Գլխավոր տեղեկություն
Номер
N 3490-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 18.09.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
13.09.2024
Подписан
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Дата подписания
13.09.2024
Дата вступления в силу
19.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3490-Ա

«13» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Անահիտ Զանյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Արմեն Օհանյանի 2024 թվականի օգոստոսի 21-ի թիվ Դ-106424-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:

Վարչարարության շրջանակներում 2024 թվականի սեպտեմբերի 4-ին հրավիրվել են լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Անահիտ Զանյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Արմեն Օհանյանը (հիմք՝ փոստային առաքանի թիվ LO124141629AM), սակայն չի ներկայացել լսումներին:

Ուսումնասիրելով Անահիտ Զանյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Արմեն Օհանյանի 2024 թվականի օգոստոսի 21-ի թիվ Դ-106424-24 դիմումը, գնահատելով նշված դիմումին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2024 թվականի օգոստոսի 21-ի թիվ Դ-106424-24 դիմումով Անահիտ Զանյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Արմեն Օհանյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/11341/05/21 վարչական գործով 2023 թվականի փետրվարի 23-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը, ««Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի հոկտեմբերի 26-ին տրված թիվ Ք-070-02-21 մասնագիտական եզրակացությունը, խնդրել է համապատասխան վարչական ակտ ընդունելու միջոցով հատուցել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ոչ իրավաչափ ճանաչված վարչարարության արդյունքում Անահիտ Զանյանին պատճառված՝ 2,207,000 (երկու միլիոն երկու հարյուր յոթ հազար) ՀՀ դրամի չափով վնասը:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի՝ թիվ ՎԴ/11341/05/21 վարչական գործով 2023 թվականի փետրվարի 23-ի վճռով (օրինական ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 18-ի որոշման ուժով) բավարարվել է Անահիտ Զանյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ոչ իրավաչափ է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի կողմից Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 67 շենքի հարևանությամբ Անահիտ Զանյանի կողմից կառուցված ինքնակամ կառույցը քանդելու գործողությունը:

Թիվ ՎԴ/11341/05/21 վարչական գործով 2023 թվականի փետրվարի 23-ի վճռով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ և 71-րդ հոդվածների կարգավորման համատեքստում անդրադառնալով Երևանի քաղաքապետի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի «Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի հ.67 շենքի դիմաց կառուցված բետոնե հիմքով, քարե շարվածքով, մետաղական կոնստրուկցիաներով շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» N 3446-Ա որոշմանը, ընդգծել է վարչական ակտի պատշաճ իրազեկման կարևորությունը և անհրաժեշտ է համարել պարզել արդյո՞ք նշված որոշումն օրենքով սահմանված կարգով դարձել է անբողոքարկելի:

Թիվ ՎԴ/11341/05/21 վարչական գործով 2023 թվականի փետրվարի 23-ի վճռով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանն արձանագրել է, որ քննարկվող շինությունը քանդելու պահին Երևանի քաղաքապետի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի N 3446-Ա որոշումը չի հանդիսացել անբողոքարկելի վարչական ակտ, քանի որ նույն գործի շրջանակներում բացակայել է որևէ ապացույց, որը կհավաստեր որոշումը հայցվորի կողմից ստանալու, այսինքն՝ վարչական ակտի ընդունման մասին իրազեկվելու փաստը, ինչի արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը գտել է, որ նշված փաստի չապացուցման բացասական հետևանքները պետք է կրի Երևանի քաղաքապետարանը:

««Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի հոկտեմբերի 26-ին կազմված թիվ Ք-070-02-21՝ մասնագիտական եզրակացության (այսուհետ՝ նաև Եզրակացություն) «Հետազոտություն» բաժնում նշված է, որ Անահիտ Զանյանի մասնակցությամբ 2021 թվականի հոկտեմբերի 1-ին կատարվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 67 շենքի հարևանությամբ գտնվող շինության տեղազննություն, որի, ինչպես նաև հետազոտությանը տրամադրված ելակետային տվյալների համադրությամբ պարզվել է, որ շինությունն ունեցել է 3,3մ բարձրություն, իսկ մակերեսն ըստ Մանուկ Մանուկյան Ա/Ձ-ի կողմից 2021 թվականի մայիսի 31-ին տրված տեղագրական հանույթի՝ կազմել է 23,12քմ:

 Եզրակացությունը կազմելիս, փորձագետը պատասխանելով առաջադրված հարցերին, հայտնել է, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 67 շենքի հարևանությամբ գտնվող շինության չքանդված (գոյություն ունեցող) մասը հանդիսանում է անշարժ գույք, որի վերականգնման համար անհրաժեշտ ծախսը Եզրակացությունը կազմելու դրությամբ շուկայական գներով կազմում է 2,206,914.05 ՀՀ դրամ, ընդունվում է 2,207,000 (երկու միլիոն երկու հարյուր յոթ հազար) ՀՀ դրամ:

Եզրակացության «Սահմանափակումներ և հատուկ պայմաններ» բաժնում նշված տեղեկատվության համաձայն՝ Եզրակացությունը հանդիսանում է կատարողի մասնագիտական կարծիքը, կրում է խորհրդատվական բնույթ և կատարողը պատասխանատվություն չի կրում Անահիտ Զանյանի կողմից ներկայացված տվյալների և փաստաթղթերի հավաստիության համար:

 3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Իրավահարաբերության ծագման պահին /ինքնակամ կառույցի իրականացում/ գործող խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի /այսուհետ՝ Օրենսգիրք/ 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը: Ինքնակամ կառույցի նկատմամբ հողամասի սեփականատիրոջ սեփականության իրավունքի ճանաչումը հիմք չէ ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու, ինչպես նաև արգելք չէ նույն հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությամբ նշված հայցի բավարարման համար:

 Օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը:

 Օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

Քննարկվող պարագայում Անահիտ Զանյանի կողմից շինությունը կառուցված է եղել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում առանց քաղաքաշինական փաստաթղթերի՝ ինքնակամ, որպիսին, իրավահարաբերության ծագման պահին գործող՝ Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված նորմերի կիրառմամբ, կարող էր ճանաչվել բացառապես Երևան համայնքի սեփականությունը, իսկ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/11341/05/21 վարչական գործով 2023 թվականի փետրվարի 23-ի վճռով չի հաստատվել Անահիտ Զանյանի կողմից Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 67 շենքի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված շինությունն Օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներից ելնելով օրինական ճանաչման ենթակա լինելու հանգամանքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներից հետևում է, որ օրենսդիրը որպես վնաս դիտարկում է գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), հետևաբար Անահիտ Զանյանի պահանջի քննության շրջանակներում ենթակա է պարզման այն հարցը, թե Անահիտ Զանյանը ի՞նչ գույք կամ գույքային իրավունք է ունեցել, որը կորսվել է Երևանի քաղաքապետարանի գործողությունների արդյունքում և ի՞նչ փաստաթղթով է ապացուցվել այդ գույքի կամ գույքային իրավունքի առկայությունը, օրինականությունն ու պատկանելիությունը:

Նկատի ունենալով, որ դիմումատուի կողմից, որպես կորսված գույք, ներկայացվել է առանց քաղաքաշինական փաստաթղթերի, այն է՝ ինքնակամ կառուցված շինությունը, ապա առկա են բավարար հիմքեր փաստելու, որ այն չի համապատասխանել անշարժ գույքի պատկանելության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի և 135-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, հետևաբար դրա քանդման արդյունքում, Անահիտ Զանյանը գույքի կորուստ կամ վնասվածք (իրական վնաս) չի ունեցել:

 Քննարկելով ենթադրյալ վնասը 2,207,000 (երկու միլիոն երկու հարյուր յոթ հազար) ՀՀ դրամ կազմելու և այն փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը՝ կարելի է առանձնացնել պարզման ենթակա հետևյալ հարցերը.

1) արդյո՞ք Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/11341/05/21 վարչական գործով 2023 թվականի փետրվարի 23-ի վճռով ոչ իրավաչափ ճանաչված գործողության արդյունքում Անահիտ Զանյանը կրել է Օրենսգրքի 17-րդ հոդվածի բնորոշմանը համապատասխանող վնաս,

2) ի՞նչ է իրենից ներկայացնում ենթադրյալ վնասը,

3) ինչո՞վ է հիմնավորվում ենթադրյալ վնասը 2,207,000 (երկու միլիոն երկու հարյուր յոթ հազար) ՀՀ դրամ կազմելու հանգամանքը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.

«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ: Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:

 Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:

 Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:

Քննարկվող պարագայում՝ իրականացված վարչարարությամբ ստացված ապացույցների ամբողջական, միմյանց հետ համադրելու եղանակով հետազոտությունը ցույց է տալիս, որ Անահիտ Զանյանի դիրքորոշումը հանգում է նրան, որ ենթադրյալ վնասն առաջացել է իր կողմից օրենքի խախտմամբ, ապօրինի կառուցված շինությունը հողամասի սեփականատիրոջ կողմից քանդելու արդյունքում, մինչդեռ գործելով օրենքի խախտմամբ, ավելին՝ կառուցապատումն իրականացնելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, Անահիտ Զանյանի մոտ չէր կարող առաջանալ ողջամիտ համոզմունք, որ իր կողմից ստեղծվում է օրինական գույք, որի նկատմամբ ձեռք է բերվելու սեփականության իրավունք, այսինքն՝ Անահիտ Զանյանը, թույլ տալով համայնքի՝ հողամասի սեփականության իրավունքի և քաղաքաշինական գործունեություն իրականացնելու իրավանորմերի խախտումներ, գիտակցել է կամ կարող էր գիտակցել իր կողմից կատարվող ծախսերի կորստի ռիսկը, որպիսին վնաս կրելու, հետևաբար նաև վնասի փոխհատուցում ակնկալելու իրավական հետևանքի չի կարող հանգեցնել:

Ինչ առնչվում է դիմումատուի կողմից պահանջված ենթադրյալ վնասը 2,207,000 (երկու միլիոն երկու հարյուր յոթ հազար) ՀՀ դրամ գումարի չափով ներկայացնելու հանգամանքին, ապա այն անհրաժեշտ է գնահատման ենթարկել Եզրակացության հետ միասին, քանի որ նշված գումարը ձևավորվել է փորձագետի կողմից Եզրակացության մեջ նշված հետազոտության և հաշվարկների արդյունքում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Գնահատելով դիմումին կից, որպես վնասի չափը հիմնավորող ապացույց ներկայացված՝ ««Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի հոկտեմբերի 26-ին տրված թիվ Ք-070-02-21 մասնագիտական եզրակացությանը, կարելի է փաստել, որ.

1) Եզրակացությունն իրենից չի ներկայացնում փորձագիտական եզրակացություն, այլ իրենից ներկայացնում է կատարողի մասնագիտական կարծիք և կրում է խորհրդատվական բնույթ: Եզրակացության «Հետազոտություն» բաժնում ներառված տեղեկատվության համաձայն՝ տեղազննությունը կատարվել է Անահիտ Զանյանի մասնակցությամբ, ով մատնանշել է հետազոտման ենթակա օբյեկտները և տվել է բանավոր մեկնաբանություններ: Նշված հանգամանքը Եզրակացությունը զրկում է օբյեկտիվությունից, քանի որ Անահիտ Զանյանը հանդիսանում է շահագրգիռ կողմ, իսկ փորձագետը չի տիրապետել օբյեկտիվ իրականությունն արտացոլող այլ հավաստի ապացույցների կամ նյութերի, ավելին՝ Եզրակացությանը կցված լուսանկարները բավարար չեն քանդված կառույցի մասին ամբողջական և հստակ պատկերացում կազմելու և օբյեկտիվ հետևություն կատարելու համար,

 2) Եզրակացությունը չի հիմնավորում ենթադրյալ վնասը 2,207,000 (երկու միլիոն երկու հարյուր յոթ հազար) ՀՀ դրամի չափով փոխհատուցման ենթակա լինելու պահանջը, քանի որ նշված գումարը հաշվարկվել է, որպես Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 67 շենքի հարևանությամբ շինության վերականգնման համար անհրաժեշտ ծախս, մինչդեռ նախքան խնդրո առարկա շինությունը քանդելը Անահիտ Զանյանը չի հանդիսացել դրա ու դրանով զբաղեցված հողամասի սեփականատեր, հետևաբար վերջինս դրա վերականգնման կամ վերակառուցման իրավունք չունի:

 3) Եզրակացությունը կազմված է համեմատական սկզբունքով, որի կիրառմամբ, սակայն առանց կառուցապատման նախագծի, շինարարության նախահաշվի, շինարարության վարման մատյանի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետազոտման, կատարված եզրահանգումները չեն կարող արտացոլել օբյեկտիվ իրականությունը, հետևաբար Եզրակացությունը չի կարող դիտվել արժանահավատ,

 4) Եզրակացությամբ չի ապացուցվում դրա առարկան կազմող՝ վերականգնման ենթակա շինության և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/11341/05/21 վարչական գործով 2023 թվականի փետրվարի 23-ի վճռով ոչ իրավաչափ ճանաչված գործողության արդյունքում քանդված ինքնակամ կառույցի նույնականությունը, հետևաբար Եզրակացությունը հանդիսանում է ոչ վերաբերելի ապացույց:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ վարչարարությամբ չի հիմնավորվել ներկայացված պահանջի իրավաչափությունը, չի ապացուցվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի՝ թիվ ՎԴ/11341/05/21 վարչական գործով 2023 թվականի փետրվարի 23-ի վճռով ոչ իրավաչափ ճանաչված գործողության և ենթադրյալ վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, չի ապացուցվել, որ ենթադրյալ վնասը հանդիսանում է այդ գործողության անմիջական և անխուսափելի հետևանքը, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 17-րդ հոդվածի, 135-րդ հոդվածի, վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 188-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածների դրույթներով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Անահիտ Զանյանի ներկայացուցիչ Արմեն Օհանյանի` վնասի հատուցման պահանջի մասին 2024 թվականի օգոստոսի 21-ի թիվ Դ-106424-24 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ