ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
10 սեպտեմբերի 2024 թ. |
1953 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Սարգսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1953 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատված՝ Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2024 թվականի հունիսի 14-ի N 856-Ա որոշմամբ հավանություն է տվել 1953 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատված «Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի հունիսի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով վերոնշյալ կանոնադրությունը և հետազոտելով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և սույն գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությունը (այսուհետ՝ Կանոնադրություն) ընդունվել է 1954 թվականին:
2. Պայմանավորվող կառավարությունները, հաշվի առնելով դաբաղ հիվանդության կրկնվող բռնկումներով պայմանավորված՝ եվրոպական գյուղատնտեսությանը հասցվող ծանր կորուստների կրկնվող դրսևորումները կանխարգելելու ծայրահեղ անհրաժեշտությունը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (այսուհետ՝ ՊԳԿ կամ Կազմակերպություն) շրջանակներում հիմնադրել են դաբաղ հիվանդության վերահսկման հարցերով եվրոպական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), որի նպատակն է Եվրոպայում դաբաղ հիվանդության դեմ կանխարգելիչ և վերահսկիչ միջոցների մասով խթանել ազգային և միջազգային գործողությունները:
3. Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝
3.1. վերահսկել դաբաղ հիվանդությունը՝ նպատակ ունենալով վերջնականապես վերացնել այն համապատասխան կարանտինային և սանիտարական միջոցների նախաձեռնման և հետևյալ մեկ կամ ավելի մեթոդների կիրառման միջոցով.
1) սպանդի քաղաքականություն,
2) սպանդ՝ պատվաստման հետ միասին,
3) հիվանդությունների դեմ լիովին անընկալունակ ընտանի խոշոր եղջերավոր անասունների պահպանում պատվաստման միջոցով. այլ դյուրընկալ անասուններ կարող են պատվաստվել,
4) պատվաստումներ բռնկումներին հարող տարածքներում (հոդված II, մաս 1),
3.2. ունենալ դաբաղ հիվանդության ներթափանցումների անհապաղ կառավարման համար նախատեսված արտակարգ իրավիճակների պլան և ապահովել ֆինանսական, մարդկային և տեխնիկական ռեսուրսների բավականաչափ հասանելիություն (հոդված II, մաս 2),
3.3. տնօրինման տակ ունենալ պատվաստանյութերի կամ պատվաստանյութ մշակելու հակամարմինների պաշար, որը բավարար կլինի հիվանդության դեմ պատշաճ պաշտպանություն ապահովելու համար, եթե հիվանդության տարածումը չի կարող վերահսկվել բացառապես սանիտարական միջոցներով, համագործակցել և բոլոր համաձայնեցված միջոցներով աջակցել մյուս անդամներին դաբաղ հիվանդության վերահսկման, մասնավորապես՝ ըստ անհրաժեշտության պատվաստանյութերի կամ պատվաստանյութ մշակելու հակամարմինների պաշարների հարցում (հոդված II, մաս 3),
3.4. սահմանել կարգավորումներ՝ դաբաղ հիվանդության բռնկումներից առաջացող վարակի տեսակավորման համար, Հանձնաժողովի կողմից պահանջվող կարգով, և անմիջապես ծանուցել Հանձնաժողովին և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը (այսուհետ՝ ԿԱՀԿ) նմանատիպ տեսակավորման արդյունքների վերաբերյալ (հոդված II, մաս 4),
3.5. սահմանել կարգավորումներ՝ ՊԳԿ-ի կողմից սահմանված Համաշխարհային տեղեկատու լաբորատորիային նոր իզոլյատներ անհապաղ ուղարկելու համար՝ հետագա բնութագրման նպատակով (հոդված II, մաս 5),
3.6. տրամադրել Հանձնաժողովին ցանկացած տեղեկատվություն, որն անհրաժեշտ կլինի վերջինիս գործառույթներն իրականացնելու համար: Մասնավորապես անդամները պետք է անհապաղ զեկուցեն Հանձնաժողովին և ԿԱՀԿ-ին դաբաղ հիվանդության ցանկացած բռնկումների և ծավալի վերաբերյալ և պետք է կազմեն այդպիսի հետագա մանրակրկիտ զեկույցներ՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով (հոդված II, մաս 6),
3.7. Կազմակերպության գլխավոր տնօրենի միջոցով պայմանավորվածություններ ձեռք բերել ԿԱՀԿ-ի հետ՝ Կազմակերպության և ԿԱՀԿ-ի միջև ցանկացած համաձայնագրերի շրջանակում՝ ապահովելու համար, որ բոլոր անդամներին տրամադրվի տեխնիկական խորհրդատվություն՝ դաբաղ հիվանդության վերահսկմանը վերաբերող ցանկացած խնդրի վերաբերյալ, հիվանդության բռնկումների և վարակի բացահայտման վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը հավաքագրվի և տարածվի հնարավորինս արագ, իրականացվի դաբաղ հիվանդության համար պահանջվող հատուկ հետազոտական աշխատանք (հոդված IV, մաս 1),
3.8. հավաքագրել տեղեկատվություն դաբաղ հիվանդության վերահսկման և հետազոտական ազգային ծրագրերի վերաբերյալ (հոդված IV, մաս 2),
3.9. համապատասխան անդամների հետ խորհրդակցությամբ սահմանել նման անդամներին անհրաժեշտ օգնության բնույթը և ծավալները՝ իրենց ազգային ծրագրերն իրականացնելու նպատակով (հոդված IV, մաս 3),
3.10. խրախուսել և ծրագրել համատեղ գործողություններ այն դեպքում, երբ դրանք անհրաժեշտ են կանխարգելման և վերահսկման ծրագրերի իրականացման համար, և այս նպատակով ձեռնարկել միջոցներ՝ պատշաճ ռեսուրսներ հասանելի դարձնելու համար, օրինակ՝ պատվաստանյութի մշակման և պահման համար՝ անդամների միջև համաձայնագրերի միջոցով, և նպաստել դաբաղ հիվանդության համաշխարհային վերահսկմանը (հոդված IV, մաս 4),
3.11. կազմակերպել պատշաճ հարմարություններ՝ վարակի տեսակավորման և բնութագրման նպատակով (հոդված IV, մաս 5),
3.12. ապահովել միջազգային լաբորատորիայի (Համաշխարհային տեղեկատու լաբորատորիա) հասանելիությունը՝ պատշաճ մեթոդներով վարակի արագ բնութագրման հնարավորություններով (հոդված IV, մաս 6),
3.13. պահպանել տեղեկություններ անդամ երկրներում և այլ երկրներում հակամարմինների և վարակի հասանելի պաշարների վերաբերյալ և իրավիճակը պահել շարունակական վերահսկողության ներքո (հոդված IV, մաս 7),
3.14. տրամադրել խորհրդատվություն մյուս կազմակերպություններին հասանելի ցանկացած ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ՝ Եվրոպայում դաբաղ հիվանդության կանխարգելման և վերահսկման հարցում աջակցելու նպատակով (հոդված IV, մաս 8),
3.15. ձեռք բերել պայմանավորվածություն՝ Կազմակերպության գլխավոր տնօրենի միջոցով, այլ կազմակերպությունների, տարածաշրջանային խմբերի կամ Հանձնաժողովի անդամ չհամարվող երկրների հետ՝ Հանձնաժողովի կամ վերջինիս կոմիտեների աշխատանքում մասնակցելու կամ դաբաղ հիվանդության վերահսկման խնդիրների հարցում փոխօգնություն տրամադրելու համար: Այս պայմանավորվածությունները կարող են ընդգրկել համատեղ կոմիտեների ստեղծում կամ դրանցում մասնակցություն (հոդված IV, մաս 9),
3.16. հանձնառել վարչական բյուջե վճարել իր տարեկան մասնաբաժինը՝ ըստ մասնաբաժինների սանդղակի: Այս մասնաբաժինների սանդղակը սահմանվում է Հանձնաժողովի կողմից իր անդամների երկու երրորդի մեծամասնությամբ՝ Հանձնաժողովի Ֆինանսական կանոնակարգերի համաձայն (հոդված XIII, մաս 1):
4. Կանոնադրության համաձայն՝ Հանձնաժողովի հատուկ գործառույթներն են՝
4.1. աջակցել արտակարգ իրավիճակներում բռնկումների կանխարգելմանը և վերահսկմանը՝ Հանձնաժողովի և համապատասխան անդամի կամ անդամների կողմից պատշաճ համարվող ցանկացած եղանակով (հոդված V, մաս 1),
4. 2. ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ հակամարմինների և (կամ) պատվաստանյութի պահեստավորման, «անվտանգության գոտիների» ստեղծման, արտակարգ իրավիճակներին տրվող արձագանքը կառավարելու համար պահանջվող անձնակազմի վերապատրաստման, կենսամեկուսացման համապատասխան չափանիշների պահպանման և խթանման ոլորտներում, ինչպես նաև Հանձնաժողովի նպատակներն իրագործելու նպատակով անդամ պետությունների կամ Գործադիր կոմիտեի կողմից առաջարկված և Հանձնաժողովի կողմից հաստատված հատուկ ծրագրերն իրականացնելու ուղղությամբ (հոդված V, մաս 2):
5. Կանոնադրության համաձայն՝ ցանկացած անդամ պետություն կարող է իր ընդունման փաստաթուղթն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված մեկ տարին լրանալուց կամ Կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած ժամանակ դուրս գալ Հանձնաժողովից՝ կախված այն հանգամանքից, թե որ ամսաթիվն է ավելի ուշ, դուրս գալու մասին գրավոր ծանուցելով Կազմակերպության գլխավոր տնօրենին, որն այդ մասին անմիջապես տեղեկացնում է Հանձնաժողովի բոլոր անդամներին: Դուրս գալն ուժի մեջ է մտնում դուրս գալու մասին ծանուցումն ստանալու օրվանից մեկ տարի հետո։ Երկու տարի անընդմեջ մասնաբաժին չվճարելը ենթադրում է վճարումը չկատարած անդամի դուրս եկած լինելը Հանձնաժողովի կազմից (հոդված XVI, մաս 1 և մաս 2):
6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1953 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատված՝ Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Ա. Դիլանյան |
10 սեպտեմբերի 2024 թվականի ՍԴՈ-1743 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2024 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «1953 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1743 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «1953 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատված՝ Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2024 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-1743 որոշմամբ որոշել է, որ 1953 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատված՝ Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-1743 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։
Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։
Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։
Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։
Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2024 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-1743 որոշմամբ 1953 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատված՝ Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։
Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.
- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.
- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.
- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.
- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։
Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։
Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։
Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։
Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։
Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.
- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։
Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։
Դատավոր` |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ |
«10» սեպտեմբերի 2024 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|