ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Ա. Ասատրյան
|
ԵԴ1/0761/06/23 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Ա. Դանիելյան |
|
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի | |
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
|
13 սեպտեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝
2023 թվականի հոկտեմբերի 16-ի որոշման դեմ մեղադրյալ Արտակ Խաչատուրի Փիլոսյանի պաշտպան Հ.Գալստյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2023 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 11-0027-23 քրեական վարույթը։
2023 թվականի սեպտեմբերի 12-ին Արտակ Խաչատուրի Փիլոսյանը ձերբակալվել է։
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Կ․Ստեփանյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ Արտակ Փիլոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով, և նույն թվականի սեպտեմբերի 14-ին նրան մեղադրանք է ներկայացվել։
2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, ու մեղադրյալ Ա․Փիլոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը` 2 (երկու) ամիս ժամկետով՝ կալանքի սկիզբը հաշվելով 2023 թվականի սեպտեմբերի 12-ից:
3․ Պաշտպանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հոկտեմբերի 16-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Հ․Գալստյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
Այսպես, բողոք բերած անձը նախ արձանագրել է, որ Ա․Փիլոսյանի ձերբակալման իրավաչափությունը գնահատելիս ստորադաս դատարանները հանգել են սխալ եզրահանգման։ Մասնավորապես՝ Ա․Փիլոսյանը ձերբակալվել է հետաքննության մարմնի նախաձեռնությամբ՝ նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում, մինչդեռ, քննարկվող հարցի շրջանակներում վերաբերելի իրավանորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ քրեական վարույթ նախաձեռնված լինելու դեպքում անձի ձերբակալումը կարող է կատարվել բացառապես քննիչի որոշման հիման վրա՝ մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով։ Տվյալ դեպքում, հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման բովանդակությունից ակներև է, որ մեղադրանքի փաստական հիմքն ուղղակիորեն բխում է մինչև Ա․Փիլոսյանի ձերբակալվելը ձեռքբերված ապացույցներից, այսինքն, Ա․Փիլոսյանի ձերբակալմանը նախորդող ժամանակահատվածում առկա փաստակազմը բավարար էր գնահատելու Ա․Փիլոսյանի մեղադրյալ հանդիսանալու հարցը։
Վերոշարադրյալ հիմնավորումներով բողոքի հեղինակը գտել է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ա․Փիլոսյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ։
5․1․ Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ հիմնավոր կասկածի առկայության և ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հավանականության մասին ստորադաս դատարանների հետևությունները ևս իրավաչափ չեն։ Միևնույն ժամանակ, բողոքի հեղինակը նշել է, որ սույն վարույթի փաստական հանգամանքները ողջամտորեն վկայում են, որ կալանքին այլընտրանք խափանման միջոց տնային կալանքն առանձին կամ գրավի հետ համակցված ի զորու է երաշխավորելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումն ու կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ ոչ իրավաչափ ճանաչել Ա․Փիլոսյանի ձերբակալումը և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժել կամ կալանքի փոխարեն կիրառել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը՝ գրավի հետ համակցված։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7․ Թիվ 11-0027-23 քրեական վարույթը նախաձեռնելու առիթ հանդիսացած, 2023 թվականի սեպտեմբերի 10-ին ներկայացված, առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ «(․․․) [Ա]նչափահաս դուստրը (․․․) [2023 թվականի սեպտեմբերի 9-ին՝] երեկոյան իրեն պատմել է, որ [նույն թվականի օգոստոսի 16-ին՝] Իմպերիա հյուրանոցում իր գեղանկարչության կրկնուսույց Արտակ Փիլոսյանը փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ»1։
7․1․ Կամովին ներկայանալու մասին արձանագրության պատճենի համաձայն՝ «(․․․) [Տ]արված բացատրական աշխատանքների արդյունքում, 2023 [թվականի] սեպտեմբերի 12-ին, Արտակ Խաչատուրի Փիլոսյանը (․․․) ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժին։
Արտակ Խաչատուրի Փիլոսյանը ներկայացել է 10․09․2023 [թվականից] ՀՀ [քրեական օրենսգրքի] 200-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում»2։
7․2․ Ձերբակալման արձանագրության պատճենի համաձայն՝ Ա․Փիլոսյանը ձերբակալվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով։ Որպես անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալման հիմնավորում նշվել է, որ բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելուց անմիջապես հետո և ականատեսն ուղղակի մատնանշել է որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի3։
Ձերբակալման որոշման պատճենի համաձայն՝ «(․․․) [Ա]կանատեսն ուղղակի մատնանշում է Արտակ Փիլոսյանին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի, այսինքն՝ առկա են վերջինիս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալելու հիմքերը»4։
8․ Արտակ Փիլոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ու նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ նա. «(․․․) [Հ]անդիսանալով Թերլեմեզյանի անվան քոլեջի մոտ՝ Երևան քաղաքի Արշակունյաց 39/4-րդ հասցեում գտնվող գեղանկարչության արվեստանոցի կրկնուսույց, 2023 թվականի ապրիլի 30-ին, մայիսի 7-ին, հունիսի 23-ին և հուլիսի 20-ին նույն արվեստանոցում չորս անգամ ոչ բնական ճանապարհով սեռական բնույթի գործողություններ է կատարել իր աշակերտուհու՝ 16 տարին չլրացած՝ 2008թ.-ի հունվարի 25-ին ծնված (․․․) նկատմամբ, այն է՝ վերջինս բերանային սեռական հարաբերություն է ունեցել Արտակ Փիլոսյանի հետ:
Բացի այդ, 2023թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սևանի փողոցի 67/3-րդ հասցեում գտնվող «Իմպերիա» հյուրանոցային համարի 206-րդ սենյակում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 16 տարին չլրացած՝ [անձի] նկատմամբ, այն է՝ վերջինս բերանային սեռական հարաբերություն է ունեցել Արտակ Փիլոսյանի հետ, ապա Արտակ Փիլոսյանը բնական ճանապարհով հեշտոցային սեռական հարաբերություն է ունեցել [անչափահասի] հետ՝ ասելով, որ նա այլևս կույս չէ, իսկ վերջում սերմնաժայթքել է նրա մարմնի վրա»5։
9․ Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(․․․) [Ա]նդրադառնալով Արտակ Փիլոսյանին ձերբակալելու իրավաչափությանը՝ [Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ այն կատարվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում, որպիսի պայմաններում Քննիչի կողմից [Առաջին ատյանի դ]ատարան ներկայացված նյութերով հիմնավորվում է Արտակ Փիլոսյանի ձերբակալման իրավաչափ լինելու հանգամանքը: [Առաջին ատյանի դ]ատարանի գնահատմամբ՝ Արտակ Փիլոսյանի ձերբակալումն ընդհանուր առմամբ իրականացվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված պայմանների պահպանմամբ և չի հանգեցրել Արտակ Փիլոսյանի իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակմանը։
(․․․)
[Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Արտակ Փիլոսյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցանքի կատարմանը:
(․․․)
[Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ վարույթի տվյալ փուլում ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, մասնավորապես՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը բարձր է։
(․․․)
Ամփոփելով վերոգրյալը՝ [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից պատշաճորեն հիմնավոր[վ]ել է մեղադրյալի նկատմամբ կալանք խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը և անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ առկա են բավարար փաստական տվյալներ, (․․․)»6։
10․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը․ «(․․․) [Ա]նդրադառնալով, Արտակ Խաչատուրի Փիլոսյանին ձերբակալելիս անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությանը, ապա հարկ է նշել, որ առկա պայմաններում, այն եղել է ակնհայտ:
Նշվածի համատեքստում, հարկ է նկատել նաև, որ արծածվող հարցի առնչությամբ, ըստ էության պահպանվել են վերաբերելի իրավակարգավորումների պահանջները, ինչպես նաև դատական գործում առկա ձերբակալման հիշյալ որոշմամբ տեղ գտած վարույթն իրականացնող մարմնի եզրահանգումները համապատասխանում են նրա կողմից ձեռք բերված փաստական տվյալների ամբողջությանը:
Հետևաբար` [Առաջին ատյանի դ]ատարանն ըստ էության ճիշտ հետևության է [հանգել] Արտակ Խաչատուրի Փիլոսյանի ձերբակալումն իրավաչափ լինելու հարցում, որի հետ, տրված լուծման իրավաչափության իմաստով, չհամաձայնելու իրավաչափ հիմքեր չկան:
(․․․)
Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ, կալանավորման իրավաչափության, ինչպես նաև միջնորդվող խափանման միջոցի կիրառման անհրաժեշտության առկայության առնչությամբ վիճարկվող դատական ակտում վկայակոչված փաստարկները (վարույթի տվյալ փուլում) ինքնին բավարար են` միջնորդություն ներկայացրած անձի կողմից նշված խափանման միջոցը կիրառելու իրավաչափության իմաստով, վերը նշված վտանգի մեծ հավանականության և առկա պայմաններում այլ այլընտրանքային խափանման միջոցի կամ միջոցների համակցության կիրառմամբ դրանք չեզոքացնելն ի զորու չլինելու վերաբերյալ ողջամիտ հետևության հանգելու համար»7։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ա․Փիլոսյանին ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ եղել է անմիջականորեն ծագած։
12․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ձերբակալումը կարող է կիրառվել՝
1) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում.
2) ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար.
3) խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի նկատմամբ»:
Մեջբերված նորմի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ձերբակալման եղանակով սահմանադրորեն երաշխավորված` անձնական ազատության իրավունքը սահմանափակելու երեք ինքնավար կառուցակարգ․ ձերբակալման կառուցակարգերից մեկն էլ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալումն է։
12․1․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կարող է ձերբակալվել, եթե՝
1) նա բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.
2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի.
3) տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում, ներառյալ տրանսպորտային միջոցում, հայտնաբերվել են քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր.
4) առկա են հանցանքի կատարմանը անձի առնչությունը հաստատող այլ հիմքեր, և միաժամանակ նա դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտական վայր, կամ նրա ինքնությունը պարզված չէ»։
Այսպես, մեջբերված քրեադատավարական նորմում թվարկվում են այն դեպքերը, որոնց առկայության պարագայում անձը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, կարող է ձերբակալվել: Վճռաբեկ դատարանը, ձերբակալման քննարկվող կառուցակարգի մեկնաբանման ու կիրառման կապակցությամբ ձևավորված նախադեպային իրավունքում սահմանազատելով դրա գործադրման դեպքերը, արձանագրել է, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալման կառուցակարգի հիմքում դրված է հանցագործության կանխման և խափանման in flangranti delicto (անձին ենթադրյալ հանցագործությունը կատարելու պահին (տաք հետքերով) բռնելու) սկզբունքը․ կիրառելի է ակնհայտության պայմաններում կատարվող հանցագործությունների դեպքում կամ արտաքին հանցանշաններով (բացահայտ հետքերով) ու նպատակ է հետապնդում կանխել և խափանել ենթադրյալ հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո փախուստն ու ապահովել հետագա քրեադատավարական հարաբերությունների զարգացումը։ Նման իրավիճակները, որպես կանոն, լինում են այն դեպքերում, երբ օրինակ՝ ոստիկանությունն իրականացնում է օրենքով նախատեսված գործառույթները և տեղում «ֆիզիկապես» բախվում է ենթադրյալ հանցանքի ու այն կատարող անձի հետ և արձագանքում քրեական օրենքի խախտման փաստին:
Վերոգրյալով փոխկապակցված, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պարագայում ձերբակալումը կիրառվում է այն դեպքում, երբ ենթադրյալ հանցանքի փաստական հանգամանքները (օբյեկտիվ կողմի հատկանիշները) և այն կատարող անձն իրավասու մարմնին հայտնի են դառնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված իրավիճակներից որևէ մեկի ակնհայտ առկայության դեպքում, այսինքն, ակնհայտ անմիջականորեն: «Հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» ծագման անմիջականության ակնհայտությունը որոշելու համար գնահատման են ենթակա օրենսդրի կողմից սահմանված, միմյանց հետ փոխկապակցված՝ ժամանակային ու հանցանքի արտաքին դրսևորման գործոնները։
Առաջինը ենթադրում է հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը հաստատող փաստական իրավիճակի ի հայտ գալու և անձին ազատությունից զրկելու միջև ժամանակային խզման բացակայություն, օրինակ՝ բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս, կամ ժամանակային խզման աննշան լինելը, օրինակ՝ բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելուց անմիջապես հետո կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ու 3-րդ կետերով սահմանված իրավիճակները։ Վերջին դեպքում թեև ձերբակալում իրականացնող պաշտոնատար անձն անմիջականորեն չի հետևում ենթադրյալ հանցանքի կատարման փաստական հանգամանքներին, սակայն դրանից անմիջապես հետո («կարճ ժամանակի հայեցակարգ») հայտնաբերում է ենթադրյալ հանցանքը կատարողին կամ ենթադրյալ հանցանքին նրա առնչության մասին վկայող բացահայտ հետքեր:
Հանցանքի արտաքին դրսևորման գործոնը ենթադրում է, որ ձերբակալումն իրականացվում է ենթադրյալ հանցանքի արտաքին հանցանշանների (բացահայտ հետքերի) հիման վրա (indices apparents): Այս գործոնը կապված է կոնկրետ հանցանքի բնույթի և կատարման փաստական հանգամանքների հետ (օբյեկտիվ կողմի հատկանիշների), քանի որ միայն ակնհայտության պայմաններում կատարված հանցագործությունների դեպքում է, որ ոստիկանության աշխատակիցները քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանն արձագանքում են անմիջապես:
Քննարկվող երկու գործոնների միաժամանակյա առկայության դեպքում է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով իրականացված ձերբակալումը կարող է համարվել իրավաչափ, դրանցից մեկի բացակայությունը ձերբակալումը դարձնում է ոչ իրավաչափ դրանից բխող հետևանքներով:
12․2․ Ամփոփելով ձերբակալման ինստիտուտի քննարկվող կառուցակարգի էությունը բացահայտող մեկնաբանությունները, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձերբակալման այս տեսակն այն բացառիկ դատավարական միջոցն է, որը որպես կանոն կիրառվում է մինչև քրեական վարույթ նախաձեռնելն ու բացառապես ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի աշխատակցի կողմից սեփական նախաձեռնությամբ (առանց քննիչի որոշման կամ հանձնարարության)։ Այլ խոսքով՝ նախաձեռնված քրեական վարույթի դեպքում, երբ իրականացվում է կոնկրետ դեպքի հանգամանքների վերաբերյալ նախաքննություն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալման կիրառում, որպես կանոն, հնարավոր չէ։
Վերոգրյալի հետ մեկտեղ, որպես խախտված իրավունքի պաշտպանության միջոց, և ընդհանրապես՝ ոչ իրավաչափ ձերբակալումը կանխիչ նշանակություն ունեցող օրենսդրական կարգավորում, Վճռաբեկ դատարանը մատնանշել է, որ հիմնավոր կասկածի անմիջականորեն ծագած լինելու հանգամանքը ենթակա է պարտադիր ստուգման դատարանի կողմից՝ խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելիս ու եթե դատարանը հանգում է հետևության, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած, մերժում է խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը8:
13․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- 2023 թվականի սեպտեմբերի 10-ին ստացված հաղորդմամբ ներկայացված առերևույթ հանցանքի փաստական նկարագրության համաձայն՝ նույն թվականի օգոստոսի 16-ին՝ «Իմպերիա» հյուրանոցում, գեղանկարչության կրկնուսույց Ա․Փիլոսյանը, փոխադարձ համաձայնությամբ, ենթադրաբար սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս անձի հետ9,
- հաղորդմամբ փաստվող հիշյալ ենթադրյալ դեպքին տրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական և 2023 թվականի սեպտեմբերի 10-ին նախաձեռնվել է թիվ 11-0027-23 քրեական վարույթը10,
- կամովին ներկայանալու մասին արձանագրությամբ նշվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, նույն թվականի սեպտեմբերի 12-ին, Ա․Փիլոսյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համապատասխան բաժին11,
- նույն օրն Ա․Փիլոսյանը ձերբակալվել է12։ Ըստ ձերբակալման որոշման ու դրա բաղկացուցիչ մասը կազմող ձերբակալման արձանագրության՝ Ա․Փիլոսյանը ձերբակալվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով13,
- 2023 թվականի սեպտեմբերի 13-ին Ա․Փիլոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն արարքի համար, որ նա, հանդիսանալով 18 տարին լրացած անձ, սեռական հարաբերություն ու սեքսուալ բնույթի այլ գործողություններ է կատարել 16 տարին չլրացած անձի նկատմամբ14,
- Առաջին ատյանի դատարանը, Ա․Փիլոսյանի կալանավորման հարցը քննարկելիս, արձանագրել է, որ ձերբակալումն իրականացվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում, որպիսի պայմաններում ներկայացված նյութերով հաստատվում է Ա․Փիլոսյանի ձերբակալման իրավաչափ լինելը։ Ըստ դատարանի՝ ձերբակալումն ընդհանուր առմամբ կատարվել է առաջադրվող իրավաչափության պայմանների պահպանմամբ։ Վերոգրյալի հետ մեկտեղ, Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրյալ Ա․Փիլոսյանի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը և ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հավանականությունը15,
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ձերբակալման իրավաչափության հարցում ստորադաս դատարանը հանգել է ճիշտ հետևության, քանի որ Ա․Փիլոսյանին ձերբակալելիս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությունը եղել է ակնհայտ16։
14․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12․1-12.2-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա․Փիլոսյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ հետևության հանգելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել ստորև նշված հանգամանքները:
Այսպես, Ա․Փիլոսյանի կողմից ենթադրյալ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությունը որոշող առաջնային հանգամանքը՝ 2023 թվականի սեպտեմբերի 10-ին ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումն է, որով փաստվող ենթադրյալ դեպքին տրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական ու 2023 թվականի սեպտեմբերի 10-ին նախաձեռնվել է թիվ 11-0027-23 քրեական վարույթը, և նույն թվականի սեպտեմբերի 12-ին Ա․Փիլոսյանը ձերբակալվել է։
Վերոգրյալ փաստական հանգամանքները միմյանց հետ կապված բավարար են արձանագրելու, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ա․Փիլոսյանին ձերբակալելով, խախտվել է ձերբակալման այդ տեսակի կիրառման իրավաչափությանը ներկայացված ու Ալբերտ Հովհաննիսյանի որոշմամբ մատնանշված՝ անմիջականության ակնհայտության պարտադիր պահանջը, քանի որ ենթադրյալ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի ակնհայտ առաջացման և ձերբակալման միջև առկա ժամանակային խզումը չի կարող համարվել աննշան՝ նկատի ունենալով, որ ձերբակալումն անմիջապես չի հաջորդել Ա․Փիլոսյանի կողմից ենթադրյալ հանցանքի կատարման մասին տեղեկատվության ձեռքբերմանը։
Միաժամանակ, որն առավել առանցքային է, ձերբակալումն իրականացվել է ոչ թե ենթադրյալ հանցանքի արտաքին հանցանշանների (բացահայտ հետքերի) հիման վրա, այլ Ա․Փիլոսյանին վերագրվող՝ ենթադրյալ հանցանքի փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում, երբ առերևույթ հանցանքի փաստը քննության առարկա էր։ Այս առումով հարկ է նկատել, որ նախքան ազատությունից փաստացի զրկվելը, Ա․Փիլոսյանը կամովին ներկայացել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համապատասխան բաժին, հետաքննության մարմինն իր հերթին արձանագրել է, որ վերջինս ինքնակամ ներկայացել է թիվ 11-0027-23 քրեական վարույթի շրջանակներում, այսինքն, սեփական նախաձեռնությամբ ձերբակալումն իրականացնող պաշտոնատար անձին ակնհայտ է եղել, որ ձերբակալումն իրականացվում է նախաձեռնված վարույթի պայմաններում և կապված է այդ վարույթի առարկայի հետ։
Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ Ա․Փիլոսյանին ազատությունից փաստացի զրկելու հիշյալ պայմանները չեն համընկնում Ալբերտ Հովհաննիսյանի գործով որոշմամբ նշված այն իրադրությունը, երբ ձերբակալման քննարկվող տեսակը կարող է կիրառվել նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում17։
15․ Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաձեռնված քրեական վարույթի դեպքում, երբ իրականացվում է Ա․Փիլոսյանին վերագրվող ենթադրյալ արարքի հանգամանքների վերաբերյալ նախաքննություն, ձերբակալման ինստիտուտի քննարկվող կառուցակարգով Ա․Փիլոսյանը չէր կարող ձերբակալվել՝ նկատի ունենալով, որ նրան ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած։ Հետևաբար, հակառակի վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունն իրավաչափ չէ։
Հաշվի առնելով, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալման ոչ իրավաչափ լինելը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի իմաստով, ինքնին բացառում է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարելու հնարավորությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5․1-րդ կետում շարադրված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է։
Ինչ վերաբերում է նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում բացառապես քննիչի որոշման հիման վրա անձին ձերբակալելու հնարավորության մասին բողոքի հեղինակի պնդմանը՝ հարկ է նշել, որ նախաձեռնված քրեական վարույթի դեպքում հետաքննության մարմնի նախաձեռնությամբ անձին ձերբակալելու հնարավորությանն անդրադարձ է կատարվել Ալբերտ Հովհաննիսյանի գործով որոշմամբ18։
16․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ ու 288-րդ հոդվածների խախտում, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտման, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի և 288-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ու Ա․Փիլոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու համար։
Սակայն, հաշվի առնելով սույն որոշումը կայացնելու պահին Ա․Փիլոսյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ կիրառված կալանքի ժամկետը լրացած լինելը, ինչպես նաև այն, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2024 թվականի մարտի 4-ի դատավճռով Ա․Փիլոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով 2023 թվականի սեպտեմբերի 12-ից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու իրավական հնարավորությունը բացակայում է, հետևաբար Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետք է ճանաչել Ա․Փիլոսյանի իրավունքի խախտման փաստը, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա վերջինին պարզաբանել, որ ոչ իրավաչափ ձերբակալման հետևանքով ունի ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով հատուցում ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք։
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ճանաչել մեղադրյալ Արտակ Խաչատուրի Փիլոսյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստն ու նրան պարզաբանել քաղաքացիական դատավարության կարգով հատուցման պահանջ ներկայացնելու իրավունքը:
2․ Մեղադրյալ Արտակ Խաչատուրի Փիլոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_______________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 9-11։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 18։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 19-20։
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 23-24։
5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 31-32։
6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 58-74։
7 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 35-54։
8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ալբերտ Հովհաննիսյանի գործով 2024 թվականի հունվարի 18-ի թիվ ՀԿԴ/0188/06/23 որոշումը։
9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
10 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
11 Տե՛ս սույն որոշման 7․1-րդ կետը:
12 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
13 Տե՛ս սույն որոշման 7․2-րդ կետը:
14 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
15 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
16 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
17 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ալբերտ Հովհաննիսյանի գործով 2024 թվականի հունվարի 18-ի թիվ ՀԿԴ/0188/06/23 որոշումը։
18 Տե՛ս նույն տեղում։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. Ավետիսյան Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական: