Գլխավոր տեղեկություն
Номер
N 176-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.03.26/16(251) Հոդ.263
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.01.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.03.2003
Дата вступления в силу
27.03.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 10.12.20 N 2049-Ն)

 

23 հունվարի 2003 թվականի N 176-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 57-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև դրա լիազորությունները՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 05.12.24 N 1928-Ն)

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 23-ի N 176-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը լրաց. 05.12.24 N 1928-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) բժշկական հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) գործում է Ոստիկանության բժշկական վարչության (այսուհետ՝ բժշկական վարչություն) կազմում և ապահովում է ոստիկանությունում ծառայության ընդունվողների (այդ թվում՝ ոստիկանության զորքերում կամ այլ մարմիններից փոխադրման կարգով ոստիկանությունում ծառայության ընդունվողների), ոստիկանության ծառայողների, ոստիկանության զորքերի զինծառայողների, ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվողների, ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողների, ոստիկանությունում քաղաքացիական ծառայության ընդունվող անձանց, ինչպես նաև ոստիկանությունում ծառայությունից և ոստիկանության զորքերում ծառայությունից ազատված անձանց բժշկական փորձաքննության աշխատանքների իրականացումն ու ղեկավարումը։

(1-ին կետը լրաց. 05.12.24 N 1928-Ն)

2. Հանձնաժողովը ձևավորվում է ոստիկանության պետի կողմից ոստիկանության բժշկական վարչության պետի ներկայացմամբ։

3. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, հանձնաժողովի նախագահի տեղակալից և առնվազն տասնմեկ անդամներից: Հանձնաժողովի անդամները համալրվում են հետևյալ բժիշկ մասնագետներով՝ թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, մաշկաբան, ստոմատոլոգ, ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ, սրտաբան և այլ մասնագետով` հոգեբան:

(3-րդ կետը խմբ. 05.12.24 N 1928-Ն)

4. Հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք և դրոշմակնիք։

5. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններով և այլ իրավական ակտերով: Ոստիկանության զորքերում ծառայող և ոստիկանության զորքերում ծառայության ընդունվող կամ ոստիկանության զորքերում ծառայությունից ազատված անձանց բժշկական փորձաքննությունն իրականացնելիս հանձնաժողովն առաջնորդվում է զինվորական ծառայության ընդունվող և զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց բժշկական փորձաքննության հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով:

6. Սույն հավելվածի 1-ին կետում նշված անձանց բժշկական փորձաքննության նպատակն է որոշել`

1) ոստիկանությունում ծառայության (այդ թվում՝ քաղաքացիական ծառայության) ընդունվելու պահին քաղաքացիների պիտանիությունը` նկատի ունենալով նրանց առողջական վիճակը և ֆիզիկական զարգացումը.

2) ոստիկանության ծառայողների, ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվողների և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողների պիտանիությունը ոստիկանությունում ծառայությանը.

3) ոստիկանության ծառայողների, ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ձեռք բերած հիվանդությունների, ստացած վնասվածքների, խեղումների, ինչպես նաև մահվան` ծառայության հետ պատճառական կապը:

7. Հանձնաժողովն անձի բժշկական փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունների պետերի, ոստիկանության բժշկական վարչության պետի, ոստիկանությունում համապատասխան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, ոստիկանության զորքերի զորամասերի հրամանատարների կողմից տրված ուղեգրերի կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետի միջնորդությունների հիման վրա։ Ուղեգրում (միջնորդությունում) նշվում են բժշկական փորձաքննությանն առաջադրվող հարցերը, փորձաքննության անցկացման նպատակը, փորձաքննության ներկայացվող անձի կարգավիճակը (ոստիկանությունում ծառայության ընդունվող, ոստիկանության համակարգում այլ ծառայության տեղափոխվող, ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվող, սովորող, այլ մարմիններից փոխադրման կարգով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայության ընդունվող և այլն)։

(7-րդ կետը փոփ. 05.12.24 N 1928-Ն)

8. Բժշկական փորձաքննություն իրականացնելու նպատակով բացի ուղեգրից (միջնորդությունից) հանձնաժողովին են ներկայացվում ոստիկանությունում ծառայության ընդունվողի և ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվողի վերաբերյալ հետևյալ փաստաթղթերը՝

1) զինվորական գրքույկ.

2) ամբուլատոր քարտից քաղվածք՝ վերջին 5 տարվա ընթացքում նրա հիվանդությունների վերաբերյալ (ըստ բնակության վայրի), արյան և մեզի ընդհանուր քննություն, արյան MRP հետազոտություն, արյան մեջ գլյուկոզի մակարդակի որոշում և ներակնային ճնշման չափում (35 տարեկանից բարձր փորձաքննվողների համար).

3) տեղեկանքներ՝ թմրաբանական, հոգեբուժական, հակատուբերկուլյոզային դիսպանսերից (կաբինետից).

4) այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

(8-րդ կետը փոփ. 05.12.24 N 1928-Ն)

9. Ոստիկանությունում ծառայող անձանց բժշկական փորձաքննությունն իրականացվում է ծառայողական վկայականի, ամբուլատոր քարտի, ինչպես նաև անհրաժեշտ հետազոտությունների արդյունքների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:

10. Հանձնաժողովը բժշկական փորձաքննության արդյունքում տրամադրում է հետևյալ եզրակացություններից մեկը՝

1) ոստիկանությունում ծառայության (այդ թվում՝ քաղաքացիական ծառայության) ընդունվողների վերաբերյալ՝

ա. պիտանի է ծառայության համար՝ որպես _______________________________________,

(պաշտոնը)

 

բ. պիտանի չէ ծառայության համար՝ որպես _______________________________________.

(պաշտոնը)

 

2) ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվողների վերաբերյալ՝

ա. պիտանի է ընդունման ______________________________________________________,

(ուսումնական հաստատության անվանումը, ֆակուլտետը, ուսուցման ձևը)

 

բ. պիտանի չէ ընդունման _______________________________________________________.

(ուսումնական հաստատության անվանումը, ֆակուլտետը, ուսուցման ձևը)

 

3) ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողների վերաբերյալ՝

ա. պիտանի է ուսանելու________________________________________________________ ,

(ուսումնական հաստատության անվանումը, ֆակուլտետը, ուսուցման ձևը)

 

բ. պիտանի չէ ուսանելու ________________________________________________________.

(ուսումնական հաստատության անվանումը, ֆակուլտետը, ուսուցման ձևը)

 

4) ոստիկանությունում ծառայող անձանց վերաբերյալ՝

ա. պիտանի է ոստիկանությունում հետագա ծառայությանը՝ որպես___________________ ,

                                                                      (պաշտոնը)

 

բ. պիտանի չէ ոստիկանությունում հետագա ծառայությանը,

գ. պիտանի է ոստիկանությունում ոչ շարային ծառայության համար՝ խաղաղ ժամանակ, առաջին աստիճանի սահմանափակ պիտանի է պատերազմի ժամանակ,

դ. տրվում է արձակուրդ ________________________________________________________ :

(բուժական (վերականգնողական) արձակուրդի ժամկետը՝ օրերով)

 

11. Հանձնաժողովը որոշում է կայացնում նաև ոստիկանության ծառայողի, ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման կամ մահվան՝ ոստիկանությունում ծառայության հետ պատճառական կապի մասին:

12. Հանձնաժողովը փորձաքննում է նաև ոստիկանությունում սահմանված կարգով ծառայությունից ազատված անձանց ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման կամ մահվան պատճառական կապը ոստիկանությունում ծառայության հետ: Ոստիկանությունում սահմանված կարգով ծառայությունից ազատված անձանց ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման կամ մահվան պատճառական կապի մասին փորձագիտական որոշումները քննարկվում և կայացվում են անկախ ծառայությունից սահմանված կարգով ազատվելու ժամանակահատվածից։

(12-րդ կետը լրաց. 05.12.24 N 1928-Ն)

13. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված դեպքերում հանձնաժողովը ոստիկանությունում ծառայության հետ պատճառական կապը որոշելիս տրամադրում է հետևյալ եզրակացությունները`

1) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է կամ մահացել է (զոհվել է) ծառայողական պարտականությունները կատարելու հետևանքով.

2) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է կամ մահացել է (զոհվել է) ոստիկանությունում ծառայության ընթացքում.

3) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է կամ մահացել է (զոհվել է) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ.

4) հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է կամ մահացել է (զոհվել է) հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով:

14. Ոստիկանությունում ծառայող անձանց, ինչպես նաև սահմանված կարգով ոստիկանությունում ծառայությունից ազատված անձանց ձեռք բերած հիվանդությունները, վնասվածքները, խեղումները կամ մահը հանձնաժողովի կողմից չեն կարող ճանաչվել ծառայողական պարտականությունները կատարելու հետևանքով առաջացած, եթե ծառայողը դրանք ստացել է ծառայությունը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների խախտման կամ ոչ պատշաճ կատարման կամ ինքնավնասման կամ ինքնասպանության հետևանքով։

15. Ոստիկանությունում ծառայությունից սահմանված կարգով ազատվելուց հետո անձի հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումն ստանալու կամ մահանալու պատճառական կապը ծառայության հետ որոշելիս հանձնաժողովը հիմք է ընդունում անձի վերաբերյալ բժշկական պատմագրերը, հիվանդության վկայագրությունը, բժշկական քարտում բուժող բժշկի կատարած գրանցումները, արխիվային տեղեկանքները, գործիքային հետազոտության արդյունքները, ծառայողական քննության, հետաքննության, նախաքննության նյութերը:

16. Անձի հիվանդությունը ձեռք բերելու, վնասվածքը կամ խեղումն ստանալու կամ մահանալու պատճառական կապը ծառայության հետ որոշելիս հանձնաժողովի համար որպես հիմք հանդիսանում է համապատասխան հիվանդությունը ձեռք բերելու, վնասվածքը կամ խեղումն ստանալու կամ մահանալու պահին անձի՝ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում գտնվելու վերաբերյալ համապատասխան ծառայողական քննությամբ հաստատված փաստը, ինչպես նաև այլ փաստական հանգամանքներ (փաստաթղթեր), որոնք կհիմնավորեն անձի հիվանդությունը, վնասվածքը, խեղումը կամ մահը ծառայողական պարտականությունների կատարման հետևանքով առաջանալու հանգամանքը:

17. Եթե փորձաքննվողի մոտ հայտնաբերվում են տարբեր հանգամանքներում ստացված վնասվածքներ, կամ խեղում, կամ ձեռք բերված հիվանդություններ, կամ դրանց հետևանքներ, ապա հանձնաժողովը դրանցից յուրաքանչյուրի պատճառական կապի վերաբերյալ տրամադրում է առանձին եզրակացություն՝ պայմանավորված դրանք ստանալու (ձեռք բերելու) հանգամանքներով:

18. Եթե ծառայողի հիվանդության, վնասվածքի, խեղման կամ մահվան դեպքով հարուցված է քրեական վարույթ կամ նշանակված է ծառայողական քննություն, ապա հանձնաժողովը պատճառական կապը որոշելու վերաբերյալ եզրակացությունը տրամադրում է դրանց ավարտից հետո՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ ստացված տեղեկությունների հիման վրա, եթե հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող տեղեկությունների հիման վրա հիմնավոր եզրակացություն տրամադրել հնարավոր չէ:

19. Բժշկական փորձաքննությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հանձնաժողովը համագործակցում է առողջապահության մարմինների հետ:

20. Հանձնաժողովն իր մասնագիտական գործունեության շրջանակներում համագործակցում է բժշկական վարչության այլ ստորաբաժանումների հետ բժշկական փորձաքննությունների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով։

21. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում վերանայում է հանձնաժողովի կողմից նախկինում տրամադրված եզրակացությունները։

22. Հանձնաժողովը համակողմանի և լիարժեք փորձաքննություն իրականացնելու նպատակով կարող է փորձաքննվողից պահանջել ներկայացնելու տեղեկություններ և բժշկական փաստաթղթեր քաղաքացիական բժշկական հաստատություններից, զինվորական կոմիսարիատից:

23. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս կարող է ուսումնասիրել բժշկական վարչության պոլիկլինիկայում և քաղաքացիական բժշկական հաստատություններում գտնվող ծառայողների հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքը:

24. Հանձնաժողովը լրացուցիչ հետազոտման և բուժման նպատակով կարող է ոստիկանության ծառայողներին ուղեգրել այլ բժշկական հաստատություններ։

24.1. Բժշկական փորձաքննության իրականացման ժամկետի, դրա երկարաձգման, կասեցման, կարճման և վերսկսման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։

(24.1-ին կետը լրաց. 05.12.24 N 1928-Ն)

25. Հետազոտման արդյունքները վավեր են 3 ամսվա ընթացում, ֆլյուորոգրաֆիկ հետազոտության արդյունքները՝ 6 ամսվա ընթացում։ Հանձնաժողովի եզրակացությունները վավեր են 3 ամիս։

26. Փորձաքննության ժամանակ իրականացվում է էլեկտրասրտագրություն, հոգեֆիզիոլոգիական վերլուծություն։ Կանայք հետազոտվում են նաև գինեկոլոգի կողմից։ Ախտորոշումը ճշտելու նպատակով փորձաքննվողը կարող է ուղեգրվել լրացուցիչ հետազոտությունների։

27. Հանձնաժողովի կողմից բժշկական փորձաքննություն իրականացնելիս կազմվում է արձանագրություն, որում ամփոփվում է փորձաքննության ամբողջ ընթացքը: Արձանագրության մեջ նշվում են բժշկական փորձաքննության ենթարկվող անձի անձնական տվյալները, առողջական վիճակին վերաբերող տեղեկությունները, բժշկական հետազոտությունների արդյունքները, օբյեկտիվ զննության արդյունքները, հոգեբանական հետազոտության արդյունքները: Հանձնաժողովում ներգրավված բժիշկներն արձանագրության մեջ անձամբ նշում են իրենց մասնագիտական եզրահանգումները փորձաքննության ենթարկվող անձի առողջական վիճակի վերաբերյալ և դրանք հաստատում են իրենց ստորագրությամբ:

28. Բժիշկների մասնագիտական եզրահանգումների հիման վրա հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում՝ հիմք ընդունելով համապատասխան նորմատիվ իրավական ակտով սահմանված ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները: Հանձնաժողովը որոշումը կայացնում է կոլեգիալ կազմով, որն ամփոփվում է արձանագրության մեջ:

29. Փորձաքննվողի՝ ծառայության համար պիտանիությունը որոշվում է անհատական գնահատման եղանակով։ Եթե հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի որևէ անդամ համաձայն չէ հանձնաժողովի կայացրած որոշման հետ, ապա անհամաձայնությունը գրանցվում է արձանագրության մեջ՝ որպես մասնավոր կարծիք։

30. Հանձնաժողովի կողմից կայացված որոշման հիման վրա հանձնաժողովը տրամադրում է սույն հավելվածի 10-րդ կամ 13-րդ կետերով նախատեսված եզրակացություններից որևէ մեկը:

31. Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բժշկական փորձաքննությունը, անհրաժեշտության դեպքում, կարող է իրականացվել հոգեբուժական հանձնաժողովի կողմից «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված կարգով:

32. (կետն ուժը կորցրել է 05.12.24 N 1928-Ն)

33. Հանձնաժողովի եզրակացությունները և արձանագրությունները գրանցվում են եզրակացությունների և արձանագրությունների գրանցման մատյանում։ Եզրակացության պատճենները վավերացվում են հանձնաժողովի կնիքով և 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են՝

1) բժշկական փորձաքննությանը ներկայացրած մարմնին (պաշտոնատար անձին).

2) փորձաքննվողի ծառայության (աշխատանքի) վայր.

3) սույն հավելվածի 18-րդ կետով նախատեսված դեպքերում՝ քրեական գործի վարույթն իրականացնող քննչական մարմնին կամ ծառայողական քննություն իրականացնող մարմնին (առկայության դեպքում).

4) փորձաքննվողին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ նրա կողմից լիազորված անձին:

34. Բժշկական փորձաքննության ընթացքում հանձնաժողովի կողմից կազմվող փաստաթղթերը պահպանվում են 30 տարի:

35. Հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով ապահովում է փորձաքննվող անձի վերաբերյալ անձնական տվյալների գաղտնիությունը:

36. Հանձնաժողովի եզրակացությունները կարող են բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին կամ դատական կարգով։

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 05.12.24 N 1928-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան