Գլխավոր տեղեկություն
Номер
N 1598-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.10.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.10.2024
Дата вступления в силу
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2024 թվականի N 1598-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգը սահմանելու մասին» N 1371-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝

1) 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կողմից վճարված եկամտային հարկի գումարները» բառերից հետո լրացնել «՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված սահմանափակումները» բառերով.

2) 3-րդ կետում՝

ա. 4-րդ ենթակետից հանել «կամ կոոպերատիվի» բառերը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.2-րդ ենթակետով.

«4.2) հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ռեզիդենտ հանդիսացող նույն կոոպերատիվի բաժնային ֆոնդի (փայահավաք կապիտալի) մեծացման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն սույն կարգի N 3.2 ձևի:».

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով հարկային մարմին ներկայացված՝ սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերն ամբողջական չլինելու (կամ) ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում հարկային մարմինը եկամտային հարկի փոխհատուցման համար դիմում ներկայացրած անձին առաջարկում է տասն աշխատանքային օրվա ընթացքում շտկել առկա թերությունները: Եկամտային հարկի փոխհատուցման մասին դիմումը հարկային մարմնի որոշմամբ մերժվում է, եթե՝

1) սույն կետով սահմանված ժամկետում չեն ներկայացվել սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը կամ չեն ուղղվել ներկայացված փաստաթղթերում առկա անհամապատասխանությունները.

2) շահաբաժին վճարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը 2025 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով ձևավորվող շահույթից բաշխվող շահաբաժիններից վճարված եկամտային հարկի փոխհատուցման դիմումները հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա կամ նախորդ հարկային տարվա ընթացքում ունեցել է անբողոքարկելի դարձած ստուգման կամ այլ վարչական ակտով արձանագրված՝

ա. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 408-րդ կամ 410-րդ կամ 415-րդ հոդվածի պահանջներից որևէ մեկով խախտում,

բ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածի պահանջների երկու և ավելի անգամ խախտում,

գ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի պահանջների երեք և ավելի անգամ խախտում։

Եկամտային հարկի փոխհատուցման մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու դեպքում եկամտային հարկի փոխհատուցումը մերժելու մասին հարկային մարմնի որոշումը սույն կետով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է դիմում ներկայացրած անձին: Եկամտային հարկի փոխհատուցումը մերժելու մասին հարկային մարմնի որոշումն ստանալուց հետո անձը կարող է հարկային մարմին կրկին ներկայացնել դիմում՝ սույն կարգի N 1 ձևի համաձայն՝ բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքերի:».

4) N 1 ձևի վերնագրում «Ստացված շահաբաժիններից ֆիզիկական անձի վճարած եկամտային հարկի փոխհատուցման» բառերը փոխարինել «ՍՏԱՑՎԱԾ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՎՃԱՐԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ» բառերով.

5) N 2 ձևի տեղեկանքում՝

ա․ «տեղեկանք» բառը փոխարինել «ՏԵՂԵԿԱՆՔ» բառով,

բ․ վերնագրում «Հաշվետու տարվա ընթացքում ռեզիդենտ կազմակերպության կողմից ֆիզիկական անձին վճարված շահաբաժինների և դրանցից պահված եկամտային հարկի վերաբերյալ» բառերը փոխարինել «ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՀՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» բառերով,

գ․ « ________ թվականի ընթացքում» բառերից առաջ լրացնել «_________ թվականի համար» բառերով.

6) N 3 ձևի տեղեկանքից հանել «(փայահավաք)» և «(փայատեր)» բառերը.

7) լրացնել նոր՝ N 3.2 ձևով՝ համաձայն հավելվածի.

8) N 4 ձևի վերնագրում «Շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցում կատարելու մասին» բառերը փոխարինել «ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1598-Ն որոշման

 

«Ձև N 3.2

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՓԱՅԱՀԱՎԱՔ ԿԱՊԻՏԱԼԻ) ՄԵԾԱՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Տրվում է _________________________________________________________________-ի փայատեր

(կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն)

 

________________________________________________________________________________ - ին

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը)

 

առ այն, որ նա համաձայն ________________________________________-ի կողմից լիազոր մարմին

(կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն)

 

ներկայացրած ____ ____________ 20___ թ. որոշման

 

 

կատարել է բաժնային ֆոնդի (փայահավաք կապիտալի) մեծացում`

 

_____________________________________________________________________, որի արդյունքում

(գումարի անվանական արժեքի չափը)

____________________________________-ի բաժնային ֆոնդը (փայահավաք կապիտալը) դարձել է

(կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն)

_________________________________________։

(գումարի անվանական արժեքի չափը)

 

____ ____________ 20___ թ.
  ____________________________________________
(լիազոր մարմնի անվանումը, պաշտոնատար անձի ստորագրությունը)»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

10.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2024 թվական: