Գլխավոր տեղեկություն
Номер
N 26
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-по сей день)
Первоисточник
ՀՍՍՀՄԻՆՍՈՎՈԵՎԿ 1981/հունվար
Принят
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Дата принятия
21.01.1981
Подписан
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

հայկական սսհ մինիստրների խորհուրդ

 

 ո ր ո շ ու մ

 

21 հունվարի 1981 թ. N 26

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԵՎ ԱՐԳԵԼՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը նշում է, որ վերջին տարիներին Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեն իրականացրել է մի շարք միջոցառումներ հանրապետության կենդանական աշխարհի պահպանման և վերարտադրության ուղղությամբ:

Արգելված է վայրի կենդանիների հազվագյուտ և անհետացող տեսակների որսը, սահմանափակվել են որսի ժամկետները, պակասեցվել են կենդանիների որսի նորմաները:

Կենդանական աշխարհը պահպանելու նպատակով կրճատվել է ավիացիայի միջոցով թունաքիմիկատների մասսայական կիրառումը, ավելացել են բիոտեխնիկական միջոցառումների ծավալները, բերվել և հանրապետության որսահանդակներում բաց են թողնվել որոշակի քանակությամբ վայրի կենդանիներ:

Ուժեղացվել են որսի կանոնները և ժամկետները խախտողների վրա ներգործության միջոցները:

Ձեռնարկված միջոցները, ինչպես նաև արգելոցների, արգելանտառների և կցագրված որսորդական տնտեսությունների կազմակերպումը որոշակի չափով նպաստել են որսի գլխաքանակի կայունացմանն ու ավելացմանը:

Դրա հետ մեկտեղ, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը նշում է, որ հանրապետությունում որսորդական ու արգելոցային տնտեսության վարման մեջ տեղ են գտել մի շարք էական թերություններ:

Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեն, Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրությունը, ժողովրդական դեպուտատների Արարատի, Արտաշատի, Իջևանի, Կրասնոսելսկի շրջանային և Դիլիջանի քաղաքային սովետների գործկոմները չեն ապահովել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թ. հուլիսի 28-ի N 491 որոշման կատարումը` արգելոցների աշխատանքի կազմակերպման բարելավման, Խոսրովի արգելոցի սահմանների ճշտման և Դիլիջանի արգելոցի տերիտորիայում գտնվող սովխոզների և կոլտնտեսությունների անասնապահական ֆերմաների տեղափոխման մասում:

Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի անբավարար աշխատանքի պատճառով դեռևս թույլ է որսորդական տնտեսության և արգելոցների նյութատեխնիկական բազան, ցածր է որսահանդակների արդյունավետությունը, վատ են կազմակերպված կցագրված որսորդական տնտեսությունները, լրիվ չափով չի իրականացվել որսահանդակների ամրացումը պետական, կոոպերատիվ և հասարակական կազմակերպություններին, պատշաճ ուշադրություն չի դարձվում արհեստական որսաբազմացմանը:

Պետական արգելոցների և որսի ու որսորդական տնտեսության վարման մասին գործող կանոնադրությունները չեն համապատասխանում որսորդական և արգելոցային տնտեսության վարման և հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանման ու ավելացման աշխատանքի ժամանակակից պահանջներին:

Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեն պատշաճ կարգ չի սահմանել առանձին շրջաններում մկնանման կրծողների դեմ պայքարելիս ուժեղ ազդող թունաքիմիկատների կիրառման գործում, որի հետևանքով վնաս է հասցվում որսի կենդանական աշխարհին:

Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեն, Հայորսորդմիությունը, ներքին գործերի տեղական մարմինները, ժողովրդական դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական սովետների գործկոմներն արդյունավետ պայքար չեն տանում որսագողության դեմ և բավարար միջոցներ չեն ձեռնարկում բնակչության մոտ չգրանցված ողորկափող հրացանների հայտնաբերման ու բռնագրավման համար:

Հանրապետության որսորդական և արգելոցային տնտեսության հետագա բարելավման նպատակով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Հանձնարարել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին, Հայորսորդմիությանը, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտին և կենդանաբանության ինստիտուտին` մշակել և իրականացնել հանրապետության կենդանական աշխարհի պահպանումն ու վերարտադրությունը, որսահանդակների ռացիոնալ և խնամքով օգտագործումը, պետական արգելոցների ու արգելանտառների գործունեության բարելավումն ապահովող միջոցառումներ: Ձեռնարկված միջոցների մասին ամեն տարի տեղեկացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին:

2. Պարտավորեցնել ժողովրդական դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական սովետների գործկոմներին, ներքին գործերի և պետավտոտեսչության տեղական մարմիններին, սովխոզների ադմինիստրացիային և խորհուրդ տալ կոլտնտեսությունների վարչություններին` ձեռնարկել առավել արդյունավետ միջոցներ որսորդական տնտեսության և արգելոցների պահպանումն ապահովելու համար:

3. Հանձնարարել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին և Հայորսորդմիությանը` Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի հետ համատեղ, եղած որսակազմակերպման նյութերի հիման վրա, 1981-1985 թվականների ընթացքում որսահանդակներն ամրացնել պետական, կոոպերատիվ և հասարակական կազմակերպություններին:

4. Հայորսորդմիությանը` 1982-1983 թվականներին խոշոր արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտներում կազմակերպել որսորդների սկզբնական ընկերություններ, այն հաշվով, որպեսզի այդ ձեռնարկությունների կոլեկտիվները Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի հետ պայմանագրով ստեղծեն կցագրված որսորդական տնտեսություններ:

5. Հանձնարարել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին և Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրությանը` պետական հողային ֆոնդի ու պետական անտառային ֆոնդի հողերից կցագրված որսորդական տնտեսություններին հատկացնել վարելահանդակներ և խոտհարքահանդակներ, ելնելով 5.000 հա ամրացված որսահանդակներին 1 հեկտարի հաշվարկից:

6. Հանձնարարել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին` 1981 թվականին մշակել Գուգարքի անտառատնտեսության բազայի վրա 1982-1985 թվականներին փորձնական որսորդական տնտեսության շինարարության նախագծային փաստաթղթերը:

7. Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին` 1982 թվականի համար իրեն նախատեսված բյուջետային միջոցներից առանձնացնել միջոցներ Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի հետ պայմանագրով բնիկ կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչների` հայկական մուֆլոնի և բեզոարյան այծի որսի, պահպանման և բազմացման պայմանագրով աշխատանքների վճարման համար:

8. Հանձնարարել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին և Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրությանը` Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի և բուսաբանության ինստիտուտի, ժողովրդական դեպուտատների Արարատի, Արտաշատի, Աբովյանի, Գուգարքի, Իջևանի, Ղափանի շրջանային և Դիլիջանի քաղաքային սովետների գործկոմների հետ համատեղ առաջարկություններ մշակել Խոսրովի և Շիկահողի արգելոցների սահմանների շտկման, Դիլիջանի արգելոցի տերիտորիայից սովխոզների ու կոլտնտեսությունների անասնապահական ֆերմաների տեղափոխման և Ծավի սովխոզի տնօրինության տակ գտնվող սոսու պուրակը Շիկահողի արգելոցին միացնելու վերաբերյալ և մինչև 1981 թ. հունիսի 1-ը ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ:

Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին` Խոսրովի և Շիկահողի արգելոցների վերջնական սահմանները որոշելուց հետո Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության հետ պայմանագիր կնքել արգելոցներին կցված հողերը պետական ակտերով ձևակերպելու համար և նախատեսել այդ աշխատանքների համապատասխան ֆինանսավորում:

9. Ժողովրդական դեպուտատների Դիլիջանի և Ղափանի քաղաքային ու Արարատի շրջանային սովետների գործկոմներին` բնակատարածության ֆոնդեր հատկացնել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի արգելոցներում աշխատանքի հրավիրված մասնագետների համար:

10. Հանձնարարել հանրապետական, շրջանային ու տեղական թերթերի և ամսագրերի խմբագրություններին, Հայկական ՍՍՀ հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների պետական կոմիտեին` մամուլում և ռադիո ու հեռուստատեսային հաղորդումներում լայնորեն լուսաբանել հանրապետության արգելոցային ու որսորդական տնտեսության պահպանման հարցերը:

11. Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրությանը, ժողովրդական դեպուտատների շրջանային ու քաղաքային սովետների գործկոմներին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին` միջոցներ ձեռնարկել բնության նկատմամբ խնամքով վերաբերմունքի մասին բնակչության շրջանում մասսայական-բացատրական աշխատանքի բարելավման համար:

12. Հաստատել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի ներկայացրած, Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի և կենդանաբանության ինստիտուտի հետ համաձայնեցված` առդիր Հայկական ՍՍՀ տերիտորիայում որսի և որսորդական տնտեսության վարման մասին կանոնադրությունը, Հայկական ՍՍՀ որսորդների ու ձկնորսների միության կցագրված որսորդական տնտեսությունների մասին կանոնադրությունը և Հայկական ՍՍՀ պետական արգելոցների մասին կանոնադրությունը:

13. Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1959 թ. հունվարի 13-ի «Հայկական ՍՍՌ պետական արգելոցների մասին կանոնադրության հաստատման մասին» N 4 որոշումը և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1967 թվականի հուլիսի 22-ի «Հայկական ՍՍՀ տերիտորիայում որսի և որսորդական տնտեսության վարման մասին կանոնադրության հաստատման մասին» N 349 որոշումը:

14. Խնդրել ՍՍՀՄ անտառային տնտեսության պետական կոմիտեին` հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլաններում անհրաժեշտ միջոցներ նախատեսել փորձնական որսորդական տնտեսության նախագծման ու շինարարության համար, ինչպես նաև տրանսպորտային միջոցների ֆոնդերի առանձնացում` Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի որսորդական տնտեսության և արգելոցների բաժնին:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի նախագահ

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան