Գլխավոր տեղեկություն
Номер
N 4393-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 14.11.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
12.11.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
12.11.2024
Дата вступления в силу
15.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4393-Ա

«12» նոյեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Ֆրեդ Գրիգորյանի 2024 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ Դ-130018-24 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն իրականացվել է վարչարարություն:

Ուսումնասիրելով Ֆրեդ Գրիգորյանի 2024 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ Դ-130018-24 դիմումը, գնահատելով նշված դիմումին կից ներկայացված ապացույցները, 2024 թվականի նոյեմբերի 6-ին կայացած լսումների արձանագրությունը, ինչպես նաև գործին առնչվող փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

2024 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ Դ-130018-24 դիմումին կից ներկայացված ապացույցների համաձայն՝ 2024 թվականի հունիսի 20-ին Երևան քաղաքի Դավիթ Մալյան փողոցում տեղակայված և շարժական անիվների արգելակները բացված վիճակում գտնվող երկու աղբամանները տեղից շարժվել և բախվել են Ֆրեդ Գրիգորյանի սեփականությունը հանդիսացող «Nissan March 1.2L» մակնիշի «37 RF 780» հաշվառման համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է վնաս:

Ֆրեդ Գրիգորյանը, 2024 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ Դ-130018-24 դիմումին կից ներկայացնելով «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից տրված՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ ՎՊ-24-157-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) և 2024 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ ՎՊ-24-158-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության աշխատակցի կողմից 2024 թվականի հունիսի 20-ին կազմված՝ նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 411916 արձանագրությունը և այլ նյութերը՝ խնդրել է փոխհատուցել «Nissan March 1.2L» մակնիշի «37 RF 780» հաշվառման համարանիշի ավտոմեքենային աղբարկղները բախվելու հետևանքով առաջացած վնասը և փորձաքննության նպատակով կատարված ծախսը:

2023 թվականի հունիսի 1-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YB254553 վկայագրի համաձայն՝ «Nissan March 1.2L» մակնիշի «37 RF 780» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Ֆրեդ Գրիգորյանի սեփականությունը:

«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 7-ին տրված թիվ ՎՊ-24-157-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) եզրակացության «Հետևություն» բաժնի 1-ին պարբերության համաձայն՝ «Nissan March 1.2L» մակնիշի «37 RF 780» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ նույն եզրակացության «3.1. Ակնադիտական հետազոտություն» բաժնում նկարագրված հետքերն ու վնասվածքներն իրենց բնույթով, տեղակայումներով, առաջացման ուղղվածություններով և հատկանիշներով համապատասխանում են փորձաքննությանը ներկայացված պատահարի վայրի էլեկտրոնային լուսանկարներում և պատահարի տեսագրություններում առկա՝ «3.2. Համեմատական (հետքերի համադրման) հետազոտություն» բաժնում նշված՝ շարժական անիվների արգելակները բացված վիճակում տեղից շարժված երկու աղբամանները «Nissan March 1.2L» մակնիշի «37 RF 780» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի աջ կողային մասին բախվելու հետևանքով առաջացած հետքերին ու վնասվածքներին և այդպիսիք կարող էին առաջանալ շարժական անիվների արգելակները բացված վիճակում տեղից շարժված երկու աղբամանները «Nissan March 1.2L» մակնիշի «37 RF 780» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի աջ կողային մասին բախվելու հետևանքով, այն է՝ տեղի ունեցած պատահարի ու նույն ավտոմեքենայի՝ եզրակացության մեջ նկարագրված հետքերի և վնասվածքների միջև առկա է պատճառահետևանքային կապ (պատճառը շարժական անիվների արգելակները բացված վիճակում տեղից շարժված աղբամանները ավտոմեքենայի աջ կողային մասին բախվելն է, հետևանքը՝ դրանցից առաջացած հետքերն ու վնասվածքները):

«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետը, հիմք ընդունելով նույն ընկերության հետքաբան-փորձագետի կողմից տրված թիվ ՎՊ-24-157-ՀՓ եզրակացությունը, 2024 թվականի հոկտեմբերի 7-ին կազմել է թիվ ՎՊ-24-158-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունը, որի «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «Nissan March 1.2L» մակնիշի «37 RF 780» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա նկարագրված վնասվածքների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը, 2024 թվականի հունիսի 20-ի դրությամբ, կազմել է շուրջ 173,000 (մեկ հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ:

Ֆրեդ Գրիգորյանի 2024 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ Դ-130018-24 դիմումի կապակցությամբ թիվ Ն/61794-24 գրավոր հարցմանն ի պատասխան «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի 2024 թվականի հոկտեմբերի 25-ի գրությամբ հայտնվել է, որ ներկայացված նյութերում չկա որևէ հաստատող հիմք, որ աղբամանների հենակները «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները աշխատանքի ավարտից հետո չեն սեղմել, ինչպես նաև նշվել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տարբեր տնտեսվարողների աշխատակիցների կողմից աղբամաններն անընդհատ տեղաշարժվում են, ուստի չկա որևէ ապացույց, որ աղբամանների տեղաշարժը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների մեղքով է եղել:

«Ակբա բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Դավթաշեն» մասնաճյուղից 2024 թվականի սեպտեմբերի 25-ին տրված թիվ 8893 և թիվ 9080 վճարման անդորրագրերի համաձայն՝ «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված՝ փորձաքննության կատարման ծառայությունների մատուցման մասին թիվ ՓԾՊ/157 և թիվ ՓԾՊ/158 պայմանագրերի հիման վրա՝ Ֆրեդ Գրիգորյանի կողմից վճարվել է ընդհանուրը 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Վարույթի լսումների ընթացքում Ֆրեդ Գրիգորյանը, ծանոթանալով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի 2024 թվականի հոկտեմբերի 25-ի գրության բովանդակությանը, հայտնել է, որ, ըստ փոխադրամիջոցը վարող Սերիկ Սարգսյանի պատմածի, պատահարին նախորդող պահին, տվյալ աղբամանները տեղաշարժող անձանց Սերիկ Սարգսյանը չի նկատել, իսկ աղբամանները շարժվել են ինքնահոս, ինչպես որ նկարագրված է փորձագետի կողմից, արգելակները բացված վիճակում գտնվելու պատճառով:

Վարույթի շրջանակներում չի ստացվել 2024 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ ՎՊ-24-157-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) եզրակացության մեջ նշված՝ շարժական անիվների արգելակները բացված վիճակում գտնվելու պատճառով աղբամանները տեղից շարժվելու փաստարկը հերքող կամ կասկածի տակ դնող ապացույց:

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի 2024 թվականի հոկտեմբերի 25-ի գրությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակցի կողմից 2024 թվականի հունիսի 20-ին կազմված նյութերը, «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից տրված՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ ՎՊ-24-157-ՀՓ հետքաբանական և թիվ ՎՊ-24-158-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, 2024 թվականի սեպտեմբերի 25-ին տրված թիվ 8893 և թիվ 9080 վճարման անդորրագրերը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածներով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Ֆրեդ Գրիգորյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ Դ-130018-24 դիմումը բավարարել:

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին.

«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հոկտեմբեր 7-ի թիվ ՎՊ-24-158-ԱՊ ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Nissan March 1.2L» մակնիշի «37 RF 780» հաշվառման համարանիշի ավտոմեքենային աղբարկղները բախվելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 173,000 (մեկ հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 100,000 ՀՀ դրամը, որպես թիվ ՎՊ-24-157-ՀՓ հետքաբանական և թիվ ՎՊ-24-158-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները ձեռք բերելու նպատակով կատարված ծախս, փոխհատուցել Ֆրեդ Գրիգորյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան