ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2024 թվականի N 2037-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆՎԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 18-րդ կետերի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» օրենքի 4-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության և հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ պետական գույքի, այդ թվում՝ բնակելի տարածքների նվիրատվության, բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման և նվիրաբերության նպատակն է՝
1) նպաստել երկրի հանրային կյանքի առաջնահերթ զարգացման կարիք ունեցող ոլորտների կայուն առաջընթացին.
2) բարելավել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի, այլ սոցիալական խմբի) կենսապայմանները.
3) բարձրացնել պետական գույքի հանրային օգտագործման արդյունավետության մակարդակը.
4) որոշակի պայմանի (պայմանների) սահմանումով նպաստել հասարակական կյանքի առանձին ոլորտների՝ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի, սոցիալական այլ ոլորտների և բարեգործության, ինչպես նաև համայնքային զարգացմանը.
5) համապատասխան ոլորտային մարմինների կողմից հավանության արժանացած գործարար ծրագրի հիման վրա նվիրաբերության կատարման միջոցով ապահովել տնտեսության առանձին ոլորտների զարգացումը.
6) հասարակական կյանքի զարգացման գործընթացին մասնակից դարձնել քաղաքացիների խմբերին և առանձին քաղաքացիների։
3. Պետական գույքի նվիրատվության, նվիրաբերության սուբյեկտներ կարող են հանդիսանալ իրավաբանական անձինք, համայնքները, օտարերկրյա պետությունները, քաղաքացիները, քաղաքացիների խմբերը և օտարերկրյա անձինք։
4. Պետական գույքի նվիրատվությունը, նվիրաբերությունը և սեփականաշնորհումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով։
5. Սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության, նվիրաբերության, ինչպես նաև բնակելի տարածքների նվիրատվության և սեփականաշնորհման գործընթացն իրականացնում և Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա գործարքները կնքում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե)։ Նվիրատվության պայմանագրերը կնքվում են համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դրույթների։ Գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրերի նոտարական վավերացման ծախսերն իրականացվելու են նվիրառուների կողմից։
6. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը (այդ թվում՝ հողամասը) սպորտի, կրթության, գիտության, մշակույթի կամ առողջապահության ոլորտներում ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետությանը նվիրելու դեպքում նվերն ընդունելու գործառույթն իրականացնում է կոմիտեն՝ կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա: Ընդ որում, հրամանը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝
1) նվիրվող գույքի անվանումը, հասցեն.
2) շարժական գույքի դեպքում՝ անվանումը, գույքագրման համարը, նույնականացման համարը` առկայության դեպքում. թողարկման (շահագործման հանձնելու) տարեթիվը տրանսպորտային միջոցի դեպքում նաև՝ մակնիշը և համարանիշը.
3) հաշվեկշռային արժեքը կամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը.
4) համայնքի անվանումը, որի կողմից նվիրվում է գույքը.
5) նվիրատվության նպատակը.
6) հանձնման-ընդունման աշխատանքների կատարման ժամկետը.
7) հաշվառման և գրանցման ծախսերը հոգացող մարմնի անվանումը։
7. Սահմանել, որ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից իրենց ենթակայությամբ կամ տվյալ համակարգում գործող կազմակերպությունների վերազինման նպատակով սարքավորումների, կենցաղային տեխնիկայի և կահույքի տրամադրումն իրականացվում է ոլորտային լիազոր մարմնի ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա, ընդ որում, գործարքները կնքում է լիազոր մարմինը։
8. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական մարմիններին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց՝ պետական մարմինների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը հաստատելու մասին» N 1067-Ն որոշումը։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ կամ շարժական գույքը (այսուհետ՝ պետական գույք) (բացառությամբ դրամական միջոցների, բնակելի նշանակության շենքերի, շինությունների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գույքի, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների կողմից իրենց ենթակայությամբ կամ տվյալ համակարգում գործող կազմակերպությունների վերազինման նպատակով սարքավորումների, կենցաղային տեխնիկայի և կահույքի նվիրատվության դեպքերի) իրավաբանական անձանց, համայնքներին, օտարերկրյա պետություններին, քաղաքացիներին և օտարերկրյա անձանց (այսուհետ՝ նվիրատվության սուբյեկտներ) նվիրատվության գործընթացը կազմակերպելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգին համապատասխան պետական գույքի նվիրատվության համար առաջարկություններ և դիմումներ կարող են ներկայացնել նվիրատվության սուբյեկտները։
3. Պետական գույքը նվիրատվության սուբյեկտներին նվիրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:
4. Նվիրատվության սուբյեկտներ հանդիսացող քաղաքացիների խմբերն այն քաղաքացիներն են, որոնք պետական լիազոր մարմնի հետ կնքված հուշագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում կառավարության միջոցառումների ծրագրով նախատեսված խնդիրների նպատակով իրականացնում են բարեգործական կամ սոցիալական միջոցառումներ։
5. Պետական գույքը նվիրատվությամբ տրվում է նվիրատվության սուբյեկտներին՝ համապատասխան պետական մարմինների առաջարկության հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախաձեռնությամբ։
6. Նվիրատվությամբ պետական գույք ստանալու համար նվիրատվության սուբյեկտը գրավոր դիմում է ներկայացնում գույքը տնօրինող համապատասխան պետական մարմին կամ կոմիտե՝ կից ներկայացնելով նվիրատվություն ստանալու համար նախատեսված պետական գույքի մասին տեղեկություններ (գտնվելու վայրը, տնօրինող պետական մարմինը, իսկ շարժական գույքի դեպքում՝ տվյալ գույքի բնութագրի մասին տվյալները՝ թողարկման և շահագործման տարին, մակնիշը, հզորությունը, ֆիզիկական չափերը, մաշվածության աստիճանը)։
7. Գույքը տնօրինող համապատասխան պետական մարմինը գույքը նվիրելու վերաբերյալ դիմումը ստանալուց, իսկ սեփական նախաձեռնության դեպքում՝ կարիքն առաջանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում նվիրատվության գործընթացը կազմակերպելու նպատակով գրավոր դիմում է կոմիտե՝ ներկայացնելով անհրաժեշտ հիմնավորում։
8. Կոմիտեն սույն կարգի 6-րդ կամ 7-րդ կետերում նշված փաստաթղթերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում ներկայացված դիմումն ընդունելու կամ մերժելու մասին և 10 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան պետական մարմնին և/կամ նվիրատվության սուբյեկտին: Ընդ որում, սույն կետով սահմանված ժամկետները կասեցվում են սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքերում և ժամկետով։
9. Պետական գույքը կոմիտեի կողմից նվիրատվության չի տրամադրվում, եթե`
1) տվյալ պետական գույքն անհրաժեշտ է պետական կառավարման համակարգի մարմնի կամ պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրական գործառույթների իրականացման համար.
2) տվյալ պետական գույքի օգտագործմամբ կամ ներդրմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած որևէ այլ ծրագիր.
3) տվյալ պետական գույքը տրամադրված է վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հայտ ներկայացրած նվիրատվության սուբյեկտը տվյալ պետական գույքի վարձակալն է կամ օգտագործողը, կամ առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N 202-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն անցկացված մշտադիտարկման արդյունքում կազմված համապատասխան արձանագրություն.
4) տվյալ պետական գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդգրկված է պետական գույքի մասնավորեցման և օտարման ծրագրերի ցանկերում.
5) չի ապահովվել սույն կարգի 10-րդ կետի պահանջը.
6) յուրաքանչյուր դեպքում նվիրատվության ենթակա գույքի օգտագործումը նախատեսված է պետական կարիքների առաջնահերթ բավարարման համար:
10. Նվիրատվության սուբյեկտի կողմից սույն կարգի 6-րդ կետի պահանջն ապահովելու նպատակով ներկայացված փաստաթղթերի թերությունների դեպքում կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է նվիրատվության սուբյեկտին կամ համապատասխան պետական մարմնին, որը գրությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում պետք է շտկի փաստաթղթերում առկա թերությունները:
11. Նախատեսված դիմումը կոմիտեի կողմից մերժվում է, եթե՝
1) չի ապահովվել սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված պահանջներից որևէ մեկը.
2) սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները.
3) առկա է սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքերից որևէ մեկը.
4) տվյալ պետական գույքը չի առանձնացվել Հայաստանի Հանրապետության օրենքներով հաստատված պետական գույքի մասնավորեցման ծրագրերում ընդգրկված ընկերությունների գույքի կազմից։
12. Նվիրատվությամբ պետական գույք ստանալու համար նշված դիմումն ընդունելուց հետո կոմիտեն երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի նվիրատվության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։ Նվիրվող գույքը պետական կառավարման համակարգի մարմնին կամ պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված լինելու դեպքում կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համապատասխան նախագիծ՝ տվյալ գույքը համապատասխան մարմնի հաշվեկշռից նվիրելու վերաբերյալ՝ առանց կոմիտեի հաշվեկշիռ բերելու։
13. Պետական գույքի նվիրատվության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկությունները՝
1) նվիրվող պետական գույքի նկարագիրը (անվանումը, գտնվելու վայրը, անշարժ գույքի դեպքում՝ մակերեսը (քառակուսի մետրով արտահայտված), անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի տվյալները, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը).
2) տեղեկություններ նվիրատվության սուբյեկտի (սուբյեկտների) մասին (անվանումը, գտնվելու վայրը), քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի տվյալները կամ անձնագրի տվյալները.
3) անհրաժեշտության դեպքում՝ այլ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
20.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ կամ շարժական գույքը (այսուհետ՝ պետական գույք) (բացառությամբ դրամական միջոցների, բնակելի նշանակության շենքերի, շինությունների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գույքի) իրավաբանական անձանց (այդ թվում՝ բուժական, դաստիարակչական հիմնարկներին, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատություններին, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատություններին, հիմնադրամներին, թանգարաններին ու մշակույթի այլ հաստատություններին), համայնքներին, օտարերկրյա պետություններին, քաղաքացիներին և օտարերկրյա անձանց (այսուհետ՝ նվիրաբերության սուբյեկտներ) նվիրաբերության գործընթացը կազմակերպելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգին համապատասխան պետական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է նվիրաբերության սուբյեկտներին՝ որոշակի պարտավորությունների կատարման պայմանով։
3. Նվիրաբերության սուբյեկտներ հանդիսացող քաղաքացիների խմբերն այն քաղաքացիներն են, որոնք պետական լիազոր մարմնի հետ կնքված հուշագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում իրականացնում են բարեգործական կամ սոցիալական միջոցառումներ և առաջարկություն են ներկայացրել այդ բնագավառում ծրագրերը շարունակելու վերաբերյալ։
4. Պետական գույքը նվիրաբերությամբ տրվում է նվիրաբերության սուբյեկտներին (բացառությամբ համայնքների), եթե՝
1) նվիրաբերության սուբյեկտների կողմից առաջարկվող հանրօգուտ ծրագրերը վերաբերում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելուն, դաստիարակչական հիմնարկների, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատությունների, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատությունների գործունեությանը, և
2) նվիրաբերության սուբյեկտների կողմից առաջարկվող հանրօգուտ ծրագրերի իրականացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրով:
5. Հանրօգուտ ծրագրեր են համարվում այն ծրագրերը, որոնք իրականացվում են կրթական, գիտական, մշակութային, մարզական, բնապահպանական, առողջապահական, սոցիալական և բարեգործության ոլորտներում:
6. Հանրօգուտ ծրագրերի գնահատման ցուցանիշներն են՝
1) հանրօգուտ ծրագրի շրջանակներում իրականացվող՝ բարեգործությունից օգտվող անձանց թիվը, այդ թվում՝ ծրագրի առանձին տարիների կտրվածքով.
2) հանրօգուտ ծրագրի շրջանակներում իրականացվող բարեգործության ընդհանուր ծավալը՝ արժեքային արտահայտությամբ, այդ թվում՝ ըստ տարիների.
3) հանրօգուտ ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումների ծավալը.
4) հանրօգուտ ծրագրի ժամկետը.
5) հանրօգուտ ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվող արդյունքները:
7. Հանրօգուտ ծրագրերն իրատեսական լինելու մասին, սույն կարգի 6-րդ կետով սահմանված ցուցանիշներին համապատասխան, եզրակացություններ են տրամադրում տվյալ ոլորտը կարգավորող լիազորված պետական մարմինները՝ նվիրաբերությամբ պետական գույք ստանալու համար նվիրաբերության սուբյեկտների կարծիք ստանալու նպատակով դիմումները ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:
8. Պետական գույքն առանց հանրօգուտ ծրագրի և գնահատման տրվում է նվիրաբերությամբ` նվիրաբերության սուբյեկտ համարվող համայնքներին, եթե այն՝
1) օգտագործվելու է տվյալ մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը համապատասխանող ծրագրի իրականացման համար.
2) ապահովելու է տեղական ինքնակառավարման մարմինների սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացումը։
9. Պետական գույքը նվիրաբերության սուբյեկտներին տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:
10. Նվիրաբերությամբ պետական գույք ստանալու համար նվիրաբերության սուբյեկտը հայտով դիմում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ` կոմիտե)՝ հայտին կից ներկայացնելով՝
1) նվիրաբերություն ստանալու համար նախատեսված պետական գույքի մասին տեղեկություններ (գտնվելու վայրը, տնօրինող պետական մարմինը, իսկ շարժական գույքի դեպքում՝ տվյալ գույքի բնութագրի մասին տվյալները՝ թողարկման և շահագործման տարին, մակնիշը, հզորությունը, ֆիզիկական չափերը).
2) լիցենզավորվող գործունեության դեպքում՝ գործող լիցենզիայի պատճենը, ծանուցման ենթակա գործունեության իրականացման դեպքում՝ լիազորված մարմնի կողմից տրված ծանուցման պատճենը, կատարված պայմանագրերի պատճենները, հաշվետվություն կատարված ներդրումների վերաբերյալ, նշված ոլորտներում գործունեության փորձ ունենալու մասին փաստաթղթերը.
3) տեղեկություններ իրականացված ծրագրերի և այդ բնագավառում ձեռք բերված արդյունքների մասին.
4) տեղեկություններ նախկինում իրականացված հանրօգուտ ծրագրերի վերաբերյալ.
5) սույն կարգի 5-րդ կետով սահմանված ոլորտներում իրականացվող հանրօգուտ ծրագիրը.
6) հանրօգուտ ծրագրերն իրատեսական լինելու վերաբերյալ սույն կարգի 7-րդ կետով ստացված եզրակացությունները:
11. Կոմիտեն սույն կարգի 10-րդ կետում նշված հայտը և կից փաստաթղթերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում սույն կարգի 10-րդ կետում ներկայացված հայտն ընդունելու կամ մերժելու մասին և 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին և նվիրաբերության սուբյեկտին: Ընդ որում, սույն կետով սահմանված ժամկետները կասեցվում են սույն կարգի 13-րդ կետում նշված դեպքերում և ժամկետով։
12. Պետական գույքը նվիրաբերության չի տրամադրվում, եթե`
1) տվյալ պետական գույքն անհրաժեշտ է պետական կառավարման համակարգի մարմնի կամ պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրական գործառույթների իրականացման համար.
2) տվյալ պետական գույքի օգտագործմամբ կամ ներդրմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած որևէ այլ ծրագիր.
3) տվյալ պետական գույքը տրամադրված է վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հայտ ներկայացրած նվիրաբերության սուբյեկտը տվյալ պետական գույքի վարձակալն է կամ օգտագործողը, կամ առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N 202-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն անցկացված մշտադիտարկման արդյունքում կազմված համապատասխան արձանագրություն.
4) տվյալ պետական գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդգրկված է պետական գույքի մասնավորեցման և օտարման ծրագրերի ցանկերում.
5) յուրաքանչյուր դեպքում նվիրատվության ենթակա գույքի օգտագործումը նախատեսված է պետական կարիքների առաջնահերթ բավարարման համար:
13. Նվիրաբերության սուբյեկտի կողմից սույն կարգի 10-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերություններով ներկայացնելու դեպքում կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ այդ մասին տեղեկացնում է նվիրաբերության սուբյեկտին, ով գրությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում պետք է շտկի փաստաթղթերում առկա թերությունները:
14. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հայտը կոմիտեի կողմից մերժվում է, եթե՝
1) չեն ապահովվել սույն կարգի 10-րդ կետով նախատեսված պահանջները.
2) սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները.
3) առկա է սույն կարգի 12-րդ կետով սահմանված դեպքերից որևէ մեկը.
4) տվյալ պետական գույքն առանձնացվել է Հայաստանի Հանրապետության օրենքներով հաստատված պետական գույքի մասնավորեցման ծրագրերում ընդգրկված ընկերությունների գույքի կազմից.
5) սույն կարգի 7-րդ կետով նախատեսված մարմինների կողմից սույն կարգի 6-րդ կետով սահմանված՝ հանրօգուտ ծրագրերի գնահատման ցուցանիշների մասին տրամադրվել է բացասական եզրակացություն։
15. Նվիրաբերությամբ պետական գույք ստանալու համար ներկայացված հայտի վերաբերյալ դրական որոշում ընդունելուց հետո կոմիտեն երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի նվիրաբերության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ՝ նախատեսելով, որ նվիրաբերության սուբյեկտի ներկայացրած հանրօգուտ ծրագիրը համարվում է պայմանագրի անբաժանելի մասը: Նվիրաբերվող գույքը պետական կառավարման համակարգի մարմնին կամ պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված լինելու դեպքում կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համապատասխան նախագիծ՝ տվյալ գույքը համապատասխան մարմնի հաշվեկշռից նվիրաբերելու վերաբերյալ՝ առանց կոմիտեի հաշվեկշիռ բերելու։
16. Պետական գույքը նվիրաբերելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկությունները՝
1) նվիրաբերվող պետական գույքի նկարագիրը (անվանումը, գտնվելու վայրը, անշարժ գույքի դեպքում՝ մակերեսը (քառակուսի մետրով արտահայտված), անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի տվյալները, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը).
2) տեղեկություններ նվիրաբերության սուբյեկտի (սուբյեկտների) մասին (անվանումը, գտնվելու վայրը), քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի տվյալները կամ անձնագրի տվյալները.
3) նվիրաբերվող պետական գույքի օգտագործման նպատակը և նվիրաբերության սուբյեկտի ներկայացրած հանրօգուտ ծրագրի հիմնական պայմանները.
4) անհրաժեշտության դեպքում՝ այլ տեղեկություններ:
17. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է մերժել կամ թույլատրել պետական գույքի նվիրաբերությունը նվիրաբերության սուբյեկտներին՝ հաշվի առնելով օրենքով սահմանված կրթական, գիտական, մշակութային, մարզական, բնապահպանական, առողջապահական, սոցիալական, բարեգործական ոլորտներում իրականացվող քաղաքականության ուղղությունները և առաջնահերթությունները։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
20.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների և հանրակացարանային բնակարանային ֆոնդի (այսուհետ` բնակելի տարածքներ) նվիրատվության և սեփականաշնորհման հետ կապված հարաբերությունները:
2. Բնակելի տարածքները կարող են նվիրվել կամ սեփականաշնորհվել՝
1) համապատասխան տարածքում հաշվառված և վերջին երեք տարում փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման ծրագրերի շրջանակներում երբևէ բնակարան (բնակելի տուն) ձեռք չեն բերել կամ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն չեն ստացել, ինչպես նաև վերջին 2 տարվա ընթացքում չեն ունեցել սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք (բացառությամբ չկառուցապատված հողամասերի, բնակելի նշանակության օժանդակ շինությունների, ինչպես նաև ոչ բնակելի նշանակություն ունեցող շենքերի, շինությունների).
2) սույն կարգի համաձայն նվիրատվությամբ բնակելի տարածքներ նախկինում ձեռք բերած անձանց, որոնց նվիրատվությունից հետո բնակության նույն հասցեում սահմանված կարգով որպես բարելավում հատկացված է տարածք, եթե առնվազն վերջին երեք տարիների ընթացքում հաշվառված և փաստացի բնակվել են համապատասխան տարածքում.
3) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած համապատասխան տարածքում հաշվառված և վերջին երեք տարուց ավելի փաստացի բնակվող այն անձանց, որոնք պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման ծրագրերի շրջանակներում երբևէ բնակարան (բնակելի տուն) ձեռք չեն բերել կամ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն չեն ստացել, ինչպես նաև վերջին 2 տարվա ընթացքում չեն ունեցել սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք (բացառությամբ չկառուցապատված հողամասերի, բնակելի նշանակության օժանդակ շինությունների, ինչպես նաև ոչ բնակելի նշանակություն ունեցող շենքերի, շինությունների)։
3. Մեկ անձի կողմից երկու և ավելի բնակելի տարածքներ զբաղեցնելու դեպքում՝ սույն որոշմամբ նվիրատվությամբ տրամադրվում է միայն մեկ բնակելի տարածք, որի համար հիմք է ընդունվում զբաղեցրած բնակելի տարածքներից՝ քաղաքացու հայեցողությամբ ընտրված բնակելի տարածքը։
4. Բնակելի տարածքում բնակվող և սույն կարգի 2-րդ կետի պահանջները բավարարող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տարածքի նվիրատվության կամ սեփականաշնորհման համար դիմում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ՝ կոմիտե)` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում.
2) անձնագրի պատճենը` հաշվառման էջով, կամ նույնականացման քարտի պատճենը.
3) մեկից ավելի ընտանիքի անդամների դեպքում` ընտանիքի չափահաս անդամների անձնագրերի պատճենները` հաշվառման էջով կամ նույնականացման քարտերի պատճենները.
4) ընտանիքի անչափահաս անդամների ծննդյան վկայականների կամ անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները.
5) տեղեկանք բնակության վայրից` տվյալ բնակելի տարածքում բնակվելու վերաբերյալ.
6) նվիրվող տարածքի վարձակալված լինելու դեպքում` նաև տեղեկանք վարձավճարի մասով պարտք չունենալու վերաբերյալ.
7) նույնականացման քարտ ներկայացրած անձանց համար՝ տեղեկանք համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրված` համապատասխան տարածքում հաշվառված լինելու վերաբերյալ.
8) սեփականության իրավունքով պատկանող հողամաս ունենալու դեպքում` համայնքի ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք՝ հողամասի չկառուցապատված լինելու մասին.
9) անհրաժեշտության դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված` անձի 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու փաստը հաստատող տեղեկանք։
5. Կոմիտեն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի պահանջներին։ Բնակելի տարածքներն այլ պետական մարմնին ամրացված լինելու դեպքում պահանջում է բնակիչների ամբողջական ցանկի, նրանց կողմից զբաղեցված սենյակների մակերեսների և հաշվեկշռային արժեքների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականների պատճենները:
6. Կոմիտեն սույն կարգի 4-րդ, 5-րդ կետերում նշված փաստաթղթերն ստանալուց հետո դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և շրջանառության մեջ է դնում համապատասխան տարածքները բնակիչներին նվիրելու կամ սեփականաշնորհելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
7. Կոմիտեն բնակելի տարածքը զբաղեցնող բնակչի կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված և հաստատված բնակելի տարածքի հատակագծի (ցանկով նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում՝ հիմք ընդունելով նշված հասցեների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված և հաստատված բնակելի տարածքի հատակագծի մակերեսը մինչև 3% թույլատրելի շեղումով) և կարգի 4-րդ կետով պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետում կնքում է նվիրատվության պայմանագիր։
8. Կարգի համաձայն նվիրատվության ենթակա բնակելի շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է բնակելի շենքի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
20.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|