Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 149
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (09.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
16.05.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
16.05.2016
Дата вступления в силу
17.03.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

16 մայիսի 2016 թվականի

թիվ 149

քաղ. Մոսկվա

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼԻՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 56-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 52-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ սահմանելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցության կարգը։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ սույն Որոշման 1-ին կետում նշված կարգի իրավակիրառ պրակտիկայի դիտանցման արդյունքներով՝ 2016 թվականի IV եռամսյակում որոշումը լրացնելու մասով առաջարկություններ անել, այդ թվում՝ սահմանելով «ժամանակավոր սանիտարական միջոցառումներ», «ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցառումներ», «ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ», «ժամանակավոր սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինայի բուսասանիտարական միջոցառումների սահմանման հիմնավորում» ու «ժամանակավոր սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների էություն» հասկացությունները։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից
 

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
 2016 թվականի մայիսի 16-ի
թիվ 149 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ժամանակավոր սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ սահմանելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 56-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան և սահմանում է ժամանակավոր սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ (այսուհետ՝ ժամանակավոր միջոցառումներ) սահմանելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (այսուհետ, համապատասխանաբար, անդամ պետությունների լիազորված մարմիններ, Միություն) փոխգործակցության կանոնները:

2. Սույն կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցներ՝ երրորդ երկրների կամ անդամ պետությունների տարածքներում կատարման համար պարտադիր պահանջներ և ընթացակարգեր, որոնք անդամ պետության կամ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմնի կողմից մշակվում և սահմանվում են էպիզոոտիկ իրավիճակի վատթարացման մասին առկա պատշաճ տեղեկատվության հիման վրա, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր այն հիվանդությունների մասով, որոնց վերաբերյալ անասնաբուժասանիտարական միջոցներ սահմանելու համար համապատասխան գիտական հիմնավորումը բավարար չէ կամ բացակայում է՝ ներառյալ համապատասխան միջազգային կազմակերպություններից ստացված տեղեկատվությունը, ինչպես նաև մյուս երկրներում կիրառվող անասնաբուժասանիտարական միջոցների մասին տեղեկատվությունը։ Ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցները սահմանվում են անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների համար՝ ռիսկի օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ ողջամիտ ժամանակահատվածով՝ այդ ժամանակավոր միջոցները հաստատելու կամ չեղարկելու (վերանայելու) նպատակով.

ժամանակավոր սանիտարական միջոցներ՝ կատարման համար պարտադիր պահանջներ և ընթացակարգեր, որոնք սահմանվում են որոշակի ժամանակահատվածով մարդու կյանքի և առողջության համար ռիսկի առկայության, այդ թվում՝ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) տարածման կապակցությամբ, ինչպես նաև նշված միջոցները սահմանելու գիտական հիմնավորումը բավարար չլինելու դեպքում մարդու վրա կենսամիջավայրի գործոնների վնասակար ազդեցության ռիսկի առկայության կապակցությամբ, կամ եթե գիտական հիմնավորումը չի կարող ներկայացվել անհրաժեշտ ժամկետներում, կամ եթե հայտնաբերվել է պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանք (ապրանքներ), որը չի համապատասխանում միասնական սանիտարական պահանջներին կամ Միության տեխնիկական կանոնակարգերին, կամ համապատասխան միջազգային կազմակերպություններից, անդամ պետություններից կամ երրորդ երկրներից ստացված տեղեկատվության հիման վրա՝ կիրառվող սանիտարական միջոցների մասին, որոնք նախատեսված չեն միջազգային պայմանագրերով և Միության իրավունքը կազմող ակտերով և (կամ) միջազգային ստանդարտներով, ձեռնարկներով և հանձնարարականներով, կամ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված այլ դեպքերում։ Ժամանակավոր սանիտարական միջոցները կարող են վերանայվել կամ չեղարկվել մարդու կյանքի և առողջության համար ռիսկի գնահատման հիման վրա.

ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոց սահմանելու հիմնավորում՝ կենդանիների կամ մարդու և կենդանիների համար ընդհանուր այն հիվանդությունների տարածման մասին տեղեկատվություն, որոնց վերաբերյալ համապատասխան գիտական հիմնավորումը բացակայում է կամ բավարար չէ.

ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու հիմնավորում՝ բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազորված մարմնի կողմից ներկայացված՝ մարդու կյանքի և առողջության համար ռիսկի առկայության, այդ թվում՝ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) տարածման, մարդու վրա կենսամիջավայրի գործոնների վնասակար ազդեցության ռիսկի առկայության մասին փաստարկված տեղեկատվություն, որով հիմնավորվում է այդպիսի միջոցներ սահմանելու անհրաժեշտությունը.

ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցի բովանդակություն՝ ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցի շրջանակներում սահմանվող՝ կատարման համար պարտադիր պահանջների և ընթացակարգերի ցանկ.

ժամանակավոր սանիտարական միջոցի բովանդակություն՝ տեղեկատվություն՝ կատարման համար պարտադիր՝ սահմանված պահանջների և ընթացակարգերի վերաբերյալ, որոնք նախատեսում են արգելքներ, սահմանափակումներ կամ կասեցումներ՝ մարդու կյանքի և առողջության համար ռիսկի, այդ թվում՝ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) տարածման, ինչպես նաև մարդու վրա կենսամիջավայրի գործոնների վնասակար ազդեցության ռիսկի առկայության կապակցությամբ։

Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացություններն ընկալվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված իմաստներով։

(2-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 27.09.23 թիվ 99)

II. Ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցառում սահմանելիս լիազորված մարմինների փոխգործակցության կարգը

3. Ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցառում սահմանելիս համապատասխան որոշում ընդունած անդամ պետության լիազորված մարմինը, առանց անհիմն ուշացման, այդ մասին տեղեկացնում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին ոչ ուշ, քան ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցառում սահմանելու մասին որոշում ընդունելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ ոչ ուշ, քան այդպիսի որոշում ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցառում սահմանելու մասին տեղեկատվությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

ա) միջոցառում սահմանելու հիմնավորումը.

բ) միջոցառում սահմանելու անհրաժեշտության հիմնավորումը*.

գ) սահմանվող միջոցառման էությունը (նկարագրությունը).

դ) միջոցառում սահմանելու ամսաթիվը։

4. Սույն Կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալու դեպքում լիազորված մարմինները, հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան այդ տեղեկատվությունն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում են ներկայացված տեղեկությունները և ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկում լիազորված մարմիններ և Հանձնաժողով, այդ թվում՝ ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցառում սահմանելու հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հիմնավորելու անհրաժեշտության դեպքում:

Անդամ պետության կողմից ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցառում սահմանելիս մյուս անդամ պետությունները՝

ձեռնարկում են միջոցներ, որոնք ապահովում են ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցառում սահմանելու մասին որոշում ընդունած անդամ պետության պաշտպանության պատշաճ մակարդակը.

լիազորված մարմիններ և Հանձնաժողով են ուղարկում իրենց տարածքում ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցառում սահմանելու կամ ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցառում սահմանելու մասին որոշում ընդունած անդամ պետության պաշտպանության պատշաճ մակարդակն ապահովող միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ տեղեկատվությունը:

5. Լիազորված մարմիններն ու Հանձնաժողովն ունեն ժամանակավոր սահմանվող անասնաբուժասանիտարական միջոցառման մասին լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու իրավունք: Այդ տեղեկատվությունը լիազորված մարմին և Հանձնաժողով է ներկայացվում նշված պահանջն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցառում փոփոխելու, չեղարկելու դեպքում համապատասխան որոշում ընդունած անդամ պետության լիազորված մարմինն առանց անհիմն ուշացման այդ մասին տեղեկացնում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին ոչ ուշ, քան ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցառում փոփոխելու, չեղարկելու մասին որոշում ընդունելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև Հանձնաժողովին՝ ոչ ուշ, քան համապատասխան որոշում ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցառմանը միացած անդամ պետությունների լիազորված մարմիններն առանց անհիմն ուշացման դրա և անցկացվող միջոցառումների մասին տեղեկացնում են մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին (նշելով ժամանակավոր անսանաբուժասանիտարական միջոցառումը սահմանելու, փոփոխելու, չեղարկելու հիմնավորումը և համապատասխան որոշում ընդունելու ամսաթիվը) ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցառումը սահմանելու, փոփոխելու, չեղյալ ճանաչելու մասին որոշում ընդունելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև Հանձնաժողովին՝ այդպիսի որոշում ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

7. Անասնաբուժասանիտարական միջոցառում սահմանելու, փոփոխելու, չեղարկելու մասին տեղեկատվությունը հրապարակվում է անդամ պետության լիազորված մարմնի պաշտոնական կայքում և «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցի Միության պաշտոնական կայքում անդամ պետության պետական լեզվով և ռուսերենով՝ առանց անհիմն ուշացման, բայց ոչ ուշ, քան համապատասխան որոշում ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

 

III. Ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառում սահմանելիս լիազորված մարմինների փոխգործակցության կարգը

 

8. Ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառում սահմանելիս համապատասխան որոշում ընդունած անդամ պետության լիազորված մարմինը, առանց անհիմն ուշացման, այդ մասին տեղեկացնում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին ոչ ուշ, քան ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառում սահմանելու մասին որոշում ընդունելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև Հանձնաժողովին՝ ոչ ուշ, քան այդպիսի որոշում ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառում սահմանելու մասին տեղեկատվությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

ա) միջոցառում սահմանելու հիմնավորումը.

բ) միջոցառում սահմանելու անհրաժեշտության հիմնավորումը*.

գ) սահմանվող միջոցառման էությունը (նկարագրությունը), այդ թվում՝ տեղեկություններ այդպիսի միջոց սահմանելու մասին որոշում ընդունած անդամ պետության տարածքում և անդամ պետության մաքսային սահմանի համապատասխան հատվածում ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցի պահպանումն ապահովող միջոցառումների վերաբերյալ.

դ) միջոցառում սահմանելու ամսաթիվը.

ե) սահմանվող միջոցառման վերաբերյալ այլ տեղեկություններ։

9. Սույն Կարգի 8-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալիս լիազորված մարմինները, հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդպիսի տեղեկատվությունն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում են ներկայացված տեղեկությունները և լիազորված մարմիններ ու Հանձնաժողով են ուղարկում ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկատվությունը, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում, ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառում սահմանելու հարցում իրենց դիրքորոշումը։

Անդամ պետության կողմից ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառում սահմանելիս մյուս անդամ պետությունները՝

ձեռնարկում են միջոցներ, որոնք ապահովում են ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառում սահմանելու մասին որոշում ընդունած անդամ պետության պաշտպանության պատշաճ մակարդակը.

լիազորված մարմիններ և Հանձնաժողով են ուղարկում իրենց տարածքում ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառում սահմանելու մասին կամ ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառում սահմանելու մասին որոշում ընդունած անդամ պետության պաշտպանության պատշաճ մակարդակ ապահովող միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ տեղեկատվություն:

10. Լիազորված մարմինները և Հանձաժողովն ունեն ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառում սահմանելու մասին լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու իրավունք: Այդ տեղեկատվությունը լիազորված մարմին և Հանձնաժողով է ներկայացվում նշված պահանջն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

11. Ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառումը փոփոխելու, չեղարկելու դեպքում համապատասխան որոշում ընդունած անդամ պետության լիազորված մարմինը, առանց անհիմն ուշացման, այդ մասին տեղեկացնում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին ոչ ուշ, քան ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառումը փոփոխելու, չեղարկելու մասին որոշում ընդունելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև Հանձնաժողովին՝ ոչ ուշ, քան համապատասխան որոշում ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառմանը միացած անդամ պետությունների լիազորված մարմինները, առանց անհիմն ուշացման, դրա և անցկացվող միջոցառումների մասին տեղեկացնում են մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին (նշելով ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառում սահմանելու, փոփոխելու, չեղարկելու հիմնավորումը և համապատասխան որոշում ընդունելու ամսաթիվը)՝ ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառում սահմանելու, փոփոխելու, չեղարկելու մասին որոշում ընդունելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև Հանձնաժողովին՝ այդպիսի որոշում ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

12. Ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառում սահմանելու, փոփոխելու, չեղարկելու մասին տեղեկատվությունը հրապարակվում է անդամ պետության լիազորված մարմնի պաշտոնական կայքում և «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցի Միության պաշտոնական կայքում՝ անդամ պետության պետական լեզվով և ռուսերենով, առանց անհիմն ուշացման, բայց ոչ ուշ, քան համապատասխան որոշումն ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

 

IV. Ժամանակավոր սանիտարական միջոցառում սահմանելիս լիազորված մարմինների փոխգործակցության կարգը

 

13. Ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու մասին որոշումն անդամ պետության կողմից ընդունվում է՝ անձանց, տրանսպորտային միջոցների և պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) նկատմամբ արգելքներ, սահմանափակումներ և կասեցումներ սահմանելու միջոցով՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված դեպքերում։

Արգելքի ձևով ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու դեպքում ամբողջությամբ դադարում են պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) ներմուծումը և (կամ) տեղափոխումը (տարանցումը) և (կամ) շրջանառությունը, տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը (ելքը) և (կամ) տեղափոխումը։

Արգելքի ձևով ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու մասին որոշումը կարող է փոփոխվել կամ չեղարկվել՝ ռիսկի գնահատման հիման վրա։

Սահմանափակման ձևով ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու դեպքում պայմաններ են սահմանվում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) ներմուծման և (կամ) տեղափոխման (տարանցման) և (կամ) շրջանառության, տրանսպորտային միջոցների և անձանց մուտքի (ելքի) և (կամ) տեղափոխման համար՝ մինչև համապատասխան սահմանափակման համար հիմք հանդիսացած պատճառների վերացումը։

Սահմանափակման ձևով ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու մասին որոշումը կարող է փոփոխվել կամ չեղարկվել՝ ռիսկի գնահատման հիման վրա։

Կասեցման ձևով ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու դեպքում դադարեցվում են պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) ներմուծումը և (կամ) տեղափոխումը (տարանցումը) և (կամ) շրջանառությունը, տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը (ելքը) և (կամ) տեղափոխումը՝ համապատասխան կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները վերացնելու համար անհրաժեշտ ժամկետով։

Կասեցման ձևով ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու մասին որոշումը կարող է փոփոխվել, եթե սահմանված ժամկետում նման միջոցը սահմանելու համար հիմք հանդիսացած պատճառը չի վերացվել։

Ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու դեպքում համապատասխան որոշումն ընդունած անդամ պետության լիազորված մարմինն առանց անհիմն ուշացման այդ մասին տեղեկացնում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին՝ այդ որոշումն ընդունվելու օրվանից ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև Հանձնաժողովին՝ այդ որոշումն ընդունվելու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում։ ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու մասին տեղեկատվությունը ներառում է հետևյալ տեղեկությունները՝

անդամ պետության (լիազորված մարմնի) նորմատիվ իրավական ակտերի անվանումները, որոնց համապատասխան, սահմանվում է ժամանակավոր սանիտարական միջոցը.

ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու հիմքը.

ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու անհրաժեշտության հիմնավորումը*.

սահմանվող ժամանակավոր սանիտարական միջոցի բովանդակությունը (նկարագրությունը).

ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու ամսաթիվը.

ժամանակավոր սանիտարական միջոցի գործողության ժամկետը, որը սահմանվում է ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու մասին որոշումն ընդունած անդամ պետության լիազորված մարմնի կողմից (այն սահմանելու հնարավորության դեպքում։

(13-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 27.09.23 թիվ 99)

14. Պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) վերցված արտադրանքի (ապրանքների), ներմուծման համար սահմանափակումների և կասեցումների առնչությամբ ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելիս դրա սահմանման վերաբերյալ տեղեկատվության մեջ ներառվում են հետևյալ լրացուցիչ տեղեկությունները՝

ա) արտադրանքի (ապրանքների) անվանումն ու նկարագրությունը (մականշվածքի վրա նշված անունը).

բ) արտադրանքի (ապրանքների) մասին տվյալներ (քանակը, խմբաքանակի (խմբաքանակների) նույնականացումը՝ ներառյալ խմբաքանակի (խմբաքանակների) համարը, արտադրության ամսաթիվը).

գ) պատրաստողը, ներմուծողը և (կամ) արտադրանքի (ապրանքների) շրջանառությանը մասնակցող այլ անձինք.

դ) ապրանքաուղեկից փաստաթղթերի անվանումն ու վավերապայմանները, պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) վերցված արտադրանքի (ապրանքների) մասին տեղեկություններ, որոնք նշված են այդ փաստաթղթերում (առկայության դեպքում).

ե) սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին և (կամ) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին (առկայության դեպքում) արտադրանքի (ապրանքների) համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի մասին տվյալներ.

զ) սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական ու հիգիենիկ պահանջների և (կամ) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների հայտնաբերված խախտումների ցանկը (նշելով տվյալ պահանջները և դրանց պարամետրերը սահմանած՝ Միության իրավունքի մաս կազմող ակտը), ում կողմից ու երբ են հայտնաբերվել (կցելով փորձանմուշներ վերցնելու ակտը և փորձարկումների արձանագրությունը (արձանագրությունները) (առկայության դեպքում)):

(14-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 27.09.23 թիվ 99)

15. Ժամանակավոր սանիտարական միջոցառում սահմանելիս անդամ պետության տարածքում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի վատթարացման և (կամ) համապատասխան միջազգային կազմակերպություններից, անդամ պետություններից և (կամ) երրորդ երկրներից սանիտարահամաճարակաբանական իրավիճակի վատթարացման մասին տեղեկատվություն ստանալու դեպքում (տարածքի սանիտարական պաշտպանության միջոցառումների անցկացում պահանջող վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) և անդամ պետության տարածքում հանրային առողջության համար սպառնալիք ներկայացնող սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների հետ կապված իրավիճակի փոփոխություն՝ վատթարացման ուղղությամբ)՝ լիազորված մարմինն իր պետության տարածքում և Միության մաքսային տարածքում վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) առաջացման ու տարածման կանխարգելման նպատակներով անհապաղ, սակայն ոչ ուշ, քան այդ տեղեկատվությունն ստանալու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում, սույն Կարգի 13-րդ կետում նշված տեղեկատվությունից բացի, մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ և Հանձնաժողով է ներկայացնում տեղեկություններ հետևյալի մասին՝

ա) սանիտարահամաճարակաբանական իրավիճակի վատթարացման օրը և ժամը.

բ) այն վայրը (հանրապետությունը, երկրամասը, մարզը, շրջանը, տարածքի հատվածը, բնակավայրը), որտեղ արձանագրվել է սանիտարահամաճարակաբանական իրավիճակի վատթարացումը.

գ) սանիտարահամաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառը.

դ) տարածման գոտին.

ե) անդամ պետության պաշտպանության պատշաճ մակարդակն ապահովող միջոցների ձեռնարկումը և սանիտարահակահամաճարակաբանական ու այլ միջոցառումների անցկացումը:

16. Սույն կարգի 13-15-րդ կետերում նշված տեղեկատվությունն ստանալու դեպքում լիազորված մարմինը՝

հնարավորինս կարճ ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ տեղեկատվությունն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է ներկայացված տեղեկությունները և մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ և Հանձնաժողով է ուղարկում ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկատվությունը (այդ թվում՝ ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու հարցում իր դիրքորոշումը հիմնավորելու անհրաժեշտության դեպքում).

թույլ չի տալիս՝

ժամանակավոր սանիտարական միջոց սահմանած անդամ պետության տարածքից համապատասխան այն արտադրանքի (ապրանքների) ներմուծումը, որի մասին տեղեկությունները պարունակվում են տվյալ տեղեկատվության մեջ.

ժամանակավոր սանիտարական միջոց սահմանած անդամ պետության տարածքից այն տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը (ելքը) և (կամ) տեղափոխումը, որոնց մասին տեղեկությունները պարունակվում են տվյալ տեղեկատվության մեջ.

ժամանակավոր սանիտարական միջոց սահմանած անդամ պետության համար նախատեսված համապատասխան այն արտադրանքի (ապրանքների) ներմուծումը, որի մասին տեղեկությունները պարունակվում են տվյալ տեղեկատվության մեջ:

Անդամ պետության կողմից ժամանակավոր սանիտարական միջոցառում սահմանելիս մյուս անդամ պետությունները՝

ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ և անցկացնում սանիտարահակահամաճարակաբանական միջոցառումներ, որոնք ապահովում են ժամանակավոր սանիտարական միջոցառում սահմանելու մասին որոշում ընդունած անդամ պետության պաշտպանության պատշաճ մակարդակը.

լիազորված մարմիններ և Հանձնաժողով են ուղարկում իրենց տարածքում ժամանակավոր սանիտարական միջոցառում սահմանելու վերաբերյալ կամ ժամանակավոր սանիտարական միջոցառում սահմանելու մասին որոշում ընդունած անդամ պետության պաշտպանության պատշաճ մակարդակն ապահովող անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և սանիտարահակահամաճարակաբանական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ տեղեկատվություն:

(16-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 27.09.23 թիվ 99)

17. Լիազորված մարմինները և Հանձնաժողովն ունեն ժամանակավոր սանիտարական միջոցառում սահմանելու մասին լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու իրավունք: Այդ տեղեկատվությունը լիազորված մարմին և Հանձնաժողով է ներկայացվում նշված պահանջն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

18. Ժամանակավոր սանիտարական միջոցառումը փոփոխելու, չեղարկելու դեպքում համապատասխան որոշում ընդունած անդամ պետության լիազորված մարմինը, առանց անհիմն ուշացման, այդ մասին տեղեկացնում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին ոչ ուշ, քան ժամանակավոր սանիտարական միջոցառումը փոփոխելու, չեղարկելու մասին որոշում ընդունելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև Հանձնաժողովին՝ ոչ ուշ, քան համապատասխան որոշում ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Ժամանակավոր սանիտարական միջոցառմանը միացած անդամ պետությունների լիազորված մարմինները, առանց անհիմն ուշացման, դրա և անցկացվող միջոցառումների մասին տեղեկացնում են մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին (նշելով ժամանակավոր սանիտարական միջոցառում սահմանելու, փոփոխելու, չեղարկելու հիմնավորումը և համապատասխան որոշում ընդունելու ամսաթիվը)՝ ժամանակավոր սանիտարական միջոցառում սահմանելու, փոփոխելու, չեղարկելու մասին որոշում ընդունելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև Հանձնաժողովին՝ այդպիսի որոշում ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

19. Ժամանակավոր սանիտարական միջոցառում սահմանելու, փոփոխելու, չեղարկելու մասին տեղեկատվությունը հրապարակվում է անդամ պետության լիազորված մարմնի պաշտոնական կայքում և «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցի Միության պաշտոնական կայքում՝ անդամ պետության պետական լեզվով և ռուսերենով, առանց անհիմն ուշացման, բայց ոչ ուշ, քան համապատասխան որոշումն ընդունելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում։

 

V. Խորհրդակցությունները և վեճերի կարգավորումը

 

20. Մեկ այլ անդամ պետության կողմից սահմանված ժամանակավոր միջոցառմանը չմիացած անդամ պետության լիազորված մարմնի նախաձեռնությամբ կարող են անցկացվել լիազորված մարմինների խորհրդակցություններ ժամանակավոր միջոցառում սահմանելու մասին որոշում ընդունած անդամ պետության տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման հնարավորությունը, կարգն ու պայմանները որոշելու համար, որի նկատմամբ սահմանվել է ժամանակավոր միջոցառումը՝ ժամանակավոր միջոցառմանը չմիացած անդամ պետության տարածքում դրա տեղափոխման (տարանցիկ փոխադրման) համար։

Ժամանակավոր միջոցառում սահմանելու մասին որոշում ընդունած անդամ պետության լիազորված մարմինը մյուս անդամ պետությունների և Հանձնաժողովի լիազորված մարմիններին տեղեկացնում է նշված խորհրդակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

21. Լիազորված մարմինների միջև տարաձայնությունների առկայության դեպքում շահագրգիռ անդամ պետությունը նախաձեռնում է ժամանակավոր միջոցառում սահմանելու մասին որոշում ընդունած անդամ պետության լիազորված մարմնի հետ խորհրդակցությունների անցկացում:

Խորհրդակցությունները կարող են անցկացվել Հանձնաժողովի շինություններում: Առաջիկա խորհրդակցությունների վերաբերյալ տեղեկատվությունն այդ դեպքում ներկայացվում է Հանձնաժողով ոչ ուշ, քան դրանք անցկացնելուն նախորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

22. Եթե տարաձայնությունները չեն կարգավորվել սույն Կարգի 21-րդ կետով նախատեսված խորհրդակցությունների շրջանակներում, ապա լիազորված մարմինները կարող են Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ լիազորված մարմինների խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ առաջարկությամբ դիմել Հանձնաժողով ոչ ուշ, քան դիմումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

23. Եթե խորհրդակցությունների արդյունքներով տարաձայնությունները չեն կարգավորվել սույն Կարգի 22-րդ կետին համապատասխան, լիազորված մարմինների միջև տարաձայնություների վերաբերյալ հարցը կարող է ուսումնասիրվել Հանձնաժողովի մարմնի նիստին՝ պարտադիր հրավիրելով լիազորված մարմինների ներկայացուցիչներին:

24. Վեճերի կարգավորումն իրականացվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածին համապատասխան:

 

VI. Եզրափակիչ դրույթներ

 

25. Լիազորված մարմինների և Հանձնաժողովի միջև տեղեկատվության փոխանակումը, սույն Կարգին համապատասխան, իրականացվում է պաշտոնական նամակների միջոցով, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով և Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ:

Այդպիսի նամակները կարող են ձևավորվել և ուղարկվել անդամ պետությունների կողմից օգտագործվող ավտոմատացված տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ։

26. ժամանակավոր միջոցառում սահմանելու, փոփոխելու կամ չեղարկելու ժամանակ համապատասխան որոշումն ընդունած անդամ պետության լիազորված մարմինը, իր օրենսդրությանը համապատասխան, այդ մասին տեղեկացնում է տվյալ անդամ պետության այլ շահագրգիռ մարմինների։

 

________________

*Անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական կամ սանիտարական միջոց սահմանելու անհրաժեշտության հիմնավորման մեջ պետք է ներառվեն մյուս անդամ պետությունների և երրորդ երկրների տարածքում հսկողության վերցված ապրանքների (արտադրանքի) տեղափոխման (տարանցիկ փոխադրման) վերաբերյալ տեղեկություններ, եթե սահմանվող միջոցը համապատասխան սահմանափակումներ է նախատեսում:

(կարգը խմբ., փոփ. ԵՏՀԽ 27.09.23 թիվ 99)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: