Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-69-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (26.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.16/26(760) Հոդ.650
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
18.05.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.06.2010
Дата вступления в силу
26.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի մայիսի 18-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 60-րդ հոդվածի 1-ին կետը «գույքով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 6-րդ կետում «և ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «, ապահովագրական ընկերությունների և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված Բյուրոյի» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 189-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

 

«6. Պայմանագրային ֆոնդի ակտիվների նկատմամբ ֆոնդի մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականության հարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:»:

 

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1-րդ գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  52.1.  Ֆ Ո Ն Դ Ի  Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Մ Ը

 

Հոդված 968.1. Ֆոնդի կառավարման պայմանագիրը

 

1. Ֆոնդի կառավարման պայմանագրով մեկ կողմը (ֆոնդի մասնակիցը) մյուս կողմի (ֆոնդի կառավարչի) հրապարակած ֆոնդի կանոնների համաձայն` դրամական միջոցներ է տրամադրում նրան, իսկ մյուս կողմը պարտավորվում է համապատասխան վճարի դիմաց միավորել այդ միջոցները համապատասխան ֆոնդի միջոցներին և կառավարել ֆոնդը օրենքին, այլ իրավական ակտերին և ֆոնդի կանոններին համապատասխան:

2. Ֆոնդը միասնական կանոնների ներքո միավորված և սույն գլխով նախատեսված իրավական ռեժիմով օժտված ակտիվների համախումբ է:

3. Օրենքին համապատասխան` ֆոնդը կարող է բաժանվել առանձին ակտիվների համախմբերի (ենթաֆոնդ), որոնք ունեն գործունեության միասնական կանոններ և միմյանցից տարբերվում են իրենց ներդրումային քաղաքականությամբ, եկամուտների բաշխման քաղաքականությամբ, ֆոնդի փայերի տեղաբաշխման և (կամ) հետգնման վճարներով, իրենց ակտիվների արժույթով, կառավարչի պարգևավճարով կամ դրանց համակցությամբ:

4. Ֆոնդում դրամական միջոցների ներդրմամբ դադարում է ֆոնդի մասնակցի սեփականության իրավունքն այդ միջոցների նկատմամբ, և նա ձեռք է բերում ընդհանուր բաժնային սեփականության իրավունք ֆոնդի (ենթաֆոնդի) բոլոր ակտիվների նկատմամբ` իր ներդրմանը համապատասխան որոշվող բաժնեմասով:

5. Ֆոնդի կառավարիչը ֆոնդը կառավարում է ֆոնդի ակտիվները հավաքագրելու, այդ ակտիվները ֆոնդի կանոններին համապատասխան և ի շահ մասնակիցների արժեթղթերում և (կամ) այլ գույքում ներդնելու, այդ ներդրումների արդյունքում ձևավորված եկամուտը օրենքով և ֆոնդի կանոններով սահմանված կարգով և պայմաններով ֆոնդի մասնակիցների միջև բաշխելու, ինչպես նաև դրանց հետ կապված այլ իրավաբանական և փաստացի գործողություններ իրականացնելու միջոցով:

6. Ֆոնդի կառավարիչը ֆոնդի կառավարման հետ կապված գործարքները կնքում է իր անունից` նշելով, որ ինքը գործում է որպես տվյալ ֆոնդի (դրա ենթաֆոնդի) կառավարիչ, և որ այդ գործարքներով իր ստանձնած պարտավորությունները կատարվում են բացառապես տվյալ ֆոնդի (դրա ենթաֆոնդի) ակտիվների հաշվին: Սույն կետով նախատեսված նշումը կատարվում է կնքվող գործարքի ձևին համապատասխան եղանակով:

7. Սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված նշման բացակայության դեպքում ֆոնդի կառավարչի կնքած գործարքները երրորդ անձանց համար դիտվում են որպես ֆոնդի կառավարման հետ չկապված, որոնցով ստանձնած պարտավորությունների նկատմամբ չեն տարածվում սույն օրենսգրքի 968.7 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դրույթները:

 

Հոդված 968.2. Ֆոնդի կառավարման օբյեկտը

 

1. Ֆոնդի ակտիվներն են ֆոնդի մասնակիցների կողմից ներդրված (իսկ սույն օրենսգրքի 968.12 հոդվածով նախատեսված ֆոնդերի դեպքում` ֆոնդի կառավարչի կողմից օրենքով նախատեսված այլ կարգով հավաքագրված) դրամական միջոցները, այն ակտիվները, որոնցում ներդրվել են այդ միջոցները և կառավարման արդյունքում ստացված եկամուտները:

2. Ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվները ֆոնդի մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականությունն են: Ընդ որում, ֆոնդի մասնակցի` ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակվում է այդ իրավունքը հավաստող իրեն պատկանող ֆոնդի փայի օտարման և իրավահաջորդության կարգով փոխանցելու, ֆոնդի ակտիվների կառավարման արդյունքում ստացված եկամուտներից շահաբաժիններ ստանալու, ֆոնդի դադարման դեպքում ֆոնդի ակտիվներից իր մասնաբաժինն ստանալու, ինչպես նաև օրենքով կամ ֆոնդի կանոններով նախատեսված դեպքերում ֆոնդի ակտիվների կառավարմանն առնչվող հարցերով որոշումներ կայացնելուն մասնակցելու իրավունքներով:

3. Օրենքով և այլ իրավական ակտերով կարող են պահանջներ սահմանվել ֆոնդերի (ենթաֆոնդերի) համար:

 

Հոդված 968.3. Ֆոնդի մասնակիցը

 

Ֆոնդի մասնակիցը ֆոնդի փայը ձեռք բերած անձն է:

 

Հոդված 968.4. Ֆոնդի կանոնները

 

1. Ֆոնդի կանոններն այն պայմաններն են, որոնց համապատասխան կնքվում են տվյալ ֆոնդի կառավարման պայմանագրերը: Սույն կետով նախատեսված պայմանները միասնական են տվյալ ֆոնդի բոլոր մասնակիցների համար, և ֆոնդի կառավարման պայմանագրով չեն կարող սահմանվել լրացուցիչ այլ պայմաններ: Ֆոնդի կանոններով նախատեսվում են իր կազմում առկա ենթաֆոնդերի ներդրումային քաղաքականության, եկամուտների բաշխման քաղաքականության, ֆոնդի փայերի տեղաբաշխման և (կամ) հետգնման վճարների, ենթաֆոնդերի ակտիվների արժույթի, կառավարչի պարգևավճարի առանձնահատկությունները (առկայության դեպքում):

2. Ֆոնդի կանոնները առնվազն ներառում են նաև`

1) ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, ներառյալ՝ ներդրումների ուղղությունները, սահմանաչափերը և այլ յուրահատուկ (աշխարհագրական, ճյուղային և այլն) սահմանափակումները.

2) ֆոնդի փայերի թողարկման, տեղաբաշխման և հետգնման կարգը և պայմանները (ներառյալ` դրանց տեղաբաշխման և (կամ) հետգնման համար գանձվող վճարները (հավելատոկոսներ, զեղչատոկոսներ), ինչպես նաև հետգնման ու հետգնման կասեցման դեպքերը և ժամկետները).

3) ֆոնդի եկամուտների բաշխման քաղաքականությունը, կարգը և պայմանները.

4) ֆոնդի կառավարչին վճարվող պարգևավճարների և այլ վճարների տեսակները, չափը և հաշվարկման կարգը.

5) ֆոնդի փայի հաշվարկային արժեքի, ինչպես նաև տեղաբաշխման և հետգնման (մարման) գների որոշման և ֆոնդի մասնակիցների տեղեկացման կարգն ու ժամկետները.

6) ֆոնդի ակտիվների գնահատման և ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը.

7) ֆոնդի կառավարման այն գործառույթների ցանկը, որոնք կարող են պատվիրակվել երրորդ անձի (նման հնարավորության նախատեսման դեպքում):

3. Սույն օրենսգրքի 968.12 հոդվածով նախատեսված ֆոնդերի կանոնների նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, և դրանցում ներառման ենթակա պայմանները սահմանվում են օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով: Այդ ֆոնդերի կանոնների հիման վրա ֆոնդի կառավարման պայմանագրեր չեն կնքվում:

 

Հոդված 968.5. Ֆոնդի կառավարման պայմանագրի ձևը

 

Ֆոնդի կառավարման պայմանագիրը կնքվում է ֆոնդի մասնակցի կողմից ֆոնդի փայի ձեռքբերմամբ:

 

Հոդված 968.6. Ֆոնդի ակտիվների առանձնացումը

 

1. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել իր սեփական ակտիվների և իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի ակտիվների, ինչպես նաև տարբեր ենթաֆոնդերի ակտիվների առանձնացված կառավարում և առանձնացված հաշվառում:

2. Ֆոնդի ակտիվները կարող են օգտագործվել բացառապես տվյալ ֆոնդի կառավարման նպատակով:

3. Ֆոնդի ակտիվները չեն կարող բռնագանձվել ֆոնդի կառավարչի պարտավորությունների դիմաց, բացառությամբ այն գործարքներով ստանձնած պարտավորությունների, որոնք կապված են ֆոնդի կառավարման հետ և կնքվել են սույն օրենսգրքի 968.1 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով:

4. Ֆոնդի մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում արգելվում է ֆոնդում նրա մասնաբաժնի առանձնացման պահանջի ներկայացումը: Սույն կետով նախատեսված դեպքում ֆոնդի մասնակցի պարտավորությունների դիմաց կարող է բռնագանձում տարածվել նրան պատկանող ֆոնդի փայի (փայերի) նկատմամբ՝ այդ փայի հաշվարկային արժեքի և ֆոնդի մասնակցի պարտավորության տարբերության փոխհատուցման պայմանով՝ հանելով ֆոնդի փայի իրացման, ներառյալ` հետգնման ներկայացման հետ կապված ծախսերը:

 

Հոդված 968.7. Ֆոնդի կառավարչի իրավունքները և պարտականությունները

 

1. Ֆոնդի կառավարիչը ֆոնդի ակտիվների անվանատերն է, որի անունով են առանձնացված հաշվառվում և գրանցվում այդ ակտիվներով ձեռք բերված արժեթղթերը և այլ գույքն ու դրա նկատմամբ իրավունքները` առանց այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման:

2. Ֆոնդի կառավարման հետ կապված գործողությունների հետևանքով ֆոնդի կառավարչի ձեռք բերած գույքը և այլ իրավունքները ներառվում են ֆոնդի ակտիվների կազմում: Սույն կետով նախատեսված գործողությունների հետևանքով առաջացած պարտականությունները կատարվում են բացառապես ֆոնդի ակտիվների հաշվին, բացառությամբ սույն օրենսգրքի 968.9 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:

3. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է`

1) ֆոնդի կառավարման իր պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով ֆոնդի մասնակիցների շահերից, իրականացնել իր իրավունքները և կատարել իր պարտականությունները բարեխղճորեն ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն).

2) ձեռնպահ մնալ իր և ֆոնդի մասնակիցների միջև շահերի բախման առարկա համարվող գործարքների կնքումից՝ դրա անհնարինության դեպքում նախապատվությունը տալով վերջինների շահերին.

3) իր գործունեության իրականացման ընթացքում ձեռնարկել բավարար միջոցներ իր և ֆոնդի մասնակիցների, ինչպես նաև վերջինների և իր այլ հաճախորդների միջև շահերի հնարավոր բախումները կանխելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ դրանք նվազեցնելու համար:

4. Ֆոնդի կառավարիչը իր կողմից կառավարվող ֆոնդի կառավարման համար խոչընդոտներ առաջանալու դեպքում պարտավոր է պահանջել վերացնել դրանք (274, 275, 277 և 278 հոդվածներ): Ընդ որում, սույն կետով նախատեսված խոչընդոտների վերացման հետ կապված ֆոնդի կառավարչի ստացած հատուցումները ներառվում են ֆոնդի ակտիվների կազմում:

5. Ֆոնդի կառավարիչը օրենքով, այլ իրավական ակտերով և (կամ) ֆոնդի կանոններով սահմանված կարգով և ժամկետներում ֆոնդի և դրա կառավարման հետ կապված գործողությունների մասին հաշվետվություն է ներկայացնում ֆոնդի մասնակիցներին:

6. Օրենքով ֆոնդի կառավարչին կարող են ներկայացվել պահանջներ և նրանց համար սահմանվել լրացուցիչ պարտականություններ:

 

Հոդված 968.8. Ֆոնդի կառավարման գործառույթների պատվիրակումը

 

Ֆոնդի կառավարիչը կարող է ֆոնդի կառավարման գործառույթների մի մասը պատվիրակել երրորդ անձին` առավել արդյունավետ կառավարման նպատակով, եթե այդպիսի հնարավորություն նախատեսված է ֆոնդի կանոններով: Այդ դեպքում ֆոնդի կառավարիչը շարունակում է պատասխանատվություն կրել պատվիրակված գործառույթները պատշաճ կերպով և բարեխղճորեն իրականացնելու համար:

 

Հոդված 968.9. Ֆոնդի կառավարչի պատասխանատվությունը

 

1. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է հատուցել ֆոնդի կառավարման համար օրենքով, այլ իրավական ակտերով և (կամ) ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով, ներառյալ` ֆիդուցիար պարտականությունների խախտման հետևանքով ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասը, ինչպես նաև բաց թողնված օգուտը, եթե չի ապացուցում, որ նշված խախտումը հետևանք է անհաղթահարելի ուժի: Սույն կետով նախատեսված դեպքում ֆոնդի կառավարչի տված հատուցումները ներառվում են ֆոնդի ակտիվների կազմում:

2. Ֆոնդի կանոնների խախտմամբ կնքված գործարքով պարտավորությունները կատարվում են ֆոնդի կառավարչի հաշվին: Եթե գործարքին մասնակցող երրորդ անձինք չգիտեին և չպետք է իմանային նշված խախտման մասին, ապա սույն օրենսգրքի 968.1 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով կնքված գործարքից ծագած պարտավորությունները կատարվում են ֆոնդի ակտիվների հաշվին, իսկ դրանց անբավարար լինելու դեպքում` ֆոնդի կառավարչի հաշվին: Այդ դեպքում ֆոնդի մասնակիցները, իսկ օրենքով նախատեսված դեպքում նաև այլ անձինք ձեռք են բերում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ֆոնդի ակտիվների կազմում ներառման ենթակա հատուցում պահանջելու իրավունք:

3. Եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ, ապա ֆոնդի կառավարման կապակցությամբ ծագած պարտավորությունների մարման համար ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում բռնագանձումը կարող է տարածվել ֆոնդի կառավարչի գույքի վրա միայն վերջինիս կողմից համապատասխան գործարքով իր պարտականությունների կատարման ժամանակ անբարեխղճություն կամ ոչ պատշաճ ողջախոհություն դրսևորելու դեպքում:

 

Հոդված 968.10. Ֆոնդի կառավարման պայմանագրի փոփոխումը

 

1. Ֆոնդի կառավարման պայմանագիրը փոփոխվում է ֆոնդի կանոնների փոփոխության միջոցով:

2. Ֆոնդի կանոնների փոփոխությունն իրականացնում է ֆոնդի կառավարիչը` ֆոնդի մասնակիցների առնվազն մեծամասնության համաձայնությամբ: Ընդ որում, ֆոնդի կանոնների` իր իրավունքների սահմանափակմանը հանգեցնող փոփոխության կամ այլ էական փոփոխության համար իր համաձայնությունը չտված ֆոնդի մասնակիցն իրավունք ունի ողջամիտ ժամկետում լուծելու ֆոնդի կառավարման պայմանագիրը:

3. Ֆոնդի մասնակցի պահանջով դատարանի վճռի հիման վրա ֆոնդի կառավարման պայմանագիրը կարող է փոփոխվել ֆոնդի կառավարչի փոփոխության ձևով վերջինիս կողմից օրենքով, այլ իրավական ակտերով կամ ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունների էական խախտման դեպքում:

 

Հոդված 968.11. Ֆոնդի կառավարման պայմանագրի դադարումը

 

1. Ֆոնդի կառավարման պայմանագիրը դադարում է որպես հետևանք`

1) ֆոնդի փայի օտարման, ներառյալ` հետգնման (ֆոնդի կառավարման պայմանագրի լուծում).

2) ֆոնդի դադարեցման:

2. Ֆոնդը դադարեցվում է հետևյալ դեպքերում.

1) երբ լրացել է ֆոնդի կանոններով նախատեսված դրա գործելու ժամկետը.

2) երբ լուծարման, մահվան կամ օրենքով կամ ֆոնդի կանոններով նախատեսված այլ հիմքերով ֆոնդի կառավարումն իրականացնող անձն ազատվել է ֆոնդի կառավարման պարտականություններն իրականացնելուց և չի փոխարինվել այլ անձով.

3) օրենքով և ֆոնդի կանոններով նախատեսված այլ դեպքերում:

3. Ֆոնդի դադարեցումը իրականացվում է այնպիսի ժամկետներում (առնվազն երկու ամսվա ընթացքում) և այնպիսի կարգով (համապատասխան հրապարակայնության ապահովմամբ), որ ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով պարտատերերը իրական հնարավորություն ունենան այդ գործարքներով իրենց պահանջները ներկայացնելու ֆոնդի ակտիվների նկատմամբ: Ֆոնդի դադարեցումից հետո ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով պարտատերերը նշված գործարքներով իրենց պահանջները կարող են ներկայացնել ֆոնդի կառավարչի գույքի նկատմամբ միայն այն դեպքում, եթե վերջինս չի ապահովել ֆոնդի դադարեցման կարգի նկատմամբ սույն կետով նախատեսված պահանջները:

4. Ֆոնդի դադարեցման հիմքով ֆոնդի կառավարման պայմանագրի դադարման դեպքում ֆոնդի կառավարման արդյունքում առաջացած բոլոր պահանջները սույն գլխով նախատեսված կարգով ֆոնդի ակտիվների հաշվին կատարվելուց հետո ֆոնդի (ենթաֆոնդի) մնացած ակտիվները բաշխվում են ֆոնդի (տվյալ ենթաֆոնդի) մասնակիցների միջև ֆոնդում նրանց մասնակցության չափին համամասնորեն:

 

Հոդված 968.12. Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդերը

 

1. Ֆոնդի ստեղծումը կարող է նախատեսվել նաև օրենքով: Ընդ որում, օրենքով կարող է նախատեսվել, որ այդ ֆոնդում ներդրում իրականացնող անձինք ֆոնդի մասնակիցներ չեն, և ֆոնդի ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է ֆոնդի կառավարչին:

2. Ֆոնդի կառավարիչը օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդը կառավարում է ֆոնդի ակտիվները հավաքագրելու, այդ ակտիվները օրենքին, դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին և ֆոնդի կանոններին համապատասխան արժեթղթերում և (կամ) այլ գույքում ներդնելու, ֆոնդի ակտիվները օրենքով նախատեսված նպատակներին ուղղելու, ինչպես նաև դրանց հետ կապված այլ իրավաբանական ու փաստացի գործողություններ իրականացնելու միջոցով:

3. Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի կառավարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են սույն օրենսգրքի 968.1 հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով, 968.6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 968.7 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերով, 968.8 հոդվածով և 968.9 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կանոնները:

4. Օրենքով կարող են սահմանվել օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի միջոցների օգտագործման լրացուցիչ սահմանափակումներ, ներառյալ` ֆոնդի կառավարման հետ կապված գործողությունների հետևանքով առաջացած պարտավորությունների կատարման այլ կարգ:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«4) առկա են ապահովագրական հատուցման վճարումը նվազեցնելու կամ մերժելու` օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքեր:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 1021.1-րդ հոդվածում`

 

1) 5-րդ կետը «վնասը» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն վնասների, որոնք ենթակա չեն ապահովագրական ընկերության կողմից հատուցման» բառերով.

2) 6-րդ կետը «եթե» բառից հետո լրացնել «օրենքով կամ» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 1025-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

 

«Սույն գլխով սահմանված դրույթները կիրառվում են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ կարգավորում նախատեսված չէ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Սույն օրենսգրքի 995 հոդվածով, 1000 հոդվածի 3-րդ կետով, 1000.1 հոդվածի 1-ին կետով, 1000.2 և 1003.1 հոդվածներով, 1010 հոդվածի 3-րդ և 8-րդ կետերով, 1011 և 1012 հոդվածներով, 1015 հոդվածի 3-րդ կետով, 1017 հոդվածի 2-րդ կետով, 1018 հոդվածի 3-րդ կետով և 1020 հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթները չեն տարածվում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագրերի վրա:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 1066-րդ հոդվածից հանել «(հոդված 987, 991 հոդվածի 1-ին կետ)» բառերը:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 9

Երևան

ՀՕ-69-Ն