Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-147-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.03.2011-01.07.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.11.24/59(793) Հոդ.1309
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.10.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.11.2010
Дата вступления в силу
01.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի Քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 158-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 158. Հեղինակային և հարակից իրավունքները խախտելը

 

1. Հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը, ինչպես նաև առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա ստեղծագործությունը շահույթ ստանալու նպատակով տեսաձայնային մագնիսական կրիչի վրա ձայնագրելը, տարածելը և (կամ) վաճառելը` եթե այդ արարքը կատարվել է զգալի չափերով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) պաշտպանիչ տեխնիկական միջոցների շրջանցմամբ,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) մեկից ավելի անգամ,

4) ստացված դրոշմապիտակները դրանց օգտագործման համար չնախատեսված ստեղծագործությունների կրիչների վրա փակցնելով,

5) խոշոր չափերով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածում նախատեսված արարքը համարվում է կատարված զգալի չափերով, եթե այդ տեսաձայնային մագնիսական կրիչների օրինակների հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն օգտագործելու թույլտվության իրավունքի (լիցենզիայի) ընդհանուր արժեքը (գինը), անկախ իրավատերերից, հեղինակի կամ այլ իրավատիրոջ մոտ նշված գներով (իսկ չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) կազմում է հանցագործության պահին գործող սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև երկուհարյուրապատիկը:

4. Սույն հոդվածում նախատեսված արարքը համարվում է կատարված խոշոր չափերով, եթե այդ տեսաձայնային մագնիսական կրիչների օրինակների հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն օգտագործելու թույլտվության իրավունքի (լիցենզիայի) ընդհանուր արժեքը (գինը), անկախ իրավատերերից, հեղինակի կամ այլ իրավատիրոջ մոտ նշված գներով (իսկ չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) գերազանցում է հանցագործության պահին գործող սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 208-211-րդ հոդվածները «Ակցիզային դրոշմանիշներով» բառերից (և դրանց համապատասխան հոլովաձևերից) հետո իր բոլոր հոլովաձևերով լրացնել «և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ)» բառերով (և դրանց համապատասխան հոլովաձևերով):

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 15

Երևան

ՀՕ-147-Ն