ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2024 թվականի N 1895-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման NN 1 և 3 հավելվածներով հաստատված կարգերը, ինչպես նաև 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2102-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող` մարզ Տավուշ, համայնք Դիլիջան, Դիլիջան ք., Մյասնիկյան փողոց 4 հասցեում գտնվող՝ շուկայական արժեքին մոտարկված 370 424 344.21 ՀՀ դրամ կադաստրային արժեքով (որում ներառված՝ հատկացված հողամասի կադաստրային արժեքը՝ 168 429 273․21 ՀՀ դրամ) 2276.8 քառ. մետր մակերեսով շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 2.46447 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 21102024-11-0021, այսուհետ՝ գույք) օտարել մրցույթով:
2. Սահմանել, որ՝
1) մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գինը 2024 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով 628 000 000 ՀՀ դրամ է (որում ներառված՝ հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 526 700 000 ՀՀ դրամ).
2) մրցույթին մասնակցելու նախավճարը գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝ 31 400 000 ՀՀ դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Մրցույթում հաղթող չճանաչված, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուին (հայտատուներին) մրցույթի մասնակցության նախավճարը վերադարձվում է մրցույթի արդյունքների ամփոփման արձանագրության հիման վրա՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.
3) գնորդն իր կողմից առաջարկված գինը վճարում է մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում՝ մրցույթում առաջարկված գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի.
4) գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 964 300․20 ՀՀ դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվին ու չի համարվում գույքի վաճառքի գնի մաս.
5) գնորդը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը:
3. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
2) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
3) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև 21․10․2026 թվականը կազմակերպել հերթական մրցույթներ՝ առանց գույքի վաճառքի գնի նվազեցման.
4) մրցույթում հաղթողի առկայության և հաղթողի կողմից սույն որոշման 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված ժամկետներում վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել գույքի օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ՝
ա. գնորդի կողմից մրցույթի արդյունքում ստանձնված ներդրումները սահմանված ժամկետում չկատարվելու կամ մինչև 50 տոկոս կատարվելու դեպքում գնորդը 6 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարված ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 15 տոկոսի չափով, եթե ներդրումների ծավալը չի գերազանցում 300 մլն դրամը, իսկ այն գերազանցելու դեպքում՝ 10 տոկոսի չափով,
բ. գնորդի կողմից մրցույթի արդյունքում ստանձնված ներդրումները սահմանված ժամկետում 50 կամ ավելի տոկոսով կատարվելու, բայց ամբողջությամբ չկատարվելու դեպքում գնորդը 4 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարված ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 10 տոկոսի չափով, եթե ներդրումների ծավալը չի գերազանցում 300 մլն դրամը, իսկ այն գերազանցելու դեպքում՝ 5 տոկոսի չափով,
գ. գույքն օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս նոր սեփականատերն իրավահաջորդության կարգով ստանձնում է գործարքի արդյունքում գնորդին վերապահված ողջ պարտավորությունները,
դ. սույն ենթակետի «ա» կամ «բ» պարբերություններով սահմանված պարտավորություններից որևէ մեկը չկատարելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ գույքը՝ վերադարձման Հայաստանի Հանրապետությանը։ Ընդ որում՝ պայմանագրի լուծման դեպքում վճարված և ներդրված գումարները վերադարձման ենթակա չեն:
4. Մրցույթի հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում հետևյալ պայմանները և պայմանների գնահատման կշռային գործակիցները՝
ա. գույքի համար առաջարկվող գին (չի կարող ցածր լինել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված գույքի վաճառքի մեկնարկային գնից)՝ արտահայտված մեկ թվային մեծությամբ՝ կշռային գործակիցը՝ 0.9,
բ. գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափ` արտահայտված մեկ թվային մեծությամբ` կշռային գործակից՝ 0.1:
5. Հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած և ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը, իսկ հավասար միավորների հավաքելու դեպքում նախապատվությունը տրվում է գույքի համար բարձր գին առաջարկած մասնակցին:
6. Գույքի օտարման նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների և չի կարող գերազանցել հինգ տարին։
7. Գնորդի կողմից սույն որոշմամբ սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած, և կազմակերպվում է նոր մրցույթ՝ նույն պայմաններով՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազման։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|