ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
14 հունվարի 2025 թ. |
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 117-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ․ Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս․ Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ․ Ստեփանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 71-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
ՀՀ ընտանեկան օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2004 թվականի դեկտեմբերի 8-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի ապրիլի 19-ին:
Օրենսգրքի՝ «Որդեգրողի և որդեգրվող երեխայի միջև տարիքային տարբերությունը» վերտառությամբ 117-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է.
«1. Որդեգրողի և որդեգրվողի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան որդեգրվում է որդեգրելու նախապատվության իրավունք ունեցող անձանց կողմից»:
Վիճարկվող դրույթը մեջբերված խմբագրությամբ շարադրվել է 21.12.2017 թ. ՀՕ-10-Ն օրենքով:
Գործի քննության առիթը ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՇԴ/6930/02/22 քաղաքացիական գործով «Սահմանադրական դատարան դիմելու և քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» 2024 թվականի հուլիսի 24-ի որոշման հիման վրա նույն դատարանի` 2024 թվականի հուլիսի 26-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, վերլուծելով վիճարկվող և վերաբերելի իրավադրույթները` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողի դիրքորոշումները
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան կամ Դիմող), մասնավորապես, արձանագրում է. «(...) իր վարույթում գտնվող գործով երկրորդ Դիմումատուի և որդեգրվող Երեխայի տարիքային տարբերությունը (…) է [գերազանցում է 50 տարին], ինչպիսի փաստի առկայությունը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին կետի կիրառմամբ, բացառում է որդեգրման հնարավորությունը, ընդ որում՝ այդ պայմաններում Դատարանն այլևս չի կարող քննարկման առարկա դարձնել որդեգրվող երեխայի լավագույն շահը, այն հաշվառմամբ, որ այդ փաստի բացահայտումը որևէ այլ հետևանք չի կարող առաջացնել»:
Դիմողը գտնում է, որ «ՀՀ ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասը, այնքանով, որքանով դատարանին (իրավասու մարմնին) հնարավորություն չի տալիս բացահայտել և գնահատել կոնկրետ գործով երեխայի լավագույն շահը և բացառիկ հիմքերի առկայության դեպքում չկիրառել որդեգրողի և որդեգրվողի միջև «50 տարուց ոչ ավելի» տարիքային տարբերության առավելագույն շեմի սահմանափակումը, խնդրահարույց է երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը առաջնահերթ ուշադրության արժանացնելու Սահմանադրական սկզբունքի տեսանկյունից (...)»:
Հղում անելով Օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համապատասխան դրույթներին՝ Դիմողը հանգում է հետևության, որ «(...) ՀՀ ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան դրանում պարունակող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունն է, այն է՝ երբ գործի փաստերով հաստատվում է, որ որդեգրողի (ամուսինների դեպքում թեկուզ և մեկի) և որդեգրվողի տարիքային տարբերությունը գերազանցում է 50 տարին և առկա չէ նույն հոդվածով սահմանված բացառությունները, ապա այլևս երեխայի լավագույն շահի բացահայտման անհրաժեշտությունն առկա չէ և որդեգրման հաստատման պահանջի մասին դիմումը ենթակա է մերժման, կամ որ նույնն է. դատարանները չեն կարող երեխայի լավագույն շահով պայմանավորված չկիրառել տարիքային տարբերության առավելագույն շեմը»:
Այդ առնչությամբ Դիմողը բարձրացնում է Օրենսգրքի վիճարկվող դրույթի՝ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության հարցը:
Երեխայի լավագույն շահի առնչությամբ վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ նաև՝ ՄԱԿ) 1989 թվականի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիսի 22-ից) համապատասխան դրույթները, Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները՝ Դիմողն արձանագրում է. «(...) երեխան ունի իր լավագույն շահերի բացահայտման և դրանց առաջնային նշանակության տրամադրման իրավունք և երեխային առնչվող որոշումների ընդունման ընթացքում պետք է բացահայտվի երեխայի իրավունքների և շահերի վրա այդ որոշման հնարավոր ազդեցությունը»:
Դիմողը կարծում է, որ «տարիքային տարբերությունը (խոսքը վերաբերում է տարիքային տարբերության առավելագույն շեմին) կարող է որդեգրման հաստատման պահանջը մերժելու հիմք հանդիսանալ, միևնույն ժամանակ այդ տարբերության ազդեցությունը պետք է քննարկման առարկա դարձվի երեխայի շահերին վերաբերող ուշադրության արժանի մյուս հանգամանքների համադրման և գնահատման համատեքստում, որի իրականացման հնարավորությունը բացառվել է վիճարկվող նորմով»:
Դիմողը հավելում է, որ միջազգային փաստաթղթերով սահմանված են որդեգրողի նվազագույն տարիքին վերաբերող չափանիշներ, սակայն այդպիսի չափանիշ սահմանված չէ առավելագույն տարիքի մասով. օրինակ՝ «Երեխաների որդեգրման մասին» վերանայված եվրոպական կոնվենցիան սահմանում է, որ որդեգրողի և երեխայի միջև պետք է լինի տարիքային պատշաճ տարբերություն և, հաշվի առնելով երեխայի շահերը, նախընտրելի է, որ այն լինի առնվազն 16 տարի: Նշված կոնվենցիան չի սահմանում առավելագույն տարիքային տարբերություն և անգամ տարիքային տարբերության նվազագույն շեմի դեպքում նախատեսել է բացառիկ հանգամանքներով պայմանավորված՝ այդ կանոնից շեղվելու հնարավորություն:
Դիմողը եզրահանգում է, որ Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով հնարավորություն չի տալիս բացահայտել և գնահատել կոնկրետ գործով երեխայի լավագույն շահը և բացառիկ հիմքերի առկայության դեպքերում չկիրառել որդեգրողի և որդեգրվողի միջև «50 տարուց ոչ ավելի» տարիքային տարբերության սահմանափակումը, խնդրահարույց է երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերն առաջնահերթ ուշադրության արժանացնելու սահմանադրական սկզբունքի առումով:
2. Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող), վկայակոչելով Սահմանադրության 36 և 37-րդ հոդվածների, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի վերաբերելի դրույթները, մեջբերելով Օրենսգրքի վիճարկվող դրույթով սահմանված և այլ համապատասխան իրավակարգավորումները, Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, մասնավորապես, նշում է. «Մի շարք դեպքերում օրենսդիրը դատարաններին երեխայի լավագույն շահով պայմանավորված հնարավորություն է տվել շեղվել օրենքով սահմանված կանոնից, այդ մասին նշելով համապատասխան նորմում, մինչդեռ խնամատար ծնողի ընտրության կարգի հստակեցումը պետք է թույլ տա ողջամտորեն վստահ լինել, որ ընտրվել է այնպիսի խնամատար, ով ունի բավարար ունակություններ և հնարավորություններ երեխայի դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին հոգ տանելու համար: Երեխաներ դաստիարակելիս տարեց ծնողները բախվում են ժամանակի ընթացքում առաջ եկող մի շարք դժվարությունների, որոնք կարող են խնդիր չհանդիսանալ որդեգրման պահին, սակայն ժամանակի ընթացքում խոչընդոտ հանդիսանան երեխայի խնամքի և զարգացման հարցում: Ուստի դատարանը գործնականում չի կարող տվյալ ժամանակահատվածում ճիշտ գնահատել երեխայի լավագույն շահը՝ օբյեկտիվորեն կանխատեսել երկարաժամկետ մարտահրավերները»:
Պատասխանողը նշում է նաև. «Որդեգրող ծնողների համար առավելագույն տարիքային շեմ սահմանող նորմերը նպատակ ունեն ապահովելու, որ որդեգրումը բխի երեխայի լավագույն շահերից: Որդեգրումը ցմահ պարտավորություն է: Տարիքային սահմանափակումները երաշխավորում են, որ որդեգրող ծնողներն ունենան հասունություն և համապատասխան փորձ, որն անհրաժեշտ է երեխայի զարգացման ընթացքում կայուն միջավայր ապահովելու համար: Ավելի երիտասարդ կամ առավել տարեց ծնողները կարող են հանդիպել տարբեր մարտահրավերների, որոնք կարող են ազդել երեխայի կարիքները բավարարելու նրանց կարողության վրա: Տարիքային սահմանափակումները օգնում են հավասարակշռել այս գործոնները՝ հնարավորություն տալով որդեգրող ծնողներին երկարաժամկետ հեռանկարում ֆիզիկապես բավարարել երեխային զարգացման համար անհրաժեշտ կենսական պահանջներին՝ այն է՝ կարողանալ պլանավորել երեխայի ապագան, ապահովել կրթությամբ, տրամադրել էմոցիոնալ աջակցություն: Տարիքային սահմանափակումները լուծում են նաև սոցիալական մի շարք խնդիրներ, այն է՝ տարեց ծնողները մոտենում են կենսաթոշակային տարիքին, ինչը կարող է բարդացնել եկամուտների պլանավորումը, երեխաների կարիքների պատշաճ բավարարումը»:
Ըստ Պատասխանողի՝ «Տարիքային [առավելագույն] շեմի սահմանումն օգնում է ստեղծել բոլոր ապագա որդեգրող ծնողների գնահատման համար հետևողական ստանդարտ: Այն երաշխավորում է, որ որոշումները հիմնված լինեն օբյեկտիվ չափանիշների վրա, այլ ոչ թե կոնկրետ իրավիճակում որդեգրողի անհատական կարողությունների վերաբերյալ դատարանի անհատականացված դատողությունների վրա՝ առաջնորդվելով բացառապես երեխայի լավագույն շահով: Քանի որ դատարանները գործնականում չեն կարող երկարաժամկետ հեռանկարում կանխատեսել տարիքով պայմանավորված որդեգրող ծնողի ֆիզիոլոգիական փոփոխությունները, և դրանք գնահատման առարկա դարձնել, հետևաբար նաև պատշաճ կերպով գնահատել երեխայի լավագույն շահը: Բացի այդ անհրաժեշտ է ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ նշված գնահատման ենթակա հարցերը ոչ այդքան իրավական, որքան սոցիալական բնույթի են և դրանք կարող են վրա հասնել որոշակի ժամանակի ընթացքում: Հետևաբար այդ հանգամանքների՝ որոշակի հստակ ժամանակահատվածում ռացիոնալ գնահատում իրականացնելը իրատեսական չէ»:
Պատասխանողն արձանագրում է, որ տարիքային շեմի սահմանումը հիմնված է օբյեկտիվ և ողջամիտ չափանիշների վրա՝ նպատակ ունենալով հասնել օրինական նպատակի՝ հավասարակշռել երեխայի լավագույն շահը և որդեգրողի ֆիզիկական ու մտավոր կարողությունները, ծնողական իրավունքների արդյունավետ իրացումը՝ ապահովելու երեխայի կարիքները վերջինիս զարգացման տարբեր փուլերում, ինչը պետք է բացառի դատարանի անհատականացված դատողությունները՝ հաշվի առնելով երկարաժամկետ հեռանկարում հնարավոր խոչընդոտների ի հայտ գալու բարձր ռիսկայնությունը (տարիքային սահմանափակումների վերաբերյալ որոշումները հաճախ հիմնված են գիտական ապացույցների, բժշկական փորձաքննությունների վրա):
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Պատասխանողը պնդում է, որ «տարիքային սահմանափակումը հիմնավոր է, այն նպատակ է հետապնդում բացառապես ապահովելու երեխայի լավագույն շահը և բխում է որոշակի սոցիալական երաշխիքների ապահովման սկզբունքներից»:
3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Օրենսգրքի վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, ներքոնշյալ հարցադրումներին.
- արդյո՞ք Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը վերաբերում է Սահմանադրությամբ երաշխավորված՝ երեխայի՝ իրեն վերաբերող հարցերում իր շահերն առաջնահերթ ուշադրության արժանացվելու իրավունքին, և եթե՝ այո, ապա արդյո՞ք նշված իրավունքը ենթակա է որևէ միջամտության (սահմանափակման), և արդյո՞ք վիճարկվող օրենսդրական կարգավորումը սահմանադրական է երեխայի լավագույն շահերի ապահովման տեսակետից:
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
4.1. Սահմանադրության՝ «Երեխայի իրավունքները» վերտառությամբ 37-րդ հոդվածի համաձայն՝
«1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են»:
Սահմանադրության՝ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները» վերտառությամբ 3-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:
Այսպիսով, երեխայի իրավունքները սահմանադրական բարձր պաշտպանության տակ առնելով՝ Սահմանադիրն ամրագրել է նաև այդ իրավունքների ապահովման սահմանադրական երաշխիքները, որոնք հիմնարար նշանակություն ունեն թե՛ երեխայի իրավունքները և օրինական շահերը կարգավորող օրենսդրության, թե՛ իրավակիրառ պրակտիկայի՝ Սահմանադրությանը համահունչ զարգացման առումներով, մասնավորապես՝
1) երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան՝ իրեն վերաբերող հարցերում վերջինիս՝ կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որն անվերապահորեն պետք է հաշվի առնվի: Սույն կարգավորումն առանցքային նշանակություն է հաղորդում ընտանեկան իրավունքի հարցերում երեխայի կամարտահայտության արժևորմանը՝ նպաստելով ընտանիքում և հասարակությունում նրա դերի բարձրացմանը՝ վերջնարդյունքում ստեղծելով բարենպաստ միջավայր երեխայի ֆիզիկական, մտավոր և սոցիալական զարգացման համար,
2) երեխայի՝ իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունքը՝ որպես բացառություն սահմանելով այն դեպքը, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին,
3) առանց ծնողական խնամքի մնացած երեխայի՝ պետության հոգածության և պաշտպանության ներքո գտնվելը, որը ենթադրում է հանրային իշխանության անքննելի պարտավորությունը՝ իր բարձր հոգածության և պաշտպանության ներքո դիտարկել առանց ծնողական խնամքի մնացած յուրաքանչյուր երեխայի,
4) երեխային վերաբերող հարցերում նրա շահերն առաջնահերթ ուշադրության արժանանալու նախապայմանը, որը ելակետային նշանակություն է ձեռք բերում երեխայի իրավունքների երաշխավորման առումով՝ հաշվի առնելով դրա առանցքային դերակատարումը երեխայի իրավունքները հարգելու, խրախուսելու մշակույթի ձևավորման հարցում: Երեխայի շահի երաշխավորման սահմանադրական սկզբունքի ճանաչումն ու անշեղ կիրարկումն ապահովում է երեխային վերաբերող հարցերում վերջինիս շահերն առաջնահերթ ուշադրության արժանացնելը՝ համապատասխան որոշումների կայացման գործընթացներում:
Սահմանադրական դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 20-ի ՍԴՈ-1333 որոշմամբ արձանագրված է. «(...) ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասը հանրային իշխանության վրա դնում է հստակ պարտականություն` առաջնահերթ ուշադրության արժանացնել երեխայի շահերին` նրան վերաբերող հարցերում: Հետևաբար, սահմանադրի նպատակն է երեխային վերաբերող հարցերում տարբեր շահերի առկայության դեպքում առաջնահերթ պաշտպանել երեխայի շահերը, այնուհետև` առկա մյուս շահերը, իսկ այդ շահերի հակասության դեպքում հանրային իշխանությունը պարտավոր է պաշտպանել երեխայի շահերը:
(...)
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 37-րդ հոդվածի, մասնավորապես` 1-ին և 2-րդ մասերի դրույթները գործում են անմիջականորեն, և դատական պրակտիկան պարտավոր է առաջնորդվել այդ պահանջով» (կետ 7):
Սահմանադրության վերոգրյալ դրույթների և Սահմանադրական դատարանի մեջբերված իրավական դիրքորոշումների հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ երեխայի՝ իրեն վերաբերող հարցերում իր շահերն առաջնահերթ ուշադրության արժանացվելու իրավունքը գերակայում է մյուս բոլոր հնարավոր շահերի նկատմամբ, և չեն կարող գոյություն ունենալ այնպիսի իրավունքներ, որոնց իրացումը հետապնդելով՝ երեխայի նշված իրավունքը կարող է ենթարկվել սահմանափակման: Սահմանադրական դատարանը նաև հարկ է համարում արձանագրել, որ համապատասխան իրավահարաբերությունների մասնակից մյուս սուբյեկտները, տվյալ դեպքում՝ որդեգրելու ցանկություն հայտնած անձինք, որդեգրման գործընթացում չունեն որևէ սուբյեկտիվ իրավունք, որը չի բխում երեխայի նշված շահից, կամ՝ որևէ պարտականություն, որը չի համապատասխանում դրան:
Հանրային իշխանությունը նմանապես, պարտավորված լինելով հարգել և պաշտպանել երեխայի իրավունքները, մասնավորապես՝ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքը, պարտավոր է ոչ միայն, որպես բացասական (նեգատիվ) պարտավորություն, ձեռնպահ մնալ հիմնական իրավունքների իրացումը՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, վտանգող գործողություններից, այլև որպես դրական պարտավորություն՝ ապահովել դրանց արդյունավետ իրացումը՝ համապատասխան կարգավորումներ նախատեսելու միջոցով, իսկ մինչ այդ, այն է՝ կարգավորումների բացակայության դեպքում ապահովել այդ իրավունքների անմիջական իրացումը՝ կոնկրետ դեպքի նկատմամբ դրանց բովանդակությունը բացահայտելու և արդյունքում՝ պարտադիր կատարման ենթակա ակտեր կայացնելու միջոցով:
Ողջ վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող կարգավորմամբ օրենսդիրը նպատակ է հետապնդել ոչ թե սահմանափակելու երեխայի՝ իրեն վերաբերող հարցերում իր շահերն առաջնահերթ ուշադրության արժանացվելու իրավունքը, այլ կարգավորելու այդ իրավունքի իրացումը՝ երեխայի լավագույն շահերից ելնելով:
4.2. Ուսումնասիրելով դիմումը և գործի մյուս նյութերը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ երեխայի՝ իրեն վերաբերող հարցերում իր շահերն առաջնահերթ ուշադրության արժանացվելու իրավունքի ապահովման նպատակով օրենսդիրը, որդեգրման իրավահարաբերությունների կարգավորման շրջանակներում, որդեգրելու նախապատվության իրավունք չունեցող անձանց կողմից որդեգրվելու համար սահմանել է տարիքային առավելագույն տարբերության հիմքով որդեգրման արգելք, որով կանխվում է երեխայի որդեգրումը՝ որդեգրման ցանկություն ունեցող անձի կողմից՝ անկախ գործով որևէ այլ հանգամանքից:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված կարգավորումը նախատեսված է Օրենսգրքով, որը բավարարում է օրենքի որակական հատկանիշները: Մասնավորապես՝ վիճարկվող դրույթը հասանելի է և որոշակի. ընդ որում՝ ձևակերպված է որպես արգելող բացարձակ (վերապահում չնախատեսող) նորմ՝ բացառելով օրենքով սահմանված առավելագույն տարիքային տարբերության փաստը պարզելուց հետո որևէ այլ փաստի վերաբերելիության գնահատման և վիճարկվող դրույթի բովանդակության դատական որևէ մեկնաբանման հնարավորություն: Այս լույսի ներքո Սահմանադրական դատարանն իր համաձայնությունն է հայտնում Դիմողի այն պնդմանը, որ սույն գործով Դիմողի համար «դատական մեկնաբանությամբ անհնար է հաղթահարել կիրառման ենթակա նորմի՝ Սահմանադրության հակասության վերաբերյալ հիմնավոր կասկածը»:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ համամիտ է Պատասխանողի կողմից ներկայացված՝ վիճարկվող դրույթի նպատակների իրավաչափությունը փաստող՝ սույն որոշման 2-րդ կետում շարադրված դիրքորոշումներին: Դրանք չկրկնելով հանդերձ՝ Սահմանադրական դատարանը, սակայն, կարևոր է համարում ընդգծել երկու հանգամանք՝
1. Պատասխանողի կողմից նշված նպատակների հիմք հանդիսացած մտահոգությունները կամ ռիսկերը, թեև օբյեկտիվորեն հիմնավորված լինելով, կրում են կանխատեսական, ենթադրական և մոտավոր բնույթ, հիմնված են այն վտանգների առթիվ ունեցած մտահոգությունների վրա, որոնք հնարավոր է՝ որպես կանոն առաջանան որդեգրած ծնողների և որդեգրված երեխայի միջև տարիքային առավելագույն շեմը գերազանցող տարբերության դեպքում. ընդ որում՝ օրենսդրի կողմից այդ վտանգները ենթադրվում են (կանխավարկածվում են) բացառապես որդեգրելու նախապատվություն չունեցող անձանց պարագայում.
2. Դատարանը զրկված է այդ վտանգների նյութականացման հավանականությունը (ռեալությունը) յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատելու լիազորությունից, արդյունքում՝ վերը նշված հնարավորության՝ տվյալ գործով՝ նաև իրական լինելու փաստը ուսումնասիրելու և արձանագրելու հնարավորությունից:
Այլ խոսքով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի ընդունման հիմքում օրենսդրի կողմից իրավաչափ նպատակներ հետապնդվելով հանդերձ՝ դրվել է թեկուզ ողջամիտ հավանականությունների վրա հիմնված, սակայն դատական ճանաչողությամբ ստուգման ոչ ենթակա կանխավարկած: Մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննարկվող արգելքով օրենսդիրը փորձ է արել երեխայի լավագույն շահերի իրացումն ապահովող առավել արդյունավետ կարգավորում նախատեսելու:
4.3. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել, թե արդյոք երեխայի՝ քննարկվող իրավունքի վիճարկվող կարգավորման հիմքում ընկած իրավաչափ մտահոգությունների փարատման վիճարկվող եղանակը՝ վերապահումներ չնախատեսող որդեգրման արգելքի սահմանման տեսքով, համապատասխանում է Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին այն տեսակետից, որ երեխան զրկվում է իրեն առնչվող կոնկրետ գործով բոլոր հանգամանքները դատարանի կողմից գնահատման ենթարկվելու հնարավորությունից: Այլ կերպ՝ արդյո՞ք երեխայի լավագույն շահերին համապատասխանում է այն կարգավորումը, որի հիմքում ընկած է օրենսդրի կանխատեսած՝ նման որդեգրմամբ երեխայի համար առաջացող բացասական հետևանքների հավանականությունը՝ որպես յուրաքանչյուր կոնկրետ դեպքում արդեն իսկ իրողություն կամ փաստ գնահատելը՝ զրկելով դատարաններին տվյալ երեխային առնչվող կոնկրետ գործով նման հավանականության նյութականացման անխուսափելիությունը գնահատելու հնարավորությունից:
Սահմանադրական դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 5-ի ՍԴՈ-919 որոշմամբ արձանագրված է. «Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործված՝ «երեխաների շահեր» հասկացությանը և դրա բնորոշ հատկանիշների բովանդակության բացահայտմանը։ Ընդ որում, նշված հասկացությունը ենթակա է գնահատման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից։
(...)
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում «ընդ որում» բառակապակցությունից հետո թվարկված պայմանները պարտավորեցնում են դատարաններին երեխայի շահը գնահատելիս հիմք ընդունել այդ պայմանները, ինչպես նաև, առաջնորդվելով իրենց հայեցողական լիազորությամբ, հիմք ընդունել նաև այլ պայմաններ, եթե դատարանի գնահատմամբ այդպիսիք կան» (կետ 6):
Այսպիսով, երեխայի իրավունքների սահմանադրական ճանաչումն ու ամրագրումը՝ նրա իրավական պաշտպանության, բարեկեցության ապահովման, ձայնը լսելի դարձնելու և ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունքի իրացման գործուն երաշխիք է, որի արդյունավետ ապահովումն ու պաշտպանությունը կախված են պետության համապատասխան հանձնառությունից, ինչից էլ ուղղակիորեն կախված է սահմանադրական արժեքների և երեխայի ապրած իրողությունների միջև անջրպետի հաղթահարումը:
«Երեխայի (լավագույն) շահերի» երաշխավորման սկզբունքն ամրագրվել է նաև մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում: Մասնավորապես՝ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ «Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին», իսկ երկրորդ պարբերության համաձայն՝ «Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ՝ ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները»: Նշված կոնվենցիայի 18-րդ հոդվածի առաջին պարբերությամբ ամրագրված է. «(...) Ծնողները կամ համապատասխան դեպքերում օրինական խնամակալները երեխայի դաստիարակության ու զարգացման համար կրում են հիմնական պատասխանատվություն: Երեխայի լավագույն շահերը նրանց հիմնական հոգածության առարկան են»:
Միավորված ազգերի կազմակերպության Երեխայի իրավունքների կոմիտեն, 2013 թվականի մայիսի 29-ի` «Երեխայի՝ իր լավագույն շահերին առաջնահերթ ուշադրություն դարձնելու իրավունքի վերաբերյալ (հոդված 3, մաս 1)» Ընդհանուր բնույթի թիվ 14 (2013) մեկնաբանության մեջ հատուկ անդրադառնալով երեխայի լավագույն շահերի ապահովմանը, ընդգծել է, որ «երեխայի լավագույն շահերը» հասկացությունը բաղկացած հետևյալ տարրերից՝
ա) Նյութական իրավունք: Երեխան իրավունք ունի, որ իր լավագույն շահերը գնահատվեն և հաշվի առնվեն իրեն վերաբերող բոլոր գործողություններում և որոշումներում։ Ավելին՝ այդ իրավունքն առաջնահերթ ուշադրության արժանանալու նախապատվություն ունի։ «Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիայի 3-րդ հոդվածի առաջին պարբերությունը մասնակից պետությունների համար ձևավորում է ներքին պարտավորություն, անմիջականորեն կիրառելի է և կարող է վկայակոչվել դատարանում:
բ) Հիմնարար, մեկնաբանելի իրավական սկզբունք: Եթե իրավադրույթին կարող են տրվել մեկից ավել մեկնաբանություններ, ապա պետք է ընտրվի երեխայի լավագույն շահերին ամենից արդյունավետ ծառայող մեկնաբանությունը:
գ) Ընթացակարգային կանոն: Յուրաքանչյուր անգամ, երբ անհրաժեշտ է կայացնել որոշում, որն ազդեցություն է ունենալու կոնկրետ երեխայի, երեխաների սահմանված խմբի կամ երեխաների վրա՝ առհասարակ, որոշման կայացման գործընթացը պետք է ներառի տվյալ երեխայի կամ երեխաների վրա այդ որոշման հնարավոր ազդեցության (դրական կամ բացասական) գնահատումը։ Երեխայի լավագույն շահերի գնահատումն ու որոշումը պահանջում են ընթացակարգային երաշխիքներ։ Բացի դրանից, որոշման հիմնավորումը պետք է ցույց տա, որ այդ իրավունքը հստակ հաշվի է առնվել։ Այդ առնչությամբ մասնակից պետությունները պետք է բացատրեն, թե ինչպես է այդ իրավունքը հարգվել համապատասխան որոշման մեջ, այսինքն՝ ինչն է հաշվի առնվել որպես երեխայի լավագույն շահ, ինչ չափանիշների վրա է այն հիմնված, և ինչ նշանակություն է տրվում երեխայի շահերին այլ նկատառումների համեմատ (Ներածություն, Ա. Երեխայի լավագույն շահերը. իրավունք, սկզբունք և ընթացակարգային կանոն, կետ 6)1։
Միավորված ազգերի կազմակերպության Երեխայի իրավունքների կոմիտեն նույն փաստաթղթում (կետ 10) արձանագրել է նաև, որ բոլոր պետությունները պարտավոր են երաշխավորել, որ երեխայի լավագույն շահերն առաջնահերթության կարգով հաշվի առնվեն նրա վերաբերյալ որոշումներ կայացնելիս` ինչպես դատարանների, վարչական մարմինների կողմից, այնպես էլ իրավակարգավորման գործընթացում, մասնավորապես՝ օրենքների, քաղաքականությունների, ռազմավարությունների, ծրագրերի, բյուջեների, օրենսդրական և բյուջետային նախաձեռնությունների և ուղեցույցների ընդունման բոլոր փուլերում, ինչպես նաև դրանց իրագործմանն ուղղված բոլոր միջոցառումների ընթացքում:
«Երեխաների իրավունքների իրականացման մասին» 1996 թվականի եվրոպական կոնվենցիայի նախաբանում ամրագրված է, որ մասնակից պետությունները ճանաչում են ծնողների դերի կարևորությունը երեխաների իրավունքների և լավագույն շահերի պաշտպանության ու խթանման գործում և համարում, որ անհրաժեշտության դեպքում պետությունները նույնպես պետք է ներգրավվեն նշված գործին: Նույն կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ երեխայի հետ կապված դատավարություններում դատական մարմինը նախքան որոշում կայացնելը պետք է հաշվի առնի, թե արդյո՞ք իր տրամադրության ներքո ունի բավարար տեղեկատվություն՝ երեխայի լավագույն շահերից ելնելով որոշում կայացնելու համար, և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություններ ստանա, մասնավորապես՝ ծնողական պարտականությունները կրողներից («ա» պարբերություն), իսկ 8-րդ հոդվածի համաձայն՝ երեխայի հետ կապված դատավարություններում դատական մարմինը ներքին օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրավասու է գործելու իր հայեցողությամբ, եթե երեխայի բարեկեցությունը լուրջ վտանգի տակ է:
Անդրադառնալով «երեխայի լավագույն շահ» հասկացությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ երեխայի լավագույն շահը չի կարող որոշվել ընդհանուր բնույթի իրավական դատողությունների միջոցով և կախված է յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքներից` հիմք ընդունելով երեխայի շահերի առաջնայնությունը (Schneider v. Germany, Application no. 17080/07, 15.09.2011, FINAL 15.12.2011, §100):
Անդրադառնալով երեխայի և ծնողների փոխհարաբերություններին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածը պահանջում է, որ ներպետական իշխանությունները պետք է արդարացի հավասարակշռություն հաստատեն երեխայի և ծնողների շահերի միջև՝ սույն գործընթացում հատուկ ուշադրություն դարձնելով երեխայի լավագույն շահերին, որոնք, կախված իրենց բնույթից և լրջությունից, կարող են գերակշռել ծնողների շահերը (Rytchenko v. Russia, Application no. 22266/04, 20.01.2011, FINAL 20.04.2011, §39):
Այսպիսով, երեխայի (լավագույն) շահերի երաշխավորման սկզբունքը միջազգային և սահմանադրական մակարդակներում ծառայում է որպես երեխաների վերաբերյալ որոշումների կայացման ուղենշային չափանիշ, որը գերազանցում է մշակութային, իրավական և քաղաքական սահմանները՝ երաշխավորելով, որ երեխաների իրավունքները, վերջիններիս բարեկեցությունը, լիարժեք և ներդաշնակ զարգացման ապահովումը մշտապես պետք է առաջնահերթորեն հաշվի առնվեն:
4.4. Վերը հիշատակված սկզբունքներին և կարգավորումներին համահունչ՝ օրենսդիրը երեխայի իրավունքների պաշտպանության և նրա լավագույն շահերի գերակայության միջազգայնորեն ընդունված սահմանադրահեն գաղափարի հիման վրա սահմանել է համապատասխան կարգավորումներ:
«Երեխայի իրավունքների մասին» օրենքի 1-ին հոդվածի երկրորդ նախադասությամբ ամրագրված է, որ երեխան գտնվում է հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո: Նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:
Օրենսգրքի՝ «Ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքները» վերտառությամբ 1-ին հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն պետք է բխի նրա լավագույն շահերից: Երեխայի լավագույն շահերի ապահովումն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ երեխայի իրավունքների արդյունավետ և ամբողջական իրականացմանը, ինչպես նաև երեխայի զարգացմանը՝ հաշվի առնելով երեխայի մտավոր և ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամքի և դաստիարակության հնարավորությունը, ընտանիք վերադառնալու կամ ընտանիքի հետ ապրելու կարևորությունը, երեխայի զարգացման համար ծնողի և ընտանիքի այլ անդամների հետ շփվելու կարևորությունը, ազգային պատկանելության հարցը, երեխայի մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական կապերը կամ դաստիարակությունն ու նշանակությունն ընտանեկան միջավայրում և այլ կարիքները, պահանջները և շահերը (այսուհետ` Երեխայի լավագույն շահեր)»: Օրենսգրքի հիշյալ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Եթե որևէ նորմ կարող է տարաբնույթ կիրառվել, ապա այն կիրառելիս առաջնահերթ հաշվի են առնվում Երեխայի լավագույն շահերը»:
Օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությանը համապատասխան՝ երեխան ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունք:
Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ պետությունը, Սահմանադրությամբ պարտավորվելով երաշխավորել երեխայի իրավունքները, պետք է համապատասխան նախադրյալներ ստեղծի երեխայի կայուն զարգացման համար՝ ապահովելով «երեխայի լավագույն շահերի» երաշխավորման սկզբունքի կիրառումը նրան վերաբերելի բոլոր գործողություններում և կայացվող որոշումներում, այդ թվում՝ որդեգրման իրավունքի իրացման գործընթացներում՝ կարևորելով առանց ծնողական խնամքի մնացած երեխայի՝ ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքը, քանզի առողջ ընտանեկան միջավայրի առկայությունն առանցքային նշանակություն ունի երեխայի կյանքում՝ նրա ֆիզիկական, հուզական, սոցիալական և մտավոր համակողմանի զարգացման հարցում:
Օրենսդիրը, արտահայտելով իր անվերապահ հավատարմությունը երեխայի իրավունքների գերակայությանը, Օրենսգրքում ամրագրել է նաև երեխաների որդեգրման վերաբերյալ իրավակարգավորումներ՝ որդեգրումը համարելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման նախապատվելի ձև:
Օրենսգրքի՝ «Երեխաների որդեգրումը (դստերագրումը)» վերտառությամբ 18-րդ գլուխը վերաբերում է որդեգրման հետ կապված հարաբերությունների ընդհանուր իրավական կարգավորմանը՝ որդեգրման ենթակա երեխաներին, նրանց որդեգրելու կարգին ու պայմաններին, որդեգրման ենթակա երեխաների և երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառմանը, որդեգրելու իրավունք ունեցող անձանց և այլ հարցերի:
Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն՝ որդեգրումը դատական ակտ է, որով որդեգրվողը ձեռք է բերում կենսաբանական կապերին համարժեք ընտանեկան կապեր, որոնց շնորհիվ որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություններ: Որդեգրումն իրականացվում է` ելնելով երեխայի լավագույն շահերից` Կառավարության սահմանած՝ որդեգրողի և որդեգրվողի համադրելիության չափանիշների գնահատման հիման վրա:
Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ երեխայի լավագույն շահերը երաշխավորելու սկզբունքն առանցքային է որդեգրման գործընթացում, հետևաբար՝ որդեգրման հետ կապված ընթացակարգերը, որդեգրող ծնողների ընտրության հստակ չափորոշիչներն ու կարգը սահմանող իրավադրույթները պետք է նպատակ ունենան ապահովելու, որ որդեգրման գործընթացը ծառայի երեխայի լավագույն շահերին և ապահովի մշտական, լիարժեք, կայուն ընտանեկան միջավայր և կապեր, որոնք երեխային հնարավորություն կընձեռեն մեծանալ առողջ և ապահով միջավայրում ծնողավարման հմտություններ և կարողություններ ունեցող ծնողների հետ: Որդեգրման հետ կապված ցանկացած որոշման կայացման պարագայում թե՛ օրենսդրական, թե՛ իրավակիրառ հարթություններում առաջնահերթությունը տրվում է երեխայի լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունների կենսագործմանը՝ հաշվի առնելով որդեգրման հնարավոր ազդեցությունը երեխայի ապագայի վրա:
4.5. Վերոնշյալի համատեքստում անդրադառնալով վիճարկվող իրավակարգավորմանը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է.
Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որդեգրողի և որդեգրվողի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան որդեգրվում է որդեգրելու նախապատվության իրավունք ունեցող անձանց կողմից:
Վիճարկվող դրույթով, ըստ էության, սահմանված են որդեգրողի և որդեգրվող երեխայի միջև տարիքային տարբերության նվազագույն և առավելագույն շեմերը: Տարիքային տարբերությունների առնչությամբ բացառություն է նախատեսված միայն երեխային որդեգրելու նախապատվության իրավունք ունեցող անձանց համար:
Օրենսդրի կողմից որդեգրողի և որդեգրվողի միջև՝ սույն գործի քննարկման առարկա հանդիսացող առավելագույն տարիքային տարբերության սահմանումը նպատակ ունի հաստատելու և ամրապնդելու երեխայի և որդեգրման ցանկություն հայտնած անձի միջև կապը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակնհայտ առավելագույն տարիքային տարբերությունը իրապես կարող է խաթարել ծնող-երեխա հոգեհուզական կապի ձևավորումը: Նման պայմաններում հիմք ընդունելով էթիկական նկատառումներն ու հասարակական արժեքները, ազգաբնակչության կենսամակարդակը, առողջությունը, մահացության ցուցանիշները, ինչպես նաև ուշ ծնողավարման հետևանքները և դրա հնարավոր ազդեցությունը երեխաների ֆիզիկական, հուզական և հոգեբանական զարգացման վրա՝ օրենսդրի կողմից որդեգրել ցանկացող անձանց համար սահմանվել են տարիքային նվազագույն, ինչպես նաև սույն գործով քննության առարկա առավելագույն շեմերը:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նկատել, որ բացի տարիքային առավելագույն տարբերության շեմի հաղթահարման գործիքակազմի կիրառումից, պետության կողմից օրենսդրական մակարդակում սահմանված են որդեգրման այնպիսի գործուն ընթացակարգեր, որոնց պայմաններում քննարկվող արգելքի հիմքում ընկած մտահոգությունների մի մասը կարող է փարատվել: Հիշատակված գործիքակազմի շարքում առանցքային կարևորություն ունի որդեգրելու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որդեգրելու իրավունք ունի Կառավարության սահմանած կարգով որպես երեխա որդեգրել ցանկացող հաշվառված չափահաս անձը, որը մասնակցել է նշված հոդվածի 4-րդ մասով նախատեսված նախապատրաստական դասընթացներին: Օրենսգրքի հիշատակված դրույթով սահմանված է նաև այն անձանց շրջանակը, որոնք որդեգրելու իրավունքով օժտված չեն՝
ա) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք,
բ) ամուսինները, որոնցից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
գ) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ ծնողական իրավունքները սահմանափակված անձինք,
դ) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձինք,
ե) նախկին որդեգրողները, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով,
զ) անձինք, որոնք, առողջական վիճակով պայմանավորված, չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ,
է) անձինք, որոնք որդեգրման պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները,
ը) անձինք, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաև այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական և տեխնիկական սահմանված պահանջներին,
թ) որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք:
Օրենսգրքի նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Երեխա որդեգրել ցանկացող անձին հոգեբանական, մանկավարժական և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը իրականացնում է անվճար նախապատրաստական դասընթացներ»:
Բացի դրանից, Օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ, իսկ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության երեխայի որդեգրման դեպքում` կենտրոնական մարմնի եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին: Ավելին, որդեգրումը հաստատելու բացառիկ իրավասությամբ օժտված է դատարանը, ինչը հիմնարար նշանակություն ունի սույն գործընթացի օրինականությունը երաշխավորելու առումով:
Վերոնշյալը հիմք է տալիս եզրահանգելու, որ որդեգրման ինստիտուտի կենսագործումը՝ երեխայի լավագույն շահերի առաջնահերթ երաշխավորման լույսի ներքո, գտնվում է և շարունակաբար պետք է գտնվի պետության դիտակետում:
4.6. Վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վիճարկվող դրույթով նախատեսված՝ որդեգրման՝ որևէ բացառություն չթույլատրող՝ տարիքային տարբերության առավելագույն շեմով պայմանավորված արգելքը իրավակիրառին զրկում է յուրաքանչյուր կոնկրետ գործով բոլոր հանգամանքները հաշվի առնելու, այլ խոսքով՝ դրանք որպես իրավական նշանակություն ունեցող փաստեր գնահատելու և դրանցից իրավական հետևանքներ բխեցնելու որևէ հնարավորությունից: Հաշվի առնելով այն, որ նշված հանգամանքները կարող են պարունակել երեխայի՝ իրեն վերաբերող հարցերում իր շահերն առաջնահերթ ուշադրության արժանացվելու իրավունքին վերաբերելի փաստեր, օրենսդրի կողմից՝ դատական ակտի կայացման համար դրանց վերաբերելիությունն ի սկզբանե բացառելը, թեև հիմնված է երեխայի լավագույն շահերն արտահայտող մտահոգությունների վրա, ժխտում է այլ, այդ թվում՝ երեխայի լավագույն շահերն արտահայտող հանգամանքները հաշվի առնելու հնարավորությունը:
Բացի դրանից, նշված արգելքը հիշյալ մտահոգությունները փարատելուն ուղղված՝ օրենսդրորեն արդեն իսկ սահմանված այլ կառուցակարգերի նկատմամբ կրում է ինքնուրույն բնույթ, այսինքն՝ տարածվում է այն անձանց վրա, որոնք այդ արգելքի բացակայության պարագայում ունեն որդեգրելու իրավունք: Սահմանադրական դատարանի համոզմամբ՝ նշվածը մտահոգիչ է իրավաչափ նպատակին հասնելու ուղղությամբ գործադրվող միջոցների արդարացվածության տեսակետից այն առումով, որ տարիքային առավելագույն տարբերության հիմքով որդեգրման արգելքի հիմքում ընկած մտահոգությունների որոշ մասն առնվազն պետք է փարատված լինի Օրենսգրքի 116-րդ հոդվածի կարգավորումների շրջանակում, որոնց համաձայն՝ որդեգրելու իրավունք չունեն, ի թիվս այլոց, այն անձինք, որոնք, առողջական վիճակով պայմանավորված, չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ:
Բացի դրանից, ի հակադրումն Միավորված ազգերի կազմակերպության Երեխայի իրավունքների կոմիտեի վերը վկայակոչված դիրքորոշման առ այն, որ «Յուրաքանչյուր անգամ, երբ անհրաժեշտ է կայացնել որոշում, որն ազդեցություն է ունենալու կոնկրետ երեխայի (…) վրա՝ (…), որոշման կայացման գործընթացը պետք է ներառի տվյալ երեխայի (…) վրա այդ որոշման հնարավոր ազդեցության (դրական կամ բացասական) գնահատումը», վիճարկվող դրույթի կարգավորումը Դատարանին նաև զրկում է որդեգրումը թույլ տալուն հանգեցնող որոշման դրական ազդեցության հեռանկարները գնահատելու հնարավորությունից՝ ստիպելով Դատարանին յուրաքանչյուր դեպքում իր՝ որդեգրումը մերժող դատական ակտում արտացոլել բացառապես օրենսդրի կողմից՝ որդեգրման արգելքի հիմքում ընկած հնարավոր բացառապես բացասական հետևանքներն առաջ չգալու մտահոգությունը:
4.7. Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ երեխայի լավագույն շահերի տեսակետից մտահոգիչ է վիճարկվող դրույթով սահմանված տարիքային տարբերության առավելագույն շեմով պայմանավորված արգելքը, քանի որ դատարաններին զրկում է երեխայի լավագույն շահերի նկատմամբ նման որդեգրման նաև դրական ազդեցությունը գնահատելու, ինչպես նաև բացասական ազդեցության առթիվ մտահոգությունները գործի հանգամանքների համակողմանի վերլուծությամբ փարատելու հնարավորությունից՝ պետությանը զրկելով նաև Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի ներքո իր բացասական (նեգատիվ) և դրական (պոզիտիվ) պարտավորություններն արդյունավետ իրացնելու հնարավորությունից:
Այս համատեքստում Սահմանադրական դատարանը կարևոր է համարում անդրադառնալ այն հարցին, թե ինչպիսի չափանիշներ և ապացուցողական չափորոշիչներ պետք է կիրառվեն դատարանների կողմից իրավաչափ նպատակներից բխող՝ վիճարկվող դրույթով օրենսդրորեն սահմանված արգելքից՝ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին անմիջական կիրառություն հաղորդելու միջոցով բացառություն անելու համար:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարանի և համապատասխան միջազգային մասնագիտացված կառույցների վերոշարադրյալ դիրքորոշումներով ամրագրված են այն չափանիշներն ու չափորոշիչները, որոնց դատական պրակտիկայում կայուն և կանխատեսելի կիրառմամբ ողջամտորեն հնարավոր կլինի ապահովել, որ վիճարկվող դրույթով սահմանված արգելքից բացառություն անելու՝ երեխայի շահերով պայմանավորված հայեցողությունը չհանգեցնի իրավակիրառի կամայականության: Մասնավորապես՝ յուրաքանչյուր դեպքում պարտադիր կատարման ենթակա պահանջները հետևյալն են՝
ա) վիճարկվող դրույթով սահմանված արգելքը գիտականորեն հիմնավորված եզրակացություններից բխող կանխավարկած է առ այն, որ որպես կանոն, երեխայի լավագույն շահերը պահանջում են, որ որդեգրողի և որդեգրվողի տարիքային առավելագույն տարբերությունը չգերազանցի 50 տարին: Սույն փաստից հետևում է, որ այս կանխավարկածը կարող է հերքվել՝ 1) բացառիկ դեպքերում, 2) կոնկրետ գործի բոլոր հանգամանքները լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտելու արդյունքում կայացված և 3) տվյալ կոնկրետ գործի հանգամանքների բացառիկությունը հատուկ հիմնավորող, այսինքն՝ արգելքի հիմքում ընկած՝ օրենսդրի բոլոր ողջամիտ մտահոգությունները տվյալ կոնկրետ գործի հանգամանքներով փարատվածությունը պատճառաբանող որոշմամբ: Այլ խոսքով, եթե կանոնի (արգելքի) համար պահանջվում է պարզապես այդ կանոնի կիրառման փաստական հիմքի (50 տարվա տարբերության) առկայությունը, ապա կանոնից բացառություն անելու համար անհրաժեշտ է, որ դրանից արվող բացառությունը պատճառաբանվի հատուկ կերպով.
բ) նախորդ կետում ներկայացված երաշխիքներից բխող՝ դատական ակտում բոլոր մտահոգությունները փարատելու պարտականությունը ենթադրում է, որ դատարանը պետք է ապացուցված համարի, որ բացակայում է այն բոլոր բացասական հետևանքների առաջ գալու վտանգը, որն օրենսդիրը հիմք է համարել նշված արգելքը սահմանելու համար, ինչպես նաև՝ որ բացառություն անելու արդյունքում, երեխայի լավագույն շահերի տեսակետից, և միաժամանակ՝ առկա է դրական ազդեցության և/կամ հետևանքների առաջ գալու ողջամիտ հեռանկարը.
գ) վերը նշված բացասական կամ դրական ազդեցության և/կամ հետևանքների ողջամիտ հեռանկարի, համապատասխանաբար՝ բացակայության կամ առկայության առթիվ արված՝ Դատարանի հետևությունները պետք է հաստատված լինեն միմյանց լրացնող և հակառակը ողջամիտ կասկածից վեր բացառող փաստերի համակցությամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր այն մասով, որ որդեգրելու նախապատվության իրավունք չունեցող անձի և որդեգրվողի միջև տարիքային առավելագույն տարբերությամբ պայմանավորված որդեգրման արգելք սահմանելով, այդ արգելքից որևէ բացառություն չի նախատեսում՝ իրավակիրառին զրկելով յուրաքանչյուր կոնկրետ գործի բոլոր հանգամանքները` երեխայի լավագույն շահերը հաշվի առնելու հնարավորությունից:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
________________
1 General comment No. 14 (2013) on the right of the child to have his or her best interests taken as a primary consideration (art. 3, para. 1), ընդունվել է Երեխայի իրավունքների Կոմիտեի կողմից՝ Կոմիտեի 62-րդ նիստում (2013 թվականի հունվարի 14-ից փետրվարի 1-ի նիստում),
https://www.refworld.org/legal/general/crc/2013/en/95780
Նախագահող |
Ա. Դիլանյան |
14 հունվարի 2025 թվականի ՍԴՈ-1766 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունվարի 2025 թվական: