոփման նիստին որոշվում է մրցույթի հաղթողը։».

33) որոշման հավելվածի 24-րդ կետում «առավելագույն միավորներով գնահատված ծրագրերը» բառերը փոխարինել «առավելագույն միավորներով գնահատված առաջարկը և ծրագիրը» բառերով.

34) որոշման հավելվածի 28-րդ կետում «մրցույթի» բառը փոխարինել «առաջարկի փուլի» բառերով.

35) որոշման հավելվածի 28-րդ կետի 1-ին ենթակետում «մրցույթի» բառը փոխարինել «առաջարկի փուլի» բառերով.

36) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 42-րդ կետով.

«42. Հավատարմագրային կառավարչի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները, ինչպես նաև պարտավորությունները գրավով կամ երաշխիքով ապահովված լինելու վերաբերյալ պահանջները կարող են սահմանվել մրցութային հանձնաժողովի կողմից, որոնք էլ կներառվեն հավատարմագրային կառավարման մասին պայմանագրում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշմամբ սահմանվող կարգավորումները չեն տարածվելու մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն արդեն իսկ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած հայտատուների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

14.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 փետրվարի 2025 թվական: