Գլխավոր տեղեկություն
Номер
N 3648-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 26.09.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
24.09.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
24.09.2024
Дата вступления в силу
27.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3648-Ա

«24» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Աշոտ Մնացականյանի լիազորված անձ Արմինե Մնացականյանի 2024 թվականի օգոստոսի 15-ի թիվ Դ-104611-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան՝ իրականացվել է վարչարարություն:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարողի 2024 թվականի սեպտեմբերի 13-ի N 3488-Ա որոշմամբ 2024 թվականի օգոստոսի 15-ի թիվ Դ-104611-24 դիմումի քննության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի սեպտեմբերի 24-ը ներառյալ:

2024 օգոստոսի 15-ի թիվ Դ-104611-24 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին և 20-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Աշոտ Մնացականյանի լիազորված անձ Արմինե Մնացականյանը:

Ուսումնասիրելով 2024 օգոստոսի 15-ի թիվ Դ-104611-24 դիմումը (այսուհետ՝ նաև Դիմում), դիմումին կից ներկայացված ապացույցները, 2024 թվականի սեպտեմբերի 9-ին և 20-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունները, գնահատելով Դիմումի առարկային առնչվող և լսումների ժամանակ ներկայացված բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2024 օգոստոսի 15-ի թիվ Դ-104611-24 դիմումով, ինչպես նաև հրավիրված լսումների ժամանակ ներկայացված փաստարկներով Աշոտ Մնացականյանի լիազորված անձ Արմինե Մնացականյանը, հիմք ընդունելով «Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի օգոստոսի 14-ին կազմված թիվ Գ-24/050 եզրակացությունը, խնդրել է փոխհատուցել 2024 թվականի հուլիսի 18-ին Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 78/8 հասցեում կայանված՝ Աշոտ Մնացականյանի սեփականությունը հանդիսացող «Honda Civic 1.8» մակնիշի «35 DC 273» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում պատճառված վնասը:

2016 թվականի հոկտեմբերի 6-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ KB027106 վկայագրի համաձայն՝ «Honda Civic 1.8» մակնիշի «35 DC 273» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Աշոտ Մնացականյանի սեփականությունը:

«Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի օգոստոսի 14-ին կազմված թիվ Գ-24/050 եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Honda Civic 1.8» մակնիշի «35 DC 273» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափի շուկայական գինը, 2024 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ գործող շուկայական գներով, գնահատվում է 182,000 (մեկ հարյուր ութսուներկու հազար) ՀՀ դրամ:

Դիմումով բարձրացված հարցի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունները կատարողի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ Ն/51771-24 գրությամբ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի թիվ 78/8 հասցեում 2024 թվականի հուլիսի 18-ին ծառի կամ ճյուղի տապալման և «Honda» մակնիշի ավտոմեքենայի վնասման վերաբերյալ գրություն կամ թեժ գծով ահազանգ կազմակերպությունը չի ստացել:

Դիմումին կից, ինչպես նաև 2024 թվականի սեպտեմբերի 9-ին և 20-ին կայացած լսումների ժամանակ Դիմումի առարկային, այն է՝ վնասի փոխհատուցման պահանջին առնչվող փաստական հանգամանքների ապացուցման նպատակով չի ներկայացվել վնասված փոխադրամիջոցի հետքաբանական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված փորձագիտական եզրակացություն:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որը նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Դիմումին կից, ինչպես նաև վարույթի լսումների ժամանակ չի ներկայացվել «Honda Civic 1.8» մակնիշի «35 DC 273» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի հետքաբանական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված փորձագիտական եզրակացություն, որի պայմաններում իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 182,000 (մեկ հարյուր ութսուներկու հազար) ՀՀ դրամի չափով վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածությունը, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1071.1-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածների դրույթները՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Աշոտ Մնացականյանի լիազորված անձ Արմինե Մնացականյանի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին 2024 օգոստոսի 15-ի թիվ Դ-104611-24 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան