Գլխավոր տեղեկություն
Номер
N 270-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 14.03.2023
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.03.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.03.2023
Дата вступления в силу
15.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2023 թվականի N 270-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասն ու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

2. Հավելվածով հաստատված կանոնադրության՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, սեյսմիկ անվտանգության, տեխնիկական անվտանգության ապահովմանն ուղղված և նյութական պահուստի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում սույն կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից։

3. Հավելվածով հաստատված կանոնադրության՝ լիցենզիաների տրամադրման, վտանգավոր բեռների փոխադրումների կազմակերպման և իրականացման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում սույն կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների կարգապահական հարաբերությունների և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնելուն վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը ենթակա պետական մարմինների մասով աջակցող ստորաբաժանումների գործառույթների վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում համապատասխանաբար Ոստիկանությունում, Փրկարար ծառայությունում, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում այդ ստորաբաժանումների գործունեությունը դադարեցնելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը։

(որոշումը փոփ. 13.09.24 N 817-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

14.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2023 թվականի
մարտի 14-ի N 270-Լ որոշման

 (գլխագիրը փոփ. 13.09.24 N 817-Լ)

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մշակում և իրականացնում է, Կառավարության կառուցվածքի և գործունեության մասինե օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Նախարարության անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն.

2) ռուսերեն` Министерство внутренних дел Республики Армения.

3) անգլերեն` Ministry of Internal Affairs of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն՝ Ministère des Affaires Intèrieures de la Republique d'Armenie:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր, ինչպես նաև կարող է ունենալ այլ լեզուներով կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները և գրասենյակը:

7. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Նախարարության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետության, քաղաք Երևան, Նալբանդյան 130:

 

2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Նախարարության նպատակներն են՝

1) նախարարության գործունեության ոլորտում քաղաքականության մշակումը և իրականացումը.

2) հասարակական կարգի պահպանության, հասարակական, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, մարդու անվտանգության, հանցանքների, վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, հայտնաբերման, խափանման, բացահայտման համակարգերի արդյունավետ գործունեությունը.

3) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, նյութական պահուստի միասնական պետական համակարգի արդյունավետ գործունեության ապահովումը.

4) աղետներին դիմակայուն պետության ձևավորումն ու կայացումը, աղետների ռիսկի հետևողական նվազեցումը, արտակարգ իրավիճակներին արագ և նպատակաուղղված արձագանքումը, հետաղետային արդյունավետ վերականգնումը.

5) միգրացիոն գործընթացների կառավարման, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների իրացման, քաղաքացիության ձեռքբերման, դադարեցման, անձանց փաստաթղթավորման և նույնականացման, բնակչության պետական և ընտրողների ռեգիստրների համակարգերի արդյունավետ գործունեությունը:

10. Նախարարության խնդիրներն են՝

1) հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, մարդու անվտանգության, հետախուզվող անձանց և տրանսպորտային միջոցների հայտնաբերման, ճանապարհային երթևեկության անվտանգության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների պահպանման, սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանության, հանցանքների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, հայտնաբերման, խափանման և բացահայտման ապահովումը.

2) միգրացիոն գործընթացների կառավարման, օտարերկրյա քաղաքացիներին, փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակության (գտնվելու) իրավունքի, օտարերկրացիների կամավոր վերադարձի և արտաքսման, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման գործընթացի, փախստականի կարգավիճակի ճանաչման և ապաստանի տրամադրման ապահովումը.

3) քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման, անձնագրային միասնական համակարգի գործունեության, անձանց փաստաթղթավորման և նույնականացման, հանրային ծառայությունների համարանիշի հատկացման, բնակչության պետական և ընտրողների ռեգիստրների վարման ու ընտրողների ցուցակների կազմման ապահովումը.

4) տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման, հաշվառման համարանիշերի և վարորդական իրավունքի տրամադրման ապահովումը.

5) նախարարության գործունեության ոլորտով պայմանավորված՝ լիցենզավորման գործընթացի ապահովումը.

6) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների, բնածին և տեխնածին աղետների ռիսկերի, հետևանքների նվազեցմանն ու վերացմանն ուղղված, փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ապահովումը.

7) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտներում քաղաքացիների ուսուցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերով բնակչության և կազմակերպությունների իրազեկման ապահովումը։

 

3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) նախարարության գործունեության ոլորտների զարգացման ռազմավարությունների մշակումն ու դրանց իրականացման ապահովումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի՝ նախարարության գործունեությանն առնչվող միջոցառումների մշակումը, դրանց իրականացումը և իրականացման ապահովումը.

3) հաստատված ռազմավարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի՝ նախարարությանը ենթակա պետական մարմինների (այսուհետ նաև՝ ենթակա մարմիններ) կողմից կատարման ընթացքի նկատմամբ մոնիթորինգի իրականացումը, աշխատանքների համակարգումն ու մեթոդական ղեկավարումը, ինչպես նաև ենթակա մարմինների գործունեության ընթացքում օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ մոնիթորինգի և վերահսկողության իրականացումը.

4) հաստատված ռազմավարությունների կատարման արդյունքներով հաշվետվությունների կազմումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ կամ այլ մարմիններ ներկայացման ապահովումը.

5) նախարարության գործունեության ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականների պահանջների ժամանակին և պատշաճ կատարման ապահովումը.

6) հանցավորության շարժընթացի, հասարակական անվտանգության ապահովման վիճակի համակողմանի վերլուծության իրականացումը, քրեածին իրավիճակի կանխատեսումը, առկա մարտահրավերների ու ռիսկերի վերհանումը և դրանց չեզոքացման նպատակով համապատասխան որոշումների ընդունումը և իրականացման ապահովումը.

7) հանցանքների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման, բացահայտման ապահովումը.

8) մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների, սեփականության բոլոր ձևերի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ նախարարության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.

9) (ենթակետն ուժը կորցրել է 13.09.24 N 817-Լ)

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական հաշվառումների իրականացումը, նախարարության, ենթակա մարմինների տեղեկատվական սպասարկումը և օրենքով սահմանված դեպքերում պետական մարմիններին տեղեկատվության փոխանցումը.

11) անդրազգային և կազմակերպված այլ հանցավորության դեմ պայքարի ուղղությունների և մարտավարության մեխանիզմների մշակումը.

12) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, բնածին և տեխնածին աղետների ռիսկերի հետևանքների նվազեցմանն ու վերացմանն ուղղված աշխատանքների իրականացման, արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վիճակի համակողմանի վերլուծության իրականացման, առկա մարտահրավերների ու ռիսկերի վերհանման և դրանց չեզոքացման նպատակով համապատասխան որոշումների ընդունումը և իրականացման ապահովումը.

13) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության (այդ թվում` հրդեհային, սեյսմիկ, տեխնիկական անվտանգության, փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման) ոլորտներում մոնիթորինգի իրականացումը.

14) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության միասնականության ապահովումը.

15) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը և այդ նպատակով հատկացված նյութական ու ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման մոնիթորինգի իրականացումը.

16) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով բնակչության ուսուցման ծրագրերի՝ սահմանված կարգով հաստատումը, դրանց իրականացման նկատմամբ մոնիթորինգի իրականացումը.

17) քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և պլանների մշակումը, իր իրավասության սահմաններում հաստատումը, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների կառուցման նպատակային ծրագրերի մշակումը.

18) Հայաստանի Հանրապետության վարչապետին քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ առաջարկության ներկայացումը.

19) արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը.

20) արտակարգ իրավիճակներում ու պատերազմի ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը, կուտակումը և դրանց նպատակային օգտագործման պետական ծրագրերի մշակումը, դրանց կատարման մոնիթորինգի իրականացումը.

21) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակումն ու դրանց կատարման մոնիթորինգի իրականացումը.

22) Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքների համակարգումը, բնակավայրերի տարածքների սեյսմիկ ռիսկի գնահատումը, սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատումը.

23) սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով քաղաքաշինության, բնակչության տարաբնակեցման, արտադրատնտեսական գործունեության զարգացման և այլ հեռանկարային ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների ու եզրակացությունների ներկայացումը.

24) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով վերապատրաստման, վերաորակավորման և որակավորման բարձրացման ապահովումը.

25) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը և քաղաքացիական պաշտպանությանն ուղղված աշխատանքների համակարգման ապահովումը.

26) աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքների իրականացման ապահովումը.

27) աղետների ռիսկի բացահայտմանը և գնահատմանն ուղղված աշխատանքների համակարգման ապահովումը.

28) աղետների ռիսկի բացահայտմանը և գնահատմանն ուղղված մեթոդաբանության մշակումը և միջոցառումների, աշխատանքների համակարգման ապահովումը.

29) աղետներին արդյունավետ արձագանքմանը, վաղ վերականգնմանը և հետաղետային վերականգնմանն ուղղված աշխատանքների համակարգման ապահովումը.

30) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտներում բնակչության ուսուցմանը և իրազեկմանն ուղղված աշխատանքների կազմակերպման համակարգումը.

31) փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ապահովումը.

32) արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման, տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող հավատարմագրված անձանց հաշվառման գործընթացի, տարերային և տեխնածին վթարների մասին տեղեկությունների հաշվառման և վերլուծման ապահովումը.

33) գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների և միջազգային փորձի հիման վրա տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման պահանջների սահմանումը և տեխնիկական անվտանգության կանոնների կատարելագործումը.

34) աշխատանքների անվտանգ կազմակերպման՝ մեքենասարքավորումների կառուցվածքի, պատրաստման անվտանգ շահագործման պահանջների սահմանումը.

35) նյութական պահուստի պաշարների ձևավորմանը, պահպանմանն ու սպասարկմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը.

36) նյութական պահուստի նյութական արժեքների անվանացանկի, ինչպես նաև կուտակման նորմերի մշակման կազմակերպումը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացումը.

37) նյութական պահուստի համակարգի կառավարումը.

38) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներին համապատասխան նյութական պահուստի և պահպանման ծախսերի ֆինանսավորման ապահովումը.

39) միգրացիոն գործընթացների ու քաղաքացիության ոլորտի կառավարման բնագավառում համակողմանի վերլուծության իրականացումը, առկա մարտահրավերների ու ռիսկերի վերհանումը և դրանց չեզոքացման նպատակով համապատասխան որոշումների ընդունումը և իրականացման ապահովումը.

40) միգրացիոն գործընթացների կարգավորման կազմակերպումը և համակարգումը.

41) ապաստանի համակարգի գործունեության կազմակերպումը, համակարգումը.

42) հետընդունման (ռեադմիսիայի) գործընթացի կազմակերպումը, համակարգումը.

43) Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի, բնակչության պետական և ընտրողների ռեգիստրի գործունեության կազմակերպումը, համակարգումը, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման ապահովումը.

44) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ այն դադարեցնելու, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման և նույնականացման, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակության իրավունքի իրացման, նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու, տարանցիկ տեղաշարժվելու, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու գործընթացների կազմակերպումը և համակարգումը․

45) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կազմակերպման, ճանապարհներին երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման առկա մարտահրավերների ու ռիսկերի վերհանումը և դրանց չեզոքացման նպատակով համապատասխան որոշումների ընդունումը և իրականացման ապահովումը.

46) հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվության, բացառությամբ թափքը կամ հենասարքը համապատասխանաբար նույն եզրաչափերով թափքով կամ հենասարքով կամ շարժիչը նույն տեխնիկական բնութագրերով շարժիչով կամ տրանսպորտային միջոցի գույնը փոփոխելու դեպքերի, տրամադրումը.

47) վարորդական վկայական ստանալու քննությունների ընդունումը և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականների, իսկ դրանց հիման վրա` նաև միջազգային վարորդական վկայականների տրամադրումը.

48) տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի, ըստ չափորոշիչների, հատկացման գների սահմանումը.

49) տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշումի, տրանսպորտային միջոցների պետական գրանցման, հաշվառման իրականացումը և արգելադրումը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման փաստաթղթերի և հաշվառման համարանիշերի տրամադրումը.

50) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

51) տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ հսկողության իրականացումը.

52) ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջների համապատասխանության նկատմամբ հսկողության իրականացման ապահովումը.

53) վտանգավոր բեռների փոխադրումների ժամանակ վտանգավոր բեռ փոխադրողի կողմից գրավոր դիմում ներկայացվելու դեպքում անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով վտանգավոր բեռի ուղեկցման իրականացման ապահովումը.

54) վտանգավոր բեռներ փոխադրելու երթուղու վերաբերյալ համաձայնության տրամադրումը.

55) վտանգավոր բեռների փոխադրման ժամանակ առաջացած վթարների դեպքում բնակչության և տարածքների պաշտպանությանը, վթարների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը.

56) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորման, լիցենզիայի պահանջների կատարման կապակցությամբ վարչարարության իրականացումը.

57) օրենքով սահմանված դեպքերում և կարգով ծառայողական քննության իրականացումը, դեպքի հանգամանքների ամբողջական պարզումը.

58) օրենքով նախատեսված դեպքերում օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը.

59) նախարարության, ենթակա մարմինների գործունեության ոլորտների կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ու իրավական ակտերի նախագծերի մշակումը, դրանց ֆինանսական և իրավական փորձաքննության, արտաքին շրջանառության ապահովումը և հետագա իրավական ուղեկցումը համապատասխան մարմիններում.

60) նախարարությունում, ենթակա մարմիններում կիրառման ենթակա, ինչպես նաև նոր ընդունված օրենսդրական նորմերի վերաբերյալ եզրակացությունների ներկայացումը, մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակումը.

61) ենթակա մարմինների գործունեության մասով տեղեկատվական և մեթոդական աջակցության տրամադրումը.

62) սահմանված դեպքերում նախարարության, ենթակա մարմինների գործողությունների կամ անգործության դեմ վերադասության կարգով բերված վարչական բողոքների քննությունը և որոշման կայացումը.

63) սահմանված դեպքերում դատական ներկայացուցչության ապահովումը.

64) գործունեության ոլորտներին առնչվող, այլ պետական մարմիններից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշման և կարծիքի ներկայացումը.

65) օտարերկրյա պետությունների պետական մարմինների հետ իրավական փոխօգնության ոլորտում արդյունավետ համագործակցության ապահովումը.

66) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև ոլորտային համագործակցության արդյունավետության բարձրացման և համագործակցության շրջանակներն ընդլայնելու նպատակով անհրաժեշտ աշխատանքների իրականացումը, այդ նպատակով օրենքով սահմանված դեպքում և կարգով համաձայնագրերի, հուշագրերի, գործողությունների ծրագրերի և այլ փաստաթղթերի կնքումը.

67) նախարարության աշխատողների գործունեության օրինականության պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը, օրինականության խախտման դեպքերի կանխարգելման, հայտնաբերման և բացահայտման միջոցառումների իրականացումը.

68) մոնիթորինգի և վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքներով վեր հանված օրենսդրության կամ կարգապահական խախտումները հետագայում բացառելու համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը և դրանց կատարման նկատմամբ հսկողության սահմանումը.

69) նախարարությունում, ենթակա մարմիններում, նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններում (անկախ կազմակերպաիրավական տեսակից) կոռուպցիոն ռիսկերի վերհանմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը և հակակոռուպցիոն ծրագրերի մշակումն ու ներդրումը.

70) նախարարության, ենթակա մարմինների կողմից պետական ծառայությունների մատուցման որակի հսկողությունը, թույլտվությունների ու լիցենզիաների տրամադրման գործունեության նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմների կիրառման կազմակերպումը և իրականացումը.

71) հանրային հաղորդակցության և իրազեկման նպատակով նախարարության և ենթակա մարմինների գործունեության ոլորտներով տեղեկատվության տրամադրման, հանրայնացման եղանակների, մեթոդների, ինչպես նաև տեղեկատվության հասանելիության, տեղեկատվության օգտագործման և տրամադրման առնչությամբ աշխատողների վարքագծի սկզբունքների մշակումը և դրանց կիրառելիության ապահովումը նախարարությունում և ենթակա մարմիններում.

72) հանցանքների բացահայտման, ենթադրյալ հանցանք կատարած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության տարածումը.

73) ոլորտային բարեփոխումների շրջանակներում շահագրգիռ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը.

74) նախարարության, ենթակա մարմինների կողմից կատարված աշխատանքների արդյունքների, իրականացված ծրագրերի և բարեփոխումների վերաբերյալ հաշվետվությունների հրապարակումը.

75) նախարարության, ենթակա մարմինների կադրային քաղաքականության մշակումը, ինչպես նաև անձնակազմի կառավարման գործառույթների իրականացումը և բարեվարքության համակարգի ապահովումը.

76) նախարարության, ենթակա մարմինների կարիքների համար մասնագիտական ուսուցման համակարգի կազմակերպման ու կատարելագործման ապահովումը.

77) նախարարության, ենթակա մարմինների բյուջեի նախագծի մշակման և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացման, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում բյուջետային ուղերձի ներկայացման աշխատանքների, ինչպես նաև ֆինանսատնտեսագիտական բնագավառի գործառույթների իրականացումը.

78) նախարարության, ենթակա մարմինների, նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կարիքների համար պետական գնումների կազմակերպումը և կատարումը.

79) նախարարության, ենթակա մարմինների ու նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ներքին աուդիտի կազմակերպման ապահովումը.

80) զորահավաքային առաջադրանքների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման կազմակերպումը.

81) նախարարության և ենթակա մարմինների գաղտնի և ոչ գաղտնի գործավարության ու արխիվային գործի վարման կազմակերպումը և իրականացումը.

82) նախարարության և ենթակա մարմինների գաղտնիության ռեժիմի ապահովման կազմակերպումը և իրականացումը.

83) զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության գործառույթների իրականացումը.

84) նախարարության իրավասությանը վերապահված գիտատեխնիկական և նախագծային աշխատանքների կազմակերպումը և որպես դրանց պատվիրատու հանդես գալը.

85) նախարարության և ենթակա մարմինների ծառայողների մասնագիտական, մարտական և ֆիզիկական պատրաստականության վիճակի բարելավման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.

86) Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային սերվերային կենտրոնի անխափան աշխատանքի ապահովումը, ինչպես նաև նախարարությունում և ենթակա մարմիններում տեղեկատվական և կապի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը, այդ համակարգերի անվտանգ շահագործման ապահովումը.

87) օրենքով սահմանված վճարովի ծառայությունների մատուցումը.

88) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը։

(11-րդ կետը փոփ. 13.09.24 N 817-Լ)

12. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին (այսուհետ՝ նախարար) կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Նախարարին կից հասարակական խորհուրդը`

1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.

2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.

3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`

ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու դրանց կատարումն ապահովող գործողությունների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը,

բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,

գ. նախարարության ընթացիկ գործունեության, մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

 

4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Նախարարության կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը և նախարարը:

14. Հայաստանի Հանրապետության վարչապետը՝

1) հաստատում է նախարարության, ինչպես նաև գրասենյակի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը.

2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.

3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:

15. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:

16. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

17. Նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գրասենյակի ղեկավարը, ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները, նախարարի խորհրդականը, օգնականը, մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

18. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:

19. Նախարարը՝

1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.

2) իրականացնում է ենթակա մարմինների, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպությունների, հիմնարկների կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում՝ վերանայում է ենթակա մարմինների որոշումները.

3) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.

4) սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.

5) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրակցված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.

7) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները, ինչպես նաև հաստատում է ենթակա մարմինների կանոնադրությունները.

8) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

9) սահմանում է նախարարի յուրաքանչյուր տեղակալի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.

10) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

11) նշանակում և ազատում է իր խորհրդականին, մամուլի քարտուղարին, օգնականին, նախարարի տեղակալի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

12) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

13) հաստատում է նախարարության, ենթակա մարմինների և նախարարությանը ենթակա կազմակերպությունների հաստիքացուցակները.

14) հաստատում է նախարարության ներքին կարգապահական կանոնները.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

16) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարի տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.

19) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակի, ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

20) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:

20. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում՝ նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

21. Նախարարի տեղակալը՝

1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

22. Նախարարի տեղակալն ունի օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարի տեղակալին:

23. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

24. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

25. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

26. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար:

27. Գլխավոր քարտուղարը՝

1) առանց լիազորագրի`«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.

5) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և գրասենյակի աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների և գրասենյակի մասով՝ իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է նախարարի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և նախարարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:

28. Գլխավոր քարտուղարն ունի տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

29. Նախարարի խորհրդականը՝

1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում է իր աշխատանքային ծրագիրը.

2) պարբերաբար նախարարին է ներկայացնում զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

3) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

5) նախարարի որոշմամբ կարող է ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

6) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում հանձնարարված հարցերի քննարկումներ.

7) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

30. Նախարարի մամուլի քարտուղարը՝

1) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո՝ հետևում դրանց իրականացմանը.

4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.

5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

31. Նախարարի օգնականը՝

1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին.

2) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.

3) կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

4) համագործակցելով նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

5) նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

32. Նախարարի տեղակալի օգնականը՝

1) նախարարի տեղակալի կողմից սահմանված պարբերականությամբ ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում նախարարի տեղակալին հանձնարարված ոլորտում առկա իրավիճակի և հիմնահարցերի մասին և առաջարկություններ է ներկայացնում լուծման վերաբերյալ.

2) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարի տեղակալին.

3) համաձայնեցնելով նախարարի տեղակալի հետ` կազմակերպում է նախարարի տեղակալի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարի տեղակալին.

4) կազմակերպում է նախարարի տեղակալի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

5) նախարարի տեղակալի հանձնարարությամբ՝ համագործակցելով նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

6) կատարում է նախարարի տեղակալի կողմից տրված այլ հանձնարարականներ:

 

5. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

33. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունը.

2) ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը.

3) աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչությունը.

4) ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը.

5) իրավաբանական վարչությունը.

6) հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը:

7) (ենթակետն ուժը կորցրել է 13.09.24 N 817-Լ)

(33-րդ կետը փոփ. 13.09.24 N 817-Լ)

34. Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը.

2) միջազգային համագործակցության վարչությունը.

3) հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը.

4) ֆինանսաբյուջետային վարչությունը.

5) տնտեսական վարչությունը.

6) փաստաթղթաշրջանառության ապահովման վարչությունը.

7) տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի վարչությունը.

8) զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության վարչությունը:

 

6. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

 

35. Նախարարության գրասենյակն է՝

1) Պետական ռեզերվների գրասենյակը:

 

7. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

36. Նախարարությանը ենթակա պետական մարմիններն են՝

1) Ոստիկանությունը.

2) Փրկարար ծառայությունը.

3) Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

 

8. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

37. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

38. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

39. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

40. Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

41. Նախարարության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

 

9. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

42. Նախարարությունը օրենքով սահմանված կարգով ներկայացնում է ֆինանսական հաշվետվություններ:

43. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

44. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

45. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» օրենքով սահմանված լիազորությունները:

(հավելվածը փոփ. 13.09.24 N 817-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.09.2024, N 817-Լ 14.09.2024, N 270-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան