ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2024 թվականի N 1876-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 134 որոշման դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ ապրանքներ) «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումը կամ, որպես, անձնական օգտագործման տրանսպորտային միջոց, ազատ շրջանառության համար բացթողումը 2025 թվականի ընթացքում թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով՝ 8000 հատից ոչ ավելի քանակով, որից՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող 5000 հատից ոչ ավելի քանակով ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրվում է սույն կետի 2-րդ ենթակետում չնշված սուբյեկտներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց).
2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող 3000 հատից ոչ ավելի քանակով ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրվում է բացառապես անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտներին (այսուհետ` շահառու):
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից օգտված սուբյեկտները չեն կարող օգտվել նույն կետի 2-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից, իսկ 1-ին կետի 2-րդ ենթակետի սակագնային արտոնությունից օգտվածները՝ նույն կետի 1-ին ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից։
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին լիազոր մարմին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 134 որոշման կիրարկման իմաստով:
4. Հաստատել ապրանքների ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, ինչպես նաև կիրառվում է 2024 թվականի ընթացքում ներմուծված և 2025 թվականի ընթացքում ձևակերպվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն սակագնային արտոնության կիրառմամբ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ ապրանքներ) մաքսային ձևակերպման ժամանակ ծագող հարաբերությունները:
2. Սույն որոշմամբ նախատեսված մաքսատուրքի սակագնային արտոնության կիրառման նպատակով հայտարարատուն ապրանքի ներմուծումից հետո Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում մաքսային հայտարարագիրը:
3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նշված շահառուները մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու նպատակով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) են ներկայացնում դիմում՝ համաձայն սույն կարգի N 1 ձևի՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
1) անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) պատճենը.
2) ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի պատճեններ (համապատասխան սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր, լուսանկարներ)։
4. Շահառուն դիմումը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում է նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ secretariat@mineconomy.am), փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
5. Շահառուի կողմից ներկայացված դիմումում կամ կից փաստաթղթերում թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում նախարարությունը դիմումի մուտքագրման օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով, իսկ ըստ անհրաժեշտության նաև կապի այլ միջոցներով առաջարկում է դիմումատուին 1 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները: 1 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող փաստաթղթերի չներկայացման և թերությունների չվերացման դեպքում դիմումը մերժվում է։
6. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նշված շահառուների վերաբերյալ՝ սույն ընթացակարգի 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերը նախարարությունը գրությամբ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։
7. 2025 թվականի հունվարի 1-ից հետո մինչև սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված քանակի սպառումը, այն շահառուները, որոնք չեն օգտվել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից և 2025 թվականին անմիջապես ավտոարտադրողի հետ կնքել են դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր (համաձայնագիր), կարող են սույն ընթացակարգի 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերը ներկայացնել նախարարություն։ Նախարարությունը սույն ընթացակարգի 5-րդ կետով սահմանված կարգով՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և թերությունների բացակայության դեպքում՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք գրությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։
8. Սույն ընթացակարգով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ լրացված մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից գրանցումը դիտվում է որպես լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 134 որոշման կիրարկման իմաստով:
9. Սույն որոշմամբ նախատեսված սակագնային արտոնության կիրառման նպատակներով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում ապրանքի հայտարարագրի գրանցում է համարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված տեղեկությունների ներկայացման արդյունքում մաքսային մարմինների կողմից նախնական մաքսային հայտարարագրում ճշգրտումների (փոփոխությունների, լրացումների) գրանցումը։
10. Սույն ընթացակարգով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ լրացված մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի գրանցումը կամ բացթողումը սակագնային արտոնության կիրառմամբ մերժվում է, եթե սույն որոշմամբ սահմանված սակագնային արտոնության կիրառմամբ ներմուծվող (ներմուծված) ապրանքների նախատեսված քանակը սպառվել է նշված փաստաթղթերի գրանցման կամ բացթողման պահի դրությամբ:
11. Ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառմամբ բացթողումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից ժամանակագրական սկզբունքով, հերթականությամբ՝ հիմք ընդունելով մաքսային հայտարարագրերի գրանցման պահը, իսկ դրանց քանակական հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ հայտարարագրման համակարգի կիրառմամբ։ Միաժամանակ գրանցված մաքսային հայտարարագրերի առկայության պարագայում սակագնային արտոնության կիրառման հնարավորությունը տրամադրվում է առավել վաղ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատած ապրանքներին:
12. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն՝ 2025 թվականի ընթացքում, ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը, սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն՝ սակագնային արտոնությամբ բացթողնված ապրանքների վերաբերյալ։
13. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տեղեկատվություն՝ 2025 թվականի ընթացքում ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 20-ը, սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված սակագնային արտոնությամբ բացթողնված ապրանքների քանակի վերաբերյալ։
Ձև N 1
ԴԻՄՈՒՄ
1. Իրավաբանական անձի անվանումը` ____________________________________
2. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը` __________________________
3. Իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն` ____________________________
4. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի և ինտերնետային պաշտոնական կայքը (առկայության դեպքում)՝ ____________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
5. Լրացուցիչ տեղեկատվություն՝ ըստ անհրաժեշտության՝
___________________________________________________________________________________
6. Կից ներկայացվող փաստաթղթերը`
1) անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) պատճենը.
2) ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի պատճեններ (համապատասխան սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր, լուսանկարներ)։
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ:
_________________________________________________________________________________________
(իրավաբանական անձի իրավասու ներկայացուցչի ստորագրությունը, անունը, ազգանունը)
____ ______________ 20 թ.
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
28.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|