Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 226-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2024
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
24.12.2024
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
24.12.2024
Дата вступления в силу
31.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0226Ն.24.12.24

 

24 դեկտեմբերի 2024 թվականի

թիվ 226-Ն

 

ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կազմակերպել Հայաստանի Հանրապետության դրամանիշերի շրջանառությունը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, 41-րդ և 42-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. 2025 թվականի հունվարի 27-ից շրջանառության մեջ դնել սույն որոշման Հավելվածով սահմանված նմուշի և նկարագրությամբ քսան հազար դրամ անվանական արժեքով 2024 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:

2. Սահմանել, որ քսան հազար դրամ անվանական արժեքով 2024 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Քսան հազար դրամ անվանական արժեքով 1999, 2007, 2009, 2012, 2018 և 2021 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության 

կենտրոնական բանկի խորհրդի

2024 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ 226-Ն որոշման

 

1. ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄԻ ՆՄՈՒՇԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_23893

 

2. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄԻ

 

1. 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 150 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Հովհաննես Այվազովսկու դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է՝ կանաչը:

 

2. Դիմերես.

1) Թղթադրամի վերին մասում խոր տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

2) Թղթադրամի ձախ հատվածում Հովհաննես Այվազովսկու դիմանկարն է և «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «20000» և սև գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԵԳ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվանշաններից (թղթադրամի համարը)։ Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է նավի պատկեր ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։

3) Հովհաննես Այվազովսկու դիմանկարի ֆոնին՝ իր կտավներից հատվածներ են և նավի պատկեր։ Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 20000» տպագրված է ներքևի աջ մասում:

4) Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ կանաչից կապույտի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «20000» ապամետաղականացված գրառումը։

5) Թղթադրամի վերևի աջ հատվածում սև գույնով տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ նավի հստակ պատկերով։

6) Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը՝ «2024» և ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:

7) Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի գծեր:

 

3. Դարձերես.

1) Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև՝ մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

2) Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան՝ նավի հստակ պատկերով։

3) Թղթադրամի մեջտեղի հատվածում Հովհաննես Այվազովսկու պատկերասրահի շենքն է, նրա ծննդավայր Թեոդոսիայի համապատկերը և երկգույն մարգարտափայլ ժապավեն։

4) Թղթադրամի աջ մասում Հովհաննես Այվազովսկու արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «20000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը։

5) Թղթադրամի ներքևի ձախ մասում օպտիկապես փոփոխական ներկով տպագրված է անվանական արժեքը թվերով՝ «20000», իսկ կենտրոնական մասում բառերով՝ «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» (միագույն):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2024 թվական: