Գլխավոր տեղեկություն
Номер
N 524
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-19.02.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՍՍՀՄԻՆՍՈՎՈԵՎԿ 1976/սեպտեմբեր
Принят
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետ
Дата принятия
21.09.1976
Подписан
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի նախագահի տեղակալ Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.02.1996

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 սեպտեմբերի 1976 թվականի N 524

Քաղ. Երևան

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը նշում է, որ Անտառային տնտեսության պետական կոմիտեի կողմից անտառպաշտպանական աշխատանքների ծավալը չնայած վերջին տարիներին զգալիորեն մեծացել է, սակայն անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ տարվող պայքարը դեռևս անբավարար է:

Անցյալ հնգամյակի տարիներին պետական անտառային ֆոնդի 404,5 հազար հեկտար տարածությունից պայքարի աշխատանքներ են տարվել տարեկան միայն 35-45 հազար հեկտարի վրա, որի հետևանքով չի ապահովվել հանրապետության անտառների պաթոլոգիական վիճակի բարելավումը: Հաճախակի տեղի են ունենում երկրաչափերի, ոսկետուտի, տարազույգ և օղակավար մետաքսագործերի, տերևաոլորների և այլ վնասատուների մասսայական բազմացման դեպքեր: Եղել են տարիներ, երբ անտառների վնասատուների և հիվանդությունների մասսայական բռնկման օջախներն ընդգրկել են 150-200 հազար հեկտար տարածություն: Այսպիսի բռնկումներ են տեղի ունեցել նաև այս տարի Աղվերանի, Բյուրականի ու Աբովյանի անտառներում:

Անբավարար են մշակվել անտառային վնասատուների ու հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի գիտական մեթոդները և եղանակները: Այս ուղղությամբ հանրապետությունում աշխատանքներ են տարվել միայն Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրության Բույսերի պաշտպանության գիտա-հետազոտական ինստիտուտում, սակայն որի անտառների պաշտպանության լաբորատորիայի հնարավորությունները սահմանափակ են:

Անտառպաշտպանական աշխատանքները հատկապես վատ են տարվել կոլտնտեսային ու սովխոզային անտառներում:

Անտառային տնտեսության պետական կոմիտեն և Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրությունը հետևողական աշխատանք չեն կազմակերպել պետական, կոլտնտեսային և սովխոզային անտառների պաշտպանության գործի բարելավման ուղղությամբ:

Հանրապետության անտառների պաթոլոգիական վիճակի արմատական բարելավման, այդ գործում կենսաբանական, միկրոկենսաբանական պայքարի առաջավոր մեթոդների լայնորեն կիրառման և գիտության նվաճումների արմատավորման նպատակով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.

1. Պարտավորեցնել Անտառային տնտեսության պետական կոմիտեին`

ա) մշակել և իրականացնել անտառային վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի անհրաժեշտ միջոցառումներ` ըստ անտառաճման գոտիների, խիստ վերահսկողություն սահմանելով դրանց կատարման նկատմամբ.

բ) հատուկ ուշադրություն դարձնել կենսաբանական և միկրոկենսաբանական պայքարի առաջավոր մեթոդների արմատավորմանը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալը տասներորդ հնգամյակում հասցնելով 10 հազար հեկտարի, այդ թվում` 1976 թվականին 1000, 1977 թվականին` 2000, 1978 թվականին` 2000, 1979 թվականին` 2000 և 1980 թվականին` 3000 հեկտար:

2. Հանրապետության անտառներում վնասատուների և հիվանդությունների դեմ կենտրոնացված պայքարի կազմակերպման նպատակով Անտառային տնտեսության պետական կոմիտեի սիստեմում ստեղծել անտառպաշտպանական կայան:

3. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրությանը` Անտառային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բարելավելու կոլտնտեսային և սովխոզային անտառների պաթոլոգիական վիճակը: 1977-1980 թվականների համար պլանավորել ու իրականացնել պայքարի անհրաժեշտ աշխատանքներ:

4. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրության Բույսերի պաշտպանության գիտա-հետազոտական ինստիտուտին և Գիտությունների ակադեմիայի Կենսաբանության ինստիտուտին` ընդլայնել անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի գծով տարվող գիտա-հետազոտական աշխատանքների ծավալը:

Բույսերի պաշտպանության գիտա-հետազոտական ինստիտուտին` ընդարձակել ինստիտուտի անտառների պաշտպանության լաբորատորիան:

5. Անտառների պաշտպանության ուղղությամբ տարվող գիտա-հետազոտական աշխատանքների ծավալի ընդլայնման ու պայքարի առաջավոր մեթոդների մշակման նպատակով Հայկական ՍՍՀ  Գյուղատնտեսության մինիստրության Բույսերի պաշտպանության գիտա-հետազոտական ինստիտուտին 1976 թվականին, բացառության կարգով, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի ռեզերվից հատկացնել 30 հազար ռուբլի և հանձնարարել Հայկական ՍՍՀ Պետպլանին ապահովել համապատասխան ֆոնդի առանձնացումը:

6. Պարտավորեցնել Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչությանը` գյուղատնտեսական կուլտուրաների և անտառային վնասատուների, հիվանդությունների ու մոլախոտերի դեմ պայքարի և պարարտացման կիրառման համար կազմակերպել մասնագիտացված ավիաքիմիական խումբ, վերջինս ապահովելով բարձր արդյունավետության ինքնաթիռներով և ուղղաթիռներով:

7. Խնդրել ՍՍՀՄ Քաղաքացիական ավիացիայի մինիստրությանը` գյուղատնտեսական կուլտուրաների և անտառային վնասատուների, հիվանդությունների ու մոլախոտերի դեմ պայքարի կազմակերպման նպատակով Քաղաքացիական ավիացիայի Հայկական վարչությանը 1977 թվականին հատկացնել երեք Կ-26 «Մ» ուղղաթիռներ:

8. Հանձնարարել Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեին` Անտառային տնտեսության պետական կոմիտեի պատվերով յուրաքանչյուր տարի ապահովել անտառների պահպանության վերաբերյալ հրահանգների ու պլակատների հրատարակումը:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

Սովետի նախագահի տեղակալ

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ