ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ֆոնդի միջոցների հաշվառման համար հարկային մարմնում բացվում են հատուկ անձնական հաշվի քարտեր: Հատուկ անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:
Ֆոնդում պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ լուծարման դեպքում մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:
Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ վճարողի կողմից Ֆոնդին կատարված փաստացի վճարումների (կամ հաշվանցումների) հաշվին, եթե վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են տվյալ հարկատեսակի գծով առկա պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` հարկի (վճարի) գումարները, տույժերը, տուգանքները, իսկ որևէ հարկատեսակի (վճարատեսակի) չվերաբերող տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող տուգանքների գումարները:
Անձնական հաշվի քարտից հատուկ անձնական հաշվի քարտ (և հակառակը) կատարվում են հաշվանցումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Անձնական հաշվի քարտում գրանցված հարկերի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), պետական տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների նկատմամբ հաշվարկվող տույժերը և (կամ) տուգանքները, ինչպես նաև կրկնապատկվող տուգանքները հաշվառվում են նույն անձնական հաշվի քարտում: Հատուկ անձնական հաշվի քարտում գրանցված հարկերի, պետական տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների նկատմամբ հաշվարկվող տույժերը, ինչպես նաև կրկնապատկվող տուգանքները հաշվառվում են նույն հատուկ անձնական հաշվի քարտում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 23 |