ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2024 թվականի N 1924-Ն
«ՏԱՓԻ ԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՏԱՓԻ ԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի և 17-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր 1 հողամասում գտնվող «Տափի բերդ» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային (1.4985 հա վկայական N 06062024-03-0006) արգելոց։
2. Սահմանել «Տափի բերդ» պատմամշակութային արգելոցի տարածքը՝ 1.4985 հեկտար:
3. Ստեղծել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Տափի բերդ» պատմամշակութային արգելոց մասնաճյուղ։
4. Սահմանել, որ «Տափի բերդ» պատմամշակութային արգելոց մասնաճյուղի պահպանման և շահագործման ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր 1 հողամասում գտնվող 1.4985 հա մակերեսով հողամասը և ընդհանուր 13.7 քառ. մետր, 164.67 քառ. մետր, 658.68 խոր. մետր մակերեսով շինությունները (վկայական N 06062024-03-0006, պետական ցուցիչ՝ 3.95.2 «Տափի բերդ») անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ «Տափի բերդ» պատմամշակութային արգելոց մասնաճյուղի տեղակայման նպատակով։
6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ սահմանված կարգով կնքել համապատասխանաբար 1.4985 հա մակերեսով հողամաս և ընդհանուր 13.7 քառ. մետր, 164.67 քառ. մետր, 658.68 խոր. մետր մակերեսով շինություններ (վկայական N 06062024- 03-0006, պետական ցուցիչ՝ 3.95.2) անշարժ գույքի (այսուհետ՝ գույք) անհատույց անժամկետ օգտագործման պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ սույն կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։
7. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ՝ երկամսյա ժամկետում ապահովել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից «Տափի բերդ» պատմամշակութային արգելոց մասնաճյուղի կանոնադրության հաստատումը:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 312-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել 35-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝
«35. «Տափի բերդ» պատմամշակութային արգելոց»։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|