Գլխավոր տեղեկություն
Номер
N 1519-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.09.04-2023.09.17 Պաշտոնական հրապարակման օրը 07.09.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.09.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.09.2023
Дата вступления в силу
17.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2023 թվականի N 1519-Ն

 

ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ, ՄԱԿԵՐԵՍՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԻՄՆՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՅԼ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 177-րդ հոդվածի 17-րդ, 270-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ, 276-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ, 338-րդ հոդվածի 6-րդ մասերին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) որպես ժամանակավոր պահպանման պահեստներ և մաքսային պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող շինությունների, տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող այլ պահանջները, դրանց հիմնման և գործունեության կարգը, ժամանակավոր պահպանման այլ վայրերին ներկայացվող պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 270-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 276-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված պահանջների պահպանումը հավաստող լիազոր մարմինները և մաքսային մարմիններին փաստաթղթերի ներկայացման պարբերականությունը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Ժամանակավոր պահպանության պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 592-Ն որոշումը։

3. Սահմանել, որ ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրներում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն ընդգրկված իրավաբանական անձինք սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում պետք է ապահովեն սույն որոշման պահանջների պահպանվածությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 11-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում «Պահեստներում ապրանքների ժամանակավոր պահպանության հսկողության» ավտոմատացված տեղեկատվական համակարգի գործարկման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

07.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 7-ի N 1519-Ն որոշման

 

ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ, ՄԱԿԵՐԵՍՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԻՄՆՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՅԼ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրներում ընդգրկվում են Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված պայմաններին բավարարող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնադրված իրավաբանական անձինք։

2. Ժամանակավոր պահպանության բաց տեսակի պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 10000 քառ. մետր, այդ թվում՝ փակ տարածքներինը` առնվազն 2000 քառ. մետր, իսկ բաց հրապարակներինը՝ առնվազն 5000 քառ. մետր:

3. Ժամանակավոր պահպանության փակ տեսակի պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 5000 քառ. մետր, այդ թվում` փակ տարածքներինը` առնվազն 1000 քառ. մետր, իսկ բաց հրապարակներինը՝ առնվազն 2500 քառ. մետր:

4. Փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց համար փոխադրվող ապրանքների ժամանակավոր պահպանության համար նշված անձանց կողմից ժամանակավոր պահպանության պահեստների տիրապետողների ռեեստրում ներառման նպատակով ժամանակավոր պահպանության պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 600 քառ․ մետր, այդ թվում՝ փակ տարածքներինը` առնվազն 400 քառ. մետր, իսկ բաց հրապարակներինը՝ առնվազն 200 քառ. մետր։

5. Բաց տեսակի մաքսային պահեստների ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 1000 քառ. մետր, այդ թվում՝ փակ տարածքներինը` առնվազն 500 քառ. մետր, իսկ փակ տեսակի մաքսային պահեստների ընդհանուր մակերեսը՝ առնվազն 400 քառ. մետր, այդ թվում՝ փակ տարածքներինը` առնվազն 200 քառ. մետր:

6. Սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված չափանիշների պահպանման համար ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի սահմանվում են գոտիականության հետևյալ չափանիշները՝

1) Երևան քաղաք, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզեր՝ 100 տոկոս.

2) Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր՝ 50 տոկոս:

7. Ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների փակ տարածքում ներառվում են`

1) ժամանակավոր պահպանության պահեստի և մաքսային պահեստի տիրապետողի վարչական ապարատի զբաղեցրած տարածքը.

2) ապրանքների պահպանության համար նախատեսված պահեստային շինության տարածքը, որը պետք է կազմի փակ տարածքների ընդհանուր մակերեսի առնվազն 60%-ը.

3) փակ շինության` զննման համար նախատեսված տարածքը.

4) մաքսային մարմիններին հատկացված տարածքը.

5) մաքսային ներկայացուցիչների և ինքնահայտարարագրման գրասենյակի տարածքը.

6) այլ տարածքներ:

8. Ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողը պետք է ապահովի`

1) ժամանակավոր պահպանության ամբողջ տարածքում կատարվող գործողությունները հեռակառավարվող տեսախցիկներով տեսագրելու և ձայնագրելու հնարավորություն, ընդ որում, տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կընձեռի պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրերի ամսաթվերի: Տեսագրություններում պետք է նշվեն նաև տեսագրման ամսաթիվը և ժամը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողի մոտ` առնվազն 90 օր.

2) մաքսային մարմինների համար ժամանակավոր պահպանման պահեստում տեղադրված տեսահսկման համակարգերին առցանց հասանելիությունը.

3) կշռելու հնարավորություն ունեցող` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) էլեկտրոնային համակարգերի հետ ինտեգրված էլեկտրոնային (առնվազն 15000 գործարքի հիշողությամբ) տարբեր կշեռքների առկայությունը, այդ թվում` ավտոմեքենաներ կշռող` առնվազն 80 տոննա, իսկ երկաթգծի առկայության դեպքում` առնվազն 150 տոննա կշռելու հնարավորություն ունեցող կշեռքի առկայությունը, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետի.

4) բացառապես փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց համար՝ միայն օդային տրանսպորտով փոխադրվող ապրանքների ժամանակավոր պահպանություն իրականացնելու դեպքում` առնվազն 500 կգ կշռելու հնարավորությամբ կշեռքի առկայությունը, իսկ ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների ժամանակավոր պահպանություն իրականացնողների համար՝ նաև առնվազն 15 տոննա կշռելու հնարավորությամբ` կոմիտեի էլեկտրոնային համակարգի հետ ինտեգրված կշեռքի առկայությունը.

5) փոսորակների, հարթակների, փակ շինությունների (անգարների) առկայությունը`

ա. սույն հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված վայրերում գործող ժամանակավոր պահպանության պահեստների դեպքում՝ առնվազն 5 ավտոմեքենայի միաժամանակյա զննման համար՝ բացառությամբ փոսորակների, որոնց առկայությունը պետք է լինի առնվազն մեկ ավտոմեքենայի զննման համար,

բ. սույն հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված վայրերում գործող ժամանակավոր պահպանության պահեստների, ինչպես նաև սույն հավելվածի 4-րդ և 5-րդ կետերում նշված վայրերի դեպքում՝ առնվազն մեկ ավտոմեքենայի զննման համար.

6) կոմիտեի էլեկտրոնային համակարգերի հետ ինտեգրված մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ներդրումը (ռենտգենային, ռադիոակտիվ միջոցների հայտնաբերման և այլն)` կոմիտեի կողմից սահմանված պահանջներին համապատասխան.

7) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց անհրաժեշտ կապի և էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների տրամադրումը, ինտերնետային և ռադիոհեռահաղորդման կապով ապահովումը` մաքսային ձևակերպումները տեղում կազմակերպելու համար: Մասնավորապես, տեղեկատվական անվտանգությունից ելնելով, ինտերնետային կապուղին պետք է տրամադրվի առանձնացված VLAN ID-ով և առնվազն 80 մբ/վրկ թողունակությամբ.

8) իր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների մասին տեղեկատվության հրապարակայնությունը` կոմիտեի կողմից սահմանված կարգով.

9) ապրանքների բեռնման-բեռնաթափման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման կամ փոխադրման համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցների առկայությունը.

10) ժամանակավոր պահպանության պահեստի գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը.

11) ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքների հսկողության էլեկտրոնային համակարգով ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքների նկատմամբ իրականացվող գործողությունների հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով.

12) կոմիտեի կողմից սահմանված պահանջներին համապատասխան՝ ժամանակավոր պահպանության պահեստի տարածքում կայանման վայրերի, մուտքի ու ելքի ճանապարհների, անցումների գծանշումների, համարակալումների և սահմանագծերի հավաստանշման առկայությունը.

13) հերթերի կառավարման էլեկտրոնային (այդ թվում՝ առցանց) համակարգի առկայությունը.

14) ժամանակավոր պահպանության պահեստ ժամանած ապրանքների և տրանսպորտային միջոցների ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային տեսքի, ինչպես նաև տրանսպորտային միջոցի կայանման վայրի համարի և (կամ) պահեստում ապրանքների տեղաբաշխման համարակալված շինության համարի և շինության ներսում տեղամասի համարի՝ ժամանակավոր պահպանման պահեստի գտնվելու վայրի մաքսային մարմնին փոխանցումը կոմիտեի էլեկտրոնային համակարգի միջոցով.

15) ժամանակավոր պահպանման պահեստում մուտքի և ելքի սահմանագծերին ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի ավտոմատ ընթերցման և տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի ժամերի, ինչպես նաև հաշվառման համարանիշերի՝ կոմիտեի էլեկտրոնային համակարգերին փոխանցումը կոմիտեի էլեկտրոնային համակարգի միջոցով.

16) մաքսային վճարների վճարումը տեղում իրականացնելու հնարավորություն՝ բանկի, վճարային տերմինալի միջոցով կամ օրենսդրությամբ սահմանված այլ եղանակներով։

(8-րդ կետը լրաց., փոփ. 08.08.24 N 1208-Ն, փոփ. 28.11.24 N 1861-Ն)

9. Մաքսային պահեստի տիրապետողը պետք է ապահովի`

1) մաքսային պահեստի ամբողջ տարածքում կատարվող գործողությունները հեռակառավարվող տեսախցիկներով տեսագրելու և ձայնագրելու հնարավորություն, ընդ որում՝ տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կընձեռի պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրերի ամսաթվերի: Տեսագրություններում պետք է նշվեն նաև տեսագրման ամսաթիվը և ժամը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողի մոտ` առնվազն 90 օր.

2) մաքսային մարմինների համար մաքսային պահեստում տեղադրված տեսահսկման համակարգերին առցանց հասանելիությունը.

3) առնվազն 1000 կգ կշռելու հնարավորությամբ կշեռքի առկայություն.

4) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց անհրաժեշտ կապի և էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների տրամադրումը, ինտերնետային և ռադիոհեռահաղորդման կապով ապահովումը` մաքսային ձևակերպումները տեղում կազմակերպելու համար.

5) մաքսային պահեստի գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը.

6) կոմիտեի կողմից սահմանված պահանջներին համապատասխան՝ մաքսային պահեստի տարածքում կայանման վայրերի, մուտքի ու ելքի ճանապարհների, անցումների գծանշումների, համարակալումների և սահմանագծերի հավաստանշման առկայությունը։

10. Ժամանակավոր պահպանության պահեստներում և մաքսային պահեստներում պետք է ապահովված լինեն համապատասխան պայմաններ՝ հետևյալ կատեգորիաների ապրանքների պահպանության դեպքում՝

1) հատուկ ջերմային ռեժիմ պահանջող ապրանքների պահպանության դեպքում պետք է ապահովված լինեն սառնարանային շինության տարածքներ.

2) սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պետական վերահսկողության ենթակա ապրանքների պահպանության դեպքում պետք է ապահովված լինեն հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համար սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների զննման և նմուշառման համար անհրաժեշտ տարածքներ.

3) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 13-ի N 27 որոշմամբ սահմանված՝ կենդանական ծագման ապրանքների և կերերի պահպանության դեպքում պետք է ապահովված լինեն նշված ապրանքների պահպանման համար՝ նույն որոշմամբ սահմանված պայմանները.

4) դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի պահպանման դեպքում՝ պետք է պահպանվեն դեղերի մասին օրենսդրությամբ սահմանված պահանջները։

11. Ժամանակավոր պահպանման այլ վայրերում, որտեղ իրականացվում է ապրանքների ժամանակավոր պահպանությունը, պետք է ապահովված լինեն`

1) նույնականացման միջոցների կիրառման հնարավորությունը.

2) սանիտարահիգիենիկ պայմանները.

3) բնական կամ արհեստական լուսավորությունը.

4) մաքսային զննում և տեսազննում իրականացնելու հնարավորությունը.

5) հատուկ պայմաններ պահանջող ապրանքների համար՝ պահանջվող համապատասխան պայմանների առկայությունը։

12. Ժամանակավոր պահպանության պահեստի և մաքսային պահեստի պարսպապատմանը և ցանկապատմանը ներկայացվում են հետևյալ տեխնիկական պահանջները՝

1) պարիսպը պետք է պատրաստված լինի քարից, բետոնից կամ այլ նյութից, որն ապահովում է տարածքի մեկուսացվածությունը.

2) պարսպի բարձրությունը պետք է լինի 2.5 մետրից ոչ պակաս.

3) պարիսպը պետք է լինի անընդհատ ամբողջ շրջագծով` բացառությամբ ֆիզիկական անձանց մուտքի, ելքի, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման, արտահանման համար նախատեսված անցագրային կետերի.

4) պարսպի ամբողջ երկայնքով պետք է տեղադրված լինեն տեսախցիկներ, այնպիսի հեռավորությամբ, որ հնարավոր լինի ապահովել ամբողջ տարածքի տեսանելիությունը.

5) պարիսպը պետք է լինի երկկողմանի լուսավորված (դրսից և ներսից)։

13. Ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողը և մաքսային պահեստի տիրապետողը պարտավոր են ապահովել ժամանակավոր պահպանության պահեստի և մաքսային պահեստի հիմնական մուտքի վրա կոմիտեի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող ցուցանակի առկայությունը՝ կոմիտեի տարբերանշանով և ժամանակավոր պահպանության պահեստի կամ մաքսային պահեստի տիրապետողի անվանմամբ:

14. «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 177-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան, ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների ժամանակավոր պահպանության համար նախանշված վայրերը պետք է գտնվեն նշված անձանց մշտական կամ ժամանակավոր բնակության (գտնվելու) կամ նշված անձանց կողմից ներկայացված այլ վայրերում՝ պայմանով, որ պետք է ապահովված լինի մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը։

(հավելվածը լրաց., փոփ. 08.08.24 N 1208-Ն, փոփ. 28.11.24 N 1861-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 7-ի N 1519-Ն որոշման

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 270-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ԵՎ 276-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 270-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 276-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված պահանջների պահպանումը հավաստվում է՝

1) սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների, ինչպես նաև սույն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետով նախատեսված պահանջների պահպանումը՝ Հայաստանի Հանրապետության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, իսկ սննդամթերքի անվտանգության պահանջների պահպանվածության վերաբերյալ տեղեկատվությունը իրավաբանական անձի կողմից ներառվում է համապատասխան ռեեստրում ընդգրկման նպատակով մաքսային մարմին ներկայացվող դիմումի մեջ.

2) շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության կանոնների, ինչպես նաև շինությունների նպատակային նշանակությամբ շահագործման անվտանգության պահանջների պահպանման ոլորտներում՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից։

2. Սույն հավելվածի 1-ին կետով սահմանված՝ պահանջների պահպանման հավաստումն իրականացվում է իրավաբանական անձանց կողմից ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների ռեեստրներում գրանցվելու համար դիմումի ներկայացման ժամանակ, ինչպես նաև տարեկան պարբերականությամբ՝ մինչև յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ավարտը։

3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված՝ պահանջների պահպանման հավաստումն իրականացվում է նույն կետում նշված մարմինների կողմից անցկացվող հետազոտության կամ ստուգման արդյունքներով՝ նույն մարմինների կողմից տրամադրված եզրակացությունների հիման վրա։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.11.2024, N 1861-Ն 08.12.2024, N 1519-Ն
08.08.2024, N 1208-Ն 09.10.2024, N 1519-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան