ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 152-Ա |
«20» հունվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված` քաղաքացի Հրաչյա Ճենտերեճյանի ներկայացուցիչ՝ Էդգար Բադեմյանի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ Դ-161774-24 դիմումի հիմքով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող վարույթի շրջանակներում 2025 թվականի հունվարի 9-ին, ժամը 11.00-ին հրավիրվել և անցկացվել է լսումներ, որին մասնակցել է Հրաչյա Ճենտերեճյանի ներկայացուցիչ՝ Կարեն Սարդարյանը:
2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ Դ-161774-24 դիմումով ներկայացվել է 2024 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբայան փողոցի 2-րդ հասցեի դիմաց կայանված՝ Հակոբ Ճենտերեճյանի սեփականությունը հանդիսացող «Hyundai Tucson 2.0» մակնիշի «37 ZF 622» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում ավտոմեքենան վնասվելու և շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետևանքով առաջացած վնասի փոխհատուցման պահանջ:
2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ Դ-161774-24 դիմումում ներկայացված պահանջի առարկային առնչվող փաստական հանգամանքների համաձայն՝ 2024 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբայան փողոցի 2-րդ հասցեի դիմաց կայանված «Hyundai Tucson 2.0» մակնիշի «37 ZF 622» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու փաստի կապակցությամբ 2024 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է թիվ 09113324 քրեական վարույթը, որը գտնվում է քննության ընթացքում:
2. Վարչական ակտն ընդունելու իրավական հիմքերը.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի 23-րդ կետի համաձայն՝ տուժողը նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի ստանալու հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով թիվ 09113324 քրեական վարույթը քննության ընթացքում գտնվելու հանգամանքն ու դրանով պայմանավորված՝ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունման անհնարինությունը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-րդ մասի «ա» կետով.
ՈՐՈՇԵՑԻ
1․ Հրաչյա Ճենտերեճյանի ներկայացուցիչ՝ Էդգար Բադեմյանի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ Դ-161774-24 դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կասեցնել՝ մինչև քրեական դատավարության կարգով քննվող թիվ 09113324 քրեական վարույթով որոշում կայացնելը:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |