Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.10.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.12.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
24.12.2021
Дата вступления в силу
24.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԼԴ/0012/06/20

Գործ թիվ ԼԴ/0012/06/20

 

Նախագահող դատավոր՝  Ն. Հովակիմյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

 

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

2021 թվականի դեկտեմբերի 24-ին

ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Աղասի Ալեքսիի Թաթուլյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում (այսուհետ նաև՝ Նախաքննության մարմին) 2020 թվականի փետրվարի 29-ին հարուցվել է թիվ 19100620 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ Աղասի Ալեքսիի Թաթուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Թաթուլյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ Ա.Թաթուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

2020 թվականի օգոստոսի 12-ին Ա.Թաթուլյանը հայտնաբերվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ Ա.Թաթուլյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Թաթուլյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով:

3. Մեղադրյալ Ա.Թաթուլյանի պաշտպան Գ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումը, մերժել է մեղադրյալ Ա.Թաթուլյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, վերացրել Ա.Թաթուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, և նրան ազատել կալանքից:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մարտի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Աղասի Թաթուլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(…) [ՆՀենրիկ Վլադիմիրի Գասոյանի և դեռևս քննությամբ չպարզված անձի հետ միասին 2020 թվականի փետրվարի 29-ին` ժամը 17:45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 113 հասցեի շենքի մոտ, Վանիկ Վաղարշակի Այվազյանի վարած «Վազ 2121» մակնիշի 34 ТА 853 համարանիշի ավտոմեքենայով իրենց ավտոմեքենայի վազանցը խոչընդոտելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության պատճառով, նույն օրը` ժամը 18:40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի 12/1 հասցեում գտնվող` Վանիկ Այվազյանի բարեկամներ Արթուր և Էդուարդ Ոփյանների ավտոտնակում, իրենց անձի առավելությունն ընդգծելով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյել են Վանիկ Այվազյանին, վիճաբանել նրա, Ալիկ և Էդուարդ Ոփյանների հետ, որի ընթացքում Աղասի Թաթուլյանը ձեռքով հարվածել է Վանիկ Այվազյանի դեմքին` նրա առողջությանը պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք` ձախ ստորին կոպի արյունազեղում, զենքով` ատրճանակով, կրակել նրա ոտքերի տակ, իսկ Հենրիկ Գասոյանը` որպես զենք օգտագործվող առարկայով` կացնի պոչի մասով, հարվածել է Վանիկ Այվազյանի մեջքին, ինչպես նաև քննությամբ չպարզված անձը` դանակի պոչով` Էդուարդ Ոփյանի գլխին` նրա առողջությանը պատճառել առողջության կարճատև քայքայումով թեթև մարմնական վնասվածք:

Շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները` Աղասի Թաթուլյանը, Հենրիկ Գասոյանը և դեռևս ինքնությունը չպարզված անձը գարեջրի շշերով և կացնով ջարդել են հիշյալ ավտոտնակի դռան ապակեպատ հատվածի ապակիները և իրենց նշյալ գործողություններով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ ու հեռացել:

Չբավարարվելով իրենց վերոհիշյալ գործողություններով` Աղասի Թաթուլյանը հիշյալ ավտոտնակ է վերադարձել Հենրիկ Գասոյանի, Սպարտակ Սերգեյի Դերձյանի և դեռևս գործով չպարզված մի խումբ այլ անձանց հետ և շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները, մի կողմ են հրել դեպքի վայր կանչված Աշոտ Ոփյանին, մուտք գործել ավտոտնակ ու միաժամանակ, գիտակցելով համատեղ գործելու հանգամանքը և լրացնելով միմյանց գործողությունները, իրենց մոտ առկա որպես զենք օգտագործվող սուր կտրող-ծակող գործիքներով, կացնով հարվածներ են հասցրել Էդուարդ ու Արթուր Ոփյանների մարմնի տարբեր մասերին` Էդուարդ Ոփյանի առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ` կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերք` աջից 6-8-րդ կողոսկրերի և աջ թոքի վնասումներով, հեմոպնևմոթորաքսով, գլխի ճակատային շրջանի կտրած վերք, աջից և ձախից գագաթային շրջանների ու քթի մեջքի շրջանի սալջարդ վերքեր, իսկ Արթուր Ոփյանի առողջությանը պատճառել առողջության կարճատև քայքայումով թեթև մարմնական վնասվածքներ` գլխի գագաթային և ծոծրակային շրջանների պատռված վերքեր, աջ դաստակի սալջարդ և աջ ազդրի վերին երրորդականի միջային մակերեսի վերք և դիմել փախուստի»1:

6. Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Դատարանը (…), հանգում է ողջամիտ ենթադրության, որ մեղսագրվող հանցավոր արարքների հետ մեղադրյալ Աղասի Ալեքսիի Թաթուլյանի առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը շարունակում է առկա լինել:

(…)

Դատարանն արձանագրում է, որ շարունակվում են առկա լինել մեղադրյալ Աղասի Ալեքսիի Թաթուլյանին կալանքի տակ պահելու պայմանները և հիմքերը: Մասնավորապես, Դատարանը փաստում է, որ շարունակվում է առկա լինել հիմնավոր կասկածն առ այն, որ մեղադրյալ Ա.Թաթուլյանն առնչություն ունի իրեն մեղսագրված արարքներին: Բացի այդ, Դատարանը, հաշվի առնելով մեղադրյալ Աղասի Ալեքսիի Թաթուլյանին մեղսագրված արարքների բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, այն, որ նրան մեղսագրվում է ծանր հանցագործությունների կատարում, նաև այն, որ Ա.Թաթուլյանը ենթադրյալ հանցագործությունները կատարելուց հետո, թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, գտնում է, որ շարունակվում է պահպանվել և մեծ է ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը:

(…)

Դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից դրսևորվել է անհրաժեշտ ջանասիրություն՝ ապահովելու գործի քննության ընթացքը: Մասնավորապես, տուժողներ են ճանաչվել և հարցաքննվել Էդուարդ Ոփյանն ու Սպարտակ Դերձյանը, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ, դեպքի վայրի զննություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական, դատամատնադրոշմային փորձաքննություններ, ստացվել են դրանց եզրակացությունները, որոնք ծանոթացվել են կողմերին, նշանակվել են համալիր դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաբժշկական, դատակենսաբանական, մանրաթելերի և դատանյութագիտական և դատակենսաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Մի շարք քննչական և դատավարական գործողությունների կատարումը հետաձգվել է նախաքննական մարմնից անկախ պատճառներով՝ պայմանավորված նշանակված դատակենսաբանական և համալիր դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաբժշկական, դատակենսաբանական, մանրաթելերի և դատանյութագիտական փորձաքննությունների եզրակացությունների ստացմամբ: Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ մեղադրյալ Աղասի Ալեքսիի Թաթուլյանին կալանքի տակ պահելու ժամկետը լրանում է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, սակայն քրեական գործով դեռևս անհրաժեշտ է ստանալ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները, կատարել արդյունքներից բխող այլ քննչական ու դատավարական գործողություններ, բացի այդ Հենրիկ Գասոյանը դեռևս գտնվում է հետախուզման մեջ և չեն պարզվել նաև մյուս մասնակիցների ինքնությունները, գտնում է, որ այս պայմաններում միջնորդությունը պետք է բավարարել և մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել երկու ամսով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 12-ը:

Այսպիսով, դատարանը գտնում է, որ մեղադրյալ Աղասի Ալեքսիի Թաթուլյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու համար ներկայացված հիմքերը և պայմանները բավարար են (…)»2:

7. Վերաքննիչ դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Թաթուլյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելիս արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության այն մասին, որ մեղադրյալ Աղասի Թաթուլյանի կալանավորման վերաբերյալ (...) Դատարանն իր տրամադրության տակ բավարար տվյալներ է ունեցել այն մասին, որ առկա է հիմնավոր կասկած դեպքին Աղասի Թաթուլյանի առնչության մասին (առկա է հիմնավոր կասկած):

Անդրադառնալով կալանավորման մյուս պայմանների առկայության հարցին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ (...) ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ պարզված՝ մեղադրյալի արգելանքի տակ գտնվելու անցած ժամանակահատվածում քրեական գործով կատարված դատավարական գործողությունների իրողությունը հիմք է տալիս հանգելու այն հետևության, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի դրսևորվել բավարար ջանասիրություն ապահովելու գործի քննության ողջամիտ ընթացքը։ Վերաքննիչ դատարանի նշված եզրահանգումը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

Անհրաժեշտ ջանասիրությունը վարույթն իրականացնող մարմինը պատճառաբանել է այն հանգամանքով, որ կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, մասնավորապես` տուժողներ են ճանաչվել և հարցաքննվել Էդուարդ Ոփյանն ու Սպարտակ Դերձյանը, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ, դեպքի վայրի զննություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական, դատամատնադրոշմային փորձաքննություններ, ստացվել են դրանց եզրակացությունները, որոնք ծանոթացվել են կողմերին։ Բացի այդ, նշանակվել են համալիր դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաբժշկական, դատանյութագիտական և դատակենսաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 14.08.2020թ. մեղադրյալ Աղասի Թաթուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդությունը բավարարվելուց հետո, մինչև 02.10.2020թ.՝ կալանքի ժամկետի երկարացման միջնորդության ներկայացումը, սույն գործով նախաքննության մարմնի կողմից, բացառությամբ, դատակենսաբանական փորձաքննություն նշանակելուց և Ա.Թաթուլյանի ու վկա Վ.Այվազյանի հեռախոսահամարների վերծանումները ստանալուց, որևէ քննչական և դատավարական գործողություն չի կատարվել, ինչը հաստատել է նաև քննիչ Վ.Գրիգորյանն առաջին ատյանի դատարանում միջնորդության քննության ժամանակ: Վերը նշվածը վկայում է այն մասին, որ նախաքննության մարմնի կողմից անհրաժեշտ ջանասիրություն չի ցուցաբերվել գործի քննության նկատմամբ, ինչն արդեն իսկ բավարար հիմք է կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժելու համար՝ առանց անդրադառնալու կալանավորման հիմքերի շարունակական առկայության հիմնավորումներին (…)»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը, մատնանշելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, գտել է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «անհրաժեշտ ջանասիրություն» եզրույթը:

Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ մինչև կալանավորման երկարացման միջնորդություն ներկայացնելը վարույթն իրականացնող մարմինը կատարել է բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչի մասին արձանագրել է նաև Առաջին ատյանի դատարանը՝ միջնորդությունը բավարարելիս:

Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե ինչու՞ Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված փաստերը չեն կարող որպես հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացվող որոշման համար:

Վերաքննիչ դատարանը, անհրաժեշտ ջանասիրության հարցը գնահատելով միայն մեղադրյալ Ա.Թաթուլյանի վերաբերյալ կատարված քննության սահմաններում, անտեսել է այն հանգամանքը, որ հիշյալ քրեական գործը քննվում է բազմաթիվ անձանց մասնակցությամբ կատարված ծանր հանցագործության վերաբերյալ և ըստ էության քննության մեծ և զգալի մասը վերաբերում է կոնկրետ դեպքի ամբողջական բացահայտմանը, այլ ոչ թե կոնկրետ մեղադրյալ Ա.Թաթուլյանի կողմից կատարված արարքների վերաբերյալ ապացույցների ձեռք բերմանը:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ու փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանավորման ժամկետի երկարացման պայմանի՝ նախաքննական մարմնի անհրաժեշտ (հատուկ) ջանասիրության (due diligence) մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք նախաքննության մարմնի կողմից «անհրաժեշտ ջանասիրություն» դրսևորելու պայմանը պահպանված չլինելու հիմքով Աղասի Թաթուլյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

12. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝

(…)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:

12.1. Անդրադառնալով կալանքի ժամկետի երկարացման հարցին՝ Վճռաբեկ դատարանն Ասլան Ավետիսյանի վերաբերյալ գործով կայացված որոշման շրջանակներում ընդգծել է, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը կարող է երկարացվել հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

ա) շարունակում են առկա լինել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները կամ ի հայտ են եկել անձին կալանքի տակ պահելու նոր հիմքեր.

բ) գործի քննությունն իրականացնող մարմնի կողմից դրսևորվել է անհրաժեշտ ջանասիրություն` ապահովելու գործի քննության ընթացքը4:

 13. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով uահմանված կարգով.

(…)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար. (…)»:

13.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով կալանքի ժամկետի երկարացման պայմաններից` նախաքննություն իրականացնող մարմնի «հատուկ ջանասիրությանը», իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ քննության բարդությունը և առանձնահատկությունները գործոններ են, որոնք պետք է հաշվի առնել՝ պարզելու համար, թե արդյոք իրավասու մարմինները վարույթն իրականացրել են «հատուկ ջանասիրությամբ»5։

14. Սույն որոշման 12-13.1-րդ կետում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննությունն իրականացնող մարմնի «անհրաժեշտ ջանասիրությունը», կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եզրութաբանությամբ` «հատուկ ջանասիրությունը» (due diligence) մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու պայմաններից է։

Մասնավորապես, հիմնավոր կասկածի կենսունակությունը, համաձայն որի՝ ձերբակալված անձն է կատարել հանցագործությունը sine qua non պայման է կալանքի երկարաձգման օրինականության համար, սակայն ժամանակի ընթացքում այն այլևս բավարար չէ կալանքի երկարաձգումն արդարացնելու համար։ Երբ «հիմնավոր կասկածի» առկայությունն այլևս բավարար չէ կալանքի հետագա երկարացման համար, պետք է հիմնավորվի, թե արդյո՞ք անազատության մեջ պահելու հիմքերը շարունակում են լինել «հիմնավոր» և «բավարար», և արդյո՞ք իշխանությունները «հատուկ ջանասիրություն» են ցուցաբերել գործի քննության ընթացքում6։

Կալանքի ժամկետի երկարացման օրինականության ստուգման համատեքստում «հատուկ ջանասիրության» գնահատումը նպատակ է հետապնդում երաշխավորելու մեղադրյալի ազատության իրավունքը։ Այսպես, դատական քննության «սպասող» մեղադրյալի ազատության կանխավարկածի հաղթահարումը չի կարող արդարացվել ավելի երկար ժամանակահատվածով, քան անհրաժեշտ է գործի համակողմանի քննությունն իրականացնելու համար։ Ուստի, հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունն ապահովելու նկատառումներով անձի ազատության իրավունքը կարող է սահմանափակվել այնքան ժամանակ, քանի դեռ նախաքննական մարմինն ակտիվ քննություն է կատարում գործի հանգամանքների պարզման ուղղությամբ։ Կարևոր է ընդգծել, որ անձի ազատության իրավունքի գերակայության գաղափարից ելնելով` այդ իրավունքի սահմանափակման ժամանակահատվածում վարույթն իրականացնող նախաքննական մարմինը պետք է քննի գործը հատուկ ջանասիրությամբ` նպատակ հետապնդելով հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել գործի նախաքննությունը և գործն ուղարկել դատարան` անձի` իր վերաբերյալ գործի հրապարակային դատական քննությունն ապահովելու համար։ Հակառակ պարագայում, եթե նշված պայմանը պահպանված չէ և գործով ակտիվ նախաքննությունը հարաբերականորեն դադարեցված է, ապա, արտակարգ հանգամանքների բացակայության պարագայում7, անձի ազատության իրավունքի շարունակական սահմանափակումն այլևս արդարացված համարվել չի կարող։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վարույթն իրականացնող մարմնի` «հատուկ ջանասիրության» գնահատումը չի կարող կատարվել քանակական ցուցիչով։ Այս պայմանի առկայությունը չի կարող հաստատվել զուտ քննչական և դատավարական գործողությունների քանակով՝ անձի ազատության իրավունքի շարունակական սահմանափակումն արդարացնելու համար։ Այլ կերպ, «հատուկ ջանասիրությունը» չի կարող ենթարկվել ձևական մեկնաբանության (excessive formalism) և յուրաքանչյուր դեպքում` ըստ գործի փաստական հանգամանքների, պետք է բովանդակային գնահատվի` որոշելու համար նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումների բավարարությունը։

Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ «հատուկ ջանասիրությունը» գնահատելիս դատարանները ոչ միայն պետք է հաշվի առնեն իրականացված քննչական և դատավարական գործողությունների քանակական կազմը, այլ նաև ուշադրության արժանացնեն գործի բարդությունը։ Այս առումով կարևոր է մի կողմից՝ գործով անցնող մեղադրյալների, վկաների, տուժողների, դատավարությանը մասնակցող այլ անձանց, մյուս կողմից` մեղադրյալ(ներ)ին մեղսագրվող արարքների քանակը, դրանց փաստական և իրավական բովանդակությունը, ապացուցման ենթակա հանգամանքների շրջանակը և հավաքվող ապացույցների ծավալը։ Միաժամանակ, գործի բարդությունը որոշելիս պետք է նաև հաշվի առնել վկաների գտնվելու վայրը պարզելու և նրանց հարցաքննելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների շրջանակը (օրինակ` միջազգային իրավական օգնությամբ այլ երկրում կամ պաշտպանության ներքո գտնվող վկաներին հարցաքննելու նպատակով կատարվող գործողությունները)։

Բացի այդ, «հատուկ ջանասիրության» առկայությունը որոշելիս հարկ է նաև հաշվի առնել գործով անցնող շահագրգիռ անձանց վարքագիծը` գործի արագ քննությանը չխոչընդոտելու տեսանկյունից։ Մասնավորապես, գործի քննության ձգձգումը կարող է պայմանավորված լինել դատավարության մասնակիցների, այդ թվում` անազատության մեջ գտնվող մեղադրյալի կողմից գործի քննության ընթացքը շեղելու (օրինակ` ի սկզբանե սուտ մատնություն կատարելու միջոցով), իրենց վարքագծով պարզման ենթակա հանգամանքների բացահայտման խոչընդոտներ ստեղծելու հանգամանքներով, որոնք կարող են առաջացնել լրացուցիչ քննչական և դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտություն։

Վերոգրյալի հետ մեկտեղ, նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումների բավարարությունը որոշելիս կարևոր է գնահատել նաև գործի նախաքննության ընդհանուր տևողությունը, կալանքի ժամկետի երկարացմանը նախորդող ժամանակահատվածում կատարված և հաջորդող ժամանակահատվածում պլանավորվող քննչական և դատավարական գործողությունների ծավալը, վերջինիս հարաբերակցությունը գործի ընդհանուր քննության ծավալի և կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետի հետ։ Միաժամանակ, այս առումով հարկ է նկատի ունենալ, որ նախաքննության մարմնի` «հատուկ ջանասիրությունը» գնահատելիս և մեղադրյալի ազատության իրավունքի շարունակական սահմանափակման անհրաժեշտությունը որոշելիս դատարանները պետք է ձեռնպահ մնան այն աստիճանի քննություն իրականացնելուց, որ մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող նախնական դատական վերահսկողությունը վերաճի գերատեսչական վերահսկողության կամ դատախազական հսկողության։ Մասնավորապես, անհրաժեշտ է հաշվի առնել, որ կալանքի ժամկետի երկարացմանը նախորդող ժամանակահատվածում կատարված և հաջորդող ժամանակահատվածում պլանավորվող քննչական և դատավարական գործողությունների ծավալի որոշման բացառիկ իրավասությունը վերապահված է նախաքննության ընթացքն ուղղորդող քննիչին։ Դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանների խնդիրն է ընդհանուր առմամբ գնահատման ենթարկել նախաքննության ընթացքի ակտիվությունը` առանց միջամտելու վարույթն իրականացնող մարմնի բացառիկ իրավասությանը վերապահված հանգամանքների որոշման շրջանակին և նախաքննության խնդիրներին։ Ընդ որում, նախաքննության ընդհանուր տևողության համատեքստում կալանքի ժամկետի երկարացմանը նախորդող ժամանակահատվածում կատարված և հաջորդող ժամանակահատվածում պլանավորվող քննչական և դատավարական գործողությունների ծավալը գնահատելիս պետք է հաշվի առնել, որ կալանքի ժամկետի շարունակաբար երկարացման բոլոր միջնորդությունների քննության ժամանակ նախաքննության մարմնի «հատուկ ջանասիրությունը» նույն սանդղակի լինել չի կարող։ Մասնավորապես, նախաքննության փուլից ու պարզման ենթակա, տվյալ պահի դրությամբ ուրվագծված փաստական հանգամանքների շրջանակից կախված, ողջամտորեն ակնկալվող «հատուկ ջանասիրությունը» չի կարող նույն աստիճանի լինել կալանքի ժամկետի երկարացման առաջին և դրան պարբերաբար հաջորդող միջնորդությունների քննության ժամանակ։ Հետևաբար, այն պետք է ճկուն մեկնաբանության ենթարկվի` ըստ կալանքի ժամկետի երկարացման յուրաքանչյուր միջնորդության հիմքում ընկած փաստական հանգամանքների։

Վերոգրյալի հետ մեկտեղ, կալանքի ժամկետի երկարացման նկատմամբ դատական վերահսկողության արդյունավետությունն ապահովելու նպատակով նախաքննության մարմինը պետք է գործի բարեխղճորեն և դատարանին ներկայացնի «հատուկ ջանասիրության» դրսևորումը հիմնավորող նյութերը։ Դատարանին պետք է ներկայացվեն համապատասխան փաստական տվյալներն անձի ազատության իրավունքի սահմանափակմանը կամ կալանքի տակ պահելու ժամկետի նախորդ երկարացմանը հաջորդող ժամանակահատվածում ձեռնարկված միջոցառումների մասին։ Նշվածի գնահատման պայմաններում միայն կարող է հաղթահարվել անձի ազատության կանխավարկածը և ապահովվել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը։ Նախաքննության մարմնի` «հատուկ ջանասիրությունը» հիմնավորող նյութերի գնահատմամբ միայն կարող է արդյունավետ դատական վերահսկողություն իրականացվել անձի ազատության իրավունքի հետագա սահմանափակման անհրաժեշտության նկատմամբ։ Դատարանի խնդիրն է որոշել, թե նախաքննական մարմինն արդյո՞ք անհրաժեշտ ջանասիրությամբ ակտիվ քննություն է կատարում գործի հանգամանքների պարզման ուղղությամբ անձի ազատության իրավունքի սահմանափակման ժամանակահատվածում։ Ուստի, այդպիսի նյութեր չներկայացնելը կարող է դիտարկվել որպես «հատուկ ջանասիրության» բացակայություն։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- 2020 թվականի փետրվարի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ8,

- Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ Ա.Թաթուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ Ա.Թաթուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով9,

- 2020 թվականի օգոստոսի 12-ին Ա.Թաթուլյանը հայտնաբերվել է, և Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է10,

- Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Թաթուլյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից դրսևորվել է անհրաժեշտ ջանասիրություն՝ ապահովելու գործի քննության ընթացքը: Մասնավորապես, տուժողներ են ճանաչվել և հարցաքննվել Էդուարդ Ոփյանն ու Սպարտակ Դերձյանը, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ, դեպքի վայրի զննություններ, նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, ստացված եզրակացությունները ծանոթացման համար ներկայացվել են կողմերին, իսկ որոշ եզրակացություններ դեռևս չեն ստացվել, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Մի շարք քննչական և դատավարական գործողությունների կատարումը հետաձգվել է՝ պայմանավորված նշանակված դատակենսաբանական և համալիր դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաբժշկական, դատակենսաբանական, մանրաթելերի և դատանյութագիտական փորձաքննությունների եզրակացությունների ստացմամբ: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մեղադրյալ Ա.Թաթուլյանին կալանքի տակ պահելու ժամկետը լրանում է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, սակայն քրեական գործով դեռևս անհրաժեշտ է ստանալ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները, կատարել արդյունքներից բխող այլ քննչական ու դատավարական գործողություններ, բացի այդ Հենրիկ Գասոյանը դեռևս գտնվում է հետախուզման մեջ և չեն պարզվել նաև մյուս մասնակիցների ինքնությունները, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ այս պայմաններում միջնորդությունը պետք է բավարարել և մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել երկու ամսով` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 12-ը11,

- Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Ա.Թաթուլյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելիս, արձանագրել է, որ մեղադրյալի՝ արգելանքի տակ գտնվելու անցած ժամանակահատվածում քրեական գործով կատարված դատավարական գործողությունների իրողությունը հիմք է տալիս հանգելու հետևության, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի դրսևորվել բավարար ջանասիրություն՝ ապահովելու գործի քննության ողջամիտ ընթացքը։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2020 թվականի օգոստոսի 14-ից` մեղադրյալ Ա.Թաթուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելուց հետո, մինչև 2020 թվականի հոկտեմբերի 2-ը` կալանքի ժամկետի երկարացման միջնորդության ներկայացումը, սույն գործով նախաքննության մարմնի կողմից, բացառությամբ դատակենսաբանական փորձաքննություն նշանակելուց և Ա.Թաթուլյանի ու վկա Վ.Այվազյանի հեռախոսահամարների վերծանումները ստանալուց, որևէ քննչական և դատավարական գործողություն չի կատարվել, ինչը հաստատել է նաև քննիչ Վ.Գրիգորյանը՝ Առաջին ատյանի դատարանում միջնորդության քննության ժամանակ: Ըստ Վերաքննիչ դատարանի՝ վերը նշվածը վկայում է այն մասին, որ նախաքննության մարմնի կողմից անհրաժեշտ ջանասիրություն չի ցուցաբերվել գործի քննության նկատմամբ, ինչն արդեն իսկ բավարար հիմք է կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժելու համար12:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա.Թաթուլյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման է ենթարկել գործի փաստական հանգամանքները` հաստատված համարելով վարույթն իրականացնող մարմնի` հատուկ ջանասիրության բացակայությունը։ Մասնավորապես, ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց՝ մեղադրյալ Ա.Թաթուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը վերահաստատելու՝ 2020 թվականի օգոստոսի 14-ի որոշումից հետո մինչև միջնորդության ներկայացումը կատարված քննչական և դատավարական գործողության մասին։ Այսպես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի նյութերում առկա են միայն մինչև 2020 թվականի օգոստոսի 14-ը կատարված գործողությունների վերաբերյալ նյութեր։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանի կողմից հիշատակված` դատակենսաբանական փորձաքննություն նշանակելու, Ա.Թաթուլյանի ու վկա Վ.Այվազյանի հեռախոսահամարների վերծանումները ստանալու վերաբերյալ տվյալները ևս բացակայում են գործի նյութերում։

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ նախաքննության մարմնի կողմից «անհրաժեշտ ջանասիրություն» դրսևորելու պայմանը պահպանված չլինելու հիմքով Աղասի Թաթուլյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր են։

17. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս դատական սխալ թույլ չի տվել, Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումն օրինական է և հիմնավորված։ Հետևաբար, վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Մեղադրյալ Աղասի Ալեքսիի Թաթուլյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_______________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 64-66:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 87-93:

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 44-54:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ասլան Ավետիսյանի գործով 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշումը:

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Scott v. Spain գործով 1996 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 21335/93, կետ 75:

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Magee v. The United Kingdom գործով 2015 թվականի մայիսի 12-ի որոշումը, գանգատներ թիվ 26289/12, 29062/12, 29891/12, կետ 88:

7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Fenech v. Malta գործով 2021 թվականի մարտի 23-ի որոշումը, գանգատ թիվ 19090/20, կետ 96։ Նշված վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում չի արձանագրել, երբ COVID-19 համավարակով պայմանավորված բացառիկ հանգամանքների պայմաններում քրեական վարույթը շուրջ երեք ամիս կասեցված է եղել, սակայն դրանից առաջ և հետո քրեական վարույթը ակտիվ ընթացքի մեջ է գտնվել:

8 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

9 Տե՛ս նույն տեղում։

10 Տե՛ս նույն տեղում։

11 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Նախագահող`

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան