Գլխավոր տեղեկություն
Номер
N 1868-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.25-2024.12.08 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.11.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.11.2024
Дата вступления в силу
29.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 2024 թվականի N 1868-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 904-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՈՒ ՉՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՍԿԻՉ ԳՆՄԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

 

2) որոշման նախաբանում «345-րդ հոդվածի 14-րդ մասը» բառերը փոխարինել «339.1-ին հոդվածի 4-րդ մասը» բառերով.

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Հաստատել հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման, ինչպես նաև հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման կարգը և ժամկետները՝ համաձայն հավելվածի:».

4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 28-ի N 1868-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հուլիսի 27-ի N 904-Ն որոշման

 

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՈՒ ՉՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՍԿԻՉ ԳՆՄԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) նախատեսված դեպքերում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման, ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման, արժութային գործարքների իրականացման համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանման, «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու, այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման կամ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումների պահպանման, հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համար սահմանված կարգի ու կանոնների պահպանման, հարկման բազայի հաշվարկման համար հիմք հանդիսացող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գների ճշտության ստուգման նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվող հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման, ինչպես նաև հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման հետ կապված հարաբերությունները:

2. Հսկիչ գնում (այդ թվում՝ արտարժույթով) կատարելու համար ֆինանսական աղբյուր են համարվում Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված միջոցները։

3. Հսկիչ գնումների կատարման համար դրամական միջոցները հատկացվում են հարկային հսկողություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պահանջագրի հիման վրա:

4. Հարկային մարմինը հսկիչ գնումների նպատակով ստացված և ծախսված դրամական միջոցների հաշվառումն իրականացնում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով։

5. Հսկիչ գնում կատարած հարկային մարմնի պաշտոնատար անձը (հսկիչ գնում կատարելու համար գումար ստացող անձը) հսկիչ գնումն ավարտելուց հետո մեկօրյա ժամկետում հարկային մարմնի գլխավոր քարտուղարին ներկայացնում է զեկուցագիր՝ հսկիչ գնմամբ ձեռք բերված ու չվերադարձված ապրանքները հարկային մարմնի պահեստ ի պահ հանձնելու մասին: Հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տնօրինմանը։

6. Հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հսկիչ գնում կատարելու պահից հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված` շուտ փչացող (որոնց պահպանման ժամկետը սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան չի գերազանցում 72 ժամը) ապրանքները (բացառությամբ հանրային սննդի օբյեկտներում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների անմիջական սպառման դեպքերի) տնօրինվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

7. Հսկիչ գնման (գնումների) արդյունքում, հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հանձնարարագիրը ներկայացվելուց հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման համար սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետները, հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող կամ դրամական հաշվարկ կատարող աշխատողին են վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը (ապրանքները)՝ պայմանով, որ գնումից հետո չեն փոփոխվել դրանց ապրանքային տեսքը և սպառողական հատկանիշները՝ երկու օրինակից կազմելով հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով ապրանքների հետ ընդունման ակտ:

8. Հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը կամ ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող կամ դրամական հաշվարկ կատարող աշխատողն ընդունում է ապրանքները, վերադարձնում է ստացված գումարը՝ կատարված գործարքի փաստացի պայմաններով՝ անկախ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու (այդ թվում՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն տրամադրելու) հանգամանքից կամ հաշվարկային փաստաթղթում նշված գումարից և`

1) եթե հսկիչ գնման ժամանակ տրամադրվել է հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն, ապա ապրանքի վերադարձը կատարվում է կտրոնի հետ միասին, ընդունվում է վերադարձման ենթակա ապրանքը (ապրանքները), վերադարձվում է ստացված գումարը և հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով սահմանված կարգով ձևակերպվում է ապրանքի վերադարձը.

2) եթե հսկիչ գնման ժամանակ սահմանված կարգով դուրս է գրվել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնից տարբերվող այլ հաշվարկային փաստաթուղթ, ապա ապրանքի վերադարձը կատարվում է հաշվարկային փաստաթղթի հիման վրա, ընդունվում է վերադարձման ենթակա ապրանքը (ապրանքները), վերադարձվում է ստացված գումարը, ապրանքի հետ ընդունման ակտում նշվում է հաշվարկային փաստաթղթի սերիան, համարը և վերադարձման ենթակա գումարը, և հարկ վճարողը սահմանված կարգով չեղարկում է հաշվարկային փաստաթուղթը.

3) եթե վերադարձվում է վաճառված ապրանքների մի մասը, ապա կատարվում է վերադարձված ապրանքներին համարժեք գումարի վերադարձ, հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով տպվում են վերադարձվող գումարը կամ ապրանքները (կախված կտրոնի տեսակից) պարունակող կտրոնը և խմբագրված վերադարձվող կտրոնը՝ համապատասխան գումարային կամ ապրանքային մնացորդով, որը պետք է պարունակի «Խմբագրված կտրոն» գրառումը, կամ հարկ վճարողը սահմանված կարգով դուրս է գրում ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ:

9. Վաճառված ապրանքի հետ ընդունման համար կազմվող ապրանքների հետ ընդունման ակտը ստորագրում են հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, հսկիչ գնում կատարած անձը (անձինք) և հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող) կամ դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Ապրանքների հետ ընդունման ակտի վերաբերյալ առարկությունները ներկայացվում են գրավոր՝ ակտը ստանալու պահին, իսկ ակտի օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ստուգում իրականացրած պաշտոնատար անձը (անձինք) այդ մասին համապատասխան նշում է կատարում ակտում:

10. Հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքների վերադարձը կատարվում է հետևյալ ժամկետներում.

1) դեղերի, անասնաբուժական դեղամիջոցների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխան` հատկապես արագ փչացող սննդամթերքի, կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, կենդանական ծագում ունեցող հումքի, կերերի, լցակերերի, բույսերի և բուսական արտադրանքի վերադարձը կատարվում է անմիջապես հսկիչ գնման ժամանակ` հանձնարարագիրը ներկայացնելու պահին.

2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված՝ պիտանիության ժամկետ ունեցող ապրանքների վերադարձը կատարվում է մինչև թեմատիկ հարկային ստուգման ավարտը, բայց ոչ ուշ, քան ապրանքների պիտանիության համար սահմանված վերջնաժամկետից տասը օր առաջ կամ անմիջապես, եթե ապրանքների պիտանիության ժամկետը պակաս է տասը օրից.

3) հսկիչ գնում կատարելու պահին սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման փուլերում անվտանգության համար օրենքով սահմանված պահանջները չբավարարող ապրանքների, ինչպես նաև սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում չնշված ապրանքների վերադարձը կատարվում է մինչև թեմատիկ հարկային ստուգման ավարտը:»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2024 թվական: