ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի մայիսի 20-ին
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 33-րդ հոդվածը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«Պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի և հողի հարկի) վերաբերող գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ` ժամանակին չվերադարձված` սույն հոդվածով սահմանված կարգով որոշվող գերավճարի և (կամ) գերավճարից տարբերվող գումարի նկատմամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով (վերահաշվարկված օրական կտրվածքով): Տույժերի հաշվարկման, հաշվանցման և (կամ) վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված` ժամանակին չվերադարձված գերավճարի և (կամ) գերավճարից տարբերվող գումարի մեծությունը որոշվում է պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում` որպես տվյալ օրվա դրությամբ առկա` հարկ վճարողի` պետական բյուջե հավաքագրվող հարկերի և այլ պարտադիր վճարների մասով պարտավորությունների մարման պայմաններում չվերադարձված գումարի փաստացի մնացորդ: Տույժերի հաշվարկը դադարեցվում է գերավճարը և (կամ) գերավճարից տարբերվող գումարը պետական բյուջե հավաքագրվող հարկերի (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի և հողի հարկի) և այլ պարտադիր վճարների մասով պարտավորությունների դիմաց հաշվանցելու և (կամ) վերադարձնելու արդյունքում մարվելու պահից»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված տույժերը կիրառվում են 2010 թվականի հունվարի 1-ից հետո առաջացող գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. հունիսի 10 Երևան ՀՕ-79-Ն |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|