Գլխավոր տեղեկություն
Номер
N 3498-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 18.09.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
13.09.2024
Подписан
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Дата подписания
13.09.2024
Дата вступления в силу
19.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3498-Ա

«13» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի կողմից 2024 թվականի ապրիլի 23-ին հայտարարված գնման ընթացակարգի շրջանակներում ընտրված մասնակից է ճանաչվել «Աննարկա» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն): Սահմանված կարգով և ժամկետներում Ընկերության հետ 2024 թվականի հունիսի 18-ին կնքվել է «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/125-1» ծածկագրով բժշկական սարքավորումների ձեռքբերման պայմանագիր:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2024 թվականի օգոստոսի 14-ին և սեպտեմբերի 4-ին ներկայացված գրությունների համաձայն Ընկերությունը գնումների մասին օրենսդրության իմաստով փոխկապակցված է «Էսզեթ ֆարմա» ՍՊ ընկերության հետ, որը 2023 թվականի մայիսի 6-ից մինչև 2025 թվականի հունիսի 20-ը ներառված է գնումների գործընթացներում իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (այսուհետ՝ Ցուցակ):

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 121-րդ կետի համաձայն՝ մասնակցի՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման:

Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության համաձայն՝ մասնակիցը հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված հավաստում՝ հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր և իրեն փոխկապակցված անձանց համապատասխանության մասին:

Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի համաձայն՝ եթե մասնակցի հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձևով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում:

Պայմանագրի 8.3-րդ կետի համաձայն՝ «Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ պայմանագիրը կնքելու նպատակով կազմակերպված գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, Վաճառողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Գնորդը միակողմանիորեն լուծում է պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար։ Ընդ որում, Գնորդը չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով Վաճառողի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Գնորդի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է:»:

Երևանի քաղաքապետարանը՝ ղեկավարվելով Պայմանագրի 8.3-րդ կետի պահանջով, ինչպես նաև վերը նշված իրավական հիմքերով՝ միակողմանի /ամբողջությամբ/ լուծել է Պայմանագիրը։

Պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում սույն թվականի սեպտեմբերի 5-ին և պայմանագիրը սույն թվականի սեպտեմբերի 6-ի դրությամբ համարվում է լուծված։

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և 2-րդ մասով.

1. «Աննարկա» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

հԱՐԳԱՆՔՈՎ`

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ