Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-18-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (20.03.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.172
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
04.02.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.02.2010
Дата вступления в силу
20.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի փետրվարի 4-ին

 

«ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ կետերով.

 

«4) որսի արգելված ձևերը, միջոցները, մեթոդները և գործիքները.

5) որսի արգելված տարածքների ցանկը.

6) օգտագործման հանձնված որսորդական տնտեսությունների և որսահանդակների ցանկը:»:

 

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի վերջին տողը «թաքստոցները և» բառերից հետո լրացնել «թիվ 5-ից ոչ խոշոր» բառերով:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 21.1.

      Որսի արգելված ձևերը, միջոցները, գործիքները և սահմանափակումները

 

Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է որս իրականացնել`

1) առանց սույն օրենքով սահմանված փաստաթղթերի առկայության.

2) որսահանդակների տարածքներից դուրս.

3) բնության հատուկ պահպանվող տարածքներում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

4) որսի կանոններով չնախատեսված որսագործիքներ օգտագործելով.

5) բնակավայրերին, հանգստի գոտիներին և ավտոմայրուղիներին մոտ տարածքներում` որսորդական ակոսավոր հրազենով, ոչ պակաս, քան 5000 մետր, իսկ ողորկափող հրազենով` 500 մետր հեռավորությունից.

6) գյուղատնտեսական նշանակության հողերում` մինչև բերքահավաքի ավարտը.

7) որսի թույլտվության մեջ նշված չափաքանակներից ավել վայրի կենդանիների, թույլտվությունում չնշված վայրի կենդանիների տեսակների, թույլտվությունում նշված որսի ժամկետներից դուրս.

8) Բնության պահպանության միջազգային միության ցանկում գրանցված վտանգված վայրի կենդանիների վրա, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

9) աղետալի վիճակում գտնվող կամ բնական աղետներից փրկվող վայրի կենդանիների վրա.

10) վայրի կենդանիների ձվերի և ձագերի հավաքմամբ, դրանց բների ու որջերի քանդմամբ և հավաքատեղերի վնասմամբ և ոչնչացմամբ.

11) վերգետնյա, օդային (ուղղաթիռ, ինքնաթիռ, պարաշյուտ և այլն) և ջրային մեխանիկական (մոտորացված) տրանսպորտային միջոցներից վայրի կենդանիներին հետապնդելով.

12) որսի համար օրենքով չնախատեսված, օրենքով սահմանված կարգով չհաշվառված կամ ապօրինի պատրաստված զենքի, օբյեկտների պահպանության համար հատկացված հրազենի կիրառմամբ.

13) մարտական զենքի և մարտական փամփուշտների, ինքնանետերի, ինքնաձիգ հրացանների, օդամղիչ զենքի, ռազմական ակոսավոր զենքի և ազդանշանային հրթիռների գործադրմամբ.

14) աղեղների, կեռչանների, ցանցերի, օղակների, ծուղակների, որսափոսերի և թիվ 5-ից խոշոր թակարդների օգտագործմամբ.

15) պայթուցիկ և քիմիական նյութերի (բացառությամբ հոտավետ խայծերի), գազերի և էլեկտրական հոսանքի գործադրմամբ.

16) գիշերային ժամերին լուսարձակների կամ լուսային այլ հզոր սարքավորումների (աղբյուրների) կիրառմամբ.

17) բուսական ծածկի այրմամբ կամ ծխի օգտագործման միջոցով.

18) ձայնարձակիչների կամ ձայն վերարտադրող էլեկտրոնային (ոչ մեխանիկական) սարքերի գործադրմամբ.

19) վայրի կենդանիների զանգվածային վնասման այլ եղանակներով:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. փետրվարի 27

Երևան

ՀՕ-18-Ն