ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20891/02/20 | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20891/02/20 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ |
2024 թվականի սեպտեմբերի 09-ին
գրավոր ընթացակարգով քննելով Զավեն Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Զավեն Հակոբյանի հայցի ընդդեմ «Սկիզբ Մեդիա կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)` ոչ նյութական վնասը հատուցելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Զավեն Հակոբյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել «Ժամանակ» օրաթերթի հերթական համարում հրապարակել հոդված հետևյալ բովանդակությամբ. «Ներողություն ենք խնդրում Զավեն Հակոբյանից վերջինիս մասին 13.06.2020 թվականին «Վանեցյանի մնացորդները. Ովքեր են Զավեն և Սոս Հակոբյանները» վերտառությամբ հոդվածում վիրավորական արտահայտություններ հրապարակելու համար», ինչպես նաև բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցում։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19․07․2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «Պատասխանող «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությանը («Ժամանակ օրաթերթ»)` պարտավորեցնել «Ժամանակ» օրաթերթի հերթական համարում հրապարակել հոդված հետևյալ բովանդակությամբ՝
«Ներողություն ենք խնդրում Զավեն Հակոբյանից վերջինիս մասին 13.06.2020 թվականին «Վանեցյանի մնացորդները. Ովքեր են Զավեն և Սոս Հակոբյանները» վերտառությամբ հոդվածում վիրավորական արտահայտություններ հրապարակելու համար»:
Պատասխանող «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությունից («Ժամանակ օրաթերթ») հօգուտ հայցվոր Զավեն Հակոբյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում»:
Զավեն Հակոբյանը 06.09.2022 թվականին Դատարան է ներկայացրել վճռի կատարման եղանակը և կարգը փոփոխելու պահանջի մասին դիմում։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10․10․2022 թվականի «Վճռի կատարման եղանակն ու կարգը փոփոխելու միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշմամբ Զավեն Հակոբյանի դիմումը՝ վճռի կատարման եղանակը և կարգը փոփոխելու վերաբերյալ, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19․05․2023 թվականի որոշմամբ Զավեն Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10․10․2022 թվականի «Վճռի կատարման եղանակն ու կարգը փոփոխելու միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զավեն Հակոբյանը (ներկայացուցիչ Ավետիս Քալաշյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի վճռի բուն նպատակն Ընկերությանը հերքում պարունակող հոդված հրապարակելուն պարտավորեցնելն է։ Ակնհայտ է, որ իր ներկայացրած դիմումով չի պահանջվում փոփոխել հերքման տեքստի բովանդակությունը, այլ պահանջը կայանում է միայն նրանում, որ նույն բովանդակությամբ հոդվածը «Ժամանակ» օրաթերթում հրապարակելու փոխարեն Ընկերությանը պարտավորեցնել հրապարակել իր էլեկտրոնային կայքում, ինչպես նաև՝ վճռով սահմանված կարգը փոփոխելուն, այն է՝ նույն բովանդակությամբ հոդվածը «Ժամանակ» օրաթերթի հերթական համարում հրապարակելու փոխարեն Ընկերությանը պարտավորեցնել այն հրապարակել դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում իր էլեկտրոնային կայքում։ Այսինքն՝ դատական ակտի բուն բովանդակությունը՝ հիշյալ բովանդակությամբ հոդված հրապարակելուն Ընկերությանը պարտավորեցնելը, չի փոփոխվում, վճռի եզրափակիչ մասն ըստ էության նույնպես չի փոփոխվում, դատական ակտի կատարման եղանակի և կարգի փոփոխմամբ պայմանավորված՝ վճռի եզրափակիչ մասի երկրորդ կետում դիմումով նշված՝ կատարման եղանակի ու կարգի որոշակի փոփոխություն կատարելը չի հանգեցնում վճռի եզրափակիչ մասի, դատարանի եզրակացության բովանդակային փոփոխության։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.05.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ դիմումն ամբողջությամբ բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Զավեն Հայոբյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Ընկերության` խնդրելով վերջինիս պարտավորեցնել «Ժամանակ» օրաթերթի հերթական համարում հրապարակել հետևյալ բովանդակությամբ հոդված. «Ներողություն ենք խնդրում Զավեն Հակոբյանից վերջինիս մասին 13.06.2020 թվականին «Վանեցյանի մնացորդները. Ովքեր են Զավեն և Սոս Հակոբյանները» վերտառությամբ հոդվածում վիրավորական արտահայտություններ հրապարակելու համար», ինչպես նաև բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (հատոր 1-ին, գ.թ. 48-53)․
2) Դատարանի 19.07.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «Պատասխանող «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությանը («Ժամանակ օրաթերթ»)` պարտավորեցնել «Ժամանակ» օրաթերթի հերթական համարում հրապարակել հոդված հետևյալ բովանդակությամբ՝ «Ներողություն ենք խնդրում Զավեն Հակոբյանից վերջինիս մասին 13.06.2020 թվականին «Վանեցյանի մնացորդները. Ովքեր են Զավեն և Սոս Հակոբյանները» վերտառությամբ հոդվածում վիրավորական արտահայտություններ հրապարակելու համար»: Պատասխանող «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությունից («Ժամանակ օրաթերթ») հօգուտ հայցվոր Զավեն Հակոբյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում» (հատոր 1-ին, գ.թ. 140-150)․
3) նշված վճռի հարկադիր կատարման համար 01.10.2021 թվականին Դատարանի կողմից տրվել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 159,160)․
4) Զավեն Հակոբյանի ներկայացուցիչը 06.09.2022 թվականին Դատարան է ներկայացրել վճռի կատարման եղանակը և կարգը փոփոխելու պահանջի մասին դիմում ու հայտնելով, որ Դատարանի 19.07.2021 թվականի վճռի կատարումը մասնակիորեն` Ընկերությանը «Ժամանակ» օրաթերթի հերթական համարում հերքումը հրապարակելուն պարտավորեցնելու մասով, մինչ այժմ կատարված չէ, քանի որ Ընկերությունը դեռևս 09.02.2021 թվականին «Ժամանակ» օրաթերթի իր բաժնետոմսերը վաճառել է «Ժամանակ օրաթերթ» ՍՊԸ-ին և այդ մասին տեղյակ չի պահել Դատարանին, ավելին՝ Ընկերությունը չի հայտնել Դատարանին, որ նշված օրաթերթը 2021 թվականի ապրիլ ամսվանից չի հրապարակվում թերթի տարբերակով, խնդրել է փոփոխել վճռի կատարման եղանակն ու կարգը, վճռի «վճռեց» մասի 2-րդ կետը սահմանել հետևյալ կերպ՝ «Պատասխանող «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությանը պարտավորեցնել դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում իր էլեկտրոնային կայքում հրապարակել հոդված հետևյալ բովանդակությամբ՝ «Ներողություն ենք խնդրում Զավեն Հակոբյանից վերջինիս մասին 13.06.2020 թվականին «Վանեցյանի մնացորդները. Ովքեր են Զավեն և Սոս Հակոբյանները» վերտառությամբ հոդվածում վիրավորական արտահայտություններ հրապարակելու համար» (հատոր 2-րդ, գ.թ. 2-5)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը․ արդյո՞ք պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումի հիման վրա դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով կատարման եղանակը և կարգը փոփոխելը՝ առանց դատական ակտի բուն բովանդակությունը փոխելու, հանգեցնում է դատական ակտի եզրափակիչ մասի փոփոխության։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը: (…):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե՛ս Colozza v. Italy թիվ 9024/80 գանգատով Եվրոպական դատարանի 12.02.1985 թվականի վճիռը, կետ 28):
Եվրոպական դատարանը նշել է, որ դատական որոշումների կատարման մասով 6-րդ հոդվածի 1-ին կետը կիրառվում է դատական վարույթի բոլոր փուլերի նկատմամբ, երբ «որոշվում են ... քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները»՝ չբացառելով ըստ էության կայացված վճռին հաջորդող փուլերը: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակներով, ցանկացած դատարանի կողմից կայացված վճռի կատարումը պետք է համարվի «դատավարության» անբաժանելի մասը (տե՛ս Hornsby v. Greece թիվ 18357/91 գանգատով Եվրոպական դատարանի 19․03․1997 թվականի վճիռը, կետ 40, Romańczyk v. France թիվ 7618/05 գանգատով Եվրոպական դատարանի 18․11․2010 թվականի վճիռը, կետ 53):
Եվրոպական դատարանի հետևողականորեն ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչն է անձի օգտին կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումն ապահովելու իրավունքը։ Այս առնչությամբ, մասնավորապես, Եվրոպական դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը երևակայական կլիներ, եթե պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական ակտերը մնային անկատար՝ ի վնաս կողմի։ Դժվար կլիներ պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները, չպաշտպաներ դատական ակտերի կատարումը․ եթե 6-րդ հոդվածը վերաբերեր բացառապես դատարանի մատչելիության իրավունքին ու դատավարությանը, ապա կառաջանային իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակներ։ Ուստի, ցանկացած դատարանի կողմից կայացված դատական ակտի կատարում պետք է դիտվի որպես արդար դատաքննության անբաժանելի մաս՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս Hornsby v. Greece թիվ 18357/91 գանգատով Եվրոպական դատարանի 19․03․1997 թվականի վճիռը, կետ 40)։
Եվրոպական դատարանը փաստել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը պաշտպանում է վերջնական, պարտադիր դատական որոշումների կատարումը (տե՛ս Ouzounis and others v. Greece թիվ 49144/99 գանգատով Եվրոպական դատարանի 18․04․2002 թվականի վճիռը, կետ 21)։ Ցանկացած դատարանի կողմից կայացված որոշումների կատարման իրավունքը «դատարան դիմելու իրավունքի» բաղկացուցիչ մասն է, հակառակ պարագայում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը կդառնա իմաստազուրկ (տե՛ս Burdov v. Russia թիվ 59498/00 գանգատով Եվրոպական դատարանի 07․05․2002 թվականի վճիռը, կետ 34, 37)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Կոնվեցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արդար դատաքննության իրավունքը կդառնա վերացական, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ դատարանի՝ ի վնաս կողմերից մեկի կայացրած վերջնական, պարտադիր դատական ակտը մնա անկատար: Ավելին, եթե Կոնվեցիայի 6-րդ հոդվածն առանց պաշտպանության թողնի դատական ակտերի ի կատար ածումը, ապա դա հավանաբար կհանգեցնի այնպիսի իրողության, որն անհամատեղելի կլինի իրավունքի գերակայության սկզբունքների հետ, որը Պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել Կոնվենցիան վավերացնելիս (տե՛ս «Գլուր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության և մյուսների թիվ ԳԴ/0171/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Համակարգային վերլուծության ենթարկելով վերը շարադրված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության բուն նպատակն անձանց խախտված կամ վիճարկվող իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունն է, ինչն ապահովելու նպատակով օրենսդիրը սահմանել է նաև դատական ակտի իրական կատարման (իրականացման) ապահովումը կարգավորող համապատասխան իրավական նորմեր։ Դատական ակտի իրական կատարման (իրականացման) իրավական հիմքերն ապահովելու և դրանց կենսագործման համար գործը քննող դատարանը, այն ըստ էության քննելու արդյունքում կայացնելով դատական ակտ, եզրափակիչ մասում սահմանում է դատական ակտի կատարման եղանակն ու կարգը, ինչն իրենից ենթադրում է գործողությունների այնպիսի ամբողջություն, որի համադրությունը հանգեցնում է գործով կողմերից մեկի խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնմանը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները պարտադիր ենթակա են կատարման դրա հասցեատերերի համար, այլապես անձի՝ Սահմանադրությամբ, ներպետական օրենսդրությամբ և միջազգային նորմերով սահմանված դատական պաշտպանության իրավունքը կկրի միայն հռչակագրային ու վերացական բնույթ։ Նշված երաշխիքներն ապահովելու նպատակով օրենսդիրը նախատեսել է անձի՝ օրենքով սահմանված իր դատավարական իրավունքները տնօրինելու, դատական պաշտպանության միջոցները և եղանակներն ընտրելու հնարավորություն։ Գործելով նման տրամաբանությամբ՝ օրենսդիրը պահանջատիրոջը և պարտապանին իրավունք է վերապահել ներկայացնելու ինչպես դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, այնպես էլ՝ դրա կատարման կարգն ու եղանակը փոփոխելու մասին դիմում։ Միաժամանակ, նման դիմում ներկայացնելու հնարավորությունն առարկայական կլինի միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի հանգամանքներ, որոնք խոչընդոտում են կամ անհնար են դարձնում դատական ակտի պահանջների պատշաճ կատարումը կամ խախտում են կողմերից մեկի օրինական շահերը։
Հարկ է նշել նաև, որ դատական ակտի կատարման կարգի և եղանակի փոփոխությունը գործով կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված սկզբնական եղանակի կամ կարգի փոփոխությունն է մեկ այլով։ Ընդ որում, դատարանը գործով կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման եղանակը և կարգը փոխելու մասին որոշմամբ չի վերացնում ու չի փոխում դատական ակտի եզրափակիչ մասը, որը կայացվել է գործով կողմերի նյութական և իրավական վեճի էության վերաբերյալ, այսինքն՝ փոփոխությունն իրականացվում է առանց դատական ակտի բուն էությունն ու բովանդակությունը փոխելու, ինչն իր հերթին դատավարական երաշխիք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունության, պատշաճ և ժամանակին կատարման համար։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի կատարման եղանակի և կարգի փոփոխությունը չի ենթադրում պարտավորության վերափոխում, այլ ենթադրում է դրա ընթացակարգային կատարման եղանակի ու կարգի փոփոխումը, որը որևէ կերպ չի կարող ազդել պարտավորության՝ դատական ակտի բովանդակության էության վրա։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Զավեն Հայոբյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Ընկերության` խնդրելով վերջինիս պարտավորեցնել «Ժամանակ» օրաթերթի հերթական համարում հրապարակել հետևյալ բովանդակությամբ հոդված. «Ներողություն ենք խնդրում Զավեն Հակոբյանից վերջինիս մասին 13.06.2020 թվականին «Վանեցյանի մնացորդները. Ովքեր են Զավեն և Սոս Հակոբյանները» վերտառությամբ հոդվածում վիրավորական արտահայտություններ հրապարակելու համար», ինչպես նաև բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցում։
Դատարանի 19.07.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «Պատասխանող «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությանը («Ժամանակ օրաթերթ»)` պարտավորեցնել «Ժամանակ» օրաթերթի հերթական համարում հրապարակել հոդված հետևյալ բովանդակությամբ՝ «Ներողություն ենք խնդրում Զավեն Հակոբյանից վերջինիս մասին 13.06.2020 թվականին «Վանեցյանի մնացորդները. Ովքեր են Զավեն և Սոս Հակոբյանները» վերտառությամբ հոդվածում վիրավորական արտահայտություններ հրապարակելու համար»: Պատասխանող «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությունից («Ժամանակ օրաթերթ») հօգուտ հայցվոր Զավեն Հակոբյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում»։
Նշված վճռի հարկադիր կատարման համար 01.10.2021 թվականին Դատարանի կողմից տրվել է կատարողական թերթ։
Զավեն Հակոբյանի ներկայացուցիչը 06.09.2022 թվականին Դատարան է ներկայացրել վճռի կատարման եղանակը և կարգը փոփոխելու պահանջի մասին դիմում ու հայտնելով, որ Դատարանի 19.07.2021 թվականի վճռի կատարումը մասնակիորեն` Ընկերությանը «Ժամանակ» օրաթերթի հերթական համարում հերքումը հրապարակելուն պարտավորեցնելու մասով, մինչ այժմ կատարված չէ, քանի որ Ընկերությունը դեռևս 09.02.2021 թվականին «Ժամանակ» օրաթերթի իր բաժնետոմսերը վաճառել է «Ժամանակ օրաթերթ» ՍՊԸ-ին և այդ մասին տեղյակ չի պահել Դատարանին, ավելին՝ Ընկերությունը չի հայտնել Դատարանին, որ նշված օրաթերթը 2021 թվականի ապրիլ ամսվանից չի հրապարակվում թերթի տարբերակով, խնդրել է փոփոխել վճռի կատարման եղանակն ու կարգը, վճռի «վճռեց» մասի 2-րդ կետը սահմանել հետևյալ կերպ՝ «Պատասխանող «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությանը պարտավորեցնել դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում իր էլեկտրոնային կայքում հրապարակել հոդված հետևյալ բովանդակությամբ՝ «Ներողություն ենք խնդրում Զավեն Հակոբյանից վերջինիս մասին 13.06.2020 թվականին «Վանեցյանի մնացորդները. Ովքեր են Զավեն և Սոս Հակոբյանները» վերտառությամբ հոդվածում վիրավորական արտահայտություններ հրապարակելու համար»։
Դատարանի 10.10.2022 թվականի «Վճռի կատարման եղանակն ու կարգը փոփոխելու միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշմամբ Զավեն Հակոբյանի դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «…հայցվորը ներկայացրել է վճռի կատարման կարգը ու եղանակը փոփոխելու վերաբերյալ դիմում, սակայն դրա բովանդակությունից և պահանջից հետևում է, որ վերջինիս միջնորդության պահանջն ուղղված է ոչ թե վճռի կատարման եղանակի ու կարգի փոփոխմանը, այլ վճռի եզրափակիչ մասը փոխելուն։
(...) Սույն գործով կայացված և օրինական ուժ ստացած վճռի եզրափակիչ մասը պարունակում է հայցվորի կողմից ներկայացված պահանջի մասնակի բավարարման մասով Դատարանի եզրակացությունը, որի փոփոխման կարգ Օրենսդիրը չի նախատեսել և արդյունքում Դատարանը նման իրավասությամբ օժտված չէ»:
Վերաքննիչ դատարանը 19․05․2023 թվականի որոշմամբ Զավեն Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 10․10․2022 թվականի «Վճռի կատարման եղանակն ու կարգը փոփոխելու միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշումը թողել է օրինական ուժի մեջ այն պատճառաբանությամբ, որ «․․․Հայցվորն ինքն է կրել իր պահանջի հիմնավորվածության, դրա կատարելիության բոլոր ռիսկերը և հետևապես գործի քննության ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների մասին տեղեկացված չլինելու փաստարկը չի կարող դիտվել հիմնավոր և բավարար` ներկայացված միջնորդության բավարարման համար: Ընդ որում, բողոք բերած անձը պնդել է, որ Ընկերությունը կրել է պարտականություն` Դատարանին հայտնելու իր որևէ տվյալ փոփոխվելու մասին /անուն, ազգանուն, բնակության հասցե, իրավաբանական անձի անվանում, հասցե և այլն/, մինչդեռ բողոք բերած անձի պնդմամբ դատական ակտի կատարումն անհնարին է դարձել ոչ թե վերը հիշատակված տվյալների փոփոխման, այլ «Ժամանակ» օրաթերթի բաժնետոմսերի օտարման հետևանքով, ուստի ներկայացված փաստարկն անհիմն է:
Ավելին, Դատարանի եզրահանգումն առ այն, որ «միջնորդության պահանջն ուղղված է ոչ թե վճռի կատարման եղանակի ու կարգի փոփոխմանը, այլ վճռի եզրափակիչ մասը փոխելուն» Վերաքննիչ դատարանը նույնպես գնահատում է իրավաչափ, քանի որ սույն դեպքում Հայցվորի պահանջը շարադրվել է հենց «Ժամանակ» օրաթերթի հերթական համարում հերքման տեքստի բովանդակությամբ հոդված հրապարակելու տեսքով, ուստի հերքման տեքստն այլ հարթակի միջոցով հրապարակելու պահանջը դուրս է վճռով բավարարված հայցապահանջի շրջանակներից և դրա փոփոխությունը հանգեցնելու է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի եզրափակիչ մասի փոփոխությանը:
Այսպիսով, միջնորդությունը մերժելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումն իրավաչափ է, իսկ վերաքննիչ բողոքում ներկայացված պնդումները հերքվում են վերոգրյալով և չեն կարող հիմք հանդիսանալ որոշումը վերացնելու համար»:
Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ։
Սույն գործի փաստերից բխում է, որ Զավեն Հակոբյանի կողմից դիմումով ներկայացված խնդրանքը վերաբերում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19․07․2021 թվականի վճռի կատարման եղանակը փոփոխելուն, այն է՝ նույն բովանդակությամբ հոդվածը «Ժամանակ» օրաթերթում հրապարակելու փոխարեն Ընկերությանը պարտավորեցնել այն հրապարակել իր էլեկտրոնային կայքում, ինչպես նաև՝ նույն վճռի կատարման կարգը փոփոխելուն, այն է՝ նույն բովանդակությամբ հոդվածը «Ժամանակ» օրաթերթի հերթական համարում հրապարակելու փոխարեն Ընկերությանը պարտավորեցնել այն հրապարակել դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում իր էլեկտրոնային կայքում։ Այսինքն՝ հայցվոր Զավեն Հակոբյանը, իրացնելով իր՝ օրենքով սահմանված դատավարական իրավունքը, դիմում է ներկայացրել Դատարան՝ խնդրելով փոփոխել դատական ակտի կատարման եղանակը և կարգը, քանի որ դրա կատարումը վերը նշված պատճառաբանությամբ դարձել է անհնարին։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դատական ակտի հիշյալ բովանդակությամբ հոդված հրապարակելուն Ընկերությանը պարտավորեցնելը չի հանգեցնում գործով կայացված և օրինական ուժ ստացած վճռի բուն բովանդակության փոփոխությանը, այն պատճառաբանությամբ, որ տվյալ պարագայում առկա են այնպիսի հանգամանքներ, որոնք խոչընդոտում են ու անհնար են դարձնում դատական ակտի պահանջների պատշաճ կատարումը և Զավեն Հակոբյանի խախտված ոչ նյութական իրավունքների վերականգնումը։ Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ Ընկերությունն իր բաժնետոմսն օտարել է «Ժամանակ» օրաթերթին և օրաթերթն իր գործունեությունն սկսել է ծավալել բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Հետևաբար, դատական ակտի կատարման եղանակի և կարգի փոփոխումն ըստ էության միակ միջոցն է խախտված իրավունքները վերականգնելու համար։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանի այն հետևությունը, որ Զավեն Հակոբյանի կողմից ներկայացված դիմումում նշված պահանջն ուղղված է ոչ թե վճռի կատարման եղանակը և կարգը փոփոխելուն, այլ վճռի եզրափակիչ մասը փոխելուն՝ անհիմն է։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի այն հետևությունը, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածում նշված պայմանները սույն գործով բացակայում են, վճռի կատարման եղանակի և կարգի փոփոխման նշված կարգավորումը չի կարող կիրառվել ներկայացված միջնորդության նկատմամբ՝ անհիմն է, քանի որ, ինչպես վերը նշվեց, դիմումում նշված պահանջն ուղղված է ոչ թե վճռի եզրափակիչ մասը փոխելուն, այլ վճռի կատարման եղանակը և կարգը փոփոխելուն, ուստի Դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, ինչն ազդել է գործի ելքի վրա:
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 19.05.2023 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ վճռի կատարման եղանակը և կարգը փոփոխելու վերաբերյալ դիմումը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո քննելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2023 թվականի որոշումը և Զավեն Հակոբյանի կողմից ներկայացված վճռի կատարման եղանակն ու կարգը փոփոխելու վերաբերյալ դիմումը քննության առնելու համար գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Է. Սեդրակյան Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2024 թվական: