Գլխավոր տեղեկություն
Номер
N 117-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.02.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.02.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
06.02.2025
Дата вступления в силу
16.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2025 թվականի N 117-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 9 և N 17 հավելվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաuտանի Հանրապետության oդանավակայաններում անցագրային և ներoբյեկտային վերահuկողության կարգը հաստատելու մասին» N 1142-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով սահմանվում են օդանավակայանների վերահսկելի, հատուկ վերահսկելի և արտաքին վերահսկելի գոտիներ: Օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում վերահսկողությունն իրականացնում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունները, իսկ արտաքին վերահսկելի գոտում` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունը սահմանվում է օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների անցագրեր կրող անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ ավիացիոն անվտանգության պահանջների ապահովման նպատակով։».

2) 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ՝ գլխավոր վարչություն)» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ կոմիտե)» բառերով.

3) ամբողջ տեքստում «գլխավոր վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «կոմիտե» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով, իսկ «գլխավոր վարչության պետ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «կոմիտեի նախագահ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

4) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Օդանավակայանի տարածքը շրջափակող պարիսպները պետք է գտնվեն շուրջօրյա հսկողության ներքո` մշտական կամ ժամանակավոր պահակակետերի միջոցով պահպանության իրականացման, ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պարեկային խմբի կամ տրանսպորտային միջոցներով շրջագայության կատարման, տեսահսկման և պահպանության ազդանշանային համակարգերով մշտական հսկողության իրականացման միջոցով:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով՝

«14.1. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում առանձնացվում են ավիացիոն անվտանգության տեսանկյունից առավել ռիսկային տեղամասերը, որտեղ բացի մուտքի վերահսկողությունից կիրառվում են նաև ավիացիոն անվտանգության ապահովման այլ միջոցառումներ։».

6) 16-րդ կետում «անձանց մուտքը (ելքը) ֆիքսող տեխնիկական համակարգով» բառերը փոխարինել «մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգերով, տեսահսկման համակարգերով» բառերով.

7) 17-րդ կետը «հրապարակով,» բառից հետո լրացնել «հատուկ վերահսկելի գոտի մուտք գործող» բառերով.

8) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«18. Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների մուտքերի հսկիչ-անցագրային կետերը և դրանց հարակից տարածքները գիշերային ժամերին պետք է լուսավորվեն: Այն հսկիչ-անցագրային կետը, որը շուրջօրյա չի աշխատում կամ ժամանակավորապես չի գործում, պետք է լինի մշտապես փակ վիճակում և հսկվի օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պարեկային խմբի կամ տրանսպորտային միջոցներով շրջագայության իրականացման, ինչպես նաև տեսահսկման համակարգերով մշտական հսկողության իրականացման միջոցով:».

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին կետով՝

«18.1. «Զվարթնոց» օդանավակայանի վերահսկելի գոտում գտնվող կոմիտեի շենքի, «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) շենքերի ու շինությունների, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտում գտնվող ընկերության շինությունների և ենթակառուցվածքների պահպանությունը, ինչպես նաև ընկերության՝ Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում գտնվող շինությունների և ենթակառուցվածքների պահպանությունն իրականացվում է ընկերության անվտանգության ծառայության կողմից՝ պահակակետային ծառայության, պարեկային խմբի կողմից, տեսահսկման և պահպանության ազդանշանային համակարգերով մշտական հսկողության իրականացման միջոցով:».

10) 22-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունից հանել «և հայրանունը» բառերը.

11) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«24. Օդանավակայանների գործադիր մարմիններն օդանավակայաններում կիրառվող անցագրերի տրամադրման և անցագրային վերահսկողության իրականացման կարգը ներկայացնում են կոմիտե` հաստատման: Այն հաստատվում է կոմիտեի նախագահի հրամանով` ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից ուսումնասիրությունների արդյունքում կազմված եզրակացության հիման վրա։».

12) 25-րդ կետը «պատճենը:» բառից հետո լրացնել հետևյալ պարբերությամբ՝

«Հայտին կից պետք է ներկայացվեն լաբորատոր-ախտորոշիչ` թունաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական հաստատության կողմից տրամադրված տեղեկանքը` անցագրի ստացման համար դիմած անձի օրգանիզմում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի (մարիխուանա, մեթամֆետամին, ափիոն) առկայության կամ բացակայության մասին:

Հայտում նշված անձի կամ անձանց մոտ` սույն կետում նշված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից որևէ մեկի առկայության մասին, ինչպես նաև հոգեբուժական հաստատության կողմից հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հաշվառման վերաբերյալ տեղեկանքների առկայության դեպքում՝ անցագիր չի տրամադրվում, իսկ տրամադրված անցագիրը հետ է վերցվում: Համապատասխան բժշկական հաստատությունների կողմից տրամադրվող տեղեկանքները հայտին կից ներկայացվում են՝ առաջին անգամ անցագրի ստացման նպատակով հայտ ներկայացնելիս, ինչպես նաև յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ նոր անցագրի ստացման կամ այն փոխարինելու դեպքում։

Սույն կետի պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների աշխատակիցների վրա։».

13) լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին և 25.2-րդ կետերով՝

«25.1. Առանց ուղեկցման մուտքի անցագրերի վրա օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիները պետք է նշագրվեն թվային կարգով: Մուտք դեպի նման տարածքներ պետք է թույլատրվի միայն այն դեպքում, երբ այն անհրաժեշտ է անձին ծառայողական պարտականությունների կատարման համար:

25.2. Օդանավակայանի անցագրի հայտի տրման ընթացակարգը կախված է տրամադրվող անցագրի տեսակից: Օդանավակայանի տարածքում օրենքով իրենց վերապահված գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կամ նրանց ստորաբաժանումների ղեկավարները, օդանավ շահագործողների տնօրենները, ինչպես նաև օդանավակայանների տարածքներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները (այսուհետ՝ գործատու) օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների մուտքի մշտական կամ ժամանակավոր անցագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տնօրինությանն են ներկայացնում հայտ՝ կցելով անձի/անձանց աշխատանքային պարտականությունների նկարագրությունը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, մուտքի թույլտվության անհրաժեշտության հիմնավորումը, անձի/անձանց անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, մեկ լուսանկար 3X4 չափսի, համապատասխան գոտու կամ կետի մուտք գործելու անհրաժեշտության հիմնավորումը։ Իսկ տրանսպորտային միջոցների անցագիր տրամադրելու հայտ ներկայացնելու դեպքում՝ նաև տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճենը:».

14) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«27. Անձանց և տրանսպորտային միջոցներին տրամադրվող օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների մուտքի անցագրերը հանդիսանում են խիստ հաշվառման ենթակա փաստաթղթեր: Դրանց ձևանմուշները, պատրաստված, բայց դեռևս աշխատողներին չտրամադրված անցագրերը, պլաստիկ քարտերը, ինչպես նաև դիմող անձանց նախապատմության ստուգման արդյունքները, անձանց օրգանիզմում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկանքը, օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության անցագրային բաժնի կողմից պետք է հաշվառվեն և պահպանվեն մետաղյա չհրկիզվող պահարաններում:».

15) 27.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«27.2. Սույն կարգի 33-րդ և 34-րդ կետերով սահմանված անցագրերը պետք է տրամադրվեն միայն այն անձանց, որոնց համար գործատուն դիմել է հայտով: Անցագիր տրամադրող ավիացիոն անվտանգության ծառայության անցագրային բաժնի աշխատողը մինչև անցագրի տրամադրումը կատարում է՝ անցագիր ստացող անձի փաստաթղթերի (անձնագիր կամ նույնականացման քարտ) և անձի նույնականացում, հրահանգավորում անցագրի կրման և օգտագործման պայմանների վերաբերյալ, իսկ անցագիր ստացող անձը ստորագրում է հրահանգավորման թերթիկում և անցագրերի հատկացման մատյանում, որոնց ձևերը սահմանվում են օդանավակայանի կառավարչի կողմից: Անցագրերը տրամադրվում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում անցագրերի կրման պայմանների վերաբերյալ դասընթացներին մասնակցությունից հետո։».

16) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«28. Մշտական անցագրերը տրվում են մինչև երկու տարի ժամկետով: Անցագրերը ենթակա են փոփոխման դրանց ժամկետը լրանալուց հետո: Օդանավակայանի անցագրի կորստի դեպքում՝ անցագիր ստացած անձի գործատուն պետք է Հայաստանի Հանրապետության համապատասխան օդանավակայանի տնօրինությանն անհապաղ տեղեկացնի անցագրի կորստի վերաբերյալ՝ նշելով մանրամասները:

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների կամ միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների մշտական անցագրեր տրվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության հայտի հիման վրա՝ փոխադարձության սկզբունքով։».

17) լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին և 28.2-րդ կետերով՝

«28.1. Կորած կամ անձին տրամադրված անցագրի վրա նշված տվյալներից որևէ մեկի անընթեռնելիության (այսուհետ՝ անընթեռնելի անցագիր) դեպքում, դրանց հաշվառման նպատակով օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության անցագրային բաժնի աշխատողի կողմից կատարվում են գրանցումներ անցագրերի համակարգչային բազայում և անցագրերի տրման մատյաններում՝ մուտքագրելով կորած կամ անընթեռնելի անցագրերի տվյալները: Անընթեռնելի անցագրերի դեպքում տրամադրվում են նոր անցագրեր միայն դրանք հետ վերադարձնելու դեպքում: Կորած կամ անընթեռնելի անցագրերի կրկնօրինակներ չեն տրամադրվում:

28.2. Կորած կամ անընթեռնելի անցագրերի փոխարեն նոր անցագրեր ստանալու նպատակով՝ անցագիր կրող անձի գործատուն սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 4 ձևի համաձայն ներկայացնում է հայտ: Ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավարը սույն կետով նախատեսված դեպքում նոր անցագիր հատկացնելու մասին որոշումը կայացնում է՝ օդանավակայանի տնօրինության հետ գրավոր ձևով համաձայնեցնելուց հետո:».

18) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«30. Հետ հանձնված և փոփոխված բոլոր տեսակի անցագրերը, ինչպես նաև դրանց ստացման հայտերի ձևաթղթերը պահպանվում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններում` մինչև 2 տարի ժամկետով, որից հետո դրանք ենթակա են ոչնչացման օրենսդրությամբ սահմանված կարգով:».

19) 31-րդ կետի «ա» ենթակետում «մեկանգամյա» բառը փոխարինել «ուղեկցվող այցելուի» բառերով.

20) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«33. Մշտական անցագրերն անձնական անցագրեր են: Դրանք մինչև երկու տարի ժամկետով տրվում են օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում մշտապես և կանոնավոր գործառույթներ իրականացնող օդանավակայանային ծառայությունների, պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողներին՝ սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 1 ձևի համաձայն:».

21) 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«35. Ուղեկցվող այցելուի անցագրերը (N 3 հավելված) տրվում են օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ մեկ անգամ մուտք գործելու համար և գործում են ստանալու պահից մեկ օրվա ընթացքում` մինչև այդ գոտիներում գտնվելու նշված ժամկետի ավարտը: Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի մեկ անգամ մուտք գործելու համար տրվող ուղեկցվող այցելուների անցագրերը, ինչպես նաև օդանավակայանների վերահսկելի գոտիներ մեկ անգամ մուտք գործելու համար չուղեկցվող այցելուներին տրվող անցագրերը հանդիսանում են մեկանգամյա անցագրեր.

1) ուղեկցվող այցելուներն այն անձինք են, որոնց կազմակերպության կողմից սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 4 ձևի համաձայն ներկայացրած հայտի հիման վրա տրվում է օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մեկ անգամ մուտք գործելու իրավունք, որը գործում է ստանալու պահից մինչև հատուկ վերահսկելի գոտում գտնվելու նշված ժամկետի ավարտը։ Ուղեկցվող այցելուներին օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործելու պահից մինչև այդ գոտիներից դուրս գալը՝ ուղեկցում են այցելուի մուտքի թույլտվության համար հայտ ներկայացրած կազմակերպության այն աշխատողները, որոնք ունեն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի մշտական անցագիր, իսկ նրանց բացակայության դեպքում` ըստ անհրաժեշտության, այցելուների ուղեկցումը կարող է իրականացվել օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի կողմից.

2) չուղեկցվող այցելուներն օդանավակայանի վերահսկելի գոտի և բեռնային համալիրի տարածք աշխատանքային գործառույթների իրականացման նպատակով կազմակերպությունների ղեկավարների հայտի կամ մեկանգամյա չուղեկցվող այցելուի անցագիր բացելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց հեռախոսազանգի հիման վրա մուտքի իրավունք ստացած անձինք են, որոնց տրվում է օդանավակայանների անցագրային բաժնի կողմից չուղեկցվող այցելուի անցագիր՝ անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ, կացության քարտ, պետական կառավարման համակարգի մարմինների աշխատողների վկայականներ, վարորդական իրավունք) հիման վրա՝ անձի նույնականացումից հետո։

Օդանավակայանների վերահսկելի գոտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները օդանավակայանների տնօրինություններին պետք է նախապես ներկայացնեն չուղեկցվող այցելուների ցուցակները՝ նշելով չուղեկցվող այցելուի տվյալները և մուտքի գոտին, ինչպես նաև ներկայացնեն հեռախոսազանգով մուտքի թույլտվություն տրամադրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցուցակները՝ նշելով կազմակերպության անվանումը, անձանց պաշտոնները և հեռախոսահամարները.

3) օդանավակայանների բեռնային համալիրի հատուկ վերահսկելի գոտու պահեստային տարածքներ մուտք գործելու համար ուղեկցվող այցելուի անցագրեր տրվում են նաև բեռնային համալիրի պահեստներ բեռներ հանձնելու նպատակով, տվյալ բեռի բեռնագրի և անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) հիման վրա՝ անձի զննման ընթացակարգեր անցումից հետո, իսկ բեռնային համալիրի վերահսկելի գոտու պահեստներ չուղեկցվող այցելուի անցագիր տրվում է պահեստներից բեռներ ստանալու իրավունք վերապահող փաստաթղթի՝ տվյալ բեռի բեռնագրի և անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ, կացության քարտ, պետական կառավարման համակարգի մարմինների աշխատողների վկայականներ, վարորդական իրավունք) հիման վրա։».

22) լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-ին, 35.2-րդ և 35.3-րդ կետերով՝

«35.1. Ուղեկցվող այցելուի անցագիր ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության օդանավակայանի տնօրենի անունով գրավոր հայտ է ներկայացվում՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 4 ձևի անցագիր ստանալուց առնվազն երկու օր առաջ։

Գրավոր հայտում նշվում են այն մարդկանց տվյալները (անուն, ազգանուն), ովքեր պետք է օգտագործեն ուղեկցվող այցելուի անցագրերը, այցի նպատակը, մուտքի ժամը, նրանց անձը հաստատող փաստաթղթի տեսակը (անձնագիր, զինգրքույկ, փախստականի վկայական, կացության քարտ, պետական կառավարման համակարգի մարմինների աշխատողների վկայականներ, վարորդական իրավունք, ավիացիայի թանգարան այցելող աշակերտների դեպքերում՝ նաև ծննդյան վկայականներ) և դրանց համարները, ինչպես նաև վերջիններիս հայտ ներկայացրած կազմակերպության ուղեկցող աշխատողի տվյալները (անուն, ազգանուն, պաշտոն):

35.2. Ուղեկցվող այցելուի անցագիրը տրամադրվում է միայն սույն կարգի 35.1-ին կետում նշված անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա: Ուղեկցվող այցելուի անցագիրը տրամադրվում է հայտ ներկայացրած կազմակերպության աշխատողի ներկայությամբ, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի ներկայությամբ, ովքեր անցագրերի տրման և հանձնման ժամանակ ստորագրում են անցագրերի տրման մատյանում՝ հաստատելով անցագրերի ստացման կամ հանձնման փաստը։

35.3. Օդանավակայաններում առաջացած արտակարգ իրավիճակների հետ կապված հրատապ (անօրինական միջամտության ակտեր, օդանավերի հետ կապված վթարներ, հրդեհներ և այլն) դեպքերում օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ ժամանող ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումների, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուժերի և փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական հաշվարկների, շտապօգնության հաշվարկների մուտքը թույլատրվում է անխոչընդոտ, իսկ անհրաժեշտության դեպքում ուղեկցվող այցելուի անցագիրը տրամադրվում է՝ առանց օդանավակայանի տնօրենի անունով գրավոր հայտի ներկայացման։».

23) 36-րդ կետում «կազմակերպություններին, որոնց թույլատրվել է» բառը փոխարինել «կազմակերպությունների աշխատողներին, որոնք իրենց ղեկավարության կողմից լիազորված են» բառերով.

24) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«37. Տրանսպորտային միջոցների անցագրերը տրվում են օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև համապատասխան մարմինների և կազմակերպությունների աշխատողներին պատկանող տրանսպորտային միջոցներին՝

1) մշտական տրանսպորտային անցագրերը տրամադրվում են մինչև մեկ տարի ժամկետով.

2) ժամանակավոր տրանսպորտային անցագրերը տրամադրվում են մինչև 3 ամիս ժամկետով.

3) մեկանգամյա տրանսպորտային անցագրերը տրամադրվում են մեկ անգամ մուտք գործելու համար:».

25) լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1-ին կետով՝

«37.1. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում արգելվում է գազով շահագործվող տրանսպորտային միջոցների մուտքը։ Նման տրանսպորտային միջոցներին արգելվում է տրամադրել օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի անցագրեր։».

26) 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«38. Ելնելով օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն անվտանգության ապահովման առանձնահատկություններից` օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մշտական կամ ժամանակավոր անցագիր ստացած անձանց դատվածության կամ քրեական պատասխանատվության մասին տեղեկությունների ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված ծրագրի համաձայն։».

27) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«41. Օդանավերի անձնակազմի անդամների մուտքն օդանավակայանների վերահսկելի գոտիներ իրականացվում է սույն կարգի 65-րդ և 66-րդ կետերի համաձայն։».

28) VI գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«VI. ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՏԵՍՈՒՉԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

43. Կոմիտեի կողմից օդանավի անձնակազմի անդամի վկայականներ տրվում են՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 8 ձևի, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների թռիչքային անձնակազմերի անդամներին, օդանավերի անձնակազմի անդամներին, փոքր ավիացիայի օդանավերի օդաչուներին, ինչպես նաև հատուկ թռիչքներ իրականացնող օդանավերի անձնակազմի և կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող օդանավերի անձնակազմի անդամներին:

44. Կոմիտեի կողմից քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայականներ տրվում են՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 10 ձևի, կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող քաղաքացիական ավիացիայի տեսուչներին, ովքեր կոմիտեի կողմից ստացել են տեսուչի վկայական և լիազորված են կոմիտեի անունից համապատասխան ստուգումներ իրականացնելու քաղաքացիական ավիացիայի գործունեության հետ կապված թռիչքների անվտանգության գործընթացների, ավիացիոն անվտանգության ապահովման ընթացակարգերի և քաղաքացիական ավիացիայի շահագործման հետ կապված այլ ասպեկտների շրջանակներում: Քաղաքացիական ավիացիայի տեսուչներ են հանդիսանում նաև քաղաքացիական ավիացիայի թռիչքային անվտանգության տեսուչները և քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչները:

45. Թռիչքային անձնակազմի անդամ է հանդիսանում թռիչքային անձնակազմի անդամի վկայական ունեցող անձը, որը թռիչք-վայրէջքի համար նախատեսված ժամանակահատվածում իրականացնում է օդանավի կառավարման հետ կապված պաշտոնական պարտականություններ՝ օդանավի հրամանատար, երկրորդ օդաչու:

46. Օդանավի անձնակազմի անդամ է հանդիսանում այն անձը, որը նշանակված է օդանավ շահագործողի կողմից թռիչք-վայրէջքի համար նախատեսված ժամանակահատվածում օդանավում որոշակի պարտականություններ կատարելու համար՝ բորտուղեկցորդներ, ինժեներներ, տեխնիկներ, շտուրմաններ, բորտռադիստներ, բորտօպերատորներ և թռիչքային մենեջերներ:

47. Օդանավի անձնակազմի անդամի վկայականը տրվում է մեքենայով ընթերցվող մագնիսական շերտ ունեցող պլաստիկ քարտերով, որի դիմային հատվածի վրա անգլերեն լեզվով նշվում են`

1) վկայականը տրամադրող երկրի անվանումը.

2) վկայականը տրամադրող կոմիտեի անվանումը.

3) աշխատանքի վայրը.

4) անձնակազմի անդամի լուսանկարը.

5) անձնակազմի անդամի սեռը, ազգանունը, անունը.

6) անձնակազմի անդամի ծննդյան տարեթիվը, քաղաքացիությունը, պաշտոնը.

7) անձնակազմի անդամի վկայականի համարը.

8) վկայականի վավերականության ժամկետը.

9) վկայականը կրող անձի ստորագրությունը:

48. Օդանավի անձնակազմի անդամի վկայականի դարձերեսին անգլերեն լեզվով նշվում են`

1) վկայականը տրամադրող երկրի անվանումը.

2) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի N 7 լրացումով սահմանված ձևի վկայական կրող անձի իրավունքները.

3) վկայականը տրամադրող մարմնի անվանումը.

4) վկայականը տրամադրող մարմնի պատասխանատու պաշտոնյայի ստորագրությունը:

49. Օդանավի անձնակազմի անդամի վկայականի մագնիսական շերտում մուտքագրվում են սույն կարգի 47-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերում նշված տվյալները:

50. Կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված հայտի հիման վրա կոմիտեում աշխատող օդանավի անձնակազմի անդամի վկայականը, ինչպես նաև օդանավ շահագործողի ղեկավարի և փոքր ավիացիայի օդանավի սեփականատիրոջ ներկայացրած հայտերի հիման վրա օդանավ շահագործողների օդանավերի անձնակազմերի անդամի վկայականը տրամադրվում է մեկամսյա ժամկետում՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 8 ձևի։

51. Կարգի 50-րդ կետում նշված վկայականի տրամադրման համար ներկայացվող հայտում հայերեն և անգլերեն լեզուներով նշվում են`

1) դիմող մարմնի կամ կազմակերպության անվանումը.

2) օդանավի անձնակազմի անդամի անունը, ազգանունը, պաշտոնը.

3) հայտին կից ներկայացվում է օդանավի անձնակազմի անդամի 3 x 4 չափի մեկ լուսանկար.

4) անձնագրի պատճենը.

5) աշխատանքի ընդունման հրամանի պատճենը կամ աշխատանքային պայմանագրից քաղվածք.

6) կոմիտեի կողմից տրված կամ ճանաչված օդանավի անձնակազմի անդամի մասնագիտական վկայականի պատճենը:

52. Կարգի 50-րդ կետում նշված վկայականի տրամադրման համար ներկայացվող հայտին կից ներկայացվում են նաև`

1) հայերեն և անգլերեն լեզուներով լրացված հարցաթերթ՝ համաձայն սույն կարգի N 9 ձևի՝ օդանավի անձնակազմի անդամի վկայական ստացող յուրաքանչյուր անձի համար.

2) համապատասխան բժշկական հաստատությունների կողմից տրամադրված տեղեկանքներ՝ օրգանիզմում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բացակայության մասին (մարիխուանա, մեթամֆետամին և ափիոն) և հոգեբուժական հաստատության կողմից հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հաշվառման վերաբերյալ:

53. Կարգի 52-րդ կետի 2-րդ ենթակետում նշված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից որևէ մեկի առկայության, ինչպես նաև հոգեբուժական հաստատության կողմից հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հաշվառման վերաբերյալ տեղեկանքների առկայության դեպքում՝ անձնակազմի անդամի վկայականներ չեն տրամադրվում:

54. Օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող անձնակազմի անդամներին սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 8 ձևով սահմանված վկայականը տրամադրվում է օդանավ շահագործող կազմակերպության ղեկավարի կողմից ներկայացված հայտի հիման վրա, կոմիտեի կողմից օտարերկրյա քաղաքացու օդաչուական վկայականի ճանաչումից և նրանց կենսագրության ու նախապատմության տվյալների ստուգումից հետո՝ մեկամսյա ժամկետում։

55. Օդանավի անձնակազմի անդամի վկայականի տրամադրման հայտը մերժվում է, եթե՝

1) ներկայացված հայտում առկա են անճշտություններ.

2) հայտում ներկայացված անձի նախապատմության ստուգման արդյունքները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման պահանջներին.

3) օդանավ շահագործող կազմակերպության կողմից չեն ներկայացվել սույն կարգի 51-րդ և 52-րդ կետերում նշված փաստաթղթերը.

4) կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից չի ճանաչվել սույն կարգի 54-րդ կետով սահմանված կարգով օտարերկրյա քաղաքացիների վկայականը։

56. Օդանավի անձնակազմի անդամի վկայականը տրամադրվում է՝ համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի N 7 լրացումով սահմանված ձևանմուշի:

57. Կոմիտեում աշխատող թռիչքային անվտանգության տեսուչներին և ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչներին՝ կոմիտեի նախագահին համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված հայտի հիման վրա, ինչպես նաև կոմիտեի կողմից նախապատմության տվյալների ստուգումից հետո՝ մեկամսյա ժամկետում տրամադրվում է քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայական՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 10 ձևի։

58. Քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայականը տրվում է մեքենայով ընթերցվող մագնիսական շերտ ունեցող պլաստիկ քարտերով, որի դիմային հատվածի վրա անգլերեն լեզվով նշվում են`

1) վկայականը տրամադրող երկրի անվանումը.

2) վկայականը տրամադրող կոմիտեի անվանումը.

3) տեսուչի լուսանկարը.

4) տեսուչի սեռը, ազգանունը, անունը.

5) տեսուչի ծննդյան տարեթիվը, քաղաքացիությունը, պաշտոնը.

6) վկայականի համարը.

7) վկայականի վավերականության ժամկետը.

8) վկայականը կրող անձի ստորագրությունը:

59. Քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի դարձերեսին նշվում են`

1) վկայականը տրամադրող երկրի անվանումը.

2) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի N 8 լրացումով սահմանված ձևի վկայական կրող անձի իրավունքները.

3) վկայականը տրամադրող մարմնի անվանումը (տրման վայրը).

4) վկայականը տրամադրող մարմնի պատասխանատու պաշտոնյայի ստորագրությունը:

60. Քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի դարձերեսի մագնիսական շերտում մուտքագրվում են սույն կարգի 58-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված տվյալները:

61. Կարգի 57-րդ կետում նշված վկայականի տրամադրման համար կոմիտե են ներկայացվում սույն կարգի 51-րդ և 52-րդ կետերով նախատեսվող փաստաթղթերը։

62. Օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող քաղաքացիական ավիացիայի տեսուչներին վկայականը հատկացվում է կոմիտեի կողմից օտարերկրյա քաղաքացու քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի ճանաչումից հետո:

63. Քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայական տրամադրելու հայտը մերժվում է, եթե՝

1) հայտում ներկայացված անձը չի հանդիսանում քաղաքացիական ավիացիայի տեսուչ.

2) չեն ներկայացվել սույն կարգի 61-րդ կետով նախատեսված փաստաթղթերը.

3) կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից չի ճանաչվել սույն կարգի 62-րդ կետով սահմանված կարգով օտարերկրյա քաղաքացու քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականը։

64. Քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականը տրամադրվում է՝ համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի N 8 լրացումով սահմանված ձևանմուշի։

65. Օդանավի անձնակազմերի անդամների և քաղաքացիական ավիացիայի տեսուչների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ իրականացվում է տվյալ չվերթն իրականացնող օդանավի անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագրի, անձնագրի և անձնակազմի անդամի վկայականի հիման վրա: Օդանավի անձնակազմի անդամի և քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայական ունեցող, սակայն չվերթի գլխավոր հայտարարագրում չնշված անձանց մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր արգելվում է:

Օդանավակայանների մշտական անցագրեր ունեցող օդանավի անձնակազմի անդամների և քաղաքացիական ավիացիայի տեսուչների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի իրականացվում է հսկիչ անցագրային կետերով։

66. Օտարերկրյա օդանավ շահագործող կազմակերպությունների օդանավերի անձնակազմերի անդամների և քաղաքացիական ավիացիայի տեսուչների մուտքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ թույլատրվում է օդանավերի անձնակազմերի անդամների գլխավոր հայտարարագրի, անձնագրի, անձնակազմի անդամի վկայականի կամ քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի ներկայացումից հետո:

67. Օդանավերի անձնակազմերի անդամները և քաղաքացիական ավիացիայի տեսուչներն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում և օդանավերում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում պետք է կրեն իրենց վերնահագուստի վրա վկայականները և պահպանեն օդանավակայաններում սահմանված անցագրային վերահսկողության կանոնները:

68. Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման կողմից պետք է ստեղծվի օդանավի անձնակազմի անդամի վկայականների և քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայականների էլեկտրոնային բազա, որը չպետք է միացված լինի համացանցին և պետք է պաշտպանված լինի անօրինական մուտքերից:

69. Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանումը վարում է օդանավի անձնակազմի անդամի վկայականների և քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայականների գրանցամատյան, որը հանդիսանում է խիստ հաշվառման ենթակա փաստաթուղթ: Գրանցամատյանի բոլոր էջերը պետք է համարակալվեն, մատյանը կարվի և կնքվի կոմիտեի կնիքով:

70. Գրանցամատյանում լրացվում են՝

1) 1-ին սյունակում՝ վկայականի հերթական համարը.

2) 2-րդ սյունակում՝ վկայական ստացողի ազգանունը և անունը.

3) 3-րդ սյունակում՝ վկայական ստացողի պաշտոնը.

4) 4-րդ սյունակում՝ վկայականի գործողության ժամկետը.

5) 5-րդ սյունակում՝ վկայական ստացողի ստորագրությունը.

6) 6-րդ սյունակում՝ վկայական ստանալու օրը, ամիսը և տարեթիվը.

7) 7-րդ սյունակում՝ այլ նշումներ:

71. Օդանավի անձնակազմի անդամի վկայական և քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայական ստացող անձինք կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման ղեկավարի կողմից պետք է հրահանգավորվեն վկայականի կրման և օգտագործման կարգի վերաբերյալ և ստորագրեն համապատասխան գրանցամատյանում:

72. Օդանավի անձնակազմի անդամի վկայականները և քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայականները տրամադրվում են երկու տարի ժամկետով, որոնք ժամկետը լրանալուց հետո պետք է վերադարձվեն կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանմանը:

73. Օդանավի անձնակազմի անդամի և քաղաքացիական ավիացիայի տեսուչների կողմից վկայականների կորստի դեպքում վկայականը կորցրած անձը պետք է անհապաղ վկայականի կորստի մասին հայտնի կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման ղեկավարին, որն իր հերթին պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի կոմիտեի նախագահին և/կամ կոմիտեի նախագահի տեղակալին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկի անցագրի պատկերով ձևաթղթերի (stop-list) տրամադրումն օդանավակայանների տնօրինությանը՝ օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների հսկիչ անցագրային կետերում տեղադրելու համար, նպատակ ունենալով օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողներին տեղեկացնել այն մասին, որ նշված վկայականներն այլևս չեն գործում և ենթակա են առգրավման։

74. Վկայականի կորստի մասին տեղեկատվության ստացումից հետո, կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանումը կոմիտեի նախագահի հանձնարարականով անցկացնում է ծառայողական քննություն, որի ընթացքում իրականացվում է ռիսկերի գնահատում։ Իրականացված ծառայողական քննության և ռիսկերի գնահատման արդյունքները ներկայացվում են կոմիտեի նախագահին, որոնց հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է որոշում նոր վկայականի տրամադրման կամ մերժման մասին։

75. Կորած կամ անընթեռնելի օդանավի անձնակազմի անդամի կամ քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայականների փոխարեն տրամադրվում են նոր վկայականներ: Կորած կամ անընթեռնելի վկայականների կրկնօրինակներ չեն տրամադրվում:

76. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների թռիչքային անձնակազմերի անդամները, օդանավերի անձնակազմի անդամները, փոքր ավիացիայի օդանավերի օդաչուները, ինչպես նաև հատուկ թռիչքներ իրականացնող օդանավերի անձնակազմի և կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող օդանավերի անձնակազմի անդամները կամ քաղաքացիական ավիացիայի տեսուչները՝ աշխատանքից ազատման դեպքում օդանավի անձնակազմի անդամի կամ քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականը 3-օրյա ժամկետում հանձնում են կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանմանը:»:

2. Որոշման 1-ին կետի «դ» ենթակետով հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Կոմիտեի» բառով.

2) «դիսպետչերական» բառը փոխարինել «կարգավարական» բառով։

3. Որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) N 1 ձևի 1-ին կետում «8,5» և «6,5 սմ» թվերը համապատասխանաբար փոխարինել «85 մմ» և «55 մմ» թվերով.

2) N 2 ձևի 1-ին կետում «8,5» և «6,5 սմ» թվերը համապատասխանաբար փոխարինել «85 մմ» և «55 մմ» թվերով.

3) N 3 ձևի «ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԱՆՑԱԳԻՐ» բառերը փոխարինել «ՈՒՂԵԿՑՎՈՂ ԱՅՑԵԼՈՒԻ ԱՆՑԱԳԻՐ» բառերով.

4) N 4 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

5) N 5 ձևի չորրորդ և N 6 ձևի երրորդ տողերից հանել «հայրանունը և» բառերը.

6) N 8 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.

7) N 9 ձևով սահմանված հարցաթերթիկի՝

ա. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերով,

բ. «General Department of Civil Aviation at Government of Republic of Armenia» բառերը փոխարինել «Civil Aviation Committee» բառերով.

8) N 3 հավելվածը լրացնել նոր՝ Ձև N 10 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՏԵՍՈՒՉԻ ՎԿԱՅԱԿԱՆ» ձևաթղթով` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

06.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

փետրվարի 6-ի N 117-Ն որոշման

 

«Ձև N 4

 

Հ Ա Յ Տ

 

ԱՆՑԱԳԻՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

_______________________________________________________________________

(օդանավակայանի տնօրենի տվյալները՝ անունը, ազգանունը)

 

Խնդրում եմ տրամադրել __________________________________________________________

_________________________________________________________________________ անցագիր

(այցի նպատակը և անցագրի տեսակը)

___________________________________________________________________________________ հետևյալ աշխատողներին

(դիմող կազմակերպության անվանումը, անցագիրն ստացող անձի անունը, ազգանունը, ծառայությունը (բաժինը), անհրաժեշտ մուտքի գոտին, անցագրի ժամկետը)

 

1.

2.

3.

4.

5.

 

Ուղեկցող անձ ____________________________________________________________________:

(անունը, ազգանունը, պաշտոնը)

Դիմող ___________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը)

_________________________________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_____ ___________________20   թ.»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


06.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

փետրվարի 6-ի N 117-Ն որոշման

 

«Ձև N 8

 

Issuing State

 

Competent issuing authority

 

CREW MEMBER CERTIFICATE

 

Photograph of holder of Certificate

 

 

 

Surname   Name
Sex  Nationality Date of Birth
Employed by   Occupation
Doc No   Date of Expiry

 

 

 

                                   (Signature of holder) 

 

 

Issuing State

The holder may, at all times, re-enter upon production of this certificate, within the period of validity.

 

Issued at

(Signature)

(Place of issue)

Issuing Authority

 

Machine Readable Zone

 

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


06.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

փետրվարի 6-ի N 117-Ն որոշման

 

«Ձև N 10

 

Issuing State

Competent issuing authority

 

CIVIL AVIATION INSPECTOR CERTIFICATE

 

Photograph of holder of Certificate

 

 

 

Surname  

Given name

Sex  Nationality

Date of Birth

 

Employed by

 

 

Occupation

   

 CIVIL AVIATION INSPECTOR

 Doc No

Date of Expiry

       (Signature of holder) 

 

 

Issuing State

The holder may, at all times, re-enter upon production of this certificate, within the period of validity.

 

Issued at

(Signature)

(Place of issue)

Issuing Authority

 

 

Machine Readable Zone

 

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


06.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 փետրվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան