ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2024 թվականի N 1567-Ն
ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻԼՄ ՑՈՒՑԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից կինեմատոգրաֆիայի ազգային մարմին ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ կինոդահլիճներում ֆիլմերի ցուցադրությունների մասին տեղեկատվության միասնական պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգի գործարկումից մեկ ամիս առաջ ծանուցել Հայաստանի Հանրապետության ֆիլմ ցուցադրողներին համակարգի գործարկման և տեղեկության չտրամադրման պատասխանատվության վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
03.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1567-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻԼՄ ՑՈՒՑԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից կինեմատոգրաֆիայի ազգային մարմին ներկայացնելու ընթացակարգը ու պայմանները:
2. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Ֆիլմ՝ տեսալսողական ստեղծագործություն, որը համապատասխանում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետին և կարող է նաև ունենալ ազգային ֆիլմի կարգավիճակ, եթե բավարարում է օրենքի 13-րդ հոդվածում նշված պայմաններին:
3. Սրահ (այսուհետ՝ կինոդահլիճ)՝ վայր, որտեղ իրականացվում է ֆիլմի ցուցադրումը:
4. Կինոդահլիճներում ֆիլմերի ցուցադրությունների մասին տեղեկատվության միասնական պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ միասնական տեղեկատվական համակարգ)՝ կինոդահլիճներում կինոցուցադրումների և դրա մշակումն ապահովող տեղեկատվական տեխնոլոգիաների ու տեխնիկական միջոցների մասին կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականությունը մշակող լիազորված պետական մարմնի շտեմարաններում պարունակվող տեղեկատվության ամբողջություն:
5. Միասնական տեղեկատվական համակարգի օպերատոր՝ միասնական տեղեկատվական համակարգի վերահսկող և կառավարող մարմին:
3. ԸՆԹԱՑԱԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6. Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից կինեմատոգրաֆիայի ազգային մարմին են ներկայացվում միասնական տեղեկատվական համակարգի միջոցով:
7. Կինոդահլիճում ֆիլմի վճարովի ցուցադրում իրականացնող ֆիլմի ցուցադրողը պարտավոր է միասնական տեղեկատվական համակարգ ինքնաշխատ եղանակով փոխանցել կինոթատրոնի անվանման, օրվա, ժամի, սեանսի անվանման, ֆիլմի անվանման, վարձութային վկայականի համարի, կինոդահլիճի համարի կամ անվանման, շարքի համարի, տեղի համարի, տոմսի գնի, տոմսի զեղչի մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ վաճառված յուրաքանչյուր տոմսի վերաբերյալ տեղեկություն:
8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված տեղեկությունը պետք է ամբողջությամբ համապատասխանի տոմսում պարունակվող տեղեկությանը, որի ձևը սահմանված կարգով հաստատում է կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականությունը մշակող լիազորված պետական մարմինը՝ որպես խիստ հաշվետվության ձև, և որն օգտագործվում է կինոդահլիճում ֆիլմի ցուցադրման ժամանակ:
9. Ֆիլմ ցուցադրող կինոթատրոնն ինքնուրույն և իր հաշվին իրականացնում է տոմսերի վաճառքն ապահովող սարքավորումների, ծրագրային և ապարատային միջոցների ձեռքբերումը, տեղադրումը, միացումը և օգտագործումը և սույն կարգի 7-րդ կետի համաձայն կինոդահլիճում ֆիլմի ցուցադրման ընթացքում վաճառված յուրաքանչյուր տոմսի վերաբերյալ տոմսում պարունակվող տեղեկության ավտոմատ փոխանցումը միասնական տեղեկատվական համակարգ:
10. Ֆիլմ ցուցադրողը միասնական տեղեկատվական համակարգ է փոխանցում նաև ազգային ֆիլմի ցուցադրումից առաջ, ազգային ֆիլմի ցուցադրման ընթացքում կամ ազգային ֆիլմի ցուցադրումից հետո ցուցադրվող գովազդի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը՝
1) կինոթատրոնի անվանման, ցուցադրության ամսաթվի (տարի, ամիս, օր), ժամի, ցուցահերթի անվանման, ֆիլմի անվանման, վարձույթի վկայականի համարի, կինոդահլիճի համարի, շարքի, տեղի, տոմսի գնի, տոմսի զեղչի, վաճառված յուրաքանչյուր տոմսի վերաբերյալ տեղեկությունը, ֆիլմի ընթացքում ցուցադրվող գովազդի արժեքը, գովազդի տևողությունը ֆիլմի ընթացքում, գովազդատուի անվանումը.
2) հեռուստաընկերության անվանման, ցուցադրության ամսաթվի (տարի, ամիս, օր), ժամի, ֆիլմի անվանման, վարձույթի վկայականի համարի, հեռուստատեսային գովազդի ընդհանուր արժեքը, հեռուստատեսային գովազդի վայրկյանի արժեքը, ֆիլմի ընթացքում ցուցադրվող գովազդի պարբերությունը և արժեքը, գովազդի տևողությունը ֆիլմի ընթացքում, գովազդատուի անվանումը:
11. Միասնական տեղեկատվական համակարգի օպերատորը (այսուհետ՝ համակարգի օպերատոր) կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականությունը մշակող լիազորված պետական մարմինն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափանիշներին համապատասխան՝ այդ մարմնի կողմից որոշված ոչ առևտրային կազմակերպությունը, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, և որի գործունեության հիմնական նպատակն է տեղական կինեմատոգրաֆիայի աջակցությունը:
12. Եթե համակարգի օպերատորը, սույն կարգի 11-րդ կետի համաձայն, համապատասխան ոչ առևտրային կազմակերպություն է, ապա այդպիսի կազմակերպությունը եռամսյակային կտրվածքով հաշվետվություն է ներկայացնում կինեմատոգրաֆիայի բնագավառում լիազորած պետական մարմնին՝ միասնական տեղեկատվական համակարգի շահագործման գործունեության իրականացման վերաբերյալ: Հաշվետվության ներկայացման կարգը, ինչպես նաև դրա բովանդակության պահանջները սահմանվում են կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականությունը մշակող լիազորված պետական մարմնի կողմից:
13. Ֆիլմ ցուցադրողի կողմից ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացվող եկամուտների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը խախտելն առաջացնում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
03.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2024 թվական: