ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ1/0188/02/16 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ1/0188/02/16 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Է. Սեդրակյան Ա . ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | ||
Վ․ ՔՈՉԱՐՅԱՆ |
2024 թվականի դեկտեմբերի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Վարդանուշ Բեժանյանի (նաև որպես Շալիկո Պարանյանի իրավահաջորդի), Նառա և Նոնա Պարանյանների հայցի ընդդեմ Վաչագան Հակոբյանի` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2020 թվականի որոշման դեմ Վարդանուշ Բեժանյանի, Նառա ու Նոնա Պարանյանների բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյանները պահանջել են ճանաչել իրենց սեփականության իրավունքը Լոռու մարզի Աթան համայնքի թիվ 06-011-0005-0012 ծածկագրով հողամասի մեջ հաշվառված 184քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.04.2017 թվականի որոշմամբ Վաչագան Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 31.08.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2019 թվականի որոշմամբ Վարդանուշ Բեժանյանի, Նառա և Նոնա Պարանյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 31.08.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2020 թվականի որոշմամբ Վարդանուշ Բեժանյանի, Նառա ու Նոնա Պարանյանների վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2019 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.10.2020 թվականի որոշմամբ Վարդանուշ Բեժանյանի (նաև որպես Շալիկո Պարանյանի իրավահաջորդի), Նառա և Նոնա Պարանյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 31.08.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վարդանուշ Բեժանյանը, Նառա և Նոնա Պարանյանները (ներկայացուցիչ Ա. Ոսկանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 52-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 61-րդ հոդվածի 2-րդ մասը, 66-րդ հոդվածն ու 379-րդ հոդվածը։
Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքին և հիմնավորումներին:
Վերաքննիչ դատարան անտեսել է, որ հայցվորների կողմից վիճարկվող հողամասը թիվ ԼԴ/0776/02/11 քաղաքացիական գործով կայացված վճռով չի ներառվել ժառանգական զանգվածի մեջ, և նշված գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ դրանով հաստատվել է միայն այն փաստը, որ Վաչագան Հակոբյանն ընդունել է Հերիքնազ Հակոբյանի ժառանգությունը, իսկ ժառանգական զանգվածի մեջ մտնող որևէ գույքի, այդ թվում՝ վիճելի 184քմ հողամասի վերաբերյալ որևէ հաստատված փաստական հանգամանք առկա չէ:
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող՝ Լոռու մարզի Աթան համայնքի 005-011 ծածկագրով անշարժ գույքը քարտեզագրման ժամանակ գծագրված է սխալներով: Մասնավորապես՝ քարտեզագրման ժամանակ հայցվորների կողմից օգտագործվող և ցանկապատված 184քմ հողատարածքը քարտեզագրողի կողմից սխալմամբ հաշվառվել է պատասխանող Վաչագան Հակոբյանի անվամբ Լոռու մարզի Աթան համայնքի 005-012 ծածկագրով (ներկայումս՝ 06-011-0005-0012 ծածկագրով) հողամասի մեջ: Ընդ որում, հայցվորների կողմից օգտագործվող և ցանկապատված 184քմ հողատարածքը թեև սխալմամբ հաշվառվել է պատասխանող Վաչագան Հակոբյանի անվամբ Լոռու մարզի Աթան համայնքի 005-012 ծածկագրով (ներկայումս՝ 06-011-0005-0012 ծածկագրով) հողամասի մեջ, սակայն նշված 184քմ հողատարածքի նկատմամբ Վաչագան Հակոբյանի սեփականության իրավունքի գրանցում կատարված չէ: Նշված 184քմ հողատարածքը չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն, այն համարվում է քաղաքացու սեփականություն համարվող հողամաս, սակայն թե որ քաղաքացու՝ պետք է որոշվի դատական ակտով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հայցվորները ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, այն է՝ օրենքի ուժով, Լոռու մարզի Աթան համայնքի 005-012 ծածկագրով (ներկայումս՝ 06-011-0005-0012 ծածկագրով) հողամասի մեջ սխալմամբ հաշվառված վիճելի 184 քմ հողամասի նկատմամբ ձեռք են բերել սեփականության իրավունք: Ընդ որում, մինչև հայցվորների իրավանախորդի կողմից վիճելի հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու պահը այն հանդիսացել է պետական սեփականություն, իսկ սեփականության իրավունք ձեռք բերելու պահին վիճելի հողամասը չի հանդիսացել պատասխանողի իրավանախորդի սեփականությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 02.10.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Լոռու մարզի Աթան համայնքի 2-րդ փողոցի թիվ 25 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի, այդ թվում՝ 165.9 քմ ընդհանուր մակերեսով գոմի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված է Վարդանուշ Բեժանյանի, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյանների անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 13-15).
2) ի պատասխան փաստաբան Կարեն Թումանյանի դիմումի՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման ղեկավարը 06.09.2011 թվականի թիվ ԴԹ-1831 ելքային համարով գրությամբ հայտնել է, որ Հերիքնազ Հակոբյանի անվամբ 0.187 հա մակերեսով հողամասը հաշվառված է եղել 005-012 ծածկագրի ներքո (հատոր 1-ին, գ.թ. 32-ի դարձերես).
3) թիվ ԼԴ/0776/02/11 քաղաքացիական գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.12.2011 թվականի վճռով բավարարվել է Վաչագան Հակոբյանի դիմումը՝ հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Վաչագան Հակոբյանն ընդունել է Հերիքնազ Հակոբյանի ժառանգությունը․ նշված վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 36, 37).
4) ի պատասխան Շալիկո Պարանյանի դիմումի՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման ղեկավարը 27.06.2011 թվականի թիվ ԴԹ-1296 ելքային համարով գրությամբ հայտնել է նաև, որ 165․9 քմ գոմին կից առկա է մետաղյա ցանցով ցանկապատված 0.0288 հա հողամաս, որից 0.0184 հա հողամասը գտնվում է թիվ 005-012 ծածկագրում (հատոր 1-ին, գ.թ. 16-ի դարձերես)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությամբ, որը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ֆիզիկական անձի անվամբ գրանցված հողամասի մի մասի նկատմամբ այլ անձի կողմից ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հիմքով սեփականության իրավունք ձեռքբերելու իրավական հնարավորությանը։
«Պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելը» վերնագիրը կրող ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում սեփականատերերի կողմից նշված չափից մինչև 20 տոկոս ավելի յուրաքանչյուր միավոր հողամասի կամ սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի չափից փաստացի օգտագործման դեպքում նշված հողատարածության նկատմամբ ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը, եթե`
1) համայնքի հողերի օգտագործման սխեմայով կամ գլխավոր հատակագծով տվյալ հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար.
2) հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը.
3) հողամասը չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում:
Մինչև 11․02․2021 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ կետում նշված` չափից ավելի հողամաս օգտագործելու դեպքում ավելի հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարվում է փաստացի օգտագործողին` հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով կամ տրվում է վարձակալության` հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածը կարգավորում է բացառապես պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու, այդ թվում՝ այդ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հետ կապված իրավահարաբերությունները․ նշված իրավակարգավորումը վերաբերելի չէ ֆիզիկական անձանց կողմից իրենց հատկացված հողամասի չափից մինչև 20 տոկոս ավելի մեկ այլ ֆիզիկական անձին պատկանող հողամասը փաստացի օգտագործելու դեպքերին։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը:
Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ նման պահանջով դատարան դիմելու իրավունքն օրենսդիրը վերապահել է բացառապես գույքի սեփականատիրոջը՝ նպատակ ունենալով ապահովելու վերջինիս՝ որպես այդ գույքի սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը։
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Լոռու մարզի Աթան համայնքի 2-րդ փողոցի թիվ 25 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի, այդ թվում՝ 165.9 քմ ընդհանուր մակերեսով գոմի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված է Վարդանուշ Բեժանյանի, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյանների անվամբ։
Ի պատասխան փաստաբան Կարեն Թումանյանի դիմումի՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման ղեկավարը 06.09.2011 թվականի թիվ ԴԹ-1831 ելքային համարով գրությամբ հայտնել է, որ Հերիքնազ Հակոբյանի անվամբ 0.187 հա մակերեսով հողամասը հաշվառված է եղել 005-012 ծածկագրի ներքո։
Թիվ ԼԴ/0776/02/11 քաղաքացիական գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.12.2011 թվականի վճռով բավարարվել է Վաչագան Հակոբյանի դիմումը՝ հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Վաչագան Հակոբյանն ընդունել է Հերիքնազ Հակոբյանի ժառանգությունը․ նշված վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ։
Ի պատասխան Շալիկո Պարանյանի դիմումի՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման ղեկավարը 27.06.2011 թվականի թիվ ԴԹ-1296 ելքային համարով գրությամբ հայտնել է նաև, որ 165․9 քմ գոմին կից առկա է մետաղյա ցանցով ցանկապատված 0.0288 հա հողամաս, որից 0.0184 հա հողամասը գտնվում է թիվ 005-012 ծածկագրում։
Վերը նշված փաստերի համադրված վերլուծությունից բխում է, որ վեճի առարկա 184քմ մակերեսով հողամասը ներառված է Հերիքնազ Հակոբյանի անվամբ հաշվառված՝ 0.187 հա մակերեսով հողամասի մեջ՝ 005-012 ծածկագրի ներքո։
Դիմելով դատարան` Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյանները պահանջել են ճանաչել իրենց սեփականության իրավունքը Լոռու մարզի Աթան համայնքի թիվ 06-011-0005-0012 ծածկագրով հողամասի մեջ հաշվառված 184քմ մակերեսով հողամասի նկատմամբ՝ հայցի իրավական հիմքում դնելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածը:
Դատարանը 31.08.2018 թվականի վճռով հայցը մերժել է նաև այն պատճառաբանությամբ, որ՝
- «անդրադառնալով հայցի իրավական հիմքերում դրված ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասին, ապա Դատարանի գնահատմամբ նշված իրավակարգավորումը սույն դեպքում կիրառելի չէ` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված հոդվածով կարգավորվում են պետության և համայնքների սեփականությամբ պատկանող հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու վերաբերյալ իրավահարաբերությունները: Այլ կերպ ասած, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի կլիներ համայնքի կամ պետության կողմից անհատույց սեփականության իրավունքով անձին հողամաս օտարելու և այդ օտարման գործարքի առկայության պայմաններում, ինչը սույն դեպքում բացակայում է»,
- «ինչ վերաբերում է հայցի իրավական հիմքերում դրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածին, ապա Դատարանն արձանագրում է, որ Հայցվորների` վիճելի հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հիմքերի բացակայության պայմաններում նշված իրավակարգավորումը սույն դեպքում կիրառելի չէ»,
- «նախկինում քննված և սույն վճռում հիշատակված քաղաքացիական և վարչական գործերով օրինական ուժի մեջ մտած վճիռներով հաստատված են հանգամանքներ, որից հետևում է, որ Հերիքնազ Հակոբյանի ժառանգությունը, որը բաղակացած է Լոռու մարզի Աթան համայնքում գտնվող հանգուցյալին պատկանող 0.184 հա հողամասից, բնակելի տնից և օժանդակ շինություններից, վերջինիս մահից հետո նրա գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսացել Վաչագան Հակոբյանը: Այսինքն` հայցվորների կողմից վիճարկվող հողամասը թիվ ԼԴ/0776/02/11 քաղաքացիական գործով կայացված վճռի ուժով ներառվել է ժառանգական զանգվածի մեջ և դրա հիման վրա լիազոր մարմնի` «Թումանյան» նոտարական տարածքի նոտարի կողմից տրվել է ժառանգության իրավունքի վկայագիր»,
- «գործով այլ բան ապացուցված չլինելու պարագայում Դատարանն արձանագրում է, որ Լոռու մարզի Աթան համայնքում գտնվող թիվ 06-011-005-012 կադաստրային ծածկագրի մեջ հաշվառված 184քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Վաչագան Հակոբյանին, իսկ գործի նյութերում բացակայում է նշված կադաստրային ծածկագրի մեջ հաշվառված անշարժ գույքից Վաչագան Հակոբյանի մեկուսանալու, հրաժարվելու կամ այդ անշարժ գույքի նկատմամբ հայցվորների սեփականության հիմքերի առաջացման մասին որևէ գրավոր ապացույց»:
Վերաքննիչ դատարանը 02.10.2020 թվականի որոշմամբ Վարդանուշ Բեժանյանի (նաև որպես Շալիկո Պարանյանի իրավահաջորդի), Նառա և Նոնա Պարանյանների վերաքննիչ բողոքը մերժել է նաև այն պատճառաբանությամբ, որ՝
- «սույն գործով վեճի առարկա Հողատարածքը պատասխանողին ժառանգաբար անցած լինելու և այդ հիմքով նոտարի կողմից վերջինիս ժառանգության իրավունքի վկայագիր տրված լինելու հարցի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի պայմաններում անհիմն է Հողատարածքի նկատմամբ Վաչագան Հակոբյանի սեփականության իրավունքը գրանցված չլինելու վերաբերյալ բողոքում բերված փաստարկը՝ նկատի ունենալով, որ Քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:
Բացի վերոգրյալից՝ թիվ ՎԴ6/0277/05/12 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կայացրած վճռով բավարարվել է սույն գործով պատասխանող Վաչագան Հակոբյանի հայցադիմումը և անվավեր է ճանաչվել Լոռու մարզի Աթան համայնքի ղեկավարի՝ 20.04.2012թ. թիվ 4 որոշման 1-ին և 2-րդ կետերը՝ հողհատկացման հիմքերը վերականգնելու մասով, իսկ ամբողջ գործի քննության ժամանակ հայցվորների կողմից չի վիճարկվել վարչական ակտի իրավաչափությունը»,
- «բողոք բերած անձինք անտեսել են, որ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածն ամբողջությամբ, այդ թվում՝ դրա 2-րդ մասը, որը թեկուզև սահմանում է առանց որևէ օտարման գործարք կնքելու միջոցով սեփականության ճանաչում, վերաբերում է պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելուն, իսկ սույն դեպքում Հողատարածքը չի հանդիսանում համայնքի սեփականություն, այն պատկանում է սույն գործով պատասխանող Վաչագան Հակոբյանին: Հետևաբար՝ հայցի իրավական հիմքերում դրված Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Հողատարածքի նկատմամբ հայցվորների սեփականության իրավունքը ծագած լինելու վերաբերյալ բողոքաբերների պնդումն անհիմն է»։
Վերը նշված իրավական նորմերի, դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով ստորադաս դատարանների վերը նշված հետևությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերը հաշվի առնելով՝ դրանք հիմնավոր են և բխում են ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի բովանդակությունից՝ նկատի ունենալով այն, որ սույն գործի փաստերի համաձայն՝ վեճի առարկա 184քմ մակերեսով հողամասը, ներառված լինելով Հերիքնազ Հակոբյանի անվամբ հաշվառված՝ 0.187 հա մակերեսով հողամասի մեջ՝ 005-012 ծածկագրի ներքո, չի հանդիսանում ո՛չ Հայաստանի Հանրապետության, և ո՛չ էլ որևէ համայնքի սեփականությունը, ուստի հայցվորների պահանջի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառելի չէ։
Ինչ վերաբերում է հայցի իրավական հիմքում դրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածին, ապա նշված իրավական հիմքով հայցվորների հայցը չի կարող բավարարվել այն պատճառաբանությամբ, որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, նման պահանջով դատարան դիմելու իրավունքն օրենսդիրը վերապահել է բացառապես գույքի սեփականատիրոջը, մինչդեռ հայցվորներն այդպիսին չեն հանդիսանում։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 02.10.2020 թվականի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի 31.08.2018 թվականի վճիռը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ:
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործով մի քանի հայցվորների կամ բողոք բերողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, իսկ մի քանի պատասխանողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, բացառությամբ այն դեպքի, երբ վիճելի իրավահարաբերությունը ենթադրում է համապարտություն։ Այդ դեպքում պատասխանողները կրում են դատական ծախսերի փոխհատուցման համապարտ պարտականություն: Մասնաբաժինները որոշելու անհնարինության դեպքում դատական ծախսերը նրանց միջև բաշխվում են հավասարաչափ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի համար վճարվել է պետական տուրքի գումարը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցն այդ մասով պետք է համարել լուծված:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2016 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար Վաչագան Հակոբյանը վճարել է 10․000 ՀՀ դրամ, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.04.2017 թվականի որոշմամբ Վաչագան Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2016 թվականի վճիռը բեկանվել է, ու գործը նոր քննության ուղարկվելու կապակցությամբ դատական ծախսերի հարցը համարվել է լուծված, գտնում է, որ նման պայմաններում Վարդանուշ Բեժանյանից, Նառա և Նոնա Պարանյաններից հօգուտ Վաչագան Հակոբյանի համապարտության կարգով ենթակա է բռնագանձման 10․000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար Վաչագան Հակոբյանի կողմից վճարված պետական տուրքի գումար։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական այլ ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պայմաններում այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Վարդանուշ Բեժանյանից, Նառա և Նոնա Պարանյաններից հօգուտ Վաչագան Հակոբյանի համապարտության կարգով բռնագանձել 10․000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար Վաչագան Հակոբյանի կողմից վճարված պետական տուրքի գումար։
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Վ․ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
17․12․2024 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2024 թվականի դեկտեմբերի 17-ին գրավոր ընթացակարգով քննելով Վարդանուշ Բեժանյանի, Նառա ու Նոնա Պարանյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ Վարդանուշ Բեժանյանի (նաև որպես Շալիկո Պարանյանի իրավահաջորդի), Նառա և Նոնա Պարանյանների հայցի ընդդեմ Վաչագան Հակոբյանի` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, որոշել է վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյանները պահանջել են ճանաչել իրենց սեփականության իրավունքը Լոռու մարզի Աթան համայնքի թիվ 06-011-0005-0012 ծածկագրով հողամասի մեջ հաշվառված 184քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.04.2017 թվականի որոշմամբ Վաչագան Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 31.08.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2019 թվականի որոշմամբ Վարդանուշ Բեժանյանի, Նառա և Նոնա Պարանյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 31.08.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2020 թվականի որոշմամբ Վարդանուշ Բեժանյանի, Նառա ու Նոնա Պարանյանների վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2019 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.10.2020 թվականի որոշմամբ Վարդանուշ Բեժանյանի (նաև որպես Շալիկո Պարանյանի իրավահաջորդի), Նառա և Նոնա Պարանյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 31.08.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վարդանուշ Բեժանյանը, Նառա և Նոնա Պարանյանները (ներկայացուցիչ Ա. Ոսկանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 52-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 61-րդ հոդվածի 2-րդ մասը, 66-րդ հոդվածն ու 379-րդ հոդվածը։
Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքին և հիմնավորումներին:
Վերաքննիչ դատարան անտեսել է, որ հայցվորների կողմից վիճարկվող հողամասը թիվ ԼԴ/0776/02/11 քաղաքացիական գործով կայացված վճռով չի ներառվել ժառանգական զանգվածի մեջ, և նշված գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ դրանով հաստատվել է միայն այն փաստը, որ Վաչագան Հակոբյանն ընդունել է Հերիքնազ Հակոբյանի ժառանգությունը, իսկ ժառանգական զանգվածի մեջ մտնող որևէ գույքի, այդ թվում՝ վիճելի 184քմ հողամասի վերաբերյալ որևէ հաստատված փաստական հանգամանք առկա չէ:
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող՝ Լոռու մարզի Աթան համայնքի 005-011 ծածկագրով անշարժ գույքը քարտեզագրման ժամանակ գծագրված է սխալներով: Մասնավորապես՝ քարտեզագրման ժամանակ հայցվորների կողմից օգտագործվող և ցանկապատված 184քմ հողատարածքը քարտեզագրողի կողմից սխալմամբ հաշվառվել է պատասխանող Վաչագան Հակոբյանի անվամբ Լոռու մարզի Աթան համայնքի 005-012 ծածկագրով (ներկայումս՝ 06-011-0005-0012 ծածկագրով) հողամասի մեջ: Ընդ որում, հայցվորների կողմից օգտագործվող և ցանկապատված 184քմ հողատարածքը թեև սխալմամբ հաշվառվել է պատասխանող Վաչագան Հակոբյանի անվամբ Լոռու մարզի Աթան համայնքի 005-012 ծածկագրով (ներկայումս՝ 06-011-0005-0012 ծածկագրով) հողամասի մեջ, սակայն նշված 184քմ հողատարածքի նկատմամբ Վաչագան Հակոբյանի սեփականության իրավունքի գրանցում կատարված չէ: Նշված 184քմ հողատարածքը չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն, այն համարվում է քաղաքացու սեփականություն համարվող հողամաս, սակայն թե որ քաղաքացու՝ պետք է որոշվի դատական ակտով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հայցվորները ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, այն է՝ օրենքի ուժով, Լոռու մարզի Աթան համայնքի 005-012 ծածկագրով (ներկայումս՝ 06-011-0005-0012 ծածկագրով) հողամասի մեջ սխալմամբ հաշվառված վիճելի 184 քմ հողամասի նկատմամբ ձեռք են բերել սեփականության իրավունք: Ընդ որում, մինչև հայցվորների իրավանախորդի կողմից վիճելի հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու պահը այն հանդիսացել է պետական սեփականություն, իսկ սեփականության իրավունք ձեռք բերելու պահին վիճելի հողամասը չի հանդիսացել պատասխանողի իրավանախորդի սեփականությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 02.10.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (…):
Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով դատական ակտի նախադատելիության հարցին, նշել է, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին։
Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք։ Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում։ Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա։ Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս (տե՛ս «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ զարգացնելով վերը նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ ընդհանուր կանոնի համաձայն` նախադատելիությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ սահմաններ: Նախադատելիության օբյեկտիվ սահմանները կազմում են այն փաստական հանգամանքները, որոնք հաստատվել են ավելի վաղ քննված գործով օրինական ուժի մեջ մտած վճռով:
Նախադատելիության սուբյեկտիվ սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմի նպատակն է պարզեցնել ապացուցման գործընթացը, այն է՝ միևնույն փաստը մեկ անգամ մեկ այլ դատարանի կողմից հաստատված լինելու դեպքում կողմերին և դատարանին ազատել այդ փաստերը հաստատելու գործընթացը կրկին կատարելու բեռից: Ընդ որում, նախադատելիության կիրառման համար օրենսդիրը կարևորել է այն հանգամանքը, որ նոր քննվող գործը վերաբերի միևնույն անձանց միջև վեճին:
ՀՀ վճռաբեկ դատարանը ընդգծել է նաև, որ նախադատելիության ինստիտուտը կարևոր նշանակություն ունի դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես՝ այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը` ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման (տե՛ս Մանյա Մանուկյանն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության սուբյեկտիվ սահմանները որոշվում են գործին մասնակցող անձանց շրջանակով, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքները նոր կայացվող դատական ակտ կարող են ներմուծվել միայն, եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և նոր կայացվող դատական ակտով գործին մասնակցող անձինք նույնն են: Նախադատելիության ինստիտուտի կիրառումն անթույլատրելի է այն դեպքերում, երբ սկզբնական և հաջորդող գործերում գործին մասնակցող անձանց շրջանակը համընկնում է մասնակիորեն (տե'ս Վահագն Ղազարյանն ընդդեմ Լուսինե և Սոնա Մխիթարյանների և մյուսների թիվ ԿԴ1/0063/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ նախադատելիության առանձնահատկությունը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությամբ, ինչը կարևոր նշանակություն ունի լայն իմաստով քաղաքացիական հարաբերությունների կայունության համար (տե՛ս Համլետ Կարապետյանն ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի, Նունե Նասոյանի, Էդվարդ Ստեփանյանի և Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի և հակընդդեմ հայցով Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանն ընդդեմ Համլետ Կարապետյանի, Հասմիկ, Արամ Բունիաթյանների, երրորդ անձինք Արմեն Ստամբոլցյանի, Նունե Նասոյանի, Էդվարդ Ստեփանյանի թիվ ԵՄԴ/1776/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ քաղաքացիական գործի քննության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է պարզ և հստակ ապացուցման գործընթացը: Այդ գործընթացը հնարավորինս պարզեցնելու, գործին մասնակցող անձանց և դատարանին անհարկի չծանրաբեռնելու նպատակով օրենսդիրը սահմանել է դեպքեր, երբ գործի քննության ընթացքում որոշակի փաստեր որոշակի հանգամանքներում անհրաժեշտ չէ ապացուցել: Այդպիսի ապացուցում չպահանջող փաստերի շրջանակին են դասվում նախադատելի փաստերը (տե՛ս Արա Բաղդասարյանն ընդդեմ Նարինե Հակոբյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Սվետլանա ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերադաս դատական ատյանի սահմանած ծավալով գործի նոր քննության իրականացման հարցին, արձանագրել է, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Այդ դատողությունների և եզրահանգումների բնույթը չի կարող լինել սահմանափակված միայն դատավարական իրավունքի կամ միայն նյութական իրավունքի նորմերի կիրառման շրջանակով: Բողոքի ցանկացած հիմքի և դրանում ներառված ցանկացած փաստարկի վերաբերյալ դատարանի եզրահանգումները կարող են պայմանավորել գործի նոր քննության սահմանները: Հետևաբար, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում) (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի թիվ ՎԴ3/0011/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Գտնում եմ, որ սույն գործով Վճռաբեկ դատարանի 17․12․2024 թվականին կայացված որոշմամբ հայտնած դիրքորոշումները չեն բխում սույն գործի փաստական հանգամանքներից հետևյալ պատճառաբանությամբ․
Այսպես՝ սույն գործի փաստերի համաձայն՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1448107 վկայականի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-011-4-1 մատյանի 083 համարի տակ Լոռու մարզի Աթան համայնքի 2-րդ փողոց, 25 հասցեում գտնվող անհատական բնակելի տունը, 0,102հա տնամերձ հողամասը և կից կառույցները սեփականության իրավունքով գրանցված են Շալիկո Պարանյանի, Վարդանուշ Բեժանյանի, Նառա Պարանյանի և Նոնա Պարանյանի անունով (կադաստրային համարը` 06-011-005-000011-001)։
Կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 19.05.2011 թվականին Շ. Պարանյանին և Վաչագան Հակոբյանին ուղղված թիվ ԴԹ-1225 ելքային համարով գրության համաձայն՝ ի պատասխան վերջիններիս դիմումների հայտնվել է, որ չափագրումների ժամանակ 005-012 և 005-011 ծածկագրերով սահմանակից հողամասերի օգտագործողների միջև առաջացած սահմանային վեճի պատճառով դադարեցվել են չափագրումները։
Չափագրողի կողմից կազմված «Եզրակացության» և Կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից Շալիկո Պարանյանին ուղղված 17.06.2011 թվականի թիվ ԴԹ-1296 ելքային համարով և 21.06.2011 թվականի թիվ ԴԹ-1299 ելքային համարով գրությունների համաձայն՝ ներկայացվել են Լոռու մարզի Աթան համայնքում գտնվող 005-012 և 005-011 ծածկագրերով անշարժ գույքերին վերաբերող կատարված չափագրումների, քարտեզում գծագրված մակերեսների վերաբերյալ տեղեկություններ, պարզաբանվել են առկա սխալի, այն ուղղելու, հողամասերի վերջնական մակերեսների վերաբերյալ տվյալներ։
Կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավարի կողմից 06.03.2012 թվականին նույն աշխատակազմի ներքին վերահսկողության վարչության պետին ուղղված տեղեկանքի համաձայն՝ հայտնվել է, որ 06-011-0005-0011 ծածկագրի տակ գտնվող գոմը սխալմամբ քարտեզագրված է եղել 0005-0012 ծածկագրի տակ, առաջին պետական գրանցման ժամանակ կատարվել է համապատասխան ուղղում, և սեփականության իրավունքի պետական գրանցում է ստացել 0005-0011 ծածկագրի տակ, արդյունքում հողամասի մակերեսը 0.0936հա դարձել է 0.102հա։
Կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավարի կողմից 02.04.2012 թվականին նույն աշխատակազմի ներքին վերահսկողության վարչության պետին ուղղված տեղեկանքի համաձայն՝ տեղեկացվել է, որ կատարված չափագրումների արդյունքում արձանագրված տվյալների հիման վրա սեփականության իրավունքի թիվ 1448107 վկայականում որևէ փոփոխություն չի կատարվել: Միաժամանակ հայտնվել է, որ չափագրման տվյալների եզրակացության հիման վրա նոր գրանցում, ինչպես նաև գրանցման փոփոխություններ չեն կատարվել։
Թիվ ԼԴ/0776/02/11 քաղաքացիական գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.12.2011 թվականին կայացրած վճռով բավարարվել է Վաչագան Մանթաշի Հակոբյանի դիմումը՝ վճռվել է. Հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Վաչագան Մանթաշի Հակոբյանն ընդունել է Հերիքնազ Պողոսի Հակոբյանի ժառանգությունը։
Թիվ ՎԴ6/0227/05/12 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 09.12.2022 թվականին կայացրած վճռով Վաչագան Մանթաշի Հակոբյանի հայցը բավարարվել է՝ վճռվել է. Անվավեր ճանաչել` Լոռու մարզի Աթան համայնքի ղեկավարի` 20.04.2012թ. N 4 որոշման 1-ին և 2-րդ կետերը` հողահատկացման հիմքերը վերականգնելու մասով։
ՀՀ ոստիկանության ԼՄՎ Թումանյանի բաժնի պետ Ժ/Պ Ա. Տիտանյանի կողմից 16.06.2012թ. հաստատված` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման համաձայն՝ Շալիկո Պարանյանի դիմումի վերաբերյալ նախապատրաստված նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը` հանցագործության դեպքի բացակայության հիմքով։
Մահվան թիվ 169510 վկայականի համաձայն՝ Շալիկո Պարանյանը մահացել է 25.04.2016 թվականին, որի մասին Թումանյանի ՔԿԱԳ տարածքային բաժնում՝ մահվան ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 188 ակտային գրանցումը։
Դատարանի արձանագրային որոշմամբ գործով որպես հայցվոր Շալիկո Պարանյանի իրավահաջորդ է ներգրավվել Վարդանուշ Բեժանյանը։
06.06.2016 թվականին «Թումանյան» տարածքային նոտար Ա. Մաղաքյանին հասցեագրված դիմումի համաձայն՝ Վարդանուշ Բեժանյանը դիմել է ամուսնու` Շալիկո Պարանյանի մահից հետո մնացած ժառանգությունն ընդունելու մասին գրությամբ։
06.06.2016 թվականին «Թումանյան» նոտարական տարածքի նոտար Ա. Մաղաքյանին հասցեագրված` ժառանգությունից հրաժարվելու մասին դիմումների համաձայն՝ Նառա և Նոնա Պարանյանները հրաժարվել են Շալիկո Պարանյանի մահից հետո մնացած՝ իրենց հասանելիք ժառանգությունից։
«Թումանյան» նոտարական տարածքի նոտար Ա. Մաղաքյանի կողմից 27.04.2015 թվականին հաստատված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Հերիքնազ Հակոբյանի մահից հետո նրա գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Վաչագան Հակոբյանը: Ժառանգական գույքը բաղկացած է Լոռու մարզի Աթան համայնքում գտնվող՝ հանգուցյալին պատկանող 0.184 հա հողամասից, որի վրա առկա է բնակելի տուն՝ օժանդակ շինություններով։
Դատարանը մերժել է հայցը` պատճառաբանելով, որ Լոռու մարզի Աթան համայնքում գտնվող թիվ 06-011-005-012 կադաստրային ծածկագրի մեջ հաշվառված 184քմ մակերեսով հողատարածքը սեփականության իրավունքով պատկանում է Վաչագան Հակոբյանին, իսկ գործի նյութերում բացակայում է նշված կադաստրային ծածկագրի մեջ հաշվառված անշարժ գույքից Վաչագան Հակոբյանի մեկուսանալու, հրաժարվելու կամ այդ անշարժ գույքի նկատմամբ հայցվորների սեփականության հիմքերի առաջացման մասին որևէ գրավոր ապացույց: Բացի այդ, Դատարանն արձանագրել է, որ հայցվորները չեն հիմնավորել Լոռու մարզի Աթան համայնքում գտնվող 005-011 ծածկագրով անշարժ գույքը սխալներով գծագրված լինելու, հողատարածքի չափագրումը, հաշվառումը սխալ վարչական գործողությունների հետևանք և հայցվորների սեփականության իրավունքի ծագման հիմք հանդիսանալու հանգամանքները: Միաժամանակ Դատարանը, վկայակոչելով թիվ ԼԴ/0776/02/11 քաղաքացիական գործով և թիվ ՎԴ6/0227/05/12 վարչական գործով վճիռները, դրանք գնահատելով սույն գործի համար նախադատելի, արձանագրել է, որ հայցվորների կողմից վիճարկվող հողամասը թիվ ԼԴ/0776/02/11 քաղաքացիական գործով կայացված վճռի ուժով ներառվել է Հերիքնազ Հակոբյանի ժառանգական զանգվածի մեջ։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 31.01.2019 թվականի որոշմամբ մերժել է հայցվորների վերաքննիչ բողոքը այն պատճառաբանությամբ, որ. «սույն գործով Վաչագան Հակոբյանի դեմ ուղղված և 22.03.2016 թվականին Դատարան ներկայացված հայցի հիմքում հայցվորները դրել են այն փաստը, որ իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի քարտեզագրման ժամանակ քարտեզագրողի կողմից թույլ է տրվել սխալ, մասնավորապես` իրենց կողմից օգտագործվող և իրենց ցանկապատած Հողամասը հաշվառվել է պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող գույքի կազմում` այդ գույքի ծածկագրով, ընդ որում, և՛ հայցադիմումում, և՛ վերաքննիչ բողոքում հայցվորները շարունակաբար ժխտել են Հողամասի նկատմամբ պատասխանողի սեփականության իրավունքի առկայությունը, որպիսի փաստը և 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ գործը ներկայացված հայցի շրջանակներում քննելու կանոն սահմանող 3-րդ հոդվածը բացառում են Վաչագան Հակոբյանին սույն գործով ներկայացված հայցի շրջանակներում պատշաճ պատասխանող համարելու իրավաչափ հնարավորությունը, ինչն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ բողոքի հիմքերն ու հիմնավորումները չեն կարող պայմանավորել գործի քննության այլ ելք, քան ոչ պատշաճ պատասխանողի դեմ հարուցված հայցի մերժումն է, ուստի այդ փաստարկներից յուրաքանչյուրին անդրադառնալու դատավարական անհրաժեշտությունը բացակայում է։ Ամփոփելով ասվածը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այս եզրահանգումն իր հերթին բացառում է բողոքարկված վճիռը բեկանելու վերաբերյալ բողոք բերած անձի պահանջի բավարարումը, ուստի այդ պահանջը ենթակա է մերժման»։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2020 թվականի որոշմամբ Վարդանուշ Բեժանյանի, Նառա և Նոնա Պարանյանների վճռաբեկ բողոքը բավարարվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության՝ հետևյալ պատճառաբանությամբ. «(...) սույն գործով Դատարանի՝ 31.08.2018 թվականի վճռի դեմ Համահայցվորների ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում առկա չէ որևէ փաստարկ Վաչագան Հակոբյանի պատշաճ պատասխանող լինելու հարցի վերաբերյալ: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների շրջանակից՝ վերաքննության օբյեկտ դարձնելով ոչ թե Դատարանի 31.08.2018 թվականի վճիռը՝ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակում, այլ՝ գործն ընդհանրապես: Արդյունքում` քննության ենթարկելով միայն Վաչագան Հակոբյանի պատշաճ պատասխանող լինելու հարցը և բացառելով բողոքի պահանջը որևէ կերպ բավարարելու հնարավորությունը՝ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առանձնահատկությունները: Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գնահատելով Վաչագան Հակոբյանի պատշաճ պատասխանող լինելու հանգամանքը՝ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննության սահմաններից՝ նկատի ունենալով, որ համահայցվորների վերաքննիչ բողոքը բերվել է բոլորովին այլ հիմքերով և հիմնավորումներով, որոնց շարքում առկա չէ Վաչագան Հակոբյանի պատշաճ պատասխանող լինելու հարցի վերաբերյալ որևէ փաստարկ: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև հավելել, որ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, միաժամանակ չի անդրադարձել վերաքննիչ բողոքի որևէ հիմքի և հիմնավորման` այդ կերպ զրկելով վերաքննիչ բողոք ներկայացրած անձին բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից` իմաստազրկելով վերաքննության կարգով բողոքարկման ինստիտուտի էությունը»։
Վերաքննիչ դատարանը 02.10.2020 թվականի որոշմամբ մերժել է Վարդանուշ Բեժանյանի, Նառա և Նոնա Պարանյանների վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ «(...) Հայցվորների կողմից Դատարան ներկայացված՝ որպես իրենց վկայակոչած փաստերը հավաստող ապացույցների, այդ թվում և վերաքննիչ բողոքում բերված չորրորդ փաստարկում նշված ապացույցների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանք թե՛ Դատարանի և թե՛ Վերաքննիչ դատարանի համար որևէ կերպ չեն կարող հիմք հանդիսանալ Հողատարածքի նկատմամբ հայցվորների ակնկալած սեփականության իրավունքը ծագած լինելու փաստը հաստատված համարելու և այդ հիմքով նշված հողամասի նկատմամբ հայցվորների սեփականության իրավունքը ճանաչելու համար: Բանն այն է, որ թիվ ԼԴ/0076/02/11 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 22.12.2011թ. կայացրած վճիռը օրինական ուժ ստացած լինելու փաստի ուժով իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում երաշխավորված է կայունությամբ, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելիություն), ենթադրում է նաև այդպիսի դատական ակտի պարտադիրություն: Պարտադիրության հատկանիշն անմիջականորեն բխում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի իրավակարգավորումից և ենթադրում է, որ դատական ակտի հասցեատեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն այլ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում։ Վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վեճի առարկա Հողատարածքը պատասխանողին ժառանգաբար անցած լինելու և այդ հիմքով նոտարի կողմից վերջինիս ժառանգության իրավունքի վկայագիր տրված լինելու հարցի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի պայմաններում անհիմն է Հողատարածքի նկատմամբ Վաչագան Հակոբյանի սեփականության իրավունքը գրանցված չլինելու վերաբերյալ բողոքում բերված փաստարկը՝ նկատի ունենալով, որ Քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման: Բացի վերոգրյալից՝ թիվ ՎԴ6/0227/05/12 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կայացրած վճռով բավարարվել է սույն գործով պատասխանող Վաչագան Հակոբյանի հայցադիմումը, և անվավեր է ճանաչվել Լոռու մարզի Աթան համայնքի ղեկավարի՝ 20.04.2012թ. թիվ 4 որոշման 1-ին և 2-րդ կետերը՝ հողհատկացման հիմքերը վերականգնելու մասով, իսկ ամբողջ գործի քննության ժամանակ հայցվորների կողմից չի վիճարկվել վարչական ակտի իրավաչափությունը: Դատական ակտի պարտադիրության վերաբերյալ վերոնշյալ դիրքորոշման համատեքստում Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարում Դատարանի եզրահանգումներն առ այն, որ գործով այլ բան ապացուցված չլինելու պարագայում Դատարանն արձանագրում է, որ Լոռու մարզի Աթան համայնքում գտնվող թիվ 06-011-005-012 կադաստրային ծածկագրի մեջ հաշվառված Հողատարածքը սեփականության իրավունքով պատկանում է Վաչագան Հակոբյանին, իսկ գործի նյութերում բացակայում է նշված կադաստրային ծածկագրի մեջ հաշվառված անշարժ գույքից Վաչագան Հակոբյանի մեկուսանալու, հրաժարվելու կամ այդ անշարժ գույքի նկատմամբ հայցվորների սեփականության հիմքերի առաջացման մասին որևէ գրավոր ապացույց: (...)»։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ հարկ եմ համարում արձանագրել հետևյալը.
Ըստ էության, Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններից հետևում է, որ սույն գործով վեճի առարկա հողամասը ներառված է եղել Հերիքնազ Հակոբյանի ժառանգական զանգվածում և, ի թիվս այլնի, պատասխանողին անցել է ժառանգաբար, ինչը հաստատված է համարվել օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով։
Փաստորեն, Վերաքննիչ դատարանը սույն գործով նախադատելի է համարել թիվ ԼԴ/0776/02/11 քաղաքացիական գործով կայացված դատական ակտն այնքանով, որքանով իրավաչափ է համարել սույն գործով Դատարանի՝ թիվ ԼԴ/0776/02/11 քաղաքացիական գործով կայացված դատական ակտը նախադատելի լինելու վերաբերյալ եզրահանգումը։
Մինչդեռ, թիվ ԼԴ/0776/02/11 քաղաքացիական գործով Վաչագան Հակոբյանը հանդես է եկել որպես դիմող՝ պահանջելով հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող՝ Հերիքնազ Հակոբյանի ժառանգությունն ընդունելու փաստը: Թիվ ԼԴ/0776/02/11 քաղաքացիական գործը քննվել է հատուկ վարույթի կարգով, ընդ որում, գործով կայացված դատական ակտի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ դրանով բացառապես հաստատվել է փաստն առ այն, որ Վաչագան Հակոբյանն ընդունել է Հերիքնազ Հակոբյանի ժառանգությունը։
Սույն գործով հայցվորները թիվ ԼԴ/0776/02/11 քաղաքացիական գործով գործին մասնակցող անձ չեն հանդիսացել, որպիսի պայմաններում բացակայում է նախադատելիության ինստիտուտի կիրառման թույլատրելիության համար անհրաժեշտ՝ սկզբնական և հաջորդող գործերով գործին մասնակցող անձանց շրջանակի համընկնման պայմանը: Վերոգրյալը վերաբերում է նաև թիվ ՎԴ6/0227/05/12 վարչական գործով հաստատված հանգամանքներին, քանի որ նշված վարչական գործով Վաչագան Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Լոռու մարզի Աթան համայնքի ղեկավարի, և սույն գործով հայցվորները վկայակոչված վարչական գործով ևս գործին մասնակցող անձինք չեն հանդիսացել։
Վերոշարադրյալի հիման վրա հարկ եմ համարում արձանագրել, որ թիվ ԼԴ/0776/02/11 քաղաքացիական և թիվ ՎԴ6/0227/05/12 վարչական գործերով հաստատված փաստական հանգամանքները սույն գործով նախադատելի նշանակություն ունենալ չեն կարող՝ նախադատելիության սուբյեկտիվ սահմանների, այն է՝ հիշատակված գործերով գործին մասնակցող անձանց շրջանակի համընկնման պայմանի բացակայության հիմքով:
Վերոգրյալից հետևում է, որ նշված դատական ակտերը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է գնահատվեին ոչ թե որպես նախադատելի դատական ակտեր, այլ որպես դատավարական օրենքով նախատեսված ապացույցներ, որոնց հետազոտումն ու պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում գնահատումը միայն կարող էին պայմանավորել վիճելի՝ սույն դեպքում՝ հողամասի նկատմամբ պատասխանողի սեփականության իրավունքի ճանաչված լինելու փաստի հաստատումը։
Հարկ եմ համարում արձանագրել, որ ինչպես թիվ ԼԴ/0776/02/11, այնպես էլ թիվ ՎԴ6/0227/05/12 գործերով վիճելի հողամասի նկատմամբ պատասխանողի իրավանախորդի սեփականության իրավունք ճանաչված չէ, և գործում բացակայում է որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց, որը հաստատում է սույն գործով պատասխանողի սեփականության իրավունքը վիճելի հողամասի նկատմամբ։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը պետք է եզրահանգեր, որ թիվ ԼԴ/0776/02/11 քաղաքացիական գործով հաստատվել է անձի ժառանգություն ընդունելու վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, որի մեջ, սակայն, սույն գործով վեճի առարկան ժառանգական զանգվածում ներառված չէ։
Սույն գործով պատասխանող Հերիքնազ Հակոբյանը ընդունել է ժառանգությունը և կարող է վիճելի հողատարածքի գործով հանդես գալ որպես պատասխանող։
Տվյալ գործով վիճելի հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը չի ճանաչվել և այն ներառված չէ ժառանգական զանգվածում։
Թիվ ՎԴ6/0227/05/12 վարչական գործը վերաբերվում է Լոռու մարզի Աթան համայնքի ղեկավարի 20.04.2012 թվականի թիվ 4 որոշումը մասնակի անվավեր ճանաչելուն այն իրավական հիմքով, որ համայնքի ղեկավարը գերազանցել է իր լիազորությունները։ Վարչական դատարանի տվյալ վճռով ևս պատասխանող Վաչագան Հակոբյանի ժառանգական զանգվածի առնչությամբ վիճելի հողատարածքի սեփականության իրավունք չի ճանաչվել և այն չի ներառվել ժառանգական զանգվածում, որին կարող էր հավակնել Վաչագան Հակոբյանը, հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցապահանջը մերժվել էր՝ հիմք ընդունելով պատասխանողի սեփականության իրավունքը դատական ակտերով ճանաչված լինելու հանգամանքով, որը իմ կարծիքով հաստատված չէ, գործը պետք է ամբողջ ծավալով ուղարկվեր ստորադաս դատարան՝ նոր քննության։
Այսպիսով, գտնում եմ, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար` նկատի ունենալով, որ ստորադաս դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես՝ առանց գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացույցների պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտման ու գնահատման հաստատված է համարել գործի ելքը պայմանավորող որոշակի փաստական հանգամանքներ՝ խախտելով բողոքաբերի դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրորեն երաշխավորված իրավունքները:
Հետևաբար անհրաժեշտ էր վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Դատավոր` |
Էդ. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական: