Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.09.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
20.09.2024
Дата вступления в силу
20.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

ԵԱԴԴ/0066/01/17

նախագահող դատավոր`

 Գ. Պողոսյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

 

նախագահող դատավոր՝

դատավորներ`

 Ռ. Պապոյան

 Ս. Համբարձումյան

 Ա. Բեկթաշյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

20 սեպտեմբերի 2024 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով Արման Մանվելի Բաղդասարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Մելանիա Ժորայի Հովհաննիսյանի և ներկայացուցիչ Վ.Սարգսյանի, տուժողի իրավահաջորդ Սերժիկ Հակոբի Հարությունյանի, տուժողի իրավահաջորդ Արա Վանիկի Գասպարյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի ապրիլի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 3-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 60105117 քրեական գործը։

Նախաքննության մարմնի նույն օրվա որոշմամբ Վանիկ Արայի Գասպարյանը, Հարություն Սերժիկի Հարությունյանը, Վահան Սամվելի Արշակյանը ճանաչվել են տուժողներ:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ Արման Մանվելի Բաղդասարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով։

Նախաքննության մարմնի` նույն օրվա որոշմամբ մեղադրյալ Ա.Բաղդասարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։

2017 թվականի ապրիլի 24-ին հետախուզվող Ա.Բաղդասարյանը հայտնաբերվել և ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

2017 թվականի ապրիլի 25-ին Արման Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ և վերահաստատվել:

2017 թվականի հուլիսի 31-ին Ա.Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի մարտի 5-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Բաղդասարյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մարտի 27-ի որոշմամբ Արման Բաղդասարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է և կիրառվել է գրավ՝ 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամի չափով:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ ամբաստանյալ ԱԲաղդասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, և քրեական գործով վարույթը կարճվել է:

3. Տուժողի իրավահաջորդներ Սերժիկ Հարությունյանի և Մելանիա Հովհաննիսյանի, ինչպես նաև տուժողի իրավահաջորդ Արա Գասպարյանի ներկայացուցիչ Մ.Մելքոնյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մարտի 30-ի որոշմամբ բողոքները մերժել է` Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Արա Գասպարյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանեցնելու պատճառաբանությամբ, իսկ տուժողի իրավահաջորդ Մելանիա Հովհաննիսյանի և նրա ներկայացուցիչ Վ.Սարգսյանի, տուժողի իրավահաջորդ Սերժիկ Հարությունյանի, ինչպես նաև տուժողի իրավահաջորդ Արա Գասպարյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ ընդունվել են վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջները.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Տուժողի իրավահաջորդ Մելանիա Հովհաննիսյանի և ներկայացուցիչ ՎՍարգսյանի վճռաբեկ բողոքի փաստարկները և պահանջը

Բողոքաբերների պնդմամբ՝ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք հանգեցրել են տուժողի արդար դատաքննության՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման։

Ըստ բողոք բերած անձանց՝ սույն քրեական գործը և հետազոտման ենթակա ապացույցները չեն եղել մեծածավալ և բարդ, ամբաստանյալն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, գործին ներգրավված է եղել ընդհամենը 4 վկա, սակայն, 5 տարի շարունակ ձգձգվող քննությունը հանգեցրել է նրան, որ ամբաստանյալն ազատվել է պատժից, իսկ տուժողը զրկվել է մեղավոր անձին համարժեք պատասխանատվության ենթարկելու իրավունքի պահանջից։

51 Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, արձանագրել տուժողի իրավահաջորդ ՄՀովհաննիսյանի իրավունքի խախտման փաստը և Ա.Բաղդասարյանին ենթարկել պատասխանատվության։

6 Տուժողի իրավահաջորդ Սերժիկ Հարությունյանի վճռաբեկ բողոքի փաստարկները և պահանջը

Բողոքի հեղինակը փաստարկել է, որ սույն քրեական գործով քրեական պատասխանատվության համար նախատեսված վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով և 242-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու համար նախադրյալներ ստեղծվել են առաջին հերթին դատարանների կողմից՝ գործի քննության անհարկի հետաձգումների՝ նախագահող դատավորի՝ 6 ամսից ավել բացակայության, դատական նիստերն ուշ նշանակելու, 5-15 րոպե տևողությամբ դատական նիստերի կայացումների՝ որոնց ընթացքում դատավարական գործողություններ չեն կատարվել, ինչպես նաև ամբաստանյալի և պաշտպանների՝ անհարգելի դատարան չներկայանալու պատճառներով։

Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից նիստերի անհարկի ձգձգումների արդյունքում խախտվել են արդար դատաքննության և կողմերի իրավահավասարության սկզբունքները, քանի որ 5 տարի 3 ամիս շարունակ գործի քննությունը հանգեցրել է նրան, որ ամբաստանյալն ազատվել է պատժից։ Արդյունքում, ոչ միայն տեղի չի ունեցել պատժի իրականացումը, այլ նաև սոցիալական արդարության վերականգնումն այն պարագայում, երբ ԱԲաղդասարյանն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և զղջացել կատարածի համար։ Այսինքն՝ դատարանների կողմից քրեական գործի անհիմն ձգձգումները կրել են սուբյեկտիվ և կամայական բնույթ, ինչի հետևանքով իր՝ որպես տուժողի իրավահաջորդի, համար, ստեղծվել է իրավունքների իրացման անհնարինություն։

61 Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է հիմնարար իրավունքի խախտման հիմքով բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը, արձանագրել տուժողի իրավահաջորդ ՍՀարությունյանի իրավունքի խախտման փաստը և ԱԲաղդասարյանին ենթարկել պատասխանատվության, նոր դատական ակտով շարունակել քաղաքացիական հայցով դատաքննությունը և կայացնել փոխհատուցման վճիռ:

7 Տուժողի իրավահաջորդ Արա Գասպարյանի ներկայացուցիչ ԳՄելիքյանի վճռաբեկ բողոքի փաստարկները և պահանջը

Բողոք բերած անձը գտել է, որ գործը չի քննվել և ավարտվել ողջամիտ ժամկետում, այն պարագայում, երբ այն առանձնակի բարդություն չի ներկայացրել և մեծածավալ չի եղել, որի հետևանքով հանցագործության մեջ մեղադրվող անձն ազատվել է քրեական պատասխանատվությունից։

71 Արդյունքում, բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Արման Մանվելի Բաղդասարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(…) 2017 թվականի ապրիլի 22-ին, ժամը 00:40-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Նիսսան» մակնիշի У835СР123 ՌԴ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով երթևեկել է Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցով Շիրազի փողոցի կողմից դեպի Շինարարներ փողոցի ուղղությամբ, որի ընթացքում, հասնելով Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկին՝ խախտել է ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 18 կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ մասի պահանջները, այն է՝ խաչմերուկից առաջ տեղադրված լուսացույցի արգելող կարմիր լույսի առկայության պայմաններում մուտք է գործել խաչմերուկ, որի արդյունքում ընդհարվել է իր ընթացքի ուղղությամբ աջից դեպի ձախ կողմը՝ լուսացույցի թույլատրող կանաչ լույսի առկայության պայմաններում, խաչմերուկը հատող Վահան Սամվելի Արշակյանի կողմից վարած «Օպել» մակնիշի 34RA022 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին ընդհարվել է Լևոն Էդվարդի Ղազարյանի կողմից վարած «Օպել» մակնիշի 34ZQ976 հաշվառման համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով Վահան Սամվելի Արշակյանին և նրա ուղևորներ Հարություն Սերժիկի Հարությունյանին և Վանիկ Արայի Գասպարյանին անզգուշությամբ պատճառել է մահ, որից հետո խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի 2-րդ կետի «Դ» ենթակետի պահանջները՝ թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել»1:

9. Արման Մանվելի Բաղդասարյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով թիվ ԵԱԴԴ/0066/01/17 քրեական գործը, դատավորների միջև գործերի բաշխման հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, 2017 թվականի օգոստոսի 1-ին մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին2։

Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ, իսկ 2017 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ՝ նշանակվել դատական քննության3։

9.1 Դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ քրեական գործով նշանակվել է 22 դատական նիստ, որից 16-ը հետաձգվել են.

- 2017 թվականի օգոստոսի 25-ին՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հ.Ալումյանի՝ գործի նյութերին ծանոթանալու,

- 2017 թվականի սեպտեմբերի 15-ին՝ դատավարության բոլոր մասնակիցների բացակայության,

- 2017 թվականի հոկտեմբերի 5-ին՝ մեղադրողի բացակայության,

- 2017 թվականի նոյեմբերի 1-ին՝ նախագահող դատավորի՝ մեկ այլ քրեական գործով խորհրդակցական սենյակում գտնվելու,

- 2017 թվականի դեկտեմբերի 11-ին՝ վկաների չներկայանալու,

- 2017 թվականի դեկտեմբերի 25-ին՝ նախագահող դատավորի ժամանակավոր անաշխատունակության,

- 2018 թվականի հունվարի 23-ին՝ մեղադրողի բացակայության,

- 2018 թվականի փետրվարի 13-ին՝ դատավարության բոլոր մասնակիցների բացակայության,

- 2018 թվականի մարտի 14-ին՝ նախագահող դատավորի ժամանակավոր անաշխատունակության,

- 2018 թվականի ապրիլի 27-ին՝ դատավարության բոլոր մասնակիցների բացակայության,

- 2018 թվականի հուլիսի 17-ին՝ նախագահող դատավորի՝ մեկ այլ քրեական գործով խորհրդակցական սենյակում գտնվելու,

- 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ դատավարության բոլոր մասնակիցների բացակայության,

- 2018 թվականի նոյեմբերի 19-ին՝ դատաքննությունը լրացնելու վերաբերյալ դատավարության մասնակիցների միջնորդությունները (այդ թվում լրացուցիչ տեսաձայնագրային փորձաքննություն նշանակելու) բավարարելու,

- 2018 թվականի դեկտեմբերի 14-ին՝ նախագահող դատավորի՝ մեկ այլ քրեական գործով խորհրդակցական սենյակում գտնվելու,

- 2019 թվականի փետրվարի 5-ին՝ փորձաքննության եզրակացությունն ստացված չլինելու և վկաների գտնվելու վայրը պարզելու,

- 2019 թվականի մարտի 4-ին՝ նախագահող դատավորի հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառաբանություններով4:

10. 2019 թվականի մարտի 4-ին դատավոր Արմեն Խաչատրյանի դիմումի հիման վրա վերջինիս լիազորությունները դադարել են, և քրեական գործը հանձնվել է վերաբաշխման:

2019 թվականի մարտի 13-ին, դատավորների միջև գործերի բաշխման հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, սույն քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին5։

Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մարտի 14-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ, իսկ 2019 թվականի մայիսի 6-ի որոշմամբ քրեական գործի քննությունը վերսկսվել և նշանակվել է դատական քննության6։

10.1 Դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ քրեական գործով նշանակվել է 5 դատական նիստ, որոնք հետաձգվել են.

- 2019 թվականի մայիսի 16-ին՝ նախագահող դատավորի՝ մեկ այլ քրեական գործով դատական նիստ ունենալու,

- 2019 թվականի հունիսի 5-ին՝ տուժողների իրավահաջորդների և ներկայացուցիչների բացակայության,

- 2019 թվականի հունիսի 26-ին՝ տուժողների իրավահաջորդների և ներկայացուցիչների կողմից քաղաքացիական հայց ներկայացնելու,

- 2019 թվականի հուլիսի 2-ին՝ քաղաքացիական հայցի կապակցությամբ պաշտպան Ա.Ղազարյանի կողմից դիրքորոշում հայտնելու,

- 2019 թվականի օգոստոսի 1-ին՝ նախագահող դատավոր Դ.Գրիգորյանի լիազորությունները կասեցվելու պատճառաբանություններով7:

11. 2019 թվականի օգոստոսի 5-ին, դատավորների միջև գործերի բաշխման հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին8։

Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ, իսկ 2019 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ նշանակվել է դատական քննության9։

11.1 Դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քրեական գործով նշանակվել է 28 դատական նիստ, որից 19-ը հետաձգվել են.

- 2019 թվականի հոկտեմբերի 3-ին՝ նախագահող դատավորի արձակուրդում գտնվելու,

- 2019 թվականի նոյեմբերի 18-ին՝ տուժողի իրավահաջորդ Հրաչյա Հարությունյանի փոխարեն տուժողի մերձավոր ազգական ներգրավելու,

- 2019 թվականի դեկտեմբերի 4-ին՝ պաշտպաններ Է.Արամյանի և Ա.Մելքոնյանի կողմից գործի նյութերին ծանոթանալու,

- 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ նախագահող դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածության,

- 2020 թվականի մարտի 20-ին՝ նախագահող դատավորի արձակուրդում գտնվելու,

- 2020 թվականի ապրիլի 14-ին՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հ.Ալումյանի` «Քովիդ-19» համավարակով պայմանավորված կարանտինում գտնվելու,

- 2020 թվականի հունիսի 17-ին՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հ.Ալումյանի` դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդության,

- 2020 թվականի հուլիսի 23-ին՝ մեղադրողի՝ արձակուրդում գտնվելու,

- 2020 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ամբաստանյալի, պաշտպան Ա.Մելքոնյանի, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հ.Ալումյանի, վկաների բացակայության,

- 2020 թվականի նոյեմբերի 6-ին՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հ.Ալումյանի՝ «Քովիդ-19» համավարակով պայմանավորված կարանտինում գտնվելու,

- 2020 թվականի դեկտեմբերի 24-ին՝ նախագահող դատավորի՝ ժամանակավոր անաշխատունակության,

- 2021 թվականի փետրվարի 25-ին՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հ.Ալումյանի բացակայության,

- 2021 թվականի ապրիլի 16-ին՝ ամբաստանյալի՝ վատառողջ լինելու,

- 2021 թվականի հունիսի 23-ին՝ նախագահող դատավորի՝ մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու,

- 2021 թվականի հուլիսի 8-ին՝ մեղադրողի արձակուրդում գտնվելու և պաշտպաններ Է.Արամյանի և Ա.Մելքոնյանի բացակայության,

- 2021 թվականի սեպտեմբերի 13-ին՝ պաշտպաններ Է.Արամյանի և Ա.Մելքոնյանի բացակայության,

- 2022 թվականի հունվարի 25-ին՝ ամբաստանյալի և պաշտպաններ Է.Արամյանի և Ա.Մելքոնյանի բացակայության,

- 2022 թվականի մարտի 22-ին՝ նախագահող դատավորի՝ արձակուրդում գտնվելու,

- 2022 թվականի օգոստոսի 26-ին՝ ամբաստանյալի վերաբերյալ տվյալները պարզելու վերաբերյալ պաշտպան Է.Արամյանի միջնորդությունը բավարարելու պատճառաբանություններով10:

12. Առաջին ատյանի դատարանի՝ «Քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» 2022 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման համաձայն՝ «(…) [Ն]կատի ունենալով, որ ամբաստանյալի կատարած, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով որակված նրա արարքի համար սահմանված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումն ու քրեական գործի նյութերի համաձայն՝ ամբաստանյալ Ա.Բաղդասարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրացել է և առկա չեն 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները, այսինքն` նա կատարել է միջին ծանրության հանցագործություն ու նրա կատարած հանցանքի ավարտված լինելու օրվանից անցել է հինգ տարի և վաղեմության ժամկետի ընթացքը չի ընդհատվել կամ կասեցվել, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արման Մանվելի Բաղդասարյանի նկատմամբ պետք է դադարեցվի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, և կարճվի թիվ ԵԱԴԴ/0066/01/17 քրեական գործի վարույթը:

 (...)

Նախաքննության մարմնի կողմից Ա.Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքում վերջինիս մեղավորությունը կամ անմեղությունը ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով սահմանված կարգով դատարանում չի ապացուցվել: Հետևաբար, մեղսագրված արարքում նրա մեղքն ապացուցված չլինելու պայմաններում չի կարող ապացուցված համարվել նաև մեղսագրված ենթադրյալ հանցավոր գործողությունների արդյունքում անմիջականորեն պատճառված գույքային վնասը:

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, դատարանը գտնում է, որ օրենքով նախատեսված դեպքերում քրեական գործի վարույթի կարճումը հանգեցնում է նաև քրեական գործով հարուցված քաղաքացիական հայցի հետագա քննության դադարեցման, ինչից հետևում է, որ Միլենա Վահանի Արշակյանի օրինական ներկայացուցիչ Մարիամ Հակոբի Աբելյանի, Վիկտորիա Վահանի Արշակյանի օրինական ներկայացուցիչ Գայանե Ավալի Օհանյանի, Վահան Սամվելի Արշակյանի իրավահաջորդ Մելանիա Ժորայի Հովհաննիսյանի, Վանիկ Արայի Գասպարյանի իրավահաջորդ Արա Գասպարյանի, Լիլիթ Ռուբենի Նիկողոսյանի, Վարդուհի Սարգսյանի (քաղաքացիական հայցի լրացում) ներկայացրած քաղաքացիական հայցերը, որոնք թեև դատական քննության ընթացքում քննության են առնվել, սակայն պետք է թողնվեն առանց քննության, որի դեպքում նրանք իրավունք ունեն պահանջը ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:

Դատարանը, նկատի ունենալով, որ թեև նախաքննության ընթացքում ամբաստանյալի գույքի վրա կալանք դնելու մասին որոշում է կայացվել, սակայն գործի նյութերի համաձայն՝ փաստացի նման գույք չի հայտնաբերվել և կոնկրետ որևէ գույքի վրա կալանք չի դրվել, գտնում է, որ գույքի վրա դրված կալանքի վերացման հարց սույն որոշմամբ չի կարող քննարկվել: (...)

Դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Արման Բաղդասարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցին, գտնում է, որ այն՝ 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գրավը, որոշումն օրիանական ուժի մեջ մտնելուց հետո պետք է վերադարձվի գրավատուին: (…)»11:

13. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 11-ի՝ «Անհստակության լուծման մասին» որոշմամբ «Քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» 2022 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում կատարել է ուղղում՝ անդրադառնալով նաև Վարդան Նիկողոսյանի կողմից հարուցված քաղաքացիական հայցին12:

14. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշման համաձայն՝ «(…) [Գ]նահատելով Առաջին ատյանի դատարանի՝ «Քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» 2022 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ Վերաքննիչ դատարանը (...) գտնում է, որ ներկայացրած վերաքննիչ բողոքները ենթակա են մերժման. Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտն իրավաչափ է, ուստի անհրաժեշտ է այն թողնել անփոփոխ:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերների կողմից չի վիճարկվել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարեցնելու իրավաչափությունը, այնուամենայնիվ հարկ է համարում արձանագրել հետևյալը՝

(…)

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Արման Մանվելի Բաղդասարյանին վերագրվող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքն ավարտվել է 2017 թվականի ապրիլի 22-ին, հետևաբար ավարտման օրվանից անցել է հինգ տարուց ավելի ժամանակ, և վաղեմության ժամկետն այդ ընթացքում ընդհատված կամ կասեցված չի եղել, Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն եկել է եզրահանգման, որ Արման Մանվելի Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, իսկ հարուցված քրեական գործով վարույթը՝ կարճման:

Անդրադառնալով բողոքաբերների կողմից բարձրացված այն հիմնական փաստարկին, համաձայն որի վաղեմության ժամկետներն անցել են Առաջին ատյանի դատարանում նշանակված դատական նիստերն անհարկի ձգձգելու պատճառով, որով խախտվել են դատավարության կողմերի՝ արդար դատաքննության՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեադատավարական օրենքի պահանջով դատական վերանայման բողոքի շրջանակներում առաջին ատյանի կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը քննարկելիս, մասնավորապես, բողոքարկված դատական ակտը բեկանելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու հարցը լուծելիս, Վերաքննիչ դատարանը գնահատում է այդ ակտի կայացման համար հիմք հանդիսացած՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի, նյութական և քրեադատավարական օրենքի կիրառելիության համապատասխանությունը, և այն փաստական կամ իրավական հանգամանքերի առկայությունը, որի հետևանքով բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ։

Կոնկրետ դեպքում Առաջին ատյանի դատարանը՝ «Քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը կայացրել է նյութական օրենքի ճիշտ կիրառմամբ և առանց քրեադատավարական օրենքի խախտման, և քրեական գործի քննությունը ձգձգվելու հանգամանքն ինքնին հիմք չէ վիճարկվող դատական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու համար։

Անդրադառնալով տուժողի իրավահաջորդ Արա Գասպարյանի ներկայացուցիչ Մասիս Մելքոնյանի պնդումներին, որ վիճարկվող դատական ակտը ենթակա է բեկանման և փոփոխման այն հիմքով, որ Առաջին ատյանի դատարանը անհիմն մերժել է ներկայացված նոր նյութն ընդունելու և հետազոտելու, ինչպես նաև վկային հարցաքննության կանչելու միջնորդությունը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման նախորդ կետում ներկայացված հիմնավորումները վերաբերելի են նաև ներկայացուցչի նշված փաստարկին, որն իր հերթին չի կարող կասկածի տակ դնել վիճարկվող դատական ակտի իրավաչափությունը։

Ինչ վերաբերվում է բողոքաբեր, տուժողի իրավահաջորդ Սերժիկ Հարությունյանի այն պնդումներին, որ Առաջին ատյանի դատարանը, ինչպես բողոքարկվող որոշմամբ, այնպես էլ դրա անհստակությունները լուծելու մասին կայացրած որոշմամբ չի անդրադարձել իր՝ որպես տուժողի իրավահաջորդի իրավունքներին և օրինական շահերին, մասնավորապես, իր կողմից ներկայացված քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու և քաղաքացիական դատավարության կարգով ներկայացնելու իրավունք վերապահելուն, ինչը զրկում է հետագայում իր իրավունքների և օրինական շահերի խախտումները վերացնելու հնարավորությունից, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ անկախ դատարանի կողմից բողոքարկվող որոշմամբ դատավարության մասնակցին իր այդ իրավունքի պարզաբանումից, որը նաև կիրառելի քրեադատավարական օրենքով իմպերատիվ պահանջ չէ, նշված իրավահարաբերությունները կարգավորվում են մասնակի գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, մասնավորապես, 155-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, համաձայն որոնց քրեական դատավարությունում քաղաքացիական հայց չհարուցելու դեպքում անձն իրավունք ունի քաղաքացիական հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով, իսկ հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով։

Այսինքն, վիճարկվող դատական ակտում քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու՝ իր իրավունքի վերաբերյալ պարզաբանման բացակայությունը չի զրկում տուժողի իրավահաջորդ Սերժիկ Հարությունյանին քաղաքացիական դատավարության կարգով հետագայում քաղաքացիական հայց ներկայացնելու հնարավորությունից։

Դրա հետ միաժամանակ վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մասնակի գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի համաձայն դատական որոշում կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները, այդ թվում նաև մեկնաբանել իր որոշումների անհստակությունները, հետևաբար, բողոքարկվող որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տուժողի իրավահաջորդ Սերժիկ Հարությունյանը հնարավորություն ունի դիմելու Առաջին ատյանի դատարան՝ նշված անհստակությունը մեկնաբանելու պահանջով։

Այսպիսով, վերը նշված վերլուծությունների համատեքստում Վերաքննիչ դատարանը հանգում է եզրահանգման, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա, հետևաբար, տուժողի իրավահաջորդներ Սերժիկ Հարությունյանի և Մելանիա Հովհաննիսյանի, ինչպես նաև տուժողի իրավահաջորդ Արա Գասպարյանի ներկայացուցիչ Մասիս Մելքոնյանի վերաքննիչ բողոքները բավարարելու հիմքեր առկա չեն, դրանք ենթակա են մերժման՝ Առաջին ատյանի դատարանի՝ «Քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» 2022 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը թողնելով անփոփոխ։ (…)13:

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

15․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն Ա.Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Ա.Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործն Առաջին ատյանի դատարանում քննվելիս արդյո՞ք պահպանվել են ողջամիտ ժամկետում գործի քննության` տուժողների իրավահաջորդների իրավունքները։

17. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

18. ՀՀ Սահմանադրական դատարանը ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի կապակցությամբ իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ պետությունն առաջին հերթին պետք է սահմանի անհրաժեշտ կազմակերպական այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք կապահովեն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ իրացումը՝ կանխելով արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտումները, մյուս կողմից, գործի քննության ձգձգումների դեպքում պետք է ապահովի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորություն։ Սահմանադրական դատարանն արձանագել է նաև, որ պետությունն իր իրավական համակարգը պետք է կազմակերպի այնպես, որ դատարանները հնարավորություն ունենան և իրենց իրավասությանը վերապահված գործերը քննեն ողջամիտ ժամկետում14։

18.1. Վենետիկի հանձնաժողովն անդրադառնալով ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքին` նշել է, որ դատական վարույթի տևողությունը, անշուշտ, ազդում է այդ վարույթի կողմերից առնվազն մեկի շահերի վրա. իրավամբ, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի` ողջամիտ ժամկետի պահանջի գերազանցումը կարող է հանգեցնել Եվրոպական կոնվենցիայի այլ կարևոր դրույթների (ընթացակարգային) խախտումների15։

18.2. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր հերթին նշել է, որ արդարադատության իրականացման չափազանց երկար ձգձգումները ներկայացնում են լուրջ վտանգ, մասնավորապես` իրավունքի գերակայության ապահովման տեսանկյունից16:

19. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (…) ողջամիտ ժամկետում (…) դատաքննության իրավունք»։

Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ «(…) Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։

 19.1. Մեկնաբանելով անձի՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատարանն իրազեկ է այն դժվարություններին, որոնք ձգձգում են գործերի քննությունն ազգային դատարանների կողմից և որոնք պայմանավորված են բազմապիսի հանգամանքներով։ Այնուամենայնիվ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը պահանջում է, որ գործերը քննության առնվեն ողջամիտ ժամկետում. Եվրոպական կոնվենցիան ընդգծում է առանց այնպիսի ձգձգումների արդարադատություն իրականացնելու կարևորությունը, որոնք կարող են վարկաբեկել դրա արդյունավետությունն ու ճշմարտացիությունը17,

- պետությունները պարտավոր են ստեղծել այնպիսի իրավական համակարգ, որ դատարանները համապատասխանեն Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին, ներառյալ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը18,

- քրեական գործերում այն ժամկետը, որի նկատմամբ կիրառելի է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ընդգրկում է նշված վարույթն ամբողջությամբ՝ ներառյալ բողոքարկման վարույթը19,

- վարույթի տևողության ողջամտությունը որոշվում է գործի այն հանգամանքների լույսի ներքո, որոնք պահանջում են ընդհանուր գնահատում20,

- որոշելիս, թե արդյո՞ք քրեական վարույթի տևողությունը ողջամիտ է եղել, թե ոչ, պետք է հաշվի առնվեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են գործի բարդությունը, դիմումատուի վարքագիծը, իրավասու մարմինների վարքագիծը, դիմումատուի համար ողջամիտ ժամկետի չպահպանման հետևանքները21։ Իրավասու մարմինների վարքագծի առումով Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով Պայմանավորվող պետությունների վրա դրվում է իրենց դատական համակարգերն այնպես կազմակերպելու պարտականություն, որ դատարանները կարողանան բավարարել պահանջներից յուրաքանչյուրը22։ Ինչ վերաբերում է դիմումատուի համար ողջամիտ ժամկետի չպահպանման հետևանքներին, ապա դրանք կարող են լինել նյութական և ոչ նյութական վնասի ձևով23։

19.2 Անդրադառնալով ողջամիտ ժամկետների չպահպանման դեպքում իրավական պաշտպանության հնարավոր միջոցների խնդրին, Եվրոպական դատարանը նշել է, որ եթե դատական համակարգն իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով թերի է, ապա ամենաարդյունավետ լուծումը վարույթի չափից ավելի երկարաձգումը կանխարգելելու նպատակով այն արագացնելու համար նախատեսված իրավական պաշտպանության միջոցի նախատեսումն է: Այսպիսի իրավական պաշտպանության միջոցն անհերքելի առավելություն ունի այնպիսի իրավական պաշտպանության միջոցի նկատմամբ, որն ապահովում է միայն փոխհատուցում, քանի որ այն ոչ միայն վերացնում է խախտումը a posteriori (հետագայում), ինչպես փոխհատուցման ձևով իրավական պաշտպանության միջոցի դեպքում, այլ նաև կանխարգելում է նույն տեսակի վարույթների մասով հաջորդական խախտումների հայտնաբերումը: Հետևաբար իրավական պաշտպանության այս տեսակն «արդյունավետ» է այնքանով, որքանով այն արագացնում է համապատասխան դատարանի որոշումը: Միևնույն ժամանակ վարույթի ընթացքն արագացնելուն ուղղված իրավական պաշտպանության միջոցը չի կարող բավարար լինել այնպիսի իրավիճակը կարգավորելու համար, որի դեպքում վարույթն ակնհայտորեն չափազանց երկար է եղել: Նման իրավիճակում խախտումը կարող է պատշաճորեն վերացվել իրավական պաշտպանության միջոցների տարբեր տեսակների տրամադրմամբ, ներառյալ՝ փոխհատուցման ձևով իրավական պաշտպանության միջոցով: Ավելին, պետությունները կարող են համակցել իրավական պաշտպանության երկու տեսակները, մեկը՝ նախատեսված վարույթի ընթացքն արագացնելու, իսկ մյուսը՝ փոխհատուցում տրամադրելու համար, թեև նրանք կարող են նաև որոշել ներդնել միայն փոխհատուցման ձևով իրավական պաշտպանության միջոցը՝ առանց վերջինս անարդյունավետ համարելու24:

20. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի (…) դատարանի կողմից իր գործի (…) ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

Նույն օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նախագահողը նախապատրաստում և ղեկավարում է դատարանի նիստը, միջոցներ է ձեռնարկում ապահովելու քրեական գործի արդարացի քննությունը և պահպանելու սույն օրենսգրքի այլ պահանջներ, ինչպես նաև դատարանի նիստին ներկա գտնվող անձանց պատշաճ վարքագիծը»:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` «Դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով»:

Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` «1. Գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:

2. Դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում՝

1) գործի հանգամանքները, ներառյալ` իրավական և փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը և վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները,

2) հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները և դրանց արդյունավետությունը,

3) գործի քննության ընդհանուր տևողությունը,

4) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած՝ գործի քննության միջին ուղենիշային տևողությունը։ (…)»:

21. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքին, վերահաստատում է նախկինում արտահատած իրավական դիրքորոշումներն առ այն, որ ողջամիտ ժամկետում դատաքննության սկզբունքը մարդու հիմնարար իրավունքներից է25։ Այն անձի արդար դատաքննության իրավունքի առանցքային բաղադրիչներից է և միտված է հնարավորինս սեղմ ժամկետում գործի քննությունն ապահովելուն ու անձի իրավունքների, շահերի առնչությամբ իրավական վեճը հանգուցալուծելուն և վերջնական դատական ակտ կայացնելուն։ Ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքի երաշխավորումն ապահովում է նաև սոցիալական արդարության վերականգնումը, նպաստում հանցագործությունների կանխմանը և խափանմանը, հանցավոր ոտնձգություններին արդյունավետորեն հակազդելու պետության կարողությունների նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը։ Հետևաբար, նախնական քննություն և դատական քննություն իրականացնող իրավասու մարմինները պետք է անհրաժեշտ ջանասիրություն դրսևորեն՝ ողջամիտ ժամկետում անձի դատաքննության իրավունքի իրացումն ապահովելու ուղղությամբ26։

Վճռաբեկ դատարանը կարևորել է վարույթի տևողության ողջամտությունը որոշելիս յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքների վերլուծությամբ հաշվի առնվող հետևյալ չափանիշները.

- գործի բարդությունը,

- շահագրգիռ անձի վարքագիծը,

- շահագրգիռ անձի համար գործի տևական քննության հետևանքները,

- գործը հնարավորինս սեղմ ժամկետում քննության առնելու նպատակով իրավասու մարմինների կողմից ձեռնարկած միջոցառումները և դրանց արդյունավետությունը,

- գործի քննության ընդհանուր տևողությունը27:

21.2 Անդրադառնալով տուժողի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքին28, հարկ է նշել, որ՝

- Միավորված ազգերի կազմակերպության՝ 1985 թվականի նոյեմբերի 29-ի՝ Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագրի 4-րդ կետի համաձայն՝ հանցագործությունից տուժողները, ներպետական օրենսդրությանը համապատասխան, պետք է ունենան արդարադատության մատչելիության և իրենց պատճառված վնասի արագ փոխհատուցման իրավունք։ Նույն հռչակագրի 6-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ անհրաժեշտ է օժանդակել այն բանին, որ դատական և վարչական ընթացակարգերն ըստ էության համապատասխանեն հանցագործության զոհերի պահանջներին, այդ թվում՝ գործերի քննության անհարկի ձգձգումները կանխելու և փոխհատուցման մասին որոշումները կատարելու միջոցով29,

- Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` 1985 թվականի հունիսի 28-ի՝ «Տուժողի դերը քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում» թիվ R(85) 11 հանձնարարականի նախաբանում հատուկ ընդգծվել է, որ այն ընդունվել է` ելնելով այն հանգամանքից, որ քրեական արդարադատության նպատակները ավանդաբար ձևակերպվել են պետության և իրավախախտի միջև հարաբերությունների տիրույթում, ինչի արդյունքում այդ համակարգի գործադրումը հաճախ բարդեցնում է տուժողի մոտ ծագած խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը: Մինչդեռ քրեական արդարադատության հիմնական գործառույթը պետք է լինի տուժողի պահանջները բավարարելն ու նրա շահերը պաշտպանելը30:

22. Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն ամրագրող դրույթները և դրանց գնահատման վերաբերյալ մշակված չափանիշները, մասնավորապես՝ գործի հանգամանքները, ներառյալ՝ իրավական և փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը և վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները, հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները և դրանց արդյունավետությունը, գործի քննության ընդհանուր տևողությունը, նպատակ ունեն շահագրգիռ անձին պաշտպանելու երկարատև անորոշ իրավական վիճակից և ապահովելու արդարադատության իրականացումն առանց ձգձգումների` երաշխավորելով գործի քննության արդյունավետությունն ու վստահելիությունը՝ ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ հասարակության կողմից: Հարկ է նաև ընդգծել, որ գործի քննության ժամկետների ողջամտության որոշման չափանիշները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված ուղենիշների և այլ ծանրակշիռ գործոնների վրա՝ ապահովելով ակնկալվող արդարադատության արդյունավետությունը:

23. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- 2017 թվականի ապրիլի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 60105117 քրեական գործը:

- 2017 թվականի ապրիլի 25-ին Արման Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով:

- 2017 թվականի հուլիսի 31-ին Արման Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և 2017 թվականի օգոստոսի 1-ին մակագրվել դատավոր Ա.Խաչատրյանին: Վերջինի նախագահությամբ գործի քննությունը տևել է շուրջ մեկ տարի յոթ ամիս 31:

- 2019 թվականի մարտի 4-ին դատավոր Ա.Խաչատրյանի լիազորությունները դադարելու կապակցությամբ քրեական գործը հանձնվել է վերաբաշխման32:

- 2019 թվականի մարտի 13-ին քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ.Գրիգորյանին: Վերջինի նախագահությամբ գործի քննությունը տևել է շուրջ չորս ու կես ամիս: Դատավոր Դ.Գրիգորյանի լիազորությունները կասեցվելու կապակցությամբ քրեական գործը 2019 թվականի օգոստոսի 5-ին կրկին հանձնվել է վերաբաշխման33:

- 2019 թվականի օգոստոսի 5-ին քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Պողոսյանին։ Վերջինի նախագահությամբ գործի քննությունը տևել է շուրջ երեք տարի մեկ ամիս34:

- Դատաքննության ընթացքում՝ 2020 թվականի մարտի 5-ին, Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել ամբաստանյալ Ա.Բաղդասարյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով35։

- 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել Ա.Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով36:

- 2023 թվականի մարտի 30-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանը տուժողի իրավահաջորդներ Սերժիկ Հարությունյանի և Մելանիա Հովհաննիսյանի, ինչպես նաև տուժողի իրավահաջորդ Արա Գասպարյանի ներկայացուցիչ Մասիս Մելքոնյանի վերաքննիչ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը37:

24. Սույն որոշման 9-11.1-րդ և 23-րդ կետերում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 17-22-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործն Առաջին ատյանի դատարանում չի քննվել ողջամիտ ժամկետի պահպանմամբ:

Մասնավորապես, գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա.Բաղդասարյանին մեղսագրված է եղել քրեական օրենքով արգելված երկու արարքի կատարում՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երեք մարդու մահ, և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը։ Ընդ որում, դատաքննության ընթացքում՝ 2020 թվականի մարտի 5-ի որոշմամբ, Ա.Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Քրեական գործը բաղկացած է եղել երկու հատորից, գործով ներգրավված են եղել չորս վկա, երեք տուժողների իրավահաջորդներ, երեք ներկայացուցիչներ և երկու պաշտպան։ Ամբաստանյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը, անգամ համաձայն է եղել դատական քննության արագացված կարգ կիրառելուն, պաշտպանության կողմն ըստ էության չի վիճարկել ամբաստանյալի ենթադրյալ մեղքը հիմնավորող ապացույցները։ Դատաքննության ընթացքում նշանակվել է մեկ փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է շուրջ հինգ ամիս անց։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղսագրվող արարքի փաստական և իրավական հիմնավորումները, ապացուցման ենթակա հանգամանքների շրջանակն ու հետազոտվող ապացույցների ծավալն իր ամբողջության մեջ, ըստ էության, չի վկայել գործի բարդության և մեծածավալ լինելու մասին:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատավարության տևողությունը ձգձգող պատճառներն ընդհանուր առմամբ չեն ձևավորվել տուժողի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների կամ պաշտպանության կողմի դրսևորած վարքագծի արդյունքում։ Առաջին ատյանի դատարանում նշանակված դատական նիստերի հետաձգման պատճառների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործի քննության շուրջ 5 տարիների ընթացքում նիստերը հետաձգվել են 40 անգամ, որից 8-ը և 6-ը՝ համապատասխանաբար տուժողների և պաշտպանության կողմի միջնորդությունների կամ բացակայության պատճառով, իսկ 14-ը՝ նախագահող դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածության, ժամանակավոր անաշխատունակության, արձակուրդում գտնվելու հանգամանքներով պայմանավորված: Մինչդեռ, ողջամիտ ժամկետների պահպանման տեսանկյունից, սույն գործը հատուկ ջանասիրության պետք է արժանանար` հաշվի առնելով, որ այն վերաբերում էր պետության պոզիտիվ պարտականության ներքո գտնվող` կյանքի իրավունքի պաշտպանության ենթադրյալ խախտմանը։

Անդրադառնալով գործը հնարավորինս սեղմ ժամկետում քննության առնելու նպատակով դատարանի ձեռնարկած միջոցառումներին` հարկ է նկատել, որ դրանք ըստ էության այնքան էլ արդյունավետ չեն եղել։ Հատկապես, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանում դատական կազմի փոփոխության հիմքով գործի քննությունը երկու անգամ վերսկսվել է: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավոր Ա.Խաչատրյանի նախագահությամբ գործի քննությունը հասցված է եղել ավարտին, սակայն գործը երկրորդ անգամ վերամակագրման հանձնելուց հետո այն քննվել է շուրջ երեք տարի, ինչն էլ հանգեցրել է տուժողի իրավահաջորդների՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի խախտման:

Նշված ժամկետն ակնհայտ արդարացված չի եղել՝ հաշվի առնելով ինչպես դատական ակտի հրապարակման օրվա դրությամբ գործի քննության ընդհանուր ժամկետը, այնպես էլ գործի փաստական և իրավական հանգամանքները։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն ուշադրության է արժանացնում նաև այն հանգամանքը, որ 2022 թվականի փետրվարի 11-ի դատական նիստը հետաձգվել է պաշտպանին ճառով հանդես գալու համար ժամանակ տրամադրելու պատճառաբանությամբ, իսկ հաջորդ նիստը համընկել է նախագահող դատավորի՝ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի հետ, որի պատճառով հաջորդ դատական նիստը նշանակվել է շուրջ հինգ ամիս անց` 2022 թվականի օգոստոսի 26-ին:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ գործի քննության ընթացքը համընկել է նաև «Քովիդ-19» համավարակի տարածման հետ, որի պատճառով գործի քննությունը մի քանի անգամ հետաձգվել է, սակայն այդ պատճառով հետաձգումների ընդհանուր ժամանակահատվածն այնպիսին չէ, որ հնարավոր լինի արդարացնել Առաջին ատյանի դատարանի կողմից ողջամիտ ժամկետի սպառումը: Արդյունքում լրացել Ա.Բաղդասրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված ժամկետը, և նա այդ հիմքով ազատվել է քրեական պատասխանատվությունից։

25. Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալ Ա.Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործն Առաջին ատյանի դատարանում քննության առնելիս, չի պահպանվել ողջամիտ ժամկետում գործի քննության՝ տուժողի իրավահաջորդների իրավունքը։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, թույլ չի տվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։ Այդ առումով Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանն առ այն, որ քրեական գործի քննությունը ձգձգվելու հանգամանքն ինքնին չի հանգեցնում վիճարկվող դատական ակտի ոչ իրավաչափության և ինքնաբերաբար այն բեկանելու հիմք չի հանդիսանում, ուստի վիճարկվող դատական ակտը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է ճանաչել տուժողների իրավահաջորդների իրավունքի խախտման փաստը՝ վերջիններին պարզաբանելով ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով հատուցում պահանջելու նրանց իրավունքը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքի առկայության պայմաններում, ամբաստանյալ Արման Բաղդասարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդ Մելանիա Հովհաննիսյանի, նրա ներկայացուցիչ Վ.Սարգսյանի և տուժողի իրավահաջորդ Սերժիկ Հարությունյանի, ինչպես նաև վերջինիս՝ քաղաքացիական հայցով դատաքննությունը շարունակելու և փոխհատուցման վճիռ կայացնելու մասին պահանջները գործող իրավակարգավորումների պայմաններում անիրագործելի են։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Ճանաչել տուժողների իրավահաջորդներ Մելանիա Ժորայի Հովհաննիսյանի, Սերժիկ Հակոբի Հարությունյանի, Արա Վանիկի Գասպարյանի իրավունքների խախտման փաստը և նրանց պարզաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով հատուցում պահանջելու իրավունքը:

2. Ամբաստանյալ Արման Մանվելի Բաղդասարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

 

___________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 158-159:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 4:

3 Տե՛ս նույն տեղում, թերթեր 5, 23:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 45-46, 79, 126, 150-151, հատոր 4, թերթեր 1, 29-31, 47, 68, 103, 174, հատոր 5, թերթեր 3, 35-38, հատոր 6, թերթեր 27, 69-71, հատոր 7, թերթ 1:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթ 2:

6 Տե՛ս նույն տեղում, թերթեր 3, 27-28:

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 45, 78-82, 165-168, 214-217, 237:

8 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթ 1:

9 Տե՛ս նույն տեղում, թերթեր 17, 33:

10 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 58, 83-87, 98-103, 116-117, հատոր 9, թերթեր 50, 59-61, 90-92, 95, 113-115, 127, հատոր 10, թերթեր 28, 74-77, 98-101, 130, հատոր 11, թերթեր 7-9, 22-25, 53-56, 86, 112-115:

11 Տե՛ս քրեական գործ, հատոր 12, թերթեր 1-3:

12 Տե՛ս քրեական գործ, հատոր 12, թերթ 35:

13 Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 164-185:

14 Տե'ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2021 թվականի մարտի 16-ի թիվ ՍԴՈ-1585 որոշման 4.2-րդ կետը։

15 Տե'ս European Commission For Democracy Through Law (Venice Commission), report on the effectiveness of national remedies in respect of excessive length of proceedings, Study no. 316/ 2004, 3 April 2007, CDL-AD (2006) 036rev, կետ 19:

16 Տե'ս Council of Europe, Committee of Ministers, Interim Resolution ResDH (97) 336, 11 July 1997:

17 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` H. v. France գործով 1989 թվականի հոկտեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 10073/82, կետ 58:

18 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Zimmermann and Steiner v. Switzerland գործով 1983 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 8737/79, կետ 29:

19 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Konig v. Germany գործով 1978 թվականի հունիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 6232/73, կետ 98, V. v. The United Kingdom գործով 1999 թվականի դեկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 24888/94, կետ 109։

20 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Boddaert v. Belgium գործով 1992 թվականի հոկտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 12919/87, կետ 36:

21 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Konig v. Germany գործով 1978 թվականի հունիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 6232/73, կետ 99, Neumeister v. Austria 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 1936/63, կետ 21, Frydlender v. France [GC] գործով 2000 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 30979/96, կետ 43, Pedersen and Baadsgaard v. Denmark գործով 2004 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 49017/99, կետ 45, Aganikyan v. Armenia գործով 2018 թվականի ապրիլի 5-ի վճիռը, գանգատ թիվ 21791/12, կետ 31:

22 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Abdoella v. The Netherlands գործով 1992 թվականի նոյեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 12728/87, կետ 24, Dobbertin v. France գործով 1993 թվականի փետրվարի 25-ի վճիռը, գանգատ թիվ 13089/87, կետ 44։

23 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Vallée v. France գործով 1994 թվականի ապրիլի 26-ի վճիռը, գանգատ թիվ 22121/93, կետ 49:

24 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Scordino v. Italy (no. 1) [GC]] գործով 2006 թվականի մարտի 29-ի վճիռ, գանգատ թիվ 36813/97, կետեր 183-187 և Cocchiarella v. Italy [GC] գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2006 թվականի մարտի 29-ի թիվ 64886/01, կետեր 74-78:

25 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Դալլաքյանի գործով 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԼԴ/0082/13/09 որոշման 18-րդ կետը, Արմեն Սիմոնյանի գործով 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԳԴ1/0012/13/09 որոշման 17-րդ կետը։

26 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 որոշման 19-րդ կետը:

27 Առավել մանրամասն տե'ս Վճռաբեկ դատարանի` Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 որոշման 20-րդ կետը:

28 Տե'ս mutatis mutandis ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ՍԴՈ-1426 որոշումը, Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Քամալյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵՇԴ/0097/01/09 որոշումը։

29 Տե՛ս Միավորված ազգերի կազմակերպության՝ 1985 թվականի նոյեմբերի 29-ի՝ թիվ 40/34-ի բանաձևով ընդունված՝ Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագիրը։

30 Տե'ս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` 1985 թվականի հունիսի 28-ի՝ «Տուժողի դերը քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում» թիվ R(85) 11 հանձնարարականը:

31 Տե՛ս սույն որոշման 1-ին և 9-րդ կետեր:

32 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

33 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

34 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

35 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

36 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։

37 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը:

 

Նախագահող`

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան