Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-107
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.06.2010-01.07.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.05.20/11
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.04.1997
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.05.1997
Дата вступления в силу
30.05.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

14 ապրիլի 1997 թ.

 

ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հարկի հասկացությունը և հարկերի տեսակները, հարկային վեճերի լուծման կարգը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության (այսուհետ` հարկային օրենսդրություն) և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվությունը, ինչպես նաև այն սկզբունքները, որոնց վրա հիմնվում են հարկերի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և հարկային հարաբերություններ կարգավորող մյուս իրավական ակտերը:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորվում են`

ա) հարկային օրենսդրությամբ, որը բաղկացած է սույն օրենքից և առանձին հարկատեսակների մասին օրենքներից.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով` հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և սահմաններում.

գ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության (այսուհետ` հարկային տեսչություն), ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում պետական կառավարման այլ մարմինների կողմից ընդունված ակտերով` հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերում և սահմաններում:

Եթե Հայաստանի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են, ինչպես նաև հարկային և (կամ) մաքսային մարմինների կողմից (տեղական հարկերի դեպքում` նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից) կիրառվում են հարկ վճարողի օգտին:

Հայաստանի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերում հակասության, երկիմաստության կամ տարընթերցման դեպքում դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով հարկ վճարողը կարող է նաև սահմանված կարգով դիմել հարկային, մաքսային, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ:

(2-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-129, խմբ. 25.12.03 ՀՕ-53-Ն, փոփ. 27.04.10 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 3. Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից (այդ թվում` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկներից, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերից, ներկայացուցչություններից), հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում:

(3-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-289)

 

Հոդված 4. Սույն օրենքով սահմանված հարկերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ: Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձինք (այդ թվում` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկները, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները), հիմնարկները, տեղական ինքնակառավարման մարմինները (այսուհետ` հարկ վճարողներ) պարտավոր են վճարել հարկեր, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

(5-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-289)

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դեպքերում հարկի վճարման պարտավորությունը կարող է դրվել հարկային գործակալի վրա:

Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձն է (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), անհատ ձեռնարկատերը, նոտարը, հիմնարկը, տեղական ինքնակառավարման մարմինը, որի վրա օրենքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը (այդ թվում` անուղղակի) հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեներ վճարելու պարտավորությունը:

(6-րդ հոդվածը խմբ. 14.12.01 ՀՕ-289, լրաց. 14.12.04 ՀՕ-185-Ն)

 

Հոդված 7. Հարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հարկ վճարողների հաշվառումն իրականացնում է հարկային տեսչությունը, իսկ օրենքով սահմանված դեպքերում` տեղական ինքնակառավարման մարմինը:

(7-րդ հոդվածը լրաց. 27.04.10 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 8. Հարկի դրույքաչափի փոփոխությունը, հարկի սահմանումը կամ վերացումը կատարվում է միայն ֆինանսական տարվա սկզբից (հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում պետական բյուջեի հաստատման դեպքում` հաստատման պահից), եթե առանձին հարկատեսակի մասին օրենքով այլ բան սահմանված չէ:

Հարկի դրույքաչափի փոփոխություն, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները, եթե դրանք պարունակում են հարկ վճարողի գործելու պայմանները խստացնող դրույթներ, ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 30 օր հետո:

(8-րդ հոդվածը լրաց. 26.05.05 ՀՕ-133-Ն)

 

Հոդված 9. Հարկվող միևնույն օբյեկտը հաշվետու ժամանակաշրջանում նույն տեսակի հարկով կարող է հարկվել միայն մեկ անգամ:

 

Հոդված 10. Հարկերը վճարվում են հայկական դրամով` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով:

(10-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-273)

 

Հոդված 11. Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների` Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացված եկամտի (շահույթի) գումարը, սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի արժեքը ներառվում են Հայաստանի Հանրապետությունում հարկման ենթակա եկամտի (շահույթի) ընդհանուր գումարի, գույքի ընդհանուր արժեքի մեջ և հաշվի են առնվում հարկերի չափը որոշելիս, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների եկամտի (շահույթի) գումարից, սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի արժեքից գանձվող հարկերը նվազեցվում են հարկերի այն գումարների չափերով, որոնք Հայաստանի Հանրապետության հարկ վճարողներից գանձվել են օտարերկրյա պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, նվազեցվող գումարների չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից (շահույթից), այդ պետություններում գտնվող գույքի արժեքից Հայաստանի Հանրապետությունում վճարման ենթակա հարկի գումարները:

 

Հոդված 111. Հարկման նպատակով փոխկապակցված անձինք ֆիզիկական և իրավաբանական անձինք են, որոնք կարող են ազդեցություն ունենալ ֆիզիկական և իրավաբանական անձանց ձեռնարկատիրական գործունեության վրա:

Իրավաբանական անձի փոխկապակցված անձինք են`

- կառավարման մարմնի անդամը, ինչպես նաև միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձը,

- անձը, որը պատկանում է անձանց խմբին, որին պատկանում է տվյալ իրավաբանական անձը,

- անձինք, որոնք իրավունք ունեն տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին,

- իրավաբանական անձը, որի մեջ տվյալ իրավաբանական անձն իրավունք ունի տնօրինել նրա կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին,

- իրավաբանական անձը, որի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին տնօրինող անձը կամ անձանց խումբը միաժամանակ տնօրինում է տվյալ իրավաբանական անձի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:

Անհատ ձեռնարկատիրոջ փոխկապակցված անձինք են`

- անձը, որն ընդգրկված է անձանց խմբի մեջ, որին պատկանում է տվյալ անհատ ձեռնարկատերը,

- իրավաբանական անձը, որի մեջ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:

Սույն հոդվածի կիրառման իմաստով անձանց խումբ է համարվում իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց խումբը, որը բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի (համաձայնեցված գործողությունների) արդյունքում օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինել (այդ թվում` առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների միջոցով) իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 50 տոկոսից ավելին,

- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն են ստանում կանխորոշել այլ անձի կամ անձանց կողմից ընդունվող որոշումները (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) կամ իրականացնել գործադիր մարմնի իրավասությունները,

- անձն իրավունք ունի նշանակել միանձնյա գործադիր մարմին և (կամ) իրավաբանական անձի կոլեկտիվ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին, և (կամ) նրա առաջարկությամբ ընտրվել է իրավաբանական անձի կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- ֆիզիկական անձն իրականացնում է իրավաբանական անձի գործադիր մարմնի իրավասությունները,

- նույն իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրված ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը, և (կամ) այլ անձինք կազմում են երկու կամ ավելի իրավաբանական անձանց կառավարման մարմնի կազմի կեսից ավելին, կամ նույն իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրված են մեկից ավելի իրավաբանական անձանց կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) իրավաբանական անձինք իրավունք են ստանում տնօրինել մեկից ավելի իրավաբանական անձանց քվեարկող փայաբաժնի կեսից ավելին,

- ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք իրավունք ունեն ինքնուրույն կամ իրենց ներկայացուցիչների միջոցով գումարային տնօրինել մեկ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի քվեարկող փայաբաժնի կեսից ավելին, և միաժամանակ նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) նույն իրավաբանական անձի կողմից առաջարկված անձինք կազմում են իրավաբանական անձի կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- ֆիզիկական անձինք ամուսիններ են, ծնողներ, երեխաներ, եղբայրներ կամ քույրեր:

(111-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-129, խմբ. 11.12.02 ՀՕ-484-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հոդված 12. Հայաստանի Հանրապետությունում հարկատեսակներն են`

ա) պետական հարկերը`

- շահութահարկ,

- եկամտահարկ,

- ակցիզային հարկ,

- ավելացված արժեքի հարկ:

Oրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ.

բ) տեղական հարկերը,

- գույքահարկ,

- հողի հարկ,

- հյուրանոցային հարկ,

- տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ:

Այլ օրենքներով կարող են սահմանվել այլ տեղական հարկատեսակներ:

Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարությունն իրականացվում է համապատասխանաբար հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի և համայնքի հարկային ստորաբաժանումների կողմից:

Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարությունը սահմանվում է սույն օրենքով: Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան հարկերի մասին օրենքներով:

(12-րդ հոդվածը լրաց. 05.06.00 ՀՕ-63, փոփ. 21.08.08 ՀՕ-143-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-253-Ն, խմբ. 27.04.10 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 13. Հարկային օրենսդրությամբ կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետևյալ տեսակները`

հարկվող օբյեկտի նվազեցում,

հարկի դրույքաչափի նվազեցում,

հարկի նվազեցում,

հարկի հաշվարկման ժամկետի հետաձգում,

հարկի վճարման ժամկետի հետաձգում,

հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների հետաձգում,

բանկի կամ վարկային կազմակերպության կողմից հարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների վճարման պարտավորության հետաձգում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկի կամ վարկային կազմակերպության պարտատերերի պահանջների սառեցման (մորատորիումի) ժամանակահատվածում:

Հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հարկ վճարողներին փոխհատուցվում է վճարված (գանձված) հարկի գումարը:

Հարկային արտոնությունները սահմանվում են օրենքով, եթե առանձին հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ:

Գործող հարկային արտոնության դադարեցման կամ փոփոխման դեպքում սահմանվում է տվյալ արտոնությունից օգտվող հարկ վճարողների նկատմամբ դրա կիրառման կարգը:

(13-րդ հոդվածը լրաց. 06.11.01 ՀՕ-257, 11.12.02 ՀՕ-484-Ն)

 

Գ լ ու խ  II.1. ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐ

(գլուխը լրաց. 27.04.10 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 13.1. Տեղական հարկերի առանձնահատկությունները սահմանվում են յուրաքանչյուր հարկատեսակի մասին օրենքով: Տեղական հարկերը, որպես եկամուտ, ամբողջությամբ ամրագրվում են այն համայնքի բյուջե, որի վարչական տարածքում դրանք ձևավորվում են:

 

Հոդված 13.2. Տեղական հարկերից հողի հարկի և գույքահարկի կիրառումը յուրաքանչյուր համայնքում պարտադիր է:

Յուրաքանչյուր համայնքում մյուս տեղական հարկերի կիրառումը և դրույքաչափերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:

 

Հոդված 13.3. Տեղական հարկատեսակների մասին (բացառությամբ հողի հարկի և գույքահարկի) օրենքներով սահմանվում են տեղական հարկերի դրույքաչափերի նվազագույն և առավելագույն սահմանները: Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ, օրենքով սահմանված կարգով, հաստատում է տեղական հարկերի դրույքաչափերը:

 

Հոդված 13.4. Տեղական հարկատեսակների և դրույքաչափերի սահմանումը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը, վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքագրումը) և վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորություններն են:

 

Հոդված 13.5. Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են օրենքով սահմանված կարգով գնահատել և վերագնահատել անշարժ գույք հանդիսացող հարկվող օբյեկտի հարկման ենթակա բազան, իսկ անհամապատասխանության դեպքում արդյունքները ներկայացնել գնահատում և վերագնահատում իրականացնող լիազոր մարմին կամ վիճարկել դատական կարգով:

 

Հոդված 13.6. Տեղական հարկեր վճարողների իրավունքները, պարտավորություններն ու պատասխանատվությունը սահմանվում են սույն օրենքով, իսկ դրանց առանձնահատկությունները` յուրաքանչյուր հարկատեսակի մասին օրենքով: Հարկային օրենսդրության խախտումներից բխող վեճերը լուծվում են դատական կարգով:

 

(գլուխը լրաց. 27.04.10 ՀՕ-51-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հոդված 14. Հարկ վճարողն իրավունք ունի`

ա) ծանոթանալ իր գործունեության ստուգումների ակտերին.

բ) հարկային տեսչություն ներկայացնել բացատրություններ հարկերի հաշվարկման ու վճարման և ստուգումների արդյունքների վերաբերյալ,

գ) օրենքով սահմանված կարգով գանգատարկել հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունները.

դ) առանձին հարկատեսակի մասին օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով դիմել հարկային արտոնություն ստանալու համար.

ե) սահմանված կարգով դիմել հարկային մարմին` պարզաբանում ստանալու համար:

(14-րդ հոդվածը լրաց. 25.02.10 ՀՕ-30-Ն)

 

Հոդված 15. Հարկ վճարողը պարտավոր է`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնել հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ), կազմել հաշվետվություններ` իր ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ.

բ) հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում ինքնուրույն հաշվարկել սահմանված հարկերի գումարները և իրականացնել դրանց վճարումը բյուջե.

գ) սահմանված ժամկետում հարկային տեսչություն ներկայացնել (մասնավորապես ներկայացնել էլեկտրոնային եղանակով` համաձայն սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածի, կամ ուղարկել փոստով` համաձայն սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 3-րդ հավելվածի, կամ հանձնել ըստ պատկանելության) հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթեր և տեղեկություններ.

դ) ժամանակին վճարել օրենքով սահմանված հարկերը` հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում սահմանված կարգով կատարելով նաև դրանց կանխավճարային մուծումները.

ե) անհրաժեշտ պայմաններ ապահովել հարկային տեսչության կողմից իրականացվող ստուգումների (ուսումնասիրությունների) համար.

զ) ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող փաստաթղթերը.

է) հարկային տեսչության ստուգումների (ուսումնասիրությունների) հետևանքով բացահայտված, թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի գումարի չափով ուղղումներ (ճշգրտումներ) կատարել հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառմանը և (կամ) գրանցումներին վերաբերող) փաստաթղթերում.

ը) հարկային տեսչության կազմած ստուգման ակտի փաստերի հետ չհամաձայնելու դեպքում ներկայացնել ակտը չստորագրելու պատճառների վերաբերյալ գրավոր բացատրություն, որը կազմում է ակտի անբաժանելի մասը.

թ) իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում` համապատասխան ցուցանակների վրա) փակցնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն` նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները):

Իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում (լիցենզիա) ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում պարտավոր են հաշվառման կանգնել հարկային տեսչությունում և ստանալ հարկ վճարողների հաշվառման համարներ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Անուղղակի հարկեր վճարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել առանձին հաշվառման կարգ:

(15-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-129, 25.12.03 ՀՕ-53-Ն, խմբ., լրաց. 21.08.08 ՀՕ-143-Ն, փոփ. 27.10.09 ՀՕ-194-Ն)

 

Հոդված 15.1. Սույն օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` էլեկտրոնային եղանակով հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումը պարտադիր է հետևյալ ժամանակացույցին համապատասխան`

1) 2010 թվականի հունվարի 1-ից`

ա) բանկերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայում հաշվետու թողարկողների, ներդրումային ընկերությունների, կարգավորող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների համար,

բ) «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն խոշոր համարվող կազմակերպությունների համար,

գ) նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 100 միլիոն դրամ և ավելի իրացման շրջանառություն (համախառն եկամուտ) ունեցող պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար,

դ) նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 100 միլիոն դրամ և ավելի իրացման շրջանառություն (համախառն եկամուտ) ունեցող` 50 տոկոս և ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների համար.

2) 2010 թվականի հուլիսի 1-ից նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 100 միլիոն դրամ և ավելի իրացման շրջանառություն (համախառն եկամուտ) ունեցող կազմակերպությունների համար:

(15.1-րդ հոդվածը լրաց. 27.10.09 ՀՕ-194-Ն)

 

Հոդված 16. Հարկային պարտավորությունը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը:

Հարկային պարտավորությունը դադարում է դրա կատարման, հարկի վերացման, հարկից ազատելու արտոնության սահմանման, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում, իսկ ֆիզիկական անձի համար` նաև նրա մահվան դեպքում, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

Չկատարված հարկային պարտավորությունները համարվում են անհուսալի և դրանց մասով վարվում է առանձնացված հաշվառում հետևյալ դեպքերում`

ա) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանը գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով.

բ) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի` 500.000 դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանը գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով, եթե բացակայում են անհատ ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելու հիմքերը.

գ) անհատ ձեռնարկատիրոջ հարկային պարտավորությունների մասով` սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման դեպքում:

Անհուսալի դառնալուց հետո` հինգ տարվա ընթացքում, չգանձված պարտավորությունները դադարում են և հանվում հաշվառումից: Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության վերակազմավորման (վերակառուցման) դեպքում չկատարված հարկային պարտավորությունը կրում է նրանց իրավահաջորդը (իրավահաջորդները):

Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լուծարման կամ անհատ ձեռներեցի գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ ընդունող լիազորված մարմինները լուծարման (գործունեության դադարեցման) որոշման ընդունման մասին յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում են հարկային տեսչության մարմիններին:

Իրավաբանական անձի լուծարումից հետո հարկային պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային տեսչության ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ իրավաբանական անձի որոշումների ընդունման վրա ազդելու հնարավորություն ունեցող սեփականատերերի և (կամ) ղեկավար մարմնի անդամների վրա` լուծարմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային տեսչությունից թաքցրած հարկման օբյեկտներից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափով, եթե նշված պարտավորությունները ծագել են այդ անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով:

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լուծարումից կամ անհատ ձեռներեցի գործունեության դադարումից հետո հարկային պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային տեսչության ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ ձեռնարկության սեփականատերերի կամ անհատ ձեռներեցի վրա` լուծարմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային տեսչությունից թաքցրած հարկման օբյեկտներից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափով:

(16-րդ հոդվածը լրաց. 21.10.97 ՀՕ-153, 08.12.04 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 17. Հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում է հարկային տեսչությունը, իսկ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը:

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող եկամուտներ են համարվում տեղական հարկերի, դրանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների ամբողջությունը, որոնց հաշվառումը, վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքագրումը) և վճարման նկատմամբ հսկողությունն oրենքով վերապահված է տեղական ինքնակառավարման մարմնին:

(17-րդ հոդվածը լրաց. 27.04.10 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 17.1. Հարկերի հաշվարկման և վճարման համար սահմանված կարգի ու հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ընթացիկ հարկային հսկողություն իրականացնելու նպատակով սույն հոդվածով սահմանված դեպքերում ու կարգով վերադաս հարկային մարմինը հարկ վճարողի մոտ նշանակում է հարկային մարմնի ներկայացուցիչ (ներկայացուցիչներ): Հարկային մարմնի ներկայացուցիչը հարկ վճարողի մոտ սույն հոդվածով սահմանված ընթացիկ հարկային հսկողություն իրականացնող հարկային ծառայողն է:

Սույն հոդվածի իմաստով ընթացիկ հարկային հսկողությունը (այսուհետ` հսկողություն) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով և ցանկում ներառված ու հարկային մարմնի ղեկավարի հրամանում նշված հարկ վճարողի մոտ արտադրանքի և ապրանքների ֆիզիկական ծավալների, հարկ վճարողի կողմից մատուցվող ծառայությունների ծավալների, դրանց գների հաշվառման, առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող ապրանքի, արտադրանքի, մատուցվող ծառայությունների փաստաթղթավորման, ինչպես նաև գնորդներին արտադրանքի և ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման կամ վաճառքի, ծառայությունների մատուցման ուսումնասիրությունն է:

Հարկային մարմնի ներկայացուցիչը նշանակվում է հարկային մարմնի ղեկավարի հրապարակած գրավոր հրամանով, որի երկու օրինակները հսկողությունը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրվում է հարկ վճարողի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Հարկ վճարողի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը (այսուհետ` պաշտոնատար անձ) պարտավոր է ստորագրել հրամանի մեկ օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է հսկողության անցկացման և հարկային մարմնի ներկայացուցչի (ներկայացուցիչների) նշանակման մասին: Հրամանի ստորագրված օրինակը վերադարձվում է հարկային մարմնի պաշտոնատար անձին: Հարկային մարմնի ղեկավարի հրամանում պարտադիր նշվում են հարկային մարմնի ներկայացուցչի (ներկայացուցիչների) պաշտոնը, անունը, ազգանունը, հսկողության անցկացման ընդհանուր ժամկետը և հարկ վճարողի մոտ հսկողության աշխատանքային ռեժիմը: Հարկային մարմնի ներկայացուցիչները հսկողությունն իրականացնում են այն ռեժիմով, որով աշխատում են հարկ վճարողները, եթե հարկային մարմնի ղեկավարի հրամանում ավելի մեղմ ռեժիմ սահմանված չէ: Հրամանում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մասնակցել հսկողությանը: Հարկային մարմնի ներկայացուցչին այլ ներկայացուցչով փոխարինելը կամ հսկողության աշխատանքային ռեժիմի փոփոխությունը կատարվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Հսկողության անցկացման ժամկետը չպետք է գերազանցի հարկ վճարողի մոտ հարկային ներկայացուցիչ նշանակելու մասին հարկային մարմնի ղեկավարի գրավոր հրամանում նշված ժամկետը:

Հարկ վճարողի մոտ հարկային մարմնի ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն հետևյալ հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում`

ա) հարկ վճարողի նախորդ տարվա ապրանքների, արտադրանքի, ծառայությունների ինչպես նաև հարկ վճարողի ակտիվների իրացումից ստացվող հասույթը (զուտ հասույթը` առանց անուղղակի հարկերի) գերազանցել է 4 միլիարդ դրամը, կամ

բ) հաշվետու տարվա որևէ պահին նախորդող երեք ամսվա ընթացքում հարկ վճարողի կողմից «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցել է 500 միլիոն դրամը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված այն հարկ վճարողների, որոնց ներդրումային ծրագրերի շրջանակներում «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների համար մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը օրենքով սահմանված կարգով հետաձգվել է, կամ

գ) ԱԱՀ վճարողի մոտ հաշվետու տարվա ընթացքում սույն օրենքի 22.1 հոդվածով սահմանված չափագրումների արդյունքում արձանագրվել է հարկ վճարողի ներկայացված հաշվետվությունների տվյալների և չափագրումների արդյունքների միջև 100 միլիոն դրամ և ավելի չափով շեղում (տարբերություն), կամ

դ) հարկ վճարողը ներկայացրել է գրավոր դիմում:

Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ակնագործության և ոսկեգործության բնագավառում գործունեություն իրականացնող հարկ վճարողների վրա:

Հսկողություն իրականացնելիս հարկային մարմնի ներկայացուցիչը`

ա) հաշվառում և ուսումնասիրում է առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի և ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալներն ու գները: Ուսումնասիրության ընթացքում հարկային մարմնի սահմանած կարգով ու ժամկետներում կազմվում է տեղեկանք (տեղեկանքներ), որոնց մեկ օրինակը կազմելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում առձեռն կամ փոստով տրամադրվում է հարկ վճարողի պաշտոնատար անձին: Հարկ վճարողի պաշտոնատար անձը ծանոթանում է տեղեկանքին` դրա մասին տեղեկանքում կատարելով համապատասխան գրառում, իսկ համաձայն չլինելու կամ առարկությունների դեպքում տեղեկանքի ներկայացմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի ներկայացուցչին է ներկայացնում իր գրավոր առարկությունները.

բ) ուսումնասիրում է հարկ վճարողի մոտ առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող ապրանքի, արտադրանքի, մատուցվող ծառայությունների փաստաթղթավորման, հաշվառման և գրանցման ընթացակարգերը, այդ ընթացակարգերի և հարկային օրենսդրության խախտումներ, անճշտություններ, անհամապատասխանություններ (այսուհետ սույն պարբերությունում` խախտումներ) հայտնաբերելու դեպքում դրանց վերաբերյալ կազմում է տեղեկանք (երկու օրինակից), որը խախտումն արձանագրելուց հետո, բայց ոչ ուշ, քան դրան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը, առձեռն կամ փոստով տրամադրում է հարկ վճարողի պաշտոնատար անձին: Հարկ վճարողի պաշտոնատար անձն արձանագրված խախտումների հետ համաձայնվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում է տեղեկանքը և վերացնում է խախտումը, որի մասին տեղեկանքում հարկային մարմնի ներկայացուցչի կողմից կատարվում է համապատասխան գրառում: Արձանագրված խախտումների հետ համաձայն չլինելու դեպքում հարկ վճարողի պաշտոնատար անձը երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի ներկայացուցչին է ներկայացնում իր գրավոր առարկություններն ու բացատրությունները.

գ) իրականացնում է հարկ վճարողի կողմից հարկային օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների խախտումների կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, տրամադրում է տեղեկատվություն հարկային օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների, դրանց խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ:

Հսկողության իրականացման շրջանակներում հարկային մարմնի ներկայացուցիչն իրավունք ունի հարկային մարմնի ղեկավարի հրամանում նշված հարկ վճարողի մոտ իրականացնելու հետևյալ գործողությունները`

ա) արտադրանքի և ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման կամ վաճառքի, ինչպես նաև ծառայությունների մատուցման վայրերում միայն հաշվառել և ուսումնասիրել առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի և ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալներն ու գները.

բ) հարկ վճարողի տարածքներում բացառապես դիտել պատրաստի արտադրանքի առաքման, տրամադրման, տեղափոխման կամ վաճառքի գործընթացը` այդ տարածքներ մուտք գործելով միայն հարկ վճարողի պաշտոնատար անձի անմիջական մասնակցությամբ.

գ) ծանոթանալու նպատակով հարկ վճարողից պահանջել բացառապես սույն հոդվածով սահմանված հսկողությանն անմիջապես առնչվող փաստաթղթեր, տվյալներ և տեղեկություններ.

դ) գործարքների փաստաթղթավորման և հաշվառման (գրանցման) կարգի նկատմամբ օրենքով սահմանված պահանջների կատարման ապահովման նպատակով ընտրանքային կարգով, կոնկրետ գործարքի մասով հարկ վճարողից պահանջել կատարելու առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի և ապրանքների գույքագրումներ (գույքագրման արդյունքները կցվում են հարկային մարմնի ներկայացուցչի կողմից կազմվող տեղեկանքներին):

Սույն հոդվածով նախատեսված տեղեկանքները (այդ թվում` գրավոր առարկությունները) հարկային մարմինը կցում է հարկ վճարողի հարկային գործին, և դրանք կարող են օգտագործվել հարկ վճարողի տնտեսական գործունեության վերլուծությունների, ինչպես նաև օրենքով նախատեսված ստուգումների ժամանակ հարկ վճարողի հարկվող օբյեկտներն ու հարկային պարտավորությունները հաշվարկելու համար:

Հարկ վճարողի պաշտոնատար անձը սույն հոդվածով սահմանված հսկողության շրջանակներում կրում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստուգվող տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց համար սահմանված իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը:

Հարկային մարմնի ներկայացուցիչը սույն հոդվածով սահմանված հսկողության շրջանակներում կրում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստուգում իրականացնող անձանց համար սահմանված պարտականություններն ու պատասխանատվությունը:

(17.1-րդ հոդվածը լրաց. 29.10.09 ՀՕ-200-Ն)

 

Հոդված 18. Հարկերի հաշվարկման հսկողության և գանձման ընթացքում օրենքի խախտմամբ հարկ վճարողների վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները չեն կարող հիմք հանդիսանալ հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման համար:

 

Հոդված 19. Որևէ տեղեկություն հիմք չի հանդիսանում հարկ վճարողի հարկային պարտավորության հաշվարկման և գանձման համար, քանի դեռ նա հնարավորություն չի ունեցել ծանոթանալ դրան և տալ համապատասխան բացատրություններ:

 

Հոդված 20. Իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են հարկային տեսչություն տեղեկություններ հաղորդել հարկ վճարողների հետ կատարված գործառնությունների, ինչպես նաև իրենց կողմից և իրենց հաշվին ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և պահված հարկերի, հարկման նպատակով անհրաժեշտ տվյալների մասին` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Բանկային և առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային տեսչությանը տրամադրվում են օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում (լիցենզավորում) իրականացնող լիազորված մարմինները դրանց գրանցման (լիցենզավորման), ինչպես նաև դրանց հետ կապված համապատասխան փոփոխությունների մասին տվյալներ են հայտնում հարկային տեսչություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Հարկ վճարողները պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ցանկում ընդգրկված ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմիններ:

(պարբերությունն ուժը կորցրել է 26.04.10 ՀՕ-46-Ն)

(20-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-289,  21.08.08 ՀՕ-143-Ն, փոփ.  26.04.10 ՀՕ-46-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 21. Հարկային օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

Հոդված 22. Հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են հարկ վճարողները և դրանց (ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:

Եթե հարկ վճարողը չի ներկայացնում հարկվող օբյեկտների գծով հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառման և (կամ) գրանցումների վերաբերող) սահմանված փաստաթղթերը կամ դրանք վարում է սահմանված կարգի կոպիտ խախտումներով, կամ ակնհայտ կեղծ տվյալներ է մտցնում հարկային տեսչություն ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը, ապա հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային տեսչությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մասնավորապես, հիմնվելով`

հարկ վճարողի ակտիվների,

հարկ վճարողի իրացման շրջանառության ծավալների,

հարկ վճարողի արտադրության և շրջանառության ծախսերի,

գույքագրման և չափագրման տվյալների,

օրենքով սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունների,

համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների միջև կիրառված գների և այլ ցուցանիշների,

հասույթի հաշվարկային 25 տոկոս վերադիրի, օրենքով իրականացված հսկիչ գնումների վրա:

(22-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-289, 11.10.07 ՀՕ-212-Ն)

 

Հոդված 22.1. Ավելացված արժեքի հարկ (կամ դրան փոխարինող հաստատագրված վճար) վճարողների (այսուհետ սույն հոդվածի իմաստով` հարկ վճարողներ) կողմից արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների, ներառյալ` դրանց համար հիմք հանդիսացած հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերի և այլ ներքին հաշվառման տվյալների (այսուհետ` հաշվետվություններ) և վերջիններիս մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքների միջև էական շեղումների (տարբերությունների) առկայությունը սույն օրենքի 22-րդ հոդվածի իմաստով դիտարկվում է որպես հարկվող օբյեկտների հաշվառման սահմանված կարգի կոպիտ խախտում:

Սույն հոդվածի կիրառման իմաստով էական շեղում (տարբերություն) է համարվում չափագրումների արդյունքով արձանագրված արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) և հարկ վճարողի կողմից հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների համապատասխան տվյալների միջև 20 և ավելի տոկոսի (իսկ օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան չափի) տարբերությունը:

Հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվետվությունների տվյալների և վերջիններիս մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքների միջև էական շեղման (տարբերության) առկայության դեպքում ստուգվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի հարկային պարտավորությունները օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում են չափագրումների արդյունքներով արձանագրված տվյալների (ներառյալ` ծախսերի և կորուստների) հիման վրա հաշվարկված արտադրության և շրջանառության ծավալների նկատմամբ: Չափագրումների արդյունքով արձանագրված տվյալների հիման վրա հարկային մարմինների կողմից հարկ վճարողների հարկային պարտավորությունները հաշվարկելիս հաշվի է առնվում նաև սովորաբար տվյալ ոլորտի գործունեության տեսակի համար դիտարկվող համադրելի (համարժեք) ժամանակահատվածի հիմնական գործոնների ազդեցությունը` խելամիտ աստիճանի ջանքերի ներդրմամբ իրականացված ուսումնասիրությունների շնորհիվ: Սույն հոդվածով սահմանված կարգը հարկային պարտավորությունների հաշվարկման առումով չի կիրառվում տարվա ընթացքում գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած այն հարկ վճարողների վրա, որոնք նախապես այդ մասին տեղեկացրել են հարկային տեսչությանը` նշելով գործունեության ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածը (սկիզբը և ավարտը): Նշված դեպքում սույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է միայն գործունեության իրականացման ժամանակահատվածի նկատմամբ:

(22.1-րդ հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-143-Ն)

 

Հոդված 23. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:

(2-րդ մասը հանվել է 28.12.98 ՀՕ-273)

Նշված չափերով օրական տույժերը կիրառվում են, եթե հարկային օրենսդրությամբ ավելի նվազ չափ սահմանված չէ:

Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարների (այդ թվում նաև հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային մուծումների գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

(23-րդ հոդվածը լրաց. 21.10.97 ՀՕ-153, խմբ., փոփ. 28.12.98 ՀՕ-273, փոփ. 26.12.00 ՀՕ-129)

 

Հոդված 24. Հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային տեսչություն կամ տեղական ինքնակառավարման մարմին ներկայացվող հաշվարկը (հայտարարագիրը) հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետից երկու ամսից ավել ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար հարկ վճարողից (հարկային գործակալից) գանձվում է տուգանք` դրա հետևանքով չմուծված հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան այդ հարկի ընդհանուր գումարն է:

(24-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-53-Ն, 27.04.10 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 25. Հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով այն վարելու, հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերն ու տեղեկությունները սխալ կազմելու համար հարկ վճարողից (հարկային գործակալից) գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով բյուջե չմուծված կամ պակաս մուծված հարկերի գումարի 10 տոկոսի չափով:

Հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային մարմիններ ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հարկային հաշվարկների ճշտում չի իրականացվում:

(25-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-289, 25.12.03 ՀՕ-53-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-260-Ն)

 

Հոդված 26. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված կամ առանց լիցենզիայի կամ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար օրենսդրությամբ թույլատրված վայրերից դուրս այդ գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ձեռնարկատիրական կամ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով,

վերոհիշյալ տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումը կրկնելու դեպքում` իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող անձանցից բացի, օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցների կիրառումից գանձվում է նաև տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ («Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով) սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է:

Սույն հոդվածով նախատեսված ապօրինի գործունեության իրականացման դեպքում իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) և ակտիվների արժեքները որոշվում են հարկային մարմինների կողմից` կիրառելով սույն օրենքի 22 հոդվածի դրույթները:

Հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների անձնական գույքի (ներառյալ նաև անշարժ) և իրերի օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում`

ա) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք սահմանված կարգով հաշվառվել են հարկային մարմնում և որոշակի գործունեության մասով ստացել համապատասխան արտոնագիր,

բ) այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման:

(26-րդ հոդվածը խմբ. 14.12.01 ՀՕ-289, 11.12.02 ՀՕ-484-Ն, լրաց. 25.12.03 ՀՕ-53-Ն, 27.11.06 ՀՕ-188-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-253-Ն)

 

Հոդված 27. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում հարկ վճարողներից (հարկային գործակալներից) սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված (հարկային տեսչության կողմից հաշվարկված) հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն հարկատեսակի գծով հարկվող օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` տուգանք` հարկի ամբողջ գումարի չափով, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

Հարկվող օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` հարկային տեսչություն ներկայացված տվյալ հարկատեսակի հաշվարկներում (հայտարարագրերում) հարկվող օբյեկտը ցույց չտալը, պակաս ցույց տալը կամ էլ գործունեություն չիրականացնելու (հարկվող օբյեկտներ չառաջանալու) մասին կեղծ տվյալներ ներկայացնելն է:

Գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ հանդիսացող գույք չունենալու մասին հայտարարությունը հարկային տեսչություն ներկայացվող հաշվարկի (հայտարարագրի) ամփոփ ձևն է:

(27-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-53-Ն)

 

Հոդված 28. Ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն` առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաև կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները (այսուհետ մինչև հոդվածի վերջը` ձեռնարկատիրական գործունեության առարկաներ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է`

տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է`

տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 50 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Ձեռնարկատիրական գործունեության առարկաները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելիս (իրացնելիս) հարկ վճարողից գանձվում է`

տուգանք` տարբերության գումարի 25 տոկոսի չափով, այդ թվում` նաև չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ձեռնարկատիրական գործունեության առարկաները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելու (իրացնելու) կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է`

տուգանք` տարբերության գումարի 50 տոկոսի չափով, այդ թվում` նաև չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե խախտումները կատարվել են այն հաշվետու ժամանակաշրջանում, որի համար սահմանված կարգով հարկ վճարողի կողմից ներկայացված են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող` հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր:

Սույն հոդվածում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքում (այդ թվում` նաև այն հաշվետու ժամանակաշրջանների առումով, որոնց համար արդեն ներկայացվել են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող` հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) հարկային տեսչությունը կարող է օգտվել սույն օրենքի 22 հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքների կիրառումը հարկ վճարողին չի ազատում սահմանված հարկային պարտավորությունների կատարումից:

(մասն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-143-Ն)

Հարկային մարմինների կողմից յուրաքանչյուր հասցեի (կետի) համար ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման գրքերը հաստատվում են հարկ վճարողի ներկայացրած` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

(28-րդ հոդվածը խմբ. 28.09.98 ՀՕ-251, փոփ. 14.12.01 ՀՕ-289, լրաց. 11.12.02 ՀՕ-484-Ն, 25.12.03 ՀՕ-53-Ն, 16.12.05 ՀՕ-260-Ն,  փոփ. 21.08.08 ՀՕ-143-Ն)

 

Հոդված 281. (281-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.11.04 ՀՕ-130-Ն)

 

Հոդված 282. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների և սույն օրենքի 26 հոդվածով նախատեսված ապօրինի գործունեության ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների իրացման դեպքերում այդ ապրանքները ենթակա են ոչնչացման (դրանց` այդ ապրանքային տեսքով շրջանառությունից դուրս բերման) հարկային մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(282-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-289)

 

Հոդված 283. Արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով չգրանցելու դեպքում՝ հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի (արտահայտված դրամով) 25 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է տուգանք՝ չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի (արտահայտված դրամով)՝ 50 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

(283-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-55-Ն, 13.11.07 ՀՕ-267-Ն)

 

Հոդված 28.4. (հոդվածն ուժը կորցրել է 29.10.09 ՀՕ-200-Ն)

 

Հոդված 28.5. Սույն օրենքի 15 հոդվածի «թ» կետով նախատեսված տեղեկությունները չփակցնելու դեպքում առևտրային կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է 50 հազար դրամի չափով տուգանք` յուրաքանչյուր հասցեում չփակցրած տեղեկության մասով, իսկ խախտումն արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում նշված տեղեկությունները չփակցնելու կրկնական փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չփակցրած տեղեկության մասով` 500 հազար դրամի չափով:

(28.5-րդ հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-143-Ն)

 

Հոդված 28.6. (հոդվածն ուժը կորցրել է 26.04.10 ՀՕ-46-Ն)

 

Հոդված 29. Հարկ վճարողները թաքցրած կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարը, ինչպես նաև սույն օրենքի 23-28, 28.4-28.6 և 31 հոդվածների համաձայն հաշվարկված տույժերը և տուգանքները բյուջե են վճարում հարկային տեսչության կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո 10-օրյա ժամկետում:

(29-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-484-Ն, 26.12.08 ՀՕ-253-Ն)

 

Հոդված 30. Հարկային պարտավորությունների գծով գումարների մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային տեսչությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինը իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` հարկ վճարողի գույքի բռնագանձման համար:

(2-րդ մասն ուժը կորցրել է 05.05.98 ՀՕ-220)

Հարկերի վճարումն ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, հարկերի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով հարկ վճարողին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ հարկային պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:

Չկատարված հարկային պարտավորության չափը հինգ հարյուր հազար և ավելի դրամ կազմելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի հարկ վճարողի հարկային պարտավորությանը համարժեք գույքի վրա արգելանք դնել մինչև դատարանի կողմից վճռի կայացումը, բացառությամբ օրենքով սահմանված այն գույքի, որի նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:

Սույն հոդվածով նախատեսված արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է նախ` հարկ վճարողի բանկային հաշիվների նկատմամբ, ապա` հարկ վճարողի անշարժ գույքի նկատմամբ, այնուհետև` հարկ վճարողի այլ ակտիվների նկատմամբ:

Դատարանի վճռից հետո հարկային մարմինն ապահովում է բռնագանձված գույքի իրացումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի արգելադրումից հետո` 30-օրյա ժամկետում, դատարանի վճիռը չապահովելու դեպքում հարկ վճարողի գույքը համարվում է արգելանքից հանված:

Որպես հարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-5-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-5-Ն)

Հարկային մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով, ցանկերի տեսքով հրապարակում են տեղեկատվություն՝

1) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը`

ա) հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ,

բ) օգտակար հանածոների արդյունահանման լիցենզիա, թույլտվություն կամ արտոնագրեր ունեցող, սակայն գործունեություն չիրականացնելու մասին հայտարարություն կամ զրոյական հաշվարկ-հաշվետվություններ ներկայացրած հարկ վճարողների վերաբերյալ,

գ) հաշվետու տարվան նախորդող և հաշվետու տարում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով սահմանված շահութահարկի հիսուն և հարյուր տոկոս նվազեցման արտոնությունից օգտվող օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտ կազմակերպությունների վերաբերյալ,

դ) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 50 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների վերաբերյալ,

ե) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 1.0 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած բանկերի և նրանց կողմից վճարված շահութահարկի մեծության վերաբերյալ,

զ) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 3 մլն դրամ և ավելի եկամտահարկ վճարած հարկային գործակալների վերաբերյալ,

է) հաշվետու տարվա արդյունքներով պարզեցված հարկ վճարողներին պատկանող խանութների մասով ցույց տված 50.0 մլն դրամ և ավելի գումարի չափով իրացման շրջանառություն ունեցող և հաշվետու տարվա ընթացքում 15.0 մլն դրամը գերազանցող ապրանքային մնացորդ ունեցող և հարկման ընդհանուր կարգին անցած պարզեցված հարկ վճարողների վերաբերյալ.

2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը`

առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով, ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների հարկ վճարողի հաշվառման համարները և անվանումները, իսկ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով, ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների հարկ վճարողի հաշվառման համարները և անվանումները տեղադրվում են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

(30-րդ հոդվածը փոփ. 05.05.98 ՀՕ-220, լրաց. 26.12.00 ՀՕ-129, 14.12.01 ՀՕ-289, 25.12.03 ՀՕ-53-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-185-Ն, լրաց. 24.12.04 ՀՕ-55-Ն, փոփ., լրաց. 08.12.05 ՀՕ-5-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-143-Ն, 27.04.10 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 301.  Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների փորձը ձախողվել է` ձախողման փաստը հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարեցումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե հարկային մարմինը կամ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարեցման մասին:

Հաշվարկված հարկային պարտավորության գումարները չեն կարող նվազեցվել, իսկ հաշվանցվող գումարները չեն կարող ավելացվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է երեք տարի: Անկախ առանձին հարկատեսակների մասին օրենքով սահմանվածից` սույն մասում նշված ժամկետը լրանալուց հետո հարկային պարտավորության գումարները նվազեցնող կամ հաշվանցվող գումարներն ավելացնող հարկատեսակի հաշվարկներ (հայտարարագրեր) չեն կարող ներկայացվել:

(301-րդ հոդվածը լրաց. 21.10.97 ՀՕ-153, 11.10.07 ՀՕ-212-Ն)

 

Հոդված 31. Եթե հարկային տեսչությունն ունի փաստեր այն մասին, որ չմարված հարկային պարտավորություններ ունեցող հարկ վճարողները վերացնում (լուծարում) են եկամուտ (շահույթ) առաջացնող իրենց օբյեկտները կամ թաքցնում են եկամուտը (շահույթը), որի հետևանքով հնարավոր չի դառնում գանձել հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերը, ապա հարկային տեսչությունը կարող է միջոցներ ձեռնարկել մինչև հաշվետու ժամանակը դրանք գանձելու ուղղությամբ: Այդ դեպքում հարկային տեսչությունը կարող է պահանջել հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված մյուս փաստաթղթերը` մինչև հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետի լրանալը:

Հարկային օրենսդրության կիրառման առումով անապրանք փաստաթուղթը հարկերի հաշվարկման և (կամ) վճարման համար հիմք հանդիսացած (հարկային հաշվառման մեջ ներառված)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին ձևականորեն համապատասխանող վճարահաշվարկային այն փաստաթուղթն է, որում նշված գործարքը (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում կամ աշխատանքի կատարում) այդ փաստաթուղթը կազմած կողմերի միջև փաստացի չի կատարվել կամ կատարվել է այդ փաստաթղթում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով:

Սույն հոդվածի կիրառման առումով էականորեն տարբերվող պայմաններ են համարվում կատարված գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) տեսականին, գինը, քանակը, գումարը:

Անապրանք փաստաթղթեր դուրս գրած և ձեռք բերած անձանց նկատմամբ կիրառվում է տուգանք՝ գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) փաստացի կատարումը հավաստող` կազմված փաստաթղթում նշված էական պայմանների (այդ թվում` դրանցից որևէ մեկի) 20 և ավելի տոկոս շեղման դեպքում` շեղման (դրամական արտահայտությամբ) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 1 միլիոն դրամից:

Սույն հոդվածի չորրորդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում կիրառվում է տուգանք՝ շեղման կրկնապատիկի չափով:

Անապրանք փաստաթղթերը հարկ վճարողների կողմից հարկերի հաշվարկման և (կամ) վճարման ենթակա հարկային պարտավորությունների նվազեցման և (կամ) հաշվանցումներ կատարելու հիմք չեն կարող հանդիսանալ:

Փաստաթղթերը չեն համարվում անապրանք, և սույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունը չի կիրառվում, եթե անձն ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն կրում է գործարքը կատարելու պարտավորություն:

(31-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-484-Ն, խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-260-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-143-Ն, փոփ. 29.10.09 ՀՕ-200-Ն)

 

Հոդված 32. Առանձին հարկատեսակի մասին օրենքով նախատեսված դեպքերում առանձին հարկ վճարողների կամ հարկ վճարողների խմբի և հարկային գործակալների համար, ինչպես նաև առանձին հարկատեսակի գծով` հարկային օրենսդրությունը խախտելու դեպքում կարող են կիրառվել տուգանքների այլ տեսակներ և չափեր, դրանց հաշվարկման, մուծման (գանձման) այլ կարգ, քան նախատեսված է սույն օրենքով:

(32-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-53-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 33. Հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված որևէ հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները (գերավճարները) հարկային տեսչության կողմից հաշվանցվում են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման մասին հարկ վճարողի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

Հարկային պարտավորությունների սահմանված չափից ավել վճարված գումարները, ինչպես նաև հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա այլ գումարները հաշվանցվում են հարկ վճարողի հաշվարկված տույժերի, տուգանքների` ապա հարկերի գումարների հաշվին:

Հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում հաշվարկված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավել վճարված գումարները վերադարձվում են այն դեպքերում, եթե հարկ վճարողի կողմից կատարվել են սույն օրենքի 16 հոդվածում նշված հարկային պարտավորությունները:

Օրենքով սահմանված դեպքերում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գերավճարից տարբերվող գումարները, շահութահարկի, եկամտահարկի գծով տարեկան կանխավճարային մուծումների, ինչպես նաև օրենքով սահմանված` հարկի նվազագույն չափի և վերջնական հարկային պարտավորության միջև առաջացող դրական տարբերությունը հաշվանցվում է սույն հոդվածով սահմանված կարգով, եթե այդ հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ:

Հարկատեսակների այն գումարները, որոնց վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է հարկային մարմինը (այսուհետ` սույն մասով նախատեսված հավելվածի իմաստով՝ հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկի գումար) հաշվանցվում և (կամ) վերադարձվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:

(6-րդ մասն ուժը կորցրել է 11.10.07 ՀՕ-212-Ն)

(33-րդ հոդվածը խմբ. 26.12.00 ՀՕ-129, լրաց. 11.12.02 ՀՕ-484-Ն, փոփ., խմբ. 11.10.07 ՀՕ-212-Ն)

Հոդված 34. Եթե գործատուները աշխատանքային պայմանագրով աշխատող անձանցից (վարձու աշխատողներից) ժամանակին չեն պահել (գանձել) հարկի գումարները, ապա դրանք վարձու աշխատողներից պահվում (գանձվում) են այդ մասին հայտնի դառնալուց ոչ ավել, քան վերջին երեք ամսվա համար, իսկ մնացած հարկային պարտավորությունները դրվում են գործատուի վրա:

Հարկերի սահմանված չափից ավել գանձված գումարները վարձու աշխատողներին վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում սահմանված չափից ավել գանձման օրվան հաջորդող երեք տարվա համար: Սահմանված չափից ավել վճարված գումարները վերադարձնելու մասին հարկ վճարողի դիմումը կասեցնում է նշված ժամկետի ընթացքը:

 

Հոդված 35. Հարկային տեսչության կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով հարկ վճարողներին պատճառված վնասը (ներառյալ` բաց թողնված եկամուտը) հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 36. Հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունները 30 օրվա ընթացքում կարող են գանգատարկվել հարկային տեսչության այն մարմին, որին անմիջականորեն ենթակա են նրանք: Գանգատները հարկային տեսչության մարմնի կողմից քննության են առնվում և դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից 30 օրվա ընթացքում: Ընդունված որոշումները կարող են գանգատարկվել հարկային տեսչության վերադաս մարմին գանգատարկողի կողմից որոշման կրկնօրինակը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում կամ` դատարան:

Հարկ վճարողը և (կամ) նրա կողմից լիազորված անձը իրավունք ունեն մասնակցել գանգատի քննարկմանը:

Հարկային տեսչության պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 37. Հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը չի դադարեցնում հարկերի գանձումը: Գանգատը քննության առնող հարկային մարմինը (հարկային տեսչության վերադաս մարմնի համաձայնությամբ) իրավունք ունի մինչև գանգատի լուծումը դադարեցնել հարկի գանձումը:

 

Գ  Լ ՈՒ Խ  VII

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Հոդված 38. Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 39. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության 1992 թվականի ապրիլի 19-ի օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

 

Հոդված 40. Սույն օրենքի 8 հոդվածի դրույթները չեն գործում 1997 թվականի ընթացքում և չեն կիրառվում հարկային արտոնությունների սահմանման կամ վերացման առումով:

 

Հոդված 41. Սույն օրենքի 11 հոդվածի դրույթները տարածվում են նաև հողի հարկի վրա:

 

Հոդված 42. Սույն օրենքի 23 հոդվածում նշված տույժերը կիրառվում են, և դրանց ժամկետի հաշվարկը սկսվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսի 1-ից: Մինչ այդ գործում է նախկինում սահմանված կարգը:

 

Հոդված 43. Հարկի վճարումը հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում 1997 թվականի ընթացքում այդ գումարները իրավաբանական անձանց բանկային հաշիվներից հարկային տեսչության կողմից գանձվում են անվիճելի կարգով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված հարկային տեսչության պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են իրավաբանական անձանց բանկային հաշիվներից անվիճելի կարգով գումարների գանձման հետ, կատարվում են սույն օրենքի 36 և 37 հոդվածներով սահմանված` կամ դատական կարգով:

 

Հոդված 44. Սույն օրենքի 38 հոդվածի դրույթները գործում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերի նկատմամբ, իսկ մինչ այդ կնքված միջազգային պայմանագրերի համար գործում է նախկինում սահմանված կարգը:

 

Հոդված 45. Սույն օրենքի 23 հոդվածի չորրորդ մասով նախատեսված ժամկետը կիրառվում է (ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում) 1997 թվականի հուլիսի 1-ից:

Սույն օրենքի 301 հոդվածն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

(45-րդ հոդվածը լրաց. 21.10.97 ՀՕ-153)

 

Հոդված 46. Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են կիրարկել տեղական հարկի յուրաքանչյուր տեսակ այդ հարկի մասին օրենքի ընդունումից հետո` հաջորդ տարվա սկզբից:

(46-րդ հոդվածը լրաց. 27.04.10 ՀՕ-51-Ն)

 

 

 

Հավելված 1

«Հարկերի մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի

 

Հարկերի հաշվանցման ԵՎ (կամ) վերադարձման կարգն ու ժամկետները

 

1. Կարգի գործողության ոլորտը

 

1.1. Սույն կարգով սահմանվում է պետական բյուջե վճարվող հարկերի գումարները օրենքով սահմանված դեպքերում հարկ վճարողի կամ հաշվանցման և (կամ) վերադարձի իրավունք ձեռք բերողի պետական բյուջեի հանդեպ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը:

1.2. Սույն կարգին համապատասխան հաշվանցվում և (կամ) հարկ վճարողին վերադարձվում են հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակների մասով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների (ներկայացուցչությունների, մասնաճյուղերի, հիմնարկների), դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների (այսուհետ` հարկ վճարող) կողմից պետական բյուջե վճարած այն գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձը նախատեսված է օրենքով:

1.3. Օտարերկրյա անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս դրանց համար հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման նպատակով սույն կարգը չի կիրառվում:

1.4. Սույն կարգին համապատասխան հաշվանցվում և (կամ) հարկ վճարողին վերադարձվում են`

ա) սահմանված չափից ավել վճարված շահութահարկը, եկամտահարկը, ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, հարկերին փոխարինող հաստատագրված վճարները, պարզեցված հարկը, հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող գույքահարկը և հողի հարկը.

բ) ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) մասով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկը.

գ) որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման, ինչպես նաև ակցիզային հարկով հարկված հումքից պատրաստված` Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքերում` օրենքին համապատասխան հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ակցիզային հարկը.

դ) դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, նրանց մատուցված ծառայությունների դիմաց վճարված ավելացված արժեքի հարկի գումարները.

ե) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում՝ վճարված հաստատագրված վճարի գումարը.

զ) օրենքով նախատեսված դեպքում ընդհանուր կարգով (շահութահարկով (եկամտահարկով) և ավելացված արժեքի հարկով հարկման համակարգով) հարկերը հաշվարկելու դեպքում՝ հարկ վճարողի կողմից մինչ այդ վճարված պարզեցված հարկի գումարները.

է) օրենքով սահմանված կանխավճարների և նվազագույն շահութահարկի կամ եկամտահարկի գումարները՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

2. Կարգում կիրառվող հասկացությունները

 

2.1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստներով`

գերավճար` սահմանված կարգով հաշվարկվող որևէ հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար, կամ պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում)` տվյալ հարկատեսակի համապատասխան գանձապետական հաշվին հարկ վճարողի կամ հարկ վճարողի անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված (վճարված) գումար, կամ դատարանի վճռով (կամ վճռի կատարման արդյունքում) հարկ վճարողին վերադարձման ենթակա գումար, կամ հարկատեսակի պարտավորությանը գերազանցող գումարով այլ հարկատեսակից տվյալ հարկատեսակին հարկային մարմնի կողմից հաշվանցված գումար.

գերավճարից տարբերվող գումար՝ գերավճար չհանդիսացող գումար, որն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց: Մասնավորապես՝ գերավճարից տարբերվող գումարներ են հանդիսանում սույն կարգի 1.4-րդ կետի «բ»-«զ» ենթակետերում նշվածները.

հաշվանցվող գումար՝ փաստացի վճարման, այլ հարկատեսակից տվյալ հարկատեսակի դիմաց հաշվանցման կամ հարկատեսակի հաշվարկի ներկայացման արդյունքում, ինչպես նաև դատարանի վճռով պետական բյուջեի հանդեպ տվյալ հարկատեսակի պարտավորությունից պակասեցվող (դեբետագրվող) գումար.

հաշվանցում` տվյալ կամ այլ հարկատեսակի պարտավորության պակասեցում կամ հարկ վճարողի հանդեպ պարտավորության ձևակերպում (գրանցում): Ընդ որում, պարտավորության պակասեցման դեպքում վերջինս մարվում է հաշվանցվող գումարով, իսկ հարկատեսակի մասով հարկ վճարողի հանդեպ պարտավորության գումարը ձևակերպվելու դեպքում գրանցվում (արձանագրվում) է հաշվանցվող գումարի և հարկ վճարողի հարկային պարտավորության դրական տարբերության գումարը.

վերադարձ` հարկ վճարողի բանկային հաշվին (ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով` հարկ վճարողի առաջարկած առևտրային բանկ) պետական բյուջեից գումարի փոխանցում.

հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումար` գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվից հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար հարկ վճարողի դիմումով պահանջված գումար.

հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումար` հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարի այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա.

ապառք՝ սահմանված ժամկետում չկատարված՝ հարկի վճարման պարտավորություն.

գերավճարի (գերավճարից տարբերվող գումարի) մնացորդ` գերավճարի (գերավճարից տարբերվող գումարի) այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, ժամանակագրական կարգով մարման արդյունքում, մնացորդի արձանագրման (որոշման) օրվա դրությամբ պակասեցված չէ հարկային պարտավորությունների հաշվին.

հարկի չհաշվանցվող մնացորդ` հարկի դեբետային մնացորդի այն մասը, որը տվյալ օրվա դրությամբ ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորության դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման: Հարկի չհաշվանցվող գումարի մեջ ներառվում են`

- հարկ վճարողի առաջիկա հարկային պարտավորություններից հաշվանցման ենթակա գումարը, որն առաջացել է որևէ հարկատեսակի պարտավորության կատարման (այդ թվում` կանխավճարի, հարկատեսակի նվազագույն գումարների վճարման) կամ մատակարարներին, մաքսային մարմիններին վճարման արդյունքում,

- այն գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձը ուսումնասիրություններով կամ ստուգումներով (այդ թվում՝ նախկինում անցկացված) մերժվել է կամ համարվել է չհիմնավորված,

- այն գումարները, որոնց հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը, սույն կարգին համապատասխան, կասեցված է.

հարկի դեբետային մնացորդ` տվյալ օրվա դրությամբ հարկի չհաշվանցվող մնացորդի, գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդների հանրագումարը:

 

3. Պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարումը

 

3.1. Որևէ օրվա դրությամբ հարկ վճարողի հարկային պարտավորության գումարը, հարկի դեբետային մնացորդում գերավճարի, գերավճարից տարբերվող գումարի, չհաշվանցվող մնացորդների մեծությունները որոշվում են պարտավորությունների, հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման միջոցով, հետևյալ կանոններով`

- հաշվի առած գումարների մեծությունները` ավելի վաղ առաջացած հարկային պարտավորությունը մարվում է (մարված է համարվում) ավելի վաղ առաջացած՝ հաշվանցվող գումարների հաշվին, իսկ ավելի վաղ առաջացած՝ հաշվանցվող գումարը մարվում է (մարված է համարվում) ավելի վաղ առաջացած հարկային պարտավորության կամ պետական բյուջեից ավելի վաղ վերադարձված գումարների հաշվին,

- հերթական հարկային պարտավորությունը (կամ հաշվանցվող գումարը) մարվելուց հետո մարվում է դրանից հետո առաջացած պարտավորությունը (հաշվանցվող գումարը),

- որևէ ամսաթվի դրությամբ պարտավորությունները (կամ հաշվանցվող գումարները) մարվելուց հետո կատարվում է հաշվանցվող գումարների (պարտավորությունների) մարում:

3.2. Եթե վճարման փաստաթղթերում (անդորրագրում, վճարման հանձնարարականում) հարկ վճարողի կողմից նշված է, թե գումարը որ հարկային պարտավորության մարմանը պետք է ուղղվի (կատարվել է նպատակային վճարում), ապա պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարումը կատարվում է` հաշվի առնելով նպատակային վճարումը:

 

4. Ապառքների նկատմամբ տույժերի հաշվարկն ու վերահաշվարկը

 

4.1. Անկախ հաշվանցվող գումարների առկայությունից, որևէ հարկատեսակի ապառքի նկատմամբ օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում է տույժ՝ մինչև այլ հարկատեսակի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին, սույն կարգին համապատասխան ապառքի մարման կամ պարտավորության փաստացի կատարման օրը:

4.2. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներից որևէ մեկի մասով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն արձանագրվելու դեպքում՝ այլ հարկատեսակների գծով մինչ այդ հաշվարկված տույժերը վերահաշվարկվում են` հաշվի առնելով հաշվանցման ենթակա գումարի առաջացման ամսաթիվը և մեծությունը:

4.3. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե չհավաքագրվող գումարների (այլ վճարների, մաքսային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկերի, տեղական բյուջե հավաքագրվող հարկերի և այլն) հաշվին հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում կատարվելու դեպքում՝ դրանց մասով ապառքների նկատմամբ տույժերը հաշվարկվում են մինչև փաստացի հաշվանցման (համապատասխան գանձապետական հաշիվ գումարի մուտքագրման) օրը:

4.4. Եթե հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը ստուգմամբ (վերստուգմամբ) համարվում են չհիմնավորված, ապա ստուգման արդյունքներով ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր:

 

5. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի հիմնավորվածությունը

 

5.1. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձը իրականացվում են գերավճարի և (կամ) գերավճարից տարբերվող գումարի մնացորդի այն մասով, որը, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, սույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա:

5.2. Հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գերավճարի գումարը հիմնավորված չէ, եթե այն պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում պետք է համարվի մարված` գերավճարի առաջացումից հետո առաջացած` օրենքով սահմանված պահանջներին համապատասխան հաշվարկվող հարկային պարտավորությունների հաշվին:

5.3. Հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գերավճարից տարբերվող գումարը կամ դրա մասը համարվում է չհիմնավորված, եթե`

- այն սխալ հաշվարկների կամ սահմանված չափից ավելի հաշվանցման (այդ թվում՝ հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու) արդյունք է,

- այն պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում պետք է մարված համարվի հետագայում առաջացած` օրենքով սահմանված կարգով հաշվարկվող պարտավորությունների հաշվին,

- այն ենթակա է հաշվանցման հետագա հաշվետու ժամանակաշրջաններում առաջանալիք պարտավորությունների գումարներից,

- այն առաջացնող` հաշվարկային և (կամ) վճարային փաստաթղթերում բացակայում են օրենքով դրանցում պարտադիր լրացման ենթակա տվյալներ կամ վավերապայմաններ:

5.4. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձը կարող են հիմնավորված համարվել միայն ստուգման (վերստուգման) արդյունքներով: Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցումը և (կամ) վերադարձը` հաշվանցման և (կամ) վերադարձի հիմնավորվածության արձանագրում չէ:

 

6. Վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի որոշումը

 

6.1. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը հարկային մարմնի կողմից որոշվում (արձանագրվում) է`

ա) առանց ուսումնասիրության կամ ստուգման.

բ) կամերալ ուսումնասիրությամբ.

գ) հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ.

դ) պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգմամբ:

6.2. Վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում են հարկային մարմնի կողմից համապատասխան եզրակացություն կազմելու միջոցով: Կամերալ ուսումնասիրություն կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն անցկացվելու դեպքերում եզրակացությունը կազմվում է արձանագրության, իսկ համապատասխան ստուգում անցկացնելու դեպքում` ստուգման ակտի հիման վրա: Սույն մասում նշված եզրակացության ձևերը սահմանում է հարկային մարմինը՝ դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

6.3. Ուսումնասիրությունների կամ ստուգման արդյունքներով վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելիս ստուգման ակտում կամ ուսումնասիրությունների արձանագրության մեջ պարտադիր նշվում են այն հիմքերը (այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել), որոնց հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ չի կատարվում (հաշվանցումը և (կամ) վերադարձը մերժվում են):

 

7. Վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի հիմնավորվածության արձանագրման համար հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը

 

7.1. Սույն կարգին համապատասխան հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը որոշելու նպատակով հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն, հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգում կամ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցկացնելու դեպքերում հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելու կամ հաշվանցումը և (կամ) վերադարձը հիմնավորելու նպատակով հարկ վճարողը հարկային մարմին (ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող անձանց) է ներկայացնում վճարումը հավաստող փաստաթղթերը (այդ թվում՝ անդորրագրերը, վճարման հանձնարարականները, բանկային հաշվից քաղվածքները), հարկատեսակի հաշվարկները, հայտարարագրերը, հարկային մարմին ներկայացվող տեղեկությունները, գնորդների և մատակարարների հետ կնքած պայմանագրերը, պայմանագրերի կատարմանը վերաբերող փաստաթղթերը (այդ թվում՝ կատարողական ակտերը, ընդունման-հանձնման ակտերը) մատակարարների դուրս գրած հաշվարկային փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագրեր, հարկային հաշիվներ և այլն), ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերը, հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառման դեպքում` իրավասու մարմնի տված` օրենքով նախատեսված տեղեկանքը և այլ փաստաթղթեր:

7.2. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների կողմից ավելացված արժեքի հարկով հարկված ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելու դեպքերում այդ կազմակերպությունները հարկային մարմին են ներկայացնում ապրանքներ մատակարարողների կամ ծառայություններ մատուցողների դուրս գրած՝ օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ լրացված հարկային հաշիվները:

 

8. Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի որոշումը

 

8.1. Գերավճարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ իրականացվում է առանց ուսումնասիրության, եթե`

ա) գերավճարը կարող է արձանագրվել հարկի` օրենքով սահմանված մեծության կամ հարկային մարմնի կատարած հաշվարկի և վճարումը հավաստող փաստաթղթի (անդորրագրի, վճարման հանձնարարականի) համադրությամբ.

բ) պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում) կատարվել է վճարում.

գ) գերավճարի գումարը չի գերազանցում 100 հազ. դրամը և ուսումնասիրության կամ ստուգման իրականացումը նպատակահարմար է իրականացնել հետագայում:

8.2. Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի (բացառությամբ ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի գումարների) մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ իրականացվում է կամերալ ուսումնասիրությամբ, եթե`

ա) հարկային մարմնում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը բավարար է գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդն արձանագրելու համար.

բ) հարկային մարմնի ղեկավարը (հարկային տեսչության պետը) որոշում է կայացրել այդ մնացորդի հետազոտություն անցկացնել հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության կամ ստուգման ընթացքում:

8.3. Եթե հարկային մարմնում առկա փաստաթղթերն անբավարար են հաշվանցվող գումարում հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելու համար, ապա այդ գումարը որոշվում է հարկ վճարողի մոտ անցկացվող հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ (այսուհետ՝ ուսումնասիրություն):

8.4. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով օրենքով սահմանված կարգով որոշվող` վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների մեծությունն արձանագրվում է ուսումնասիրությամբ, իսկ այդ գումարի հիմնավորվածությունը՝ սույն կարգի 6.1-րդ կետի «դ» ենթակետում նշված ստուգումներով (այսուհետ՝ ստուգում): Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվանցումների ուսումնասիրություն կամ ստուգում անցկացվում է նաև սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքերում:

8.5. Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի նպատակով հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն կամ ստուգում կարող է իրականացվել նաև հարկ վճարողի դիմումով:

8.6. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծության որոշման նպատակով անցկացվող հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության իրականացման կարգը, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվանցումների ուսումնասիրության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

 

9. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար դիմումի ներկայացումը

 

9.1. Գերավճարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումն իրականացվում է հարկ վճարողի գրավոր դիմումով (այսուհետ՝ դիմում), իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում՝ նաև առանց դիմումի:

9.2. Որևէ հարկատեսակի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների մնացորդը (բացառությամբ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների) կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց առանց հարկ վճարողի դիմումի, եթե մնացորդն արձանագրվում է կամերալ ուսումնասիրությամբ կամ առանց ուսումնասիրության: Եթե կատարված հաշվանցումների գումարը գերազանցում է 300 հազ. դրամը, ապա հարկ վճարողը հաշվանցումների վերջնական ձևակերպում տալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում հեռախոսով կամ կապի այլ միջոցներով (իսկ հաշվանցումների գումարը 500 հազ. դրամը գերազանցելու դեպքում՝ գրավոր) տեղեկացվում է կատարված հաշվանցումների մասին:

9.3. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների հաշվանցումը և (կամ) դրանց վերադարձն իրականացվում են միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա՝ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով:

9.4. Գերավճարի մնացորդի վերադարձը կամ միաժամանակ՝ հաշվանցումն ու վերադարձը, իրականացվում են միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա:

 

10. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի կանոնները

 

10.1. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հաշվանցվում է հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց՝ նախ մարելով տվյալ հարկատեսակի մասով հաշվարկված տույժերը, տուգանքները, ապա՝ հարկի գումարը:

10.2. Հաշվի առնելով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարի մեծությունը՝ այդ գումարը նախ ուղղվում է մեկ հարկատեսակի մասով հարկային պարտավորությունների մարմանը, ապա՝ հաջորդ հարկատեսակի մասով հարկային պարտավորությունների մարմանը: Առանց հարկ վճարողի դիմումի հաշվանցումներ կատարելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ հարկ վճարողը դիմումի մեջ չի նշել հարկատեսակների մասով պարտավորությունների մարման հերթականությունը՝

ա) նախ մարվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված տուգանքը.

բ) որևէ հարկատեսակին չվերաբերող՝ օրենքով սահմանված այլ տուգանքները.

գ) այն հարկատեսակի մասով հարկային պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա` ավելի ուշ առաջացածները:

10.3. Հարկ վճարողի դիմումում համապատասխան ցուցում լինելու դեպքում հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը կարող է ուղղվել առաջիկայում առաջանալիք հարկային պարտավորությունների մարմանը:

 

11. Հարկ վճարողին գումարի վերադարձման կանոնները

 

11.1. Որևէ հարկատեսակի գերավճարը կամ գերավճարից տարբերվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկերի մասով բոլոր պարտավորություններն օրենքով սահմանված կարգով հաշվանցելուց հետո: Ընդ որում, եթե գումարը վերադարձնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, սակայն հարկ վճարողի կողմից չեն ներկայացվել (հարկային մարմինը չի ստացել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հարկերի հաշվարկման համար հիմք հանդիսացող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկները, հայտարարագրերը, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, հաստատագրված վճարների հաշվարկման սահմանային չափերի վերաբերյալ հայտարարություններն ու տեղեկությունները, կամ եթե լրացել է նոր վճարում կատարելու ժամկետը, ապա գումարների վերադարձն իրականացվում է նոր պարտավորությունների մեծությունները որոշելուց (մասնավորապես` ներկայացվող հաշվարկների, հայտարարագրերի, տեղեկությունների հիման վրա) և նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո: Սույն կետի կիրառման առումով շահութահարկի կամ եկամտահարկի մասով հաշվետու ժամանակաշրջանի ավարտ է համարվում հարկատեսակի հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման ժամկետը:

11.2. Հարկային մարմնում հաշվառվող պարտավորությունները մարելուց հետո հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հարկ վճարողի դիմումի հիման վրա ենթակա է վերադարձման (անկախ այլ մարմիններում հաշվառվող պարտավորությունների առկայությունից) կամ հարկ վճարողի դիմումի հիման վրա կարող է ուղղվել հարկային մարմնի կողմից չհաշվառվող՝ հարկ վճարողի այլ պարտավորությունների մարմանը:

11.3. Օրենքով սահմանված կարգով վերադարձման ենթակա հարկի գումարները (բացառությամբ ավելացված արժեքի հարկի գումարների) վերադարձվում են հարկ վճարողին համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում: Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով վերադարձման ենթակա գումարները վերադարձվում են հարկ վճարողին համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 90 օրվա ընթացքում:

 

12. Հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն կամ ստուգում անցկացնելու որոշում կայացնելու և եզրակացություն կազմելու ժամկետները

 

12.1. Կամերալ ուսումնասիրություն, հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն և ստուգում անցկացնելու վերաբերյալ հարկային մարմինը որոշում է կայացնում դիմումն ստանալուն հաջորդող ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Առանց հարկ վճարողի դիմումի, կամերալ ուսումնասիրությամբ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում իրականացնելիս այդպիսի ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ որոշում է կայացվում հաշվանցման ենթակա գումար բացահայտելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում:

12.2. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու և (կամ) վերադարձնելու մասին համապատասխան եզրակացությունը կազմվում է հետևյալ ժամկետներում`

ա) հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը կամերալ ուսումնասիրությամբ արձանագրվելու դեպքում՝ կամերալ ուսումնասիրության ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.

բ) հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու դեպքերում` համապատասխանաբար ուսումնասիրությունը կամ ստուգումն ավարտելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

12.3. Սույն կարգով սահմանված ժամկետները խախտելու (բացառությամբ սույն կարգի համաձայն ուսումնասիրության կամ ստուգման ժամկետների կասեցման դեպքերի) համար հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող է գանգատարկվել «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե այդ ժամկետների խախտման արդյունքում հարկ վճարողին օրենքով սահմանված ժամկետում չեն վերադարձվել հարկի գումարները:

 

13. Ուսումնասիրության ժամկետի ընթացքի կասեցումը

 

13.1. Ուսումնասիրության ժամկետի ընթացքը հարկային մարմնի կողմից կասեցվում է, եթե`

ա) վճարողի կողմից չեն ստեղծվել ուսումնասիրության անցկացման պայմաններ (այդ թվում` չեն ներկայացվել կամ մասնակիորեն են ներկայացվել հարկերի հաշվարկմանը կամ կատարված վճարումներին վերաբերող փաստաթղթերը).

բ) հաշվանցվող կամ վերադարձվող գումարների առաջացման հիմք հանդիսացած գործարքների հետ կապված անհնար է կատարել ուսումնասիրություն` մինչև քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով որոշում ընդունելը:

13.2. Առանձին հարկատեսակի կամ գործարքի մասով ոչ ամբողջական փաստաթղթեր ներկայացնելու կամ ուսումնասիրության անցկացումն անհնարին լինելու դեպքերում ուսումնասիրության ժամկետի ընթացքը (հաշվանցման և (կամ) վերադարձման ժամկետի ընթացքը) հարկային մարմինը կասեցնում է միայն այդ հարկատեսակի կամ գործարքի մասով:

13.3. Հարկային մարմնի կողմից ուսումնասիրության ժամկետի ընթացքի կասեցման դեպքում հարկ վճարողը գրավոր տեղեկացվում է ուսումնասիրության ընթացքի կասեցնելու մասին` նշելով այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել նման որոշում ընդունելու համար:

13.4. Ուսումնասիրության կասեցման հիմքերը վերացվելու դեպքում ուսումնասիրությունը շարունակվում է, իսկ հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը կասեցված համապատասխան գումարներն ուսումնասիրության արդյունքներով հանվում են հարկի չհաշվանցվող մնացորդից:

 

14. Ստուգումների անցկացումը

 

14.1. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի հիմնավորվածության արձանագրման նպատակով հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգում անցկացվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման վերաբերյալ դիմումի կամ համապատասխան ստուգում անցկացնելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումի հիման վրա: Ստուգում կարող է իրականացվել առանց հարկ վճարողի դիմումի, եթե հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության ժամանակ բացահայտվել են ավելացված արժեքի կամ ակցիզային հարկով հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու կամ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող գումարից ավելի չափով հաշվանցումներ կատարելու փաստեր:

14.2. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց գումարների հաշվանցում և (կամ) վերադարձ կարող են իրականացվել նաև պետական բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության ստուգման արդյունքներով, եթե հարկ վճարողը ստուգման ընթացքում ներկայացրել է համապատասխան դիմում:

14.3. Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգման ընթացքում ստուգվում է հարկ վճարողի կողմից ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի հաշվարկման և ձեռքբերումների մասով հաշվանցումների կատարման համապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին: Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգման ընթացքում ճշտվում են ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային մասով հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարները:

14.4. Հարկային հաշվանցումների ստուգումից հետո անցկացված` պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ կամ վերստուգմամբ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարները, կամ առաջադրված պարտավորությունները կարող են ճշգրտվել, եթե հայտնաբերվել են օրենքով սահմանված պահանջների խախտման նոր դեպքեր, կամ հարկային պարտավորությունների հաշվարկման (կամ առաջադրման) սխալներ (հաշվանցումը և (կամ) վերադարձը համարվել է չհիմնավորված):

 

15. Ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի գումարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությունների կամ ստուգումների անցկացումը

 

15.1. Ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի մասով տվյալ հարկատեսակի հաշվանցումները կատարվում են օրենքով սահմանված կարգով՝ հարկատեսակի հաշվարկի ներկայացմամբ: Նշված հաշվանցումների ուսումնասիրություններ կարող են անցկացվել, եթե`

ա) հարկային մարմնի անցկացրած կամերալ ուսումնասիրություններով հայտնաբերվել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում, հայտարարագրերում, հաշվետվություններում կամ տեղեկություններում արտացոլված տվյալների միջև անհամապատասխանություններ կամ անճշտություններ, և դրանց վերաբերյալ հարկ վճարողի կողմից ճշգրտված հաշվարկներ կամ հիմնավորված բացատրություններ չեն ներկայացվել.

բ) հարկային մարմնի անցկացրած կամերալ ուսումնասիրություններով պարզվել է, որ հարկ վճարողի մեկ տարին գերազանցող ժամանակահատվածում աճում է պետական բյուջեից հաշվանցվող գումարի մեծությունը.

գ) հարկ վճարողի կողմից ներմուծումների կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռքբերումների ծավալը երկու տարուց ավելի ժամանակահատվածում գերազանցել է իրացված ապրանքներից հասույթը:

15.2. Հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության ընթացքում ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու կամ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող գումարից ավելի չափով հաշվանցումներ կատարելու փաստեր հայտնաբերելու դեպքերում հարկային մարմինն իրավասու է սույն կարգին համապատասխան անցկացնելու ստուգում:

 

16. Այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և վերադարձման ընթացակարգերը

 

16.1. Հարկային մարմնի հաշվանցման կամ վերադարձման ներկայացրած` կազմված եզրակացություններում նշված գումարը, ոչ ուշ, քան եզրակացությունները (կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքները) վերադաս հարկային մարմին ուղարկելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, նախնական կարգով արտացոլվում է հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտում (նախնական գրառում):

16.2. Հաշվանցում կամ վերադարձ կատարելու մասին հարկային (տարածքային) մարմնի կազմած եզրակացությունը, իսկ մեկից ավելի եզրակացությունների առկայության դեպքում՝ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքը` ոչ ուշ, քան որևէ եզրակացություն կազմելուն հաջորդող երրորդ աշխատանքային օրն ուղարկվում է վերադաս հարկային մարմին` եզրակացությունների հիման վրա հաշվանցումները և (կամ) վերադարձները օրենքով սահմանված պահանջներին կատարելու հանգամանքներն ստուգելու և հաշվառում իրականացնելու համար: Կատարվող հաշվանցումները կամ վերադարձը վերադաս հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում եզրակացությունը կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքը ոչ ուշ, քան այն ստանալու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

16.3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը եզրակացությունների կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքների հիման վրա դրանք ստանալուց ոչ ուշ, քան տասներորդ աշխատանքային օրը կատարում է անհրաժեշտ հաշվանցումները` անհրաժեշտության դեպքում դրանք ուղարկելով համապատասխան գանձապետական բաժանմունքներ:

16.4. Հարկային (տարածքային) մարմինը բյուջետային հաշվի քաղվածքների հիման վրա հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարում է հաշվանցված գումարի վերջնական ձևակերպում:

16.5. Գումարների վերադարձը գանձապետական հաշիվներով իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով հարկ վճարողի բանկային հաշվին: Այն դեպքերում, երբ հարկ վճարողը չունի բանկային հաշիվ, գումարը փոխանցվում է հարկ վճարողի առաջարկած առևտրային բանկ՝ ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով:

16.6. Եզրակացությունները կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքներն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը գումարների վերադարձման համար օրենքով սահմանված ժամկետներում (այդ ժամկետների ավարտից ոչ ուշ) իրականացնում է գումարների վերադարձը:

 

17. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը

 

17.1. Անհրաժեշտության դեպքում սույն կարգի կիրառման հետ կապված գերատեսչական իրավական ակտերն ընդունում է հարկային մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

(հավելվածը լրաց. 11.10.07 ՀՕ-212-Ն)

 

 

Հավելված 2
«Հարկերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում է հարկ վճարողների և հարկային գործակալների կողմից (այսուհետ` սույն կարգի իմաստով հարկ վճարողներ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ (այսուհետ` օրենսդրություն) նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները (այսուհետ` հաշվետվություններ) էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու կարգը:

2. Էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացրած հաշվետվությունները կազմվում են գործող իրավական ակտերով սահմանված ձևերին և դրանց լրացման պահանջներին համապատասխան (բացառությամբ ձեռագիր ստորագրելու ձևի և կնքելու պահանջների) և ունեն նույն իրավական նշանակությունը, ինչ որ հարկային մարմնի կողմից հաստատված ձևաչափին համապատասխան թղթային կրիչի վրա անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված (իսկ կնիք դնելը պարտադիր լինելու դեպքում` կնիքով ամրագրված) հարկային մարմին առձեռն ներկայացվող հաշվետվությունը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

 3. Հարկերից տարբերվող` իր կողմից հավաքագրվող այլ տեսակի պարտադիր վճարների հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու ժամանակացույցը հաստատում է հարկային մարմինը:

4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացում` առանց թղթային կրիչի հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելն էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ: Վերջինն իրականացվում է էլեկտրոնային թվային ստորագրության, էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի կիրառման միջոցով.

էլեկտրոնային թվային ստորագրություն` սահմանումը և կիրառումը կարգավորվում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ` էլեկտրոնային թվային պայմանանշանների եզակի հաջորդականությամբ ներկայացված մուտքի անվան (login), ինչպես նաև գաղտնաբառի (password) համակցություն, որը հնարավորություն է տալիս մուտք գործելու հարկային մարմնի տեղեկատվական համակարգ, նույնականացնելու էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնողին, ինչպես նաև ապահովում է էլեկտրոնային համակարգ մուտք գործողին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունն ու պաշտպանվածությունն այլ անձանց կողմից կատարվող գործողություններից:

5. Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացումն իրականացվում է հետևյալ գործողությունների միջոցով`

1) հավատարմագրված համապատասխան կենտրոնից էլեկտրոնային ստորագրության հավաստագրի ստացում.

2) հարկային մարմնի հետ հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման պայմանագրի կնքում (այսուհետ` ԷՆՊ): ԷՆՊ-ում նշվում են պայմանագրի առարկան և ծառայությունների մատուցման պայմանները, հարկ վճարողի կողմից էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնող լիազորված անձի անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը, հարկ վճարողի և հարկային մարմնի իրավունքներն ու պարտականությունները, համակարգի տեխնիկական խափանումների դեպքում հարկ վճարողի կողմից հաշվետվությունները պատշաճ ձևով և ժամկետներում ներկայացրած լինելու հավաստման ընթացակարգը, վեճերի քննարկման կարգը, կողմերի պատասխանատվությունը, պայմանագրի գործողության ժամկետը և այլ պայմաններ: ԷՆՊ-ի օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը.

3) ԷՆՊ-ի հիման վրա հարկային մարմնից էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի ստացում.

4) համապատասխան համակարգչային ծրագրերի և սարքերի միջոցով հաշվետվությունների ներկայացում և տեղեկատվության փոխանակում:

Սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված գործողություններն իրականացվում են միայն առաջին անգամ էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների համար:

6. Էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) հարկ վճարողի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր կամ հրաման` հարկ վճարողի կողմից էլեկտրոնային ծածկագիրը և գաղտնաբառն օգտագործելու և դրանք հարկային մարմնից ստանալու (ներառյալ` ԷՆՊ կնքելու) իրավասու անձ լինելու վերաբերյալ.

2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, սոցիալական քարտ (առկայության դեպքում).

3) ԷՆՊ, որը լրացվում և կնքվում է հարկային մարմնում մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

4) էլեկտրոնային թվային ստորագրություն:

7. Հարկ վճարողին, հարկային մարմնի հետ ԷՆՊ կնքելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմինը, ապահովելով գաղտնիությունը, առձեռն տրամադրում է համապատասխան էլեկտրոնային գաղտնաբառը և ծածկագիրը: Հարկ վճարողներն իրենք են պատասխանատու էլեկտրոնային գաղտնաբառի և ծածկագրի գաղտնիության պաշտպանության, այն չտարածելու և պահպանելու համար: Գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ այն օգտագործող իրավասու անձի փոփոխման դեպքերում հարկ վճարողը պետք է դիմի հարկային մարմին նոր գաղտնաբառ ստանալու համար` ներկայացնելով համապատասխան դիմում և պահանջը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր` համաձայն ԷՆՊ-ի: Գաղտնաբառի վերականգնումը կամ նոր գաղտնաբառի տրամադրումը կատարվում է պարզեցված ընթացակարգով` համաձայն ԷՆՊ-ի:

8. Հարկ վճարողն էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համար`

1) հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի (www.taxservice.am)` էլեկտրոնային հաշվետվություններին վերաբերող բաժնում էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի միջոցով մուտք է գործում հարկ վճարողի դարան, ընտրում համապատասխան հաշվետվության ձևը, լրացնում, էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում և հաստատում, որից հետո հաշվետվությունն ուղարկվում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ.

2) համապատասխան հաշվապահական ծրագրից գեներացված կամ ցանկացած այլ էլեկտրոնային եղանակով կազմված և հարկային մարմնի կողմից հաստատված ձևաչափին համապատասխանող հաշվետվությունն ստորագրում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ և ուղարկում հարկային մարմին` վերջինիս կողմից սահմանված կարգով.

3) էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի միջոցով մուտք է գործում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի` էլեկտրոնային հաշվետվություններին վերաբերող բաժնի հարկ վճարողի համապատասխան դարան, կցում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված հաշվետվությունը, հաստատում, որից հետո հաշվետվությունն ուղարկվում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ:

9. Հաշվետվությունները պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում համակարգը հարկ վճարողին (համակարգից օգտվողին) ներկայացնում է հաշվետվության ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան ծանուցում: Ծանուցումը հավաստում է այն փաստը, որ հաշվետվությունը տվյալ օրը և ժամին, հարկային մարմնի տեղեկատվական համակարգում գործող համապատասխան համակարգչային ծրագրով ձևավորված գրանցման համարով ներկայացվել ու գրանցվել է հարկային մարմնի տվյալների բազայում: Վերջինս կհանդիսանա հարկային մարմին հաշվետվություն ներկայացնելու օր: Հարկ վճարողը հնարավորություն ունի տպելու իր ուղարկած հաշվետվությունը, ինչպես նաև վերը նշված ծանուցումը: Հարկ վճարողի կատարած գործողությունների լիարժեք պատմությունը պահպանվում է հարկային մարմնի կայքէջի իր համապատասխան դարանում, որտեղից նա կարող է բեռնել տեղեկատվությունը և տպել: Հարկ վճարողի ներկայացրած հաշվետվությունները փոփոխման ենթակա չեն:

10. Մինչև օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետը մի քանի հաշվետվություններ նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացնելու դեպքում (այդ թվում` թղթային տարբերակով) նախորդ հաշվետվությունները պահպանվում են տվյալների բազայում, իսկ ներկայացված վերջին հաշվետվությունը պահպանվում է որպես ճշգրտված հաշվետվություն: Օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետից հետո առաջին անգամ ներկայացված հաշվետվությունները կգրանցվեն որպես ուշ ներկայացված հաշվետվություններ, իսկ նույն հաշվետու ժամանակաշրջանի համար մեկ անգամից ավելի ներկայացված հաշվետվությունները կհամարվեն ճշգրտված հաշվետվություններ: Երկրորդ և ավելի անգամ ճշգրտված հաշվետվություններ ներկայացնելու համար օրենքով պատասխանատվություն նախատեսված լինելու դեպքում համակարգն ավտոմատ ուղարկում է ծանուցում պատասխանատվություն նշանակելու մասին:

11. Թղթային և էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային կրիչներով ներկայացված հաշվետվությունները մշակում է հարկային մարմինը և 15-օրյա ժամկետում ապահովում է մշակված տվյալների հասանելիությունը հարկ վճարողին` տեղադրելով հարկային մարմնի կայքէջի` հարկ վճարողի համապատասխան դարանում կամ հարկային մարմնի կողմից այլ եղանակ սահմանված լինելու դեպքում` դրանց միջոցներով:

12. Հարկային մարմինը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովում է իր կողմից տնօրինվող տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով ստացված հաշվետվությունների տվյալների պաշտպանվածությունը և պահպանումը:

(հավելվածը լրաց. 27.10.09 ՀՕ-194-Ն)

 

 

Հավելված 3
«Հարկերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՓՈՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում է հարկ վճարողների և հարկային գործակալների կողմից (այսուհետ` սույն կարգի իմաստով հարկ վճարողներ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ (այսուհետ` օրենսդրություն) նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները (այսուհետ` հաշվետվություններ) փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու կարգը:

2. Հարկ վճարողները կարող են հաշվետվությունները փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնել միայն պատվիրված նամակով (այսուհետ` նամակ):

Հաշվետվությունները պատվիրված նամակով հարկային մարմին ներկայացնելու հետ կապված բոլոր ծախսերը կատարում է հարկ վճարողը:

3. Հարկ վճարողները հաշվետվությունները փոստի միջոցով ներկայացնում են իրենց հաշվառման հարկային տեսչության հասցեով: Հարկ վճարողների կողմից իրենց հաշվառման հարկային տեսչության փոխարեն այլ հարկային տեսչություն ներկայացված հաշվետվությունները հարկային տեսչության կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան լիազորություններ ունեցող հարկային տեսչության պաշտոնատար անձի գրությամբ վերադարձվում են հարկ վճարողին փոստի միջոցով կամ առձեռն` հարկ վճարողի կողմից հաշվետվությունների հետստացման վերաբերյալ ստորագրությամբ:

4. Հաշվետվությունները փոստի միջոցով հարկային տեսչություն ներկայացնելու օր է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Ծրարի վրա փոստային բաժանմունքի կողմից նամակի ընդունման օրը հավաստող օրացուցային կնիքի արտատիպի բացակայության կամ վնասվածության կամ դրա բացահայտ անընթեռնելիության դեպքում այդ նամակները չեն ընդունվում հարկային տեսչության կողմից: Ընդ որում, հաշվետվությունը համարվում է ներկայացված, եթե այն ներկայացվել է մինչև օրենսդրությամբ սահմանված ժամկետը լրանալը:

Հարկային տեսչության կողմից հարկ վճարողին հաշվետվությունների հետ վերադարձման օր է համարվում փոստային բաժանմունքի կողմից այդ հաշվետվությունների ընդունման օրը:

5. Նամակի ծրարի վրա պարտադիր պետք է նշված լինի հարկ վճարողի գտնվելու վայրի (պետական գրանցման վայրի) հետադարձ հասցեն: Այն ծրարները, որոնց վրա բացակայում է հետադարձ հասցեն, հարկային տեսչության կողմից չեն ընդունվում:

6. Նամակում հաշվետվությունների հետ առանձին լրացվում է պարունակության նկարագրությամբ թերթիկ (այսուհետ` թերթիկ)` նամակում պարունակվող հաշվետվությունների ցանկի` համապատասխան անվանումների և էջերի քանակի վերաբերյալ: Թերթիկն ստորագրվում, կնքվում է հարկ վճարողի կողմից և ամրակցվում ներկայացվող հաշվետվություններին: Թերթիկի բացակայության դեպքում փոստի միջոցով ներկայացված բոլոր հաշվետվությունները հարկային տեսչության կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան լիազորություններ ունեցող հարկային տեսչության պաշտոնատար անձի գրությամբ փոստի միջոցով կամ առձեռն համապատասխան հիմնավորմամբ վերադարձվում են հարկ վճարողին: Ընդ որում, հաշվետվությունները հարկ վճարողին վերադարձված չեն համարվում, եթե նամակում բացակայում են հարկային տեսչության անվանումը, կնիքը և ամսաթիվը:

7. Փոստի միջոցով ներկայացված հաշվետվությունների` հարկային տեսչության կողմից ընդունման ժամանակ պարտադիր ստուգվում են օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններում պարտադիր լրացման ենթակա հետևյալ տվյալները`

1) հարկ վճարողի լրիվ անվանումը.

2) հարկ վճարողի հաշվառման համարը.

3) հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում են հաշվետվությունները.

4) օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի և (կամ) գլխավոր հաշվապահի ստորագրությունը և (կամ) կնիքը:

8. Սույն կարգի 7-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված տվյալներից որևէ մեկի` հաշվետվությունում բացակայության կամ հաշվետվությունն օրենսդրությամբ սահմանված ձևաթղթերի վրա լրացված չլինելու կամ թերթիկում նշված որևէ հաշվետվություն կամ այդ հաշվետվության անբաժանելի մասը կազմող փաստաթղթի բացակայության դեպքում հաշվետվությունը համարվում է չներկայացված, և հարկային տեսչության կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան լիազորություններ ունեցող հարկային տեսչության պաշտոնատար անձի գրությամբ դրա մասին փոստով տեղեկացվում է հարկ վճարողին:

9. Սույն կարգով հարկային մարմին ներկայացված հաշվետվությունները կարվում են հարկ վճարողի հարկային գործում, իսկ չներկայացվածների մասին հարկային գործում կատարվում է համապատասխան նշում:

(հավելվածը լրաց. 27.10.09 ՀՕ-194-Ն)


 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան
   

Երևան
12 մայիսի 1997 թ.
ՀՕ-107

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.2015, ՀՕ-154-Ն 01.01.2018, ՀՕ-107
04.10.2016, ՀՕ-165-Ն 01.01.2018, ՀՕ-107
25.10.2017, ՀՕ-181-Ն 23.11.2017, ՀՕ-107
15.12.2016, ՀՕ-251-Ն 09.01.2017, ՀՕ-107
16.05.2016, ՀՕ-80-Ն 25.06.2016, ՀՕ-107
12.05.2016, ՀՕ-69-Ն 18.06.2016, ՀՕ-107
17.12.2015, ՀՕ-198-Ն 09.01.2016, ՀՕ-107
24.11.2015, ՀՕ-146-Ն 01.01.2016, ՀՕ-107
13.11.2015, ՀՕ-127-Ն 05.12.2015, ՀՕ-107
17.12.2014, ՀՕ-274-Ն 01.10.2015, ՀՕ-107
07.05.2015, ՀՕ-39-Ն 01.07.2015, ՀՕ-107
19.11.2014, ՀՕ-185-Ն 01.01.2015, ՀՕ-107
29.09.2014, ՀՕ-152-Ն 08.11.2014, ՀՕ-107
21.06.2014, ՀՕ-134-Ն 01.10.2014, ՀՕ-107
21.06.2014, ՀՕ-109-Ն 09.08.2014, ՀՕ-107
05.12.2013, ՀՕ-140-Ն 07.01.2014, ՀՕ-107
19.12.2012, ՀՕ-237-Ն 01.01.2013, ՀՕ-107
19.03.2012, ՀՕ-60-Ն 28.04.2012, ՀՕ-107
21.03.2012, ՀՕ-96-Ն 28.04.2012, ՀՕ-107
21.03.2012, ՀՕ-110-Ն 26.04.2012, ՀՕ-107
07.12.2011, ՀՕ-308-Ն 01.01.2012, ՀՕ-107
23.06.2011, ՀՕ-225-Ն 30.07.2011, ՀՕ-107
23.06.2011, ՀՕ-218-Ն 25.07.2011, ՀՕ-107
11.05.2011, ՀՕ-154-Ն 13.06.2011, ՀՕ-107
26.10.2010, ՀՕ-150-Ն 01.03.2011, ՀՕ-107
22.12.2010, ՀՕ-267-Ն 09.01.2011, ՀՕ-107
08.12.2010, ՀՕ-197-Ն 06.01.2011, ՀՕ-107
22.12.2010, ՀՕ-207-Ն 01.01.2011, ՀՕ-107
08.12.2010, ՀՕ-181-Ն 01.01.2011, ՀՕ-107
08.12.2010, ՀՕ-177-Ն 01.01.2011, ՀՕ-107
20.05.2010, ՀՕ-79-Ն 03.07.2010, ՀՕ-107
24.06.2010, ՀՕ-101-Ն 01.07.2010, ՀՕ-107
27.04.2010, ՀՕ-51-Ն 05.06.2010, ՀՕ-107
26.04.2010, ՀՕ-46-Ն 20.05.2010, ՀՕ-107
25.02.2010, ՀՕ-30-Ն 01.04.2010, ՀՕ-107
27.10.2009, ՀՕ-194-Ն 01.01.2010, ՀՕ-107
29.10.2009, ՀՕ-200-Ն 12.12.2009, ՀՕ-107
26.12.2008, ՀՕ-253-Ն 09.01.2009, ՀՕ-107
21.08.2008, ՀՕ-143-Ն 01.01.2009, ՀՕ-107
13.11.2007, ՀՕ-267-Ն 22.12.2007, ՀՕ-107
11.10.2007, ՀՕ-212-Ն 17.11.2007, ՀՕ-107
27.11.2006, ՀՕ-188-Ն 01.01.2007, ՀՕ-107
08.12.2005, ՀՕ-5-Ն 12.01.2006, ՀՕ-107
26.05.2005, ՀՕ-133-Ն 01.01.2006, ՀՕ-107
16.12.2005, ՀՕ-260-Ն 01.01.2006, ՀՕ-107
24.12.2004, ՀՕ-55-Ն 01.04.2005, ՀՕ-107
08.12.2004, ՀՕ-173-Ն 09.01.2005, ՀՕ-107
22.11.2004, ՀՕ-130-Ն 01.01.2005, ՀՕ-107
14.12.2004, ՀՕ-185-Ն 01.01.2005, ՀՕ-107
25.12.2003, ՀՕ-53-Ն 26.01.2004, ՀՕ-107
11.12.2002, ՀՕ-484-Ն 01.02.2003, ՀՕ-107
14.12.2001, ՀՕ-289 01.01.2002, ՀՕ-107
06.11.2001, ՀՕ-257 12.12.2001, ՀՕ-107
26.12.2000, ՀՕ-129 01.01.2001, ՀՕ-107
05.06.2000, ՀՕ-63 02.07.2000, ՀՕ-107
05.05.1998, ՀՕ-220 01.01.1999, ՀՕ-107
28.12.1998, ՀՕ-273 31.12.1998, ՀՕ-107
28.09.1998, ՀՕ-251 20.11.1998, ՀՕ-107
21.10.1997, ՀՕ-153 08.12.1997, ՀՕ-107
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան