Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.11.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
28.10.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
28.10.2024
Дата вступления в силу
28.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ6/0547/05/23

2024 թ. 

Վարչական գործ թիվ ՎԴ6/0547/05/23

Նախագահող դատավոր`

 Կ. Գևորգյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

 

2024 թվականի հոկտեմբերի 28-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արկադի Թամազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.03.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արկադի Թամազյանի ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու, երրորդ անձ՝ Դավիթ Ղումաշյան՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 05.12.2023 թվականի նիստի արդյունքում ընդունված՝ իրեն, որպես Ալավերդի համայնքի ղեկավարի, անվստահություն հայտնելու և համայնքի նոր ղեկավար ընտրելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արկադի Թամազյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 05.12.2023 թվականի նիստի արդյունքում ընդունված՝ իրեն, որպես Ալավերդի համայնքի ղեկավարի, անվստահություն հայտնելու և համայնքի նոր ղեկավար ընտրելու մասին որոշումը։ Միաժամանակ հայցվորը ներկայացրել է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ե.Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 01.02.2024 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.03.2024 թվականի որոշմամբ Արկադի Թամազյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.02.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արկադի Թամազյանը (ներկայացուցիչ՝ Լևոն Օհանյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և սխալ մեկնաբանության արդյունքում չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, ինչը դատավարական իրավունքի էական խախտում է, որն էլ հանդիսանում է դատական սխալ։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը սույն դեպքում պարտավոր էր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցատեսակին բնորոշ կանոնների կիրառմամբ ու դրանց իրավակարգավորման համատեքստում կիրառելի համարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի դրույթներն ու դրանց իրավակարգավորման դաշտում, միջնորդությամբ նշված փաստարկների հաշվառմամբ, քննության առներ միջնորդությունն ու բավարարեր այն:

Վերաքննիչ դատարանը չի կիրառել թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, սույն գործով վիճարկվող որոշումը չհամարելով վարչական ակտ՝ անհիմն ու չպատճառաբանված կերպով գտել է, որ վիճարկման հայցի կանոններով քննվող գործի շրջանակներում կիրառելի չեն այդ հայցատեսակին բնորոշ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կարգավորումները՝ կայացնելով սխալ դատական ակտ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կարգավորումները չկիրառելու պայմաններում տեղի է ունեցել հայցվորի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների հիմնարար խախտում, որն էլ խաթարել է արդարադատության բուն էությունը: Արդյունքում հայցվորը զրկվել է վիճարկման հայցի շրջանակներում վիճարկվող ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտից օգտվելու, դրա կարգավորման դաշտում իր դատավարական իրավունքներն իրացնելու ու դրա պաշտպանության ներքո գտնվելու իրավական հնարավորությունից:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 28.03.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը՝ կայացնելով նոր դատական ակտ։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07102022 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, ուստի սույն դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ հանրային (համայնքային) ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի կասեցման ինստիտուտի կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով` ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը և (կամ) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

Տվյալ դեպքում օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և ըստ այդմ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի միատեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՞ք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտի կատարման կասեցման վերաբերյալ իրավակարգավորումները կիրառելի են համայնքային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով։

Արդար դատաքննության իրավունքը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է որպես յուրաքանչյուրի՝ իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք: Սահմանադրական այս դրույթից ակնհայտ է, որ արդար դատաքննության իրավունքը չի սահմանափակվում դատարան դիմելու իրավունքի պարզ ամրագրմամբ: ՀՀ Սահմանադրությունը նաև պարտավորեցնում է բավարարել դատական պաշտպանության միջոցի արդյունավետության իմպերատիվ պահանջը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) մի շարք վճիռներում հայտնել է դիրքորոշում առ այն, որ դատական պաշտպանության իրավունքը կլիներ անիրական, իսկ դատական պաշտպանության ընթացակարգը՝ անարդյունավետ, եթե ներպետական օրենսդրությունը թույլ տար վերջնական և պարտադիր բնույթ ունեցող դատական ակտերին մնալ չկատարված՝ ի վնաս մի կողմի: Ըստ Եվրոպական դատարանի՝ եթե պետությունը չի երաշխավորում վերջնական դատական ակտերի ի կատար ածումը, դա հանգեցնում է այնպիսի իրողության, որն անհամատեղելի է իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորելիս: Մեկնաբանելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածը՝ Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ արդար դատաքննության իրավունքը ներառում է ոչ միայն վեճն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու, այլ նաև կայացված դատական ակտը կատարելուն ուղղված գործուն և արդյունավետ կառուցակարգեր կիրառելու անհրաժեշտություն (տե՛ս, Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Եվրոպական դատարանի 01.03.2010 թվականի վճիռը, կետ 66, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40):

Անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովելուն ուղղված նախնական պաշտպանության միջոցներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը։ Նախնական պաշտպանության այս միջոցը հնարավորություն է տալիս պահպանել այն փաստական և/կամ իրավական վիճակը, որը գոյություն է ունեցել վիճարկվող վարչական ակտի բացակայության պայմաններում։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝

1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.

2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից.

3) այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ.

4) այն դեպքերի, երբ վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.

41) այն դեպքերի, երբ վիճարկվում է ընդերքօգտագործման իրավունքի դադարման կամ կասեցման վարչական ակտը.

5) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները).

6) այն դեպքերի, երբ վիճարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.

7) այն դեպքերի, երբ վիճարկվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին կայացված վարչական ակտ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

Վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի նպատակը ու գործառույթը բացահայտված են ՀՀ վճռաբեկ դատարանի առանձին որոշումներում։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը որպես վիճարկման հայցերով հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակ՝ սահմանել է վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը, որը նպատակ է հետապնդում ապահովել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը՝ դատական պաշտպանությունը չդարձնելով ինքնանպատակ (տե՛ս, «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է վարչական դատարանի հայեցողական լիազորություն՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում ևս ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու վարչական ակտի կատարումը։ Ընդ որում, վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետևաբար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկները և դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե.

- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ

- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և կարգավիճակը վատթարացնում են։ Դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Վերոնշյալ հիմքերից որևէ մեկի հնարավոր առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար։

Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, և ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:

Օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը (տե՛ս, Սոֆիա և Սիրվարդ Խաչատրյաններն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, սահմանել է, որ վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը։ Միաժամանակ օրենսդիրը, որպես բացառություն, նախատեսել է օրենքով սահմանված դեպքերում հայցվորի միջնորդությամբ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման հնարավորությունն այն պարագայում, երբ առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործով վիճարկվող որոշման նկատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված դրույթների կիրառելիությանը՝ դրա վարչական ակտ չհանդիսանալու առանձնահատկությամբ պայմանավորված։

Այսպես.

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հանրային ծառայության հետ կապված իրավահարաբերություններն ունեն աշխատանքային բնույթ, սակայն հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները՝ օրենսդիրն այլ իրավական կարգավորումների նախատեսման հնարավորություն է ընձեռել: Այդ հանգամանքը պայմանավորված է մի կողմից հանրային ծառայության առանձնահատկություններով, հանրային ծառայության մեջ ներգրավված ծառայողների կարգավիճակի առանձնահատկություններով, մյուս կողմից` դրա բազմաբնույթ և բազմաֆունկցիոնալ նշանակությամբ, և հետևաբար` հանրային ծառայության տարբեր տեսակների գործառութային առանձնահատկություններով, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նաև դրանց աշխատանքային իրավակարգավորման վրա: Արդյունքում գործող օրենսդրական զարգացումները նման իրավահարաբերությունները դարձրել են որոշակիորեն երկակի իրավակարգավորման ազդեցություն ունեցող օբյեկտ, և վերջինս կարելի է դիտարկել որպես աշխատանքային իրավունք հանրային իրավունքի ոլորտում (տե՛ս, Գայանե Շալունցն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի թիվ ՎԴ/6966/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.11.2021 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը դիտարկում է որպես հանրային իրավահարաբերություններից ծագող գործեր, որոնք ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին: Այսինքն՝ օրենսդրի մոտեցման համաձայն՝ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու և ծառայությունից ազատելու հետ կապված վեճերի դեպքում առկա են իրավահարաբերությունը հանրային որակելու համար անհրաժեշտ պայմանները (տե՛ս, Նելլի Գալստյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության թիվ ՎԴ/7029/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ`

1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.

(...):

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, հանրային ծառայության ոլորտում ծագող վեճերը՝ որպես հանրային իրավահարաբերություններից ծագող վեճեր, հանձնել է ՀՀ վարչական դատարանի ընդդատությանը: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր վեճերը քննության են առնվում կոնկրետ հայցատեսակների շրջանակներում: Ընդ որում, հայցատեսակների տարբերակումը կարևոր նշանակություն ունի վարչական դատավարության կարգով իրավունքների պաշտպանությունն իրականացնելիս՝ հաշվի առնելով, որ հայցատեսակի ընտրությունը կանխորոշում է տվյալ հայցի քննության դատավարական կանոնները, մասնավորապես, հայցի քննության համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ հայցի ներկայացման ժամկետները, ապացուցման բեռի բաշխման կանոնները, դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ վերը վկայակոչված որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև համայնքային ծառայողների վերաբերյալ ընդունված իրավական ակտերի վիճարկումների գործերով հետևյալ պատճառաբանությամբ

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենքներով և համապատասխան ավագանու որոշումներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային պաշտոններն ընտրովի կամ նշանակովի պաշտոններ են, որոնք զբաղեցվում են քաղաքական գործընթացների, հայեցողական որոշումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի արդյունքով: Այդ պաշտոններն զբաղեցնող անձինք իրենց լիազորությունների շրջանակներում անհատական կամ կոլեգիալ կարգով ընդունում են որոշումներ, պատասխանատվություն կրում իրենց կայացրած որոշումների համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոնը դասակարգվում է խմբերի՝ պետական և համայնքային:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համայնքային պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական և հայեցողական:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համայնքային քաղաքական պաշտոններն են համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների, համայնքի ավագանու անդամի պաշտոնները:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ համայնքային ծառայությունը` որպես մասնագիտական գործունեություն, ուղղված լինելով ՀՀ օրենքներով և համապատասխան ավագանու որոշումներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը, հանդիսանում է հանրային ծառայություն, ուստի համայնքային ծառայողների վերաբերյալ ընդունված իրավական ակտերի վիճարկման հետ կապված վեճերը ևս դիտարկվում են որպես հանրային իրավահարաբերություններից ծագող գործեր և ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին:

Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, նույն օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

Վերոնշյալ նորմի բովանդակությունից հետևում է, որ վիճարկման հայցի նյութական օբյեկտը վարչական ակտն է։ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ որպես վարչական ակտին բնորոշող հատկանիշներ անհրաժեշտ է դիտարկել հետևյալները.

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն առաջացնում է ուղղակի իրավական հետևանքներ կամ ուղղված (միտված) է այդ հետևանքների առաջացմանը վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, դրանով վարչական մարմինը վերջիններիս համար սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև նրանց տրամադրում է իրավունքներ կամ ստեղծում է այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, կամ մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն է դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում է նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, ի թիվս այլ հատկանիշների, վարչական ակտ պետք է որակվի ոչ միայն այն պարագայում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի իրավական հետևանքներ են առաջանում, այլ նաև այն դեպքում, երբ տվյալ վարչական ակտն ուղղված է իրավական հետևանքներ առաջացնելուն և ակներև է, որ դրանում արձանագրվածն ինքնին բավարար է վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը վատթարացնելու համար։ Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար` գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե՛ս, «Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու գործընթացում հանրային ծառայողի վերաբերյալ ընդունվող անհատական իրավական ակտը չի հանդիսանում վարչական ակտ՝ առնվազն վարչական ակտին բնորոշ արտաքին ներգործության հանգամանքի բացակայությամբ պայմանավորված։ Մասնավորապես՝ նշված հարաբերություններում գործատուն աշխատողի նկատմամբ հանդես չի գալիս որպես վարչական մարմին, հետևապես աշխատողի նկատմամբ չի իրականացնում վարչարարություն, որպիսի իրողությունից էլ օբյեկտիվորեն բխում է, որ հանրային ծառայությունից ազատելու կամ հանրային ծառայության ընդունելու, ինչպես նաև հանրային ծառայության իրականացման ընթացքում համապատասխան աշխատողի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ գործատուի ընդունած իրավական ակտերը չեն կարող որակվել վարչական ակտեր:

Այնուհանդերձ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով բազմիցս նշել է, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման հնարավորությունը, ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածին համապատասխան՝ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերն ընդդատյա են վարչական դատարանին, իսկ վարչական դատարանին ընդդատյա բոլոր գործերի քննությունն իրականացվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակների շրջանակներում՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային ծառայողի վերաբերյալ միջամտող անհատական իրավական ակտի իրավաչափության վերաբերյալ վեճը քննության է ենթակա այն հայցատեսակի շրջանակներում, որի միջոցով առավել արդյունավետությամբ կապահովվի հանրային ծառայողի իրավունքների դատական պաշտպանությունը և իրավունքի վերականգնումը, կիրացվի դատական պաշտպանության դիմելու իրավական նպատակը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հանրային ծառայողի դատական պաշտպանության դիմելու իրավական նպատակն իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտը վերացնելն է, հետևապես հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտը վերացնելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործերի քննության նկատմամբ առավել համահունչ է վիճարկման հայցի իրավակարգավորումների կիրառումը, իսկ նշված գործերով վարչադատավարական վերահսկողությունը՝ վիճարկման հայցին առնչվող դատավարական բոլոր իրավակարգավորումների կիրառմամբ, պետք է իրականացվի վիճարկման հայցի շրջանակներում՝ անկախ այդ իրավական ակտերի՝ վարչական ակտ չհանդիսանալու հանգամանքից (տե՛ս, Ապրես Գրիգորյանն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազի թիվ ՎԴ/6209/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2024 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի համար դատական պաշտպանության իրավունքի և դրա իրացման համար անհրաժեշտ դատավարական ընթացակարգերի կիրառման արդյունավետությունն ապահովելու նպատակով հանրային (համայնքային) ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով պետք է կիրառվեն վիճարկման հայցատեսակին առնչվող դատավարական բոլոր կանոնները, այդ թվում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտի կարգավորումները։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Արկադի Թամազյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 05.12.2023 թվականի նիստի արդյունքում ընդունված՝ իրեն, որպես Ալավերդի համայնքի ղեկավարի, անվստահություն հայտնելու և համայնքի նոր ղեկավար ընտրելու մասին որոշումը։

Այնուհետև, գործի քննության ընթացքում Արկադի Թամազյանը ներկայացրել է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 05.12.2023 թվականի նիստի արդյունքում ընդունված՝ իրեն, որպես Ալավերդի համայնքի ղեկավարի, անվստահություն հայտնելու և համայնքի նոր ղեկավար ընտրելու մասին որոշման կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն (հավելվածի հատոր 1-ին, գթ 74-77):

Դատարանը 01.02.2024 թվականի որոշմամբ մերժել է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունն այն հիմնավորմամբ, որ «Վերոգրյալ իրավական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն վարչական գործով վիճարկվող 05.12.2023թ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու նիստի արդյունքում ընդունված Արկադի Սամվելի Թամազյանին՝ որպես Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու մասին որոշմանը՝ ՀՀ վարչական դատարանն արձանագրում է, որ այն չի հանդիսանում վարչական ակտ առնվազն այն հիմնավորմամբ, որ խնդրո առարկա հանդիսացող որոշումը ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում տեղական ինքնակառավարման մարմին հանդիսացող, կազմակերպական և ներքին կապի մեջ գտնվող սուբյեկտների համար:

Այսպիսով, այնքանով որքանով խնդրո առարկա հանդիսացող սույն գործով վիճարկվող ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 05.12.2023թ. «ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Գեղամի Ղումաշյանին Ալավերդի համայնքի ղեկավար ընտրելու մասին» որոշումը չի հանդիսանում վարչական ակտ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված կանոնակարգումները կիրառվել չեն կարող:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման»։

Վերաքննիչ դատարանը 28.03.2024 թվականի որոշմամբ Արկադի Թամազյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 01.02.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողել է անփոփոխ՝ արձանագրելով հետևյալը «Ըստ այդմ, ընդգծելով, որ Օրենսգրքի 83-րդ հոդվածը սահմանում է վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետևանքները, այն է՝ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման իրավական հնարավորությունը, իսկ սույն գործի շրջանակներում վիճարկվող իրավական ակտը վարչական ակտ չի հանդիսանում՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում կիրառելի չեն նաև Օրենսգրքի 83-րդ հոդվածի իրավակարգավորումները, որպիսի պայմաններում այլևս չի անդրադառնում Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության կամ բացակայության հարցին։

Անդրադառնալով բողոքաբերի փաստարկին առ այն, որ բողոքարկվող դատական ակտով Դատարանը հակասել է սույն գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին իր իսկ որոշմանը՝ Վերաքննիչ դատարանն այն անհիմն է համարում՝ փաստելով, որ տվյալ դեպքում վեճը ենթակա է Դատարանում քննության՝ որպես հանրային իրավահարաբերությունից բխող վեճ, և Դատարանի կողմից խնդրո առարկա անհատական իրավական ակտի վիճարկման պահանջով հայցադիմումի վարույթ ընդունելը դեռևս չի վկայում դրա վարչական ակտ հանդիսանալու մասին:

Ամփոփելով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները չեն կարող հիմք հանդիսանալ թիվ ՎԴ6/0547/05/23 վարչական գործով Դատարանի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին» 01.02.2024 թ. որոշումը վերացնելու համար, որպիսի պայմաններում Արկադի Թամազյանի (ներկայացուցիչ Լևոն Օհանյան) վերաքննիչ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման»։

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը ընդդատյա են վարչական դատարանին, իսկ դատական պրակտիկան ընթացել է այն ուղղությամբ, որ նշված գործերով դատական վերահսկողությունը իրականացվել է վիճարկման հայցին առնչվող իրավակարգավորումներով, հետևաբար վիճարկման հայցին բնորոշ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտի կասեցման իրավակարգավորումները հավասարապես կիրառելի են նաև հանրային (համայնքային) ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով, ինչը համապատասխանում է արդարադատության արդյունավետության, անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքի սահմանադրական և միջազգային իրավական չափորոշիչներին։

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն եզրահանգելով, որ սույն գործով վիճարկվող որոշումը չի հանդիսանում վարչական ակտ, այդուհանդերձ հաշվի չի առել, որ վիճակվող որոշման՝ վարչական ակտ չհանդիսանալու հանգամանքն ինքնին անձին չի կարող զրկել դատավարական այնպիսի գործիքակազմից, ինչպիսին է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը, իր նկատմամբ կիրառելի լինելու հնարավորությունը։ Ավելին, հանրային (համայնքային) կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը ՀՀ վարչական դատարանի կողմից քննելու և նշված գործերով դատական վերահսկողությունը վիճարկման հայցին առնչվող իրավակարգավորումներով իրականացվելու ձևավորված դատական պրակտիկայի պայմաններում հայցվորները կարող են ունենալ լեգիտիմ ակնկալիք առ այն, որ իրենց կողմից ներկայացված հայցերի պարագայում կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով ամրագրված իրավակարգավորումը։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

Տվյալ դեպքում բողոքաբերը վկայակոչել է թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07102022 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն այն մասին, որ հանրային իրավահարաբերություններից բխող, սակայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակների կամ հատուկ վարույթների կարգով քննությանը ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վեճերը ևս պետք է քննվեն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի պահպանմամբ, որպիսի պայմաններում, հաշվի առնելով վիճելի իրավահարաբերության բնույթը, դատական պաշտպանության ենթակա սուբյեկտիվ իրավունքը, ինչպես նաև տվյալ իրավունքի վերականգնման հնարավոր եղանակի առանձնահատկությունները, դատարանը կարող է որոշել, թե որ հայցատեսակին բնորոշ կանոնների կիրառումը կարող է առավելագույնս արդյունավետորեն ապահովել անձի խախտված իրավունքների վերականգնումը՝ ապահովելով դատարանի մատչելիության իրավունքը, մասնագիտացված արդարադատության նպատակայնությունը և սուբյեկտիվ իրավունքների ճիշտ պաշտպանության համար անհրաժեշտ և բավարար իրավական գործիքակազմը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 05.12.2023 թվականի նիստի արդյունքում ընդունված՝ Արկադի Թամազյանին, որպես Ալավերդի համայնքի ղեկավարի, անվստահություն հայտնելու և համայնքի նոր ղեկավար ընտրելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումի հիման վրա հարուցված սույն վարչական գործի քննությունը վիճարկման հայցի կանոններով իրականացնելու հանգամանքն ընդունելի համարելով հանդերձ՝ ստորադաս դատարաններն անընդունելի են համարել նույն հայցատեսակին բնորոշ՝ հայցվորի սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ և բավարար իրավական գործիքակազմի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կիրառելիությունը՝ փաստացի շեղվելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումից։

Արդյունքում, հայցվորը զրկվել է վիճարկման հայցի շրջանակներում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենսդրորեն ամրագրված ինստիտուտից օգտվելու հնարավորությունից, ինչի հետևանքով սահմանափակվել է վերջինիս դատարանի մատչելիության իրավունքը՝ պայմանավորված մասնագիտացված արդարադատության նպատակայնությանը համապատասխան իր սուբյեկտիվ իրավունքների ճիշտ պաշտպանության համար անհրաժեշտ և բավարար իրավական գործիքակազմից օգտվելու անհնարինությամբ։

Իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի կասեցման ինստիտուտը ենթակա է կիրառման հանրային (համայնքային) ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա նշված իրավանորմի ուժով վիճարկվող ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննելու գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ հարկ է համարում անդրադառնալ վիճարկման հայցի առարկայի՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 05.12.2023 թվականի նիստի արդյունքում ընդունված՝ Արկադի Թամազյանին, որպես Ալավերդի համայնքի ղեկավարի, անվստահություն հայտնելու և համայնքի նոր ղեկավար ընտրելու մասին որոշումը կասեցնելու հայցվորի կողմից ներկայացված միջնորդության հիմնավորվածությանը՝ պարզելու համար այն բավարարելու իրավական նախադրյալների առկայությունը

Դատարան ներկայացրած միջնորդությամբ հայցվորը, որպես վիճարկվող որոշումը կասեցնելու անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորում, փաստարկել է, որ ապօրինի կերպով զրկվելով իր՝ որպես Ալավերդի համայնքի ղեկավարի պարտականությունները կատարելու իրավական հնարավորությունից, զրկվել է իր միակ ապրուստի միջոցից՝ որպես համայնքի ղեկավար ստացվող վարձատրությունից՝ հայտնվելով ծանր ֆինանսական վիճակում: Բացի այդ, տվյալ դեպքում ոչ միայն առկա է հիմնավոր կասկած, այլև միանշանակ առկա է հստակ համոզմունք, որ զրկվելով իր միակ ապրուստի միջոցից՝ աշխատանքի դիմաց վարձատրությունից, կրելու է էական վնասներ և չի կարողանալու ապահովել բավարար ու պատշաճ պայմաններ իր և իր ընտանիքի համար, քանի որ վերջիններիս (կնոջը և երկու երեխաներին) ապրուստի միակ միջոցն ու կարիքների բավարարման միակ աղբյուրը հանդիսացել է աշխատանքի դիմաց վարձատրությունը։

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վիճարկվող ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը

Ինչպես վերն արդեն նշվել է, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկվող ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս հայցվորից պահանջվում է ներկայացնել փաստեր և փաստարկներ վիճարկվող վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի կամ դատական պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ, իսկ դատարանի պարտականությունն է նշված միջնորդության քննարկման շրջանակներում գնահատել այդ հիմնավոր կասկածի առկայության/բացակայության հարցը։

Տվյալ դեպքում հայցվորի կողմից ներկայացված փաստարկները բավարար չեն վիճարկվող վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի առկայության վերաբերյալ հիմնավոր կասկած ձևավորելու, ըստ այդմ նաև՝ այդ ակտի կատարումը կասեցնելու եզրահանգման գալու համար։ Ավելին, ներկայացված փաստարկներն առավելապես վերաբերում են իր և իր ընտանիքի ապրուստի միջոցների ապահովմանը, որը չի կարող գնահատվել վիճարկվող որոշման կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու հավանականություն:

Այսպիսով, հայցվորի կողմից չեն ներկայացվել հիմնավորումներ և ապացույցներ վարչական ակտի կատարմամբ վերջինիս զգալի վնաս պատճառվելու հանգամանքի առկայության վերաբերյալ հիմնավոր կասկած ձևավորելու և վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու համար:

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում չի հիմնավորվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու առնչությամբ հիմնավոր կասկածի առկայությունը:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ առկա չէ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 05.12.2023 թվականի նիստի արդյունքում ընդունված՝ Արկադի Թամազյանին, որպես Ալավերդի համայնքի ղեկավարի, անվստահություն հայտնելու և համայնքի նոր ղեկավար ընտրելու մասին որոշման կատարումը կասեցնելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմաններից որևէ մեկը, որպիսի պայմաններում հայցվորի միջնորդությունը ենթակա է մերժման:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28032024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

ռ. Հակոբյան

ա. Թովմասյան

լ. Հակոբյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2024 թվական: