Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 167-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.11.2024
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
14.10.2024
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
14.10.2024
Дата вступления в силу
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

   ԿՈԴ

050.0167 Ն. 14.10.24

 

14 հոկտեմբերի 2024 թվականի

թիվ 167-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի ԹԻՎ 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարելավել բանկերի կողմից վերականգնման ծրագրերով սահմանված ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում իրականացվող միջոցառումների որակը և վերականգնման ծրագրերի մշակման և գործարկման գործընթացները,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի ««Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» Կանոնակարգ 4-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 71-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 102-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» Կանոնակարգ 4-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Կանոնակարգի 6.1-րդ գլուխը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

«Գլուխ 6.1 Վերականգնման ծրագիր

 

81.1. Բանկը պետք է ունենա սույն Կանոնակարգով սահմանված նպատակային ցուցանիշների խախտման դեպքում ֆինանսական վիճակի բարելավմանն ուղղված վերականգնման ծրագիր (այսուհետ՝ Վերականգման ծրագիր), որի հիմնական նպատակն է ապահովել բանկի՝ սույն Կանոնակարգի 81.27-81.37-րդ կետերով սահմանված կարգով բացահայտված կրիտիկական գործառնությունների և սույն Կանոնակարգի 81.38-81.41-րդ կետերով սահմանված կարգով բացահայտված հիմնական բիզնես ուղղությունների անընդհատությունը:

81.2. Վերականգման ծրագիրը պետք է համապատասխանի բանկի չափին, բարդությանը, հեռանկարային զարգացման ծրագրին, բիզնես պլանին, ռիսկի ախորժակին և անդրադառնա բանկին բնորոշ ռիսկերին:

81.3. Բանկի ներքին իրավական ակտերով սահմանվում են Վերականգման ծրագրի մշակման, հաստատման, փորձարկման, վերանայման և գործարկման քաղաքականությունը և ընթացակարգերը, որոնք առնվազն ներառում են.

1) Վերականգման ծրագրի մշակման, հաստատման, փորձարկման, գործարկման և վերանայման գործընթացների պատասխանատուների, այդ գործընթացում ներգրավված անձանց, այդ թվում՝ ղեկավարների և ստորաբաժանումների վերաբերյալ տեղեկատվություն, նրանց լիազորությունների և պատասխանատվության շրջանակը,

2) Վերականգնման ծրագրի գործարկման դեպքում բանկի քաղաքականությունների, ընթացակարգերի և ներքին գործընթացների փոփոխությունները,

3) Վերականգնման ծրագրի գործարկման և իրականացման ժամանակացույցը, արդյունքների վերաբերյալ բանկի խորհրդին և Կենտրոնական բանկին տեղեկատվության ներկայացման ընթացակարգերը:

81.4. Բանկի ներքին իրավական ակտերով սահմանվում են սույն Կանոնակարգի 81.12-81.17-րդ կետերի համաձայն սահմանված նպատակային ցուցանիշների որոշման, դրանց հաշվարկման և մոնիթորինգի ընթացակարգերը, որոնք առնվազն ներառում են.

1) յուրաքանչյուր նպատակային ցուցանիշի հաշվարկման, պարբերական մոնիթորինգի և վերանայման ընթացակարգը, դրանց համար պատասխանատու անձանց վերաբերյալ տեղեկատվություն և վերջիններիս պատասխանատվության շրջանակը,

2) նպատակային ցուցանիշների՝ բանկի կողմից իրականացվող մոնիթորինգի պարբերականությունը:

81.5. Վերականգման ծրագիրը հաստատվում է բանկի խորհրդի կողմից: Վերականգնման ծրագիրը գործարկվում է բանկի խորհրդի որոշմամբ՝ Վերականգման ծրագրում սահմանված ժամկետներում, բացառությամբ բանկի խորհրդի որոշմամբ սահմանված այն դեպքերի, երբ Վերականգնման ծրագիրը գործարկվում է բանկի գործադիր մարմնի որոշմամբ՝ հիմք ընդունելով Վերականգման ծրագրի գործարկման հրատապությունը:

81.6. Վերականգման ծրագիրը գործարկվում է.

1) առնվազն մեկ նպատակային ցուցանիշի խախտման դեպքում, բացառությամբ Վերականգնման ծրագրով նախապես սահմանված այն դեպքերի, երբ նպատակային ցուցանիշները խախտվում են, սակայն բանկի խորհրդի որոշմամբ ծրագիրը կարող է չգործարկվել,

2) նպատակային ցուցանիշները չեն խախտվում, սակայն Վերականգնման ծրագրի կամ դրանով սահմանված միջոցառումներից որևէ մեկի գործարկումն անհրաժեշտ է բանկի ֆինանսական վիճակի բարելավման կամ սույն Կանոնակարգի համաձայն բացահայտված կրիտիկական գործառնությունների և հիմնական բիզնես ուղղությունների անընդհատության ապահովման նպատակով:

81.7. Սույն Կանոնակարգի 81.5-րդ և 81.6-րդ կետերով սահմանված դեպքերում բանկը՝ Վերականգնման ծրագիրը գործարկելու կամ չգործարկելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո, այդ մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանմանը: Սույն Կանոնակարգի 81.6-րդ կետով սահմանված պայմանների առկայության պարագայում բանկի կողմից Վերականգման ծրագիրը չգործարկելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է պահանջել գործարկել, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով առկա է Վերականգնման ծրագրի գործարկման անհրաժեշտություն:

81.8. Վերականգնման ծրագիրը բաղկացած է առնվազն հետևյալ բաժիններից.

1) ամփոփ բաժին` համաձայն սույն Կանոնակարգի 81.9-րդ կետի,

2) կորպորատիվ կառավարում բաժին՝ համաձայն սույն Կանոնակարգի 81.10-րդ կետի,

3) բանկի գործունեության նկարագիր բաժին՝ համաձայն սույն Կանոնակարգի 81.11-րդ կետերի,

4) նպատակային ցուցանիշներ բաժին՝ համաձայն սույն Կանոնակարգի 81.12-81.17-րդ կետերի,

5) սթրես-սցենարներ բաժին՝ համաձայն սույն Կանոնակարգի 81.18-81.20-րդ կետերի,

6) վերականգնման միջոցառումներ բաժին՝ համաձայն սույն Կանոնակարգի 81.21-81.23-րդ կետերի,

7) հաղորդակցման պլան բաժին՝ համաձայն սույն Կանոնակարգի 81.25-81.26-րդ կետերի:

81.9. Վերականգնման ծրագրի ամփոփ բաժնում ներառվում է ամփոփ տեղեկատվություն.

1) Վերականգման ծրագրի հաստատումից հետո տեղի ունեցած արտաքին (էկզոգեն) և ներքին (էնդոգեն) գործոնների էական փոփոխությունների վերաբերյալ, որոնք կարող են ազդել բանկի գործունեության կամ Վերականգման ծրագրի վրա,

2) սույն Կանոնակարգի 81.10-81.11-րդ կետերով սահմանված Վերականգման ծրագրում ներկայացվող կորպորատիվ կառավարման և բանկի գործունեության վերաբերյալ,

3) սույն Կանոնակարգի 81.12-81.26-րդ կետերով սահմանված Վերականգման ծրագրում ներառված նպատակային ցուցանիշների, սթրես սցենարների, վերականգնման միջոցառումների և հաղորդակցման պլանի վերաբերյալ:

81.10. Վերականգնման ծրագրի կորպորատիվ կառավարում բաժնում առնվազն ներառվում է հղում համապատասխան ներքին իրավական ակտերին կամ ամփոփ տեղեկատվություն սույն Կանոնակարգի 81.3-81.4-րդ կետերով սահմանված՝

1) քաղաքականությունների և ընթացակարգերի վերաբերյալ,

2) գործընթացների համար պատասխանատու անձանց և գործընթացներում ընդգրկված ստորաբաժանումների և նրանց պատասխանատվության շրջանակի վերաբերյալ,

3) ժամանակացույցերի և պարբերականությունների վերաբերյալ:

81.11. Վերականգնման ծրագրի բանկի գործունեության նկարագիր բաժնում ներառվում է բանկի կազմակերպական և ֆինանսական կառուցվածքը, սույն Կանոնակարգի 81.27-81.41-րդ կետերի հիման վրա բացահայտված հիմնական բիզնես ուղղությունները և կրիտիկական գործառնությունները, որոնց անընդհատության պահպանմանն է ուղղված լինելու Վերականգման ծրագրով նախատեսվող հիմնական գործողությունների պլանը: Սույն բաժնում առնվազն ներառվում է ստորև նշված տեղեկատվությունը.

1) բանկի նկարագիրը, որն առնվազն ներառում է հակիրճ տեղեկատվություն բանկի բիզնես մոդելի, ներքին կազմակերպական կառուցվածքի, հիմնական ֆինանսական ցուցանիշների, ռիսկերի կառավարման ռազմավարության վերաբերյալ,

2) սույն Կանոնակարգի 81.27-81.41-րդ կետերով սահմանված կարգով բացահայտված հիմնական բիզնես ուղղությունները և կրիտիկական գործառնությունները,

3) բանկի այն նշանակալից մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն, որոնց գործունեության խափանումը կամ դադարեցումը կամ ֆինանսական վիճակի վատթարացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ բանկի համբավի, գործունեության անընդհատության և ֆինանսական վիճակի վրա,

4) արտաքին շահառուների նկարագրություն, որը ներառում է.

ա. հիմնական հաճախորդների և գործընկերների նկատմամբ էական պահանջների, պարտավորությունների և ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն, ներառյալ պահանջների և պարտավորությունների մեծությունը և կշիռը ընդհանուր պահանջների և պարտավորությունների մեջ,

բ. ֆինանսական շուկայի այլ մասնակիցներին բանկի կողմից տրամադրվող ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների նկարագրությունը, որոնք, բանկի ունեցած տեղեկատվության համաձայն, էական նշանակություն ունեն տվյալ անձանց համար, ինչպես նաև բանկի՝ ֆինանսական շուկայի այլ մասնակիցների նկատմամբ պարտավորությունները,

գ. երրորդ անձանց կողմից բանկին տրամադրվող ծառայությունների նկարագրությունը, որոնք էական են բանկի գործունեության անընդհատության ապահովման համար,

5) եթե բանկը ֆինանսական խմբի անդամ է կամ օտարերկրյա բանկի դուստր է, ապա սույն բաժնում ներառվում է նաև բանկի կապը խմբի անդամների հետ (օրինակ՝ միջխմբային պահանջներ, պարտավորություններ կամ այնպիսի համաձայնություններ, որոնց հիման վրա խմբի անդամները պարտավորվում են այլ անդամի տրամադրել ֆինանսական միջոցներ, ընդհանուր օգտագործման ծրագրեր):

81.12. Նպատակային ցուցանիշ է համարվում այն ցուցանիշը կամ ցուցանիշների համախումբը, որը խախտելու դեպքում սույն Կանոնակարգի 81.5-81.6-րդ կետերով սահմանված կարգով բանկը կիրականացնի Վերականգնման ծրագրով նախատեսված միջոցառումները։

81.13. Վերականգնման ծրագրի նպատակային ցուցանիշներ բաժնում.

1) ներկայացվում է նպատակային ցուցանիշների ընտրության և դրանց չափի սահմանման մեթոդաբանություն, որը ցույց է տալիս նաև, որ այդ ցուցանիշների համար ընտրվել է այնպիսի մակարդակ, որի խախտման դեպքում բանկը կունենա բավարար ժամանակ՝ ֆինանսական վիճակի բարելավման նպատակով անհրաժեշտ գործողությունների ծրագիրը գործարկելու համար,

2) սահմանվում են նպատակային ցուցանիշի հավանական խախտման մասին ահազանգող ցուցանիշներ, որոնք բանկին հնարավորություն են տալիս մինչև նպատակային ցուցանիշի խախտելը բանկի ֆինանսական վիճակի վատթարացումը կանխելու նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:

81.14. Նպատակային ցուցանիշները պետք է համապատասխանեն բանկի ռազմավարությանը, բանկի բիզնես մոդելին, և պետք է կապված լինեն բանկի ռիսկի ախորժակին և ԿՀԳՆԳ-ի արդյունքում որոշված կապիտալի մակարդակին:

81.15. Նպատակային ցուցանիշները պետք է լինեն քանակական և որակական, որոնք կարտացոլեն բանկի ֆինանսական վիճակը, և հնարավոր կլինի իրականացնել դրանց պարբերական մոնիթորինգ:

81.16. Նպատակային ցուցանիշներն առնվազն ներառում են՝

1) կապիտալի ցուցանիշներ, որոնք պետք է բացահայտեն բանկի կապիտալի որակի կամ քանակի ցանկացած էական վատթարացումը (փաստացի կամ հավանական), (օրինակ՝ առաջին մակարդակի հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվ, ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվ, լևերիջի ցուցանիշ):

2) իրացվելիության ցուցանիշներ, որոնք պետք է բացահայտեն բանկի կարճաժամկետ և երկարաժամկետ իրացվելիության ու ֆինանսավորման հավանական խնդիրները (օրինակ՝ իրացվելիության ծածկույթի նորմատիվ, զուտ կայուն ֆինանսավորման նորմատիվ, ֆինանսավորման աղբյուրների կառուցվածք և հասանելիություն, կենտրոնացվածություն և ներգրավման ծախսատարություն):

3) շահութաբերության ցուցանիշներ, որոնք պետք է վերաբերեն բանկի այն ցուցանիշներին և եկամուտներին, որոնց փոփոխությունը կարող է ցույց տալ, որ բանկի ֆինանսական վիճակը վատթարացել է (օրինակ՝ շահութաբերություն ըստ ակտիվների (RՕA), շահութաբերություն ըստ սեփական կապիտալի (RՕE), էական գործառնական կորուստներ):

4) ակտիվների որակի ցուցանիշներ, որոնք պետք է բացահայտեն բանկի ակտիվների որակի փոփոխությունը: Մասնավորապես, վերջիններիս միջոցով պետք է հնարավոր լինի նկարագրել այնպիսի իրավիճակ, երբ ակտիվների որակի վատթարացումը կհանգեցնի կամ կարող է հանգեցնել բանկի ֆինանսական վիճակի վատթարացման (օրինակ՝ չաշխատող ակտիվների տեսակարար կշիռ, չաշխատող ակտիվների ամսական աճի տեմպ, հնարավոր կորուստների պահուստի և չաշխատող ակտիվներ հարաբերակցություն):

5) ֆինանսական շուկայի իրավիճակը արտացոլող ցուցանիշներ, որոնք պետք է արտացոլեն շուկայի և շուկայի մասնակիցների վերաբերյալ այն հավանական զարգացումները, որոնք կարող են խոչընդոտել բանկի ֆինանսավորմանը և կապիտալի շուկաների մուտքին (օրինակ՝ արժեթղթերի շուկայում գնային տատանումներ, շուկայական իրավիճակով պայմանավորված վարկանիշի նվազում):

6) մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնք պետք է արտացոլեն տնտեսական պայմանների վատթարացումը, շուկայում այն ռիսկերի կենտրոնացումը, որոնք կարող են ազդեցություն ունենալ բանկի գործունեության վրա (օրինակ՝ ՀՆԱ-ի, անշարժ գույքի շուկայում գնային փոփոխություններ):

81.17. Այն դեպքում, երբ Վերականգնման ծրագրով սահմանված նպատակային ցուցանիշները կապվում են հիմնական տնտեսական նորմատիվներին, ապա նպատակային ցուցանիշները սահմանվում են այնպես, որ չխախտվեն ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգ»-ով սահմանված համախմբված շեմը:

81.18. Վերականգնման ծրագրի սթրես-սցենարներ բաժնում ներկայացվում են հակադարձ սթրես-թեստերի արդյունքում գնահատված և բացահայտված այն սցենարները (այսուհետ նաև՝ սթրես-սցենար), որոնց դեպքում առաջանում է որպես մուտքային գործոն կիրառված՝ սույն Կանոնակարգի համաձայն սահմանված նպատակային ցուցանիշի խախտումը, և բանկի ֆինանսական վիճակը վատթարանում է:

81.19. Սույն Կանոնակարգի 81.18-րդ կետով սահմանված սցենարները ներառում են առնվազն հետևյալ սթրես-սցենարները.

1) բանկին ներհատուկ սցենար, որի տեղի ունենալը բացասական ազդեցություն կունենա տվյալ բանկի վրա (օրինակ՝ խոշոր գործընկերների կամ հաճախորդների ֆինանսական վիճակի վատթարացում, բանկից իրացվելի միջոցների արտահոսք, վարկային ռիսկի գծով էական կորուստներ, էական գործառնական կորուստներ),

2) համակարգային սցենար, որի տեղի ունենալը բացասական ազդեցություն կունենա ամբողջ ֆինանսական համակարգի կամ տնտեսության վրա, որն իր հերթին բացասական ազդեցություն կունենա բանկի վրա (օրինակ՝ միջբանկային շուկայում իրացվելի միջոցների կրճատում, ակտիվների արժեքի (այդ թվում` անշարժ գույքի գների) տատանումներ, մակրոտնտեսական ցուցանիշների վատթարացում),

3) համակցված սցենար, որն իրենից ներկայացնում է բանկին ներհատուկ սցենարի և համակարգային սցենարի միաժամանակյա տեղի ունենալը:

81.20. Վերականգման ծրագրում ներառվող յուրաքանչյուր սթրես-սցենար պետք է համապատասխանի հետևյալ սկզբունքներին.

1) նկարագրված սցենարները պետք է արտացոլեն այն իրադարձությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ բանկի վրա՝ հաշվի առնելով բանկի էական ռիսկերը, ֆինանսավորման աղբյուրները, գործունեության բնույթը, չափը, ֆինանսական համակարգի մյուս մասնակիցների հետ փոխկապակցվածության աստիճանը,

2) սցենարով նախատեսված իրադարձությունները կարող են հանգեցնել բանկի ֆինանսական վիճակի էական վատթարացմանը, եթե Վերականգնման ծրագրով սահմանված միջոցառումները ժամանակին չիրականացվեն,

3) սցենարները պետք է լինեն ապագային միտված, ծայրահեղ, բայց հավանական,

4) սցենարները պետք է ներառեն առնվազն երկու՝ միջին և խիստ մակարդակ,

5) սցենարները պետք է անդրադառնան տվյալ բանկի Վերականգնման ծրագրում ներառված բոլոր նպատակային ցուցանիշներին:

81.21. Վերականգման ծրագրի վերականգնման միջոցառումներ բաժինը ներառում է սույն Կանոնակարգի 81.12-81.17-րդ կետերի համաձայն սահմանված նպատակային ցուցանիշների խախտման դեպքում բանկի կողմից իրականացվող միջոցառումների նկարագրությունը, որոնք նախատեսված են բանկի կենսունակությունը և ֆինանսական կայունությունը պահպանելու կամ վերականգնելու միջոցով բանկի կրիտիկական գործառնությունների և հիմնական բիզնես ուղղությունների անընդհատությունն ապահովելու համար:

81.22. Վերականգնման միջոցառումները մեկ կամ մի քանի գործողությունների ամբողջություն են, որոնք իրականացվում են բանկի կողմից Վերականգման ծրագրի գործարկման ժամանակ և ուղղված են սույն Կանոնակարգի համաձայն սահմանված նպատակային ցուցանիշների վերականգնմանը (օրինակ՝ սեփական կապիտալի ավելացում, վարկավորման պայմանների փոփոխություն, ներգրավվող միջոցների պայմանների վերանայում, ֆինանսավորման աղբյուրների վերանայում):

81.23. Վերականգման ծրագրի վերականգնման միջոցառումներ բաժնում յուրաքանչյուր վերականգման միջոցառման համար ներառվում է.

1) վերականգնման միջոցառման նկարագրությունը, որը ներառում է նաև վերականգնման միջոցառման իրագործման առավելագույն ընդունելի ժամանակահատվածը, որը չի կարող գերազանցել 12 ամիսը և միջոցառման գործարկման ծախսը,

2) բանկի վրա վերականգնման միջոցառման ֆինանսական և գործառնական ազդեցությունը,

3) վերականգնման միջոցառման իրագործելիության գնահատում, որն առնվազն ներառում է.

ա. իրականացման ժամկետների արդյունավետության գնահատում՝ հաշվի առնելով նաև վերականգման միջոցառումների ծախսատարությունը,

բ. իրականացման հնարավոր խոչընդոտների վերլուծություն, որը ներառում է խոչընդոտների բացահայտման, կանխման կամ վերացման միջոցառումների նկարագրություն,

գ. իրականացման համար անհրաժեշտ ներքին գործընթացների գնահատում:

81.24. Վերականգնման ծրագրի հաղորդակցման պլան բաժնում ներառվում է ստորև նշված տեղեկատվությունը.

1) ներքին հաղորդակցման պլան՝ ուղղված բանկի աշխատակիցներին,

2) արտաքին հաղորդակցման պլան՝ ուղղված բանկի շահագրգիռ անձանց (օրինակ՝ սեփականատերերին, ներդրողներին, Կենտրոնական բանկին, ֆինանսական համակարգի այլ մասնակիցներին, հաճախորդներին, այլ ներդրողներին և հասարակությանը),

3) շուկայի բացասական արձագանքը մեղմելուն ուղղված գործողությունների պլան,

4) սույն կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված հաղորդակցման պլանի իրագործման իրատեսականության և հնարավոր խոչընդոտների վերլուծություն՝ Վերականգման ծրագրով նախատեսված վերականգնման միջոցառումներից յուրաքանչյուրի իրականացման դեպքում:

81.25. Հաղորդակցման պլան բաժնում դիտարկվում է նաև առանձին վերականգնման միջոցառումների դեպքում հատուկ հաղորդակցման ուղիների անհրաժեշտությունը:

81.26. Վերականգնման ծրագրով սահմանված միջոցառումները և հաղորդակցման պլանով սահմանված գործողությունները առնվազն տարեկան կտրվածքով փորձարկվում են` պարզելու համար դրանց արդյունավետությունը, իրականացման հնարավորությունները և իրատեսականությունը, և անհրաժեշտության դեպքում թարմացվում են: Այն դեպքում, երբ փորձարկման արդյունքում բանկը կարող է կորուստներ կրել կամ փորձարկումը կարող է բանկի համար առաջացնել սույն Կանոնակարգի 27-րդ կետով սահմանված ռիսկեր, ապա բանկը առնվազն թեստային տարբերակով գնահատում է գործողության իրականացման ժամկետները, իրատեսականությունը, ինչպես նաև բանկի աշխատակիցների պատրաստվածության աստիճանը: Եթե փորձարկման կամ թեստավորման արդյունքում բացահայտվում են գործընթացներում կամ վերականգնման միջոցառումներում առկա խնդիրներ, ապա վերականգնման միջոցառումները թարմացվում են:

81.27. Համաձայն սույն Կանոնակարգի 81.11-րդ կետի՝ Վերականգման ծրագրում ներառվում են բանկի կրիտիկական գործառնությունները և սույն Կանոնակարգի 81.29-81.37-րդ կետերով սահմանված գնահատումը:

81.28. Բանկը գործառնությունը կրիտիկական համարելու համար իրականացնում է գործառնության ազդեցության և փոխարինելիության գնահատում։

81.29. Գործառնության ազդեցության գնահատման համար բանկը գնահատում է գործառնության ոչ պատշաճ իրականացման կամ դադարեցման հավանական բացասական ազդեցությունը՝

1) գործառնության ուղղակի կամ անուղղակի շահառուների վրա,

2) ֆինանսական համակարգի վրա և տնտեսության այն ճյուղերի վրա, որոնց ուղղակի կամ անուղղակի առնչվում է տվյալ գործառնությունը: Մասնավորապես՝ բանկը գնահատում է իր կողմից տվյալ գործառնության ոչ պատշաճ իրականացման կամ դադարեցման դեպքում.

ա. վարակի ռիսկը՝ դիտարկելով գործառնության ոչ պատշաճ իրականացման կամ դադարեցման ազդեցությունը միևնույն շուկայում գործող այլ մասնակիցների գործունեության վրա:

բ. շուկայի նկատմամբ վստահության կորուստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ գործառնության փոխարինելիության դեպքում, իր կողմից գործառնության ոչ պատշաճ իրականացումը կամ դադարեցումը կարող է հանգեցնել ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության կորստի:

81.30. Սույն Կանոնակարգի 81.29-րդ կետով սահմանված գործառնության ազդեցության գնահատման ժամանակ կարող են դիտարկվել հետևյալ չափանիշները.

1) գործառնության տեսակը և գործառնության հասանելիությունը երկրում և տվյալ տարածաշրջանում,

2) կատարվող գործառնությունների ծավալը և քանակը,

3) հաճախորդների և գործընկերների քանակը և շրջանակը,

4) այն հաճախորդների շրջանակը, որոնց համար բանկը միակ կամ հիմնական գործընկեր է,

5) բանկի մասնաբաժինը տվյալ գործառնության շուկայում, ընդ որում՝ շուկայում մասնաբաժինը կարող է դիտարկվել տարբեր տեսանկյուններից, օրինակ՝ գործառնությունների ծավալ, հաճախորդների քանակ և այլն։

81.31. Սույն Կանոնակարգի 81.29-81.30-րդ կետերով սահմանված գնահատման արդյունքում բանկը գործառնությունը ըստ ազդեցության մակարդակի դասակարգում է հետևյալ խմբերում.

1) էական բացասական ազդեցություն՝ այն դեպքում, երբ գործառնության ոչ պատշաճ իրականացումը կամ դադարեցումը էական ազդեցություն կունենա շուկայի մասնակիցների, ֆինանսական համակարգի և տնտեսության այլ ճյուղերի վրա,

2) միջին-ուժեղ բացասական ազդեցություն՝ այն դեպքում, երբ գործառնության ոչ պատշաճ իրականացումը կամ դադարեցումը միջին-ուժեղ բացասական ազդեցություն կունենա շուկայի մասնակիցների, ֆինանսական համակարգի և տնտեսության այլ ճյուղերի վրա,

3) միջին-թույլ բացասական ազդեցություն՝ այն դեպքում, երբ գործառնության ոչ պատշաճ իրականացումը կամ դադարեցումը միջին-թույլ բացասական ազդեցություն կունենա շուկայի մասնակիցների, ֆինանսական համակարգի և տնտեսության այլ ճյուղերի վրա,

4) ոչ էական բացասական ազդեցություն՝ այն դեպքում, երբ գործառնության ոչ պատշաճ իրականացումը կամ դադարեցումը ոչ էական ազդեցություն կունենա շուկայի մասնակիցների, ֆինանսական համակարգի և տնտեսության այլ ճյուղերի վրա:

81.32. Սույն Կանոնակարգի 81.31-րդ կետում նշված ազդեցության չափի էականության որոշման չափանիշները սահմանում է բանկը՝ Վերականգնման ծրագրում դրանք բացահայտելով Կենտրոնական բանկին:

81.33. Բանկը գործառնությունը համարում է փոխարինելի, եթե առանց գործառնության իրականացման դադարեցման այն հնարավոր է փոխարինել այլ ֆինանսական կազմակերպության, այդ թվում՝ շուկայի նոր մասնակցի կողմից մատուցվող համարժեք պայմաններով, ծավալով և որակով այլ գործառնությամբ:

81.34. Գործառնության փոխարինելիության գնահատման համար բանկը կարող է դիտարկել հետևյալ չափանիշները՝

1) բանկային և ֆինանսական համակարգում կենտրոնացվածությունը, մասնավորապես՝ բանկը կարող է դիտարկել հետևյալը.

ա. բանկային և ֆինանսական համակարգում կենտրոնացվածության մակարդակը և շուկայի միտումները, մասնավորապես՝ շուկայում յուրաքանչյուր մասնակցի մասնաբաժինը, մրցակիցների կամ մրցակիցների խմբերի քանակը, ովքեր կարող են իրականացնել տվյալ գործառնությունը բանկի փոխարեն,

բ. այն շուկաները, որտեղ առկա են համանման գործառնություններ կամ իրականացվող այլ գործառնությունները կարող են ապահովել տվյալ գործառնությունից ստացվող արդյունքը,

2) տվյալ գործառնությունն իրականացնող ֆինանսական կազմակերպությունների՝ գործառնության նկատմամբ պահանջարկ ունեցող հաճախորդներին սպասարկելու և գործառնությունը նույն ծավալով իրականացնելու կարողությունները,

3) ֆինանսական կազմակերպությունների պատրաստակամությունը իրականացնելու տվյալ գործառնությունը և այն գործոնները, որոնք դրական կամ բացասական ազդեցություն ունեն տվյալ կազմակերպությունների վրա՝ տվյալ գործառնության իրականացման դեպքում,

4) գործառնության իրականացման համար անհրաժեշտ նվազագույն պահանջները և շուկա մուտքի սահմանափակումները,

5) այն նվազագույն ժամանակահատվածը, որից ավել գործառնության իրականացման դադարեցումը էական ազդեցություն կունենա շուկայի մասնակիցների, հաճախորդների, ֆինանսական համակարգի և տնտեսության վրա:

81.35. Սույն Կանոնակարգի 81.34-րդ կետով սահմանված գնահատման արդյունքում բանկը գործառնությունն ըստ փոխարինելիության դասակարգում է հետևյալ մակարդակների.

1) ոչ փոխարինելի՝ այն դեպքում, երբ չկա այլ ֆինանսական կազմակերպություն, որը կարող է գործառնությունն իրականացնել խելամիտ ծախսերով և ընդունելի ժամանակահատվածում,

2) դժվար փոխարինելի՝ այն դեպքում, երբ գործառնությունը կարող է իրականցվել այլ ֆինանսական կազմակերպության կողմից, սակայն դրա համար պահանջվում են հավելյալ միջոցառումներ և ռեսուրսներ,

3) փոխարինելի՝ այն դեպքում, երբ գործառնությունը կարող է իրականցվել այլ ֆինանսական կազմակերպության կողմից, առանց հավելյալ ռեսուրսների:

81.36. Սույն Կանոնակարգի 81.35-րդ կետում նշված փոխարինելիության մակարդակի որոշման չափանիշները սահմանում է բանկը՝ Վերականգնման ծրագրում դրանք բացահայտելով Կենտրոնական բանկին:

81.37. Սույն Կանոնակարգի 81.31-րդ և 81.35-րդ կետերով սահմանված կարգով գործառնությունը դասակարգելուց հետո, բանկը, համաձայն սույն կետի աղյուսակ 1-ի, դասակարգում է գործառնությունն ըստ կրիտիկականության.

 

Աղյուսակ 1

 

 

Ոչ էական բացասական ազդեցություն

Միջին-թույլ բացասական ազդեցություն

Միջին-ուժեղ բացասական ազդեցություն

Էական բացասական ազդեցություն

Փոխարինելի

ոչ կրիտիկական

ոչ կրիտիկական

ոչ կրիտիկական

ոչ կրիտիկական

Դժվար փոխարինելի

ոչ կրիտիկական

ոչ կրիտիկական

կրիտիկական

Կրիտիկական

Ոչ փոխարինելի

ոչ կրիտիկական

կրիտիկական

կրիտիկական

Կրիտիկական

81.38. Համաձայն սույն Կանոնակարգի 81.11-րդ կետի՝ Վերականգման ծրագրում ներառվում են բանկի հիմնական բիզնես ուղղությունները, ինչպես նաև՝ սույն Կանոնակարգի 81.39-81.41-րդ կետերով սահմանված գնահատումը:

81.39. Հիմնական են այն բիզնես ուղղությունները, որոնք բանկի համար ապահովում են եկամուտի, շահույթի կամ ակնկալվող ապագա շահույթի էական մասնաբաժինը: Ընդ որում, բիզնես ուղղությունը կարող է չձևավորել շահույթ կամ լինել վնասաբեր, սակայն համարվել հիմնական, որը սովորաբար բնորոշ է նոր բիզնես ուղղություններին: Այս պարագայում, բանկը պետք է բացահայտի տվյալ բիզնես ուղղությունը հիմնական համարելու հիմքերը:

81.40. Հիմնական բիզնես ուղղությունների բացահայտման համար բանկը կարող է կիրառել ինչպես քանակական, այնպես էլ որակական ցուցանիշներ:

81.41. Հիմնական բիզնես ուղղությունները բացահայտելու համար բանկն առնվազն դիտարկում է հետևյալ ցուցանիշները՝

1) բիզնես ուղղությունից ստացված եկամուտի մասնաբաժինը բանկի համախառն եկամտում,

2) բիզնես ուղղությունից ստացված շահույթի մասնաբաժինը բանկի ընդհանուր շահույթում,

3) բիզնես ուղղության շահութաբերությունն ըստ ակտիվների,

4) բիզնես ուղղության շահութաբերությունն ըստ կապիտալի,

5) բիզնես ուղղության ռազմավարական կարևորությունը,

6) շուկայում պոտենցիալ աճի հնարավորությունը՝ տվյալ բիզնես ուղղությամբ,

7) տվյալ բիզնես ուղղության գծով կատարված ծախսերի և ստացված եկամուտների հարաբերակցություն:

81.42. Բանկը սույն գլխի համաձայն մշակված Վերականգման ծրագիրը տարեկան պարբերականությամբ՝ մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը, ինչպես նաև յուրաքանչյուր էական փոփոխությունից հետո մեկամսյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանմանը էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում՝ էլեկտրոնային կրիչով:

81.43. Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանումը Վերականգնման ծրագրի ներկայացումից հետո՝ մինչև տվյալ տարվա մայիսի 15-ը բանկին հաղորդակցում է Վերականգնման ծրագրի վերաբերյալ դիտարկումները և բարելավմանն ուղղված առաջարկությունները:

81.44. Վերականգման ծրագիրը պետք է վերանայվի առնվազն տարին մեկ անգամ, կամ ավելի հաճախ այն դեպքում, երբ տեղի է ունեցել որևէ փոփոխություն, որը կարող է էական ազդեցություն ունենալ վերականգնման ծրագրով սահմանված միջոցառումների վրա, ինչպիսիք են, օրինակ՝ մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություն, բանկի ներքին կազմակերպական կառուցվածքի, ֆինանսական վիճակի, իրականացվող գործառնությունների, ստանձնած ռիսկերի մակարդակի, ռազմավարության փոփոխությունները: Կենտրոնական բանկը կարող է պահանջել բանկից թարմացնել իր Վերականգնման ծրագիրը ավելի հաճախ, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով տեղի են ունեցել էական փոփոխություններ:

81.45. Սույն Կանոնակարգի 81.26-րդ կետի համաձայն իրականացված փորձարկման և թեստավորման արդյունքները փաստաթղթավորվում են բանկի կողմից և ներկայացվում են Կենտրոնական բանկ մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ը։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում է դրանից հետո ներկայացվող Վերականգնման ծրագրերի վրա:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2024 թվական: