ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2025 թվականի N 99-Լ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (Պ-989-20.12.2024-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (Պ-989-20.12.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (Պ-989-20.12.2024-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է՝
1. «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ (այսուհետ՝ նախագիծ)՝
1) Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված պահանջը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը, առաջարկում ենք նախագծի վերնագրում «փոփոխություններ և լրացում» բառերը փոխարինել «փոփոխություն և լրացումներ» բառերով: Միաժամանակ, նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «բառերը և կետադրական նշանները,» բառերն առաջարկում ենք փոխարինել «բառերը,» բառով՝ տվյալ դրույթով ամրագրված իրավակարգավորումն օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանեցնելու նպատակով: Բացի այդ, նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետում առկա «6-րդ և 7-րդ կետերով» բառերն առաջարկվում է փոխարինել «6-րդ կետով» բառերով՝ հաշվի առնելով, որ նախագծի նշված հոդվածում 7-րդ կետ առկա չէ։
2) «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի համաձայն՝ ծառայությունն իրականացնում է արտաքին հետախուզական գործունեություն, որն ուղղված է արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության և պետության պաշտպանությանը, Հայաստանի Հանրապետության կենսական շահերին առնչվող տեղեկատվություն ստանալուն և մշակելուն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենսական համարվող ոլորտներում պետական քաղաքականության իրականացմանն աջակցելուն։ Արտաքին հետախուզական գործունեությունը հիմնված է աշխատակիցների, աշխատանքի ձևերի, մեթոդների, ուժերի և միջոցների գաղտնիության վրա։ Իսկ էլեկտրոնային կամ տեսանկարահանող համակարգերին հասանելիության տրամադրումը կարող է որոշակի կողմնակի ռիսկեր պարունակել Արտաքին հետախուզության ծառայության համար՝ վտանգելով անձնակազմի, ենթակառուցվածքների և գործունեության գաղտնիությունը։
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների շինությունների տեսահսկման համակարգերի տվյալներն իրենց համակցության մեջ կարող են պարունակել հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներին առնչվող տարաբնույթ տեղեկություններ։ Ընդ որում, առցանց ռեժիմով հասանելության դեպքում տեսահսկման համակարգերի դիրքը, անկյունները, տեսանելիության հեռավորությունը, հնարավոր կույր կետերը, տեխնիկական այլ հնարավորությունների և ամբողջ ֆունկցիոնալի կենտրոնացումը մեկ մարմնում կարող է թիրախ դառնալ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների, ինչպես նաև՝ առանձին անձանց կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող հետախուզական և այլ քայքայիչ գործունեության համար։
Միաժամանակ, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներից բխում է, որ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը պետական պահպանությունը, այն է՝ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտի գործառույթը, իրականացնում է իրավական, կազմակերպական, պահպանական, ռեժիմային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական և այլ միջոցառումների համակցության հիման վրա՝ գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառման համակցության սկզբունքով: Տեխնիկական միջոցառումները, ի թիվս այլ միջոցների, իրականացվում են նաև տեսահսկման միջոցով: Այս համատեքստում, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության բոլոր տեսանկարահանող սարքերի տեսագրություններին հասանելիության տրամադրումը կարող է հանգեցնել գործունեության գաղտնի մեթոդների ու միջոցների բացահայտման, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ թե' պետական պահպանության օբյեկտների անվտանգությանը, թե' պահպանվող օբյեկտների պաշտպանությանը։
Նշված անվտանգային խնդիրներն առկա են նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեսահսկման համակարգերի պարագայում։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծով բացառություն նախատեսել Արտաքին հետախուզության ծառայության և Պաշտպանության նախարարության կողմից վերահսկվող տեսահսկման համակարգերին հասանելիություն ունենալու մասով՝ բացառելով նշված մարմինների տեսանկարահանող սարքերին հասանելիության ապահովումը։ Միաժամանակ, առաջարկում ենք նախագիծը խմբագրել այն տրամաբանությամբ, որպեսզի Պետական պահպանության ծառայության կողմից հասանելիություն ապահովվի միայն Պետական պահպանության ծառայության՝ փողոցներում և փողոցների խաչմերուկներում տեղադրված տեսահսկման համակարգերին, իսկ Ազգային անվտանգության ծառայության կողմից՝ միայն պետական սահմանի անցման կետերում տեղադրված տեսահսկման համակարգերին:
3) Նախագծով նախատեսված՝ «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող 4-րդ կետում գործածվում է «պետական կառավարման համակարգի մարմիններ» եզրույթը, որը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի համաձայն՝ ավելի նեղ հասկացություն է, քան «պետական մարմին» եզրույթը։ Այսպես, պետական կառավարման համակարգի մարմինների կազմում չեն ընդգրկվում քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն, դատախազությունը, դատարանները, անկախ և ինքնավար մարմինները և այլն։
Հաշվի առնելով նախագծի մշակման նպատակները և հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծում «պետական կառավարման համակարգի մարմիններ» բառերը փոխարինել «պետական մարմիններ» բառերով։
4) Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ը» ենթակետի համաձայն՝ տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակումը կարող է իրականացվել նաև օրենքով չարգելված նպատակներով պետական և ոչ պետական կազմակերպություններին վճարովի հիմունքներով անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրման նպատակներով։
Սահմանադրության 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ, իսկ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ՝ ԱՏՊ մասին օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ:
Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ նախագծի վերոնշյալ կարգավորումն անհրաժեշտ է դիտարկել նաև ԱՏՊ մասին օրենք 4-րդ հոդվածով նախատեսված անձնական տվյալների մշակման օրինականության սկզբունքի տեսանկյունից։ Մասնավորապես, օրինականության սկզբունքի համաձայն, ցանկացած անձնական տվյալի մշակում պետք է իրականացվի օրինական (օրենքով սահմանված կամ իրավունքին չհակասող, ոչ հանցավոր) և որոշակի (կոնկրետ, հստակ ձևակերպված, ոչ ընդհանուր բնույթի) նպատակներով։ Նշված կարգավորումներին համապատասխանելու համատեքստում առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով լրացվող 6-րդ կետի «ը» ենթակետում ամրագրել, որ համապատասխան տվյալները պետական և ոչ պետական կազմակերպություններին կարող են փոխանցվել միայն ապանձնավորված եղանակով։ Ապանձնավորման դեպքում առկա չի լինելու անձնական տվյալների փոխանցում և ըստ այդմ՝ ԱՏՊ մասին օրենքը, այդ թվում՝ օրինականության սկզբունքը, կիրառելի չի լինի ապանձնավորված տվյալների փոխանցման նկատմամբ։
Բացի այդ, առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով լրացվող 6-րդ կետի «ը» ենթակետը, պետական կազմակերպությունների իմաստով, դիտարկել Սահմանադրության 6-րդ հոդվածի համատեքստում՝ քննարկման առարկա դարձնելով պետական կազմակերպությունների համար ոչ թե օրենքով չարգելված, այլ՝ օրենքով սահմանված լինելու պայմանը։
5) Նախագծի 2-րդ հոդվածով «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասում լրացվող դրույթն առաջարկում ենք պարզեցնել և ձևակերպել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջի հաշվառմամբ։ Ըստ այդմ, 5-րդ մասում լրացվող դրույթն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Սույն հոդվածով նախատեսված տեսագրություններ պահանջելը և ստանալը, տեսահսկման համակարգերին հասանելիությունը, տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակումը և տեսահսկման համակարգերի կիրառումը կարող են իրականացվել բացառապես սույն հոդվածով նախատեսված նպատակներով և այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն չափով։»։
6) Հաշվի առնելով, որ նշված նախագծերով նախատեսված իրավակարգավորումների արդյունքում տեղի է ունենալու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, նրանց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների տեսահսկման համակարգերի միասնականացում, ուստի անձնական տվյալների պաշտպանությունը բավարար չափով ապահովելու նպատակով առաջարկում ենք նախագծով նախատեսել անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված կազմակերպչական միջոցառումների վերաբերյալ կարգավորումներ (օրինակ՝ միջազգային պրակտիկայում լայն տարածում գտած կազմակերպչական միջոցառումներից է համապատասխան աշխատակիցների (ծառայողների) կողմից տեսահսկման միասնական համակարգին մուտք գործելու յուրաքանչյուր դեպքի արձանագրումը)։ Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև նախագծի մշակման նպատակները՝ առաջարկում ենք՝
ա․ նախագծով նախատեսել տեսահսկման համակարգերին մուտք գործելու իրավունք ունեցող աշխատակիցների (ծառայողների) շրջանակի սահմանման վերաբերյալ կարգավորում, ինչպես նաև՝ համապատասխան աշխատակցի (ծառայողի) կողմից տեսահսկման համակարգերին մուտք գործելու յուրաքանչյուր դեպքում մուտքային գործողությունների վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառման (լոգավորման), մուտք գործելու նպատակի, մուտք գործող իրավասու աշխատակցի (ծառայողի) տվյալների լրացման պարտադիր պահանջ,
բ․ նախագծով համապատասխան աշխատակիցների (ծառայողների) նկատմամբ սահմանել տեսահսկման համակարգով իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու պարտականություն և այդ պարտականությունը խախտելու կամ տեղեկությունները չսահմանված նպատակներով օգտագործելու համար պատասխանատվության վերաբերյալ կարգավորում,
գ․ տեսահսկման իրականացման կազմակերպչական և ընթացակարգային այլ հարցերը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանելու համար նախագծով նախատեսել համապատասխան լիազորող նորմ,
դ․ նախագծում ամրագրել տեսահսկման համակարգերին հասանելիություն տրամադրող մարմինների կողմից տեսագրություններն առնվազն 15 օր պահպանելու վերաբերյալ պարտականություն,
ե․ նկատի ունենալ, որ լուծումների լիարժեքություն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես կգա համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ, որով կլուծվի նաև հասանելիություն տրամադրող մարմինների աշխատակիցների (ծառայողների)՝ տեսահսկման համակարգով իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու պարտականության և այդ պարտականությունը խախտելու կամ տեղեկությունները չսահմանված նպատակներով օգտագործելու համար պատասխանատվության հարցը։
2․ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ (այսուհետ՝ նախագիծ)՝
1) Նախագծով սահմանվում է, որ համայնքի ղեկավարը պարտավոր է հասանելիություն տրամադրել համայնքի մուտքերը, ելքերը, համայնքային ենթակայության կազմակերպությունների ու հիմնարկների շինությունները դրսի կողմից տեսանկարահանող, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի կառավարման և (կամ) վերահսկման ներքո գտնվող մյուս բոլոր տեսահսկման համակարգերին։ Առաջարկում ենք «համայնքային» բառից առաջ լրացնել «համայնքապետարանի» բառը։
Բացի այդ, հարկ է նշել, որ տեղական ինքնակառավարման մարմնի կառավարման և (կամ) վերահսկման ներքո գտնվող մյուս բոլոր տեսահսկման համակարգերին հասանելիություն տրամադրելն ինքնին ենթադրում է հասանելիության տրամադրում նաև շինությունների ներսի հատվածը տեսանկարահանող տեխնիկական միջոցներին, որը խնդրահարույց է անձնական տվյալների պաշտպանության համաչափության սկզբունքի և մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի տեսանկյունից։ Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք նախագծի քննարկվող դրույթը խմբագրել և սահմանել շինությունների դրսի կողմից տեղադրված տեսանկարահանող տեխնիկական միջոցներին հասանելիության վերաբերյալ կարգավորում։
2) Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածում առկա «տարածքում» բառը փոխարինել «տարածքի տեսանելի հատվածում» բառերով, քանի որ նույն հոդվածում առկա հայտարարության հիման վրա է անձնական տվյալների սուբյեկտը տալիս իր անձնական տվյալները մշակելու, այն է՝ տեսահսկման միջոցով տվյալները հավաքագրելու համաձայնությունը։ Նպատակահարմար է ամրագրել, որ հայտարարությունը փակցված լինի հնարավորինս տեսանելի հատվածում՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը, համաձայն որի՝ տվյալների սուբյեկտի համաձայնությունը տրվում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բանավոր համաձայնության դեպքում` այնպիսի հավաստի գործողությունների միջոցով, որոնք ակնհայտորեն կվկայեն տվյալների սուբյեկտի` անձնական տվյալներն օգտագործելու համաձայնության մասին:
3․ «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ (այսուհետ՝ նախագիծ)՝
1) Նախագծի կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջև կնքված է կոնցեսիոն պայմանագիր, որն ի թիվս այլնի, ենթադրում է կոնցեսիոների իրավունքը՝ օգտագործելու օդանավակայանի տարածքը և գույքը, գործելու որպես օդանավակայանի կառավարիչ՝ սահմանելու և կիրառելու օդանավակայանի շահագործման հետ կապված կանոնակարգերը։ Ուստի առաջարկում ենք համապատասխան կարգավորումները դիտարկել կոնցեսիոն պայմանագրի դրույթների համատեքստում։ Բացի այդ, հաշվի առնելով, որ բացի ներքին օդային փոխադրումներ իրականացնող օդանավակայաններից, Հայաստանի Հանրապետությունում գործում են միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավակայաններ, ուստի առաջարկում ենք օդանավակայանի տեսահսկման համակարգերին հասանելիությունը դիտարկել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային օդային փոխադրումներին վերաբերող միջազգային պայմանագրերի, ինչպես նաև՝ անձնական տվյալների պաշտպանության միջազգային սկզբունքների և կանոնակարգերի տեսանկյունից:
2) Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում «տարածքում» բառը փոխարինել «տարածքի տեսանելի հատվածում» բառերով, քանի որ նույն հոդվածում առկա հայտարարության հիման վրա է անձնական տվյալների սուբյեկտը տալիս իր անձնական տվյալները մշակելու, այն է՝ տեսահսկման միջոցով տվյալները հավաքագրելու համաձայնությունը։ Նպատակահարմար է ամրագրել, որ հայտարարությունը փակցված լինի հնարավորինս տեսանելի հատվածում՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|