ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-70-Ո-Կ-9 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԵ ԴՈԼՄԱԶՅԱՆԻՆ
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. Անդրեասյանի | ||
մասնակցությամբ՝ անդամներ |
Ա. Աթաբեկյանի Հ. ԳրիգորյանիԱ. ԴԱՆԻԵԼՅԱՆ Կ. Թումանյանի Ե. Թումանյանցի Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
| ||
Արդարադատության նախարարի տեղակալ |
Լ. ԲալՅԱՆԻ | ||
Արդարադատության նախարարի ներկայացուցիչ |
Ա. ՍՈՒՋՅԱՆԻ | ||
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր |
Վ. ԴՈԼՄԱԶՅԱՆԻ | ||
քարտուղարությամբ՝ |
Մ. ԹԵԼՈՅԱՆԻ Թ․ Ղուկասյանի |
2024 թվականի օգոստոսի 5-ին |
ք. Երևանում |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի 17.06.2024 թվականի՝ «Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» թիվ 56-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի՝ (այսուհետ՝ ՔԿՀ պետ) 20.03.2024 թվականի թիվ Ե40/7-1640 հաղորդումը՝ թիվ ՀԿԴ/0003/01/22 քրեական գործով (այսուհետ նաև՝ Գործ) Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի (այսուհետ՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի՝ 15.04.2024 թվականի թիվ 34-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Արդարադատության նախարարի (այսուհետ նաև՝ Լիազոր մարմին)՝ 17.06.2024 թվականի թիվ 56-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ) Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի 09.07.2024 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:
16.07.2024 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է և 05.08.2024 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Արդարադատության նախարարը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշմամբ, վկայակոչելով Սոկուրենկոն և Ստրիգունն ընդդեմ Ուկրաինայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.06.2006 թվականի վճռով արտահայտած դիրքորոշումը, Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, 1998 թվականին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔԴՕ) 6-րդ հոդվածի 30-րդ կետը, 41-րդ հոդվածի 2-րդ մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ, 10-րդ և 11-րդ պարբերությունները, Կառավարության 13.04.2023 թվականի «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» 543-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 193-րդ և 195-րդ կետերը, նշել է, որ մատնանշված հոդվածներով սահմանված է կալանավորված անձի իրավունքն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարճաժամկետ մեկնում ստանալու վերաբերյալ: Մասնավորապես՝ կարճաժամկետ մեկնումը տրամադրվում է վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, և օրենքով սպառիչ սահմանվել է այն հարցերի շրջանակը, որոնք պետք է կարգավորվեն կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին որոշմամբ: Միաժամանակ օրենսդիրը տարբերակել է կարճաժամկետ մեկնման բուն տևողությունը մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ տևողությունից՝ կարճաժամկետ մեկնման տևողության մեջ չներառելով մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը: Ընդ որում, իրավակարգավորումից հետևում է, որ դատարանին վերապահված է միայն մեկնման տևողությունը որոշելու իրավունք, իսկ մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակի սահմանումը դատարանի իրավասության տիրույթում չէ:
Ինչ վերաբերում է մեկնման իրականացման եղանակը սահմանելուն, ապա դրան վերաբերող հանգամանքներից դատարանն իրավասու է միայն որոշել՝ արդյոք անհրաժեշտ է մեկնումն իրականացնել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ, թե ոչ, ինչից հետևում է, որ մեկնման եղանակին առնչվող մնացած պայմանների սահմանումը, որպիսին կարող է լինել մեկնում իրականացնելիս կալանավորված անձի նկատմամբ ձեռնաշղթաների կիրառման հարցի լուծումը, նույնպես դուրս է դատարանի լիազորությունների շրջանակից:
Անդրադառնալով ՔԴՕ 41-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետին, համաձայն որի՝ դատարանի լիազորությունների շարքին է դասվում նաև «օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը», քրեադատավարական օրենսդրությամբ, այդ թվում՝ այլ օրենքով, այս կամ այն հարցի քննությունը դատարանի իրավասությանը վերապահված համարելու տեսանկյունից անհրաժեշտ է, որ քրեադատավարական օրենքով այն ուղղակիորեն նախատեսված լինի որպես դատարանի լիազորություն։
Վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական վարույթով ձեռք բերված փաստերի համաձայն՝ Գործը գտնվում է դատական քննության փուլում: Գործով ամբաստանյալ Դավիթ Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Վերջինս, որպես կալանավորված անձ, պահվել է ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:
Դատարանը 26.07.2023 թվականի «Կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) բավարարել է կալանավորված անձ Դավիթ Տոնոյանի միջնորդությունը՝ քրեակատարողական հիմնարկից կարճաժամկետ մեկնում տրամադրելու վերաբերյալ: Որոշմամբ Դատարանը, անդրադառնալով մեկնման ժամանակի, տևողության և վայրի, ինչպես նաև մեկնումը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ իրականացվելու անհրաժեշտության հետ կապված հարցերին, միաժամանակ լուծել է վերադարձի համար անհրաժեշտ ժամանակի, ինչպես նաև մեկնման եղանակի հետ կապված այնպիսի հարցեր, որոնք, համաձայն «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 195-րդ կետի, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ պարբերության կարգավորումների՝ չէին կարող տեղ գտնել կարճաժամկետ մեկնում տրամադրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշման մեջ:
Մասնավորապես՝ Որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ մեկնման տևողությունն ավարտվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստերի ավարտով:
Դրանից դուրս Դատարանը սահմանել է 2 ժամ տևողությամբ ժամանակ՝ քրեակատարողական հիմնարկ վերադարձի համար: Դատարանն անհրաժեշտ է համարել կալանավորված անձի մեկնումն իրականացնել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի մեկ ներկայացուցչի ուղեկցությամբ, սակայն սահմանել է նաև, որ մեկնումը պետք է իրականացվի առանց ձեռնաշղթայի կիրառման:
Վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, ինչպես նաև մեկնման եղանակը որոշելու լիազորություն որևէ նորմատիվ իրավական ակտով վերապահված չլինելու պարագայում՝ Դատարանը կալանավորված անձին կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին որոշմամբ նշված հանգամանքների վերաբերյալ կարգավորումներ սահմանելով՝ չի գործել իր լիազորությունների շրջանակներում:
Դատավորի գործողություններն ուղղակիորեն չեն բխել որևէ նորմատիվ իրավական ակտից (դատավարական նորմերով վերապահված լիազորություններից), ուստի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի համատեքստում, Դատավորը չի գործել նշված նորմի իմաստով որպես «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»:
Արդարադատության նախարարի 07.08.2023 թվականի թիվ 60-Ա որոշմամբ իրականացվել է ծառայողական քննություն ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ Ա. Մելքոնյանի կողմից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքով, որի արդյունքում Արդարադատության նախարարի 18.09.2023 թվականի հրամանով Ա. Մելքոնյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն:
Ծառայողական քննության արդյունքում հիմնավորվել է, որ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔՀ պետ Ա. Մելքոնյանը վերազանցել է քրեակատարողական ծառայողի ծառայողական լիազորությունները՝ արձակելով քրեակատարողական օրենսդրությունից, իր լիազորություններից չբխող, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների լիազորությունները վերազանցող հրահանգներ և կարգադրություններ՝ կապված կալանավորված անձ Դավիթ Տոնոյանի Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո քրեակատարողական հիմնարկ վերադարձի համար սահմանված 2 ժամվա ընթացքում քրեակատարողական հիմնարկ վերադառնալու ճանապարհից շեղվելու, այլ վայր այցելելու, մոր հետ տեսակցություն թույլատրելու հետ:
Արդյունքում Գործով Դատավորի կողմից թույլ են տրվել Կառավարության 13.04.2023 թվականի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 195-րդ կետի, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ պարբերության խախտումներ:
Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 66-րդ հոդվածի 1-ին մասը, 67-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, նշել է, որ դատավորը Սահմանադրությամբ սահմանված կարգով օժտված է արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ, հետևաբար, յուրաքանչյուր դատավոր ներկայացնում է երկրի արդարադատությունը, և նրա վարքագծից է կախված հասարակության վերաբերմունքն արդարադատության նկատմամբ։ Այդ պատճառով էլ դատավորի վարքագծի նկատմամբ սահմանված են ավելի բարձր չափանիշներ։
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դատավորի վարքագծի կանոնը սահմանում է բոլոր հանգամանքներում այն ամենից զերծ մնալու պարտականություն, ինչը կարող է հանգեցնել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորման։ Ընդ որում, օրենսդիրը հիշյալ նորմի շրջանակներում չի սահմանափակվել կոնկրետ արարքների նկարագրությամբ, այլ որպես խախտում է դիտարկում նորմերում նշված իրավական հետևանքներ առաջացնող ցանկացած վարքագծի դրսևորում։ Ակնհայտ է, որ նշված կանոնների պահպանման առաջնային պայմանը դատավորի կողմից դատարանի գործունեությունը կարգավորող իրավական նորմի պահանջը կատարելն է։
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված՝ դատավորի վարքագծի կանոնը սահմանում է դատավորի՝ գործը ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննելու և լուծելու պարտականությունը։ Ընդ որում, հարկ է նկատել, որ օրենսդիրը նորմի կարգավորման շրջանակներում դատավորի վրա դնելով որոշակի պարտականություններ՝ կանխորոշում է նաև դրանց իրականացման սահմաններ, որոնք հանգում են միայն օրենքով դատարանի իրավասությանը վերապահված հարցերի քննությանը և լուծմանը։
Տվյալ դեպքում, արձանագրված դատավարական իրավունքի նորմերի խախտումներն իրենց հերթին հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված վարքագծի կանոնների խախտման։
Մասնավորապես, Դատարանի կողմից «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 195-րդ կետի անտեսմամբ՝ կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին որոշման առարկայից դուրս այլ հարցերով դատական ակտ կայացնելը հանգեցրել է իր իրավասությանը չվերապահված հարցի քննությանը և լուծմանը, որպիսի վարքագիծը հեղինակազրկում է նաև դատական իշխանությունը, կասկած է հարուցում նաև Դատարանի անկախություն ու անաչառություն նկատմամբ, դրանով իսկ նվազեցնում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ։
Արդյունքում Դատավորի կողմից Կառավարության 13.04.2023 թվականի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 195-րդ կետի, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ պարբերության խախտումները՝ որպես հետևանք հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված վարքագծի կանոնների խախտման։
Անդրադառնալով հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից ներկայացված բացատրությանը` վարույթ հարուցած մարմինը նշել է, որ սույն կարգապահական վարույթով Դատավորին վերագրվում է իր ոչ թե պատճառաբանված դատական ակտ չկայացնելը, կամ Գործի քննությունն ողջամիտ ժամկետում չիրականացնելը, կամ Գործով լրացուցիչ դատական ծախսեր առաջացնելը, այլ դատական ակտով այնպիսի հարցերի անդրադառնալը և դրանց վերաբերյալ կարգավորումներ սահմանելը, որպիսիք չեն բխում դատավորին վերապահված լիազորություններից: Ինչ վերաբերում է Դատավորի այն դիրքորոշմանը, որ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման հիմքում դրված իրավական ակտերը չեն պարունակում դրույթներ կալանավորված անձի ուղեկցման իրականացման եղանակի՝ ձեռնաշղթաներով կամ առանց դրա վերաբերյալ՝ դրանով կրկին շեշտվում է այն փաստը, որը Որոշումը՝ կալանավորված անձի ուղեկցման եղանակի վերաբերյալ կարգավորումների մասով զուրկ է իրավական հիմքից:
Անձի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրերից է «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի կողմից դատաքննության իրավունքը, որի խախտման հիմնավորումները ներկայացված են սույն միջնորդությամբ: Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վկայակոչված որոշումն այլ փաստական հանգամանքների առնչությամբ կայացված լինելու վերաբերյալ փաստարկին՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ դրանով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել առ այն, որ այն դատարանը, որը որոշումը կայացրել է օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանն անցնելով՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իմաստով չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան: Քննարկվող դեպքում ևս Դատարանի կողմից անտեսվել են այն իրավական նորմերը, որոնք կարգավորում են դատարանի գործունեությունը և Դատարանի կողմից Որոշումը՝ վերադարձի ժամանակը և ուղեկցման եղանակը սահմանելու մասով կայացվել է հստակ սահմանված լիազորությունների սահմանազանցմամբ:
Անդրադառնալով Դատավորի այն փաստարկին, որ Որոշմամբ կալանավորված անձի իրավունքները չեն սահմանափակվել, իսկ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի բնականոն գործունեության համար չէին կարող առաջանալ որևէ խոչընդոտներ՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ կատարման համար պարտադիր դատական ակտով Դատավորը վարքագծի կանոններ է սահմանել կալանավորված անձի ուղեկցումն իրականացնող քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի համար, որպիսի իրավասություն վերջինիս վերապահված չէ:
Ինչ վերաբերում է Դատավորի արարքում ենթադրյալ կարգապահական խախտման առկայության դեպքում այն նվազ նշանակություն ունենալու վերաբերյալ փաստարկին՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Որոշմամբ՝ վերադարձի համար 2 ժամ ժամանակի սահմանմամբ է պայմանավորված եղել կալանավորված անձ Դավիթ Տոնոյանի՝ քրեակատարողական հիմնարկ վերադառնալու ճանապարհից շեղվելու, այլ վայր այցելելու և մոր հետ տեսակցության հանգամանքը:
Այսպիսով, Դատավորի բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն:
Անդրադառնալով մեղքի ձևին, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերը՝ քրեական գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում վարույթ հարուցած մարմինը գտել է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումները կատարվել են մեղավորությամբ, որոնք դրսևորվել են կոպիտ անփութությամբ: Հաշվի է առնվել նաև հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտման հանգամանքների և պատճառների, խախտման իրավական գնահատականի վերաբերյալ բացատրությամբ ներկայացված փաստարկները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը: Այսպիսով՝ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ վերագրվող դատավարական իրավունքի նորմերի խախտումների առնչությամբ, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր ձեռնպահ մնալ կալանավորված անձին կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին որոշման շրջանակներում այնպիսի հարցեր կարգավորելուց, որոնց լուծումը վերապահված չէ դատարանի իրավասությանը:
Վերոգրյալից նաև հետևում է, որ Դատավորի կողմից կոպիտ անփութությամբ թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները հանգեցրել են վերջինիս կողմից կոպիտ անփութությամբ թույլ տրված վարքագծի կանոնների խախտումների՝ ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում չլուծելով իր իրավասությանը վերապահված հարցերը և ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում զերծ չմնալով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:
Նշանակված դատական նիստում Արդարադատության նախարարի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավորը վարույթ հարուցած մարմնին ներկայացրած բացատրությամբ հայտնել է հետևյալը.
- Ամբաստանյալին առանց ձեռնաշղթայի ուղեկցում իրականացնելու հանգամանքը Դատարանի կողմից պատճառաբանվել է: Ընդ որում, կարգապահական վարույթ հարուցելու որոշումը հիմնավորելու համար նշված հանգամանքի հետ կապված վկայակոչված իրավական ակտերից որևէ մեկում որևէ դրույթ չկա՝ կալանավորված անձին ձեռնաշղթայով ուղեկցելու վերաբերյալ:
- Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշմամբ վկայակոչվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, սակայն չի պատճառաբանվել, թե ամբաստանյալ Դավիթ Տոնոյանի միջնորդությունը բավարարվելու, նրան առանց ձեռնաշղթայի Ազգային ժողով ուղեկցելու արդյունքում վերջինիս կամ այդ գործով մյուս որևէ ամբաստանյալի արդար դատաքննության իրավունքն արդյո՞ք խախտվել է, կամ ինչպես է խախտվել:
- Ամբաստանյալ Դավիթ Տոնոյանի արդար դատաքննության իրավունքը խախտված լինելը փաստարկելու կամ հիմնավորելու համար կարգապահական վարույթ հարուցելու որոշմամբ վկայակոչվել է Սոկուրենկոն և Ստրիգունն ընդդեմ Ուկրաինայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.06.2006 թվականի վճռով արտահայտած դիրքորոշումը, սակայն, այդ գործի փաստական հանգամանքները նույնական չեն սույն դեպքին, չեն կարող համատեղելի լինել Դատարանի կողմից հիշյալ որոշումը կայացնելու հանգամանքների հետ:
Մասնավորապես, Սոկուրենկոն և Ստրիգունն ընդդեմ Ուկրաինայի գործի հանգամանքների համաձայն՝ Ուկրաինայի գերագույն դատարանը, բավարարելով վճռաբեկ բողոքը, բեկանել է Ուկրաինայի գերագույն տնտեսական դատարանի որոշումը՝ ուժի մեջ թողնելով Կիևի վերաքննիչ տնտեսական դատարանի որոշումը, մինչդեռ, ըստ այդ գործի նյութերի, Ուկրաինայի տնտեսական դատավարության օրենսգրքով Ուկրաինայի գերագույն դատարանը նման որոշում կայացնելու լիազորություն չի ունեցել: Տվյալ գործով, ըստ էության, արձանագրվել է, որ Ուկրաինայի գերագույն դատարանը, որը վիճարկվող որոշումը կայացնելիս ղեկավարվել է Ուկրաինայի տնտեսական դատավարության օրենսգրքով, բեկանելով Ուկրաինայի գերագույն տնտեսական դատարանի որոշումը, կամ գործը պետք է ուղարկեր ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ պետք է կարճեր գործի վարույթը:
Մինչդեռ, Դատարանի 26.07.2023 թվականի Որոշմամբ կարճատև մեկնում տրամադրելիս դրա նպատակի՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելուց հետո քրեակատարողական հիմնարկ վերադառնալու համար ողջամիտ ժամանակ սահմանելը, հաշվի առնելով նաև Երևան քաղաքում հնարավոր խցանումները, ինչպես նաև ուղեկցումն առանց ձեռնաշղթայի իրականացնելու մասին նշումը, չի հակասել ոչ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 17-րդ հոդվածին, ոչ էլ Կառավարության 13.04.2023 թվականի թիվ 543-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 14-րդ գլխով նախատեսված կալանավորված անձանց կարճատև մեկնումների տրամադրման կարգի էությանը: Դրանով կալանավորված անձի իրավունքները չեն սահմանափակվել, իսկ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի բնականոն գործունեության համար չէին կարող առաջանալ որևէ խոչընդոտներ: Եթե այդ որոշմամբ արձանագրված հանգամանքները հակասեին կալանավորվածներին պահելու օրենքով սահմանված կարգին, ապա ՔԴՕ 141-րդ հոդվածի 8-րդ կետի ուժով քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կարող էր չկատարել որոշման պահանջը:
- Հիշյալ որոշման կայացմամբ արդարադատության շահին վնասելու վերաբերյալ որևէ փաստարկ չի նշվել կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշմամբ, որևէ հիմնավորում չի ներկայացվել, թե Դատավորի՝ ամբաստանյալ Դավիթ Տոնոյանին կարճատև մեկնում տրամադրելը, որպես վարույթն իրականացնող մարմնի, Դատարանի իրավասությանը վերապահված հարց, ինչպես է «խափանել» ողջամիտ ժամկետում այդ հարցի լուծումը և ինչպես է «լրացուցիչ» կամ ընդհանրապես որևէ դատական ծախս առաջացրել, այդպիսով վնասելով արդարադատության շահերը: Միջնորդության հարուցումը մեղադրյալի իրավունքներից օգտվող ամբաստանյալի իրավունքն է, իսկ դրա լուծումը վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը, հետևաբար միջնորդության քննությունը չի կարող գնահատվել գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջի խախտում, իսկ տրամադրված կարճատև մեկնումները չեն ազդել դատական նիստ անցկացնելու վրա:
- Ըստ Դատավորի՝ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը ենթակա է կարճման, քանի որ առկա չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը, իսկ եթե վերը նշվածը կարող է մեկնաբանվել այնպես, որ Դատավորի արարքում՝ հիշյալ որոշման կայացման մեջ, ձևականորեն առկա են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, ապա արարքն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում իր համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը և չի կարող համարվել կարգապահական խախտում:
Դատավորը Խորհրդում տեղի ունեցած նիստի ընթացքում ըստ էության պնդել է վարույթ հարուցած մարմնին ներկայացրած բացատրությունը և խնդրել է մերժել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
4.1. Գործով ամբաստանյալ Դավիթ Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և նա կալանքի տակ է պահվել Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:
4.2. Դավիթ Տոնոյանը 04.07.2023 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ 27.09.2020 թվականին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար կարճաժամկետ մեկնում տրամադրելու թույլտվություն ստանալու վերաբերյալ: Միաժամանակ Դավիթ Տոնոյանը հայտնել է չի կարող ոստիկանների ուղեկցությամբ ձեռնաշղթաներով գնալ Ազգային ժողով, քանի որ հանձնաժողովի նիստին մասնակցելիս անկաշկանդ չի կարող իրեն զգալ:
4.3. Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 10.07.2023 թվականին գրություն է հասցեագրել Դատարանին՝ հայտնելով, որ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամները 07.07.2023 թվականին տեղի ունեցած հանձնաժողովի նիստին միաձայն որոշել են 2023 թվականի օգոստոսի 1-ին և 2-ին, ժամը 10.00-ին տեղի ունենալիք քննիչ հանձնաժողովի նիստերին լսումների նպատակով հրավիրել Դավիթ Տոնոյանին, ինչով պայմանավորված Դատարանին խնդրել են 2023 թվականի օգոստոսի 1-ին և 2-ին թույլ տալ Դավիթ Տոնոյանին ներկա գտնվել քննիչ հանձնաժողովի նիստերին:
4.4. Դատարանի 26.07.2023 թվականի «Կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ միջնորդությունը բավարարվել է և արձանագրվել հետևյալը. «(...) Դավիթ Էդգարի Տոնոյանին 2023 թվականի օգոստոսի 1-ին և 2-ին՝ ժամը 09:30-ից տրամադրել կարճաժամկետ մեկնում՝ Երևան քաղաքի Բաղրամյան 19 հասցեում գտնվող ՀՀ Ազգային ժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստերին՝ լսումների նպատակով մասնակցելու համար՝ մինչև հանձնաժողովի նիստի ավարտը, որից հետո 2 ժամվա ընթացքում պարտավոր է ներկայանալ քրեակատարողական հիմնարկ:
Դավիթ Տոնոյանի մեկնումը՝ մինչև ՀՀ Ազգային ժողովի հսկիչ անցագրային կետ, ապա՝ ՀՀ Ազգային ժողովի հսկիչ անցագրային կետից մինչև քրեակատարողական հիմնարկ, իրականացնել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի մեկ ներկայացուցչի ուղեկցությամբ՝ առանց ձեռնաշղթայի կիրառման: (...)»:
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.
Հաշվի առնելով Արդարադատության նախարարի կողմից միջնորդությամբ բերված փաստարկներն ու հիմնավորումները, դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված դիրքորոշումը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1. Դատավորը ՀԿԴ/0003/01/22 քրեական գործով 26.07.2023 թվականին կայացրած «Կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ քրեակատարողական հիմնարկ վերադառնալու ժամկետ սահմանելով, ինչպես նաև ամբաստանյալի ուղեկցումն առանց ձեռնաշղթաների իրականացնելու մասին նշմամբ թույլ է տվել արդյո՞ք նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, թ՞ե ոչ:
5.2. Արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումները կատարվել են դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ:
5.3. Արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումները հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնների խախտման:
6․ Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, Լիազոր մարմնի ներկայացուցիչների և Դատավորի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:
Սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:
Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը գործը կամ հարցը (այսուհետ՝ գործ) քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ:
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար:
Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝ զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության՝ օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:
Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:
Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որպիսի չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը:
ՔԴՕ 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով: Այլ օրենքներում պարունակվող քրեական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին: Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված վարույթի կարգը պարտադիր է դատարանների, հետաքննության, նախաքննության և դատախազության մարմինների, ինչպես նաև դատավարության մասնակիցների համար:
ՔԴՕ 6-րդ հոդվածի 30-րդ կետի համաձայն՝ քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը` քրեական վարույթն իրականացնող մարմին` դատարանը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթում` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը:
ՔԴՕ 41-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ դատարանի լիազորություններն են, մասնավորապես` օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը:
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով (այսուհետ` Քրեական դատավարության օրենսգիրք) սահմանված կարգով ձերբակալված անձին արգելանքի և կալանավորված անձին կալանքի տակ պահելու ընդհանուր սկզբունքները, պայմանները և կարգը, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքները, դրանց ապահովման երաշխիքները, նրանց պարտականությունները, ինչպես նաև արգելանքից և կալանքից ազատելու կարգը:
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ պարբերության համաձայն՝ կարճաժամկետ մեկնումներ կարող են տրամադրվել մինչև յոթ օր տևողությամբ` չհաշված մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը:
Կառավարության 13.04.2023 թվականի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 195-րդ կետի համաձայն՝ մեկնում տրամադրելու համար համապատասխան որոշումն ընդունվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր դիմումի և օրենսդրությամբ նախատեսված դեպքերը փաստող անհրաժեշտ հանգամանքները հավաստող փաստաթղթերի հիման վրա: Որոշման մեջ նշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի տվյալները, ծննդյան տարեթիվը, մեկնում տրամադրելու հիմքերի և դրանք փաստող փաստաթղթերի համառոտ բովանդակությունը, մեկնման ժամանակը, տևողությունը և վայրը, ինչպես նաև մեկնումը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ իրականացվելու անհրաժեշտությունը, դատապարտյալի դեպքում` նաև պատժաչափը և կրած պատժի չափը:
Լիազոր մարմինը, որպես Դատավորի կողմից թույլ տրված խախտում դիտարկել է՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ պարբերության պահանջներից չբխող գործողության կատարումը, մասնավորապես, ընդգծելով, որ Դատավորը դուրս գալով իր լիազորությունների շրջանակից՝ առանց համապատասխան օրենսդրական և ենթաօրենսդրական հիմքի սահմանել է կալանավորված անձի ուղեկցումն առանց ձեռնաշղթայի կատարելը, ինչպես նաև՝ Ազգային ժողովի շենքի հսկիչ անցագրային կետից մինչև քրեակատարողական հիմնարկ ուղեկցելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը՝ որպիսի իրավասությունն ըստ Լիազոր մարմնի չի ունեցել։
Վերոնշյալ նորմերի համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը, տվյալ դեպքում դատարանը, գործի քննության ընթացքում ղեկավարվելով Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, քրեական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով իր իրավասությունների շրջանակներում լուծում է ՔԴՕ 41-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարցերը, ինչը սույն կարգապահական վարույթի փաստերի համաձայն արտահայտվել է ամբաստանյալ Դավիթ Տոնոյանի միջնորդությունը և Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահի գրությունը ստանալուց հետո թիվ ՀԿԴ/0003/01/22 քրեական գործով 26.07.2023 թվականին «Կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման կայացմամբ, որի համաձայն՝ Դավիթ Տոնոյանին Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի 01.08.2023 թվականի և 02.08.2023 թվականի նիստերին մասնակցելու նպատակով թույլատրվել է կարճաժամկետ մեկնել քրեակատարողական հիմնարկից:
Խորհուրդը, քրեադատավարական նորմերի խախտումների առկայության տեսանկյունից գնահատման առարկա դարձնելով Դատարանի կողմից թիվ ՀԿԴ/0003/01/22 քրեական գործով 26.07.2023 թվականին «Կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին» կայացված որոշումը, գտնում է, որ այն չի պարունակում դատավարական իրավունքի նորմերի խախտման հատկանիշներ, քանի որ Դատավորն ունենալով հարուցված միջնորդությունը լուծելու պարտականություն, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելու լիազորություն կիրառել է նյութական իրավունքի նորմեր պարունակող «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ պարբերության և Կառավարության 13.04.2023 թվականի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 195-րդ կետի իրավակարգավորումները՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված դատավարական գործիքակազմի գործադրմամբ ձեռնամուխ լինելով հարուցված միջնորդությունը լուծելու պարտականության կատարմանը:
Խորհուրդը, հիմք ընդունելով վերոգրյալը, հարկ է համարում արձանագրել, որ գործի դատաքննության փուլում Դատարանն օրենքով նախատեսված այլ հարցեր լուծելու լիազորություն ունենալով իր գործողությունները կատարում է քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված դատավարական գործիքների կիրառմամբ, այդ թվում՝ միջնորդությունների քննության արդյունքում որոշումներ կայացնելով և դրանց կիրառման արդյունքում, որոշում կայացնելն ինքնին մեխանիկորեն չի կարող հանգեցնել դատավարական իրավունքի խախտման առկայության մասին հիմնավոր ենթադրության: Հետևաբար, անդրադառնալով Դատավորի կողմից Գործով 26.07.2023 թվականին կայացված «Կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ թույլ տրված նյութական իրավունքի այն է՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ պարբերությամբ նախատեսված իրավակարգավորման խախտման առկայության հարցին, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը, ի թիվս այլնի, սահմանելով նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կալանավորված անձանց կարճաժամկետ մեկնում տրամադրելու օրենսդրական հնարավորությունը, Դատարանի համար ստեղծում է նյութաիրավական հիմք դատավարական լիազորությունների գործադրմամբ՝ բավարար հիմքերի առկայության պարագայում որոշման կայացման միջոցով կարգավորելու կալանավորված անձանց կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու հարցը: Տվյալ դեպքում Դատավորը ՀԿԴ/0003/01/22 քրեական գործով 26.07.2023 թվականին կայացված «Կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ սահմանելով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո 2 ժամվա ընթացքում քրեակատարողական հիմնարկ ներկայանալու Դավիթ Տոնոյանի պարտականությունը՝ իր գործողություններով դուրս չի եկել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակից և չի խաթարել կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին որոշման էությունը, քանի որ ժամկետի սահմանմամբ Դատավորը նպատակ է ունեցել առավել արդյունավետ կազմակերպել կարճաժամկետ մեկնման գործընթացը:
Ինչ վերաբերում է Լիազոր մարմնի կողմից Դատավորին վերագրված մեկ այլ նորմի, այն է՝ Կառավարության 13.04.2023 թվականի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 195-րդ կետի պահանջը խախտած լինելու հանգամանքին, ապա Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, հետևաբար դատարանը գործը (հարցը) քննում ու լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի (հարցի) հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ: Տվյալ պարագայում Դատավորը Գործով 26.07.2023 թվականին կայացված «Կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ սահմանելով ուղեկցումն առանց ձեռնաշղթաների իրականացնելու եղանակը՝ իրացրել է իր, որպես դատարանի ներքին համոզմունքը՝ հիմք ընդունելով Սահմանադրության և օրենքների իրավակարգավորումները, դրանց արժեբանությունը և հիմնարար սկզբունքները, միաժամանակ հաշվի առնելով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին Դավիթ Տոնոյանի անկաշկանդ մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությունը: Հետևաբար, Կառավարության 13.04.2023 թվականի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 195-րդ կետով նախատեսված նորմերը չեն կարող սահմանափակել Դատավորի՝ Սահմանադրության և օրենքների էությունից բխող իրավակարգավորումներ սահմանելու իրավասության իրականացումը:
Վերոնշյալ հիմնավորումներից ելնելով Խորհուրդն արձանագրում է, որ Լիազոր մարմնի կողմից ինչպես ներկայացված միջնորդությամբ, այնպես էլ սույն վարույթի քննության շրջանակներում չի հիմնավորել այն, որ Դատավորն արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ թույլ է տվել նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմի խախտման հատկանիշներ պարունակող արարք, հետևաբար դատավարական իրավունքի նորմի խախտմամբ դրսևորված և Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված վարքագծի կանոնի խախտման հանգեցրած նյութական իրավունքի նորմի խախտման գոյությունը հերքված լինելու պարագայում Դատավորի կողմից թույլ տրված արարքում մեղքի առկայության հարցի պարզումը և մեղքի ձևի գնահատումը դառնում է ոչ նպատակահարմար, հետևաբար Խորհուրդը դրանց չի անդրադառնում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Անդամներ` Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆ Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|