ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0480/02/18 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0480/02/18 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
զեկուցող |
Ս. ՄԵՂՐՅԱՆ | |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2024 թվականի օգոստոսի 08-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Հրայր Պողոսյանի հայցի ընդդեմ «Արմավիր Հաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն), «Արմավիր Հրուշակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն) և Սերգեյ Հակոբյանի իրավահաջորդ Աննա Հակոբյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.09.2023 թվականի որոշման դեմ Հրայր Պողոսյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հրայր Պողոսյանը պահանջել է Ընկերությունից, Կազմակերպությունից և Սերգեյ Հակոբյանից համապարտության կարգով բռնագանձել 179.260.000 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.12.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.09.2023 թվականի որոշմամբ Հրայր Պողոսյանի և Կազմակերպության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 15.12.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրայր Պողոսյանը (ներկայացուցիչ Հարություն Հարությունյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 345-րդ, 347-րդ, 408-րդ և 1092-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ ու 66-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինքը, տեղեկանալով Սերգեյ Հակոբյանի ֆինանսական խնդիրների մասին, առաջարկել է համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել՝ շահույթը համամասնորեն բաշխելու պայմանով, ինչից հետո մաս-մաս պատասխանողներին գումարներ է տրամադրել՝ ընդհանուր 179.260.000 ՀՀ դրամ, սակայն նման գործունեություն չիրականացնելու պայմաններում պատասխանողների մոտ իր գույքը գտնվում է առանց օրինական հիմքի:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նշվածը հաստատվում է գլխավոր հաշվապահ Սվետլանա Ղուկասյանի կողմից նախաքննական մարմնին տրված ցուցմունքով, որի համաձայն՝ իր կողմից կատարված ներդրումները կազմել են 114.300.000 ՀՀ դրամ և 64.960.000 ՀՀ դրամ: Բացի այդ, Սերգեյ Հակոբյանը Դատարանին տված ցուցմունքներով և հայցադիմումի պատասխանում ընդունել է, որ ունի պարտավորություն իր նկատմամբ՝ նշելով միայն, որ չափը չգիտի, ինչը պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություն է: Նշված գործողությունը հատկապես կարևորվում է՝ հաշվի առնելով Դատարանի կողմից հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության մերժումը:
Ինչ վերաբերում է համապարտության բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությանը, ապա ստորադաս դատարաններն անտեսել են, որ այդ գումարները տրամադրվել են ինչպես անձամբ Սերգեյ Հակոբյանին՝ որպես ֆիզիկական անձի, այնպես էլ մյուս պատասխանողներին, որոնց միակ մասնակից և տնօրեն հանդիսացել է նույն Սերգեյ Հակոբյանը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07․09․2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) «Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին» 20.05.2016 թվականի որոշման համաձայն՝ 20.05.2016 թվականին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունից ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն նյութեր են ստացվել այն մասին, որ Հրայր Պողոսյանը Կազմակերպության գործունեությունը բարելավելու, մակարոնի արտադրություն կազմակերպելու և տարածքում գտնվող շինությունում հարսանյաց սրահ վերակառուցելու նպատակով 2006 թվականից մինչև 2011 թվականն ընկած ժամանակահատվածում ներդրել է շուրջ 179.200.000 ՀՀ դրամ, սակայն Սերգեյ Հակոբյանը, կազմակերպության շահերին հակառակ իր կարգադրիչ լիազորություններն օգտագործելով, այդ գումարներն արդյունավետ չի օգտագործել, գումարներ ներդնելու վերաբերյալ սահմանված կարգով փաստաթղթեր չի կազմել, նրա ցուցումով ներդրված գումարից 119.000.000 ՀՀ դրամ ծախսերի վերաբերյալ հաշվապահական ձևակերպումներ չեն կատարվել, որի հետևանքով Հրայր Պողոսյանի շահերին պատճառվել է էական վնաս: Որոշում է ընդունվել դեպքի առիթով հարուցել թիվ 48109316 քրեական գործը (հատոր 1-ին, գ.թ. 52).
2) թիվ 48109316 քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունից ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն նյութեր են ստացվել այն մասին, որ Ընկերության մասնակից Հրայր Պողոսյանը կազմակերպության գործունեությունը բարելավելու, մակարոնի արտադրություն կազմակերպելու և տարածքում գտնվող շինությունում հարսանյաց սրահ վերակառուցելու նպատակով 2006 թվականից մինչև 2011 թվականն ընկած ժամանակահատվածում ներդրել է շուրջ 179.200.000 ՀՀ դրամ, սակայն Ընկերության տնօրեն Սերգեյ Հակոբյանը, իր կարգադրիչ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, այդ գումարները արդյունավետ չի օգտագործել, գումարներ ներդնելու վերաբերյալ սահմանված կարգով փաստաթղթեր չի կազմել, և նրա ցուցումով ներդրված գումարից 119.000.000 ՀՀ դրամ ծախսերի վերաբերյալ հաշվապահական ձևակերպումներ չեն կատարվել, որի հետևանքով Հ.Պողոսյանի շահերին պատճառվել է էական վնաս: 13.12.2016 թվականին ստացվել են Ընկերությունում և Կազմակերպությունում իրականացված ստուգման արդյունքներով կազմված ակտերը, որոնց համաձայն՝ ստուգման տրամադրված հաշվապահական հաշվառման փաստաթղթերի ստուգմամբ պարզվել է, որ Ընկերությունը 2006 թվականից մինչև 2011 թվականն ունեցել է 19.290.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումներ (հատոր 1-ին, գ.թ. 52, 54, 55, 82‑84).
3) թիվ 48109316 քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվելիս Հրայր Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2006 թվականի մարտին ծանոթացել է Սերգեյ Հակոբյանի հետ, ով իրեն առաջարկել է գումարներ ներդնել Արմավիր քաղաքում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող մակարոնի արտադրամասում` դրա հոսքագիծը կապիտալ վերանորոգելու և արտադրությունը կազմակերպելու համար: Հրայր Պողոսյանն առաջին գումարները Սերգեյ Հակոբյանին առձեռն տվել է 2006 թվականի հունիս ամսին: Գումարները միշտ տվել է առձեռն ու հիմնականում տվել է Սերգեյին, և իրենց միջև եղած բանավոր պայմանավորվածության համաձայն՝ վերանորոգումից հետո գործարանի եկամուտները պետք է փոխանցվեին իրեն՝ մինչև իր ներդրած գումարների մարումը, իսկ դրանից հետո արդեն եկամուտը պետք է բաժանվեր նրանց միջև հավասարաչափ: Ինքը և Սերգեյը պայմանավորվածություն են ձեռք բերել այն մասին, որ վերանորոգման աշխատանքները կազմակերպելու էր ու ղեկավարեր Սերգեյ Հակոբյանը, իսկ ինքը պետք է միայն ֆինանսավորեր: 2006 թվականի վերջերին Սերգեյն իրեն օրենքով սահմանված կարգով դարձրել է Ընկերության 3 տոկոս բաժնետեր: Իսկ որպես վերջնական հաշվարկ իրեն է ներկայացրել մոտ 88.000.000 ՀՀ դրամ, որը ներդնելով 6 ամիս անց արդեն պետք է սկսեին շահույթ ստանալ: Բացի Ընկերությունից Սերգեյն ուներ նաև Կազմակերպությունը, որին էլ իրականում պատկանել է մակարոնի հոսքագիծը, ինչպես նաև վարչական շենքը: Վերանորոգման աշխատանքների ժամանակ Սերգեյն ասել է, որ նպատակ ունի վարչական շենքի առաջին հարկը վերածելու հարսանյաց սրահի: Իր (Հրայր Պողոսյանի) որդին հարսանյաց սրահի համար սպասք, աթոռ, սեղան և այլ պարագաներ գնելու նպատակով մեկնել է Չինաստան ու այդ ամենի համար ծախսել է մոտ 20.000.000 ՀՀ դրամ: 2008 թվականի հունվար ամսին Իտալիայից մասնագետ են հրավիրել մակարոնի հոսքագիծը վերանորոգելու համար: Երեք օր է իտալացի մասնագետը մնացել Հայաստանում ու 3 օրվա համար նրան վճարել է մոտ 1.500.000 ՀՀ դրամ՝ ներառյալ հյուրանոցային համարի ծախսերը, ինչպես նաև չվերթի գումարները: Դրանից հետո ինքը (Հրայր Պողոսյանը) կրկին գումարներ է ներդրել հոսքագծի վերանորոգման համար, 2008 թվականին կրկին եկել է իտալացի մասնագետը, այդ ընթացքում ինքը Հայաստանում չի եղել ու չի կարող ասել, թե ինչքան գումար են տվել նրան, միայն նշել է, որ գումարներ նրան տվել են մինչ այդ բանկից վարկ վերցված 20.000.000 ՀՀ դրամից: Այդ վարկն էլ գրեթե ամբողջությամբ ինքն է մարել, միայն վերջում 3.000.000 ՀՀ դրամ մարել է Սերգեյ Հակոբյանը: Այդ վարկն ամբողջությամբ ծախսվել է մակարոնի հոսքագծի վրա, որը նույնպես ներառված է իր կողմից ներկայացված վերջնական գումարի մեջ, որը կազմում է 114.300.000 ՀՀ դրամ: Իսկ նշված վարկը վերցնելիս գրավադրել են Ընկերության տարածքն ու Սերգեյ Հակոբյանին պատկանող խանութներից մեկը, որպես երաշխավոր եղել է ինքը: Մակարոնի հոսքագծի վերանորոգման համար ծախսվել է ընդհանուր 114.300.000 ՀՀ դրամ, իսկ հարսանյաց սրահի վերակառուցման համար՝ 64.960.000 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 179.260.000 ՀՀ դրամ, որի մեջ մտնում է բանվորների, մասնագետների աշխատավարձը, գործուղումների գումարը, էներգիայի, գազի և ջրի կոմունալ ծախսերը, հարսանյաց սրահի համար ձեռք բերված պարագաների գումարները, մակարոնի հոսքագծի վերանորոգման ու հարսանյաց սրահի վերակառուցման համար ներդրված գումարները: Ներդրված գումարների վերաբերյալ հաշվապահական ձևակերպումներ կատարվել են միայն 4.745.000 ՀՀ դրամի մասով, մնացածի վերաբերյալ հաշվապահական ձևակերպումներ կատարվել են, թե՝ ոչ, ինքը տեղյակ չէ (հատոր 1-ին, գ.թ. 54, 55, 65, 66).
4) թիվ 48109316 քրեական գործի շրջանակներում Սերգեյ Հակոբյանը, ի թիվս այլնի, բացատրություն է տվել այն մասին, որ Հոկտեմբերյանի հացի գործարանը սեփականաշնորհելուց հետո հիմնել է Կազմակերպությունը և Ընկերությունը, Կազմակերպությունը հիմնադրման օրվանից գործունեություն չի ծավալել: 2006 թվականին ծանոթացել է Հրայր Պողոսյանի հետ, ով պատրաստակամություն է հայտնել գումար ներդնելու և վերանորոգելու Ընկերության հաշվեկշռում գտնվող մակարոնի արտադրության հոսքագիծը՝ պայմանով, որ այն աշխատելուց հետո, երբ կբերի եկամուտ, այդ եկամուտը հավասարաչափ կբաշխվի իրենց միջև: Դրանից հետո ձեռնամուխ են եղել մակարոնի հոսքագծի վերանորոգմանը: Ե՛վ հոսքագծի, և՛ ռեստորանի վերանորոգման աշխատանքների, և՛ դրանց ծախսերի վերաբերյալ առկա են գրառումներ, ինքը չի հրաժարվում այն հանգամանքից, որ Հրայր Պողոսյանին գումարներ է պարտք, սակայն պարտքի չափը հստակ կարող է ասել այդ փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո (հատոր 1-ին, գ.թ. 39, 40): Հրայր Պողոսյանի կողմից ներդրվել է շուրջ 147,7 միլիոն ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 47, 48): Ինքը չի առարկում կամ ժխտում, որ Հրայր Պողոսյանը գումարներ է ներդրել մակարոնի հոսքագծի վերանորոգման և հարսանյաց սրահի վերակառուցման համար, սակայն ներկայումս գումարներ չունի նրան փոխհատուցելու համար, բայց պատրաստակամ է գործարանը վաճառելուց հետո վերադարձնել Հրայր Պողոսյանին հասանելիք գումարը (հատոր 1-ին, գ.թ. 56-59): Սերգեյ Հակոբյանի հետ ունեցած զրույցից վերջինիս և Հրայր Պողոսյանի միջև ունեցած համատեղ գործունեությունից առաջացած պարտքի գումարի մոտավոր չափի վերաբերյալ պարզվել է, որ պարտքի գումարը կազմում է 147 միլիոն դրամ: Նշված գումարը Սերգեյ Հակոբյանը ճշտել է նաև իր հաշվապահ Սվետլանա Ղուկասյանից և նշել է, որ սա մոտավոր թիվ է, որն ինքն ընդունում է, սակայն անհրաժեշտ է կատարել հաշվարկ, որպեսզի ստանա ճշգրիտ թիվ (հատոր 1-ին, գ.թ. 46).
5) թիվ 48109316 քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվելիս Սվետլանա Ղուկասյանը հայտնել է, որ աշխատել է Ընկերությունում և Կազմակերպությունում որպես գլխավոր հաշվապահ: Կազմակերպությունը երբևէ գործունեություն չի իրականացրել, իսկ Ընկերությունը որոշ ժամանակ զբաղվել է հացի արտադրությամբ: Կազմակերպությանն է պատկանում մակարոնի արտադրության հոսքագիծը, որը վերանորոգելու և արտադրություն կազմակերպելու համար 2006 թվականին ընկերության տնօրենին է այցելել Հրայր Պողոսյանը, պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել: Մինչ այդ Սերգեյ Հակոբյանի կողմից ներդրումներ կատարվել են, սակայն մեծ գումարներ էին պահանջվում, այդ պատճառով էլ այն անավարտ էր մնացել: Հրայր Պողոսյանն իր միջոցներով էր գնում շինանյութ, անհրաժեշտ պարագաներ, վճարում աշխատողներին, իրեն ցուցում է տվել, թե ում, ինչքան վճարի, նա է սահմանել օրակարգը: Հրայր Պողոսյանը երբևէ հենց այնպես իրեն գումարներ չի տվել, ծախսած գումարների վերաբերյալ փաստաթղթեր չի ներկայացրել, ուղղակի բանավոր հայտնել է, թե ինչ ծախսեր է կատարել, իսկ ինքը դրանք ամրագրել է մատյանում՝ ըստ օրերի և գումարի չափերի, որոնք հաճախակի ստուգվել են Հրայր Պողոսյանի կողմից: Այդ փաստաթղթերի վերաբերյալ հաշվապահական ձևակերպումներ չեն կատարվել, քանի որ Հրայրն ասել է, որ ինքն իր գումարներն ինչպես կուզի, այնպես էլ կտնօրինի ու հավելել, որ ինքը հաշվապահ է, գիտի, թե ինչ է անում ու երբ կսկսեն արտադրություն տալ, այն ժամանակ նոր միայն հաշվապահական ձևակերպումներ կստանան: 2006-2011 թվականների ընթացքում հաշվապահությունում ձևակերպվել են 4.745.000 դրամի վերաբերյալ, իսկ մնացած ծախսերի վերաբերյալ ձևակերպումներ չեն կատարվել: 2006-2011 թվականների ընթացքում Հրայրը ներդրել է, այսինքն՝ ասել է, որ այսքան գումար է ծախսել և դրանք գրի է առել ու այդ 5 տարիների ընթացքում նրա ծախսած գումարը կազմել է, որքանով որ ինքը հիշում է, 105 մլն. դրամ, 93.000 ԱՄՆ դոլար և 1.200 եվրո, որոնք դրամի վերածելով մոտավոր կազմում է 147 մլն դրամ: Իսկ ինչ վերաբերում է Հրայրի կողմից նշված 179 մլն դրամին, ապա ինքը չգիտի, թե նա ինչ հաշվարկ է արել: Թե օրական որքան գումար է ներդրվել, այդ մատյանի բնօրինակը Հրայր Պողոսյանի մոտ է: Ներկայումս իրենց ՍՊԸ‑ում հաշվապահության վերաբերյալ 2006-2011 թվականների փաստաթղթեր կան, թե՝ ոչ, ինքը չի կարող պատասխանել, քանի որ շուրջ մեկ տարի է՝ չի աշխատում ընկերությունում: Ցանկանում է նշել, որ 2006-2011 թվականների ընթացքում մակարոնի հոսքագծի և հարսանյաց սրահի արտադրամասի վերանորոգման ծախսերը տնօրինել է Հրայր Պողոսյանը (հատոր 1-ն, գ.թ. 58, 59).
6) 20.04.2018 թվականին Սերգեյ Հակոբյանը Դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանով հայտնել է նաև, որ հայցի հիմքում ընկած փաստերից իր համար ընդունելի է միայն այն, որ Հրայր Պողոսյանը, տեղեկանալով, որ Ընկերությունն ու Կազմակերպությունն ունեն ֆինանսական խնդիրներ, հանդիպել է իրեն և առաջարկել իր օժանդակությունը, որից Սերգեյ Հակոբյանը չի հրաժարվել: Հայտնել է նաև, որ վիճելի է գումարի չափը, որը ներկայացրել է Հրայր Պողոսյանը: Ինքը չի ընդունում Հրայր Պողոսյանի կողմից կատարված 179.260.000 ՀՀ դրամ ներդրումների փաստը և միայն բավարար հիմնավորումների դեպքում կընդունի այդ փաստն այն գումարի չափով, որը կապացուցվի դատաքննության ընթացքում: Քանի որ Հրայր Պողոսյանի կողմից բացի Ընկերության և Կազմակերպության կողմից տրված տեղեկանքներից, որոնցում նշված գումարների չափերն ուռճացված են, ինչպես նաև այդ գումարները հիմնավորող ու դրանք հաշվապահական ձևակերպումներ ստանալու վերաբերյալ գրավոր ապացույցներ հայցվորի կողմից չեն ներկայացվել, հետևաբար այդ գումարների մասով հայցն անհիմն է (հատոր 1-ին, գ.թ. 110‑113).
7) Ընկերության և Կազմակերպության ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել դատաշինարարական ու դատաապրանքագիտական փորձաքննություններ նշանակելու մասին միջնորդություն, որով հայտնել է, որ Հրայր Պողոսյանի կողմից վկայակոչված՝ հարսանյաց սրահի շինարարության վրա կատարված, բարձրավոլտ էլեկտրական հոսքագծի անցկացման համար և մակարոնի հոսքագծի նորոգման համար կատարված ծախսերը կարող են ճշտվել միայն հատուկ գիտելիքների տիրապետող մասնագետների կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 53-55).
8) Գործում առկա 03.01.2007 թվականից մինչև 15.06.2010 թվականն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ թվով 14 մուտքի օրդերների համաձայն՝ Հրայր Պողոսյանի կողմից Ընկերությունում կատարվել է ընդհանուր 4.745.000 ՀՀ դրամի չափով ներդրում (հատոր 1-ին, գ.թ. 30, 31).
9) պետական միասնական գրանցամատյանում 21.11.2019 թվականի դրությամբ Ընկերության մասնակիցներ են Սերգեյ Հակոբյանը՝ 17 տոկոս բաժնեմասով, Հրայր Պողոսյանը՝ 3 տոկոս բաժնեմասով, Արթուր Հակոբյանը՝ 80 տոկոս բաժնեմասով (հատոր 2-րդ, գ.թ. 102).
10) 06.11.2018 թվականին մահացած Սերգեյ Հակոբյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում կինը՝ Աննա Հակոբյանը (հատոր 3-րդ, գ.թ. 147, 148).
11) 04.05.2016 թվականի դրությամբ Կազմակերպության մասնակից է Սերգեյ Հակոբյանը՝ 100 տոկոս բաժնեմասով, իսկ 03.08.2022 թվականի դրությամբ՝ Աննա Հակոբյանը՝ 100 տոկոս բաժնեմասով (հատոր 3-րդ, գ.թ. 157)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 53-րդ հոդվածի (hամանման կարգավորումը նախատեսված է վճռաբեկ բողոքում վկայակոչված՝ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով) այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գնահատելու հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործը հարուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) գործողության ժամանակահատվածում, ուստի հաջորդիվ վկայակոչվում են նշված օրենսգրքով սահմանված նորմերը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտավորական իրավահարաբերություններն այն հասարակական հարաբերություններն են, որոնք կապված են գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, որոշակի գործողություններ կատարելու կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու հետ (տե՛ս Լիլիթ Գրիգորյանն ընդդեմ Աղվան Կարապետյանի թիվ ԳԴ4/0019/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն ուղղված երկու կամ ավելի անձանց միջև համաձայնություն ձեռք բերվելու դեպքում մի կողմը՝ պարտապանը, պարտավորվում է մյուսի՝ պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն կամ ընդհակառակը՝ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց: Ընդ որում, միևնույն համաձայնության շրջանակում մի կողմը որոշակի գործողության կամ անգործության մասով կարող է հանդես գալ պարտատեր՝ մյուս կողմից պահանջելով պարտավորության կատարում, իսկ այլ գործողության կամ անգործության մասով՝ պարտապան՝ ստանձնելով պարտավորություններ (տե՛ս Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ընդդեմ Սուրեն Հայրապետյանի թիվ ՍԴ2/0881/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.02.2024 թվականի որոշումը):
Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Նախկին օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
Այդ տեղեկությունները հաստատվում են
1) գրավոր և իրեղեն ապացույցներով.
2) փորձագետների եզրակացություններով.
3) վկաների ցուցմունքներով.
4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:
Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Համանման կարգավորումներ է նախատեսում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը: Այսպես.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ապացույցի տեսակներն են գրավոր ապացույցները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը և բացակայությունը հաստատելու, յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու հարցերը լուծվում են ապացույցները հետազոտելու և գնահատելու միջոցով: Ապացույցի հետազոտումն իրականացվում է ապացույցն անմիջականորեն ընկալելու, դրա բովանդակությունը բացահայտելու, մեկ ապացույցը մյուսի հետ համեմատելու և ներկայացված ապացույցների միջև եղած հակասությունները բացահայտելու միջոցով, որոնք իրենց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից տրամաբանական և իրավաբանական որակում են ստանում դատարանի կողմից, այսինքն՝ գնահատվում են (տե՛ս Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ընդդեմ Սուրեն Հայրապետյանի թիվ ՍԴ2/0881/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.02.2024 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների գնահատման արդյունքում դատավորի մոտ ձևավորվող ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի ոչ թե հավանական ենթադրությունների վրա, այլ պետք է ունենա օբյեկտիվ հիմքեր (տե՛ս Վալերիկ Հայրապետյանն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության թիվ ԵԿԴ/5064/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2022 թվականի որոշումը):
Անդրադառնալով քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ թեև քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52‑րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ, դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջներն ու առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (տե´ս Վարթկես Հագոփյանն ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի և մյուսների ու Ալեքսանդր Դուրգարյանն ընդդեմ Վարթկես Հագոփյանի թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հետաքննության ընթացքում տրված բացատրության և նախաքննության ընթացքում տրված ցուցմունքի` քաղաքացիական դատավարությունում որպես ինքնուրույն գրավոր ապացույցների թույլատրելիության հարցին ու դրանց արժանահավատության գնահատման առանձնահատկություններին, վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը, արձանագրել է, որ հետաքննության և նախաքննության ընթացքում տրված բացատրություններն ու ցուցմունքները՝ քաղաքացիական դատավարությունում որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, թույլատրելի են: Նշված ապացույցները, սակայն, արժանահավատության գնահատման առումով ունեն որոշակի առանձնահատկություններ: ՀՀ վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը գրավոր ապացույցների տեսակների բավականին լայն շրջանակ է նախատեսել, ընդ որում` ոչ սպառիչ, գտել է, որ վերջիններիս գնահատման, այդ թվում նաև արժանահավատության առումով, չափորոշիչները ևս բազմազան են: Այսպես, օրինակ, եթե որպես գրավոր ապացույց ներկայացվել է պաշտոնական փաստաթուղթ, դատարանը նախ պետք է պարզի` արդյոք տվյալ փաստաթուղթը տրվել է իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, և արդյոք պահպանված են նմանատիպ փաստաթղթերի կազմմանը ներկայացվող պահանջները: Որոշակի առանձնահատկություններ ունեն նաև հետաքննության և նախաքննության ընթացքում տրված բացատրություններն ու ցուցմունքները, որոնց արժանահավատության ստուգումն իրականացնելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև դրանց ձեռքբերման` քրեադատավարական իրավանորմերով սահմանված ընթացակարգը: Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ բացատրությունը և ցուցմունքը քաղաքացիական դատավարությունում որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ գնահատելիս դատարանները պարտավոր են հաշվի առնել դրանց ձեռքբերման` քրեադատավարական օրենքով սահմանված ընթացակարգը, մասնավորապես` այն, որ ցուցմունքի պարագայում դրա ձեռքբերման ընթացակարգն առավել հիմնավոր երաշխիքներ է բովանդակում այդ ապացույցի արժանահավատությունն ապահովելու առումով (տե´ս Արմեն Կուրղինյանն ընդդեմ Սեդա Խուրշուդյանի թիվ ԵՇԴ/1342/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Հաջորդիվ կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերստին արձանագրել է, որ քրեական վարույթով հետաքննության ընթացքում անձանց կողմից տրված բացատրությունները քաղաքացիական դատավարությունում դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջներն ու առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (տե´ս Ստյոպա Կարապետյանն ընդդեմ Արայիկ, Սաթենիկ և Բաբկեն Գալստյանների ու Սաթենիկ և Բաբկեն Գալստյաններն ընդդեմ Ստյոպա Կարապետյանի թիվ ԱՐԴ1/0107/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դիմելով դատարան` Հրայր Պողոսյանը պահանջել է Ընկերությունից, Կազմակերպությունից և Սերգեյ Հակոբյանից համապարտության կարգով բռնագանձել 179.260.000 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:
Որպես հայցի փաստական հիմնավորում Հրայր Պողոսյանը, ի թիվս այլնի, հայտնել է, որ քրեական գործի նյութերում առկա ցուցմունքներով հիմնավորվում է, որ Սերգեյ Հակոբյանն ընդունել է, որ իր նկատմամբ ունի չկատարված պարտավորություն և պատրաստակամություն է հայտնել՝ կատարելու այն, այսինքն՝ պարտապանն ընդունել է պարտքը պարտատիրոջ հանդեպ:
Դատարանը, արձանագրելով, որ
«Սույն գործով որպես հայցի հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցներ հայցվորի կողմից վկայակոչվել են «Արմավիր Հրուշակ» և «Արմավիր Հաց» ՍՊԸ-ների գլխավոր հաշվապահ Սվետլանա Ղուկասյանի կողմից տրված տեղեկանքները»,
միաժամանակ եզրահանգել է, որ.
- «ներկայացված տեղեկանքներն օտարալեզու են և դրանց հետ մեկտեղ հայցվորը չի ներկայացրել դրանց պատշաճորեն հաստատված (թարգմանության իսկությունը նոտարական կարգով վավերացված) հայերեն թարգմանությունները: Ուստի Դատարանը օտար լեզվով կազմված փաստաթղթերը ճանաչում է անթույլատրելի և հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից: Բացի այդ, (...) Դատարանի գնահատմամբ նշված տեղեկանքները չեն արտացոլում հայցվորի կողմից կատարված ծախսերի իրական չափը և չեն կարող ուղղակիորեն հիմնավորել այդ փաստը»,
- «թեև Սվետլանա Ղուկասյանը հանդիսացել է «Արմավիր Հրուշակ» և «Արմավիր Հաց» ՍՊԸ‑ների գլխավոր հաշվապահը, սակայն նրա կողմից տրված տեղեկանքը կամ նրա բանավոր հայտարարությունը չի կարող հայցվորի կողմից կատարված ծախսերի չափը հիմնավորող թույլատրելի ապացույց դիտվել, քանի որ 1998 թվականի հունիսի 17‑ի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Նշված եզրահանգումը բխում է այն հանգամանքից, որ նախ՝ գլխավոր հաշվապահը տվյալ ընկերությունների անունից նշված հարցի վերաբերյալ հանդես գալու լիազորություն չի ունեցել, երկրորդը՝ նշված փաստը կարող էր հաստատվել միայն որոշակի ապացույցներով՝ ապրանքների ձեռքբերման, աշխատանքների կատարման վերաբերյալ գրավոր փաստաթղթերով, ինչպես նաև ներդրման չափը հիմնավորող փորձագետի եզրակացությամբ, որոնք սույն գործով չեն ներկայացվել: Ավելին, նախաքննության ընթացքում տրված ցուցմունքով Սվետլանա Ղուկասյանը հայտնել է, որ Հրայր Պողոսյանը երբևէ հենց այնպես իրեն գումարներ չի տվել, իսկ իր ծախսած գումարների վերաբերյալ նա փաստաթղթեր չի ներկայացրել, ուղղակի նա բանավոր հայտնել է, թե ինչ ծախսեր է կատարել ու ինքն էլ դրանք ամրագրել է մատյանում՝ ըստ օրերի և գումարի չափերի, որոնք հաճախակի ստուգվել են Հրայր Պողոսյանի կողմից: (...): Այսինքն՝ Դատարանը փաստում է, որ նախաքննության ընթացքում Սվետլանա Ղուկասյանի նշած գումարը՝ կապված հայցվորի կատարած ծախսերի հետ, մոտավոր է, ստույգ չէ և հիմնված է ոչ թե գլխավոր հաշվապահի կողմից ի պաշտոնե կատարված հաշվարկների, այլ հայցվորի կողմից բանավոր հայտնված տվյալների վրա, որոնց վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել: Հետևաբար` Սվետլանա Ղուկասյանի ցուցմունքը չի կարող հայցվորի կողմից կատարված ծախսերի իրական չափը հիմնավորող բավարար և արժանահավատ ապացույց հանդիսանալ»,
- «ինչ վերաբերում է հայցվոր կողմի այն փաստարկին, որ Սերգեյ Հակոբյանն ընդունել է հայցվորի կողմից բոլոր ծախսերը կատարվելու փաստը և չի հրաժարվել իր պարտավորությունից, ապա Դատարանը փաստում է, որ ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ հայցադիմումի պատասխանով Սերգեյ Հակոբյանը վիճարկել է հայցվորի կողմից կատարված ծախսերի չափը, անգամ՝ միջնորդել է այդ փաստը հիմնավորելու նպատակով փորձաքննություն նշանակել»:
Անդրադառնալով ««Արմավիր Հաց» ՍՊԸ-ում ընդհանուր 4.745.000 ՀՀ դրամի չափով կատարված ներդրմանը»՝ Դատարանն արձանագրել է, որ «Հրայր Պողոսյանը՝ 3 տոկոս բաժնեմասով հանդիսանում է «Արմավիր Հաց» ՍՊԸ-ի մասնակից: Այսինքն՝ որպես տվյալ ընկերության մասնակից վերջինս ներդրում է կատարել՝ կրելով դրանից բխող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և «Սահմանափակ պատասխանատվության ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև հետևանքներն ու պատասխանատվության ռիսկը: Հետևաբար առկա չէ նշված գումարը պահանջելու որևէ իրավական և փաստական հիմք»:
Անդրադառնալով պատասխանողների համապարտության վերաբերյալ հայցվորի փաստարկին՝ Դատարանն արձանագրել է, որ «հայցվորը որևէ կերպ չի հիմնավորել, թե տվյալ դեպքում ինչի հիման վրա է ծագել պատասխանողների համապարտ պարտականությունը, դրանցից յուրաքանչյուրն ինչ դերակատարություն է ունեցել պարտավորության մեջ և ինչ պատասխանատվություն է ստանձնել»:
Վերոգրյալ պատճառաբանությունների ուժով Դատարանը եզրահանգել է, որ «կրելով «Արմավիր Հրուշակ» և «Արմավիր Հաց» ՍՊԸ-ների և Սերգեյ Հակոբյանի կողմից իր հաշվին 179.260.000 ՀՀ դրամի չափով գումար ձեռք բերելու փաստն ապացուցելու դատավարական պարտականությունը, հայցվորը չի կատարել այն, հետևաբար պետք է կրի դրա բացասական հետևանքները, ինչը Դատարանին հանգեցնում է հայցը մերժելու մասին հետևության»:
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «գործում առկա ապացույցներով, մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի 15.12.2016 թվականի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ չի հիմնավորվել հայցվորի վկայակոչած այն հանգամանքը, որ պատասխանողները նրա հանդեպ պահանջվող գումարը վճարելու պարտավորություն ունեն, ինչպես նաև, որ Սերգեյ Հակոբյանը որևէ կերպ չի վիճարկել հայցվորի հանդեպ պարտավորության առկայության փաստը: Միևնույն ժամանակ, հայցի հիմքում ներկայացված ապացույցի վերաբերյալ Սվետլանա Ղազարյանը և Սերգեյ Հակոբյանը պնդել են, որ հայցվորի կողմից 179.260.000 ՀՀ դրամի ներդրում կատարված լինելու վերաբերյալ տեղեկանքներում ներկայացվել են ուռճացված թվեր և դա արվել է զուտ բանկից վարկ վերցնելու նպատակով՝ հայցվորի պահանջով», եզրահանգել է, որ «նշվածը հիմք է հանդիսանում եզրակացնելու, որ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվել պատասխանողների անհիմն հարստացման փաստը, իսկ դրա չափը 179.260.000 ՀՀ դրամ կազմելու վերաբերյալ եզրահանգման հնարավոր է հանգել միայն այդ փաստը հաստատող ապացույցների առկայությամբ և այս առումով Դատարանի եզրահանգումն իրավաչափ է»:
Վկայակոչված պատճառաբանություններից հետևում է, որ ստորադաս դատարանները քննարկման առարկա են դարձրել հայցվոր Հրայր Պողոսյանի կողմից պահանջվող գումարի չափը՝ արձանագրելով, որ գործում առկա ապացույցներով (օտարալեզու տեղեկանքներ, հաշվապահի և Սերգեյ Հակոբյանի ցուցմունքներ) չի հիմնավորվում հայցվող գումարի չափը:
Ստորադաս դատարաններն անտեսել են, որ քրեական գործի շրջանակներում տրված բացատրությամբ և ցուցմունքով Սերգեյ Հակոբյանն ընդունել է Հրայր Պողոսյանի նկատմամբ պարտավորության առկայության փաստը:
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող 2-րդ փաստից հետևում է, որ Սերգեյ Հակոբյանն ընդունել է, որ «Հրայր Պողոսյանին գումարներ է պարտք», «ներկայումս գումարներ չունի նրան փոխհատուցելու համար, բայց պատրաստակամ է գործարանը վաճառելուց հետո վերադարձնել Հրայր Պողոսյանին հասանելիք գումարը», հավելել է միայն, որ «պարտքի չափը հստակ կարող է ասել փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո», «147 միլիոն դրամ գումարը մոտավոր թիվ է, որն ինքն ընդունում է, սակայն անհրաժեշտ է կատարել հաշվարկ, որպեսզի ստանա ճշգրիտ թիվ»:
Դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանից նույնպես հետևում է, որ Սերգեյ Հակոբյանն ըստ էության վիճարկում է միայն հայցվող գումարի չափը: Սերգեյ Հակոբյանը, նշելով, որ ընդունել է Հրայր Պողոսյանի կողմից առաջարկվող օժանդակությունը, հայտնել է, որ «վիճելի է գումարի չափը», «ինքը չի ընդունում Հրայր Պողոսյանի կողմից կատարված 179.260.000 ՀՀ դրամ ներդրումների փաստը և միայն բավարար հիմնավորումների դեպքում կընդունի այդ փաստն այն գումարի չափով, որը կապացուցվի դատաքննության ընթացքում», «այդ գումարների մասով հայցն անհիմն է» (տե՛ս փաստ 6):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված տեղեկություններն ուղղակիորեն վերաբերում են սույն գործով պարզման ենթակա հանգամանքներին, այդ թվում նաև` Սերգեյ Հակոբյանի և Հրայր Պողոսյանի փոխհարաբերություններին:
Քրեական գործի շրջանակներում տրված բացատրության և ցուցմունքների ուսումնասիրությունից հետևում է, որ դրանք չեն վերցվել բացառապես հարցուպատասխանի ձևով, այլ մինչև հարցուպատասխանին անցնելը, ինչպես Հրայր Պողոսյանը, այնպես էլ Սերգեյ Հակոբյանն ու Սվետլանա Ղուկասյանը պատմողական եղանակով ներկայացրել են իրենց միջև առկա փոխհարաբերություններն ու գործողությունները: Այդ ընթացքում Սերգեյ Հակոբյանը, առանց որևէ հարցադրման, ընդունել է Հրայր Պողոսյանի նկատմամբ պարտավորության առկայությունը, չի հրաժարվել և պարտավորությունը կատարելու պատրաստակամություն է հայտնել:
Ավելին, հայցվոր Հրայր Պողոսյանի կողմից հայցվող գումարի չափը ճշգրտելու նպատակով Ընկերության և Կազմակերպության ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել դատաշինարարական ու դատաապրանքագիտական փորձաքննություններ նշանակելու մասին միջնորդություն, որով հայտնել է, որ Հրայր Պողոսյանի կողմից վկայակոչված ծախսերը կարող են ճշտվել միայն հատուկ գիտելիքների տիրապետող մասնագետների կողմից (տե՛ս փաստ 4): Բացի այդ, թիվ 48109316 քրեական գործի շրջանակներում 13.12.2016 թվականին ստացվել են Ընկերությունում և Կազմակերպությունում իրականացված ստուգման արդյունքներով կազմված ակտերը, որոնց համաձայն՝ հաշվապահական հաշվառման փաստաթղթերի ստուգմամբ պարզվել է, որ Կազմակերպությունը 2006 թվականից մինչև 2011 թվականն ունեցել է 19.290.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումներ (ժամանակահատվածը համընկնում է Հրայր Պողոսյանի կողմից գումարներ տրամադրելու ժամանակահատվածին):
Սույն գործով գրավոր ապացույց հանդիսացող բացատրությունների և ցուցմունքների իսկությունը որևէ կերպ չի վիճարկվել, դրանց բովանդակությունը չի հերքվել գործում առկա այլ ապացույցներով:
Հետևաբար գործում առկա ապացույցները թույլ են տալիս հանգելու հետևության, որ Սերգեյ Հակոբյանը ճանաչել է Հրայր Պողոսյանի նկատմամբ որոշակի չափով պարտավորության առկայությունը, պատրաստակամություն է հայտնել վերադարձնելու պարտքը և ընդգծել է միայն պարտքի չափը ճշգրտելու անհրաժեշտությունը:
Վերը նշված հանգամանքներն անտեսվել են ստորադաս դատարանների կողմից՝ հանգեցնելով չհիմնավորված հետևության:
Նշված պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում գործում եղած ապացույցները բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտված և գնահատված չլինելու կապակցությամբ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկներն ու վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի 07.09.2023 թվականի որոշումը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում բացառապես ենթակա է պարզման Հրայր Պողոսյանի նկատմամբ Սերգեյ Հակոբյանի ընդունած պարտավորության չափը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 08.09.2023 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2‑րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 07.09.2023 թվականի որոշումը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ սույն որոշմամբ սահմանված ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.09.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` սույն որոշմամբ սահմանված ծավալով նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Զեկուցող Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2024 թվական: