Գլխավոր տեղեկություն
Номер
N 1715-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 31.10.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.10.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.10.2024
Дата вступления в силу
01.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2024 թվականի N 1715-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 153-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը (այսուհետ ծրագիր)՝ համաձայն N 2 հավելվածի։

3․ Սահմանել, որ՝

1) ծրագրի իրականացման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է.

2) ծրագիրը և ծրագրի արդյունքների գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ե․ Կողբացի 83, պետական գրանցման համարը՝ 269.110.1117158, հարկ վճարողի հաշվառման համարը՝ 02284645) ընկերության կողմից՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև այդ օրը ներառող ամսվան հաջորդող երրորդ ամսվա 1-ը՝ սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկում ներառված ապրանքների համար.

3) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտի օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ծրագրի գնահատման արդյունքները։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1715-Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

1․ Սույն որոշմամբ հաստատվող փորձնական ծրագրի շրջանակում ներառված ապրանքներն են՝

 

Համարը

Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Ապրանքախմբի համառոտ

անվանումը

1)

0207

ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ 0105 ապրանքային դիրքում դասակարգված, թարմ,

պաղեցրած կամ սառեցրած

միս

2)

0209

անյուղ մսից առանձնացված խոզի ճարպ և չհալեցրած կամ այլ եղանակով չստացած ընտանի թռչունների ճարպ՝ թարմ, պաղեցրած, սառեցրած, աղ դրված,

աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած

միս

3)

0210

ընտանի թռչունների միս և մսից սննդային ենթամթերք՝ աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած. մսից կամ մսի սննդային ենթամթերքից

ստացված մանր և խոշոր աղացվածքի ալյուր

միս

4)

0901

սուրճ` բոված կամ չբոված, կոֆեինով կամ առանց կոֆեինի, սուրճի կեղև և սուրճի հատիկների թաղանթ (պատյան), սուրճի փոխարինիչներ` ցանկացած

համամասնությամբ սուրճ պարունակող

սուրճ

5)

0902

թեյ` համաբուրային հավելումներով կամ առանց

դրանց

թեյ

6)

0903 00 000 0

մատե կամ պարագվայական թեյ

թեյ

7)

1601 00

երշիկներ և մսից, մսային ենթամթերքից կամ արյունից

պատրաստված համանման մթերք. դրանց հիմքով պատրաստված պատրաստի սննդամթերք

պատրաստի սննդամթերք

8)

1603 00

լուծամզվածքներ և հյութեր մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամարմիններից կամ

ջրային այլ անողնաշարավորներից

պատրաստի սննդամթերք

9)

1604310000

պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թառափազգիների խավիար և դրա փոխարինիչներ`

պատրաստված ձկնկիթի հատիկներից

ձկնեղեն

10)

1604320010

պատրաստի կամ պահածոյացված ձուկ,

թառափազգիների խավիար և դրա փոխարինիչներ` պատրաստված ձկնկիթի հատիկներից

ձկնեղեն

11)

2101

սուրճի, թեյի կամ մատեի (պարագվայական թեյի) լուծամզուքներ, բնահյութեր և խտածոներ (կոնցենտրատներ) և պատրաստի մթերք՝ դրանց կամ սուրճի հիմքով, թեյի կամ մատեի (պարագվայական թեյի) հիմքով. բոված եղերդ և սուրճի այլ բոված փոխարինիչներ և դրանց լուծամզուքները,

բնահյութերը և խտածոները

սուրճ

12)

2309

կենդանիներին կերակրելու համար օգտագործվող

մթերք

մթերք

13)

2710 19 710 0

2710 19 750 0

2710 19 820 0

2710 19 840 0

2710 19 860 0

2710 19 880 0

2710 19 920 0

2710 19 940 0

2710 19 980 0

քսայուղեր, այլ յուղեր

նավթավե-րամշակման արտադրանք

14)

2936

պրովիտամիններ, վիտամիններ

վիտամին

15)

3002 41 000 0

պատվաստանյութ՝ մարդու համար, մանրածախ

առևտրի համար

պատվաս-

տանյութ

16)

3002 42 000 0

պատվաստանյութ՝ կենդանիների համար

պատվաս-

տանյութ

17)

3004

դեղամիջոց՝ թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար՝ փաթեթավորված մանրածախ առևտրի համար, բացառությամբ պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող և երաշխավորված կարգով տրամադրվող ինսուլինի կամ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղերի, որոնց համար դրոշմապիտակով

դրոշմավորում չի պահանջվում

դեղ

18)

3006 30 000 0

կոնտրաստային նյութեր՝ ռենտգենաբանական հետազոտությունների համար, ախտորոշիչ ռեագենտներ, որոնք նախատեսված են հիվանդներին

բժշկական նպատակներով ներարկելու համար

կոնտրաստային նյութեր

19)

3006 60 000 0

քիմիական հակաբեղմնավորիչներ, որոնք պատրաստված են հորմոնների, 2937 ապրանքային դիրքի այլ միացությունների կամ սպերմիցիդների

հիման վրա

հակաբեղմնա-վորիչներ

20)

3203 00

բուսական կամ կենդանական ծագում ունեցող ներկող նյութեր (ներառյալ ներկող լուծամզուքները, բացի կենդանական ածուխից)՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված բուսական կամ կենդանական ծագում ունեցող ներկող նյութերի

հիմքով պատրաստված պատրաստուկներ

ներկանյութեր

21)

3204

օրգանական սինթետիկ ներկող նյութեր՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, պատրաստուկներ՝ պատրաստված տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված օրգանական սինթետիկ ներկող նյութերի հիմքով, օրգանական սինթետիկ արտադրանք, որն օգտագործվում է որպես օպտիկական սպիտակեցնող նյութ կամ լյումինաֆոր՝

որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության

ներկանյութեր

22)

3205 00 000 0

գունավոր լաքեր, տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված գունավոր լաքերի հիմքով

պատրաստուկներ

լաքեր

23)

3206

ներկող այլ նյութեր, տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված և 3203, 3204 կամ 3205 ապրանքային դիրքերում ընդգրկված պատրաստուկներից տարբեր պատրաստուկներ, որպես լյումինաֆոր օգտագործվող անօրգանական արտադրանք՝ որոշակի կամ անորոշ քիմիական

բաղադրության

ներկանյութեր

24)

3207 10 000 0

պատրաստի գունանյութեր, ապակու պատրաստի

պղտորիչներ և պատրաստի ներկեր և համանման պատրաստուկներ

ներկանյութեր

25)

3208

ներկեր և լաքեր (ներառյալ արծնները և ողորկալաքերը)՝ սինթետիկ պոլիմերների կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված կամ լուծված, տվյալ խմբի 4-րդ ծանոթագրության մեջ

նշված լուծույթներ

ներկանյութեր

26)

3209

ներկեր և լաքեր (ներառյալ արծնները և ողորկալաքերը)՝ սինթետիկ պոլիմերների կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով՝ ջրային միջավայրում դիսպերսված կամ

լուծված

ներկանյութեր

27)

3210 00

այլ ներկեր և լաքեր (ներառյալ արծնները, ողորկալաքերը և սոսնձային ներկերը), պատրաստի ջրային գունանյութեր՝ կաշվի մշակման համար

օգտագործվող

ներկանյութեր

28)

3211 00 000 0

պատրաստի չորարարներ

չորարարներ

29)

3212

գունանյութեր (ներառյալ մետաղական փոշիներ և փաթիլներ)՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված, հեղուկ կամ մածուկանման, որոնք օգտագործվում են ներկերի արտադրության մեջ (ներառյալ արծնները), փայլաթիթեղ՝ դրոշմատպման համար, ներկանյութեր և ներկող այլ նյութեր՝ բաժնեծրարված կամ

փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար

գունանյութեր

30)

3303 00

օծանելիք, հարդաջուր

օծանելիք

31)

3403 19 100 0

3403 19 900 0

3403 99 000 0

քսայուղեր, այլ յուղեր

նավթավե-րամշակման

արտադրանք

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1715-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն ծրագրի նպատակն է՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները և մեթոդները՝ Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) ստեղծված թվային համակարգի միջոցով ավելի արդյունավետ դարձնել շրջանառվող ապրանքների հետագծելիությունը և վերահսկողությունը, որը գործում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) օրենսդրությանը և կարգավորումներին համապատասխան, որն ինտեգրված է ԵԱՏՄ երկրների համանման համակարգերի հետ և հարթակ է ծառայում լրացուցիչ Ջի2Բի և Բի2Բի (G2B և B2B) թվային ծառայությունների զարգացմանը։

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Դրոշմապիտակների և դրոշմանիշների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգը ՀՀ-ում ներդրվել է 2014 թվականից: Այդ ժամանակ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքները եղել են թվով 20-ը։ Տարիների ընթացքում ավելացել է դրոշմավորման ենթակա ապրանքների քանակը՝ հասնելով 111 տեսակի։ Սակայն, ներկայումս կիրառվող մոդելը ունի որոշակի սահմանափակումներ։ Ապրանքի հետագծելիությունը ապրանքի ներմուծումից կամ արտադրումից մինչև վերջնական սպառում վերոնշյալ մոդելի կիրառմամբ հնարավոր չէ ապահովել, քանի որ ապրանքի իրացման դեպքում տվյալները լիարժեք չեն փոխանցվում ՀՀ պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ ՊԵԿ)՝ հսկիչ դրամարկղային մեքենաների (այսուհետ՝ ՀԴՄ) և հարկային հաշիվների էլեկտրոնային համակարգի միջոցով։ ՊԵԿ են փոխանցվում իրացված ապրանքների վերաբերյալ տվյալներ, սակայն դրոշմավորման վերաբերյալ տվյալները բացակայում են։ Դրոշմապիտակների կոդերի գեներացման տրամաբանությունը անհասանելի է, ուստի այն չի կարող օգտագործվել ապրանքների իրացման ժամանակ ՊԵԿ տվյալների փոխանցման համար։

3. 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի հիմնական խնդիրը ԵԱՏՄ ամբողջ տարածքում մեքենայաընթեռնելի և միմյանց հետ փոխկապակցված նշաններով ապրանքների դրոշմավորման գործընթացների միասնականացումն է։ Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում դրոշմավորել արտահանվող ապրանքները ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխան, սակայն ներկայիս համակարգը թույլ չի տալիս դա իրագործել։

 

3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Ծրագրի հիմնական նպատակն է տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ՀՀ-ում ներդրված ապրանքների շրջանառության հետագծելիության էլեկտրոնային համակարգի միջոցով ունենալ շուկայում շրջանառվող ապրանքների նկատմամբ ճշգրիտ և իրատեսական պատկեր և խոչընդոտել անորակ և կեղծ ապրանքների տարածումը, ինչը լուրջ խնդիր է ինչպես սպառողների, այնպես էլ արտադրողների համար։

5. Ներկայումս առկա խնդիրներն են՝

1) հարկ վճարողի կողմից իրացված ապրանքների վերաբերյալ ՊԵԿ փոխանցված տեղեկատվության մեջ ոչ միշտ է հնարավոր իրականացնել վաճառված ապրանքների նույնականացում։ Հատկապես դա վերաբերում է տեխնիկական հագեցվածություն չունեցող մանրածախ առևտրի կետերին.

2) չի ապահովվում ապրանքների շրջանառության ամբողջ շղթայի լիարժեք հետագծելիությունը.

3) ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանողների համար գործող դրոշմապիտակները չեն կարող օգտագործվել։ Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում դրոշմավորել արտահանվող ապրանքները ԵԱՏՄ օրենսդրության համաձայն, և կարող է տեղի ունենալ կրկնակի դրոշմավորում, եթե արտադրության ժամանակ չի առանձնացվում արտահանման համար նախատեսված ապրանքը, որը ևս լրացուցիչ դժվարություն է հարկ վճարողի համար.

4) ներկայիս դրոշմապիտակների վրա առկա 2D կոդի գեներացիայի տրամաբանությունը պատկանում է մասնավոր ընկերության և չի փոխանցվում ՊԵԿ։ Այդ իսկ պատճառով ՊԵԿ-ը անհրաժեշտության դեպքում այլ ընկերությունների կամ սեփական ուժերի միջոցով հնարավորություն չունի փոփոխություններ իրականացնելու առկա ծրագրում կամ ստեղծելու նոր բջջային հավելված։

6. Ծրագրի իրագործմամբ առաջադրվում են մի շարք նպատակներ՝

1) պետության համար՝

ա․ ստվերի նվազեցում և բիզնես միջավայրի առավել թափանցելիություն,

բ․ լրացուցիչ հարկային եկամուտներ,

գ․ ապրանքային շուկաների վերահսկման համար բյուջետային ծախսերի կրճատում,

դ․ իրական ժամանակում վիճակագրական տվյալների առկայություն՝ երկրի կտրվածքով,

ե․ ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինների համագործակցության ավտոմատացում և համակարգում.

2) բիզնեսի համար՝

ա․ թափանցիկ միջավայրում գործող մասնակիցների մրցունակության աճ՝ ստվերի կրճատման հաշվին,

բ․ ՀՀ-ում գործող կարգավորումները ԵԱՏՄ կանոնակարգերի հետ ներդաշնակեցնելու արդյունքում պարզեցվելու է ապրանքների շրջանառությունը ԵԱՏՄ տարածքում,

գ․ թվայնացման արդյունքում լոգիստիկ շղթայում ապրանքների տեղափոխման վերաբերյալ լրացուցիչ ծառայությունների մատուցման հնարավորության ստեղծում.

3) սպառողների համար՝

ա․ կեղծ և անորակ ապրանքների շրջանառության սահմանափակման արդյունքում քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանություն,

բ․ հասարակական վերահսկողություն,

գ․ սպառողների իրավունքների պաշտպանություն։

7․ Ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդում ՀՀ-ում ստեղծել թվային էկոհամակարգ, որը ներդաշնակ ինտեգրված կլինի ԵԱՏՄ երկրների տնտեսության հետ և կծառայի ՀՀ-ում շրջանառվող ապրանքների քանակի և որակի իրական ժամանակում վերահսկողությանը (real-time trace and control)։ Ինչպես նաև համակարգը կնպաստի թվային տնտեսության հետագա զարգացմանը՝ հնարավորություն տալով ինտեգրվելու նաև այլ Ջի2Բի և Բի2Բի (G2B և B2B) էլեկտրոնային ծառայությունների հետ, օրինակ՝ էլեկտրոնային հարկային հաշիվներ, ռիսկերի գնահատում, շուկայի գնահատում, ապահովագրություն և այլն։

 

4. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

8. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկայիս մակարդակը թույլ է տալիս ինչպես ավելի բարձր մակարդակով իրականացնել հետագծելիության և վերահսկողության գործառույթները, այնպես էլ համապատասխանացնել այդ գործառույթները ԵԱՏՄ օրենսդրությանը և ինտեգրել հայկական թվային լուծումները ԵԱՏՄ երկրների համակարգերի հետ։

9. Տվյալ ծրագիրը ՀՀ-ում Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգի (ԱԴԱՏՀ) արդիականացում է, որը կապահովի տվյալ որոշումով նախատեսվող ապրանքների շրջանառության հետագծելիությունը շրջանառության բոլոր փուլերում։

10. Ծրագրի իրականացման հիմք են հանդիսացել՝

1) «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը՝ ստորագրված 2018 թվականի փետրվարի 2-ին.

2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի N 19 որոշումը «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելի մասին»:

11. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված համակարգը իրենից ներկայացնում է կենտրոնացված տեղեկատվական ռեսուրս, որն ապահովում է նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա, հետագա օգտագործման և վերահսկման նպատակներով ՀՀ տարածքում արտադրված, ներմուծված և իրացված ապրանքների մասին տեղեկատվություն:

12. Ապրանքների դրոշմավորումը իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային Data Matrix կոդով մակնշման միջոցով։ Թվային դրոշմավորման ծածկագիրը չկեղծվող է, ունիկալ և չկրկնվող ապրանքների յուրաքանչյուր միավորի համար։ Դրոշմավորման ծածկագրերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշմամբ սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորը (այսուհետ՝ ազգային օպերատոր)՝ թվային եղանակով։

13. Ապրանքների հետագծելիությունը հիմնվում է ապրանքի միավորների կամ ապրանքների խմբաքանակի եզակի նույնականացման իրականացման վրա, ինչն ապահովում է միավորի կամ բեռների շարժի հետագծելիությունը բաշխման ամբողջ շղթայով՝ շրջանառության մեջ մտնելուց (արտադրություն կամ ներմուծում) մինչև շրջանառությունից դուրս գալը (վաճառք, արտադրական նպատակով օգտագործում, արտահանում կամ ոչնչացում): Այսպիսով, յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է դառնում իրական ժամանակում շրջանառության բոլոր փուլերում:

14. ԱԴԱՏՀ-ի փոխգործակցությունը ապրանքների շրջանառության մասնակիցների տեղեկատվական համակարգերի հետ պետք է իրականացվի տեղեկատվական էլեկտրոնային ծառայությունների միջոցով՝ օգտագործելով պրոտոկոլներ և էլեկտրոնային փոխազդեցության միջերեսներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը օպերատորի կողմից տեղադրվում է ինտերնետում օպերատորի պաշտոնական կայքում:

15. Բջջային հավելվածը, որի ստեղծումը նույնպես մտնում է սույն ծրագրի շրջանակների մեջ, սպառողներին կօգնի հեշտությամբ ստուգել ապրանքի ծագման օրինականությունը և ունենալ ապրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը՝ այսպիսով սահմանելով որակի նկատմամբ հասարակական անուղղակի վերահսկողություն։

16. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգը ինտեգրվելու է հետևյալ էլեկտրոնային համակարգերին՝

1) ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգ.

2) Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) տեղեկատվական համակարգ.

3) այլ պետական համակարգերի հետ՝ ըստ անհրաժեշտության։

17․ Ապրանքների շրջանառության մասնակիցների՝ այլ պետական տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի հետ ԱԴԱՏՀ-ի տեղեկատվական փոխգործակցությունը կիրականացվի ՀՀ կառավարության սահմանած կարգով:

18. Փորձնական ծրագրի ընթացքը հնարավորություն կընձեռի իրականացնելու՝

1) նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մեխանիզմների և տեղեկատվական համակարգի ֆունկցիոնալության (գործառույթների) փորձարկումը և գործընթացի հղկումը.

2) ծրագրի մասնակիցների արդյունավետ փոխգործակցության կազմակերպումը.

3) ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը և փորձարկումը օպերատորի տեղեկատվական համակարգի հետ.

4) դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ ցիկլի (դրոշմապիտակ պատվիրելուց մինչև շրջանառությունից դուրս գալը) գործառույթների փորձարկումը և կարգավորումը։

 

5. ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

19. Ծրագրի մասնակիցներն են հանդիսանում՝

1) ՊԵԿ-ը և այլ պետական մարմիններ, որոնք լիազորված են ծրագիրն իրականացնելու համար.

2) ապրանքաշրջանառության մասնակիցները.

3) տեղեկատվական համակարգի օպերատորը։

20. Ապրանքաշրջանառության մասնակիցները փորձնական ծրագրին մասնակցում են կամավոր հիմունքներով:

21. Ծրագրի իրականացման լիազորված մարմինը ՊԵԿ-ն է, որը կապահովի՝

1) ազգային օպերատորի հետ աշխատանքների համակարգումը.

2) ազգային օպերատորի հետ համատեղ փորձնական ծրագրի պլանի, ժամանակացույցի և մեթոդական առաջարկությունների մշակումը և հաստատումը.

3) փորձնական ծրագրի արդյունքների գնահատումը և ՀՀ կառավարություն ներկայացնելը:

22. Ազգային օպերատորը կապահովի՝

1) տեղեկատվական համակարգի պահանջների մշակումը.

2) համակարգի տեղեկատվական անվտանգության պահանջների մշակումը.

3) տեղեկատվական համակարգի ներդրումը և շահագործումը.

4) ծրագրի մասնակիցներին փորձնական ծրագրի շրջանակներում անհրաժեշտ քանակությամբ նույնականացման միջոցների տրամադրումը՝ անհատույց սկզբունքով։

 

6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

23. Որպես ծրագրի իրականացման արդյունք ակնկալվում է հետևյալը՝

1) պետական բյուջեի ծախսերի կրճատում.

2) հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին դրոշմապիտակների համար վճարվելիք գումարը այսուհետ կվճարվի հայկական տնտեսավարողներին և իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա.

3) ունենալ մեկ դրոշմապիտակի ձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, ինչը զգալիորեն կպարզեցնի ապրանքների արտադրման գործընթացը.

4) համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը՝ արտադրությունից (կամ ներմուծումից) մինչև սպառում.

5) ապրանքների նույնականացում և, հետևաբար, շրջանառության վերահսկում մինչև մեկ հատի ճշտությամբ.

6) ապրանքների իսկության վերահսկում հանրության կողմից՝ հատուկ բջջային հավելվածի միջոցով.

7) հնարավոր կլինի շատ ավելի ճշգրիտ գնահատել շրջանառվող ապրանքների քանակը և, հետևաբար, զգալիորեն նվազեցնել ստվերը։

 

7. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

 

24. Ինչպես ցանկացած ծրագիր, այս ծրագիրը նույնպես պարունակում է որոշակի ռիսկ։ Հնարավոր է, որ որոշ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների համար տեխնիկական վերազինման անհրաժեշտություն լինի։

25. Չնայած նշված ռիսկին՝ կանխատեսվող դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա զգալիորեն գերազանցում է ակնկալվող ծախսերը՝ հատկապես երկարաժամկետ հեռանկարում։

 

8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԸ

 

26․ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի նախատեսվում։

27․ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում ծրագրի իրականացման նպատակով կատարվող փոփոխությունները լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չեն առաջացնելու։

28․ Ծրագրի իրականացման ընթացքում դրոշմանիշների տրամադրման հետ կապված ծախսերը իրականացնելու է օպերատորը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ