ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 4-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 189.11-րդ և 189.12-րդ հոդվածներով.
«Հոդված 189.11. |
Մշակութային ծառայությունների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը |
Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից մշակութային ծառայությունների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից գովազդի բոլոր (հեռուստառադիո, էլեկտրոնային, տպագիր կամ արտաքին) միջոցներում համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունների (կենդանի կատարում կամ որևէ տեսակի ձայնագրվածքի (ֆոնոգրամայի)) օգտագործման մասին չնշելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Սույն հոդվածի երկրորդ մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո 6 ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։
Հոդված 189.12. |
Մշակութային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերի կողմից գովազդի միջոցներով հայտարարված համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունները խախտելը |
Մշակութային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերի կողմից համերգային կատարումների ժամանակ գովազդի բոլոր միջոցներով հայտարարված կենդանի կատարման փոխարեն ձայնագրվածքի (ֆոնոգրամայի) օգտագործումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 219.1-րդ հոդվածի 2-րդ մասի «և 169.16-րդ» բառերը փոխարինել «169.16-րդ, 189.11-րդ և 189.12-րդ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. հոկտեմբերի 29 |