Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.10.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.10.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
10.10.2023
Дата вступления в силу
10.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԿԴ1/0143/07/21

Նախագահող դատավոր՝  Լ. Հովհաննիսյան

 

10 հոկտեմբերի 2023 թվական

ք. Երևան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով Դավիթ Իշխանի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում 2021 թվականի մարտի 1-ին հարուցվել է թիվ 46157121 քրեական գործը` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։

2. Նախաքննության մարմինը 2021 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ միջնորդություն է հարուցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով թույլատրել խուզարկություն կատարել Դավիթ Իշխանի Առաքելյանի բնակարանում:

3. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդությունը մերժվել է:

4. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատախազը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2022 թվականի մարտի 21-ի որոշմամբ մերժվել է` Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ: Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանները, անհիմն մերժելով նախաքննության մարմնի՝ բնակարանում խուզարկություն կատարելու մասին միջնորդությունը, թույլ են տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և խախտել է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռությունը։

6.1. Բողոքաբերը փաստարկել է, որ խուզարկության փաստական հիմքը կազմող տվյալների առկայության պայմաններում, Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը փաստացի զրկել են քրեական հետապնդման մարմիններին` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկելու հնարավորությունից՝ սահմանելով օրենքով չնախատեսված ժամկետային սահմանափակումներ:

6.2. Բողոքաբերը նաև ընդգծել է, որ քննչական գործողությունների արդյունավետությունը, հանցագործությունների քննության մեթոդիկան և առանձին քննչական գործողությունների տակտիկան ակնհայտորեն դուրս են քննչական գործողություններ կատարելու միջնորդությունը քննարկող դատարանի վերահսկողության շրջանակներից:

6.3. Բողոքաբերը փաստել է, որ օրենսդրությամբ իրավաչափորեն նախատեսված չէ որևէ ժամկետ, որի ընթացքում քրեական հետապնդման մարմինները պարտավոր են խուզարկություն կատարելու միջնորդություն ներկայացնել դատարան, իսկ ստորադաս դատարանների կողմից խուզարկության կատարման արդյունավետության և ժամանակավրեպության պատճառաբանություններով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը մերժելը ստեղծում է լրացուցիչ արհեստածին բարդություններ՝ քրեական գործերի արդյունավետ քննության տեսանկյունից:

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 21-ի որոշումը բեկանել և կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով նախաքննության մարմնի միջնորդությունը՝ Դավիթ Առաքելյանի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. «Բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին» նախաքննության մարմնի որոշման համաձայն՝ «(...) 2021 թվականի փետրվարի 17-ին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու ցուցումով ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին է ստացվել փաստաբան Տիգրան Մուրադյանի դիմումն այն մասին, որ «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Վիգեն Ենգիբարի Ադամյանը պարտավորություն ունենալով վերադարձնել «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ-ի հաշվապահական հաշվառման և ընկերության վերաբերյալ փաստաթղթերը, սակայն (...) իրականացնելով իր ենթադրյալ իրավունքը՝ չի վերադարձրել դրանք, ինչի արդյունքում ընկերությանը պատճառվել է էական վնաս՝ խաթարվել է ընկերության կողմից գործունեություն իրականացնելու, սարքավորումներ մաքսազերծելու, լիցենզիայից բխող պարտավորությունները կատարելու, էլեկտրաէներգիայի արտադրությունը վերսկսելու հնարավորությունները, ինչպես նաև հարկային մարմինների հետ հարաբերություններում պարտավորությունների կատարումը:

(...)

Նախաքննության ընթացքում հարցաքննվել է «Լուսակերտ» ՍՊ ընկերության իրավաբան Սոնա Մանուկյանը, ով իր ցուցմունքով հայտնել է, որ 2019 թվականի հոկտեմբեր ամսից հանդիսանում է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գտնվող «Լուսակերտ» ՍՊ ընկերության իրավաբան: Նշել է, որ 2019 թվականին հայրը՝ Խաչիկ Մանուկյանը, «Լուսակերտ Բիոգազ փլանթ» ՓԲ ընկերության տնօրեն է նշանակել Վիգեն Ադամյանին (...):

Խաչիկ Մանուկյանի մահվանից հետո ընկերության տնօրինմամբ զբաղվել է վերջինիս դուստրը՝ Սոնա Մանուկյանը, ով իր ցուցմունքում հայտնել է այն մասին, որ Վիգեն Ադամյանն իր հետ ծանոթացրել է Դավիթ Առաքելյանին, ում ներկայացրել է որպես հաշվապահ, և քանի որ այդ ընթացքում պետք է տեղի ունենար հարկային ստուգումներ՝ հիշյալ ընկերության ողջ հարկային փաստաթղթերն իր եղբայրը՝ Արմեն Մանուկյանը, Վիգեն Ադամյանի առաջարկով տարել է Երևան քաղաքում գտնվող Դավիթ Առաքելյանի աշխատասենյակ: Երբ արդեն խզվել է իրենց և Վիգեն Ադամյանի միջև հարաբերությունները, բազմիցս պահանջել են հարկային փաստաթղթերը, որոնք հարկային ստուգման նպատակով տարվել էին Դավիթ Առաքելյանի աշխատասենյակ, սակայն ինչպես Վիգեն Ադամյանը, այնպես էլ Դավիթ Առաքելյանը, հրաժարվել են հիշյալ ընկերության հարկային փաստաթղթերը վերադարձնելուց, ինչի արդյունքում խախտվել է ընկերության բնականոն ընթացքը:

Հարցաքննվել է նաև Արմեն Մանուկյանը, ով հայտնել է այն մասին, որ ինքն անձամբ «Լուսակերտ Բիոգազ փլանթ» ՓԲ ընկերության հարկային փաստաթղթերը տարել է Երևան քաղաքի Սունդուկյան փողոցում գտնվող Դավիթ Առաքելյանի աշխատասենյակի մոտ, որտեղից Դավիթ Առաքելյանն անձամբ ստացել է այդ փաստաթղթերը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Դավիթ Առաքելյանը բնակվում է քաղաք Երևան, Արագածի փողոց, 26-րդ շենք, 57-րդ բնակարան հասցեում:

Նկատի ունենալով, որ հարուցված քրեական գործի ընթացքում բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Դավիթ Առաքելյանի բնակության հասցեում՝ Երևան քաղաքի Արագածի փողոց, 26-րդ շենք, 57-րդ բնակարան հասցեում, հնարավոր է հայտնաբերվի «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ-ի վերաբերյալ հարկային փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, որի մեջ կարող են պահպանվել ընկերության վերաբերյալ էլեկտրոնային բազաներ, ինչպես նաև օրենքով արգելված այլ իրեր և առարկաներ, որոնք քրեական գործով կհանդիսանան ապացուցողական կարևոր նշանակություն ունեցող տեղեկություններ, ուստի (...) ՈՐՈՇԵՑԻ միջնորդություն հարուցել (...) դատարանին` թույլատրել (...) խուզարկություն կատարել Դավիթ Իշխանի Առաքելյանի բնակության հասցեում (...) և հարակից շինություններում»2:

9. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Դատարանը հարկ է համարում անդրադառնալ խուզարկության հանկարծակիության հնարավորությանն այն իրավիճակներում, երբ համապատասխան անձը, մասնակցելով այս կամ այն դատավարական գործողությանը, ողջամտորեն տեղեկանում է գործի քննության սահմանների մասին:

Դատարանը գտնում է, որ երբ անձը տեղեկանում է գործի քննության սահմանների մասին և նպատակ է ունենում գործի համար նշանակություն ունեցող առարկաները թաքցնել քննիչից, ապա գործի քննության սահմանների մասին տեղեկանալուց որոշակի ժամանակ անց (հատկապես երբ տվյալ անձը նախքան խուզարկության կատարումը հնարավորություն է ունեցել մուտք գործել խուզարկվող բնակարան) այդ անձի բնակարանում հանկարծակի և արդյունավետ խուզարկություն կատարելը, որպես կանոն, իրատեսական չէ: Հետևաբար, դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ անձը տեղյակ է լինում գործի քննության սահմանների մասին, ապա այդ անձի բնակարանում խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը քննիչը պետք է հիմնավորի առավել ծանրակշիռ փաստարկներով (օրինակ` նախքան խուզարկության կատարումն անձը հնարավորություն չի ունեցել մուտք գործել խուզարկվող բնակարան, որոնվող առարկաների բնույթով պայմանավորված` դրանք չէին կարող տեղափոխվել այլ վայր, որոնվող առարկաներն այլ վայր տեղափոխված լինելուց հետո կրկին վերադարձվել են խուզարկվող բնակարան և այլն):

Սույն գործի նյութերի համաձայն`

- 2021 թվականի մարտի 01-ին «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Վիգեն Ենգիբարի Ադամյանի կողմից ընկերության հաշվապահական հաշվառման և ընկերության վերաբերյալ փաստաթղթերը չվերադարձնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 46157121 քրեական գործը,

- 2021 թվականի ապրիլի 08-ին և 2021 թվականի սեպտեմբերի 10-ին Սոնա Մանուկյանը որպես վկա հարցաքննվել է, ով հայտնել է, որ իր եղբայրը՝ Արմեն Մանուկյանը ընկերության հիմնադիր փաստաթղթերը, ինչպես նաև ընկերության հարկային գործերը տարել է Երևան քաղաքում գտնվող Դավիթ Առաքելյանի աշխատասենյակ: Դրանից հետո Դավիթ Առաքելյանը հրաժարվել է հիշյալ ընկերության հարկային փաստաթղթերը վերադարձնելուց,

- 2021 թվականի հոկտեմբերի 14-ին Արմեն Մանուկյանը որպես վկա հարցաքննվել է, ով հայտնել է, որ ինքը ընկերության հաշվապահական փաստաթղթերը տվել է Դավիթ Առաքելյանին, դրանից հետո Դավիթ Առաքելյանը հրաժարվել է հիշյալ ընկերության հարկային փաստաթղթերը վերադարձնելուց,

- 2021 թվականի նոյեմբերի 25-ին Դավիթ Առաքելյանը որպես վկա հարցաքննվել է, ինչի արդյունքում նա տեղեկացել է գործի քննության սահմանների մասին: Մասնավորապես, վերջինը տեղեկացել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նրա մոտ հնարավոր է լինի «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲ ընկերության հարկային փաստաթղթերը,

- 2021 թվականի դեկտեմբերի 22-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է հարուցվել դատարան` Դավիթ Առաքելյանի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ՝ միջնորդությամբ նշված «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ-ի վերաբերյալ հարկային փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, որի մեջ կարող են պահպանվել ընկերության վերաբերյալ էլեկտրոնային բազաներ, ինչպես նաև օրենքով արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու և վերցնելու նպատակով։

Այսպիսով, դատարանն արձանագրում է, որ քննիչի միջնորդության հարուցումից շուրջ մեկ ամիս առաջ Դավիթ Առաքելյանը տեղյակ է եղել գործի քննության սահմանների մասին, որպիսի պայմաններում, եթե Դավիթ Առաքելյանը նպատակ է ունեցել թաքցնելու գործի համար նշանակություն ունեցող առարկաները և փաստաթղթերը, ապա նրա բնակության վայրում հանկարծակի և արդյունավետ խուզարկություն կատարելն իրատեսական չէ, այլ ըստ էության կկրի ձևական բնույթ: Ավելին` քննիչի միջնորդությամբ չեն ներկայացվել (...) տվյալ իրավիճակում Դավիթ Առաքելյանի բնակության վայրում հանկարծակի և արդյունավետ խուզարկություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ առավել ծանրակշիռ փաստարկներ, մասնավորապես` որ նախքան խուզարկության կատարումը Դավիթ Առաքելյանը հնարավորություն չի ունեցել մուտք գործել «խուզարկվող բնակարան»:

Նման պայմաններում դատարանի համար անհասկանալի է, թե ինչու վարույթն իրականացնող մարմինն այդ տվյալներն ունենալուն պես միջնորդություն չի հարուցել Դավիթ Առաքելյանի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին, այլ 2021 թվականի նոյեմբերի 25-ին Դավիթ Առաքելյանին որպես վկա հարցաքննել է, նրան տեղեկացրել ինչպես քրեական գործի հարուցման, այնպես էլ գործի քննության սահմանների մասին, և միայն 2021 թվականի դեկտեմբերի 22-ին միջնորդություն է հարուցել վերջինի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին:

(...)

Վերոգրյալի հիման վրա դատարանն արձանագրում է հանկարծակի և արդյունավետ խուզարկություն կատարելու անիրատեսականությունն ու խուզարկության կատարման ձևական բնույթ կրելու հանգամանքը, որպիսի պայմաններում անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումն իրավաչափ չէ, իսկ միջնորդությունը ենթակա է մերժման: (…)»3:

10. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 21-ի որոշման համաձայն՝ «(...) Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը, արձանագրել է, որ քննիչի միջնորդության հարուցումից շուրջ մեկ ամիս առաջ Դավիթ Առաքելյանը տեղյակ է եղել գործի քննության սահմանների մասին, որպիսի պայմաններում, եթե Դավիթ Առաքելյանը նպատակ է ունեցել թաքցնել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող առարկաները և փաստաթղթերը, ապա նրա բնակության վայրում հանկարծակի և արդյունավետ խուզարկություն կատարելն իրատեսական չէ, այլ ըստ էության կկրի ձևական բնույթ: Ավելին՝ քննիչի միջնորդությամբ չեն ներկայացվել գործի օպերատիվ քննչական տվյալ իրավիճակում Դավիթ Առաքելյանի բնակության վայրում հանկարծակի և արդյունավետ խուզարկություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ առավել ծանրակշիռ փաստարկներ, մասնավորապես, որ նախքան խուզարկության կատարումը Դավիթ Առաքելյանը հնարավորություն չի ունեցել մուտք գործել «խուզարկվող բնակարան»:

Առաջին ատյանի դատարանը միաժամանակ արձանագրել է հանկարծակի և արդյունավետ խուզարկություն կատարելու անիրատեսականությունն ու խուզարկության կատարման ձևական բնույթ կրելու հանգամանքը, որպիսի պայմաններում անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումն իրավաչափ չէ, իսկ միջնորդությունը ենթակա է մերժման:

Վերաքննիչ դատարանը (...) գտնում է, որ (...) այդ հիմնավորումներն ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար:

(...)

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ խուզարկության հանկարծակիության հնարավորությանն այն իրավիճակներում, երբ համապատասխան անձը, մասնակցելով այս կամ այն դատավարական գործողությանը, ողջամտորեն տեղեկանում է գործի քննության սահմանների մասին:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ երբ անձը տեղեկանում է գործի քննության սահմանների մասին և նպատակ է ունենում գործի համար նշանակություն ունեցող առարկաները թաքցնել, ապա գործի քննության սահմանների մասին տեղեկանալուց որոշակի ժամանակ անց (հատկապես երբ տվյալ անձը նախքան խուզարկության կատարումը հնարավորություն է ունեցել մուտք գործել խուզարկվող բնակարան) այդ անձի բնակարանում հանկարծակի և արդյունավետ խուզարկություն կատարելը, որպես կանոն, իրատեսական չէ: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ անձը տեղյակ է լինում գործի քննության սահմանների մասին, ապա այդ անձի բնակարանում խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը քննիչը պետք է հիմնավորի առավել ծանրակշիռ փաստարկներով (օրինակ` նախքան խուզարկության կատարումն անձը հնարավորություն չի ունեցել մուտք գործել խուզարկվող բնակարան, որոնվող առարկաների բնույթով պայմանավորված` դրանք չէին կարող տեղափոխվել այլ վայր, որոնվող առարկաներն այլ վայր տեղափոխված լինելուց հետո կրկին վերադարձվել են խուզարկվող բնակարան և այլն):

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննիչի միջնորդության հարուցումից գրեթե 1 ամիս առաջ Դավիթ Առաքելյանը տեղյակ է եղել գործի քննության սահմանների մասին, որպիսի պայմաններում, եթե վերջինը նպատակ է ունեցել թաքցնելու գործի համար նշանակություն ունեցող առարկաները, ապա նրա բնակարանում հանկարծակի և արդյունավետ խուզարկություն կատարելն իրատեսական չէր լինի, այլ ըստ էության կկրեր ձևական բնույթ: Ավելին` քննիչի միջնորդությամբ չեն ներկայացվել (...) տվյալ իրավիճակում Դավիթ Առաքելյանի բնակարանում հանկարծակի և արդյունավետ խուզարկություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ առավել ծանրակշիռ փաստարկներ, մասնավորապես` որ նախքան խուզարկության կատարումը Դավիթ Առաքելյանը հնարավորություն չի ունեցել մուտք գործել խուզարկվող բնակարան, որոնվող առարկաներն այլ վայր տեղափոխված լինելուց հետո կրկին վերադարձվել են խուզարկվող բնակարան:

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված գործողության կատարման անհրաժեշտությունը տվյալ դեպքում զուտ կարող է ուղղված լինել գործի լրիվության ապահովմանը, որն ինքնին անձի սահմանադրական իրավունքները սահմանափակելու հիմք հանդիսանալ չի կարող: (...)»4:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Դավիթ Առաքելյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

12. ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:

2 Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։

1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 12-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ` մուտք գործել նրա բնակարանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` սույն օրենսգրքով սահմանված կարգով: Բնակարանի զննումը, այնտեղ դատավարական այլ գործողություններ կատարելը, ինչպես նաև տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք գործելը այն զբաղեցնող անձանց կամքին հակառակ` քրեական դատավարության ընթացքում կարող են կատարվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի որոշմամբ»։

Նույն օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն` «1. Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար։

2. Խուզարկություն կարող է կատարվել նաև հետախուզվող անձանց, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց, ինչպես նաև դիակները հայտնաբերելու համար:

3. Բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբ»:

13 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի մեկնաբանությանը, կայուն նախադեպային պրակտիկա է ձևավորել առ այն, որ անձի՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից պետք է լինի արդարացված, այսինքն՝ 

- պետք է կատարվի «օրենքին համապատասխան», 

- հետապնդի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված մեկ կամ մի քանի օրինական նպատակ,

- այդ նպատակներին հասնելը պետք է լինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»5։

13.1. Վճռաբեկ դատարանը Յաշա Խաչատրյանի գործով կայացված որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «[Ի]նչ վերաբերում է այս կամ այն քննչական գործողությունը կատարելու անհրաժեշտությանը, ապա իրավասու սուբյեկտը, ելնելով գործի համար նշանակություն ունեցող պարզման ենթակա հանգամանքներից, համապատասխան քննչական գործողության կատարման փաստական և իրավական հիմքերի առկայությունից, ինքն է որոշում, թե երբ և ինչ քննչական գործողություն է հարկավոր կատարել՝ ապահովելու համար քրեական դատավարության բնականոն շարժը։ Ինչ վերաբերում է բնակարանի խուզարկությանը, ապա վարույթն իրականացնող մարմինն իրավասու է նշված քննչական գործողությունը կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ դիմել դատարան, եթե գտնում է, որ առկա են բավարար տվյալներ, որոնք հանգեցնում են ողջամիտ ենթադրության առ այն, որ տվյալ բնակարանում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր, հետախուզվող կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք, ինչպես նաև դիակներ»6:

13.2. Վճռաբեկ դատարանը Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի գործով կայացված որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Բնակարանի խուզարկության կատարման (…) փաստական հիմք են «բավարար տվյալները»: Այլ խոսքով` տվյալների առկայությունն ինքնին խուզարկության կատարման փաստական հիմք չէ, քանի դեռ չի համապատասխանում բավարարության վերաբերյալ պահանջին: Տվյալների` բավարարության տեսանկյունից գնահատումը պետք է հանգեցնի այն ողջամիտ եզրահանգման, որ խուզարկության կատարման արդյունքում կարող են ձեռք բերվել փնտրվող առարկաները: Ընդ որում, օրենսդրորեն նախատեսված չէ տվյալների համակցության վերաբերյալ պահանջ: Այլ խոսքով` տվյալների բավարարության վերաբերյալ պահանջը որակական բնույթ է կրում. խուզարկության կատարման արդյունքում փնտրվող առարկաների հայտնաբերման հավանականության մասին եզրահանգումը կարող է հիմնված լինել ինչպես մեկ վերաբերելի և արժանահավատ տվյալի, այնպես էլ` տվյալների համակցության վրա (…)» 7։

13.3. Վերահաստատելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին համահունչ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քննչական գործողությունների կատարման նպատակն ընդհանրապես և խուզարկության նպատակը՝ մասնավորապես, գործով ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկատվության ստացումն ու ճշմարտության բացահայտումն է։ Վճռաբեկ դատարանը նաև ընդգծում է, որ խուզարկությունը քննչական գործողությունների շարքում առանձնանում է իր անհետաձգելի բնույթով, ինչից հետևում է, որ խուզարկության արդյունավետությունը, որպես կանոն, ենթադրում է, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր, հետախուզվող կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք, ինչպես նաև դիակներ հայտնաբերելու վերաբերյալ բավարար տվյալների, այլ կերպ՝ խուզարկության փաստական հիմքի առկայության դեպքում այն պետք է իրականացվի անհապաղ։ Սակայն այս քննչական գործողության կատարման հապաղումն ինքնին չի չեզոքացնում գործի համար նշանակություն ունեցող և որոնվող առարկաները, փաստաթղթերը կամ այլ օբյեկտները հայտնաբերելու հավանականությունը հիմնավորող փաստակազմի առկայությունը: Հետևաբար, նախաքննության մարմնի կողմից քննարկվող քննչական գործողության կատարմանն ուղղված միջոցներ անհապաղ չձեռնարկելը, այդ թվում` համապատասխան թույլտվություն ստանալու միջնորդությամբ դատարան քրեական գործ հարուցելուց տևական ժամանակ անց դիմելը, չի կարող ինքնին հիմք հանդիսանալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու համար։ Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ թեև օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի հիման վրա խուզարկությունը դասում է անհետաձգելի քննչական գործողությունների շարքին, սակայն չի բացառում դրա կատարումը քրեական գործի քննության հետագա փուլերում։ Բացի այդ, անհապաղությունը որոշվում է՝ ելնելով կոնկրետ գործի առանձնահատկություններից, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ որևէ ժամկետ, որի ընթացքում քրեական հետապնդման մարմինները պարտավոր են խուզարկություն կատարելու միջնորդություն ներկայացնել դատարան: Ասվածից հետևում է, որ խուզարկության փաստական հիմքը կազմող տվյալների ձեռք բերման և խուզարկության կատարման ակնկալվող ժամանակի միջև որոշակի ժամանակահատվածի առկայության հանգամանքն ինքնին հիմք չէ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից մերժելու համար, եթե դատարան ներկայացված նյութերը բավարար են հանգելու հետևության, որ բնակարանում խուզարկություն կատարելու փաստական հիմքը շարունակում է գոյություն ունենալ8:

13.4. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անձի կողմից գործի քննության մասին տեղյակ լինելու պարագայում անձի բնակարանում խուզարկության հանկարծակիության և արդյունավետության հարցին, կրկնում է, որ անձի բնակարանում խուզարկություն կատարելու հանկարծակիությունը՝ գործի քննության մասին անձի տեղեկացվածության համատեքստում, խուզարկության իրավաչափությունը գնահատելու չափանիշ չէ, քանի որ, նախ՝ ենթադրյալ հանցանք կատարած անձը տարբեր աղբյուրներից կարող է տեղեկանալ քրեական գործի հարուցման և քննության մասին, այդ թվում՝ ինչպես իր, այնպես էլ այլ անձանց կողմից բացատրություն տալու կամ հարցաքննվելու արդյունքում, երկրորդ՝ այդ անձը քրեական գործի հարուցման և քննության մասին տեղեկացված չլինելու պայմաններում անգամ կարող է կանխատեսել քրեական գործ հարուցված լինելու հավանականությունը, ուստիև բնակարանում չպահել դեպքի պարզման համար նշանակություն ունեցող որևէ առարկա կամ փաստաթուղթ, մինչդեռ գործի քննության մասին անձի տեղեկացվածությունն ինքնին բավարար չէ՝ բացառելու ողջամիտ հավանականությունն առ այն, որ անձի բնակարանում խուզարկության կատարմամբ կարող են հայտնաբերվել քննիչի միջնորդության մեջ նշված առարկաները, փաստաթղթերը կամ այլ օբյեկտները։ Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բնակարանում խուզարկություն կատարելու միջնորդությունը մերժելու հիմքում չեն կարող դրվել այդ քննչական գործողության հանկարծակիությունը և արդյունավետությունը կասկածի տակ առնող այս կամ այն հանգամանքը (այդ թվում՝ գործի քննության մասին անձի տեղեկացվածությունը), եթե դրանով չի բացառվում բնակարանի խուզարկության կատարմամբ որոնվող օբյեկտները հայտնաբերելու ողջամիտ հավանականությունը (չի չեզոքացվում խուզարկության կատարման փաստական հիմքը)։ Հետևաբար բնակարանի խուզարկության հանկարծակիության և արդյունավետության հարցերը դատական ստուգման առարկա կարող են հանդիսանալ միայն այնքանով, որքանով դրանք կոնկրետ դեպքում ունակ կլինեն չեզոքացնելու (իսպառ բացառելու) խուզարկության կատարման արդյունքում որոնվող օբյեկտները հայտնաբերելու ողջամիտ հավանականությունը։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ խնդրո առարկա քննչական գործողության նկատմամբ նախնական դատական վերահսկողության շրջանակում, դատարանը գնահատում է անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը՝ անձի բնակարանում խուզարկությամբ գործի համար նշանակություն ունեցող առարկաներ կամ այլ օբյեկտներ հայտնաբերելու հավանականությունը, այլ ոչ թե անխուսափելիությունը հաստատող փաստական տվյալների բավարարության տեսանկյունից9:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ Դավիթ Առաքելյանի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որն Առաջին ատյանի դատարանի որոշմամբ մերժվել է: Առաջին ատյանի դատարանը խուզարկությունը ժամանակավրեպ է համարել՝ փաստելով, որ քննիչի միջնորդության հարուցումից գրեթե 1 ամիս առաջ Դավիթ Առաքելյանը տեղյակ է եղել գործի քննության սահմանների մասին, որպիսի պայմաններում, եթե վերջինը նպատակ է ունեցել թաքցնելու գործի համար նշանակություն ունեցող առարկաները, ապա նրա բնակարանում հանկարծակի և արդյունավետ խուզարկություն կատարելն իրատեսական չէ, այլ ըստ էության կկրի ձևական բնույթ։ Առաջին ատյանի դատարանը նշել է, որ խուզարկության հանկարծակիությունը, անկանխատեսելիությունը, որով պայմանավորված է այդ քննչական գործողության արդյունավետությունը, տվյալ պարագայում բացակայում է10:

- Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, արձանագրել է, որ երբ անձը տեղեկանում է գործի քննության սահմանների մասին և նպատակ է ունենում գործի համար նշանակություն ունեցող առարկաները թաքցնել քննիչից, ապա գործի քննության սահմանների մասին տեղեկանալուց որոշակի ժամանակ անց (հատկապես երբ տվյալ անձը նախքան խուզարկության կատարումը հնարավորություն է ունեցել մուտք գործել խուզարկվող բնակարան) այդ անձի բնակարանում հանկարծակի և արդյունավետ խուզարկություն կատարելը, որպես կանոն, իրատեսական չէ, նշված գործողության կատարման անհրաժեշտությունը տվյալ դեպքում զուտ կարող է ուղղված լինել գործի լրիվության ապահովմանը, որն ինքնին անձի սահմանադրական իրավունքները սահմանափակելու հիմք հանդիսանալ չի կարող11:

15. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13.4-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դ.Առաքելյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես՝ անդրադառնալով ստորադաս դատարանների՝ կոնկրետ դեպքում խուզարկության արդյունավետության բացակայության մասին եզրահանգման հիմքում դրված այն պատճառաբանությանը, որ Դ.Առաքելյանը, տալով ցուցմունքներ, ողջամտորեն տեղեկացվել է իրականացվող վարույթի մասին, ինչը բացառում է հանկարծակի և արդյունավետ խուզարկություն կատարելու հնարավորությունը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերոնշյալ հանգամանքներն ինքնաբերաբար չեն չեզոքացնում խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ խուզարկության փաստական հիմքը կազմող տվյալների առկայության պայմաններում, նախաքննության մարմնի կողմից անձի բնակարանում խուզարկության կատարումը թույլատրելու մասին միջնորդությունը ենթադրյալ հանցագործության դեպքից հետո անհապաղ դատարան չներկայացնելն ինքնին բավարար հիմք չէ միջնորդությունը մերժելու համար։ Մինչդեռ, ստորադաս դատարանները, հիմք ընդունելով բնակարանում խուզարկություն կատարելու փաստական հիմքի առկայությունը չբացառող հանգամանքները, ոչ իրավաչափորեն սահմանափակել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցը ձեռնարկելու՝ քրեական հետապնդման մարմնի հնարավորությունը։ Արդյունքում, ստորադաս դատարանները, խուզարկություն կատարելու փաստական հիմքի առկայությունն ըստ էության կասկածի տակ չառնելով, դրա կատարման անհրաժեշտությունը ոչ իրավաչափորեն պայմանավորել են այդ քննչական գործողության կատարման բացառապես դրական արդյունքով, այն է՝ որոնվող առարկաները, փաստաթղթերը կամ այլ օբյեկտները հայտնաբերելու անխուսափելիությամբ։

15.1. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ քննչական գործողությունների արդյունավետությունը, հանցագործությունների քննության մեթոդիկան և առանձին քննչական գործողությունների կատարման մարտավարությունը դուրս են քննչական գործողության կատարումը թույլատրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդության շրջանակներում դատարանի կողմից քննարկման ենթակա հարցերի, այլ կերպ՝ դատական վերահսկողության առարկայի շրջանակներից:

16 Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դավիթ Առաքելյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։

17. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը` Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ և 225-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

18. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու արդյունքում Դ.Առաքելյանի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելու մասին բողոքաբերի խնդրանքին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ենթակա է բավարարման մասնակիորեն. անհրաժեշտ է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության12` նկատի ունենալով, որ բարձրագույն դատական ատյանի կողմից հիշյալ միջնորդության հնարավոր բավարարումը կզրկի Դավիթ Առաքելյանին` իր բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ դատական ակտի իրավաչափությունը դատավարության որևէ փուլում վերադաս դատական ատյանում վիճարկելու հնարավորությունից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դավիթ Իշխանի Առաքելյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 21 որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_______________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող` 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-4:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 30-35:

4 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 33-40:

5 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Smirnov v. Russia գործով 2007 թվականի հունիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 71362/01, կետ 37, Kolesnichenko v. Russia գործով 2009 թվականի ապրիլի 9-ի վճիռը, գանգատ թիվ 19856/04, կետ 30։

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Յաշա Խաչատրյանի գործով 2020 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ԵԴ/3084/07/19 որոշման 14.1-րդ կետը:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵՇԴ/0073/07/15 որոշման 22-24-րդ կետերը։

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Շահինյանի գործով 2023 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԴ/0364/07/20 որոշման 14.1-րդ կետը։

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Շահինյանի գործով վերը հիշատակված որոշման 15-րդ կետը, Արթուր Բաղդասարյանի գործով 2023 թվականի հուլիսի 28-ի թիվ ԱՐԴ1/0001/07/21 որոշման 14.4-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

12 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Դատավորներ`

Լ. Թադևոսյան
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2024 թվական: