Գլխավոր տեղեկություն
Номер
N 1775-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.10.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.11.2024
Дата вступления в силу
13.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2024 թվականի N 1775-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԵՎ «ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՅԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածներով, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15022022-01-0230)՝ Երևան քաղաքի Տերյան 74 հասցեում գտնվող անշարժ գույքի 2-րդ մասնաշենքի կենտրոնական մուտքի (Աբովյան պուրակի կողմից) ձախակողմյան հատվածից 4775.8 քառ. մ (1-ից 4-րդ հարկեր) ընդհանուր մոտարկված մակերեսով տարածքը (հիմք ընդունել տարածքի չափագրման արդյունքների տվյալները) հետ վերցնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամից և 11 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամին:

2. «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին ամրացված՝ 2,524.7 քառ. մ ընդհանուր մակերեսով 5-րդ հարկը հետ վերցնել և 1,193.95 քառ. մ ընդհանուր մակերեսով տարածքը 11 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամին, իսկ 1,330.75 քառ. մ ընդհանուր մակերեսով տարածքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին:

3. Սահմանել, որ «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին ամրացված կենտրոնական շքամուտքը, աստիճանավանդակը, վերելակը, մարզադահլիճը, ճաշարանը, մեծ դահլիճը, մեծ դահլիճի նախամուտքը, տանիքը և նկուղն օգտագործվելու են համատեղ:

4. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում՝

ա. լուծել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հետ 2023 թվականի մարտի 10-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 10/0023 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին,

բ. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքել 2013 թվականի հունվարի 17-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 16/0013 պայմանագրում սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր): Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի հետ կնքել Երևան քաղաքի Տերյան 74 հասցեում գտնվող՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ վերջինիս մեջ ներառելով, որ՝

ա. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի՝ Ակադեմիական քաղաք տեղափոխվելու դեպքում պայմանագիրը կդադարեցվի և «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի բնականոն գործունեությունը կշարունակվի Ակադեմիական քաղաքում,

բ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան