Գլխավոր տեղեկություն
Номер
N 1829-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.11.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.11.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.11.2024
Дата вступления в силу
20.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2024 թվականի N 1829-Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը, բացառությամբ՝

1) հավելվածի 6-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից.

2) հավելվածի 8-11-րդ և 13-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


21.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն պահանջներով կարգավորվում են գյուղատնտեսական կենդանիների շուկայի հետ կապված հարաբերությունները:

2. Գյուղատնտեսական կենդանիների շուկան առևտրի իրականացման վայր է, որտեղ իրականացվում է գյուղատնտեսական կենդանիների առուվաճառք։

3. Գյուղատնտեսական կենդանիների շուկաները հանդիսանում են անասնահամաճարակային նշանակության կամ անասնաբուժական պետական վերահսկման ենթակա օբյեկտներ։ Վերջիններիս գործունեությունը կազմակերպող անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պարտավոր են ծանուցել անասնաբուժության ոլորտի վերահսկողություն իրականացնող մարմնին` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ նշելով գործունեության վայրը:

4. Գյուղատնտեսական կենդանիների շուկայում թույլատրվում է վաճառել կեր, կենդանիների խնամքի համար նախատեսված պարագաներ և ձիաքարշ կցորդներ:

5. Գյուղատնտեսական կենդանիների շուկայում արգելվում է գյուղատնտեսական արտադրանքի (սննդամթերքի) և արդյունաբերական ապրանքների վաճառքը։

 

2. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Գյուղատնտեսական կենդանիների շուկաների կառուցման թույլտվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանով հաստատված հավելվածի համաձայն։

7. Գյուղատնտեսական կենդանիների շուկայում գյուղատնտեսական կենդանին վաճառվում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի N 1 ձևի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի (այսուհետ՝ անասնաբուժական վկայական) պարտադիր առկայության դեպքում։

8. Գյուղատնտեսական կենդանիների շուկայի տարածքը պետք է լինի ցանկապատված՝ առնվազն 1,5 մետր բարձրությամբ, այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքերով։

9. Գյուղատնտեսական կենդանիների շուկաները պետք է ապահովված լինեն`

1) կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակներով.

2) առանձին դարպասներով՝ կենդանիների մուտքի և ելքի համար.

3) լվացող, ցողարկող և ախտահանող սարքերով.

4) կոյուղատար առվակներով.

5) կառուցված կենցաղային հարմարություններով (էլեկտրաէներգիա և ջրամատակարարում).

6) փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, մուտքի և ելքի մոտ՝ ախտահանիչ ավազան կամ ցողարկիչ.

7) կանգնելատեղերով՝ ճաղազատված տարածքներով.

8) կենդանիների կենսական պահանջներն ապահովող միջոցներով՝ ջրախմոցներ, կերամաններ, ինչպես նաև զոոհիգիենիկ պահանջներն ապահովող՝ գոմաղբի հավաքման և հեռացման հարմարանքներ.

9) ծածկով՝ տեղումներից և արևի ճառագայթներից կենդանիներին պաշտպանելու համար.

10) վարչական շինությունով՝ առանձնացված անասնաբույժի սենյակ.

11) հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիների մեկուսացման համար նախատեսված փակ տարածքով.

12) պահեստային առանձին տարածքներով՝ սարքավորումներ, ախտահանիչներ, կեր պահելու համար.

13) ավտոկայանատեղիով՝ մարդատար և գյուղատնտեսական կենդանիների փոխադրամիջոցի կայանման համար։

10. Գյուղատնտեսական կենդանիների շուկայի տարածքը պետք լինի հարմարավետ ջրահեռացման, մեխանիկական մաքրման, լվացման և ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար։

11. Գյուղատնտեսական կենդանիները տեղափոխվում են շուկա փոխադրման համար նախատեսված բեռնատար մեքենաներով, որոնք պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

1) թափք կողավոր՝ բարձրությունը 100-150 սմ, հատակը հարթ և ծածկված ցամքարով.

2) խոշոր եղջերավոր կենդանիներ և ձիեր տեղափոխելիս բեռնատարի թափքը տաք եղանակին կարող է լինել բաց, իսկ ցուրտ եղանակին՝ ծածկված բրեզենտե ծածկով.

3) մանր եղջերավոր կենդանիներ, խոզեր տեղափոխելիս բեռնատար մեքենայի թափքը պետք է ծածկված լինի բրեզենտե ծածկով.

4) մանր եղջերավոր կենդանիներին, խոզերին տեղափոխող բեռնատարի թափքը պետք է ունենա միջնապատեր.

5) թռչունները և ճագարները բեռնատարի թափքում տեղավորում են վանդակներով.

6) յուրաքանչյուր տեղափոխումից հետո անհրաժեշտ է բեռնատարի թափքը մաքրել և ախտահանել։

12. Գյուղատնտեսական կենդանիների շուկայի գործունեությունը կազմակերպող անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը պարտավոր է շուկան ապահովել սպասարկող անասնաբույժով։

13. Գյուղատնտեսական կենդանիների շուկայի տարածքը պետք է ապահովված լինի տեսահսկման համակարգով։

 

3. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

14. Գյուղատնտեսական կենդանիների շուկայում գյուղատնտեսական կենդանիներ վաճառողը պարտավոր է գյուղատնտեսական կենդանիների շուկան սպասարկող անասնաբույժին ներկայացնել անասնաբուժական վկայականը:

15. Գյուղատնտեսական կենդանիների շուկան սպասարկող անասնաբույժը պարտավոր է՝

1) իրականացնել վաճառքի ենթակա գյուղատնտեսական կենդանիների պարտադիր անասնաբուժական զննում.

2) վարել անասնաբուժության ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի, կնքված ու համարակալված գրանցամատյան (այն ենթակա է պարտադիր պահպանման առնվազն երեք տարի), որտեղ պետք է արտացոլվի նաև գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական վկայականի համարը.

3) գյուղատնտեսական կենդանիների առուվաճառքի ժամանակ՝ «Անի Պաս» էլեկտրոնային համակարգում իրականացնել գյուղատնտեսական կենդանու սեփականատիրոջ փոփոխություն.

4) ստուգել անասնաբուժական վկայականը։

16. Գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական զննման համար գյուղատնտեսական կենդանիների շուկայի մուտքի մոտ պետք է լինի առանձնացված, ցանկապատված տարածք։

17. Գյուղատնտեսական կենդանին գյուղատնտեսական կենդանիների շուկա մուտք է գործում՝ անասնաբույժի կողմից պարտադիր անասնաբուժական զննումից և անասնաբուժական վկայականի առկայությունը ստուգելուց հետո։

18. Գյուղատնտեսական կենդանիների շուկայում գյուղատնտեսական կենդանիները պետք է ունենան անհատական նույնականացման համարներ՝ ականջապիտակներ, և գրանցված լինեն «Անի Պաս» էլեկտրոնային համակարգում, իսկ անհատական նույնականացման համարներ չունեցող գյուղատնտեսական կենդանիները պետք է ունենան տարբերանշաններ։

19. Գյուղատնտեսական կենդանիների շուկայի գործունեությունը կազմակերպող անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը գրավոր դիմում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ «Անի Պաս» էլեկտրոնային համակարգին հասանելիություն ստանալու համար։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

21.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան