Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1757
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 21.10.2024
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
15.10.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
15.10.2024
Дата вступления в силу
15.10.2024

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

15 հոկտեմբերի 2024 թ.

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Վճռաբեկ դատարանի (այսուհետ նաև` Դիմող),

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի (այսուհետ նաև` Պատասխանող) ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002 թվականի հուլիսի 3-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2002 թվականի հուլիսի 30-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի հունվարի 1-ին:

Օրենքի՝ «Կոչման շնորհումը և ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո» վերտառությամբ 52-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է.

«2. Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

Այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ` հատուցումը վճարվում է նրանց` զբաղեցրած ոստիկանության վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և ոստիկանությունում ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար»:

Գործի քննության առիթը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 15-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է՝ թիվ ՎԴ2/0189/05/20 վարչական գործով «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման հիման վրա:

Ուսումնասիրելով դիմումը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, վերլուծելով վիճարկվող ու վերաբերելի այլ օրինադրույթները՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1.1. Վարչական դատարանը (այսուհետ նաև՝ դատարան), քննության առնելով Մելիք Մարտունի Հակոբյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն` ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում` պաշտոնում վերականգնելուն և որպես հետևանք՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին (թիվ ՎԴ2/0189/05/20 վարչական գործ), 2022 թվականի փետրվարի 16-ին վճռել է.

«Մելիք Մարտունի Հակոբյանի հայցը բավարարել:

Անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանը [2022 թվականի փետրվարի 22-ին դատարանը որոշել է. «Ուղղել ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի փետրվարի 16-ի թիվ ՎԴ2/0189/05/20 վճռի վրիպակը.

Վճռի եզրափակիչ մասում «Անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանը:»-ի փոխարեն կարդալ «Անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանի 1-ին կետը:»: (...)»]:

ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնել Մելիք Մարտունի Հակոբյանին վերականգնել նախկին՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի պաշտոնում:

ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնել Մելիք Մարտունի Հակոբյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

(…)»:

1.2. Վերաքննիչ վարչական դատարանը 2023 թվականի հուլիսի 7-ին որոշել է.

«1. ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության [ՀՀ ոստիկանության իրավահաջորդ] վերաքննիչ բողոքը բավարարել:

2. Թիվ ՎԴ2/0189/05/20 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2022 թվականի փետրվարի 16-ի վճիռը՝ հարկադիր պարապուրդի մասով, բեկանել և փոփոխել հետևյալ կերպ.

Պարտավորեցնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությանը Մելիք Հակոբյանին վճարելու դրամական հատուցում չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար։

(…)»:

1.3. Վճռաբեկ դատարանի վարչական պալատի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ՎԴ2/0189/05/20 վարչական գործով Վերաքննիչ վարչական դատարանի 2023 թվականի հուլիսի 7-ի որոշման դեմ Մելիք Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը։

1.4. Վճռաբեկ դատարանը, քննելով թիվ ՎԴ2/0189/05/20 վարչական գործով Սահմանադրական դատարան դիմելու հարցը, 2024 թվականի փետրվարի 9-ին որոշել է.

«1. «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ և 60-րդ հոդվածներին համապատասխանության հարցի վերաբերյալ դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան:

(…)»:

1.5. Վճռաբեկ դատարանը, քննարկելով թիվ ՎԴ2/0189/05/20 վարչական գործի վարույթը կասեցնելու հարցը, 2024 թվականի փետրվարի 9-ին որոշել է.

«1. «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ և 60-րդ հոդվածների համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու կապակցությամբ, կասեցնել սույն վարչական գործի վարույթը մինչև ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշման ուժի մեջ մտնելը։

(…)»:

 

2. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը, ընդունելի համարելով Վերաքննիչ վարչական դատարանի դիրքորոշումն առ այն, որ թիվ ՎԴ2/0189/05/20 վարչական գործով հարկադիր պարապուրդի համար դրամական փոխհատուցում ստանալու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է հատուկ օրենքը, և ելնելով «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» սկզբունքից (ըստ Դիմողի՝ տվյալ դեպքում հատուկ օրենք է համարվում Օրենքի վիճարկվող դրույթը, իսկ ընդհանուր՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը), նշում է, որ նշված վարչական գործով կիրառման ենթակա Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ իր մոտ ձևավորվել է հիմնավոր կասկած:

Դիմողն Օրենքի վիճարկվող դրույթը դիտարկել է «ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) նախատեսված խտրականության արգելքի սկզբունքի և սեփականության իրավունքի ձեռքբերման նկատմամբ լեգիտիմ ակնկալիքի իրավունքի սահմանափակման տեսանկյունից»՝ բարձրացնելով ներքոնշյալ հարցադրումները.

«1. Արդյո՞ք այլ պետական ծառայողների համեմատ ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար միայն 3 ամսվա համար չվճարված աշխատավարձի չափով դրամական փոխհատուցում ստանալու սահմանափակումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված խտրականության արգելքի սկզբունքին:

2. Արդյո՞ք ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողների համար երաշխավորվում է աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված լեգիտիմ ակնկալիքի իրավունքն իրացնելու հնարավորությունը»:

Առաջին հարցադրման առնչությամբ Դիմողը «Հանրային ծառայության մասին» օրենքով և Օրենքով ամրագրված մի շարք իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքներով, մասնավորապես, նշում է. «(...) ոստիկանությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով: Այդուհանդերձ՝ պետական ծառայության բոլոր տեսակի ծառայողների համար օրենսդրությամբ պետք է սահմանվեն միատեսակ սոցիալ-իրավական պայմաններ, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է օբյեկտիվ հիմք և իրավաչափ նպատակ տարբերակված մոտեցման համար: Ընդ որում, պետական ծառայության բոլոր տեսակի ծառայողների սոցիալ-իրավական կարգավիճակը նույնասեռ է, քանի որ նրանք բոլորն իրականացնում են հանրային ծառայություն, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը»։

Դիմողը, վկայակոչելով պետական ծառայության այլ տեսակների առնչությամբ մի շարք օրենքների վերաբերելի իրավանորմերը, դրանք համադրելով Օրենքի վիճարկվող դրույթի հետ, եզրահանգում է. «(…) օրենսդիրը խտրական մոտեցում է ցուցաբերել մի կողմից՝ ոստիկանության ծառայողների և մյուս կողմից՝ այլ պետական ծառայողների (մասնավորապես՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և քրեակատարողական ծառայության ծառայողների) միջև հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու հարցում: Մասնավորապես, ոստիկանության ծառայողները թվարկված մյուս ծառայողների հանդեպ ավելի բացասական իրավական դրության մեջ են, քանի որ նրանց նման հատուցումը սահմանափակված է եռամսյա ժամկետով, իսկ մյուս ծառայողներինը՝ ոչ: Հետևապես Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարկադիր պարապուրդի հատուցման հարցում ոստիկանության ծառայողների առնչությամբ օրենսդիրը դրսևորել է տարբերակված մոտեցում՝ չունենալով որևէ օբյեկտիվ հիմք և ողջամիտ արդարացում»:

Երկրորդ հարցադրման առնչությամբ Դիմողը, մասնավորապես, գտնում է, որ ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված ծառայողն աշխատանքում վերականգնվելու դեպքում ունի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու՝ Սահմանադրությամբ երաշխավորված լեգիտիմ ակնկալիք, որը ևս ենթակա է որակման որպես սեփականություն, և դրա պաշտպանությունը պետք է ունենա պաշտպանության այնպիսի աստիճան, որը հնարավորություն կտա դրա իրավատիրոջն իր իրավաչափ ակնկալիքը կյանքի կոչել:

Դիմողը եզրահանգում է. «(…) «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից այնքանով, որքանով ոստիկանության ծառայողի համար՝ ի տարբերություն այլ պետական ծառայողների չի երաշխավորում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու իրավունքի իրացումը, որը հանգեցնում է խտրականության արգելքի սկզբունքի և օրինական ակնկալիքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանության իրավունքի խախտման»:

 

3. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը, վկայակոչելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Կոնվենցիայի համապատասխան դրույթները և այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, մասնավորապես, նշում է, որ անձը ձեռք է բերում սեփականության իրավունքի պաշտպանություն միայն այն դեպքում, երբ սեփականության իրավունքն արդեն իսկ ճանաչված է օրենքով սահմանված կարգով կամ օրենքի ուժով անձն ունի սեփականություն ձեռք բերելու օրինական ակնկալիք:

Պատասխանողը նշում է. «(...) աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում աշխատողների խախտված իրավունքների վերականգնման դեպքում աշխատողը վերականգնվում է իր նախկին աշխատանքում՝ ստանալով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ, ինչը իրենից ներկայացնում է սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք: Այն չի կարելի նույնականացնել Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվող դրամական փոխհատուցման հետ, որը տրվում է նրան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

Նշյալ նորմը չի վերացնում Օրենսգրքի [ՀՀ աշխատանքային օրենսգիրք] 265-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը, քանի որ այդ նորմով սահմանված է լրացուցիչ փոխհատուցում ստանալու իրավունքը, որը չի հանդիսանում հարկադիր պարապուրդի գումար:

Աշխատանքային օրենսգիրքը գործատուին պարտավորեցնում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, Օրենքի համապատասխան նորմը նախատեսել է անօրինականորեն ազատված ոստիկանության ծառայողի իրավունքի պաշտպանությունը փոխհատուցման վճարմամբ ապահովելու հնարավորություն՝ տրվող դրամական փոխհատուցման միջոցով, որը տրվում է նրան առավելագույնը 3 ամսվա աշխատավարձի չափով:

(...)

Հետևաբար՝ դիմողի այն պնդումը, որ խախտվել է վերջինիս սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքները անհիմն է, իսկ վիճարկվող դրույթը լիովին համապատասխանում է Սահմանադրության 60-րդ հոդվածին»:

Օրենքի վիճարկվող դրույթի՝ Դիմողի կարծիքով՝ Սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված խտրականության արգելքի սկզբունքին համապատասխանության առումով խնդրահարույց լինելու հարցի առնչությամբ Պատասխանողը, մասնավորապես, գտնում է. «Ոստիկանության ծառայողներին, ինչպես նաև այլ իրավապահ մարմինների ծառայողներին, կամ հանրային ծառայություն իրականացնող անձանց որպես «միևնույն կատեգորիայի անձինք» դիտարկելը չի բխում ՀՀ օրենսդրական կարգավորումներից: Հետևաբար օրենսդրական կարգավորմամբ առկա չէ խտրական վերաբերմունք ոստիկանության ծառայողների և հանրային ծառայություն իրականացնող այլ անձանց միջև, քանի որ նրանք չեն կարող համարվել էապես նույն իրավիճակում գտնվող անձինք:

(...)

Օրենսդիրն իրավասու է աշխատանքային բնույթի հարաբերությունների մեջ գտնվող բոլոր անձանց համար նախատեսված սոցիալական երաշխիքը որոշ կատեգորիայի ծառայողների համար սահմանել այլ ծավալով»:

Պատասխանողը խնդրում է սույն գործով ընդունել որոշում՝ Օրենքի վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

 

4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Օրենքի վիճարկվող իրավադրույթի սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, ներքոնշյալ հարցադրմանը.

- Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում ամրագրված դրույթն առ այն, որ ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված ծառայողներին մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվող դրամական փոխհատուցման հաշվարկն իրականացվում է նրանց չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար, համապատասխանու՞մ է արդյոք Սահմանադրության 49-րդ հոդվածին` Սահմանադրության 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ՝ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ հանրային ծառայության ստանձնած պաշտոնում պաշտոնավարման իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովող կանխարգելիչ և պաշտպանական անհրաժեշտ օրենսդրական կառուցակարգ սահմանելու մասով:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը, որի համաձայն՝ «Այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ` հատուցումը վճարվում է նրանց` զբաղեցրած ոստիկանության վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և ոստիկանությունում ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:», ենթակա չէ կիրառման Վճռաբեկ դատարանում քննվող գործով, և Դիմողը, թեև վիճարկել է նաև նշված դրույթի սահմանադրականությունը, սակայն այդ մասով հիմնավորումներ չի ներկայացրել:

Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը վերաբերում է այն դեպքերին, երբ ոստիկանությունից ոչ իրավաչափորեն ազատված ծառայողները համապատասխան ժամանակահատվածում աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, և օրենսդիրը սահմանափակում է նրանց վճարվելիք հատուցումը նաև ժամանակագրական առումով, հետևաբար՝ այդ առումով Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթների միջև համակարգային կապն ակնառու է:

Այդ առնչությամբ հաշվի առնելով, որ Դիմողը վիճարկում է Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը, իսկ այդ մասի առաջին և երկրորդ պարբերությունները համակարգային առումով փոխկապակցված են, Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 10-րդ մասը՝ համակցված 68-րդ հոդվածի 10-րդ մասի հետ, անհրաժեշտ է համարում վերոնշյալ հարցադրման համատեքստում անդրադառնալ Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի նաև երկրորդ պարբերության սահմանադրականության հարցին:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Սահմանադրության՝ «Հանրային ծառայության անցնելու իրավունքը» վերտառությամբ 49-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով»:

Սահմանադրական դատարանն իր՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ անդրադարձել է Սահմանադրության 49-րդ հոդվածի առաջին նախադասությամբ ամրագրված՝ ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությանը՝ այդ առնչությամբ արտահայտելով, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.

«(...) ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի ծավալի մեջ ներառվում է նաև անձի կողմից ընդհանուր հիմունքներով զբաղեցված հանրային պաշտոնում պաշտոնավարելու իրավունքը, որը, իր հերթին, ենթադրում է օրենքով չնախատեսված, ինչպես նաև կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատվելու արգելք».

«(...) Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ընդհանուր հիմունքներով անցնելով հանրային ծառայության, ունի նաև պաշտոնավարման և կամայական հիմքերով պաշտոնից չազատվելու իրավունք»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հանրային և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնավարման իրավունքի արդյունավետ իրացման համար օրենսդիրը որպես անհրաժեշտ կառուցակարգ ոչ միայն պետք է սահմանի նաև անհիմն/անօրինական ազատման դեպքում փոխհատուցման իրավունքը, այլև նշված ոչ իրավաչափ հիմքով պաշտոնից ազատման պահից մինչև վերականգնվելը փոխհատուցման ծավալը կանխորոշող ժամանակահատվածի առումով այնպիսի կառուցակարգ, որի գործողության պայմաններում, փոխհատուցման առավելագույն ժամկետով պայմանավորված, փոխհատուցման ծավալն էականորեն չի սահմանափակվի:

Հակառակ դեպքում՝ ի հայտ է գալիս հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին փաստացի պատասխանատվության ենթարկելու հակասահմանադրական կարգ, քանզի նա, առանց իր մեղքի, ավելին՝ պետության կամ համայնքի «մեղքով», մի կողմից՝ փաստացի ենթարկվում է պատասխանատվության՝ ազատվելով պաշտոնից (արձակվելով ծառայությունից), մյուս կողմից՝ զրկվում է այն ֆինանսական միջոցներից, որոնք նրան կտրամադրվեին, եթե պետությունը կամ համայնքը գործեր իրավաչափ այն դեպքում, երբ Օրենքով սահմանված է դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) առավելագույն՝ եռամսյա ժամկետ, որը, ներառված լինելով ազատման պահից մինչև վերականգնվելն ընկած ժամանակահատվածում, այդուհանդերձ, վերջինից կարճ է:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրության 49-րդ հոդվածի երկրորդ նախադասությանը համապատասխան՝ օրենքով հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի մանրամասները կանոնակարգելու նպատակը հանրային և հանրային ծառայության պաշտոնների առանձնահատկությունները և տեսակները հաշվի առնելն է (mutatis mutandis, 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488, կետ 4.1)։ Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի հայեցողությունը չի կարող վերաբերել պաշտոնից ոչ իրավաչափորեն ազատված անձանց փոխհատուցման իրավունքի սահմանափակմանը՝ դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) ժամանակահատվածի որոշակիացված լինելու՝ ազատման պահից մինչև վերականգնվելը, պայմաններում դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) առավելագույն ժամկետ՝ բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար, սահմանելու և, որպես վերջինիս հետևանք, փոխհատուցման ծավալը սահմանափակելու առումով:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ աշխատավարձը կազմում է Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված՝ հանրային ծառայության անցնելու իրավունքի, այդ թվում՝ հանրային ծառայության պաշտոնում պաշտոնավարման իրավունքի անբաժանելի և կարևոր տարրը, իսկ կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատելու արգելքն առնչվում է նաև հանրային ծառայության հետ փոխկապակցված վարձատրությանը։

Հիշատակված հիմնական իրավունքի իրացմանն ուղղված օրենսդրական կարգավորումները Սահմանադրության 75-րդ հոդվածի առումով կարող են արդյունավետ լինել, եթե երաշխավորեն ոչ միայն համապատասխան պաշտոնում վերականգնվելը, այլև ոչ իրավաչափ հիմքով պաշտոնից ազատման հետևանքով չստացված եկամուտները. պետության կամ համայնքի «մեղքով» ազատման պահից մինչև վերականգնվելը ժամանակահատվածի շրջանակում դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) առավելագույն ժամկետի սահմանումը, թեև օրենսդիր մարմնի հայեցողության տիրույթում է, այդուհանդերձ, չպետք է հանգեցնի փոխհատուցման ծավալների էական սահմանափակման:

Հանրային ծառայողին պաշտոնից ապօրինի ազատելու հետևանքները պետության կամ համայնքի համար պետք է լինեն այնքան առարկայական, որ կաշկանդեն, ընդհուպ՝ բացառեն հանրային ծառայողի կամայական ազատումը։ Հանրային ծառայությունից անհիմն/ապօրինի ազատված անձանց վերականգնման դեպքում տրամադրվելիք դրամական փոխհատուցման (հատուցում վճարելու) կառուցակարգն իրավական պետության հիմնարար սահմանադրական սկզբունքին համապատասխան երաշխավորում է հանրային ծառայության հարաբերություններում օրինականությունը, կայունությունը և վստահությունը, ինչպես նաև կոչված է էականորեն կրճատելու հանրային ծառայությունից ապօրինի ազատման դեպքերը։

Սահմանադրության` «Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը» վերտառությամբ 75-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր»: Նշված պահանջն ուղղված է Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ ու իրական կենսագործմանը, քանզի իրավունքի կամ ազատության սոսկ ամրագրումը բավարար չէ տրված իրավական հնարավորության լիարժեք իրացման համար. ուստի՝ համապատասխան կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրական մակարդակում ամրագրումն անհրաժեշտ երաշխիք է հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացումն ապահովելու համար:

Սահմանադրական դատարանը, 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման շրջանակներում անդրադառնալով Սահմանադրության 75-րդ հոդվածի բովանդակությանը, արձանագրել է. «(…) ցանկացած օրենսդրական կարգավորում, այլ ոչ թե միայն որևէ հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակում, պետք է նպատակ ունենա և ապահովի բոլոր հիմնական իրավունքների (1) արդյունավետ իրականացման համար (2) անհրաժեշտ (3) կազմակերպական (4) կառուցակարգեր և (5) ընթացակարգեր: Միայն բոլոր այս պայմանների միաժամանակյա առկայությունը ցանկացած օրենսդրական կարգավորման մեջ, առավել ևս որևէ հիմնական իրավունք կամ ազատություն սահմանափակող օրենսդրական կարգավորման մեջ, կարող է ապահովել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը» (կետ 4.5):

Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշմամբ արձանագրված է. «Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները» (կետ 4.1)։

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանրային ծառայությունից ազատման հետ կապված վեճերով դատարանում գործի քննության առավելագույն (կոնկրետ) ժամկետ սահմանված չէ, իսկ գործնականում դրանց քննությունը, որպես կանոն, տևական գործընթաց է, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված՝ Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ ամրագրված դրույթները դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) ժամանակահատվածի որոշակիացված լինելու՝ ազատման պահից մինչև վերականգնվելը, պայմաններում դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) առավելագույն ժամկետ՝ բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար, սահմանելու և, որպես վերջինիս հետևանք, փոխհատուցման ծավալները սահմանափակելու առումով, չեն բովանդակում հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ հանրային ծառայության ստանձնած պաշտոնում պաշտոնավարման իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովող կանխարգելիչ և պաշտպանական անհրաժեշտ օրենսդրական կառուցակարգեր:

Այսպիսով, Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության՝ «բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» ձևակերպումը Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, համապատասխանության առումով խնդրահարույց է:

5.2. Սույն գործով վիճարկվող օրինադրույթի՝ Սահմանադրության 29-րդ հոդվածին ենթադրյալ հակասության առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է.

Սահմանադրության՝ «Խտրականության արգելքը» վերտառությամբ 29-րդ հոդվածի համաձայն՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Սահմանադրական դատարանը, իր մի շարք որոշումներում անդրադառնալով խտրականության արգելքի սկզբունքին, արտահայտել է, մասնավորապես, ներքոնշյալ իրավական դիրքորոշումները.

1) «(…) պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում՝ կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաև իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները» (2008 թվականի հունվարի 29-ի ՍԴՈ-731 որոշում, կետ 10):

2) «(…) Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միևնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է հանդիսանում այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից» (2010 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-881 որոշում, կետ 5):

3) «(…) աշխատանքի ընտրության ազատությունը յուրաքանչյուր անհատի համար ապահովում է առանց խտրականության աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու և իր մասնագիտական ու այլ ընդունակություններն ազատ դրսևորելու հավասար հնարավորություն: Միաժամանակ, այն չի խոչընդոտում օրենսդրին աշխատանքային հարաբերություններն իրավական կարգավորման ենթարկելիս սահմանել անձանց իրավական տարբեր կարգավիճակներ` կապված աշխատանքային պայմանների, անմիջական պայմանագրային պարտականությունների, գործունեության բնագավառի հետ, և նույնիսկ նախատեսել առանձին պաշտոններ զբաղեցնելու և պաշտոններից ազատելու առանձնահատուկ դեպքեր, եթե դրանք օբյեկտիվորեն արդարացված են և ունեն սահմանադրաիրավական համապատասխան հիմնավորում» (2011 թվականի հոկտեմբերի 11-ի ՍԴՈ-991 որոշում, կետ 5):

4) «(…) խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ» (2015 թվականի հուլիսի 7-ի ՍԴՈ-1224 որոշում, կետ 22):

5) «Սահմանադրության 29-րդ հոդվածում թվարկված են խտրականության սահմանադրական արգելքով պաշտպանված հիմքերը, որոնք ունեն հստակ և որոշակի բովանդակություն, բացառությամբ նույն հոդվածում պաշտպանվող հիմքերի թվարկման համար օգտագործված «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ» ձևակերպման, որոնք, ի տարբերություն պաշտպանվող հիմքերի մնացած մասի, բաց ցանկ են նախատեսում:

Այնուամենայնիվ, թեպետ «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ» ձևակերպումը խտրականության արգելքով պաշտպանվող բաց ցանկ է նախատեսում, այն խիստ որոշակիորեն սահմանում է այդ ցանկով հնարավոր հիմքերի բնույթը, որոնցից որևէ մեկը Սահմանադրության 29-րդ հոդվածով պաշտպանվող հիմք հանդիսանալու համար պետք է լինի «անձնական» կամ «սոցիալական» բնույթի» (2023 թվականի ապրիլի 25-ի ՍԴՈ-1685 որոշում, կետ 4.4.1.2):

Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողի կողմից սույն գործով ներկայացված չէ որևէ հիմնավորում առ այն, որ համապատասխան սուբյեկտների նկատմամբ տարբերակված վերաբերմունքը դրսևորվել է Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկով կամ պայմանավորված է «անձնական» կամ «սոցիալական» բնույթի որևէ հանգամանքով։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված՝ խտրականության սահմանադրական արգելքով պաշտպանված որևէ հիմք առկա չէ: Հետևաբար՝ առանց անդրադառնալու խտրականության արգելքի մյուս պայմանների առկայությանը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Օրենքի վիճարկվող դրույթի՝ Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասության հատկանիշներ առկա չեն:

5.3. Սույն գործով վիճարկվող օրինադրույթի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին ենթադրյալ հակասության առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է.

Սահմանադրության՝ «Սեփականության իրավունքը» վերտառությամբ 60-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

(…)

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

(...)»:

Սահմանադրական դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել են սեփականության իրավունքին, դրա բովանդակությանը, այդ համատեքստում՝ «օրինական ակնկալիք» եզրույթի բովանդակության բացահայտմանը:

Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի՝ 2008 թվականի մարտի 18-ի ՍԴՈ-741 որոշման մեջ արձանագրված է. «(...) Սահմանադրության 31 հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք» (կետ 8):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի համաձայն՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով ամրագրված՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը (տե՛ս Trgo v. Croatia, գանգատ թիվ 35298/04, 11.06.2009, Final 11.09.2009, § 44): Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «գույքը» կարող է լինել «գոյություն ունեցող սեփականությունը» կամ «ակտիվները», ներառյալ` պահանջները, որոնց առնչությամբ դիմումատուն կարող է վիճարկել, որ առնվազն ունի սեփականության իրավունքից անարգել օգտվելու «օրինական ակնկալիք» (տե՛ս J. A. Pye (Oxford) Ltd and J. A. Pye (Oxford) Land Ltd v. The United Kingdom, գանգատ թիվ 44302/02, 30.08.2007, § 61): «Ակնկալիքը» համարվում է օրինական, եթե այն հիմնված է օրենսդրական դրույթի կամ քննարկվող գույքի վերաբերյալ իրավական ակտի վրա (տե՛ս Saghinadze and others v. Georgia, գանգատ թիվ 18768/05, 27.05.2010, Final 27.08.2010, § 103):

Վերոնշյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքի վիճարկվող դրույթի առաջին պարբերությամբ նախատեսված՝ ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատման պահից մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար համապատասխան ծառայողին տրվող դրամական փոխհատուցումը (բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար) ունի ինքնավար բովանդակություն, հետևաբար՝ չի նույնանում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում աշխատողի խախտված իրավունքները վերականգնվելիս աշխատողի օգտին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գործատուից գանձվող գումարի հետ:

Սույն գործով զեկուցող դատավորի՝ 2024 թվականի հուլիսի 3-ի գրությանն ի պատասխան՝ 2024 թվականի հուլիսի 9-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի ստորագրությամբ գրությունը՝ առդիրով (թիվ ՎԴ2/0189/05/20 վարչական գործը` 5 հատորից, կից՝ ծառայողական քննության նյութերի պատճենները):

Վերոնշյալի առնչությամբ Վերաքննիչ վարչական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 7-ի որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «(...) հայցվորը, 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանի 1-ին կետն անվավեր ճանաչված լինելու պայմաններում, պահպանում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրամական հատուցում ստանալու իրավունքը, սակայն ոչ թե հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի, այլ չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցը՝ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար դրամական հատուցում տրամադրելուն Ոստիկանությանը պարտավորեցնելու մասով, հիմնավոր չէ և ենթակա է մերժման՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնակարգման հաշվառմամբ և դրանով հատկորոշված ժամանակային տիրույթի կտրվածքով» (3-րդ կետ):

Սույն գործով Դիմողի (Վճռաբեկ դատարան) թիվ ՎԴ2/0189/05/20 վարչական գործով «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման մեջ նշված է. «Վճռաբեկ դատարանը, ընդունելի համարելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշումներն առ այն, որ սույն գործով առկա հարկադիր պարապուրդի համար դրամական փոխհատուցում ստանալու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է հատուկ օրենքը և ելնելով «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» (lex specialis derogat legi generali) հանրաճանաչ սկզբունքի բովանդակությունից, գտնում է, որ սույն գործով ոստիկանությունից անհիմն ազատված ծառայողի վերականգնման դեպքում հարկադիր պարապուրդի համար վճարման ենթակա դրամական փոխհատուցման իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը» (2-րդ կետ):

Հաշվի առնելով ողջ վերոգրյալը՝ Դիմողի կողմից բարձրացված՝ «Արդյո՞ք ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողների համար երաշխավորվում է աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված լեգիտիմ ակնկալիքի իրավունքն իրացնելու հնարավորությունը» հարցադրման առնչությամբ (Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք ակտերում արտացոլված իրավական դիրքորոշումների վկայակոչմամբ) Սահմանադրական դատարանը նկատում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի ներքո ներկայացվող սեփականության իրավունքի ձեռքբերման օրինական ակնկալիքը թիվ ՎԴ2/0189/05/20 վարչական գործով Վերաքննիչ վարչական դատարանի կողմից 2023 թվականի հուլիսի 7-ի որոշման հիմնավորումների և եզրահանգման շրջանակներում համապատասխան օրինադրույթների մեկնաբանման և կիրառման արդյունքում առհասարակ բացակայել է, իսկ Դիմողը, ինչպես վերը նշվեց, ընդունելի համարելով Վերաքննիչ վարչական դատարանի դիրքորոշումներն առ այն, որ սույն գործով դրամական փոխհատուցում ստանալու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է հատուկ օրենքը, և ելնելով «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» հանրաճանաչ սկզբունքի բովանդակությունից՝ գտել է, որ սույն գործով ոստիկանությունից անհիմն ազատված ծառայողի վերականգնման դեպքում վճարման ենթակա դրամական փոխհատուցման իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը:

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքի վիճարկվող դրույթի առաջին պարբերությունում հիշատակված է դրամական փոխհատուցման մասին, կոնկրետացված է վերջինիս տրամադրման ժամանակահատվածը՝ ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատման պահից մինչև վերականգնումը (բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար), ինչպես նաև չափը՝ չվճարված աշխատավարձի չափով: Նման պայմաններում ինքնին գույքային շահը կամ հավակնությունը, որը զուրկ է իրավական հիմքից, չի կարող հանդես գալ որպես Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի պաշտպանության երաշխիքների ներքո «օրինական ակնկալիք»։

Սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի առնչությամբ վերոնշյալ մոտեցումը վերաբերելի է նաև Օրենքի վիճարկվող դրույթի երկրորդ պարբերությանը:

Ուստի՝ սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Օրենքի վիճարկվող դրույթի (սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի մասով)՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին ենթադրյալ հակասության վերաբերյալ պնդումները հիմնավոր չեն:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» ձևակերպումը ճանաչել Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, հակասող և անվավեր։

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

15 հոկտեմբերի 2024 թվականի

ՍԴՈ-1757

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2024 թվական: